(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0562.060613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2013 թվականի N 562-Ն
i
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.4-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոններ` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.09.14 թիվ 982-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ:
(վերնագիրը փոփ. 04.09.14 թիվ 982-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 16-ի
N 562-Ն որոշման
ԿԱՆՈՆՆԵՐ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կանոններին համապատասխան` պարտադիր դրոշմավորման կամ վերադրոշմավորման ենթակա են «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները (այսուհետ` ապրանք):
2. Ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք դրանց դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն` համապատասխանաբար իրենց հաշվառման հարկային տեսչությունից կամ հաշվառման մաքսատնից ձեռք բերված դրոշմապիտակներն այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
3. Ապրանքների վրա փակցված դրոշմապիտակները պետք է համապատասխանեն հարկային և մաքսային վերադաս մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, ինչպես նաև լինեն չվնասված, ամբողջական և դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող:
(3-րդ կետը փոփ. 19.03.15 թիվ 255-Ն որոշում)
4. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի ապրանքի (տարայի) վրա առավել տեսանելի տեղում` վերին կամ կողային մակերեսներին, այդ թվում` պիտակի վրա:
5. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի այնպես, որ ապահովվի ապրանքի անվանման, հայերեն մակնշման և պիտանելիության ժամկետի վերաբերյալ նշումների ընթեռնելիությունը:
6. Ապրանքի վերադրոշմավորման դեպքում նոր դրոշմապիտակը փակցվում է սույն կանոնների 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղում:
7. Դրոշմավորված ապրանքների վերադրոշմավորումը կատարվում է այդ ապրանքների վրա փակցված նմուշի դրոշմապիտակները կիրառությունից հանվելու դեպքում:
8. Արգելվում է հաստատված նմուշի դրոշմապիտակների վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմապիտակները կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով (բացառությամբ վերադրոշմավորման ժամանակ հերթական նմուշի դրոշմապիտակը փակցնելու դեպքերի): Անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը համարվում է չդրոշմավորված ապրանքների իրացում:
9. Վնասված, ոչ ամբողջական և (կամ) դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) չհամապատասխանող դրոշմապիտակներ փակցված ապրանքների իրացնելը, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները չապահովելը համարվում են դրոշմավորման կանոնների խախտում:
(9-րդ կետը փոփ. 19.03.15 թիվ 255-Ն որոշում)
10. Դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում օրենքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից ներկայացվող ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում` տարանցման մաքսային հայտարարագրում) նշվում են դրոշմապիտակների քանակը, սերիաները, հերթական համարները (այդ թվում` միջակայքերով) և դրանց ստացման հաշիվ-ապրանքագրի համարը:
(10-րդ կետը լրաց. 19.03.15 թիվ 255-Ն որոշում)
11. Օրենքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում, հարկային կամ մաքսային մարմնին դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի հետ ներկայացվում է նաև ապրանքների մաքսային հայտարարագրի (տարանցման մաքսային հայտարարագրի) պատճենը:
(11-րդ կետը լրաց. 19.03.15 թիվ 255-Ն որոշում)
12. Դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ տվյալների հաշվառման ժամանակ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները համարվում են արտահանված` միայն ապրանքների մաքսային հայտարարագրի (տարանցման մաքսային հայտարարագրի) պատճենի ներկայացման դեպքում:
(12-րդ կետը լրաց. 19.03.15 թիվ 255-Ն որոշում)
(հավելվածը խմբ. 04.09.14 թիվ 982-Ն որոշում)