Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ...

28.01.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.11.2000  -ից մինչեւ   28.01.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 27.12.01 թիվ 1285 որոշում)

i

040.0616.280900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2000 թվականի N 616

 

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

սեպտեմբերի 28-ի N 616 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է անվճարունակության գործերով կառավարչի (այսուհետև` կառավարիչ) լիցենզիա (այսուհետև` լիցենզիա) ստանալու համար դիմելու, լիցենզիա տալը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերը:

Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման գործընթացի վրա:

2. Հայաստանի Հանրապետությունում կառավարչի լիցենզավորման գործընթացում առաջացող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Կառավարչի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետև` նախարարություն):

4. Լիցենզիա ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և լիցենզավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարի աշխատել են որպես կազմակերպության ղեկավար, ղեկավարի տեղակալ կամ վարել են կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման ու ղեկավարման հետ կապված այլ պաշտոններ կամ էլ կատարել են տնտեսագիտության կամ իրավագիտության բնագավառի մասնագետի, գիտական աշխատողի, դասախոսի աշխատանք:

 

II. Լիցենզիան

 

5. Լիցենզիայի միասնական ձևը սահմանում է նախարարությունը: Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզիայի հերթական համարը.

բ) լիցենզիան տալու ամսաթիվը.

գ) լիցենզավորող մարմնի անվանումը.

դ) լիցենզավորված անձի ազգանունը, անունը, անձնագրի սերիան և համարը.

ե) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.

զ) լիցենզիայի գործողության ժամկետը.

է) լիցենզավորված անձին ներկայացվող հատուկ պահանջները (անհրաժեշտության դեպքում):

6. Լիցենզիան գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

7. Այլ երկրներում տրված լիցենզիան Հայաստանի Հանրապետությունում կարող է գործել (լիցենզիայի ճանաչում) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

8. Լիցենզիայի գործողության ժամկետը հինգ տարի է: Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու դեպքում այն ուժը կորցրած է ճանաչվում:

9. Լիցենզիա տալը, լիցենզիա տալու մերժումը, լիցենզիայի ճանաչումը, լիցենզիայի գործողության կասեցումը, լիցենզիայի գործողության կասեցման վերացումը, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը ձևակերպվում են նախարարության հրամաններով:

10. Լիցենզիան չի կարող օտարվել կամ այլ ձևով փոխանցվել այլ անձի:

 

III. Լիցենզիան ստանալու համար դիմելը

 

11. Լիցենզիա ստանալու համար անձը (այսուհետև` դիմող) նախարարություն է ներկայացնում կառավարչի լիցենզիա հայցելու մասին դիմում (այսուհետև` դիմում), որում նշում է`

ա) դիմողի ազգանունը, անունը, անձնագրի սերիան և համարը, բնակության վայրը, հեռախոսների համարները.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

գ) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը:

12. Դիմողը դիմումին կից ներկայացնում է`

ա) ինքնակենսագրություն.

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը.

գ) աշխատանքային գրքույկի սահմանված կարգով վավերացված պատճենը.

դ) 5x6 սմ չափսի 2 լուսանկար.

ե) կրթության և մասնագիտական որակավորումների վկայականների, այլ փաստաթղթերի պատճենները (բնօրինակները և անձնագիրը ներկայացվում են անձամբ).

զ) սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող այլ փաստաթղթեր.

է) այլ փաստաթղթեր կամ դրանց պատճենները` դիմողի հայեցողությամբ:

13. Դիմողն իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. Լիցենզիա տալը և լիցենզիա տալը մերժելը

 

14. Դիմողի փաստաթղթերը նախարարությունում մուտքագրվելուց հետո, եթե դրանք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին, նախարարությունը մերժում է դիմումը և 5-օրյա ժամկետում դիմողին գրավոր տեղեկացնում մերժման պատճառների և իրավական հիմքերի մասին:

15. Դիմողի փաստաթղթերը նախարարությունում մուտքագրվելուց հետո` դրանք, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում, 5-օրյա ժամկետում քննարկման համար ներկայացվում են կառավարչի լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովին (այսուհետև` հանձնաժողով):

16. Լիցենզավորման վերաբերյալ փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացվելու դեպքում նախարարությունը հանձնաժողովի նիստից առնվազն 3 օր առաջ դիմողին տեղեկացնում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրի (հասցե, սենյակ), ամսաթվի ու ժամի մասին:

17. Հանձնաժողովը 10 օրվա ընթացքում քննարկում է դիմումը և տալիս եզրակացություն:

Հանձնաժողովի կողմից լիցենզիա տալու մասին եզրակացություն տրվելուց հետո նախարարությունը 3 օրվա ընթացքում ձևակերպում է լիցենզիան: Դիմողն այն ստանում է պետական տուրքի մուծման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:

Հանձնաժողովի կողմից լիցենզիա տալը մերժելու մասին եզրակացություն տրվելուց հետո նախարարությունը 3 օրվա ընթացքում մերժում է դիմումը և նշված եզրակացությունն ուղարկում դիմողին:

18. Հանձնաժողովի նիստին դիմողի ներկայությունը պարտադիր է: Նիստին դիմողի չներկայանալու դեպքում հարցը տեղափոխվում է հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը` այն կազմակերպելով մեկ ամսվա ընթացքում:

Սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո հանձնաժողովի հաջորդ նիստին դիմողի չներկայանալու դեպքում հանձնաժողովն իրավասու է հարցի քննարկումը հետաձգելու դրա հաջորդ նիստին` այն կազմակերպելով մեկ ամսվա ընթացքում, կամ էլ հարցը հանելու քննարկումից: Վերջին դեպքում նախարարությունը մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում դիմողին:

19. Հանձնաժողովը դիմումի քննարկման արդյունքների հիման վրա եզրակացություն է տալիս լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու մասին:

Դիմումի քննարկման կարգը, հանձնաժողովի առաջարկության հիման վրա, հաստատում է նախարարությունը, իսկ եզրակացությունը տրվում է հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով:

Դիմողի միջնորդության դեպքում հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ որոշակի ժամկետով և որոշակի պայմանով հետաձգելու եզրակացություն տալը: Նշված ժամկետում հանձնաժողովի նիստին դիմողի չներկայանալու դեպքում հարցը հանվում է քննարկումից: Այս դեպքում նախարարությունը մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում դիմողին:

20. Լիցենզիա տալը մերժելու մասին եզրակացություն տալու հիմք կարող են հանդիսանալ`

ա) սույն կարգի 4-րդ կետի պահանջներին դիմողի տվյալների չբավարարելը.

բ) դիմումի կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի պարունակած տեղեկությունների ոչ հավաստի կամ կեղծ լինելը.

գ) դիմողի` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելը.

դ) դիտավորությամբ կատարված հանցագործության համար դիմողի դատապարտված լինելը կամ դատավճռով որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված լինելը.

ե) հանձնաժողովի նիստում դիմումի քննարկման արդյունքները, եթե հանձնաժողովը պարզում է, որ դիմողը չունի բավարար մասնագիտական որակավորում կամ գործարար հատկանիշներ` կառավարչի լիազորություններն իրականացնելու համար:

21. Դիմումում կամ դրան կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալներ, վրիպումներ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում հանձնաժողովը կարող է լիցենզիա տալու մասին եզրակացություն տալ վերապահումով, որպեսզի լիցենզիան տրվի նշված թերությունները վերացնելուց հետո:

Նշված թերությունները 10-օրյա ժամկետում չվերացվելու դեպքում նախարարությունը եռօրյա ժամկետում մերժում է լիցենզիա տալը` դրա մասին հայտնելով դիմողին:

22. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

23. Դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

24. Լիցենզիա տալու մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

25. Նախարարությունը վարում է դիմումների և լիցենզիաների հաշվառման հատուկ գրանցամատյան` համարակալված, կարված և ամրակնքված թերթերով:

Գրանցամատյանում գրառվում են`

ա) դիմողի ազգանունը, անունը և բնակության վայրի հասցեն.

բ) դիմումի մուտքագրման ամսաթիվը.

գ) լիցենզիա տալու ամսաթիվը.

դ) լիցենզիայի հերթական համարը.

ե) լիցենզիայի գործողության ժամկետը:

26. Լիցենզավորված անձը սույն կարգի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված տվյալների փոփոխման դեպքում պարտավոր է 15 օրվա ընթացքում այդ փոփոխությունների մասին տեղեկացնել նախարարությանը:

Նախարարությունը փոփոխված տվյալներին համապատասխան, լիցենզիայի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում, լիցենզիան վերադարձնելու օրվանից հաշված 3 օրվա ընթացքում ձևակերպում է նոր լիցենզիա` նշելով նախկին լիցենզիայի գործողության ժամկետը, և գրանցամատյանում կատարում է համապատասխան գրանցում:

27. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարացվում է նախարարություն ներկայացված համապատասխան դիմումի և նախարարության կողմից սահմանված ամփոփ հաշվետվության հիման վրա` առանց սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու:

Դիմումը քննարկվում է լիցենզիա ստանալու համար սույն կարգով սահմանված ընթացակարգերին համապատասխան:

28. Լիցենզավորված անձը լիցենզիան կորցնելու դեպքում դրա մասին հայտարարություն է հրապարակում մամուլում և հայտնում նախարարությանը: Վերջինս 15-օրյա ժամկետում տալիս է նոր լիցենզիա` դրա վրա կատարելով «Կրկնօրինակ» նշագրումը և գանձելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուրք:

 

V. Լիցենզիայի գործողության կասեցումը և

լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

 

29. Նախարարությունը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը` մինչև 30 օր ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում նախարարությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորված անձին, շահագրգիռ այլ անձանց ու մարմինների և դրա մասին հայտարարություն է հրապարակում մամուլում: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի սկիզբ է համարվում մամուլում հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրը:

30. Լիցենզիայի գործողության կասեցման հիմք կարող են հանդիսանալ`

ա) լիցենզավորման համար, ինչպես նաև լիցենզիայի գործողության ընթացքում նախարարություն ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը.

բ) լիցենզավորված անձի գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումների հայտնաբերումը, որոնք կարող են վերացվել.

գ) սույն կարգի 26-րդ կետի առաջին պարբերության պահանջի չկատարումը.

դ) լիցենզիայի հատուկ պահանջների չկատարումը:

31. Կառավարիչը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացած խախտումները և դրանց վերացման մասին հայտնել նախարարությանը` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթեր:

Լիազորված մարմինը կամ վերացնում է լիցենզիայի գործողության կասեցումը կամ հարցը ներկայացնում է հանձնաժողովի նիստում քննարկման` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:

Լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության կասեցման ժամանակաընթացքում չի կարող ստանձնել կառավարչի լիազորությունները:

32. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք կարող են հանդիսանալ`

ա) լիցենզիայի գործողության ժամկետի լրանալը.

բ) լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները սահմանված ժամկետում չվերացնելը կամ լիցենզիայի գործողության կասեցման ժամանակաընթացքում կառավարչի լիազորություններ ստանձնելը.

գ) մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ լիցենզիայի գործողության կասեցումը.

դ) լիցենզիա տալու համար հիմք հանդիսացած կրթության կամ մասնագիտական որակավորման փաստաթուղթն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելը.

ե) լիցենզավորված անձի` ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկվելը.

զ) իր պարտականությունները ոչ պատշաճ մակարդակով կատարելու համար կառավարչի պաշտոնից վաղաժամկետ ազատվելը.

է) առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հրապարակելը` առանց դրա թույլտվությունն ունենալու.

ը) սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

թ) լիցենզավորված անձի մահը:

33. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը հանձնաժողովի նիստում հարուցում է հանձնաժողովի ցանկացած անդամ:

Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացությունը տրվում է հանձնաժողովի անդամների թվի երկու երրորդի` այդ եզրակացությանը կողմ քվեարկելու դեպքում:

34. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հանձնաժողովի եզրակացությունը տրվելուց հետո նախարարությունը 3 օրվա ընթացքում լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում և, բացի լիցենզավորված անձի մահվան դեպքից, մնացած դեպքերում հրամանի քաղվածքն ուղարկում է լիցենզիայից զրկված անձին, ինչպես նաև դրա մասին տեղեկացնում է այլ շահագրգիռ անձանց ու մարմինների և համապատասխան հայտարարություն հրապարակում մամուլում:

35. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

36. Ուժը կորցրած ճանաչված լիցենզիան ենթակա է 10-օրյա ժամկետում նախարարություն վերադարձման:

37. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում անձը կարող է դիմել նոր լիցենզիա ստանալու համար` սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2000
N 616
Որոշում