(ուժը կորցրել է բացառությամբ 7-րդ կետի 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 1994 թ. թիվ 139
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1994 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիք ներմուծող ձեռնարկություններից, կազմակերպություններից և անհատ ձեռներեցներից հաստատագրված վճարներ գանձելը:
2. Ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք ներմուծող և առևտրագնման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների հարկումը կատարել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:
3. Նավթամթերք վաճառող բոլոր ձեռնարկություններին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին թույլատրել նավթամթերքի վաճառքն իրականացնել ինչպես համապատասխան տարողություններ և պայմաններ ունեցող նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցով, այնպես էլ ինքնուրույնաբար, սահմանված կարգով հատկացված համապատասխան տեղերում:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, համապատասխան տարողություններ ունեցող նախարարություններին, ձեռնարկություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` նավթամթերք ներմուծող և վաճառող ձեռնարկություններին ու կազմակերպություններին սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրել լցավորման կայաններ, հատկացնել տարողություններ, ավտոցիստեռներ, պայմաններ ստեղծել նավթամթերքի բեռնաթափման և վաճառքի համար:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել ամենամսյա տեղեկատվություն հանրապետություն ներմուծվող նավթամթերքի քանակի, տեսակի և պատկանելության վերաբերյալ:
6. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` նավթամթերք վաճառող բոլոր ձեռնարկություններին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին դրա վաճառքի համար հատկացնել համապատասխան տեղեր` ելնելով անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանման պահանջներից:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 18-ի «Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման և առևտրագնման գործունեություն իրականացնող ձեռնարկություններից (անկախ սեփականության ձևից) բյուջե գանձումների մասին» թիվ 356 որոշումը: