Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...

11.10.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2016  -ից մինչեւ   11.10.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 10.09.18 թիվ 18-Ն հրաման)

i

100.0071.271213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013510

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 նոյեմբերի 2013 թվականի N 71-Ն

 

i

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ (ԿԱՄ) ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի գ) ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը»` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի նոյեմբերի 18-ի

N 71-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ (ԿԱՄ) ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են 18 տարեկան և բարձր տարիքի բնակչության խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն չափորոշչում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդություններ` տուբերկուլոզ, հոգեկան խանգարումներ և թմրաբանական հիվանդություններ, մարդու իմունային անբավարարության վիրուսից (այսուհետ` ՄԻԱՎ-ի վարակ) առաջացած հիվանդություն,

2) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում` անհետաձգելի բժշկական միջամտությունների անցկացում պահանջող հիվանդությունների և վիճակների բժշկական օգնություն և սպասարկում,

3) պլանային բժշկական օգնություն` անհետաձգելի բժշկական միջամտություններ չպահանջող, տվյալ պահին մարդու կյանքին չսպառնացող, ինչպես նաև շրջապատի համար վտանգ չներկայացնող հիվանդությունների դեպքերում, որոնք մատուցվում են հիվանդի ֆիզիկական կամ հոգեկան առողջության խանգարումների ժամանակ:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում` տեղադրված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի առկայության դեպքում:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հիմքում ընկած է բժշկական և սոցիալական ցուցումների համադրման սկզբունքը, ըստ որի պետությունը երաշխավորում է անվճար բժշկական օգնություն և սպասարկում`

1) սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդությունների, նաև վերակենդանացման բժշկական միջամտություն պահանջող վիճակների դեպքում ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,

2) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների դեպքում` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար և ներառում է հիվանդանոցային պայմաններում հետազոտությունը և բուժումը անկախ ախտորոշումից, բացառությամբ` պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշչում ընդգրկված ծառայությունների:

5. Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների և հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը, գինեկոլոգիական, ուռուցքաբանական, արյունաբանական, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են համավճարի սկզբունքի կիրառմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով:

6. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվում է`

1) վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների բժշկական օգնությունը և սպասարկումը` մասնագիտացված հիվանդանոցներում և բազմապրոֆիլ հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում,

2) հոգեկան խանգարումներով և թմրաբանական հիվանդների բժշկական օգնությունը և սպասարկումը` հոգեբուժական, նյարդահոգեբուժական և թմրաբանական դիսպանսերներում, կենտրոններում և հիվանդանոցներում,

3) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում,

4) վերակենդանացման բժշկական միջամտություն պահանջող վիճակների դեպքում բժշկական օգնությունը և սպասարկումը` բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում,

5) մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը` բժշկական կենտրոններում, գիտահետազոտական ինստիտուտների կլինիկաներում, հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում, դիսպանսերներում, ինչպես նաև Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում:

7. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, մասնավորապես` հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, դեղերով ապահովումը, թթվածնի և բժշկության մեջ կիրառվող այլ գազերի օգտագործումը, ֆիզիաթերապևտիկ բուժումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, իսկ հակատուբերկուլոզային, հոգեկան, թմրաբանական և վերականգնողական (առողջարանային) բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում` նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովման ծախսերը:

8. Այն դեպքում, երբ հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում բացակայում են հիվանդի բուժման կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորությունները, հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպությունը սույն կետով նախատեսված միջոցառումները կազմակերպում և ապահովում է այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային հիմունքներով, կատարելով փոխհատուցում հիվանդի բուժման համար հատկացվող համապատասխան գումարներից:

9. Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված` ՄԻԱՎ-ի վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության կարգում նշված բնակչության խմբերին և կլինիկական ցուցումներին համապատասխան:

 

II. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմանը համապատասխան:

11. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում կարող է իրականացվել`

1) ցերեկային ստացիոնարի պայմաններում,

2) «կարճաժամկետ կամ փոքր ծավալի կամ քիչ ծախսատարությամբ բժշկական օգնություն» շուրջօրյա հսկողության պայմաններում,

3) երկարաժամկետ շուրջօրյա հսկողության պայմաններում,

4) մասնագիտացված բժշկական օգնություն` շուրջօրյա հիվանդանոցային հսկողություն չպահանջող պայմաններում:

12. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.

1) զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտման (փորձաքննության) դեպքում` համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատների ուղեգրերով: Ընդ որում, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունը երկու օրվա ընթացքում տվյալ դեպքի մասին տեղեկացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ,

2) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության և սպասարկման դեպքում` տարածքային զինվորական կոմիսարիատի ուղեգրով կամ տարածքային պոլիկլինիկայի ուղեգրով, հաստատված տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշմանը համապատասխան,

3) հիվանդի` հիվանդանոցային մեկ բժշկական կազմակերպությունից մյուսը տեղափոխման դեպքում` համապատասխան տեղափոխման էպիկրիզի համաձայն,

4) հիվանդանոցային պայմաններում դատաբժշկական փորձաքննության անցկացման դեպքում` դատաբժշկական փորձագետի կողմից տրված ուղեգրի համաձայն,

5) հիվանդանոցային պայմաններում դատահոգեբուժական փորձաքննության անցկացման դեպքում` դատահոգեբուժական փորձագետի կողմից տրված եզրակացության կամ իրավապահ մարմինների կողմից ընդունված որոշումների համաձայն,

6) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու նպատակով հիվանդանոցային պայմաններում լրացուցիչ բժշկական հետազոտություն անցնելու դեպքում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրի հիման վրա,

7) անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ:

13. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար հիմք են հանդիսանում`

1) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար բժշկական ցուցումների առկայության դեպքում` տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի (մանկաբույժի) և/կամ ընտանեկան բժշկի կողմից տրված ուղեգիրը,

2) հոգեկան խանգարումների, թմրաբանական, մաշկավեներաբանական, արյունաբանական, սրտաբանական, ուռուցքային, վարակիչ հիվանդությունների, սննդային թունավորումների, տուբերկուլոզի, ինչպես նաև ողնաշարի վնասվածքների դեպքերում` համապատասխան դիսպանսերի կամ կաբինետի մասնագետների կողմից տրված ուղեգրերը: «Բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների դեպքում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպելու հիմք է հանդիսանում շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիրը կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությունը:

i

14. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս հիվանդները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, բացառությամբ` անհետաձգելի առաջին բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ հիվանդի մոտ բացակայում է անձը հաստատող փաստաթուղթը: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը և հետևյալ փաստաթղթերը.

1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ` տեղեկանք` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից,

2) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` բժշկասոցիալական փորձաքննական որոշում` տրված բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից,

3) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք` զինվորական կոմիսարիատի կողմից տրված համապատասխան վկայական,

4) Հայաստանի Հանրապետության սահմանի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքի անդամներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված համապատասխան տեղեկանք,

5) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ` համապատասխան վկայական, տրված զինվորական կոմիսարիատի կողմից,

6) բռնադատվածներ` բռնադատվածի վկայական, տրված համապատասխան լիազոր մարմնի կողմից,

7) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողները` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված ուղեգիր,

8) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք` տարածքային զինվորական կոմիսարիատի ուղեգիր կամ տարածքային պոլիկլինիկայի ուղեգիր` հաստատված տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշմանը համաձայն,

9) զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ` ուղեգիր, տրված համապատասխան գերատեսչության բժշկական ստորաբաժանման կողմից,

10) ժամկետային ծառայության զորակոչված զինծառայողների ընտանիքի անդամներ` համապատասխան տարածաշրջանային զինվորական կոմիսարիատի տեղեկանքի հիման վրա սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգիր,

11) ձերբակալվածներ, կալանավորվածներ և ազատազրկման դատապարտվածներ` համապատասխան գերատեսչության միջնորդագրի հիման վրա առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր,

12) ծերանոցներում խնամվողներ` համապատասխան կազմակերպության կողմից տրված տեղեկանք,

13) վերարտադրողական տարիքի կանայք հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնության համար)` ծննդօգնության կազմակերպության կամ հղիի նախածննդյան հսկողությունն իրականացնող կանանց կոնսուլտացիայի կողմից տրված ուղեգիր,

14) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդագրի հիման վրա` առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր:

(14-րդ կետը փոփ. 06.05.16 թիվ 16-Ն հրաման)

i

14.1 Սույն չափորոշչի 14-րդ կետով սահմանված անձնագրի կամ նույնականացման քարտի ներկայացման պահանջը չի տարածվում շտապօգնության հոգեբուժական բրիգադների կամ հարազատների կողմից բերված հոգեկան խանգարումով տառապող անձանց անհետաձգելի հոսպիտալացման կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքի հիման վրա իրականացվող հոսպիտալացման դեպքերի նկատմամբ: Այս դեպքերում հոսպիտալացումը իրականացվում է տվյալ հոգեբուժական հաստատության հերթապահ բժշկի ուղեգրով:

(14.1-ին կետը փոփ. 06.05.16 թիվ 16-Ն հրաման)

15. Անձը հաստատող և սույն չափորոշչի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները կցվում են հիվանդության պատմագրին հիվանդանոցային բժշկական կազմակերպության բուժական անձնակազմի կողմից, բացառությամբ անհետաձգելի առաջին բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ հիվանդի մոտ բացակայում են նշված փաստաթղթերը:

16. Անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է «Բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված կարգով, որի համար հիմք է հանսիսանում շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիրը կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությունը:

17. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունը հիվանդին կամ նրա օրինական ներկայացուցչին ապահովում է տեղեկատվությամբ անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակների և հիվանդի առողջական վիճակի մասին: Իրազեկման փաստը վավերացվում է բժշկական փաստաթղթերում հիվանդի կամ օրինական ներկայացուցչի ստորագրությամբ:

18. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բժշկական կազմակերպությունները, որոնց կազմում գործում են հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ուղեգրում են` պոլիկլինիկայում կատարելով բոլոր անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ հիվանդի նախնական ախտորոշման և բուժման համար:

19. Հայաստանի Հանրապետության մարզերի արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից (ընտանեկան բժշկի գրասենյակներ, գյուղական բժշկական ամբուլատորիաներ, գյուղական առողջության կենտրոններ և քաղաքային պոլիկլինիկաներ) մարզերում բնակվող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է տարածաշրջանի հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդի ուղեգրումը, ըստ ծանրության վիճակի կամ ախտորոշման, բխում է նրա` մասնագիտացված կամ ավելի բարձր մակարդակի բազմապրոֆիլ հիվանդանոցային կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման անհրաժեշտությունից:

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում տարածաշրջանի հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում հիվանդին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը ու, բժշկական ցուցումների առկայության դեպքում, կազմակերպվում է հիվանդի տեղափոխումը ավելի բարձր մակարդակի բազմապրոֆիլ կամ մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություն` տարածաշրջանի հիվանդանոցային բժշկական կազմակերպության ուղեգրով և (կամ) տեղափոխման էպիկրիզով:

20. Տարածաշրջանի հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված հիվանդների Երևան տեղափոխման անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է հետևյալ ընթացակարգով`

հիվանդի վիճակի ծանրությամբ պայմանավորված և (կամ) ախտորոշման ճշգրտում պահանջող, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ, չնայած համապատասխան բաժանմունքի/ծառայության առկայությանը, տվյալ հիվանդի բուժման համար պահանջվող պայմանները և մասնագիտական ներուժը մարզում բավարար չեն, հիվանդի ուղեգրումը կազմակերպվում է բուժող բժշկի և ծառայության պատասխանատուի համատեղ որոշման հիման վրա` տեղափոխման էպիկրիզով:

21. Երևանի բժշկական կազմակերպություններում հիվանդների առանց ուղեգրման դիմելու դեպքում բժշկական օգնությունն և սպասարկումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված բնակչությանը պետության կողմից երաշխավորված ամբողջությամբ անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում անհետաձգելի հիվանդությունների և վիճակների ցանկերով նախատեսված դեպքերում:

i

22. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կամ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգրերի գործողության ժամկետը 1 ամիս է:

(22-րդ կետը փոփ. 30.10.14 թիվ 64-Ն հրաման)

 

III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Կենդանիների կողմից կծվածության դեպքերի ժամանակ պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի թիվ 13-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 33-Ն հրամանների համաձայն:

Վնասվածքների, այրվածքների դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փայտացման արտակարգ կանխարգելումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն և 2008 թ. հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանների համաձայն:

24. Օձի խայթոցից տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված օձի և կարիճի խայթոցի դեպքում անհետաձգելի բուժօգնության կազմակերպման կարգի համաձայն, մասնավորապես`

1) կատարել «անտիգյուրզինի» ներարկում, մինչ այդ ներարկել 1-2 միլիլիտր ցանկացած հորմոնալ պրեպարատ: «Անտիգյուրզինի» ներարկումն իրականացվում է «Բեզրեդկայի մեթոդով»: Նախաբազկի ներսային մակերեսի 1/3 հատվածում կատարվում է հակաթույնի ենթամաշկային ներարկում, սկզբում 0,1 միլիլիտր, այնուհետև` 15 րոպե անց, ալերգիկ ռեակցիայի բացակայության դեպքում` 0,25 միլիլիտր: Այնուհետև, ևս 30 րոպե անց` սրվակում մնացածը: Բացված սրվակն անհրաժեշտ է պահել սենյակային ջերմաստիճանում, մութ տեղում և ծածկել ստերիլ տամպոնով:

2) Տուժողին (պատգարակի վրա, քանի որ նա ինքնուրույն չպետք է քայլի) անհրաժեշտ է հնարավորին շուտ տեղափոխել տոքսիկոլոգիայի կամ վերակենդանացման բաժին ունեցող հիվանդանոց: Բժշկական կազմակերպությունում սանիտարական տրանսպորտի բացակայության դեպքում պետք է հրավիրվի տվյալ տարածաշրջանի սպասարկումն ապահովող շտապ բժշկական օգնության ծառայության բուժանձնակազմ` մինչ այդ ձեռնակվեն վերը թվարկված բոլոր նախազգուշական միջոցառումները:

Կարիճի և միջատների խայթոցների դեմ հակաթույն չկա:

Սողունների և միջատների խայթոցի դեպքում անհրաժեշտությունից ելնելով հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում կատարվում են ընդհանուր (վիճակը կայունացնող) բուժական միջամտություններ:

25. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մաշկախտերով և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է անվճար միայն բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

26. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը, սպասարկումն ու հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշչի համաձայն:

27. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հոգեկան խանգարումներով հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հոգեբուժական օգնության կազմակերպման չափորոշչի համաձայն:

28. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշչի համաձայն:

29. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չարորակ նորագոյացություններով հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագոյացություններով հիվանդների հետազոտության, բժշկական օգնության և սպասարկման, շարունակական հսկողության կազմակերպամեթոդական աշխատանքների կազմակերպման չափորոշչի համաձայն:

30. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ-ի վարակով/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (այսուհետ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ) հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է`

1) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին զուգորդող վարակային հիվանդություններով անձանց համապատասխան բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոցներում, ընդհանուր հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում,

2) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հետազոտությունը հիվանդանոցային պայմաններում` ախտորոշման նպատակով:

31. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները հոսպիտալացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ուղեգրերով, իսկ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային օգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ:

32. ՄԻԱՎ վարակով չպայմանավորված ախտաբանական վիճակների և հիվանդությունների հետ կապված, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով պայմանավորված ինտենսիվ և նեղ մասնագիտական ստացիոնար բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների համապատասխան բաժանմունքներում:

33. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է անվճար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների, բնակչությանը (մինչև 18 տարեկան անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների, բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում համավճարային սկզբունքով փոխհատուցվող հիվանդությունների և վիճակների ցանկերի համաձայն:

34. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է.

1) թմրաբանական հիվանդություններով տառապող անձանց կամավոր բուժում` հիվանդի կամ նրա խնամակալի գրավոր դիմումի համաձայն,

2) թմրաբանական հիվանդություններով տառապող անձանց հարկադիր բուժում` օրենքով սահմանված կարգով,

3) դատաթմրաբանական փորձաքննություն` օրենքով սահմանված կարգով,

4) զորակոչիկների փորձաքննություն` զինվորական կոմիսարիատների ուղեգրերի համաձայն,

5) թմրաբանական հիվանդների ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության:

35. Թմրաբանական հիվանդություններով տառապող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում թմրաբանական հիվանդությունների բուժման ստանդարտների համաձայն:

36. Թմրաբանական հիվանդություններով տառապող անձանց ընդունելությունը թմրաբանական հիվանդանոցային բժշկական կազմակերպություն իրականացվում է պլանային կամ անհետաձգելի կարգով.

1) պլանային ընդունելությունը թմրաբանական հիվանդանոցային բժշկական կազմակերպություն իրականացվում է միայն աշխատանքային օրերին և ժամերին, հիվանդի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և բժիշկ-թմրաբանի ուղեգրի առկայության դեպքում,

2) անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների դեպքում հիվանդների ընդունելությունը իրականացվում է շուրջօրյա` զրկանքի համախտանիշի կամ սուր հոգեկան խանգարման առկայության դեպքում, բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ: Ալկոհոլային հարբածությունը չի համարվում անհետաձգելի վիճակ:

Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների դեպքում ընդունելության ժամանակ պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, հիվանդի կամ նրա խնամակալի գրավոր դիմումի և բժիշկ-թմրաբանի ուղեգրի առկայությունը:

Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակից դուրս գալուց հետո բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում շարունակելու համար հիվանդը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և գրավոր դիմում:

37. Թմրաբանական հիվանդների ուղեգրումը բժշկասոցիալական փորձաքննության իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների 2006 թվականի մայիսի 26-ի N 580-Ն և հունիսի 5-ի N 100-Ն համատեղ հրամանի համաձայն:

38. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում թմրաբանական հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է թմրաբանական բժշկական օգնություն իրականացնող կենտրոններում, դիսպանսերներում, հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում: Իսկ փորձաքննությունները և հետազոտությունները` բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:

39. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում թմրաբանական հիվանդների բժշկական օգնությունը և սպասարկումը չի ընդգրկում «Ափիոնային թմրամոլությամբ հիվանդների գերարագ ապաթունավորում և զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտագոնիստներով` ընդհանուր անզգայացման տակ» մեթոդը:

40. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում անձավաբուժությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար:

41. Բժշկական օգնության և սպասարկման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ուղեգրված հիվանդների հոսպիտալացումն իրականացվում է վերոնշյալ կենտրոնի մասնագետների կողմից անձավաբուժական բժշկական օգնության և սպասարկման ցուցումները հիմնավորելուց հետո:

42. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում անձավաբուժական բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է բուժման կուրսի համաձայն և ֆինանսավորվում է ըստ փաստացի կատարված կատարահերթի (սեանսի) քանակի, առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի յուրաքանչյուր տարի ընդունվող հրամանի համաձայն` անձավաբուժության մեկ կատարահերթի հաստատված գնին համապատասխան:

43. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի համաձայն: Փոխհատուցումն իրականացվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից` առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի ու հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող համապատասխան բժշկական կազմակերպության միջև կնքած պայմանագրի համաձայն` առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի յուրաքանչյուր տարի ընդունվող հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գներին համապատասխան:

44. Առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը պայմանագիր է կնքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություն իրականացնող յուրաքանչյուր բժշկական կազմակերպության հետ և կատարում է փոխհատուցում փաստացի կատարած հետազոտությունների դիմաց, ընդ որում, հատուցվող գումարը չպետք է գերազանցի տարվա համար պայմանագրով նախատեսված ֆինանսական ծավալը:

45. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում 18 տարեկան և բարձր տարիքի բնակչության վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են նշված բժշկական օգնության տեսակ իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:

46. Վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից և/կամ անմիջապես հիվանդանոցային բժշկական կազմակերպություններից ուղեգրումը վերականգնողական բժշկական օգնությունը ցուցաբերող հիվանդանոցային բժշկական կազմակերպություն իրականացվում է այն դեպքերում, երբ հիվանդները նախապես ստացել են հիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում և բժշկական եզրակացությունում (էպիկրիզում) խորհուրդ է տրվել բուժման արդյունավետությունը ապահովելու նպատակով շարունակել հետագա վերականգնողական բուժումը այլ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում` հաշվի առնելով վերականգնողական բուժման ցուցումները և հակացուցումները: Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրերի (ՎԱԾ) հիման վրա: Մնացած բոլոր դեպքերում սույն կետում ներառված բուժումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների համապատասխան կաբինետներում (բաժիններում):

47. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արյունաբանական հիվանդությունների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է.

1) բնակչության բոլոր խմբերի համար` ապլաստիկ սակավարյունության, միելոդիսպլաստիկ համախտանիշի, հեմոֆիլիայի (մակարդման գործոնների բնածին պակասորդ), ավշային և արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացությունների բուժումը:

2) Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար` հիվանդանոցային պայմաններում ախտորոշումը ճշտելու նպատակով` անվճար հետազոտումը:

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար` նաև այլ արյունաբանական հիվանդությունների բուժումը:

48. Արյունաբանական հիվանդությունների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնագիտացված բաժանմունքներում` բժիշկ-արյունաբանի ուղեգրմամբ:

49. Արյունաբանական հիվանդների արյան բաղադրամասերով ապահովումը կանոնակարգվում է հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշչով, դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպությունների գործունեության և դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպությունների աշխատանքների կազմակերպման կարգերով:

50. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված գնման ճանապարհով ձեռք բերված դեղերը, ըստ անհրաժեշտության, տրամադրվում են ինչպես դիսպանսերային, այնպես էլ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստացող հիվանդներին:

51. Հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հիվանդանոցային պայմաններում արյունաբանական հիվանդների ախտորոշման և բուժման ծրագրերի ճշտման նպատակով կատարվող մասնագիտացված արյունաբանական հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում` բժիշկ-արյունաբանի ուղեգրմամբ:

52. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերում ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ուղեգրով, տրված տարածաշրջանային զինվորական կոմիսարիատի և ընտանիքի կազմի մասին համապատասխան տեղեկանքների հիման վրա:

53. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում գործող արյան հավաքման ստորաբաժանումներում, մարզային արյան կենտրոններում դոնորական արյան հավաքման, արյունը բաղադրամասերի բաժանման, հետազոտման, պահպանման, այդ թվում նաև` արտակարգ իրավիճակներում արյան ծառայության աշխատանքների կազմակերպման խնդիրները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշչով և դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպությունների գործունեության և դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպությունների աշխատանքների կազմակերպման կարգերով:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
18.11.2013
N 71-Ն
Հրաման