(ուժը կորցրել է 09.04.18 թվականից` 05.04.18 ՆՀ-228-Ն հրամանագիր)
i
030.0693.231000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 18-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-553 հրամանագրին համապատասխան` որոշում եմ.
1. Հաստատել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է).
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
23 հոկտեմբերի 2000 թ.
ՆՀ-693
Հաստատված է
ՀՀ Նախագահի
2000 թ. հոկտեմբերի 23-ի
ՆՀ-693 հրամանագրով
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Սույն կանոնադրությունը կարգավորում է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի գործունեության կազմակերպման, մարտական գործողությունների ժամանակ և ծառայության ընթացքում գերի ընկած զինծառայողների, պատանդ վերցված ու անհայտ կորած քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և վերադարձնելու ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների համակարգման հետ կապված հարցերը:
2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Հանձնաժողովն իր գործունեության վերաբերյալ տարին մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
ա) համակարգել գերի ընկած և անհայտ կորած զինծառայողների, ինչպես նաև պատանդ վերցված և անհայտ կորած քաղաքացիական անձանց որոնողական ու վերադարձնելու աշխատանքները.
բ) սահմանված կարգով համագործակցել հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ.
գ) մշտական կապ պահպանել գերիների, պատանդների և անհայտ կորածների ընտանիքների անդամների ու հարազատների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների հետ:
5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) հաշվառում է Հայաստանի Հանրապետությունում և Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող ռազմագերիներին ու պատանդներին, ինչպես նաև անհայտ կորածներին.
բ) համակարգում է ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների որոնման, հայտնաբերման ու վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անհատ քաղաքացիների (համաձայնությամբ) աշխատանքները.
գ) համապատասխան մարմիններին առաջարկություն է ներկայացնում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով քարոզչության, որոնողական ու փոխանակման աշխատանքների վերաբերյալ.
դ) կազմակերպում է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանրապետական (տարածքային) մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներ, գիտաժողովներ, ինչպես նաև մասնակցում է արտասահմանյան երկրներում անցկացվող համանման միջոցառումներին.
ե) մշտական (ամենօրյա) կապ է պահպանում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող բոլոր մարմինների (անհրաժեշտության դեպքում` նաև անհատ քաղաքացիների) հետ` ապահովելով տեղեկատվության նպատակային և առավել արդյունավետ օգտագործումը.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում գերիներին, պատանդներին և անհայտ կորածներին վերաբերող օրենսդրական ու ենթաօրենսդրական բազայի կատարելագործման ուղղությամբ.
է) գերիների, պատանդների և անհայտ կորածների հարազատներին անմիջապես հաղորդում է ունեցած հավաստի և թույլատրելի տեղեկատվությունը, ինչպես նաև քննարկում է նրանց դիմում-բողոքները` օրենքով սահմանված կարգով.
ը) համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում գերիների, պատանդների և անհայտ կորածների սոցիալապես անապահով ընտանիքներին նյութական կամ դրամական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
6. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարություններից, հանրապետական մյուս գործադիր մարմիններից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից և քաղաքացիներից սահմանված կարգով ստանում է իր իրավասությանը վերաբերող վերլուծական, տեղեկատվական նյութեր, վիճակագրական տվյալներ և այլ փաստաթղթեր: Հանձնաժողովն իրավասու է դրանց հավաստիությունը պարզելու նպատակով կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ:
7. Ուսումնասիրություններ կատարելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի այդ գործում ներգրավել իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, առանձին քաղաքացիների (համաձայնությամբ):
8. Հանձնաժողովն իր գործունեությամբ և ընդունած որոշումներով չի կարող միջամտել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությանը:
9. Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում կամ փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
i
10. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան վեց ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի պահանջով:
Հանձնաժողովի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով:
(10-րդ կետը փոփ. 07.06.10 ՆՀ-123-Ն հրամանագիր)
11. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի անդամներն իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
14. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.
գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլաններ կազմելու և կատարելու վերաբերյալ.
դ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.
ե) ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, հանրապետական և միջազգային կազմակերպություններում.
զ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
15. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և իրագործման հետ կապված աշխատանքներին.
բ) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին` գերիների, պատանդների և անհայտ կորածների որոնման, հայտնաբերման ու վերադարձնելու գործում.
գ) ծավալում են քարոզչական աշխատանք գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով:
i
16. Հանձնաժողովի աշխատանքային մարմին է համարվում հանձնաժողովի կողմից կազմավորված 3-5 հոգուց բաղկացած խումբը: Աշխատանքային խմբի ղեկավարին նշանակում է հանձնաժողովի նախագահը: Աշխատանքային խմբում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցները:
(16-րդ կետը փոփ. 07.06.10 ՆՀ-123-Ն հրամանագիր)
17. Աշխատանքային խմբի ղեկավարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) կազմում է միջոցառումների ծրագիր.
գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլաններ կազմելու և կատարելու վերաբերյալ.
դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեության ոլորտին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, ինչպես նաև նախապատրաստում է դրանց վերաբերող առաջարկություններ.
ե) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց տարածումը.
զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
18. Հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
19. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից լուծարվելը:
20. Հանձնաժողովի լուծարումից հետո նրա գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: