(ուժը կորցրել է 10.10.18 թիվ 1146-Ն որոշում)
i
040.0296.300310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2010 թվականի N 296-Ն
i
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի չորրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մարտի 25-ի
N 296-Ն որոշման
ԿԱՐԳ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումները (այսուհետ` հանրային քննարկումներ) նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքման աշխատանքների իրականացման գործընթացն է:
i
1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքի հիման վրա ստեղծված անկախ մարմիններն իրենց կողմից մշակված օրենքների նախագծերի հանրային քննարկումները կազմակերպում և իրականացնում են սույն որոշմամբ սահմանված կարգով:
(1.1-ին կետը լրաց. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
2. Հանրային քննարկումներ իրականացնելիս նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակող մարմնի (այսուհետ` նախագիծ մշակող մարմին) հիմնական խնդիրներն են` քննարկման դրված հարցերի վերաբերյալ հանրային կարծիքի բացահայտումը, այլընտրանքային տարբերակների, հնարավոր ծախսերի, օգուտների և հավանական ռիսկերի վերաբերյալ տեղեկությունների ստացումը և իրավաստեղծ աշխատանքներում հասարակության մասնակցության ապահովումը:
3. Հանրային քննարկումների իրականացման սկզբունքներն են հրապարակայնությունը, մատչելիությունը և թափանցիկությունը:
4. Հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:
5. Հանրային քննարկումների կազմակերպումը և իրականացումը ֆինանսավորվում է նախագիծ մշակող մարմնի պահպանման նպատակով տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
6. Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է, եթե նախագիծ մշակող մարմինը չի սահմանել առավել երկար ժամկետ:
II. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
i
7. Նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի (եթե, ըստ նախագիծը մշակող մարմնի, նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է) մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տաս օրը: Նախագիծը մշակող մարմինը հանրային քննարկումների հրավերը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվամիջոցներով և ժամանակակից հեռահաղորդակցման այլ միջոցներով:
(7-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
i
8. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ նախագիծ մշակող մարմինը միասնական կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր և իր կայքում տեղադրում է միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովում է կայքի ավտոմատացված միացումը միասնական կայքին:
(8-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
i
8.1. Նախագիծ մշակող մարմինը դիմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` միասնական կայքում գրանցվելու համար մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու նպատակով: Մուտքի անունը և գաղտնաբառը տրամադրվում է դիմելուց հետո հնգօրյա ժամկետում:
(8.1-ին կետը լրաց. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
8.2. Նախագիծ մշակող մարմինը սույն կարգի 8.1-ին կետում նշված դիմումի հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում այն անձի տվյալները` անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից մշակված նախագծի տեղադրումը միասնական կայքում:
(8.2-րդ կետը լրաց. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
8.3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը համակարգում է միասնական կայքի աշխատանքները և իրականացնում է մշտադիտարկում:
(8.3-րդ կետը լրաց. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
i
9. Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ միասնական կայքում կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները` նախապես գրանցվելով` նշելով անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, ցանկության դեպքում` բնակության հասցեն, հեռախոսահամարը: Առաջարկությունները կարող են ներկայացվել կայքում` առցանց լրացման եղանակով: Առաջարկությունները կարող են ուղարկվել նախագիծը մշակող մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին, ինչպես նաև գրավոր ներկայացվել նախագիծը մշակող մարմին:
(9-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
i
9.1. Սույն կարգի 9-րդ կետում նշված առաջարկություններն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, նախագիծը մշակող մարմնի կողմից հաստատվում են միասնական կայքում երևալու համար` բացառությամբ պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ գրավոր ներկայացված առաջարկությունների, որոնք նախագիծը մշակող մարմնի համապատասխան աշխատողի կողմից պետք է լրացվեն միասնական կայքի ադմինիստրատիվ մասն ապահովող համակարգի համապատասխան բաժնում` ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(9.1-ին կետը լրաց. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
9.2. Միասնական կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները նախագիծը մշակող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում:
(9.2-րդ կետը լրաց. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
9.3. Միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը և վերջինիս վերաբերյալ ստացված առաջարկություններն արխիվացվում են նախագիծը մշակող մարմնի արխիվում` նախագիծը միասնական կայքում տեղադրելուց մեկ տարի հետո:
(9.3-րդ կետը լրաց. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
i
10. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկումների հրավերը հրապարակելուց առնվազն տասներկու օր հետո նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ հանրային քննարկումները կարող են իրականացվել նաև հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով: Տվյալ դեպքերում նախագիծ մշակող մարմնի ներկայացուցիչը նախապես նշանակված ժամին բացում է քննարկումները, ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը, քննարկման հարցերի շրջանակը, նախագիծ մշակող մարմնի ներկայացուցիչ հանդիսացող հանրային քննարկումների քարտուղարին, ինչպես նաև մասնակիցներին տրամադրում է համապատասխան նյութեր քննարկումների վերաբերյալ, որոնք մինչ այդ հրապարակված չէին եղել նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում և միասնական կայքում: Քննարկումների քարտուղարը պետք է կազմի քննարկումների վերաբերյալ գրավոր արձանագրություն, որն ստորագրվում է վերջինիս կողմից: Արձանագրությունում պետք է ամրագրված լինեն քննարկումներն իրականացնող մարմնի անվանումը, քննարկումների ամսաթիվը, թեման, քննարկումների մասնակիցների առաջարկություններն ու դիտողությունները: Մասնակիցները կարող են առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել նաև գրավոր: Գրավոր ներկայացված առաջարկությունները և դիտողությունները կցվում են արձանագրությանը:
(10-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)
11. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկումների հրավերը հրապարակելուց հետո հասարակական հարցումների միջոցով հանրային քննարկումներ կարող են իրականացվել գրավոր կամ բանավոր: Տվյալ դեպքերում նախագիծ մշակող մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը և հարցման ենթակա հարցերի շրջանակը: Հարցման մասնակիցներն իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացնում են հարցումն իրականացնողին: Հարցումն իրականացնողը պետք է կազմի հարցումների վերաբերյալ գրավոր արձանագրություն, որն ստորագրվում է վերջինիս կողմից: Արձանագրությունում պետք է ամրագրված լինեն հասարակական հարցումն իրականացնող մարմնի անվանումը, հարցումների ամսաթիվը, թեման, մասնակիցների առաջարկություններն ու դիտողությունները: Գրավոր ներկայացված առաջարկությունները և դիտողությունները կցվում են արձանագրությանը:
12. Հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով հանրային քննարկումների կազմակերպումը նախագիծ մշակող մարմինը կարող է պատվիրել այլ անձանց:
III. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ
13. Հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության ու դիտողության վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման հիման վրա նախագիծ մշակող մարմինը կարող է կատարել նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:
i
14. Հանրային քննարկումների ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված ամփոփաթերթը և նախագծի լրամշակված տարբերակը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և այդ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի, պետք է տեղադրվի միասնական կայքում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և այդ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի` նախագիծ մշակող մարմնի ինտերնետային կայքում տեղադրելու ժամկետը, ելնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքից, սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
(14-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 1134-Ն որոշում)