(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 1994 թ. թիվ 470
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Արտոնություններ հայցող կազմակերպություններին «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման, այդ արտոնություններից օգտվողների ցանկում ընդգրկման, արտոնություններից զրկման կարգի մասին» թիվ 589 որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակության «դ» և «ե» ենթակետերով.
«դ) արտոնություններ կարող են հայցել առնվազն մեկ տարվա ֆինանսական գործունեություն իրականացրած, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններում հաշվառման վերցված ու հաշվետվություն ներկայացրած ձեռնարկությունները և կազմակերպությունները.
ե) արտոնություններ կարող են հայցել այն կազմակերպությունները, որոնք կանոնադրական գործունեությունն իրականացնելիս իրենց տրամադրության տակ եղած միջոցների 50 տոկոսը կուղղեն հետևյալ նպատակներից և միջոցառումներից առնվազն մեկի իրականացմանը`
զոհված, հաշմանդամ, երկարատև բուժման կարիք ունեցող ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնություն.
մասնակցություն ծերանոցների և մանկատների պահպանման ծախսերին.
սոցիալապես առավել անապահով խավերի համար անվճար սննդի կազմակերպում.
մասնակցություն կրթության, մշակույթի, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ծախսերի ու միջոցառումների ֆինանսավորմանը, ընդ որում միջոցների հատկացումը կարող է կատարվել նշված գործունեությունների իրականացման իրավունք ունեցող ձեռնարկություններին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից)»:
2. Որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը տարեկան արդյունքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն ապահովել սույն որոշման 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված պահանջները կամ թույլ են տվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումներ»: