(ուժը կորցրել է 06.02.02 թիվ 37 որոշում)
i
050.0186.170700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2000 թվականի թիվ 186
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԸ» ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը» հաստատելու մասին» թիվ 58 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կետրոնական բանկի կողմից հուշադրամների և հուշամեդալների թողարկման մասին կարգը» նոր խմբագրությամբ (կցվում է):
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հետևյալ որոշումները.
- 24.02.97 թ. «Հայաստանի Հանրապետության կետրոնական բանկի կողմից
շրջանառության մեջ հուշադրամներ դնելու կարգի մասին» թիվ 53 որոշումը,
- 30.07.98 թ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում արտահաշվեկշռային հաշիվ
բացելու մասին» թիվ 148 որոշումը,
- 02.09.98 թ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում սինթետիկ հաշիվ բացելու
մասին» թիվ 178 որոշումը,
- 21.12.98 թ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում սինթետիկ հաշիվներ բացելու
մասին» թիվ 244 որոշումը,
- 01.07.99 թ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում հաշվեկշռային հաշիվներ
բացելու մասին» թիվ 111 որոշումը,
- 19.07.99 թ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի
i
հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» թիվ 119 որոշումը,
- 17.09.99 թ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում փոփոխություն կատարելու
մասին» թիվ 155 որոշումը,
- 12.10.99 թ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում նոր հաշիվ բացելու մասին»
թիվ 163 որոշումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները» ձեռնարկի նախագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2000 թվականի հուլիսի 17-ի թիվ 186 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Կարգավորման առարկան
Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հուշադրամների և հուշամեդալների թողարկման ու իրացման կարգը:
Հոդված 2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն կարգի իմաստով`
- Հուշադրամներ` ՀՀ արժույթով հատուկ հատված այն մետաղադրամները, որոնց պատրաստման համար օգտագործվել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ, ձեռնարկվել դրամահատման տեխնոլոգիայի և գեղարվեստական ձևավորման բարդ մեթոդներ և որոնք շրջանառության մեջ հանդես են գալիս`
ա) որպես օրինական վճարամիջոց անվանական արժեքով, այն է` շրջանառության մեջ բաց թողնված մետաղադրամներ,
բ) որպես դրամագիտական արժեք, այն է` հավաքածուի մեջ որպես նվիրատվության առարկա, որը նույնպես հանդիսանում է օրինական վճարամիջոց և կարող է վաճառվել ինչպես անվանական արժեքով, այնպես էլ անվանական արժեքից բարձր արժեքով:
- Հուշամեդալներ` հատուկ հատված դրամագիտական արժեքները, որոնց պատրաստման համար օգտագործվել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ, ձեռնարկվել դրամահատման տեխնոլոգիայի և գեղարվեստական ձևավորման բարդ մեթոդներ: Հուշամեդալները չունեն անվանական արժեք և չեն հանդիսանում օրինական վճարամիջոց:
Հոդված 3. Հուշադրամների և հուշամեդալների թողարկման կարգը
1. Հուշադրամները թողարկվում և շրջանառության մեջ են դրվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված հուշադրամների թողարկման ծրագրի համաձայն:
2. Հուշադրամների թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: Հուշադրամները թողարկելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների (դրամահատարանների) հետ կնքում է հուշադրամների հատման պայմանագիր և հսկում է այդ կազմակեպությունների կողմից յուրաքանչյուր պատվերի ժամանակին և որակով կատարումը:
3. ՀՀ կենտրոնական բանկը հուշադրամների թողարկումից հետո կազմակերպում է հուշադրամների իրացումը, այն է` հրապարակում է հուշադրամները շրջանառության մեջ դնելու, տպաքանակի, տեխնիկական հատկանիշների, վաճառքի գների մասին վերաբերյալ տեղեկատվություն:
4. ՀՀ կենտրոնական բանկը կարող է թողարկել նաև հուշամեդալներ: Հուշամեդալները թողարկելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների (դրամահատարանների) հետ կնքում է հուշադրամների հատման պայմանագիր և հսկում է այդ կազմակեպությունների կողմից յուրաքանչյուր պատվերի ժամանակին և որակով կատարումը:
Հոդված 4. Հուշադրամների և հուշամեդալների թողարկման ժամանակ
տրվող հաշվապահական ձևակերպումը
1. Դրամահատարաններից ստացված հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի դրամապահոց մուտքագրելիս իրենց անվանական արժեքով հաշվառվում են «Մետաղադրամներ դրամապահոցում» արտահաշվեկշռային 9051 հաշվում, իսկ շրջանառության մեջ են բաց թողնվում և շրջանառությունից հանվում են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և այն շրջանառությունից հանելու մասին» թիվ 2 հրահանգի:
2. Օրինական վճարամիջոց հանդիսացող թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի դրամապահոցից ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղ փոխանցման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ-տ 1011 «ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղ»
Կ-տ 3012 «Շրջանառություն բաց թողնված մետաղադրամներ»
Դրամարկղ փոխանցվող գումարը դուրս է գրվում արտահաշվեկշռային 9051 հաշվից:
3. Օրինական վճարամիջոց հանդիսացող թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամների ինքնարժեքը դուրս է գրվում ՀՀ կենտրոնական բանկի ծախսերով` մետաղադրամների ստացման պահին:
4. Դրամահատարաններից ստացված դրամագիտական արժեք հանդիսացող հուշադրամները և հուշամեդալները մուտքագրվում են ՀՀ կենտրոնական բանկի դրամապահոց և իրենց ինքնարժեքով հաշվառվում են հաշվեկշռային 2521 «Հուշադրամներ թանկարժեք մետաղներից», 2522 «Հուշամեդալներ թանկարժեք մետաղներից», 2523 «Հուշադրամներ ոչ թանկարժեք մետաղներից», 2524 «Հուշամեդալներ ոչ թանկարժեք մետաղներից» հաշիվներում` առանձին անալիտիկ հաշիվներով` ըստ մետաղների տեսակների ու հատված դրամի որակի և 9071 «Թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում», 9072 «Թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում», 9073 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում», 9074 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում» արտահաշվեկշռային հաշիվներում` ըստ հատերի: Ընդ որում դրամապահոցում դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամները պահվում են մյուս մետաղադրամներից և արժեքներից առանձին:
Հոդված 5. Հուշադրամների ու հուշամեդալների իրացման կարգը և
իրացման ժամանակ տրվող հաշվապահական ձևակերպումը
1. Դրամագիտական արժեք հանդիսացող հուշադրամները և հուշամեդալները իրացվում են յուրաքանչյուր հուշադրամի ու հուշամեդալի համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված վաճառքի գնով: ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամները վաճառելու նպատակով դրանք առհաշիվ տրամադրելիս տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`
Դ-տ 2613 «Ներքին դեբիտորներ»
Կ-տ 2521 «Հուշադրամներ թանկարժեք մետաղներից», 2522 «Հուշամեդալներ թանկարժեք մետաղներից», 2523 «Հուշադրամներ ոչ թանկարժեք մետաղներից» կամ 2524 «Հուշամեդալներ ոչ թանկարժեք մետաղներից»
2. Իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են իրականացնել հուշադրամների և հուշամեդալների առք ու վաճառքի գործարքներ և ՀՀ գործող օրենսդրությանը չհակասող այլ գործարքներ:
3. ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամների առք ու վաճառքի գործարքներ կնքելիս սահմանում են դրանց գները` ելնելով դրանց պահպանվածության աստիճանից համաձայն հավելված 1-ի: Ընդ որում ցածր պահպանվածության աստիճան ունեցող հուշադրամների և հուշամեդալների հետ գործարքներում կարող են օգտագործվել կարգավորող գործակիցներ` գնման և վաճառքի գների նկատմամբ հուշադրամի այս կամ այն պահպանվածության աստիճանին համապատասխան (հավելված 1):
4. Դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամների և հուշամեդալների վաճառքի դեպքում դրանց ինքնարժեքը դուրս է գրվում 2613 «Ներքին դեբիտորներ» հաշվեկշռային հաշվից: Միաժամանակ դրանց վաճառքի գնի և ինքնարժեքի միջև եղած տարբերությունը մուտքագրվում է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների կամ ծախսերի հաշիվներում: Ընդ որում հուշադրամների վաճառքի գինը չի կարող ցածր լինել անվանական արժեքից:
5. ՀՀ կենտրոնական բանկի ծախսերով, ինչպես նաև որպես նվիրատվություն հուշադրամների տրամադրման ժամանակ 2613 հաշվեկշռային հաշվից դուրս է գրվում միայն հուշադրամների ինքնարժեքի գումարը` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ-տ Համապատասխան ծախսային հաշիվ
Կ-տ 2613 «Ներքին դեբիտորներ»:
Հավելված 1
Մետաղադրամների (հուշադրամների) որակի դասակարգումը
Մետաղադրամների գնահատման համար, հիմնվելով նրանց ֆիզիկական բնութագրերի վրա, մշակվել են մի շարք համընդհանուր ճանաչում ստացած ցուցանիշներ, որոնք արտացոլում են` մի կողմից մետաղադրամի հատման տեխնոլոգիայի առանձնահատկությունները (հատման որակ), մյուս կողմից` նրա ֆիզիկական պահպանվածության աստիճանը, այսինքն` մետաղադրամի մակերևույթի վրա այս կամ այն չափով նշանակալի վնասվածքների առկայությունը, որոնք մետաղադրամը ձեռք է բերում հատման, պահեստավորման և շրջանառության ընթացքում: Ֆիզիկական բնութագրերը, հանդիսանալով միակը մետաղադրամի ցանկացած տիպի համար, կարող են կիրառվել ինչպես ՀՀ արժույթ հանդիսացող մետաղադրամի, այնպես էլ դրամագիտական արժեք հանդիսացող մետաղադրամի համար:
1. Մետաղադրամների հատման որակը
- «Պրուֆ» որակ` մետաղադրամի հատման բարձրագույն որակն է, որը ստացվում է հատման համար հատուկ հաստոցներ և վերամշակման հատուկ ձևեր օգտագործելիս: Մետաղադրամները պատրաստվում են անհատական ռեժիմով, ձեռքի աշխատանքի մեծ բաժնով: Պատրաստի մետաղադրամներն անմիջապես փակվում են թափանցիկ պարկուճների մեջ: «Պրուֆ» որակի մետաղադրամներն ունեն բացարձակ հարթ, հայելային մակերևույթ և, որպես կանոն, ուռուցիկ նկար: Բարձրաքանդակը (ռելիեֆը) պետք է լինի պարզ, ունենա լավ երևացող մանրամասներ (դետալներ): Մետաղադրամի վրա չպետք է լինեն անզեն աչքով տեսանելի խազեր, քերվածքներ, անհարթություններ, մակերևույթի մանրագույն անհավասարություններ (օրինակ` ալիքաձև կամ նարնջի կեղև հիշեցնող մասեր), դրամաշուրթի անհամաչափ տեղադրման և ձեռքի հպման հետքեր:
- «Լավացված» որակ` վերաբերում է այն մետաղադրամներին, որոնք հատված են սովորական հաստոցներով, սակայն, օգտագործելով ավելի լավ մշակված գործիքներ և կիսաֆաբրիկատ: Կիսաֆաբրիկատները մինչև հաստոց տեղափոխվում են ավտոմատ ձևով, իսկ պատրաստի մետաղադրամները հանվում են աշխատանքային գոտուց ձեռքով` ոչ բարդ հարմարանքների օգնությամբ, որը բացառում է մետաղադրամների հետ ձեռքի շփումը և նրանց վրա վնասվածքների գոյացումը: «Լավացված» որակով մետաղադրամներն ունեն հարթ, փայլուն մակերևույթ, նկարի պարզ և հստակ գծեր: Մետաղադրամի վրա չպետք է լինեն անզեն աչքով տեսանելի խազեր, մատների հետքեր և այլն: Նշված մետաղադրամները հատումից հետո տեղադրվում են փափուկ կամ կոշտ թափանցիկ պլաստիկ կափարիչների մեջ, երբեմն նաև հուշանվերային տուփերի մեջ:
2. Մետաղադրամների պահպանվածության մակարդակները
- Շրջանառության մեջ չեղած մետաղադրամներ` շրջանառությամբ պայմանավորված վնասվածքներ չունեցող մետաղադրամներն են, որոնք, սակայն, կարող են ունենալ տեխնոլոգիական վնասվածքներ (անզեն աչքով տեսանելի շատ փոքր խազեր): Այդպիսի վնասվածքներ առաջանում են մետաղադրամները մեկը մյուսի հետ շփումից` հաստոցների ավտոմատ կուտակիչներ դուրս նետելու, ավտոմատ վերահաշվող մեքենայով անցնելու, ինչպես նաև մետաղադրամներն արտադրամասից պահեստ տեղափոխելու ժամանակ: Նշված մետաղադրամները, որպես կանոն, ողջ մակերևույթով ունեն խամրած մետաղյա փայլ:
- Բացարձակ լավ պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ եղել են կարճ ժամանակ: Բացի վերը նշված սովորական տեխնոլոգիական վնասվածքներից, այս մետաղադրամները բարձրաքանդակի վերին մասերում ունեն անզեն աչքով տեսանելի տարբեր աստիճանի թեթևակի մաշվածություններ: Նկարների գծագրությունները հստակ են, բոլոր մանրամասները պահպանված են: Թարմ մետաղյա փայլը մակերևույթի մեծ մասի վրա բացակայում է: Խորը խազեր և այլ թերություններ չկան:
- Շատ լավ պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ եղել են ավելի երկար ժամանակ և բարձրաքանդակի բարձր մասերում ունեն նկատելի մաշվածություն, ամենամանր մասերն արդեն վնասված են, բայց նկատվում են, նկարների գծագրությունները դեռ բավականին ընդգծված են, մետաղադրամի ընդհանուր տեսքը լավ է: Մետաղյա փայլը բացակայում է նույնիսկ առանձին հատվածներում: Ինչպես վերը նշված կատեգորիաներում թույլատրելի են փոքր խազեր: Խորը խազեր և այլ լուրջ վնասվածքներ չկան:
- Լավ պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ գտնվում են բավականին երկար ժամանակ և ողջ մակերևույթով ունեն նշանակալի մաշվածքներ: Բարձրաքանդակի որոշ մանրամասներ ջնջված են ամբողջությամբ, գծագրերը կորցրել են հստակությունը, բայց բարձրաքանդակը և գրերը հեշտությամբ տարբերվում են: Թույլատրվում են թեթև խազեր և սովորական տեխնոլոգիական վնասվածքներից մի փոքր ավելի լուրջ վնասվածքներ:
- Բավականին բավարար պահպանվածություն: Վերաբերում է ողջ մակերևույթի նշանակալի մաշվածք ունեցող մետաղադրամներին: Հնարավոր է տարբերել միայն նկարների խոշոր մասերը: Դեկորատիվ զարդանախշերի մանր դրվագներ (հացահատիկ, տերև, կետեր, աստղեր և այլն) ջնջվել են ամբողջությամբ:
- Բավարար պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնց վրա հնարավոր է տարբերել միայն հիմնական նկարների գծագրերը: Գծերը և տարեթվերը դժվարությամբ են տարբերվում:
- Լուրջ թերություններով մետաղադրամներ: Համարվում են մետաղյա ջարդոն, ունեն ավելի լուրջ վնասվածքներ.
- դիտավորյալ հասցված խորը խազեր,
- սղոցվածք, քերվածք,
- անցքեր, ձուլվածքի, քիմիական նյութերից քայքայվելու հետքեր,
- մակերևույթի ձևախախտում,
- մետաղի շերտավորում,
- մաշվածության մեծ աստիճան, որի դեպքում հնարավոր չէ կարդալ գրերը և ամսաթիվը,
- կեղծ մետաղադրամներ, անկախ նրանց վիճակից և պահպանվածության աստիճանից:
«Լավացված» և «պրուֆ» որակի մետաղադրամները, եթե դրանք եղել են շրջանառության մեջ առանց պաշտպանիչ պարկուճների կամ այլ փաթեթների և ձեռք են բերել մաշվածքներ ու այլ վնասվածքներ, գնահատվում են ըստ պահպանվածության աստիճանի` որպես հասարակ մետաղադրամներ: