(ուժը կորցրել է 23.08.12 թիվ 1082-Ն որոշում)
i
040.0715.061100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2000 թվականի N 715
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 3-ամսյա ժամկետում հաստատել տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու մասին կարգը, դիահերձման մասին արձանագրության ձևն ու լրացման կարգը, հերձումն ընդհատելու մասին արձանագրության և մահվան էպիկրիզի ձևերը, ինչպես նաև սույն որոշման կիրարկումն ապահովող այլ գերատեսչական նորմատիվ ակտերը:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 710 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
նոյեմբերի 6-ի N 715 որոշմամբ
ԿԱՐԳ
ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է ախտաբանաանատոմիական հերձումների կատարման կարգը:
2. Ախտաբանաանատոմիական հերձումները կատարվում են լիցենզավորված բուժհաստատությունների ախտաբանաանատոմիական ստորաբաժանումներում, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության հիմնարկներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
II. Ախտաբանաանատոմիական հերձումների
իրականացման կարգը և պայմանները
3. Ստացիոնար բուժհաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր դիահերձման, բացառությամբ այն դեպքերի, երբ մահացածի ընտանիքի անդամները գրավոր հրաժարվում են հերձումից կամ էլ դա մահացողի կամքն է կենդանության օրոք (գրավոր ձևակերպված):
4. Հերձումից հրաժարվելու դեպքում բուժհաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան պատասխանատու անձը (այդ թվում` հերթապահ բժիշկը), կատարում է համապատասխան գրառում` հիվանդության պատմության նկարագրում նշելով դիահերձում չկատարելու պատճառը:
5. Դիահերձումից հրաժարվելն արգելվում է`
i
ա) երբ պարտադիր են ախտաբանաանատոմիական հերձումները`
երբ հիվանդը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում,
վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության կասկածի դեպքում,
չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան),
շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում,
հղիների, ծննդկանների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքերում.
հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից), եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը.
բ) երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով`
երբ մահացածի անձը ճանաչված չէ,
երբ ախտորոշումը` հայտնի չէ (անկախ տարիքից և բուժհաստատությունում գտնվելու տևողությունից),
երբ բուժանձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացված իրավապահ մարմիններ,
բռնի մահվան դեպքում` սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),
բռնի մահվան կասկածի դեպքում (անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից),
մանկասպանության կասկածի դեպքում,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ` հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում:
(5-րդ կետը փոփ. 24.08.06 թիվ 1209-Ն որոշում)
6. Եթե մահը հաջորդել է սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերին, կամ եթե ցուցումներ կան նշված պատճառներից որևէ մեկի հնարավորության մասին, ապա բուժհաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` պատասխանատու անձը (այդ թվում` հերթապահ բժիշկը), պարտավոր է յուրաքանչյուր նման դեպքի մասին անհապաղ տեղեկատվություն ներկայացնել իրավապահ մարմիններ` կատարելով համապատասխան գրանցում:
7. Եթե մահը տեղի է ունեցել շտապ օգնության մեքենայում, ապա հերձումը կատարվում է ստացիոնար բուժհաստատության համար սահմանված կարգին համապատասխան:
i
8. Եթե մահը տեղի է ունեցել տանը և առկա են սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքերը կամ տանը տեղի ունեցած հանկարծամահության դեպքում, եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը, տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունը պարտավոր է արձանագրել մահվան փաստը և շտապ օգնության դիակային բրիգադի միջոցով կազմակերպել դիակի տեղափոխումն ու դիահերձումը` սույն կարգին համապատասխան:
(8-րդ կետը փոփ. 24.08.06 թիվ 1209-Ն որոշում)
9. Ախտաբանաանատոմիական հերձումը կազմակերպվում է մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում` 12 ժամվա ընթացքում, բնական լուսավորության պայմաններում:
10. Ախտաբանաանատոմիական հերձում կատարելու համար բուժհաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան պատասխանատու անձը (այդ թվում` հերթապահ բժիշկը), պետք է դիակը հիվանդության (ծննդաբերության) պատմության նկարագրի հետ միասին ուղարկի ախտաբանաանատոմիական բաժանմունք ոչ շուտ, քան կենսաբանական մահը գրանցելուց 2 ժամ հետո` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:
11. Հիվանդության (ծննդաբերության) պատմության նկարագիրը պետք է վերջնականապես ձևակերպված ու ստորագրված լինի համապատասխան բաժնի վարիչի և բուժող բժշկի, իսկ նրանց բացակայության դեպքում` հերթապահ բժշկի կողմից: Շապիկի վրա պետք է գրանցված լինեն բոլոր ախտորոշումները (հիմնական հիվանդությունը, ուղեկցող հիվանդությունները) և տեղեկություններ կատարված միջամտությունների մասին:
12. Հիվանդության (ծննդաբերության) պատմության նկարագրում պետք է արտացոլված լինի մահվան մանրամասն էպիկրիզը, ինչպես նաև կցվի բուժհաստատության ղեկավարի որոշումը` ախտաբանաանատոմիական հերձում կատարելու մասին:
13. Դիահերձման ժամանակ արգելվում են մարմնի բաց մասերի խեղումները (այլանդակումները):
14. Հերձման տվյալները պարտադիր գրանցվում են հիվանդների հաշվառման հատուկ քարտադարանում` ըստ օրգանների և հիվանդագիտական (նոզոլոգիական) ձևերի:
15. Ախտաբանաանատոմիական հերձմանը մասնակցում են հիվանդի բուժող բժիշկը, բաժնի վարիչը, դեպքին առնչվող այլ մասնագետներ:
16. Մահացածի հարազատներն իրավունք ունեն ծանոթանալու ախտաբանաանատոմիական հերձման եզրակացությանը:
III. Հերձող ախտաբանաանատոմի իրավունքները,
պարտականությունները և պատասխանատվությունը
17. Ախտաբանաանատոմն իրավունք ունի`
ա) հերձումն իրականացնելու համար պահանջելու անհրաժեշտ պայմաններ (տարածք, գործիքային սարքավորումներ, արտահագուստ և այլն).
բ) բուժող բժիշկների հետ համատեղ քննարկելու հերձման և հյուսվածքաբանական (հիստոլոգիական) հետազոտության արդյունքները.
գ) մեթոդական խորհրդատվությամբ օգնելու բուժող բժիշկներին:
18. Ախտաբանաանատոմը պարտավոր է`
ա) հերձումից հետո կազմել արձանագրություն` նշելով մահացածի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, տարիքը, մասնագիտությունը, բուժհաստատություն ընդունվելու, մահվան և հերձման տարեթիվը, ամսաթիվն ու ժամը, կլինիկական ախտորոշումը, օպերատիվ միջամտության անվանումը, դրա տարեթիվն ու ամսաթիվը, հիմնական կլինիկական ախտանիշները, բուժման հիմնական միջոցները, գործիքային ու լաբորատոր հետազոտությունների, ինչպես նաև դիակի հյուսվածքաբանական, մանրէաբանական և մյուս քննությունների արդյունքները.
բ) ձևակերպել վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշումը, որում պետք է արտացոլվեն հիմնական հիվանդությունը, հիվանդության բարդությունները, ուղեկցող հիվանդությունները և ախտաբանական վիճակները.
գ) կազմել ախտաբանաանատոմիական եզրակացություն` սահմանելով մահվան հիմնական և նպաստող պատճառները.
դ) ընդհատել հերձումը, եթե ախտաբանաանատոմիական հերձման ընթացքում առաջանում է բռնի մահվան կասկած, և կազմել արձանագրություն` հիմնավորելով դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությունը.
ե) ձեռնարկել համապատասխան միջոցներ մահացածի մարմինն ու օրգաններն անփոփոխ պահելու և հետագա դատաբժշկական փորձաքննությանը տրամադրելու համար.
զ) ընդհատված հերձման մասին հայտնել բուժհաստատության ղեկավարին` իրավապահ մարմիններին անհապաղ տեղեկացնելու համար:
19. Ախտաբանաանատոմիական հերձումից հետո ախտորոշումը և եզրակացությունը գրանցվում են հիվանդության (ծննդաբերության) պատմության նկարագրում:
20. Հերձման մասին արձանագրությունն ստորագրում է ախտաբանաանատոմը:
21. Մահվան դեպքում բուժհաստատության (ախտաբանաանատոմի) կողմից տրվում է մահվան փաստը հավաստող վկայական:
22. Ախտաբանաանատոմի կողմից սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: