i
COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
«ՇՈԼՑ ԱԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 16528/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
24 հունվարի 2019թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
«Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով`
Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turkovic]` Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo]` դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2018 թվականի դեկտեմբերի 18-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
i
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն «Շոլց ԱԳ» գերմանական կորպորացիայի (դիմումատու ընկերություն) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2010 թվականի մարտի 19-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 16528/10) հիման վրա:
2. Դիմումատու ընկերությունը ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Տ. Աթանեսյանը և պրն Դ. Աբգարյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2016 թվականի մարտի 10-ին դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ բողոքն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի` համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատու ընկերությունը գտնվում է Գերմանիայում` Էսինգենում:
5. 1990-ական թվականներից սկսած` դիմումատու ընկերությունը Հայաստանում գրանցված` «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՍՊԸ) կանոնավոր գնել է մետաղական ջարդոն:
6. 1999 թվականի փետրվարի 8-ին, 2000 թվականի ապրիլի 10-ին և 2003 թվականի ապրիլի 2-ին դիմումատու ընկերությունը և «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունը (KBKS) (դիմումատու ընկերությանը պատկանող գերմանական մեկ այլ ընկերություն) ՍՊԸ-ի հետ կնքել են երեք պայմանագիր, որոնց համաձայն «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունը և դիմումատու ընկերությունը պետք է ՍՊԸ-ին վճարեին կանխավճար` մետաղական ջարդոնի դիմաց: 2003 թվականի ապրիլի 2-ի պայմանագիրը պարունակել է վեճերի կարգավորման վերաբերյալ հետևյալ կետը.
«...
7. Արբիտրաժը
7.1 Կողմերը համաձայնում են, որ սույն պայմանագրի կատարումից բխող ցանկացած վեճ և հակասություն պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով` փոխադարձ շահավետ լուծման հասնելու նպատակով:
7.2 Եթե հնարավոր չէ այդպիսի վեճերը լուծել հաշտությամբ, ապա այս հարցերը, բացառությամբ սովորական դատարանների իրավազորության շրջանակում գտնվող հարցերի, ուղղվում են պատասխանող երկրի Առևտրային պալատի արբիտրաժային տրիբունալին:
...»
7. Պարզվում է, որ 1999 թվականի փետրվարի 8-ի և 2000 թվականի ապրիլի 10-ի պայմանագրերը պարունակել են նույնանման կետ:
8. 2002 թվականի ապրիլի 8-ին «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունը և դիմումատու ընկերությունը կնքել են իրավունքների փոխանցման համաձայնագիր, որի համաձայն «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունը իր պայմանագրային բոլոր իրավունքները, այդ թվում` ՍՊԸ-ի մասով ձեռք բերված, փոխանցել է դիմումատու ընկերությանը:
9. 2002 թվականի նոյեմբերի 8-ին դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ին տրամադրել է վարկ` 100 000 եվրոյի չափով, որը պետք է մարվեր մինչև 2003 թվականի հունվարի 31-ը: Վարկի նպատակը եղել է բանկային վարկը մարելու հարցում ՍՊԸ-ին աջակցելը: Պարզվում է, որ այն չի վերադարձվել դիմումատու ընկերությանը:
10. Այնուհետև պարզվում է, որ ՍՊԸ-ն չի կատարել դիմումատու ընկերության vis-Ո-vis (նկատմամբ) իր պայմանագրային պարտավորություններն այն մասով, որ մատակարարել է ավելի քիչ մետաղական ջարդոն, քան եղել են կանխավճարները, որոնք այն արդեն ստացել էր:
11. 2005 թվականի հոկտեմբերի 28-ին դիմումատու ընկերության և ՍՊԸ-ի ներկայացուցիչները հաշվարկել են այդ օրվա դրությամբ նրանց ունեցած դրամական պարտավորությունները, և պարզվել է, որ ՍՊԸ-ն դիմումատու ընկերությանը պարտք է 1 213 824 ԱՄՆ դոլար: Բանակցությունների արդյունքում դիմումատու ընկերությունը համաձայնել է 613 824 ԱՄՆ դոլարի չափով ազատել պարտքից` պայմանով, որ ՍՊԸ-ն մարի պարտքի մնացած մասը, մասնավորապես` 600 000 ԱՄՆ դոլարը` համաձայն պարտքի վճարման ժամանակացույցի, որը սահմանվել էր երկու ընկերությունների տնօրենների կողմից նույն օրը ստորագրված առանձին համաձայնագրով: Նշված համաձայնագրի համաձայն` ՍՊԸ-ն պարտավորվել էր պարտքը վճարել հինգ մասնաբաժիններով` առաջին վճարումը կատարելով մինչև 2005 թվականի դեկտեմբերի 15-ը: Եթե ՍՊԸ-ն չկատարեր վճարման ժամանակացույցով սահմանված իր պարտավորությունները, ապա այն պարտավոր էր անմիջապես վճարել ամբողջ պարտքը, իսկ վճարման հետ կապված ցանկացած վեճ պետք է լուծվեր դատական կարգով:
