(ուժը կորցրել է 17.06.16 թիվ 41-Ն որոշում)
i
606.0054.250811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2011 թվականի N 54-Ն
ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ստեղծել վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
i
Ծառայությունը վերահսկողություն է իրականացնում նաև հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների նկատմամբ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի դրույթներին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 20.07.15 թիվ 45-Ն որոշում)
2. Սահմանել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2011 թ. օգոստոսի 11-ի
N 54-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (այսուհետ` ծառայություն) վերահսկողություն է իրականացնում ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի և կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ:
2. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կարգով:
3. Ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցված:
4. Ծառայությունը գործում է մշտական հիմունքներով:
5. Ծառայությունը կարող է ունենալ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
6. Ծառայության աշխատանքները ղեկավարում է ծառայության ղեկավարը, որը ներկայացնում է ծառայությունը, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորագրի դեպքում` նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Ծառայության ղեկավարը պաշտոնի է նշանակվում և ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
8. Ծառայությունը.
1) վերահսկողություն է իրականացնում ընտրական հանձնաժողովներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման նկատմամբ,
2) վերահսկողություն է իրականացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ,
3) վերահսկողություն է իրականացնում կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ,
4) ստուգում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը, դրանք ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, ստուգման արդյունքներով կազմում է տեղեկանք և ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը,
5) ուսումնասիրում և եզրակացություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրական հանձնաժողովներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերաբերյալ ստացված դիմում-բողոքների մասին:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Ծառայությունն իրավունք ունի.
1) ուսումնասիրել ընտրական հանձնաժողովներում և կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում առկա ֆինանսական փաստաթղթերը,
2) անհրաժեշտության դեպքում նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ բացած բանկերից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ,
3) անհրաժեշտության դեպքում համապատասխան բանկերից և կուսակցություններից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` կուսակցությանը վճարված անդամակցության վճարների, կուսակցությանը կատարված նվիրատվությունների, բյուջետային ֆինանսավորման, քաղաքացիական իրավական գործարքներից ստացված դրամական միջոցների և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի և ծախսերի վերաբերյալ,
4) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և դրանք ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը,
5) մասնակցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների անցկացման ֆինանսական ապահովման նպատակով ընդունվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
10. Ծառայության գործունեության ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի պահպանման համար պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: