(ուժը կորցրել է 19.05.14 թիվ 19-Ն որոշում)
i
120.0021.281100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2000 թվականի թիվ 21
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ ԹԻՎ 1` «ՀԱՄԱՅՆՔԻ ԳԻՐՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 2` «ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ» ԵՎ ՁԵՎ ԹԻՎ 3` «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ԳԻՐՔԸ» ՎԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման Ձև թիվ 1` «Համայնքի գիրքը», Ձև թիվ 2` «Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը» և Ձև թիվ 3` «Տնտեսությունների այբբենական գիրքը» վարելու վերաբերյալ Ցուցումները (կցվում է)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ 27.09.2000թ.
ԹԻՎ 21 ՈՐՈՇՄԱՄԲ
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ ԹԻՎ 1` ՀԱՄԱՅՆՔԻ ԳԻՐՔԸ, ՁԵՎ ԹԻՎ 2` ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՁԵՎ ԹԻՎ 3` ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ԳԻՐՔԸ ՎԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման փաստաթղթեր են հանդիսանում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կառավարման բարձրագույն մարմնի` վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված, գյուղապետարանների սկզբնական հաշվառման հետևյալ ձևերը`
«Համայնքի գիրք (ձև թիվ 1)
«Գյուղական համայնքի տարածքում ժամանակավորապես բնակվող անձանց ցուցակ (ձև թիվ 2)
«Տնտեսությունների այբբենական գիրք» (ձև թիվ 3)
Սույն հաշվառումը վիճակագրական նպատակ է, սակայն հաշվառման ձևերի վարույթն, ըստ էության, վարչական ռեգիստրի իմաստ ունի:
Հաշվառումը թիվ թիվ 1,2 և 3 ձևերով պետք է տարվի սույն ցուցումներին խիստ համապատասխան: Այդ փաստաթղթերում ոչ մի ջնջում և տեքստային գրանցումներով չվերապահված ոչ մի ուղղում կատարել չի թույլատրվում:
Ամեն տեսակի ուղղում և ջնջում պետք է վավերացվի գյուղապետի կամ նրա աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ:
2. Տնտեսությունների հաշվառումը սահմանված ձևերով տարվում է բոլոր գյուղական համայնքներում, ինչպես նաև գյուղական բնակավայրեր ունեցող քաղաքային համայնքներում:
3. Համայնքի գրքերը և ցուցակները գյուղապետարանում պետք է պահպանվեն ֆինանսական փաստաթղթերին համահավասար: Նրանց պահպանման և ժամանակին ու ճիշտ գրանցումների կատարման անձնական պատասխանատվությունը դրվում է գյուղապետի աշխատակազմի քարտուղարի վրա:
Գյուղապետի աշխատակազմի քարտուղարը համարակալում է համայնքի յուրաքանչյուր գրքի էջերը և յուրաքանչյուր գրքի վերջին էջի վրա նշում է նրանց քանակն ու վավերացնում այն գյուղապետի ստորագրությամբ և կնիքով:
4. Մարզպետարանները և վիճակագրության մարմինները պետք է աջակցեն գյուղապետերին` տնտեսությունների սկզբնական հաշվառումն իրականացնելու գործընթացում: Վիճակագրության մարմինները պարտավոր են պարբերաբար հրահանգավորել գյուղապետի աշխատակազմի քարտուղարին` գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման հարցերով և վերահսկել համայնքի գրքերի ճիշտ վարումը, որը կապահովի վիճակագրական հաշվետվությունների արժանահատվությունը:
5. Գյուղական համայնքները` 5 տարին մեկ անգամ, հունվարի 1-ի դրությամբ հիմնում են համայնքի տնտեսությունների հաշվառման (ձև թիվ 1) և համայնքի տնտեսությունների այբբենական (ձև թիվ 3) գրքերը: Համայնքի գրքերի հիմնումը կատարվում է 2001 թ. հունվարի 1-ից մինչև 15-ը` տնտեսություններում համատարած շրջագայության և բնակչության հարցման միջոցով:
Համայնքի գրքերը հիմնելու միջև ընկած ժամանակահատվածում 2002- 2005 թ.թվ. ամեն տարի գյուղական համայնքները պարտավոր են անցկացնել համատարած ստուգում և 2001 թ. հիմնած գրքերում կատարված գրանցումների ճշգրտում: Գրանցումների ստուգումը և ճշգրտումը կատարվում է հունվարի 1-ի դրությամբ` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում:
Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը (ձև թիվ 2) կազմվում է յուրաքանչյուր տարի հունվարի 1-ի դրությամբ: Ցուցակներում գրանցումները կատարվում են համակարգված` ամբողջ տարվա ընթացքում:
Բնակավայրի հիմնական բնակելի տներից հեռու գտնվող կացարանները հաշվառումից բաց չթողնելու համար, նախքան համայնքի գրքերի հիմնումը, կամ դրանցում գրանցումների համատարած ստուգումն ու ճշգրտումը սկսելը, գյուղապետի աշխատակազմի քարտուղարը ճշտում է դրանց առկայությունը գյուղական համայնքի տարածքում: Ընդ որում` անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որպեսզի ցուցակի մեջ մտցվեն բոլոր բնակելի տները, ծառայողական բնակատեղերը (երկաթուղային կայարանները, կիսակայարանները, տնակները և այլն): Անհրաժեշտ է նաև ստուգել գյուղական համայնքի տարածքում գտնվող գերատեսչական շենքերում, հանրակացարաններում, մանկատներում, տունինտերնատներում, հիվանդանոցներում բնակվող տնային տնտեսությունների առկայությունը:
Խոշոր բնակավայրերում, որտեղ գյուղապետի աշխատակազմի քարտուղարը չի կարող 15 օրվա ընթացքում անձամբ այցելել բոլոր տնային տնտեսությունները և այդ ժամկետում հիմնել համայնքի գրքերը կամ կատարել գրանցումների համատարած ստուգում ու ճշգրտում, նրան օգնելու համար, գյուղապետարանը ներգրավում է այդ աշխատանքները կատարելու ունակ անձանց: Այդ նպատակով գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, բնակավայրերի ցուցակները ճշգրտելուց հետո, այն բաժանում է առանձին, հստակ սահմանազատված տեղամասերի և դրանք բաշխում աշխատանքներում ներգրավված անձանց միջև:
Ներգրավված անձանց ամբողջ աշխատանքը ղեկավարվում է գյուղապետի աշխատակազմի քարտուղարը: Նա է տալիս յուրաքանչյուրին համայնքների գրքերը լրացնելու կամ համատարած ստուգելու և դրանցում գրանցումները ճշտելու, ինչպես նաև անձամբ ընդունում է լրացված (ստուգված) գրքերը` վերահսկելով գրանցումների ճիշտ ձևակերպումը, կատարված ճշգրտումների հստակությունն ու հիմնավորվածությունը, ստորագրությունների առկայությունը և այլն:
6. Նոր գրքեր հիմնելու կամ նախկինում հիմնված գրքերում կատարած գրանցումները ստուգելու ու ճշտելու ժամանակահատվածում, ինչպես նաև այդ աշխատանքներն ավարտելուց հետո, մարզպետարանների և վիճակագրության մարզային վարչությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները, ֆինանսական մարմինների աշխատողների մասնակցությամբ, ստուգում են գյուղական համայնքների կողմից համայնքի գրքերի ձևերի թիվ 1, 3 և ցուցակների` ձև թիվ 2 լրացման ամբողջականությունն ու ճշգրտությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգնում են նրանց վերացնելու հայտնաբերված թերությունները:
II. ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐՔՈՒՄ (ձև թիվ 1) ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐի
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7.Համայնքի գրքում (ձև թիվ 1) տնտեսությունների անձնական հաշիվները բացվում են 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ գրքերի հիմնման ժամանակ, գյուղական համայնքի տարածքում մշտական բնակվող բոլոր անձանց համար:
Յուրաքանչյուր տնային տնտեսության համար, ներառյալ մշտական բնակվող վարձակալ տնային տնտեսությունների, բացվում է առանձին հաշիվ:
Անհատական տնային տնտեսություն է համարվում.
ա) առանձին բնակելի միավորում* կամ դրա մի մասում բնակվող անձն, ով ինքնուրույն ապահովում է իրեն կենսականորեն անհրաժեշտ միջոցներով և ընդհանուր տնտեսություն վարելու համար տվյալ բնակելի միավորում բնակվող այլ անձանց հետ չի միավորում իր միջոցները:
բ) առանձին բնակելի միավորում կամ դրա մի մասում կամ մի քանի շինություններում համատեղ բնակվող 2 և ավելի անձինք, ովքեր իրենց կենսական անհրաժեշտ միջոցներն ապահովում են ընդհանուր տնտեսություն վարելով` ամբողջությամբ կամ մասամբ միավորելով իրենց միջոցները: Այդ անձինք կարող են կապված լինել ազգակցական կամ ամուսնական կապով, կամ չլինել ազգական, կամ ոչ մեկը և` ոչ էլ մյուսը:
Եթե գյուղական համայնքի տարածքում կան լքված տներ, կամ տներ, որոնց սեփականատերը մշտապես չեն բնակվում (հովեկ), ապա համայնքի գրքերում նրանք չեն հաշվառվում: Այդ տների մասին տեղեկությունները գյուղապետի աշխատակազմի քարտուղարի կողմից գրանցվում են առանձին ցուցակում:
8. Համայնքի գրքում գրանցումները կատարվում են միմիայն յուրաքանչյուր տնային տնտեսություն այցելելու միջոցով` պահպանելով տվյալ բնակավայրում նրանց կողմից զբաղեցրած տների տեղադրության հերթականությունը:
Գյուղական համայնքի տարածքում ժամանակավորապես բնակվող անձինք գրանցվում են ոչ թե համայնքի գրքում, այլ «Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակում» (ձև թիվ 2):
9. 20-ից ավելի տնային տնտեսություն ունեցող յուրաքանչյուր բնակավայրի համար բացվում է առանձին համայնքի գիրք: Բնակավայրի հիմնական բնակելի տներից հեռու գտնվող կացարաններում բնակվող տնային տնտեսությունները գրանցվում են այն բնակավայրի համայնքի գրքում, որին դրանք վարչականորեն ենթարկվում են: Դրանց համար (եթե կան այդ այդպիսիք) համայնքի գրքում հատկացվում են որոշակի քանակությամբ հաշվառման թերթեր: Յուրաքանչյուր բնակավայրի կամ փողոցի (խոշոր բնակավայրերում) բոլոր տնային տնտեսությունների գրանցումներն ավարտելուց հետո, համայնքի գրքում պետք է թողնել հաշվառման մի քանի ազատ թերթ, որպեսզի հնարավոր լինի հետագայում գրանցել տվյալ բնակավայրում կամ փողոցում նոր կազմավորվող տնային տնտեսությունները:
10. Համայնքի յուրաքանչյուր գրքի անվանաթերթում նշվում է բնակավայրի անվանումը և յուրաքանչյուր բնակավայրի դիմաց նշվում են էջերը, որոնցում զետեղված են տվյալ բնակավայրի տնային տնտեսությունների անձնական հաշիվները: Խոշոր բնակավայրի համար կազմված համայնքի գրքերում, բացի բնակավայրերի անվանումներից, գրանցվում են նաև փողոցների անվանումները` դրանցից յուրաքանչյուրի դիմաց նշելով համապատասխան էջերը, որոնցում զետեղված են այդ փողոցներում գտնվող տնային տնտեսությունների անձնական հաշիվները:
Յուրաքանչյուր գյուղական համայնքում գրքերը (ձև թիվ 1) համարակալվում են դրանք լրացնելուց հետո` անընդմեջ համարակալումով: Համայնքի գրքերին տրված համարներն օգտագործվում են «Տնտեսությունների այբբենական գիրքը» (ձև թիվ 3) լրացնելիս:
11. Համայնքի բոլոր բնակավայրերում տնային տնտեսությունների համատարած շրջագայությունն ու համայնքի բոլոր գրքերում գրանցումներն ավարտելուց հետո կատարվում է տնային տնտեսությունների անձնական հաշիվների համարակալում, որը պետք է լինի անընդմեջ և միասնական ամբողջ համայնքի համար: Համայնքի յուրաքանչյուր բնակավայրի համար տնտեսությունների անձնական հաշիվների առանձին համարակալում չի թույլատրվում:
Համայնքի գրքերը հիմնելուց հետո, համայնքի տարածքում նոր տնային տնտեսություն կազմավորելու դեպքում, այդ տնտեսությանը տրվում է համայնքի սահմաններում հերթական համար, անկախ նրանից, թե որ բնակավայրում է կազմվել այդ տնտեսությունը և համայնքի գրքերը հիմնելու ժամանակ որ համարով է ավարտվել տվյալ բնակավայրի տնային տնտեսությունները:
Նոր տնտեսությունների հերթական համարակալումը հեշտացնելու նպատակով, այբբենական գրքի (ձև թիվ 3) վերջում` մաքուր թերթի վրա գրվում է գյուղական համայնքի վերջին տնային տնտեսության անձնական հաշվի համարը:
12. Համայնքի գրքում` յուրաքանչյուր տնային տնտեսությանը տրված անձնական հաշվի համարը համայնքի գրքի գործունեության ամբողջ ժամանակաշրջանում (2001-2005թ.թ.) մնում է անփոփոխ:
Այն չի փոխվում, երբ այս կամ այն տնային տնտեսության բոլոր անդամները մշտական բնակության են տեղափոխվում միևնույն համայնքի մի բնակավայրից մյուսը: Նման դեպքերում անհրաժեշտ է փակել տվյալ տնտեսության անձնական հաշիվը այն բնակավայրի համայնքի գրքում, որտեղից տնտեսությունը մեկնել է և անձնական հաշիվ բացել այն բնակավայրի համայնքի գրքում, ուր տեղափոխվել է տնտեսությունը` պահպանելով նրա նախկին անձնական հաշվի համարը: Նախկին բնակավայրում տնտեսության անձնական հաշիվը փակելու մասին նշում է արվում դրա վերևի մասում, ցույց տալով փակելու ժամկետը և պատճառը, օրինակ «Անձնական հաշիվը փակված է (ցույց տալ տարեթիվը, ամիսը և օրը) տնտեսությունը «Ակունք» գյուղ բնակության տեղափոխվելու կապակցությամբ»: Միաժամանակ անհրաժեշտ է համապատասխան ուղղումներ կատարել նաև տնտեսությունների այբբենական գրքում:
Նույն ձևով պետք է վարվել նաև այն դեպքում, երբ տնտեսությունը նույն խոշոր բնակավայրի սահմաններում մշտական բնակության է տեղափոխվում մեկ փողոցից մյուսը:
Անձնական հաշվի համարը չի փոխվում նաև այն դեպքում, երբ տնտեսության առաջին գրանցված անդամը փոխարինվում է նույն տնտեսության կազմից մեկ այլ անձով, օրինակ` տնտեսության առաջինը գրանցված անդամի մահվան, կամ այլ պատճառներով: Նման դեպքում տնտեսության անձնական հաշիվը նորից չի արտագրվում, այլ դրանում մտցվում են հետևյալ փոփոխությունները.
ա) անձնական հաշվի վերևի մասում գրվում է տնտեսության առաջինը գրանցված նոր անդամի ազգանունը, անունը և հայրանունը` ջնջելով (վրան գիծ բաշխելով) մինչև այդ առաջինը գրանցված տնտեսության անդամի ազգանունը,
բ) տնտեսության անդամների ցուցակի 2-րդ տողում «Առնչությունը տնտեսության առաջինը գրանցված անդամի հետ» նրա ազգանվան տակ գրվում է «Առաջինը գրանցված անդամ», իսկ ընտանիքի մնացած բոլոր անդամների ազգանունների տակ գրվում է նրանց ազգակցական կապը տնտեսության առաջինը գրանցված նոր անդամի հետ «հայրը» , «մայրը» , «կինը» , «ամուսինը» , եղբայրը» , «քույրը» , «աղջիկը» , «տղան» և այլն:
Մեկ տնտեսությունը երկուսի բաժանվելու դեպքում, անձնական հաշվից հանվում են (վրան գիծ քաշելով) այն անձանց վերաբերվող տվյալները, ովքեր առանձնացել են հին տնտեսության կազմից: Նոր կազմավորված տնտեսության համար բացվում է նոր անձնական հաշիվ, ըստ նրանց գտնվելու վայրի` համապատասխան տնտեսությունների գրքում: «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում, այդպիսի տնտեսությունների համար կատարվում են նշումներ, օրինակ` «Բաժանվել է թիվ... տնտեսությունից» կամ «առանձնացել է թիվ ... տնտեսությունից» և նշվում է հին տնտեսության բաժանման վերաբերյալ փաստաթղթի անվանումը, ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:
14. Երկու տնտեսությունները մեկ տնտեսության մեջ միավորելիս (օրինակ` տնտեսությունների անդամների ամուսնության դեպքում), այդ տնտեսություններից մեկի անձնական հաշիվը պահպանվում է իր նախկին համարով, ընդ որում դրանում մտցվում են լրացուցիչ գրանցումներ, ինչպես 1-ին բաժնում «Տնտեսության անդամների ցուցակը» , այնպես էլ մյուս բաժիններում: «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում նշվում է «միացյալ է թիվ ...տնտեսության հետ»: Մյուս տնտեսության անձնական հաշիվը փակվում է, նշելով դրա վերևի մասում «Անձնական հաշիվը փակվել է (ցույց տալ տարեթիվը, ամիսը, օրը)
Թիվ ... տնտեսության հետ միանալու կապակցությամբ»: Այդ տնտեսության անձնական հաշիվը փակելու մասին համապատասխան նշում է կատարվում «տնտեսությունների այբբենական գրքի» 8-րդ սյունակում:
15. Բոլոր այն դեպքերում, երբ տնտեսությունը լուծարվում կամ տնտեսության բոլոր անդամները մշտական բնակության են փոխադրվում տվյալ համայնքի սահմաններից դուրս, անձնական հաշիվը տնտեսությունների գրքում անպայման փակվում է (գծեր են քաշվում) և անձնական հաշվի վերևի մասում, ինչպես նաև տնտեսությունների այբբենական գրքի 8-րդ սյունակում նշվում է անձնական հաշիվը փակելու պատճառը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:
Փակված անձնական հաշիվների համարները պետք է մնան ազատ: Դրանք չպետք է հատկացվեն մեկ այլ նոր կազմվող տնային տնտեսությունների:
------------------------------------
*Բնակելի միավոր է համարվում մեկ տնային տնտեսության անդամների բնակության համար նախատեսված առանձին և անկախ բնակատեղը, կամ ապրելու համար չնախատեսված, բաց հաշվառման ժամանակ որպես այդպիսին օգտագործվող կացարանը:
III. ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐՔՈՒՄ (Ձև ԹԻՎ 1) ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Համայնքի գիրքը (ձև թիվ 1) բաղկացած է հետևյալ բաժիններից.
I. Տնային տնտեսության անդամների ցուցակ
II. Տնտեսության սեփականության տակ գտնվող անասուններ
III. Տնտեսության անդամ(ներ)ի անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տուն և բնակարան
IV. Տնտեսության սեփականություն հանդիսացող հող:
17. Անձնական հաշվի վերին մասում գրվում է տնտեսության այն անդամի ազգանունը, անունը և հայրանունը, որի անունով բացվել է անձնական հաշիվը:
18. «Տնտեսության տեսակը» տողում, գրանցվում է համապատասխան տարվա հունվարի 1-ի դրությամբ հետևյալ տնտեսություններից որևէ մեկը.
- գյուղատնտեսությամբ զբաղվողների տնտեսություն
-սեփականության բոլոր ձևերի կազմակերպություններում աշխատողների (բացի գյուղատնտեսությունից) տնտեսություն
-անհատ ձեռնարկատերերի տնտեսություն:
Տնտեսության տեսակը սահմանվում է ելնելով տնտեսության առաջինը գրանցված անդամի զբաղմունքից:
19. Եթե տնտեսությունը բաղկացած է 6-ից ավելի անձանցից, ապա բոլոր անդամներին գրանցելու համար հատկացվում է երկու կամ ավելի հաշվառման թերթ, կամ սոսնձվում է լրացուցիչ թերթ, եթե տնային տնտեսությունը մեծացել է համայնքի գիրքը հիմնելուց հետո:
Այս բաժնում տնտեսության առաջինը գրանցված անդամից հետո գրանցվում են մնացած բոլոր, ինչպես առկա, այնպես էլ ժամանակավոր բացակայող անդամները: Տնտեսության բոլոր անդամների ազգանունը, անունը և հայրանունը պետք է գրել լրիվ, առանց աղավաղումների, կրճատումների` օգտագործելով յուրաքանչյուր անդամի համար հատկացված սյունակի բոլոր երեք տողերը:
20. 2-րդ տողում տնտեսության առաջինը գրանցված անդամի ազգանվան տակ գրվում է «տնտեսության առաջինը գրանցված անդամ», իսկ ընտանիքի մնացած անդամների համար գրվում է նրանց ազգակցական կապը տնտեսության առաջինը գրանցված անդամի հետ` «հայրը», «մայրը», «կին» , «ամուսինը», «եղբայրը», «քույրը, «աղջիկը» , «տղան» և այլն:
21. 3-րդ տողում գրվում է սեռը «արական» կամ «իգական»:
22.4-րդ տողում անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի հիման վրա (անձնագիր, ծննդյան վկայական) գրել ընտանիքի յուրաքանչյուր անդամի ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, այլ ոչ թե տարիքը:
23.5-րդ տողում գրվում է այն ազգությունը, որին դասում է իրեն տվյալ անձը: Երեխաների ազգությունը որոշում են ծնողները կամ նրանց փոխարինող անձինք:
24. 6-րդ տողը լրացվում է 7 և բարձր տարիքի բոլոր անձանց համար` տնային տնտեսության անդամների ստացած կրթությունը (բարձրագույն, թերի բարձրագույն, միջին մասնագիտական, ընդհանուր միջնակարգ, ընդհանուր հիմնական, տարրական, չունի տարրական, ոչ տառաճանաչ):
«Բարձրագույն» գրվում է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն` համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա ավարտածներին, ինչպես նաև բակալավրատուրա և մագիստրատուրա ավարտածներին:
«Թերի բարձրագույն» գրվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ու սովորած և ուսման ժամկետի կեսից ավելին անցած, ինչպես նաև ուսումնական դասընթացն ամբողջովին ավարտած, սակայն որակավորման պետական քննությունները չհանձնած և/կամ ավարտված դիպլոմային աշխատանքները չպաշտպանված անձանց համար:
«Միջին մասնագիտական» գրվում է տեխնիկում, քոլեջ կամ դրանց հավասարեցված (մանկավարժական, բժշկական ուսումնարան և այլն) այլ պետական և ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտած և միջին մասնագիտական որակավորում ստացած անձանց համար:
«Նախնական մասնագիտական» գրվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական կրթություն ստացած (արհեստագործական, պրոֆտեխնիկական, ճյուղային պրոֆեսիոնալ, տեխնիկական ուսումնարաններ ավարտած) անձանց համար:
«Ընդհանուր (լրիվ) միջնակարգ» գրվում է միջնակարգ հանրակրթական դպրոց (այդ թվում առանձին առարկաների խորացված ուսուցմամբ), վարժարան, գիմնազիա և միջնակարգ հանրակրթական ուսումնական ծրագրեր իրականացնող այլ ուսումնական հաստատություններ ավարտածներին:
«Ընդհանուր հիմնական» գրվում է հիմնական հանրակրթական դասընթաց ավարտած և համապատասխան ավարտական վկայական ստացած (8-րդ դասարան ավարտած) անձանց համար:
«Տարրական» գրվում է տարրական դասընթացն ավարտածների համար:
«Չունի տարրական» գրվում է տարրական կրթություն չունեցող, սակայն որևէ լեզվով գրել, կարդալ կամ միայն կարդալ (թեկուզ շատ դանդաղ) իմացող անձանց համար:
9 և բարձր տարիքի այն անձանց համար, ովքեր չեն կարող կարդալ գրվում է «ոչ տառաճանաչ»:
25. 7-11-րդ տողերը լրացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ տնտեսություններում համատարած շրջագայություն կատարելու ժամանակ` նշելով ուսումնական հաստատության անունը, դրա գտնվելու վայրը և դասարանը կամ կուրսը, որում սովորում է:
Օրինակ, ք. Իջևան, թիվ 12 միջնակարգ դպրոց, 3-րդ դասարան, գյուղ Վարդաշեն, միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան, Երևանի սննդի տեխնիկում, 2-րդ կուրս:
Տնտեսության այն անդամների համար, ովքեր ոչ մի տեղ չեն սովորում կամ սովորում են միայն մեկ տարուց պակաս տևողությամբ դասընթացներում կամ պարապում են խմբակներում, 7-11-րդ տողերում ոչ մի նշում չի կատարվում:
26. 12-րդ տողում գրվում է հիմնարկի, կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է տվյալ անձը: Սեփականության բոլոր ձևերի հիմնարկներում, հասարակական կազմակերպություններում աշխատողների համար ցույց է տրվում նաև քաղաքում, թե գյուղում է գտնվում տվյալ հիմնարկը: Օրինակ, քաղաք Գավառ, կարի ֆաբրիկա, գյուղ Գետափ, «Լույս» կոոպերատիվ:
Գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվածների համար գրվում է «գյուղատնտեսություն»:
Անահիտ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղված անձանց համար գրվում է «անհատ ձեռնարկատեր»:
Վարձակալությամբ աշխատողների համար ցույց է տրվում տնտեսությունը, որտեղ պայմանագրով աշխատում են:
Հիմնական աշխատանք չունեցող և սեզոնային աշխատանք կատարող, ինչպես նաև տարբեր տեսակի աշխատանքներ կատարող անձանց համար ցույց է տրվում վերջին ժամանակահատվածում աշխատանքի վայրը:
27. Նույն 12-րդ տողում` ցույց է տրվում կատարվող աշխատանքը կամ զբաղեցրած պաշտոնը` օրինակ կթվորուհի, շինարար, տարկտորիստ, հաշվապահ և այլն: Անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվածների և բնակչության այլ խմբերի համար` 12-րդ տողում գրվում է կատարվող աշխատանքը` կոշկակար, դերձակուհի և այլն:
28. 13-17-րդ տողերում կատարվում են նշումներ աշխատանքի հետագա փոփոխությունների մասին` համայնքի գրքերում գրանցումների համատարած ստուգման և ճշտման ժամանակ:
29. 18-23-րդ տողերում «Նշումներ տնտեսության ժամանակավոր բացակայող անդամների մասին» գրանցումները կատարում են հետևյալ կարգով.
- 18-րդ տողում մեկնելու վերաբերյալ նշումը կատարվում է այն անձանց համար, ովքեր բացակայում են տնտեսությունների գրքերի հիմնելու պահին կամ առաջին անգամ են մեկնում այդ գրքերը հիմնելուց հետո: Այդ անձանց վերադառնալու վերաբերյալ նշումը կատարվում է 19-րդ տողում:
- 20-23-րդ տողերը լրացվում են միայն տնտեսության անդամի կրկին մեկնելու և տնտեսություն վերադառնալու դեպքում:
- 18-23-րդ տողերում նշվում են մեկնելու կամ վերադառնալու ամսաթիվը, ինչպես նաև մեկնելու պատճառը: Օրինակ, «ամուսնացել է 2001 թ. մայիսին» , «մեկնել է սովորելու` 2002 թ. օգոստոսին»:
Գրանցումները կատարվում են պարբերաբար` տարվա ընթացքում և ստուգվում տնտեսությունների համատարած շրջագայության ժամանակ:
Ժամանակավոր բացակայողներ են համարվում համայնքի տարածքից դուրս բնակվող հետևյալ անձինք.
- բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, տարբեր ուսումնարաններում սովորողները, ովքեր ուսումնառության ժամանակ բնակվում են ուսումնական հաստատության գտնվելու վայրում (հանրակացարաններում, առանձին անձանց բնակարաններում, դպրոցներին կից գիշերօթիկներում),
- համայնքի տարածքից դուրս աշխատող և ըստ աշխատանքի վայրի ժամանակավոր բնակվող անձինք,
- ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձինք,
- ազատազրկման վայրերում գտնվող անձինք,
- գյուղական համայնքում գրանցված կենվորները, ովքեր փաստորեն բնակվում են քաղաքային բնակավայրերում:
Վերը նշված բնակչության խմբերի համար ժամանակավոր բացակայության ժամկետ չի սահմանվում: Այն որոշվում է ուսումը, բուժումը և այլն ավարտելու համար անհրաժեշտ ժամանակով:
30. 24-րդ տողում գրվում է տնային տնտեսության կազմից բոլորովին հեռացած անդամների մեկնման ամիսը, տարին և պատճառը: Ընդ որում, անհրաժեշտ է նշել` տվյալ անձը փոխել է բնակության վայրը գյուղական համայնքի տարածքում, թե համայնքի տարածքից դուրս: Օրինակ` «Մեկնել է ամուսնության կապակցությամսբ թիվ... տնտեսություն 2000 թ. մայիսին» , «Մեկնել է ք. Երևան աշխատանքի նոր վայրը 2000 թ. հունիսին»: Միաժամանակ անձնական հաշվում ընտանիքի մեկնած կամ մահացած անդամի վերաբերյալ գրանցումների վրա գիծ է քաշվում: Մեկնման մասին նշումը կատարվում է տարվա ընթացքում և ստուգվում հունվարի 1-ի դրությամբ տնտեսությունների համատարած շրջագայության ժամանակ:
Բացակայող բնակչության մասին 24-րդ տողում լրիվ և ժամանակին կատարած նշումը զգալի չափով ազդում է գյուղական բնակչության թվաքանակի և կազմի մասին տվյալների արժանահավատության վրա:
31. Համայնքի գրքում ծնվածների և մահացածների մասին նշումները կատարվում են ամբողջ տարվա ընթացքում` ծնունդների և մահվան դեպքերի մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցումների տվյալների հիման վրա: Ծնվածների համար 4-րդ տողում, իսկ մահացածների համար 24-րդ տողում գրվում է համապատասխանաբար ծննդյան կամ մահվան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը, ինչպես նաև նշվում է ծննդյան կամ մահվան գրանցման ակտի համարը:
Ծնվածների և մահացածների մասին նշումները պետք է կատարվեն քաղաքացիական կացության ակտերի գրքում գրանցման հետ միաժամանակ:
32. 25-րդ տողը լրացվում է համայնքի տարածք մշտական բնակության նոր ժամանակ անձանց համար: Օրինակ` «ժամանել է 2001 թ. օգոստոսի 8-ին Սևան քաղաքից»:
Տվյալ համայնքի մեկ տնտեսությունից մեկ այլ տնտեսություն տեղափոխված կամ նախկինում ժամանակավոր բնակվողների ցուցակում (ձև թիվ 2) հաշվառված անձինք համայնքի գրքում գրանցվում են առանց 25-րդ տողում նշում կատարելու: Նշում չի կատարվում նաև այն անձանց համար, որոնց վերաբերյալ 19, 21, 23-րդ տողում նշում է կատարվում ժամանակավոր բացակայությունից վերադառնալու մասին:
Նոր ժամանածների վերաբերյալ գրանցումները կատարվում են տարվա ընթացքում այդ անձանց ժամանելու պահին և ստուգվում համատարած շրջագայության ժամանակ:
33. 26-րդ տողում գրանցումներ են կատարվում ծերության, հաշմանդամության (նշելով հաշմանդամության խումբը) աշխատանքային կենսաթոշակառուների, նպաստառուների և այլնի վերաբերյալ: Նշումը կատարվում է կենսաթոշակի գրքույկի կամ տվյալ անձը հաշմանդամության համապատասխան կարգին դասելու վերաբերյալ սոցիալական ապահովագրության պետական մարմնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
Օրինակ. «Ծերության կենսաթոշակառու» , «Հայրենական պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ» , «Աշխատանքի 2-րդ խմբի հաշմանդամ» , «Ստանում է նպաստ» և այլն:
34. 2-րդ բաժնում` «Տնտեսության սեփականության տակ գտնվող անասունները» անասունների գլխաքանակի, մուշտակամորթ գազանների մասին տվյալները գրանցվում են անասունները փաստացի հաշվելու միջոցով, տնտեսության գլխավորի, կամ ընտանիքի չափահաս անդամի ներկայությամբ: Անասունների իրականում հաշվառումը կատարվում է օրվա այն ժամին, երբ անասունները գտնվում են ագարակում: Թռչունների գլխաքանակը գրանցվում է տնտեսության գլխավորի, կամ այդ տնտեսության չափահաս անդամի հարցման միջոցով:
Եթե որևէ տնտեսություն կունենա նշված բաժնի անվանացանկում չնախատեսված անասուններ, ապա այդ անասունները պետք է գրանցել ազատ տողերում:
Յուրաքանչյուր տարի հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակի համատարած հաշվառման տվյալներն ըստ «Ցուցակ բնակչության տնտեսություններում առ 1-ը հունվարի անասունների հաշվառման համար» ձև թիվ 3-ի պետք է գրանցվի համայնքի գրքի 2-րդ բաժնի համապատասխան տողերում:
Եթե տվյալ տնտեսությունում խնամվում է անասուն, որը պատկանում է տվյալ գյուղական համայնքի տարածքում չբնակվող անձի, ապա այդ անասնագլխաքանակը գրանցվում է այն տնային տնտեսության հաշվին, որտեղ այն խնամվում է, ինչի վերաբերյալ պետք է համապատասխան նշումներ կատարել «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում:
3-րդ բաժնում «Տնային տնտեսության անդամների անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տուն և բնակարան» գրանցվում են տեղեկություններ տնտեսությանը պատկանող բնակելի տան կամ սեփականաշնորհված բնակարանի ընդհանուր և բնակելի մակերեսի (քառ.մ) մասին:
Բնակելի տուն. Բնակելի տուն է համարվում բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով, իր տնտեսական շինություններով կառույցը:
Բնակելի տան ընդհանուր մակերեսի մեջ մտցվում է.
ա) ամբողջ տարածությունը, որը գտնվում է բնակելի տան կապիտալ պետերի սահմանում`
- բնակելի սենյակների (ընդհանուր սենյակի և ննջարանների):
- օժանդակ տարածությունների մակերեսների (խոհանոց, նախասենյակ, միջանցք, լողարան կամ ջրացնցուղ, զուգարան, նկուղ, պատի ներսում կառուցված պահարան, մառան):
բ) ջեռուցվող, ամբողջ տարվա ընթացքում բնակության համար պիտանի տարածությունը, տանը կից կառուցված բնակատեղը (պատշգամբած և շինված ծածկապատշգամբ և այլն), ինչպես նաև ջեռուցվող, բնակության համար պիտանի ձեղնահարկը, կիսավերնահարկը: (Ձեղնահարկ` տան ընդհանուր ծածկի տակ գտնվող բնակատուն, կառուցված տանիքի և ծածկի արանքի տարածության չափով կիսավերնահարկ` վերնակառույց, բնակելի տան ընդհանուր տարածքից, որի մակերեսը փոքր է ներքևի հարկի մակերեսից և ունի նրա հետ ներքին կապ):
Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտցվում հետևյալ տարածությունները`
-2 և ավելի հարկ ունեցող բնակելի տների, աստիճանավանդակների մակերեսը,
-չջեռուցվող ծածկապատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսները,
-առանձին շինություն հանդիսացող խոհանոցի, բաղնիքի, ցախատան, տաղավարի և այլնի մակերեսները:
Ընդհանուր մակերեսը որոշում է համաձայն բնակելի տան պլանի, կամ անձնագրի 2-րդ կետի հիման վրա, իսկ բացակայության դեպքում կամ պլանից շեղման դեպքում անմիջական չափումների միջոցով և ցույց է տրվում ամբողջական քառակուսի մետրերով: Ընդհանուր մակերեսը հաշվում է բնակելի սենյակների և օժանդակ տարածությունների մակերեսների գումարով:
Բնակելի մակերեսի մեջ մտնում են`
-տան բնակելի բոլոր սենյակների (ընդհանուր սենյակների և ննջարանների) մակերեսը,
-հաշվառում են բոլոր բնակելի սենյակների մակերեսները` անկախ նրանից դրանք օգտագործում են բնակության համար, թե ինչ-որ պատճառով ժամանակավոր դատարկ են (վերանորոգում, վերասարքավորում):
Բնակելի մակերեսի մեջ չեն մտցվում` օժանդակ մակերեսները (խոհանոցի, նախասենյակի, լողարանի կամջրացնցուղի, զուգարանի, նկուղի և այլն):
Եթե բնակելի տունը հանդիսանում է ոչ թե մեկ, այլ երկու և ավելի անհատական տնային տնտեսությունների սեփականություն, ապա այդ տնտեսություններից յուրաքանչյուրի անձնական հաշվի «բնակելի տուն» տողում պետք է գրանցել տվյալ տնային տնտեսությանը պատկանող մասի ընդհանուր և բնակելի մակերեսը: Օրինակ, բնակելի տունը ընդհանուր 40 քմ. բնակելի մակերեսով և 30 քմ. բնակելի մակերեսով պատկանում է 2 տնային տնտեսությունների` մեկ տնային տնտեսությանը պատկանում է տան 1/2 մասը 20 քմ ընդհանուր և 16 քմ բնակելի մակերեսով, երկրորդին` նույնպես տան 1/2 մասը` 20 քմ ընդհանուր և 14 քմ բնակելի մակերեսով (երկրորդ տնտեսությունում բնակելի մակերեսը պակասեցված է ի հաշիվ տաքացնող վառարանի): Յուրաքանչյուր տնտեսություն ընդհանուր և բնակելի մակերեսի չափը ցույց է տրվում այն հավաստող փաստաթղթերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անմիջական չափումների միջոցով:
Միաժամանակ անհրաժեշտ է ազատ տեղում «բնակելի տուն» տողից վերև գրանցել այդ տան տիրոջ տնտեսության անձնական հաշվի համարը:
Եթե տնային տնտեսությունն ունի երկու բնակելի տուն, ապա 3-րդ բաժնի առաջին սյունակում պետք է գրանցել յուրաքանչյուր տան տեղեկությունը` համարիչում առաջին տան համար, հայտարարում` երկրորդ:
Բազմաբնակարան շենքերի բնակարանի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) գումարով:
Բազմաբնակարան շենքի բնակարանի ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չտաքացվող ծածկապատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսը, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսը, ոչ բնակելի մակերեսը, որը զբաղեցված է համայնքների, խանութների, պոլիկլինիկաների, դեղատների, կապի բաժանմունքների, մանկական հիմնարկների, կենցաղ ծառայությունների և այլն կողմից:
Բազմաբնակարան շենքի բնակարանի բնակելի մակերեսի մեջ մտնում են բնակարաններում, հանրակացարաններում և նրանց հավասարեցված շինություններում բնակելի սենյակների (ընդհանուր սենյակների և ննջարանների) մակերեսները:
Բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակելի մակերեսի մեջ չեն մտնում - օժանդակ մակերեսները, որոնք նախատեսված են բնակության համար, բայց օգտագործվում են այլ նպատակով:
Այն տնային տնտեսությունների համար, որոնք ապրում են ոչ իրենց անդամների սեփականություն հանդիսացող բնակելի տանը, 3-րդ բաժնում գրվում է «բնակարան են վարձում» , կամ «բնակվում են որևէ հիմնարկի (կազմակերպության) պատկանող բնակարանում»:
35. IV-Ա բաժնում «Տնտեսության սեփականություն հանդիսացող հողը» յուրաքանչյուր տնտեսության համար գրանցվում է ամբողջ հողատարածքը, որը հատկացված է տվյալ տնտեսության անդամներին` սահմանված կարգով:
Հողաբաժինների տարածքների վերաբերյալ տվյալները վերցվում են հողակադաստրային գրքի համապատասխան բաժնից:
IV - Բ բաժնում գրանցվում են ընտանիքի գլխավորի, կամ չափահաս անդամի կողմից տրված տվյալները` գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկի չափերը` հեկտարներով (հարյուրերորդական հեկտարի ճշտությամբ): Համայնքի գրքի հիմնման ժամանակ 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ, գրանցվում են 2000 թ. բերքի տակ ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների չափերի մասին տեղեկությունները:
Այգիների միջշրջանային տարածություններում ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքը մտցվում է համապատասխան մշակաբույսի և ընդհանուր ցանքի քանակի մեջ:
Շարահերկ մշակաբույսերի շարքերի մեջ կատարված լրացուցիչ, ինչպես նաև, կրկնակի կատարած ցանքը ցանքատարածությունների ընդհանուր քանակի մեջ չի մտցվում:
«Կարտոֆիլ» տողում ցույց է տրվում կարտոֆիլի տակ դրված ամբողջ տարածությունը, անկախ ցանքի ժամկետից և նպատակից:
«Բանջարեղեն» տողով ցույց է տրվում բաց և փակ ցանքատարածությունները: Բանջարեղենի բաց ցանքատարածության մեջ ցույց են տրվում կաղամբով, վարունգով, պոմիդորով, սեղանի ճակնդեղով, սեղանի գազարով, գլուխ սոխով, կանաչ ոլոռով, պղպեղով, բողկով, շաղգամով, բադրիջանով, դդմիկով, դդումով, կանաչեղենի կուլտուրաներով (կանաչ սոխ, սալաթ, մաղադանոս, նեխուրի, թրթունջ, սպանախ, խավարածիլ, ռեհան, համեմ) և այլ բանջարեղենով զբաղված տարածությունները:
«Բանջարեղենի փակ ցանքատարածություն» տողով ցույց է տրվում ջերմատների և ջերմոցների տարածությունները (ծածկված ապակիով և պոլիէթիլենային թաղանթով), որը զբաղված է բանջարանոցային մշակաբույսերով:
«Հայցահատիկային մշակաբույսեր» տողով ցույց է տրվում աշնանացանի պահպանված ցանքերը (ցորեն, տարեկան, գարի) և գարնանացան հացահատիկային մշակաբույսեր (ցորեն, գարի, վարսակ, հաճար, հացազգիների խառնուրդ, եգիպտացորեն հատիկի համար, կորեկ, սորգո հատիկի համար, հատիկաընդեղեններ), որոնք հավաքված են հատիկի համար: Հացահատիկային մշակաբույսեր հավաքված այլ նպատակների (կանաչ կերի, խոտի) համար` այդ տողում ցույց չի տրվում:
Գյուղացիական տնտեսությանը հատկացված վարելահողերի մեջ մտցվում է նաև տնամերձ հողամասը, կամ ծառայողական հողաբաժինը:
36. Տնտեսությունների նոր գրքերի հիմնադրելիս յուրաքանչյուր տնտեսության անձնական հաշիվը լրացնելուց, ինչպես նաև նախկինում հիմնադրված գրքերի գրանցումների համատարած ստուգումից և ճշտումից հետո անպայման պետք է վավերացվի ստորագրությամբ` տնտեսության առաջինը գրանցված անդամի, իսկ նրա բացակայության դեպքում` տնտեսության չափահաս անդամի և գյուղապետի աշխատակազմի քարտուղարի կամ ստուգումն ու գրանցումն իրականացնող անձի կողմից:
IV. ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ (Ձև ԹԻՎ 2) ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
37. Գյուղական համայնքները պարտավոր են յուրաքանչյուր տարի հունվարի 1-ի դրությամբ կազմել համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակներ (ձև թիվ 2): Ցուցակներում ժամանակավոր բնակվողների գրանցումը կատարվում է տարվա ընթացքում սիստեմատիկաբար նույնպիսի ճշտությամբ, ինչպես մշտապես բնակվող բնակչությանը: Ժամանակավոր բնակվող բնակչության թվում հաշվի է առնվում 1,5 ամսից ավելի ժամկետով համայնքի տարածք ժամանած բնակչության հետևյալ կոնտինգենտը.
- սովորողները, ովքեր ուսման շրջանում ապրում են ուսումնական հաստատության գտնվելու վայրում (ուսումնական հաստատությունների հանրակացարաններում, մասնավոր բնակարաններում և այլն),
- մանկատների սաները,
- ժամանակավոր և սեզոնային աշխատանքի, ինչպես նաև պայմանագրով աշխատանքի եկած անձինք,
- կենվորները, ովքեր գրանցված են քաղաքային բնակավայրերում, բայց փաստորեն բնակվում են գյուղական համայնքի տարածքում,
- զինծառայողների ընտանիքները, որոնք եկել են զինծառայողի ծառայության վայրը և բնակվում են գյուղական համայնքի բաց տարածքում:
Ժամանակավոր բնակվող անձանց կատեգորիային պետք է դասել օտարահպատակներին, ովքեր եկել են գյուղական համայնք սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքի, ինչպես նաև այն անձանց, որոնք ազատազրկման վայրից պայմանական ազատվել են և որոշակի ժամանակ բնակվում են համայնքի տարածքում:
Ժամանակավոր բնակվող անձանց կատեգորիան որոշելու համար ժամանակավոր բնակության ժամկետ, որպես չափանիշ չի սահմանվում ու որոշվում է աշխատանքը, բուժումը, ուսումը, և այլն սկսելու և ավարտելու ժամանակով:
Ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը կազմվում է առանձին-առանձին հիվանդանոցի, մանկատան, գիշերօթիկ դպրոցների, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատի և այլնի համար այդ հիմնարկների ղեկավարների հետ համատեղ: Ցուցակի կազմի վրա ցույց է տրվում հիմնարկի անվանումը և նրա գտնվելու վայրը:
Ամառանոց վարձող անձինք և գյուղական համայնքի տարածքում գտնվող ամառանոցների սեփականատերերը (կառուցողները), ովքեր գրանցված են և մշտապես բնակվում են քաղաքային բնակավայրերում, տնտեսությունների հաշվառման փաստաթղթերում հաշվի չեն առնվում:
Ժամանակավոր բնակվողների գրանցումը կատարվում է նրանց գյուղական համայնքի տարածք գալուց հետո` 3 օրվա ընթացքում: Ընդ որում, ցուցակի մեջ գրանցվում են տնտեսության բոլոր անդամները:
38. Ցուցակի սյունակները լրացվում են այնպես, ինչպես տնտեսությունների գրքի (ձև թիվ 1) համապատասխան սյունակները:
6-րդ սյունակում նշվում է մշտական բնակության վայրը, օրինակ` ք. Աբովյան, Մաշտոցի փ. տուն 5»:
7-րդ սյունակում ցույց է տրվում տվյալ անձի աշխատանքի վայրը մշտական բնակավայրում և զբաղմունքը (պաշտոնը), օրինակ «ք. Կամո, թիվ 3 միջնակարգ դպրոց, ուսուցիչ», խնամքի տակ գտնվողների համար այդ սյունակում պետք է գրել «խնամքի տակ»:
8-րդ սյունակում անհրաժեշտ է ցույց տալ, երբ և որտեղից է եկել, ինչպես նաև գալու նպատակը, օրինակ «2000 թ. մայիսի 15-ին, Սպիտակ քաղաքից, գործուղում» , «2000 թ. ապրիլի 10-ին, Աշոցքից, սեզոնային աշխատանքի»:
12-րդ սյունակում ցույց է տրվում այն տնային տնտեսության անձնական հաշվի համարը, որում բնակվում է ժամանած անձը կամ համառոտ գրվում է ժամանակավոր բնակության հասցեն. օրինակ «Հյուրանոց»:
Տնային տնտեսության գլխավորը կամ միայնակը իրենց մասին կատարված գրանցումները վավերացնում են ստորագրությամբ` 13-րդ «Տնտեսության անդամի ստորագրությունը» սյունակում: Հիվանդանոցներում, մանկատներում, ծերերի, հաշմանդամների տուն-ինտերնատներում և նմանատիպ այլ հիմնարկներում ապրող անձանց մասին կատարված գրանցումների ճշտությունը վավերացվում է այդ հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ:
14-րդ սյունակում գրանցում է կատարվում այն անձանց մասին, ովքեր մեկնել են համայնքից, անցել են մշտական բնակության տվյալ համայնքներում, ինչպես նաև մահացածների վերաբերյալ` նշելով դուրս գրելու ամիսը, տարին և պատճառը:
V. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
39. Գյուղական համայնքի բոլոր բնակավայրերում բոլոր բնակավայրերում տնտեսությունների գրքերը հիմնելուց հետո, գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, փետրվարի 10-ից ոչ ուշ, կազմում է տնտեսությունների այբբենական գիրքը (ձև թիվ 3):
Այդ գրքում գրանցվում են գյուղական համայնքի տարածքում մշտապես բնակվող բոլոր տնային տնտեսությունները, որոնք գրանցված են համայնքի գրքում (ձև թիվ 1): Ժամանակավոր բնակվող անձինք տնտեսությունների այբբենական գրքում չեն գրանցվում, այլ միայն` ձև թիվ 2 ցուցակում:
Գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվարկում է տնային տնտեսությունների քանակն ըստ տնտեսության տեսակների և հաշվառման արդյունքները գրանցում «Տնտեսությունների այբբենական գրքի» անվանաթերթի աղյուսակում:
40. Համայնքի գրքերի անձնական հաշիվներում բոլոր փոփոխությունները, որոնք վերաբերվում են տնտեսության առաջինը գրանցված անդամի, տնտեսության տեսակի, տնտեսության կազմի փոփոխմանը` գյուղապետի աշխատակազմի քարտուղարը տարվա ընթացքում պետք է կատարի տնտեսությունների այբբենական գրքում:
Գյուղական համայնքների տնտեսությունների հաշվառումը վարելու վերաբերյալ ներկայիս ցուցումները գործողության մեջ դնելով` չեղյալ է համարվում նախկինում գործող ՀՀ վիճվարչության 1997 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Գյուղական համայնքների տնտեսությունների հաշվառումը վարելու վերաբերյալ ցուցումները»:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 11 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000142