12. Նույն օրը կողմերը կնքել են մեկ այլ համաձայնագիր, որով սահմանվել է 100 000 եվրոյի չափով վարկի և 10 000 եվրոյի չափով ապառքի մասով վճարման ժամանակացույցը: Դրանում նաև նշվել է, որ վճարման ժամանակացույցը չպահպանելու դեպքում կվճարվի լրացուցիչ 6%:
13. Պարզվում է, որ ՍՊԸ-ն չի կատարել պահանջվող վճարումները: Հերթական նամակագրության մեջ ՍՊԸ-ի տնօրենն ընդունել է պարտքը, սակայն հետաձգել է դրա վճարումը` յուրաքանչյուր անգամ ներկայացնելով տարբեր պատճառներ:
14. 2007 թվականի հունվարի 15-ին դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել Տնտեսական դատարան` պահանջելով սկզբնական 1 213 824 ԱՄՆ դոլար պարտքից վերադարձնել 10 000 ԱՄՆ դոլարը:
15. 2007 թվականի հոկտեմբերի 2-ին դիմումատու ընկերությունը փոփոխել է իր սկզբնական հայցը` ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել ընդհանուր 1 516 442 ԱՄՆ դոլար և 116 600 եվրո, ներառյալ` պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը և երկուսի համար հաշվարկված տոկոսները: Այն նաև պահանջել է ազատել դատական ծախսերից:
16. 2007 թվականի հոկտեմբերի 4-ին ՍՊԸ-ն ներկայացրել է հակընդդեմ հայց` վիճարկելով դիմումատու ընկերության հայցը: ՍՊԸ-ի տնօրենը պահանջել է անվավեր ճանաչել 2005 թվականի հոկտեմբերի 28-ի երկու փաստաթղթերը` պնդելով, որ չտիրապետելով գերմաներենին` տեղյակ չի եղել դրանց բովանդակության մասին և դրանք ստորագրել է խարդախության արդյունքում:
17. 2007 թվականի հոկտեմբերի 15-ին դիմումատուն հակընդդեմ հայցին պատասխան է ներկայացրել` պնդելով inter alia (ի թիվս այլնի), որ ՍՊԸ-ի տնօրենն անձամբ ներկա է եղել Գերմանիայում անցկացվող բանակցություններին, որտեղ ընկերությունների միջև տեղի է ունեցել դրամական պարտավորությունների վերահաշվարկ: Քանի որ ՍՊԸ-ի տնօրենը լավ տիրապետում է ռուսերենին, բանակցություններն անցկացվել են ռուսերենով, ինչպես նաև եղել է ստորագրված փաստաթղթերի ռուսերեն օրինակ: Ավելին, այն փաստը, որ ՍՊԸ-ի տնօրենն ամբողջությամբ տեղյակ է եղել իր կողմից ազատ կամքով ստորագրված փաստաթղթերի բովանդակությանը, հաստատվել է իր բազմաթիվ գրություններով, որոնցում նա ներկայացրել է հիմնավորումներ վճարման ենթակա գումարները ժամանակին չփոխանցելու համար:
18. 2007 թվականի նոյեմբերի 7-ին ՍՊԸ-ն պահանջել է, որ Տնտեսական դատարանը դիմումատու ընկերության հայցը թողնի առանց քննության` այն հիմքով, որ 1999 թվականի փետրվարի 8-ի, 2000 թվականի ապրիլի 10-ի և 2003 թվականի ապրիլի 2-ի պայմանագրերը պարունակել են վեճերի կարգավորման վերաբերյալ կետ, որի համաձայն դրանց կատարման հետ կապված վեճերը պետք է լուծվեն պատասխանող երկրի Առևտրային պալատի արբիտրաժային տրիբունալի կողմից: Հետևաբար ՍՊԸ-ն որպես պատասխանող պնդել է, որ վեճի լուծումը գտնվել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային տրիբունալի (Արբիտրաժային տրիբունալ) իրավազորության շրջանակում:
19. 2007 թվականի նոյեմբերի 16-ին Տնտեսական դատարանը բավարարել է պահանջը և որոշել դիմումատու ընկերության հայցը և ՍՊԸ-ի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը թողնել առանց քննության: Այդ նպատակով այն հղում է կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետին և գտել, որ վեճի կարգավորման հարցը գտնվում է Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում: Այն գտել է, որ 2005 թվականի հոկտեմբերի 28-ի համաձայնագիրը նույնպես ենթակա էր արբիտրաժային կարգով քննության, քանի որ 2003 թվականի ապրիլի 2-ի պայմանագիրը պարունակում էր արբիտրաժի վերաբերյալ կետ: Որոշումը կողմի ստանալուց հետո` երեք օրվա ընթացքում, ենթակա էր բողոքարկման Տնտեսական դատարանի` երեք դատավորներից բաղկացած կազմին:
i
20. 2007 թվականի նոյեմբերի 23-ին դիմումատու ընկերությունը ներկայացրել է հայցն ու հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու մասին որոշման դեմ բողոք: Այն պնդել է, inter alia, որ 2005 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրերով, որոնք հաջորդել են 1999 թվականի փետրվարի 8-ի, 2000 թվականի ապրիլի 10-ի և 2003 թվականի ապրիլի 2-ի պայմանագրերին, նախատեսվել է, որ ՍՊԸ-ի կողմից դրանցով սահմանված վճարման ժամանակացույցերի չպահպանման հետ կապված վեճերը կարգավորվելու են դատարանների կողմից: Այն նաև պնդել է, որ 2005 թվականի հոկտեմբերի 28-ի համաձայնագրերից հետո վեճերի կարգավորման վերաբերյալ որևէ այլ պայմանավորվածություն կողմերի միջև ձեռք չի բերվել: Հիմնվելով «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի վրա` դիմումատու ընկերությունը նույնպես պնդել է, որ, հակասելով դրա պահանջներին, դատարանը որոշել է հայցը թողնել առանց քննության` չնայած այն հանգամանքին, որ ՍՊԸ-ն համապատասխան պահանջը ներկայացրել էր դատական վարույթն սկսվելուց մի քանի ամիս հետո և արդեն ներկայացրել էր հայցի ըստ էության քննության վերաբերյալ իր փաստարկները: Վերջապես դիմումատու ընկերությունը պնդել է, որ 100 000 եվրոյի չափով վարկի գումարի վճարման մասով իր հայցը որևէ ձևով կապված չէր 1999 թվականի փետրվարի 8-ի, 2000 թվականի ապրիլի 10-ի և 2003 թվականի ապրիլի 2-ի պայմանագրերի հետ: Այնուամենայնիվ, դատարանը որոշել է, որ նրա հայցն ամբողջությամբ պետք է քննվի արբիտրաժի միջոցով:
21. 2007 թվականի դեկտեմբերի 10-ին Տնտեսական դատարանի` երեք դատավորից բաղկացած կազմը մերժել է դիմումատու ընկերության կողմից ներկայացված բողոքը: Որոշման մեջ նշվել է, որ, inter alia, պարտքի և վարկի վերաբերյալ հայցերը եղել են փոխկապակցված և բխել են մետաղական ջարդոնի մատակարարման վերաբերյալ պայմանագրի վրա հիմնված` կողմերի միջև առևտրային հարաբերություններից:
22. 2008 թվականի հուլիսի 23-ին դիմումատու ընկերության ներկայացուցիչն Արբիտրաժային տրիբունալի նախագահին ուղարկել է տեղեկատվություն ստանալու հարցում` հարցնելով, թե արդյոք կողմերի միջև կնքված պայմանագրերում պարունակվող` արբիտրաժի վերաբերյալ կետը բավարար էր, որպեսզի տրիբունալը հայցն ընդուներ քննության, և արդյոք Տնտեսական դատարանի` հայցն առանց քննության թողնելու որոշումներն այն հիմքով, որ վեճերի կարգավորումը գտնվում էր առևտրային արբիտրաժային դատարանի իրավազորության շրջանակում, ապահովում են բավարար հիմքեր` հայցն ընդունելու համար: Արբիտրաժի վերաբերյալ դրույթներ պարունակող պայմանագրերի քաղվածքների հայերեն թարգմանությունները և Տնտեսական դատարանի երկու որոշումների պատճենները կցվել են գրությանը:
23. 2008 թվականի օգոստոսի 1-ին Արբիտրաժային տրիբունալի նախագահը պատասխանել է, որ այն հարցը, թե արդյոք կողմերի միջև կնքված պայմանագրերով նախատեսված` արբիտրաժի վերաբերյալ կետը բավարար էր հայցը քննության ընդունելու համար, կարող էր որոշվել միայն հայցը ներկայացվելուց հետո:
24. Միևնույն ժամանակ Արբիտրաժային տրիբունալի քարտուղարը դիմումատու ընկերության ներկայացուցչին ներկայացրել է արբիտրաժային համաձայնության նախագիծ, որը պետք է կնքվեր ՍՊԸ-ի հետ: Ըստ դիմումատու ընկերության` իր ներկայացուցիչը քարտուղարին ասել է, որ ՍՊԸ-ի հետ այդ տեսակի նոր համաձայնագրի կնքումն այդ ժամանակ անհնարին էր և չհիմնավորված, քանի որ Տնտեսական դատարանն արդեն գտել էր, որ պայմանագրերում պարունակվող` արբիտրաժի վերաբերյալ կետը բավարար էր արբիտրաժային վարույթ սկսելու համար:
25. 2008 թվականի սեպտեմբերի 17-ին դիմումատու ընկերությունը հայց է ներկայացրել Արբիտրաժային տրիբունալ` պահանջելով վճարել վարկի և տոկոսների գումարը` 116 600 եվրո: 2002 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված` ՍՊԸ-ին 100 000 եվրոյի չափով վարկ տրամադրելու վերաբերյալ մուրհակի պատճենը` այլ փաստաթղթերի հետ, կցվել է հայցին: Բացի այդ` հայցում նշվել է, որ Տնտեսական դատարանի որոշումները և արբիտրաժի վերաբերյալ կետ պարունակող պայմանագրերի քաղվածքները 2008 թվականի հուլիսի 23-ի գրության հետ արդեն ներկայացվել են Արբիտրաժային տրիբունալի նախագահին:
26. 2008 թվականի հոկտեմբերի 7-ին Արբիտրաժային տրիբունալի նախագահը դիմումատու ընկերությանը տեղեկացրել է, որ արբիտրաժային վարույթ սկսելու իր պահանջը չի բավարարվելու: Այդ գրության համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
«... 2002 թվականի նոյեմբերի 8-ի մուրհակը և 2005 թվականի հոկտեմբերի 28-ի համաձայնագիրը, որոնց վրա հիմնված է ձեր հայցը, չեն պարունակում արբիտրաժի վերաբերյալ կետ, և ավելին, կողմերը չեն կնքել վերոնշյալ մուրհակի և համաձայնագրի կատարումից բխող վեճերը կարգավորման համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատություն ներկայացնելու վերաբերյալ որևէ համաձայնագիր: Հետևաբար, կողմերի միջև արբիտրաժային համաձայնության բացակայության պարագայում [Արբիտրաժային տրիբունալը] չի կարող արբիտրաժային վարույթ սկսել:»:
27. Հաշվի առնելով այն փաստը, որ Տնտեսական դատարանն այդ ժամանակ լուծարվել էր, 2008 թվականի հոկտեմբերի 17-ին դիմումատու ընկերությունը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան` ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել 116 600 եվրո, որը կազմում էր վարկի և տոկոսների գումարը: Այն նշել է, որ Արբիտրաժային տրիբունալը հրաժարվել էր հայցն ընդունել քննության` չնայած այն հանգամանքին, որ Տնտեսական դատարանն արդեն գտել էր, որ վեճի կարգավորման հարցը գտնվում էր այդ տրիբունալի իրավազորության շրջանակում: Այդ հանգամանքներում խախտվել է դիմումատու ընկերության` դատարանի մատչելիության իրավունքը: Դիմումատու ընկերությունը դիմել է նաև պատասխանողի ակտիվների վրա հայցագնի չափով արգելանք դնելու համար:
28. 2008 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքացիական դատարանը դիմումատու ընկերության հայցն ընդունել է քննության և նշանակել է նախնական դատական նիստ: Նույն օրն այն թույլատրել է, որ դիմումատու ընկերությունը մինչև դատաքննությունը ներկայացնի ՍՊԸ-ի գույքի նկատմամբ հայցագնի չափով արգելանք դնելու վերաբերյալ միջնորդություն:
29. 2009 թվականի փետրվարի 27-ին Երևանի քաղաքացիական դատարանը տարածքային ընդդատության հիման վրա գործը փոխանցել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին (Վարչական շրջանի դատարան)` հաշվի առնելով այն փաստը, որ 2009 թվականի մարտի 1-ին Երևանի քաղաքացիական դատարանը լուծարվելու էր:
30. 2009 թվականի մարտի 13-ին Վարչական շրջանի դատարանը գործն ընդունել է քննության:
31. 2009 թվականի հունիսի 12-ին ՍՊԸ-ն, հիմնվելով Տնտեսական դատարանի 2007 թվականի նոյեմբերի 16-ի որոշման վրա, Վարչական շրջանի դատարանից պահանջել է դիմումատու ընկերության հայցը թողնել առանց քննության: Այն նշել է, մասնավորապես, որ դիմումատու ընկերությունը չի հիմնավորել, որ հայցն առանց քննության թողնելու հիմքերն այլևս գոյություն չունեն:
32. Դիմումատու ընկերությունը վիճարկել է ՍՊԸ-ի կողմից ներկայացված փաստարկները` պնդելով, որ Արբիտրաժային տրիբունալ դիմելու հնարավորություն այլևս չի եղել, քանի որ 2008 թվականի հոկտեմբերի 7-ի գրությամբ հայցի քննությունը մերժվել էր:
33. 2009 թվականի հունիսի 16-ին Վարչական շրջանի դատարանը որոշել է դիմումատու ընկերության կողմից ներկայացված հայցը թողնել առանց քննության` գտնելով, որ 2008 թվականի հոկտեմբերի 7-ի գրության մեջ նշված` արբիտրաժային վարույթ սկսելու մերժմամբ չի հիմնավորվել այն փաստը, որ Արբիտրաժային տրիբունալ դիմելու որևէ հնարավորություն չկա: Այնուհետև Վարչական շրջանի դատարանը հղում է կատարել Տնտեսական դատարանի կողմից նախկինում արված եզրահանգումներին` եզրակացնելու համար, որ հայցը պետք է թողնել առանց քննության:
34. 2009 թվականի հունիսի 25-ին դիմումատու ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Այն պնդել է, մասնավորապես, որ Արբիտրաժային տրիբունալ են ներկայացվել Տնտեսական դատարանի որոշումները և կողմերի միջև կնքված պայմանագրերը: Ուսումնասիրելով դրանք` այն եզրակացրել է, որ վեճը լուծելու իրավազորություն այն չունի: Այդ հանգամանքներում այն հիմնավորումը, որ վեճը պետք է լուծվի տրիբունալի կողմից, անհասկանալի էր:
35. Դիմումատու ընկերության վերաքննիչ բողոքին ի պատասխան` ՍՊԸ-ն նշել է, inter alia, որ դիմումատու ընկերությունն արբիտրաժի վերաբերյալ կետ պարունակող պայմանագրերի համապատասխան քաղվածքների, ինչպես նաև Տնտեսական դատարանի համապատասխան որոշումների պատճենները չի ներկայացրել Արբիտրաժային տրիբունալ: Հետևաբար տրիբունալը մերժել է հայցի ընդունումը:
36. 2009 թվականի հուլիսի 21-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել 2009 թվականի հունիսի 16-ի որոշումը: Նման որոշում կայացնելով` այն նշել է, մասնավորապես, որ դիմումատու ընկերությունն արբիտրաժի վերաբերյալ կետ պարունակող պայմանագրերի համապատասխան քաղվածքները չի ներկայացրել Արբիտրաժային տրիբունալ, ինչի հետևանքով դրա հայցը չի ընդունվել:
37. 2009 թվականի օգոստոսի 4-ին դիմումատու ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք: Այն պնդել է, մասնավորապես, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը` չնայած այն փաստին, որ Արբիտրաժային տրիբունալ դիմելու որևէ հնարավորություն չի եղել: Դիմումատու ընկերությունն այնուհետև նշել է, որ այն փաստարկը, որ այն տրիբունալ չի ներկայացրել պայմանագրերի համապատասխան քաղվածքները, անհիմն էր, քանի որ այդ կառույց իր կողմից ներկայացված հայցում այն հստակ նշել էր, որ Տնտեսական դատարանի որոշումների պատճենները և տվյալ պայմանագրերի քաղվածքներն արդեն ներկայացվել էին 2008 թվականի հուլիսի 23-ի գրության հետ:
38. 2009 թվականի սեպտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանը դիմումատու ընկերության վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի: Նման որոշում կայացնելիս այն նշել է`
«... Ինչ վերաբերում է [դիմումատու ընկերության] կողմից ներկայացված հայցը չընդունելու վերաբերյալ Առևտրային պալատի արբիտրաժային տրիբունալի նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 7-ի գրությանը, ապա այն հիմնված է եղել այն հիմքերի վրա, որ [դիմումատու ընկերությունը] չի ներկայացրել արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ վավերացված պատճենը, ինչպես սահմանված է «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքով և [դրանում պարունակվող դրույթներով], ինչի բացակայության դեպքում չի կարող սկսվել արբիտրաժային վարույթ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշվի առնելով Առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային տրիբունալ արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ վավերացված պատճենը չներկայացնելու ... և [դիմումատու ընկերության] հայցը չքննելու հանգամանքը, [դիմումատու ընկերությունը] զրկված չէ դատական պաշտպանությունից` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթներին համապատասխան...»:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (տվյալ ժամանակահատվածում գործող)
i
39. 14-րդ հոդվածով նախատեսվում էր, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
i
40. 103-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում էր, որ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու` կողմերի միջև առկա համաձայնությանը, և արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել:
i
41. 104-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում էր, որ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի դիմելու դատարան` գործով վարույթը վերսկսելու համար:
Բ. «Առևտրային արբիտրաժի մասին» օրենք (ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ին. «Առևտրային արբիտրաժի մասին» օրենք)
i
42. 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, պարտավոր է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, որը բերվել է ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը, հայցը թողնել առանց քննության` բացառությամբ, եթե գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ չի կարող կատարվել:
i
43. 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի առկայության դեպքում արբիտրաժային վարույթը, այդուհանդերձ, կարող է սկսվել կամ շարունակվել, և կարող է վճիռ կայացվել` հարցը դատարանում գտնվելու ընթացքում:
Գ. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային տրիբունալի կանոնակարգ (ընդունվել է 2007 թվականի ապրիլի 3-ին)
44. 10-րդ հոդվածով սահմանվում են Արբիտրաժային տրիբունալ ներկայացվող հայցի բովանդակության և դրան կցվող փաստաթղթերի հետ կապված պահանջները: 10-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսվում է, որ Արբիտրաժային տրիբունալ ներկայացվող պահանջը պետք է պարունակի հղում արբիտրաժային համաձայնությանը, որի բնօրինակը կամ վավերացված պատճենը պետք է կցվի հայցին:
45. 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է, որ եթե հաստատված է, որ Արբիտրաժային տրիբունալ ներկայացված հայցը չի համապատասխանում
10-րդ հոդվածի պահանջներին, ապա Արբիտրաժային տրիբունալի քարտուղարը պետք է առաջարկի, որ հայցվորը ողջամիտ ժամկետում վերացնի հայցում առկա թերությունները:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
i
46. Դիմումատու ընկերությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոքել է, որ զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից այն բանի հետևանքով, որ սովորական դատարանները և Արբիտրաժային տրիբունալը հրաժարվել են քննել իր հայցերը:
47. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... տրիբունալի կողմից ... արդարացի ... լսումների իրավունք ...»:
48. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
Ա. Ընդունելիությունը
49. Կառավարությունը պնդել է, որ դիմումատու ընկերությունը չի սպառել իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոցները: Նրանք նշել են, որ 1999 թվականի փետրվարի 8-ին, 2000 թվականի ապրիլի 10-ին և 2003 թվականի ապրիլի 2-ին կնքված երեք պայմանագրերը պարունակում էին արբիտրաժի վերաբերյալ կետ: Դիմումատու ընկերությունն Արբիտրաժային տրիբունալ ներկայացվող իր դիմումին չի կցել այդ քաղվածքների բնօրինակները կամ վավերացված պատճենը, որի հետևանքով այն այնուհետև մերժել է արբիտրաժային վարույթ սկսելը: Արբիտրաժային տրիբունալը հրաժարվել է քննել գործը ոչ թե դրա իրավասությունը չունենալու պատճառով, այլ այն պատճառով, որ նրան ներկայացված դիմումին կցված չեն եղել համապատասխան փաստաթղթերը: Միայն դիմումատու ընկերությունն է պատասխանատու եղել հայցը քննելու իրավազորություն ունեցող Արբիտրաժային տրիբունալ պատշաճ և լիարժեք հայց չներկայացնելու համար: Այսպիսով, Կառավարությունը պնդել է, որ դիմումատու ընկերությունը չի սպառել իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոցները, և հետևաբար գանգատը պետք է հայտարարվի անընդունելի:
50. Դիմումատու ընկերությունը վիճարկել է Կառավարության պնդումը: Այն պնդել է, որ ներպետական դատարանների վճիռներից հստակորեն պարզ է դարձել, որ տվյալ պայմանագրերը ներկայացվել են Արբիտրաժային տրիբունալ: Այսպիսով դիմումատու ընկերությունը սպառել է իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոցները:
51. Դատարանը նշում է, որ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին դիմումատու ընկերությունն Արբիտրաժային տրիբունալ է ներկայացրել 116 600 եվրո գումարի հայց` պահանջելով վերադարձնել վարկի գումարը: 2002 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված` ՍՊԸ-ին 100 000 եվրոյի չափով վարկ տրամադրելու վերաբերյալ մուրհակի պատճենը, 2005 թվականի հոկտեմբերի 28-ի համաձայնագիրը և այլ փաստաթղթեր կցվել են հայցին: Բացի այդ` հայցում նշվել է, որ Տնտեսական դատարանի որոշումները և արբիտրաժի վերաբերյալ կետ պարունակող պայմանագրերի քաղվածքներն արդեն ներկայացվել են Արբիտրաժային տրիբունալի նախագահին (տե՛ս վերևում 25-րդ պարբերությունը):
52. Այս տեղեկությունների հիման վրա Դատարանի համար պարզ է դառնում այն փաստը, որ դիմումատու ընկերությունն Արբիտրաժային տրիբունալ է ներկայացրել այն երկու փաստաթղթերը, որոնց վրա հիմնված է եղել 116 600 եվրոյի իր հայցը, ինչպես նաև արբիտրաժի վերաբերյալ կետ պարունակող երեք պայմանագրերը: Հետևաբար չի կարելի ասել, որ դիմումատու ընկերությունը, չներկայացնելով տվյալ փաստաթղթերը, չի սպառել իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոցները: Այսպիսով դիմումատու ընկերության գանգատն անընդունելի չէ այս հիմքով, և հետևաբար Կառավարության նախնական առարկությունը պետք է մերժվի:
i
53. Դատարանը գտնում է, որ գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
54. Դիմումատու ընկերությունը նշել է, որ այն փաստը, որ Կառավարությունը գործում նախնական առարկությունից բացի որևէ այլ պնդում չի ներկայացրել, ցույց է տալիս, որ նրանք անուղղակիորեն ընդունել են դիմումատու ընկերության կողմից ներկայացված փաստարկները:
55. Կառավարությունը համարել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի որևէ խախտում տեղի չի ունեցել, քանի որ դիմումատու ընկերությունը չի զրկվել դատարանի մատչելիության արդյունավետ իրավունքից:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
56. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված է «դատարանի իրավունքը», որում դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը դրա մի մասն է կազմում (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Golder v. the United Kingdom], 1975 թվականի փետրվարի 21, § 36, շարք Ա թիվ 18): Դատարանի իրավունքը տարածվում է միայն «քաղաքացիական իրավունքների և պարտականությունների» շուրջ ծագած «վեճերի» վրա (ֆրանսերեն տեքստում` «վիճարկում» [contestations]), որը, կարելի է ասել, թեկուզ վիճելի հիմքերով, պետք է ճանաչվի ներպետական օրենսդրությամբ: «Վեճը» պետք է լինի իրական և լուրջ. այն կարող է վերաբերել ոչ միայն իրավունքի փաստացի առկայությանը, այլև դրա շրջանակին և իրացման եղանակին: Վարույթի արդյունքը պետք է ուղղակիորեն որոշիչ լինի տվյալ իրավունքի հարցում (տե՛ս Աթանասողլուն և այլք ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Athanassoglou and Others v. Switzerland [GC]], թիվ 27644/95, § 43, ՄԻԵԴ 2000-IV):
57. Դատարանը կրկին նշում է, որ «դատարանի իրավունքը» բացարձակ չէ: Այն ենթակա է անուղղակի սահմանափակումների, քանի որ իր բնույթով պայմանավորված` այն պետք է կարգավորվի պետության կողմից, որն այս առնչությամբ ունի հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ: Այնուամենայնիվ կիրառվող սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անձի` դատարանի մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Վերջապես նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, եթե դրանք չհետապնդեն իրավաչափ նպատակ, կամ կիրառվող միջոցի ու հետապնդվող նպատակի միջև առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Լեվաժ պրեստասիոն սերվիսն ընդդեմ Ֆրանսիայի [Levages Prestations Services v. France], 1996 թվականի հոկտեմբերի 23, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-V` հղում կատարելով Աշինգդանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Ashingdane v. the United Kingdom] գործին, 1985 թվականի մայիսի 28, § 57, շարք Ա թիվ 93. Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության [Tolstoy Miloslavsky v. the United Kingdom], 1995 թվականի հուլիսի 13, § 59, շարք Ա թիվ 316-B. և Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Stanev v. Bulgaria [GC]] գործը, թիվ 36760/06, § 230, ՄԻԵԴ 2012):
i
58. Դատարանի խնդիրը ներպետական դատարանների տեղը զբաղեցնելը չէ: Ներպետական օրենսդրության մեկնաբանությանն առնչվող հարցերը լուծելու խնդիրը նախ և առաջ ազգային իշխանությունների, մասնավորապես, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների խնդիրն է (տե՛ս Միրագալլ Էսկոլանոն և այլք ընդդեմ Իսպանիայի [Miragall Escolano and Others v. Spain], թիվ 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, § 33, ՄԻԵԴ 2000-I, և Դոմազյանն ընդդեմ Հայաստանի [Domazyan v. Armenia], թիվ 22558/07, § 37, 2016 թվականի փետրվարի 25): Դատարանի դերը սահմանափակվում է` ստուգելով, թե արդյոք այդպիսի մեկնաբանության հետևանքները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարանների կողմից դատավարական բնույթի կանոնների մեկնաբանությանը (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Նովինսկին ընդդեմ Լեհաստանի [Nowinski Nowinskiv. Poland], թիվ 25924/06, § 32, 2009 թվականի հոկտեմբերի 20):
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
59. Դատարանը նախ և առաջ նշում է, որ դիմումատու ընկերության հայցը հստակորեն վերաբերել է քաղաքացիական հարցի, մասնավորապես, [այն եղել է] քաղաքացիական հայց` ՍՊԸ-ից պարտքի հիմնական գումարը և տոկոսները կամ վարկի գումարը և տոկոսները վերադարձնելու նպատակով: Հավասարապես պարզ է, որ գործը վերաբերել է «քաղաքացիական իրավունքների և պարտականությունների» շուրջ ծագած «վեճի», որը, թեկուզ վիճելի հիմքերով, պետք է ճանաչվեր ներպետական օրենսդրությամբ: «Վեճը» եղել է իրական և լուրջ, իսկ վարույթի արդյունքն ուղղակիորեն որոշիչ է եղել տվյալ իրավունքի հարցում:
i
60. Դատարանը նկատում է, որ դիմումատու ընկերությունը փորձել է իր հայցը ներկայացնել երեք տարբեր դատարաններ կամ տրիբունալներ, և դրանցից ոչ մեկը գործը չի ընդունել քննության: Այսպիսով, դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ի դեմ ներկայացված իր քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ զրկվել է ցանկացած դատարանի կամ տրիբունալի մատչելիությունից (տե՛ս Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Saghatelyan v. Armenia], թիվ 7984/06, § 48, 2015 թվականի հոկտեմբերի 20):
61. Նախ և առաջ դիմումատու ընկերությունը հայց է ներկայացրել Տնտեսական դատարան, որպեսզի ՍՊԸ-ն վերադարձնի ընդհանուր 1 516 442 ԱՄՆ դոլար և 116 600 եվրո, ներառյալ` պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը և երկուսի համար հաշվարկված տոկոսները: 2007 թվականի նոյեմբերի 16-ին դատարանը որոշել է դիմումատու ընկերության հայցը թողնել առանց քննության և գտել է, որ վեճի կարգավորման հարցն Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում է: Չնայած այն հանգամանքին, որ պարտքի մարման վերաբերյալ 2005 թվականի հոկտեմբերի 28-ի համաձայնագիրը չի պարունակել արբիտրաժի վերաբերյալ կետ, Տնտեսական դատարանը որոշել է, որ դիմումատու ընկերության հայցերն ամբողջությամբ պետք է կարգավորվեին արբիտրաժի միջոցով (տե՛ս վերևում 20-րդ պարբերությունը):
62. Այնուհետև դիմումատու ընկերությունն Արբիտրաժային տրիբունալ է ներկայացրել 116 600 եվրո գումարի պահանջով հայց: 2008 թվականի հոկտեմբերի 7-ին [Արբիտրաժային տրիբունալի] նախագահը տեղեկացրել է դիմումատու ընկերությանը, որ կողմերի միջև որևէ արբիտրաժային համաձայնության բացակայության պարագայում Արբիտրաժային տրիբունալը չի կարող սկսել որևէ արբիտրաժային վարույթ:
63. Վերջապես դիմումատու ընկերությունը Քաղաքացիական դատարան է ներկայացրել հայց` ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել 116 600 եվրո, այն է` վարկի և տոկոսների գումարը: 2009 թվականի հունիսի 16-ին Վարչական շրջանի դատարանը, որին Քաղաքացիական դատարանից այդ ժամանակ փոխանցվել էր գործը, որոշել է դիմումատու ընկերության հայցը թողնել առանց քննության` գտնելով, որ արբիտրաժային վարույթ սկսելու մերժմամբ չի հիմնավորվել այն փաստը, որ Արբիտրաժային տրիբունալ դիմելու որևէ հնարավորություն չկար: Այնուհետև Վարչական շրջանի դատարանը հղում է կատարել Տնտեսական դատարանի կողմից նախկինում արված եզրահանգումներին` եզրակացնելու համար, որ հայցը պետք է թողնել առանց քննության (տե՛ս վերևում 33-րդ պարբերությունը): Բողոքը քննելիս Վերաքննիչ քաղաքացիական դատարանը և Վճռաբեկ դատարանը գտել են, որ դիմումատու ընկերությունն արբիտրաժի վերաբերյալ կետ պարունակող պայմանագրերի համապատասխան քաղվածքները չի ներկայացրել Արբիտրաժային տրիբունալ, ինչի հետևանքով դրա հայցը չի ընդունվել (տե՛ս վերևում 37-րդ և 39-րդ պարբերությունները):
64. Դատարանը կրկին նշում է, որ իրավազորության հետ կապված ցանկացած հարց լուծելու խնդիրը նախ և առաջ ազգային իշխանությունների խնդիրն է: Սույն գործում դիմումատու ընկերության դատարանի մատչելիության իրավունքը մերժվել է ներպետական բոլոր այն դատարաններում և տրիբունալներում, որոնց դիմումատու ընկերությունը ներկայացրել է իր հայցը: Չնայած Տնտեսական դատարանի սկզբնական որոշումն այն մասին, որ Արբիտրաժային տրիբունալն է իրավասու եղել, կարող էր շատ լավ հիմնավորվել, Արբիտրաժային տրիբունալի և Վարչական շրջանի դատարանի հետագա որոշումները, որոնցով մերժվել է դիմումատու ընկերության` դատարանի մատչելիության իրավունքը, եղել են ակնհայտ անհամաչափ: Գործն ամբողջությամբ քննելիս գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չի եղել համաչափության ողջամիտ հարաբերակցություն:
65. Դատարանը գտնում է, որ հատկապես բարդ է ընդունել Վարչական շրջանի դատարանի հիմնավորումը: Նախ, դիմումատու ընկերության` Վարչական շրջանի դատարան ներկայացված հայցը վերաբերել է միայն վարկին և տոկոսներին, որոնք հիմնված են եղել 2002 թվականի նոյեմբերի 8-ի մուրհակի և 2005 թվականի հոկտեմբերի 28-ի համաձայնագրի վրա, որոնցից ոչ մեկ չի պարունակել արբիտրաժի վերաբերյալ կետ: Եթե Արբիտրաժային տրիբունալն արբիտրաժի վերաբերյալ կետի բացակայության պատճառով իրավասու չի եղել քննել այդ նույն հայցը, ապա Վարչական շրջանի դատարանը պետք է որ այդպիսի իրավասություն ունենար: Ավելին, քանի որ դիմումատու ընկերության հայցն այլևս չէր առնչվում իր կողմից Տնտեսական դատարան ներկայացված մյուս հայցերի հետ, այլ առնչվում էր միայն վարկի հետ կապված պայմանավորվածություններին, Վարչական շրջանի դատարանը դիմումատու ընկերության հայցն առանց քննության թողնելիս դժվար թե հիմնվեր Տնտեսական դատարանի նույն հիմնավորման վրա: Դժվար է հասկանալ, թե ինչպես դիմումատու ընկերության` միայն վարկին վերաբերող հայցը կարող էր դիտարկվել որպես բոլորը միասին վերցված` 1999 թվականի փետրվարի 8-ի, 2000 թվականի ապրիլի 10-ի և 2003 թվականի ապրիլի 2-ի պայմանագրերի մաս այն դեպքում, երբ Վարչական շրջանի դատարանում որևէ ձևով նույնիսկ հղում չի կատարվել վերոնշյալ պայմանագրերին: Ավելին, հարկ է նշել, որ Վարչական շրջանի դատարանը դիմումատու ընկերության հայցը թողել է առանց քննության գործն արդեն քննության ընդունելուց հետո (տե՛ս վերևում 31-րդ պարբերությունը): Դատարանը նաև գտնում է, որ բարդ է ընդունել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը և Վճռաբեկ դատարանը իրենց որոշումներում շարունակել են մեկնաբանել, թե ինչպես է Արբիտրաժային տրիբունալը, որն ամբողջությամբ անկախ մարմին է, մերժել դիմումատու ընկերության հայցը:
66. Վերոնշյալ նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ ներպետական դատարանների կողմից գործը չքննելը դիմումատու ընկերության համար եղել է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, ինչը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել և չի եղել համաչափ: Դիմումատու ընկերության հայցը թողնելով առանց քննության` ներպետական դատարանները կասկածի տակ են դրել դիմումատու ընկերության` դատարանի իրավունքի բուն էությունը, որը երաշխավորվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով:
67. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
i
68. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:
Ա. Վնասը
69. Դիմումատուն պահանջել է 1 213 824 ԱՄՆ դոլար և 116 000 եվրո` գումարած տոկոսը` որպես նյութական վնասի հատուցում, և 100 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
70. Կառավարությունը համարել է, որ նյութական վնասի մասով պահանջը պետք է մերժվի, քանի որ որևէ պատճառահետևանքային կապ չկա ենթադրյալ խախտման և այն նյութական վնասի միջև, որի առնչությամբ պնդում է ներկայացնում դիմումատու ընկերությունը: Նրանք նաև նշել են, որ Դատարանի իրավասության մեջ չի մտնում ենթադրություններ անել ներպետական վարույթի փաստացի արդյունքի կամ այն նյութական վնասի վերաբերյալ, որը դիմումատու ընկերությունը կարող էր կրել այդ առնչությամբ: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի մասով պահանջին, ապա Կառավարությունը համարել է, որ գումարը չափազանցված է` [դիտարկելով այն] Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո, և համարել է, որ այն ամբողջությամբ պետք է մերժվի: Այնուամենայնիվ, եթե Դատարանը որոշի ոչ նյութական վնասի դիմաց շնորհել փոխհատուցում, ապա պահանջվող գումարը պետք է նվազեցվի:
71. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. հետևաբար այն մերժում է այս պահանջը: Մյուս կողմից, այն դիմումատու ընկերությանը շնորհում է 3 600 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
72. Դիմումատու ընկերությունը ծախսերի և ծախքերի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
73. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ`
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի հունվարի 24-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Ռենատա Դեգեներ Քսենյա Տուրկովիչ
Քարտուղարի տեղակալ Նախագահ