i
(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ
ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման 6-րդ կետի «ե» ենթակետի և 8-րդ կետի «գ» ենթակետի պահանջներից,
հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» օրենքի 1Օ հոդվածի 4-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 16 հոդվածների պահանջները,
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալի ձևավորմանը պետական սեփականություն կարող են ներդնել.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս նրա կողմից լիազորված պետական կառավարման մարմնի` բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին.
բ) պետական ձեռնարկությունները` բացառապես պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով շահույթի բաշխումից հետո մնացած ազատ միջոցների հաշվին:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բանկերում պետական սեփականությունը ներդրվում է բացառապես դրամական միջոցներով:
3. Սահմանել, որ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բանկերում ոչ դրամական միջոցներով նախկինում իրականացված պետական սեփականության ներդրումները վերաձևակերպվում են որպես դրամական ներդրումներ, իսկ տրամադրված ոչ դրամական միջոցները վերադարձվում են ներդրողներին:
Մինչև Հայաստանի Հանրապետության պետական բանկերի վերակազմավորումը բաժնետիրական ընկերությունների, նրանց հաշվեկշիռներում հաշվառվող շենքերը, շինությունները և գույքի նյութական օբյեկտների կազմին դասվող ոչ դրամական մյուս միջոցները հանդիսանում են պետական սեփականություն:
/լր. 19.02.96 օրենք/
4. Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառությունը կարգավորելու, ներքին շուկան պաշտպանելու, արժութային ինտերվենցիաների բացասական ազդեցությունը կանխարգելելու և դրա հետ կապված հարցերը օպերատիվ լուծելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով հետևյալ կազմով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:
5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով նախատեսված ֆունկցիիաների և դրամաշրջանառության կազմակերպման ու կոորդինացման աշխատանքների իրականացման լիազորությունները մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը վերապահել Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովին:
6. Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը իր լիազորությունների սահմաններում ընդունած որոշումները Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են մինչև իրավասու պետական մարմինների կողմից այդ հարցի վերաբերյալ այլ որոշումների ընդունումը:
/խմբ. 19.02.96 օրենք/
7. Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալների փոփոխությունների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան որոշում այդ բանկերում պետական բաժնեմասի և դրանց ներդրումների չափերի վերաբերյալ:
/խմբ. 19.02.96 օրենք/
8. Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի անդամներին և աշխատանքային խմբերում ներգրավված մասնագետներին բացառության կարգով թույլատրել հանձնաժողովում և աշխատանքային խմբերում աշխատանքները համատեղել իրենց հիմնական աշխատանքի հետ:
13 հոկտեմբեր 1993 թվական: