i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱՔԴ/0598/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0598/02/15 2019թ.
Նախագահող դատավոր` Ա. Հունանյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Ա. Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2019 թվականի ապրիլի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արման Վարդազարյանի ներկայացուցիչ Դավիթ Ազիզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի` ամուսնությունը լուծելու, երեխաներին վերադարձնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Կարինե Վարդազարյանի ընդդեմ Արման Վարդազարյանի, երրորդ անձ Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի` ալիմենտի բռնագանձման, փաստաթղթերը վերադարձնելու, երեխաների բնակության վայրը որոշելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արման Վարդազարյանը պահանջել է լուծել իր և Կարինե Վարդազարյանի ամուսնությունը, Կարինե Վարդազարյանին պարտավորեցնել Միքայել և Նիկոլաս Վարդազարյաններին վերադարձնել իրենց մշտական բնակության վայր և նրանց բնակության վայր որոշել ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաքի 2651 36 Ave S, APT 302, Fargo, ND 58104 USA հասցեն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարինե Վարդազարյանը պահանջել է Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների բնակության վայրը որոշել իր բնակության վայրը, Արման Վարդազարյանին պարտավորեցնել վերադարձնելու Կարինե, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների փաստաթղթերը (Կարինե Վարդազարյանի ԱՄՆ և ՌԴ անձնագրերը, սոցիալական քարտը, դիպլոմները, բանկային (կրեդիտ) քարտերը, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների անձնագրերը, ծննդյան վկայականները, սոցիալական քարտերը, Գալինա Խաչատուրովայի գրին քարտը), ինչպես նաև Արման Վարդազարյանից հօգուտ Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների 19.05.2015 թվականից (դատարան դիմելու պահից) բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 450.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխաների չափահաս դառնալը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ս. Հովսեփյան) 09.11.2015 թվականին վճռել է գործի վարույթը` Արման Վարդազարյանի և Կարինե Վարդազարյանի ամուսնությունը լուծելու պահանջի մասով, կարճել, հայցը` մնացած մասով, մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն` անչափահասներ Միքայել Արմանի Վարդազարյանի` ծնված 12.12.2008 թվականին, և Նիկոլաս Արմանի Վարդազարյանի` ծնված 14.09.2013 թվականին, բնակության վայրը սահմանել Կարինե Վարդազարյանի բնակության վայրը, Արման Վարդազարյանից բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար 200.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխաների չափահաս դառնալը, ալիմենտի բռնագանձումը սկսել 20.02.2015 թվականից, Արման Վարդազարյանին պարտավորեցնել վերադարձնել Կարինե Վարդազարյանի ԱՄՆ և ՌԴ անձնագրերը, սոցիալական քարտը, դիպլոմները, բանկային (կրեդիտ) քարտերը, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների անձնագրերը, ծննդյան վկայականները, Գալինա Խաչատուրովայի գրին քարտը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Մ. Հարթենյան, Ն. Բարսեղյան, Լ. Գրիգորյան) 28.04.2016 թվականի որոշմամբ Արման Վարդազարյանի և Կարինե Վարդազարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Արման Վարդազարյանից հօգուտ Կարինե Վարդազարյանի բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ` որպես Վերաքննիչ դատարանում փաստաբանի վարձատրության գումար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2017 թվականի որոշմամբ Արման Վարդազարյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշումը` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2015 թվականի վճիռը հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու` Արման Վարդազարյանից հօգուտ Կարինե Վարդազարյանի անչափահասներ Միքայել Արմանի Վարդազարյանի (ծնված 12.12.2008 թվականին) և Նիկոլաս Արմանի Վարդազարյանի (ծնված 14.09.2013 թվականին)` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 200.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխաների չափահաս դառնալն ալիմենտի բռնագանձման մասով օրինական ուժի մեջ թողնելու և Արման Վարդազարյանից հօգուտ Կարինե Վարդազարյանի 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար բռնագանձելու մասերով, բեկանվել է, և գործն այդ մասերով ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշումը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:
i
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 08.12.2017 թվականի վճռով հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Արման Կոլյայի Վարդազարյանից հօգուտ Կարինե Սամվելի Վարդազարյանի` որպես անչափահասներ Միքայել Արմանի Վարդազարյանի և Նիկոլաս Արմանի Վարդազարյանի ապրուստի միջոց, բռնագանձել ալիմենտ ամենամսյա կայուն 200.000 ՀՀ դրամ գումարի չափով` յուրաքանչյուր երեխայի համար 100.000-ական ՀՀ դրամ: Ալիմենտի բռնագանձումը կատարել սկսած Կարինե Սամվելի Վարդազարյանի կողմից դատարան դիմելու օրվանից` 21.05.2015 թվականից, մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` երեխաներին վճարվող ալիմենտին վերաբերելի հիմքերից որևէ մեկի վրա հասնելը: Ալիմենտ բռնագանձելու հակընդդեմ հայցը` մնացած մասով մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ Դատարան) 02.05.2018 թվականի որոշմամբ Արման Վարդազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.12.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Վարդազարյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Վարդազարյանի ներկայացուցիչ Արմինե Ավետիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 69-րդ, 71-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 57-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ստորադաս դատարանները նշել են, որ Արման Վարդազարյանի կողմից կատարվել են երեխայի ուսուցման հետ կապված վճարումներ, ուստի Արման Վարդազարյանի եկամուտները գերազանցում են 77.904 ՀՀ դրամը, սակայն չեն անդրադարձել այն հարցին, որ վճարումները կատարվել են մինչև «Վալան Պրոֆ» ՍՊԸ-ի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելը և այդ վճարումներ կատարելու համար պահանջվող դրամական միջոցները հակընդդեմ հայցով պատասխանողը կարող էր տեսականորեն կատարած լիներ իր խնայողությունների կամ էլ այլ անձանցից փոխառությամբ ստացած դրամական միջոցների հաշվին: Ստացվում է, որ յուրաքանչյուր երեխայի համար 100.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի գումար սահմանելը չի հիմնավորվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Արման Վարդազարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրին, նշել է, որ «Վալան Պրոֆ» ՍՊԸ-ի և Արման Վարդազարյանի միջև 02.05.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1.2 կետի համաձայն` աշխատանքների կատարման վայրը սահմանվել է չնորմավորված, իսկ պայմանագրի 3.1 կետի համաձայն` աշխատողի համար սահմանվել է աշխատաժամանակ նորմալ տևողության` ազատ աշխատանքային գրաֆիկով: Վերոգրյալից հետևում է, որ որևէ կերպ բացառված չէ այն հանգամանքը, որ բողոքաբերը կատարում կամ կարող է կատարել այլ աշխատանք, ունենալ եկամտի այլ աղբյուր, ինչն էլ հիմնավորվում է «Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիր» ՍՊԸ-ի 27.06.2017 թվականի տեղեկանքով, ըստ որի` բողոքաբերը շուրջ հինգ ամսվա ընթացքում վճարել է 565.000 ՀՀ դրամ, որպիսի հանգամանքը վկայում է այն մասին, որ Արման Վարդազարյանի եկամուտները որոշակի չափով գերազանցում են 77.904 ՀՀ դրամը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որևէ ապացույցով չի հիմնավորել, որ Արման Վարդազարյանը կատարում է այլ աշխատանք, ունի եկամտի այլ աղբյուր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ կայուն դրամական գումարով սահմանված ալիմենտի չափը սահմանելիս Դատարանն արդեն իսկ հաշվի է առել երեխաների կենսապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունը, հետևաբար Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Արման Վարդազարյանի փաստարկներին և համադրելով դրանք գործում առկա ապացույցների և կիրառելի իրավական նորմերի հետ, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 01.03.2008 թվականի թիվ ԱԱ 073191 վկայականի համաձայն` Արման Վարդազարյանը և Կարինե Խաչատուրովան ամուսնացել են 01.03.2008 թվականին. ամուսնությունից հետո ամուսինները կրում են «Վարդազարյան» ազգանունը (հատոր 2-րդ, գ.թ 3):
2. 22.06.2001 թվականի թիվ I-ՄՅՈՒ 705581 ծննդյան վկայականի հայերեն թարգմանության համաձայն` 28.04.2001 թվականին ծնված Գալինա Խաչատուրովայի հայրն Արտեմ Խաչատուրովն է, մայրը` Կարինե Սարգսյանը (մինչամուսնական ազգանունը) (հատոր 2-րդ, գ.թ. 11):
3. 15.12.2008 թվականի թիվ ԱԱ 278536 ծննդյան վկայականի համաձայն` 12.12.2008 թվականին ծնված Միքայել Վարդազարյանի հայրն Արման Վարդազարյանն է, մայրը` Կարինե Վարդազարյանը (հատոր 1-ին, գ.թ. 19):
4. Հյուսիսային Դակոտայի առողջապահական բաժնի 10.01.2014 թվականի թիվ 133-13-008380 ծննդյան վկայականի հայերեն թարգմանության համաձայն` 14.09.2013 թվականին ծնված Նիկոլաս Վարդազարյանի հայրն Արման Վարդազարյանն է, մայրը` Կարինե Սարգսյանը (մինչամուսնական ազգանունը) (հատոր 1-ին, գ.թ. 20):
5. «Արեգ» համատիրության նախագահի կողմից 22.04.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Կարինե Վարդազարյանը բնակվում է Երևանի Վրացական 4-րդ նրբանցքի թիվ 5/1 շենքի 50-րդ բնակարանում, և նրա խնամքին են գտնվում Գալինա Խաչատուրովան` դուստրը` ծնված 2001 թվականին, Միքայել Վարդազարյանը` որդին` ծնված 2008 թվականին, Նիկոլաս (Նիկոլաս) Վարդազարյանը` որդին` ծնված 2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 56):
6. Արման Վարդազարյանի և «Վալան Պրոֆ» ՍՊԸ-ի միջև 02.05.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1.2. կետի համաձայն` Արման Վարդազարյանն ընկերությունում նշանակվել է արտաքին կապերի գծով խորհրդատու, աշխատանքների կատարման վայրը` չնորմավորված: Նույն պայմանագրի 3.1. և 4.1. կետերի համաձայն` աշխատողի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն` ազատ աշխատանքային գրաֆիկով, իսկ աշխատանքի վարձատրության ամսական չափը սահմանվել է 77.904 ՀՀ դրամ (հատոր 5-րդ, գ.թ. 106-109):
7. «Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիր» ՍՊԸ-ի 27.06.2017 թվականի տեղեկանքի համաձայն` Միքայել Արմանի Վարդազարյանը սովորում է երկրորդ դասարանում: Հայրը` Արման Վարդազարյանը, վճարել է ուսման, ջեռուցման, պարի և կարատեի խմբակների ուսման վարձերը` 01.09.2016 թվականից մինչև 22.06.2017 թվականը: Ընդհանուր առմամբ Արման Վարդազարյանի կողմից վճարվել է 565.000 ՀՀ դրամ (հատոր 5-րդ, գ.թ. 111):
8. «Հաղթանակ» համատիրության նախագահի կողմից 11.08.2017 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արման Վարդազարյանը բնակվում է Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 63 բնակարանում և նրա խնամքին են գտնվում ծնողները` Կոլյա և Մարիա Վարդազարյանները (հատոր 5-րդ, գ.թ. 129):
9. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 1225849 որոշման համաձայն` Մարիա Վարդազարյանին անժամկետ տրվել է երկրորդ կարգի հաշմանդամության խումբ (հատոր 5-րդ, գ.թ. 130):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ և 71-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք ալիմենտ վճարող ծնողի կողմից կանոնավոր վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանալու պարագայում դատարանը կարող է սահմանել այդ եկամուտը գերազանցող կայուն դրամական գումարով ալիմենտի ամենամսյա չափ:
i
ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:
i
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծնողը(ները) կամ երեխայի համար պատասխանատու այլ անձինք, իրենց կարողությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կրում են երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հիմնական պատասխանատվությունը:
i
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները (...):
i
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով` հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով`
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար` մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար` կեսը:
i
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և՛ դրամական կայուն գումարով, և՛ բաժիններով:
Նույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`
ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ.
բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով.
գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:
i
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը երեխայի ծնողից ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ գործեր քննելիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը որոշելու համար նախ և առաջ պետք է պարզի և գնահատման առարկա դարձնի ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի առկայությունը և դրա չափը: Այսինքն` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի չափի որոշման կանոնը կիրառվում է այն բոլոր դեպքերում, երբ դատարանի կողմից հաստատվում է ծնողի վաստակի և (կամ) այլ եկամտի կամ դրանցից որևէ մեկի առկայությունը, իսկ կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման հնարավորությունը նախատեսվում է բացառիկ դեպքերում, այն է` եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`
- ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ,
- վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով,
- վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի (տե՛ս, նաև Գոհար Կիրակոսյանն ընդդեմ Լևոն Զազյանի թիվ ԵԱՆԴ/2775/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ հավելել է, որ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի չափը որոշելը հանդիսանում է երեխայի ապրուստի միջոցի սահմանման հիմնական և առավել տարածված եղանակն այն դեպքերում, երբ ծնողներն ունեն կայուն վաստակ (եկամուտ): Ի տարբերություն բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի չափը սահմանելուն` կայուն դրամական գումարի չափը դատարանը որոշում է` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից: Կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման չափը սահմանելիս դատարանների կողմից պետք է հաշվի առնվեն ալիմենտ վճարող ծնողի իրական գույքային հնարավորությունները, ինչպես նաև ուշադրության արժանի այլ հանգամանքներ կամ շահեր (օրինակ` ընտանիքի անդամի անաշխատունակությունը, որին ալիմենտ վճարող կողմը պարտավոր է տրամադրել ապրուստի միջոց, հաշմանդամության ձեռքբերումը կամ երեխայի կողմից աշխատանքի անցնելը կամ ձեռնարկատիրությամբ զբաղվելը), որոնք նաև անհրաժեշտ են ալիմենտ վճարող ծնողի և նրա ընտանիքի մյուս անդամների գոյության նվազագույն պայմաններն ապահովելու համար: Ընդ որում, նման գործերով կողմերի գույքային դրությունը պարզելու համար դատարանները պետք է միաժամանակ հաշվի առնեն բոլոր աղբյուրները, որոնցից գոյանում է անձի ընդհանուր եկամուտը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ եթե բաժնային հարաբերակցությամբ ալիմենտ սահմանելիս դատարանը հիմք է ընդունում միայն օրենսդրի կողմից սահմանված բաժնային չափը, ապա կայուն դրամական գումարով ալիմենտ սահմանելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ, ընդ որում, ինչպես երեխայի լավագույն շահը, այնպես էլ ալիմենտ վճարող անձի բավարար կենսամակարդակն ապահովելու անհրաժեշտությունը: Հաշվի առնելով կայուն դրամական գումարով ալիմենտ սահմանելիս գումարի չափը որոշելու նշված առանձնահատկությունը` օրենսդիրը որոշ դեպքերում հնարավորություն է տվել կանոնավոր վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանալու պայմաններում նույնպես սահմանելու կայուն դրամական գումարի չափով ալիմենտ: Մասնավորապես` այդ դեպքերից է, երբ ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը ստանում է ալիմենտ արտարժույթով, կամ եթե բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին: Նման կարգավորման նպատակն անձանց բավարար կենսամակարդակի ապահովումն է, երեխայի լավագույն շահի և ալիմենտ վճարող ծնողի ուշադրության արժանի շահերի հավասարակշռությունը:
i
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողի կողմից կայուն վաստակի և (կամ) այլ եկամտի առկայության պայմաններում օրենսդիրը հնարավորություն է տալիս բռնագանձելու ալիմենտ նաև կայուն դրամական գումարով, որի դեպքում դատարանը պետք է հաշվի առնի կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը (տե՛ս, Ղազար Գեորգեսն (Ղազար Ջորջ) ընդդեմ Մարալ Քեշիշօղլյանի թիվ ԵԱԴԴ/0473/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
i
Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
i
Վերաքննիչ դատարանում բողոքի քննության պահին գործող` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով` բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:
i
Վերաքննիչ դատարանում բողոքի քննության պահին գործող` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2017 թվականի որոշմամբ ալիմենտի բռնագանձման պահանջի մասով սույն գործն ուղարկվել է նոր քննության` Արման Վարդազարյանի իրական գույքային դրությունը պարզելու համար: Գործի նոր քննության ընթացքում Դատարան ներկայացված` Արման Վարդազարյանի և «Վալան Պրոֆ» ՍՊԸ-ի միջև 02.05.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Արման Վարդազարյանն ընկերությունում նշանակվել է արտաքին կապերի գծով խորհրդատու և վերջինիս ամսական աշխատավարձը սահմանվել է 77.904 ՀՀ դրամ: «Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիր» ՍՊԸ-ի 27.06.2017 թվականի տեղեկանքի համաձայն` Միքայել Արմանի Վարդազարյանը սովորում է երկրորդ դասարանում: Հայրը` Արման Վարդազարյանը, վճարել է ուսման վարձերը` 01.09.2016 թվականից մինչև 22.06.2017 թվականը` ընդհանուր առմամբ 565.000 ՀՀ դրամ: «Հաղթանակ» համատիրության նախագահի կողմից 11.08.2017 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արման Վարդազարյանը բնակվում է Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 63 բնակարանում և նրա խնամքին են գտնվում ծնողները` Կոլյա և Մարիա Վարդազարյանները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 1225849 որոշման համաձայն` Մարիա Վարդազարյանին անժամկետ տրվել է երկրորդ կարգի հաշմանդամության խումբ:
Դատարանը, ալիմենտի բռնագանձման պահանջի մասով հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ Արման Վարդազարյանի ներկայացուցչի փաստարկն առ այն, որ վերջինս ստանում է 77.904 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը վերջինիս միակ եկամտի աղբյուրն է, արժանահավատ չէ, քանի որ «Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիր» ՍՊԸ-ի 27.06.2017 թվականի տեղեկանքով հիմնավորվել է, որ վերջինս նշված հաստատություն շուրջ 5 ամսվա ընթացքում վճարել է 565.000 ՀՀ դրամ, որպիսի հանգամանքը վկայում է այն մասին, որ Արման Վարդազարյանի եկամուտները որոշակի չափով գերազանցում են 77.904 ՀՀ դրամը:
Վերաքննիչ դատարանն Արման Վարդազարյանի բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատասխանողի աշխատավարձի չափի վերաբերյալ ապացույցը գնահատվել է գործով ներկայացված այլ ապացույցների հետ համակցության մեջ, ինչի արդյունքում էլ Դատարանը եկել է այն իրավաչափ եզրահանգման, որ հնարավոր է սահմանել և՛ դրամական կայուն գումարով, և՛ բաժիններով ալիմենտ, արդյունքում սահմանելով ողջամիտ չափ` յուրաքանչյուր երեխայի համար 100.000 ՀՀ դրամ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «Վալան Պրոֆ» ՍՊԸ-ի և բողոքաբերի միջև 02.05.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 3.1 կետին, հանգել է այն հետևության, որ աշխատողի համար սահմանվել է աշխատաժամանակի նորմալ տևողություն` ազատ աշխատանքային գրաֆիկով, հետևաբար որևէ կերպ բացառված չէ այն հանգամանքը, որ բողոքաբերը կատարում կամ կարող է կատարել այլ աշխատանք, ունենալ եկամտի այլ աղբյուր, իսկ նշված եզրահանգումն իր հերթին հիմնավորել է «Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիր» ՍՊԸ-ի 27.06.2017 թվականի տեղեկանքով, ըստ որի` բողոքաբերը շուրջ 5 ամսվա ընթացքում վճարել է 565.000 ՀՀ դրամ, որպիսի հանգամանքը վկայում է այն մասին, որ Արման Վարդազարյանի եկամուտները որոշակի չափով գերազանցում են 77.904 ՀՀ դրամը: Անդրադառնալով Արման Վարդազարյանի այն փաստարկին, որ իր խնամքին են գտնվում կենսաթոշակառու ծնողները, Վերաքննիչ դատարանը նշել է, որ անկախ նրանից, թե ովքեր են գտնվում բողոքաբերի խնամքին, տվյալ հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ իր` որպես ծնողի վրա դրված ալիմենտային պարտավորությունները չկատարելու համար:
Մինչդեռ վերը նշված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ալիմենտի բռնագանձման պահանջի մասով վերջիններս չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես` հիմնվելով միայն այն հանգամանքի վրա, որ Արման Վարդազարյանն աշխատում է ազատ աշխատանքային գրաֆիկով, 01.09.2016 թվականից մինչև 22.06.2017 թվականը «Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիր» ՍՊԸ-ում վճարել է Միքայել Վարդազարյանի ուսման վարձը 565.000 ՀՀ դրամի չափով, ստորադաս դատարանները եզրահանգել են, որ Արման Վարդազարյանի եկամուտները որոշակի չափով գերազանցում են 77.904 ՀՀ դրամը և որևէ կերպ բացառված չէ այն հանգամանքը, որ վերջինս կատարում կամ կարող է կատարել այլ աշխատանք, ունենալ եկամտի այլ աղբյուր, սակայն անտեսել են, որ սույն գործում Արման Վարդազարյանի և «Վալան Պրոֆ» ՍՊԸ-ի միջև 02.05.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրից բացի բացակայում է Արման Վարդազարյանի վաստակի և (կամ) այլ եկամտի չափի վերաբերյալ որևէ այլ ապացույց:
Բացի այդ, ստորադաս դատարանները, անդրադառնալով Արման Վարդազարյանի խնամքին կենսաթոշակառու ծնողների գտնվելու փաստին և հանգելով այն հետևության, որ տվյալ հանգամանքը հիմք չէ Արման Վարդազարյանի` որպես ծնողի` իր վրա դրված ալիմենտային պարտավորությունները չկատարելու համար, հաշվի չեն առել, որ նշված փաստն էական նշանակություն ունի ալիմենտի չափի որոշման հարցում, քանի որ անմիջականորեն առնչվում է ալիմենտ վճարող ծնողի գույքային դրությանը:
Փաստորեն, տվյալ դեպքում առանց պարզելու Արման Վարդազարյանի իրական գույքային դրությունը և հիմնվելով միայն ենթադրությունների վրա` Դատարանը յուրաքանչյուր երեխայի համար սահմանել է ամսական 100.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի կայուն գումար, իսկ Վերաքննիչ դատարանն էլ ալիմենտի չափի վերաբերյալ Դատարանի հետևությունը համարել է պատճառաբանված:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում որևէ ապացույցով հիմնավորված չէ, որ Արման Վարդազարյանը 77.904 ՀՀ դրամի չափով եկամտից բացի ունի եկամտի այլ աղբյուր, կատարում է այլ աշխատանք, նման հիմնավորումը բացակայում է ինչպես Դատարանի վճռում, այնպես էլ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ` այդպիսով նշված դատական ակտերը դարձնելով չպատճառաբանված և իրավական հիմնավորումից զուրկ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ դատական ակտը պատճառաբանել է առանց օբյեկտիվ հիմքերի` հիմնվելով ենթադրությունների վրա, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող` պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքի խախտման:
Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան