(ուժը կորցրել 27.07.01 ՀՕ-206 օրենք)
i
010.0084.120800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 28-ին
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքի իմաստով`
էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները` «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերություններն են.
ռազմավարական ներդրողը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթում հաղթող ճանաչված անձն է, որի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը կնքում է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը.
բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսի միջազգային մրցույթով վաճառքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի և ռազմավարական ներդրողի միջև կնքվող պայմանագիրն է.
բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագիրը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերի` մինչև 20 տոկոսի վաճառքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի և միջազգային ֆինանսական հաստատության միջև կնքվող պայմանագիրն է.
սակագնային մարժան` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի գնման և սպառողներին դրա վաճառքի գների տարբերությունն է.
էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերությունները` մասնավորեցումից հետո Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների հիման վրա ձևավորված և սահմանված կարգով էլեկտրաէներգիայի բաշխման համար գործունեության լիցենզիա ստացած առևտրային կազմակերպություններն են.
մրցույթը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթն է, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախնական որակավորում անցած անձինք.
մրցութային հանձնաժողովը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացը կազմակերպող և կարգավորող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվող հանձնաժողովն է, որի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և դրանց համապատասխան` մրցութային հանձնաժողովի որոշումներով.
մրցույթի պայմանները` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման միջազգային մրցույթի անցկացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող պայմաններն են.
բաշխման գործունեության սակագինը` էլեկտրաէներգիայի բաշխման ցանցերով բաշխման ծառայությունների համար սահմանվող սակագինն է:
ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն օրենքը կարգավորում է էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման հետ կապված հարաբերությունները և սահմանում է այդ մասնավորեցման հիմնական սկզբունքներն ու պայմանները:
ՀՈԴՎԱԾ 3. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցումը կարգավորվում է սույն օրենքով, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերով:
ՀՈԴՎԱԾ 4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
i
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` 1998-2000 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական ընկերությունների (ձեռնարկությունների) ցանկի «Էներգետիկա» բաժինը լրացնել հետևյալ տողերով`
«60068 «Երևանի էլեկտրացանց» ք. Երևան, Մասնավորեցում
փակ բաժնետիրական Մյասնիկյանի (միջազգային մրցույթ
ընկերություն 5/1 և ուղղակի վաճառք)
60069 «Հյուսիսային էլեկտրացանց» ք. Գյումրի, Մասնավորեցում
փակ բաժնետիրական Շարա Տալյանի (միջազգային մրցույթ
ընկերություն 1 և ուղղակի վաճառք)
60070 «Հարավային էլեկտրացանց» ք. Արտաշատ, Մասնավորեցում
փակ բաժնետիրական Արազու 43 (միջազգային մրցույթ
ընկերություն և ուղղակի վաճառք)
60071 «Կենտրոնական էլեկտրացանց» ք. Աբովյան, Մասնավորեցում
փակ բաժնետիրական Արզնու (միջազգային մրցույթ
ընկերություն պողոտա և ուղղակի վաճառք)»:
ՀՈԴՎԱԾ 5. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման հիմնական նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում սահմանված տեխնիկական կանոնակարգերին և գործունեության լիցենզիայի պայմաններին համապատասխան էլեկտրաէներգիայի անխափան և հուսալի շուրջօրյա մատակարարման ապահովումը սպառողներին.
բ) էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների կառավարման արդյունավետության և էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի հուսալիության բարձրացումը, էլեկտրաէներգիայի կորուստների առավելագույնս նվազեցումը.
գ) էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի վերազինման, ընդլայնման և զարգացման համար ներդրումների ներգրավման ապահովումը.
դ) սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց գումարների գանձման և որպես հետևանք էներգետիկայի բնագավառի ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավումը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համալրումը:
ՀՈԴՎԱԾ 6. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
i
Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` իր կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի և լիազորված պետական մարմինների միջոցով: Մրցութային հանձնաժողովի կազմում իրենց համաձայնությամբ ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցության և խմբի մեկական ներկայացուցիչ: Մրցույթի պայմանները, բաժնետոմսերի առուվաճառքի և ուղղակի վաճառքի պայմանագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերին համապատասխան: Բաժնետոմսերի առուվաճառքի և ուղղակի վաճառքի պայմանագրերը ստորագրում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պաշտոնատար անձը (անձինք):
ՀՈԴՎԱԾ 7. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերը օտարվում են հետևյալ կարգով և հիմնական պայմաններով.
ա) յուրաքանչյուր փաթեթում ընդգրկված ընկերությունների բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը հավասար չափով վաճառվում է միջազգային մրցույթում հաղթած անձին: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախնական որակավորում անցած անձինք.
i
բ) յուրաքանչյուր փաթեթում ընդգրկված ընկերությունների բաժնետոմսերի մինչև 20 տոկոսը հավասար չափով կարող է ուղղակի վաճառվել միջազգային ֆինանսական հաստատությանը.
գ) մնացած բաժնետոմսերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը.
դ) էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերությունների և դրանց բաժնետերերի կողմից էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այլ անձանց բաժնետոմսեր, փայամասեր ձեռք բերելը կամ այդ անձանց հետ միավորվելը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
ե) ռազմավարական ներդրողն իր սեփականությունը համարվող բաժնետոմսերը կարող է օտարել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ.
զ) էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերությունների բաշխման գործունեությամբ պայմանավորված` էլեկտրաէներգիայի գնումը և վաճառքը, էլեկտրաէներգիայի ներկրումը և արտահանումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 8. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Մրցույթի մասնակիցներն իրենց մրցութային առաջարկները ներկայացնում են մրցութային հանձնաժողով:
2. Մրցութային առաջարկը կազմվում է երկու մասից` տեխնիկական և ֆինանսական:
3. Տեխնիկական առաջարկը պարունակում է մրցույթի մասնակցի և նրա փորձառության մասին տեղեկություններ, մրցույթի պայմանների կատարումը հավաստող փաստաթղթեր, պարտավորագրեր, ներդրումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող պահանջներին համապատասխան այլ նյութեր ու տեղեկություններ:
4. Ֆինանսական առաջարկը ներառում է բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող գինը և նախատեսված այլ վճարումների կատարման մասին նամակ-պարտավորագիրը:
5. Մրցութային առաջարկը ներառում է նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են մասնակցի պատրաստակամությունը և հիմնավորում նրա ունակությունը` ապահովելու մրցույթի պայմանների, բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի, գործունեության լիցենզիայի պայմանների և սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:
6. Մրցութային առաջարկները (կնքված ծրարները կամ փաթեթները) մրցութային հանձնաժողովի կողմից բացվում են նախապես հայտարարված օրը, ժամին և որոշակի տեղում` կառավարության խորհրդատուների, մամուլի և հեռուստատեսության ներկայացուցիչների, ինչպես նաև մրցույթի մասնակիցների կողմից լիազորված անձանց ներկայությամբ: Մրցութային հանձնաժողովը պարտավոր է առնվազն երկու շաբաթ առաջ նախաորակավորում անցած մրցույթի բոլոր մասնակիցներին ուղարկել հրավեր` մասնակցելու մրցութային առաջարկների բացման արարողությանը: Մրցութային հանձնաժողովը բոլորի համար տեսանելի ձևով ցույց է տալիս և հայտարարում մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրի կողմից առաջարկված բաժնետոմսերի գնման գինը: Մրցութային առաջարկների բացումից և ցուցանիշների հայտարարումից հետո մրցութային հանձնաժողովը նյութերն ուսումնասիրելու, քննարկելու և որոշումներ կայացնելու համար գումարում է նիստ` մրցույթի մասնակիցներին նախօրոք տեղեկացնելով մրցույթի արդյունքների հրապարակային ամփոփման վայրի, օրվա և ժամի մասին:
7. Մրցույթի մասնակիցն առաջարկում է բաժնետոմսերի փաթեթի գնման գինը` ԱՄՆ դոլարով: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի առաջարկը համապատասխանում է մրցույթի պայմաններին, և որը բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկում է առավելագույն գին: Եթե մրցույթի երկու կամ ավելի մասնակիցներ առաջարկում են նույն գինը, ապա հաղթողը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անցկացվող աճուրդով:
8. Մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ցանկացած պահի որոշում կայացնել մրցույթը դադարեցնելու մասին: Այդ դեպքում մասնավորեցման հետագա ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան որոշում:
ՀՈԴՎԱԾ 9. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՄԱՐԺԱՆ
1. Էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի գնման, վաճառքի, ինչպես նաև բաշխման գործունեության սակագները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից` օրենքով սահմանված կարգով: Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթում հաղթող ճանաչված ռազմավարական ներդրողների հետ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը կնքում է էլեկտրաէներգիայի սակագնային մարժայի համաձայնագիր: Սակագնային մարժայի համաձայնագրում մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածի համար ֆիքսվում է ԱՄՆ արժույթով արտահայտված գործող մարժան չգերազանցող անփոփոխ սակագնային մարժան և ներկայացվում է հետագա տարիների համար սակագնային մարժայի հաշվարկման բանաձևը` կախված իրականացված ներդրումային ծրագրից, սղաճից, դրամի և ԱՄՆ դոլարի փոխարժեքից, էլեկտրաէներգիայի առաջարկի և պահանջարկի փոփոխությունից:
2. Ռազմավարական ներդրողի հետ կնքված սակագնային մարժայի համաձայնագրի հիմնական դրույթներն ամրագրվում են նաև ընկերության գործունեության լիցենզիայում` որպես էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերությունների համար բաշխման գործունեության լիցենզիայի պայմաններ:
ՀՈԴՎԱԾ 10. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների կրեդիտորական պարտքերից աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, սոցիալական ապահովագրության և ապահովության վճարները, սպառողների կողմից էլեկտրաէներգիայի դիմաց կատարված կանխավճարները, վարկային և բյուջեի հանդեպ պարտավորությունները փոխանցվում են էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերություններին:
i
2. Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մնացած կրեդիտորական և դեբիտորական պարտքերը փոխանցվում են էներգահամակարգի այլ ընկերությունների:
ՀՈԴՎԱԾ 11. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՐԿՈՒ ՓԱԹԵԹՈՒՄ
1. Մասնավորեցման նպատակով էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերը խմբավորվում են վաճառքի հետևյալ երկու փաթեթում`
ա) առաջին փաթեթ` «Երևանի էլեկտրացանց» և «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը.
բ) երկրորդ փաթեթ` «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը:
2. Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ձեռք բերել ընկերությունների բաժնետոմսերի միայն մեկ փաթեթ:
ՀՈԴՎԱԾ 12. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
1. Ռազմավարական ներդրողը պարտավոր է էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերության անունից ապահովել անհրաժեշտ միջոցների ներգրավում ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ներդրումային ծրագրերը պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգերի և գործունեության լիցենզիայի պայմաններին համապատասխան սպառողներին էլեկտրաէներգիայի անխափան և հուսալի մատակարարման պահանջների բավարարումը: Ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավումը չի բերում էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերությունների բաժնետերերի բաժնեմասերի փոփոխության:
2. Ռազմավարական ներդրողը պարտավոր է էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերության կողմից նոր սարքերի, սարքավորումների և ապրանքների ձեռքբերման և ծառայությունների մատուցման նախապատվությունը տալ տեղական արտադրողներին կամ ծառայություններ մատուցող տեղական կազմակերպություններին (կատարողներին):
ՀՈԴՎԱԾ 13. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Ռազմավարական ներդրողը պարտավոր է առուվաճառքի պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ստացած էլեկտրաէներգիայի (հզորության), մատուցած ծառայությունների և կատարած աշխատանքների դիմաց էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերությունների կողմից 100 տոկոս վճարումները:
ՀՈԴՎԱԾ 14. ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ
ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը յուրաքանչյուր տարի ներառվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում:
ՀՈԴՎԱԾ 15. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրավասու է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` հայտարարված արտակարգ իրավիճակներում էներգետիկայի բնագավառի գործունեության կանոնակարգման համար:
2. Էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված կարգով նախապատրաստում են էլեկտրաէներգիայի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող իրավիճակների հաղթահարման գործողությունների ծրագրեր, որոնց նկատմամբ պահանջներն ամրագրվում են գործունեության լիցենզիաներում: Այդ ծրագրերը ներառում են էներգամատակարարման առաջնահերթության սպառողների ցանկը, որը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
3. Էներգամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էլեկտրաէներգիա բաշխող նոր ընկերությունները պարտավոր են ճշտությամբ հետևել և կատարել հաստատված ծրագրերում նշված միջոցառումները և բոլոր սպառողներին տեղեկացնել էներգիայի մատակարարման սահմանափակումների չափերի և տևողության մասին:
ՀՈԴՎԱԾ 16. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Մասնավորեցվող էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն ազատվում են մասնավորեցման պահին նախորդող ժամանակաշրջանի գործունեության հետևանքով առաջացած հարկային պարտավորություններից, որոնք կհայտնաբերվեն կամ կարձանագրվեն մասնավորեցումից հետո:
2. Սույն օրենքի 10 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերակառուցման հետևանքով իրականացվող գործարքի մասով Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերություններն ազատվում են առաջացող լրացուցիչ շահութահարկից և ավելացված արժեքի հարկից:
ՀՈԴՎԱԾ 17. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
12 օգոստոսի 2000 թ.
ՀՕ-84