(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 1994 թ. թիվ 475
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով բնակչության անձնական անվտանգության ապահովման պահանջներից, ինչպես նաև հասարակական կարգի պահպանման մարմինների տեխնիկական ապահովվածության բարելավման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության, արդարադատության նախարարության, շահագրգիռ մյուս նախարարությունների և պետական վարչությունների հետ, և թույլատրել Երևանի «Քիմավտոմատիկա» փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյում կազմակերպել անհատական պաշտպանության գազային միջոցների (գազային ատրճանակների, բալոնների և այլնի) փորձնական արտադրություն:
2. Թույլատրել, մինչև անհատական պաշտպանության գազային միջոցների իրացման, պահպանման, կրման և օգտագործման կարգի սահմանումը, այդ միջոցների առաքումն ու իրացումն իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, առողջապահության նախարարության և շահագրգիռ մյուս նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում անհատական պաշտպանության գազային միջոցների իրացման, պահպանման, կրման և օգտագործման կարգի մասին որոշման նախագիծը:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` սահմանել խիստ հսկողություն անհատական պաշտպանության գազային միջոցների արտադրության կազմակերպման ժամանակ ներօբյեկտային և անցագրային ռեժիմների ապահովման, ինչպես նաև շրջակա միջավայրի ու առողջության համար վնասակար ազդեցությունների բացառման նկատմամբ:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հսկողություն սահմանել գազային ատրճանակների արտադրության ժամանակ դրանց հաշվառման և պահպանման աշխատանքների նկատմամբ: