(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-48-Ն կարգադրություն)
i
031.0761.310101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորների սպասարկման և ուղեբեռնափոխադրումների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավմանն ուղղված միջոցառումների կարևորությունից, թռիչքների անվտանգության կանոնների պահպանման, օդանավակայանի տարածքում գործող և որոշակի ծառայություններ իրականացնող գերատեսչությունների գործունեության համակարգման, քաղաքացիների սահմանադրական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև օդանավակայանում լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորների սպասարկման և ուղեբեռնափոխադրումների ոլորտում հասարակական կարգի, անվտանգության պահպանման, մաքսային, վիզավորման, ռեժիմային գոտիների կանոնների պահպանումն ապահովող նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև օդանավակայանի տարածքում գործող մյուս ծառայությունների գործունեության օպերատիվ համակարգումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`
ա) Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անխափան և կանոնավոր աշխատանքը խոչընդոտող, ուղևորների սպասարկման ընթացքում կազմակերպությունների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված թերացումների մասին տեղեկություններ ներկայացնել համապատասխան նախարարներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար.
բ) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օդանավակայանի գործունեության բարելավման միջոցառումների ծրագիր:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության, պետական եկամուտների և մյուս շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին` անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրա վրա դրված պարտականությունների արդյունավետ կատարման համար:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել սույն կարգադրության կատարման և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորների սպասարկման և ուղեբեռնափոխադրումների վերաբերյալ:
5. Սույն կարգադությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
31 հունվարի 2001թ.
ՆԿ-761