Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐ ...

08.07.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.05.2000  -ից մինչեւ   08.07.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 17.06.04 թիվ 900-Ն որոշում)

i

040.0226.080500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2000 թվականի N 226

 

i

ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` հանրակրթական դպրոցներում օգտագործվող ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը համապատասխանեցնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշչին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 8-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

մայիսի 8-ի N 226 որոշմամբ

 

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության

պետական չափորոշիչ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

«Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության չափորոշիչ» հասկացությունը

 

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության չափորոշիչը (այսուհետև` չափորոշիչ) ընդհանուր կրթվածության պետական նորմերի համակարգն է:

Չափորոշման հիմնական առարկաներն են կրթության կառուցվածքն ու բովանդակությունը, սովորողների ուսումնական բեռնվածությունն ու պատրաստության մակարդակը: Չափորոշչով սահմանված նորմերն ու պահանջներն ընդունվում են որպես չափանմուշ` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության արդյունքը գնահատելիս:

Չափորոշիչը «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն հիմնական նորմատիվ փաստաթուղթն է, որը որոշակիացնում է օրենքի հիմնադրույթները հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, սովորողների առավելագույն ուսումնական բեռնվածության, կրթական աստիճանների շրջանավարտների գիտելիքների ու կարողությունների մակարդակին ներկայացվող պահանջների մասին: Այն հիմք է կանոնարկիչ մյուս փաստաթղթերի (ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, ուսուցիչների տնտեսավորման, հանրակրթական հաստատությունների լիցենզավորման և հավատարմագրման կարգեր, գիտելիքների գնահատման հարցարաններ և այլն) ստեղծման համար:

Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են կրթության կառավարման մարմինների և հանրակրթական բոլոր հաստատությունների համար անկախ դրանց տիպից, կազմակերպական-իրավական ձևից:

 

Չափորոշչի գործառույթները

 

Չափորոշչի գործառույթներն են`

Գնահատող գործառույթ: Այս գործառույթը բխում է չափորոշչի նորմատիվային էությունից, որով ղեկավարվում է հանրակրթության համակարգը` կրթության բովանդակությունը և ուսումնական բեռնվածությունը սահմանելիս, ուսուցման արդյունքները գնահատելիս և ուսումնական հաստատություններն ու ուսուցիչներին ատեստավորելիս:

Լիարժեք կրթության ապահովման գործառույթ: Չափորոշչի միջոցով ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխավորված լիարժեք կրթություն: Այն անձի լիարժեք զարգացման հիմք է ստեղծում և մասնագիտական բնագավառում կրթությունը շարունակելու հնարավորություն ընձեռում:

Կրթական միասնական տարածքի պահպանման գործառույթ: Կրթական համակարգերի և պետական ու ոչ պետական ուսումնական հաստատությունների բազմազանությանն անցումը պահանջում է ստեղծել կարգավորման մեխանիզմ, որը կոչված է Հայաստանի Հանրապետությունում ապահովելու հանրակրթության համակարգի կայունությունը: Այդ կանոնակարգող դերը պետք է կատարի չափորոշիչը: Չսահմանափակելով տարածքային յուրահատուկ մոտեցումների զարգացումը, տարբեր տիպի ու տեսակի դպրոցների ստեղծումը և տարբերակված ծրագրերի մշակումը` չափորոշիչն ամրագրում է լիարժեք հենքային կրթության ծավալը և մակարդակը: Կիրառվող առարկայական ծրագրերը կարող են չափորոշչից էապես տարբերվել ուսումնական նյութերի թե ծավալով, թե խորությամբ, բայց պարտավոր են ապահովել սովորողների պատրաստվածության չափորոշչով սահմանվածից ոչ ցածր մակարդակ, որը դպրոցի շրջանավարտներին հնարավորություն կընձեռի շարունակելու հետագա մասնագիտական կրթությունը:

Կրթության հումանացման գործառույթ: Շրջանավարտների պատրաստվածությանը ներկայացվող պարտադիր և ցանկալի պահանջների հստակ սահմանումն իրական հեռանկար է բացում տարբերակված ուսուցման համար, որն ընձեռում է նյութի տարամակարդակ յուրացման հնարավորություն: Այդպիսի մոտեցումն աշակերտին ազատում է իր ուժերին անհամապատասխան ուսումնական գերբեռնվածությունից և հնարավորություն տալիս բավարարելու իր հետաքրքրություններն ու հակումները:

Վերահսկման գործառույթ: Այս գործառույթի իրականացումը կապված է ուսուցման արդյունքների որակի վերահսկման և գնահատման գործող համակարգի բարեփոխման հնարավորության հետ շրջանավարտների պատրաստվածության մակարդակի իրական չափիչների հիման վրա: Այն հնարավորություն է տալիս ստանալու ճշգրիտ տեղեկություններ կրթության իրական վիճակի մասին, որն անհրաժեշտ է կրթության բովանդակության և ուսուցման գործընթացի, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման համար:

Կրթության որակի բարձրացման գործառույթ: Չափորոշիչը կոչված է ամրագրելու կրթության բովանդակության անհրաժեշտ նվազագույնը և սահմանելու պատրաստության մակարդակի ստորին թույլատրելի սահմանը: Չափորոշչի առկայությունը յուրաքանչյուր աշակերտի համար երաշխավորում է հենքային պատրաստության նախորոշված մակարդակի ձեռքբերում:

 

II. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության բովանդակությանը

ներկայացվող պահանջները

 

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության բովանդակությանը ներկայացվող պահանջներն են`

ա) սովորողներին զինել բնության և հասարակության մասին անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով.

բ) նպաստել անձի աշխարհայացքի և անհատականության ձևավորմանը.

գ) իրականացնել անձի համալիր դաստիարակություն` շեշտը դնելով անհատականության ձևավորման և սոցիալական դաստիարակության վրա, ուշադրություն դարձնելով ազգային ու համամարդկային և մշակութային ու քրիստոնեական արժեքներին, տնտեսությանը և բնապահպանությանը.

դ) երեխային դաստիարակել ազգային ոգով` ոչ միայն կրթությունը մայրենի լեզվով իրականացնելով, այլև համամարդկային արժեքներին զուգընթաց ազգային պատմության, մշակույթի, ավանդույթների ու սովորույթների յուրացմամբ, ազգային ոգու, մտածելակերպի, հոգեբանության, վարքուբարքի արմատավորմամբ.

ե) նպաստել և օժանդակել խաղաղության, մարդու իրավունքների, հանդուրժողականության, միջազգային և միջմշակութային փոխըմբռնման, համերաշխության և համագործակցության, ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը.

զ) պատրաստել հայրենիքի վերածննդի համար անհրաժեշտ տնտեսական, գիտատեխնիկական, կրթական ու մշակութային հարցերը լուծելու ունակ սերունդ:

 

III. Կրթական յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտների

պատրաստության մակարդակին ներկայացվող հիմնական

պահանջները

 

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության նպատակը քաղաքացիների մտավոր, հոգևոր և ֆիզիկական ընդունակությունների դրսևորման, դաստիարակության և զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է:

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմնական խնդիրներն են`

ա) սովորողների կողմից բնության, հասարակության, տեխնիկայի, արտադրության և բնապահպանության մասին հիմնարար գիտելիքների յուրացումը, շարունակական կրթության համակարգում նրանց ինքնակրթության և ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

բ) համամարդկային և ազգային արժեքներին հաղորդակից, ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող և գործուն քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատ և քաղաքացի ձևավորելը.

գ) սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության համալիր ծրագրի իրականացումը:

Ըստ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության երեք աստիճանի` շրջանավարտների պատրաստության մակարդակին ներկայացվող պահանջները հենվում են սովորողների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունների վրա:

Կրտսեր դպրոցականների (7-10 տարեկան) տարիքային բնութագիրն ստեղծվում է նրանց ֆիզիկական և հոգևոր զարգացման որակների ու մակարդակի, նյարդային համակարգի, շարժումների, գլխուղեղի կիսագնդերի աճի, ըմբռնման, ուշադրության տեսակների, հիշողության բնույթի, մտածողության (առարկայական) և խոսքի, զգացական ու կամային հատկանիշների, հետաքրքրությունների շրջանակի և աշխատանքային գործունեության առանձնահատկությունների հիման վրա:

Միջին դպրոցական տարիքում (անցում դեռահասությունից դեպի պատանեկություն` 11-15 տարեկան) հաշվի են առնվում դեռահասի մարմնական աճի արագությունը, ներքին որոշ օրգանների անհամաչափ զարգացումը, սեռական հասունացումը և դրա հետևանքով ֆիզիկական ու մտավոր հոգնածությունը, անտարբերությունը, հիշողության, ըմբռնման, ուշադրության թուլացումը, իմպուլսիվությունը, մտածողության և խոսքի, կամքի ու զգացմունքների, բնավորության գծերի առանձնահատկությունները:

Ավագ դպրոցական տարիքում (վաղ պատանեկություն` 15-18 տարեկան) կարևորվում են պատանիների ֆիզիկական և հոգևոր զարգացման չափանիշների կայունացումը, քննադատական վերաբերմունքը շրջապատի ու մարդկանց նկատմամբ, խոսքի և մտածողության զարգացման նոր որակները: Այդ տարիքում ձևավորվում է գիտական աշխարհայացքը, մշակվում քաղաքացիական պարտքի գիտակցությունը, դաստիարակվում են սոցիալ-հասարակական ուղղվածության և անհատական տվյալները, տեղի է ունենում մտավոր հասունացում:

Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է լեզվամտածողության և մաթեմատիկական տրամաբանության հիմքերի, ուսումնառության ու աշխատանքային նախնական հմտությունների ձևավորմանը, ազգային և համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցմանը:

Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը:

Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթության ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում: Սահմանվում են տարբերակված ուսուցման ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար և տնտեսագիտական հոսքերը, որոնց ցանկն անհրաժեշտության դեպքում կարող է լրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

 

IV. Կրթական յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտների

գիտելիքների և կարողությունների մակարդակին

ներկայացվող պահանջները

 

Տարրական դպրոց

 

Հաշվի առնելով կրթության հումանացման կարևորությունը` տարրական ընդհանուր կրթության բովանդակության չափորոշչի մեջ ընդգրկված են պահանջներ, որոնք ներկայացնում են տարրական դպրոցի շրջանավարտի ամբողջական կերպարը, մասնավորապես, նրա դաստիարակվածության մակարդակը:

Չափորոշչի պահանջների կատարումն ապահովում է կրտսեր դպրոցականի`

ա) հարմարեցումը նոր սոցիալական կարգավիճակին և միջավայրին.

բ) գործունեության տարբեր ձևերին տիրապետումը (ուսումնական, խաղային, աշխատանքային, հաղորդակցման).

գ) շրջակա աշխարհի նկատմամբ վերաբերմունքի, էթիկական և բարոյական նորմերի ձևավորումը.

դ) միջին դպրոցում ուսուցման համար անհրաժեշտ պատրաստության, ընդհանուր զարգացման որոշակի մակարդակը.

ե) ճանաչողական, հաղորդակցման, բարոյական, աշխատանքային, գեղագիտական, մարմնակրթական որակների ձևավորումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնության, մարդու, հասարակական կյանքի մասին գիտելիքները կրտսեր դպրոցականներին հաղորդվում են մայրենի լեզվի, շրջակա աշխարհի և հայրենագիտական դասընթացների ուսուցման ժամերին, տարրական դպրոցում դասավանդվող առարկաները բաշխվել են ըստ ուսումնական բնագավառների` լեզու, մաթեմատիկա և մշակույթ, բնություն ու աշխատանք (մարդ, բնություն և հասարակություն):

 

Տարրական դպրոցն ավարտողին ներկայացվող

պահանջներն ըստ առարկաների

 

Մայրենի լեզու

 

Իմանալ`

հայերենի այբուբենը.

բաղաձայն հնչյունների արտասանության և գրության հետ կապված առանձնահատկությունները:

Ունենալ քերականական որոշակի գիտելիքներ հնչյունաբանությունից, բառակազմությունից, ձևաբանությունից և շարահյուսությունից:

Կարողանալ`

ընթերցել առաջադրվող նյութը` պահպանելով կարդալու որակական հատկանիշները, հասկանալ կարդացած ստեղծագործության բովանդակությունը, աշխատել բնագրի վրա.

ինքնուրույնաբար կարդալ մանկական գրքեր և մամուլ.

ընթեռնելի և վայելչագրության կանոններին համապատասխան արտագրել կամ թելադրությամբ գրել անցած ուղղագրական և կետադրական կանոններին վերաբերող բնագիր (75-80 բառ).

կապակցված խոսել և գրել, կառուցել մենախոսություններ և երկխոսություններ:

 

Մաթեմատիկա

 

Իմանալ`

միանիշ թվերի գումարման աղյուսակի և հանման համապատասխան դեպքերը, միանիշ թվերի բազմապատկման աղյուսակը և բաժանման համապատասխան դեպքերը.

թվաբանական գործողությունների հատկությունների (տեղափոխական, զուգորդական, բաշխական) ձևակերպումները և գրառումները.

կարևորագույն մեծությունների` երկարության, մակերեսի, զանգվածի, ժամանակի և արագության չափման միավորներն ու գրառումները, մեծությունների միջև եղած կախվածությունները:

Կարողանալ`

կարդալ, գրել և համեմատել թվերը միլիոնի սահմաններում.

կատարել թվաբանական գործողություններ` միլիոնի սահմաններում.

լուծել թվերի համեմատության և թվաբանական գործողությունների հետ կապված պարզագույն տեքստային խնդիրներ.

լուծել ոչ բարդ խնդիրներ, որոնց մեջ օգտագործված են կարևորագույն մեծություններ (արագություն, ժամանակ ու հեռավորություն, գին, քանակ ու արժեք և այլն).

անվանել թվաբանական գործողությունների բաղադրիչները, կարդալ և գրել թվային արտահայտություններ.

հաշվել չորսից ոչ ավելի թվաբանական գործողություն պարունակող, այդ թվում` փակագծերով արտահայտությունների արժեքները.

ճանաչել, անվանել և պատկերել հարթ երկրաչափական պատկերները, չափել պարզագույն պատկերների մեծությունները:

 

Ռուսաց լեզու

 

Ունենալ նախնական քերականական գիտելիքներ:

Կարողանալ`

գրավոր պատասխանել հարցերին (20-25 բառի սահմաններում), գրել ստուգողական թելադրություն, ոչ բարդ նախադասություն, կարճ շարադրություններ.

պատմել իր, դասերի, խաղերի, էքսկուրսիաների մասին, կազմել կապակցված խոսք, գրել կարճ պատմություններ` տրված նկարների թեմաներով.

կարդալ (բարձրաձայն կամ մտքում) պարզեցված լեզվական տեքստեր.

հասկանալ կարդացած տեքստերի թեման և բովանդակությունը.

որոշել նկարագրված պատահարների հաջորդականությունը, պատճառականությունը, իմաստը, արտահայտել հեղինակի և իր վերաբերմունքը հերոսների, նրանց արարքների և դեպքերի նկատմամբ, գնահատել հերոսների արարքները.

հակիրճ պատմել կարդացած տեքստը, հասկանալ (ինքնուրույնաբար կամ ուսուցչի օգնությամբ) կարդացածի բովանդակությունը, դատողություններ անել, ավարտել տրված պատմությունները, խոսքի մեջ բառը ճիշտ օգտագործել, կարդացած տեքստում տարբերել հարցական և հաստատական նախադասությունները:

 

Օտար լեզու

 

Կարողանալ`

հասկանալ ուսուցչի խոսքը.

փոխանակել արտահայտություններ (օրինակ, համաձայնել կամ չհամաձայնել)` օգտագործելով պարզ արտահայտություններ, պարզ քերականական երևույթներ, և դրանք արտաբերել ճիշտ հնչերանգով ու արտասանությամբ.

կիրառել պարզ խոսքային ձևեր, արտասանել փոքրիկ բանաստեղծություններ, հակիրճ պատմել կարդացած տեքստը (ինքնուրույնաբար կամ ուսուցչի օգնությամբ).

գրել տառեր, բառեր և նախադասություններ` հարաբերակցելով հնչյունները տառերի հետ.

բարձրաձայն և մտքում ընթերցել պարզ տեքստեր, կարդացածի մեջ տարբերել հարցական և հաստատական նախադասությունները:

 

Երաժշտություն

 

Ծանոթ լինել երաժշտության տեսության տարրերին (նոտագրություն), երաժշտական լեզվին:

Կարողանալ`

ճիշտ կատարել ուսուցանվող ստեղծագործությունները (միաձայն, երկձայն), նվագակցել մանկական նվագարաններով.

լսել և հասկանալ երաժշտությունը, ճանաչել երաժշտության տեսակները և բնույթը.

կատարել պարային պարզ շարժումներ:

 

Կերպարվեստ

 

Ճանաչել հիմնական գույները, գուներանգները և բաղադրյալ գույները:

Կարողանալ`

բնօրինակից դիմային տեսքով պատկերել պարզ կառուցվածք ունեցող առարկաները.

ինքնուրույնաբար որոշել պարզ կառուցվածք ունեցող առարկաների համաչափությունները.

հիշողությամբ և պատկերացմամբ կատարել պարզ կառուցվածք ունեցող տարբեր առարկաների ճեպանկարներ.

թեմատիկ նկարներում արտահայտել իմաստային կապ.

դեկորատիվ աշխատանքներում կատարել բուսական, երկրաչափական և կենդանական պատկերների տարրական ընդհանրացումներ.

տիրապետել տարբեր նկարամիջոցների (մատիտ, ջրաներկ).

կատարել գունային ներդաշնակ զուգակցումներ:

 

Ֆիզիկական դաստիարակություն

 

Կարողանալ`

արդյունավետորեն և գեղեցիկ կատարել շրջափուլային շարժումները (քայլք, վազք), պարային-ռիթմիկ և մարմնամարզական վարժությունները.

պահպանել ճիշտ կեցվածք` նստած դրությամբ և շարժման ընթացքում.

խաղալ շարժական և ժողովրդական խաղեր.

լողալ, նետել փոքրիկ գնդակը, հեռացատկել և բարձրացատկել թափավազքով.

կանոնավորապես կատարել առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն և տնային հանձնարարություններ ֆիզիկական կուլտուրայից:

 

Մարդ, բնություն և հասարակություն

 

Իմանալ`

Հայաստանի Հանրապետության հիմնը, դրոշը, զինանշանը, տեղը քարտեզի վրա, սահմանակից պետությունները.

հայ պատմիչների, ազգային հերոսների, մշակույթի գործիչների անուններ, մի քանի ստեղծագործություններ և նրանց մասին տեղեկություններ.

պատմական Հայաստանի մայրաքաղաքները.

«երկիր», «քաղաք», «գյուղ», «մայրաքաղաք», «սովորույթ», «օրենք», «օրենքի խախտում», «դար», «տարի», «տարեթիվ» հասկացությունները.

իր հայրենիքը, նրա մեծ քաղաքները, լճերը, գետերը, սարերը.

Երկրի, Արևի, Լուսնի և մի քանի այլ մոլորակների մասին.

օդի բաղադրությունը, նրա նշանակությունը շնչառության և այրման համար.

կենդանի և անկենդան բնության տարրերի մարդու համար օգտակար հատկանիշների մասին.

օրգանիզմների կենսագործունեության արտաքին դրսևորումների (սննդառություն, շնչառություն, արտաթորություն, վարք, բազմացում, աճ և զարգացում), շրջակա միջավայրի պայմաններին նրանց հարմարվածության մասին.

մարդու` որպես կենդանի օրգանիզմի մասին:

Ունենալ`

որոշակի տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կարևորագույն դեպքերի, մի քանի տոների մասին.

տեղեկություններ Հայաստանում բնակվող ազգերի մասին.

տեղեկություններ Հայաստանին հարակից երկրների մասին.

իր քաղաքի (գյուղի), նրա պատմական հուշարձանների մասին տեղեկություններ.

աշխարհի մասին սկզբնական ամբողջական պատկերացումների ձևավորմանը նպաստող պարզագույն գիտելիքներ:

Ծանոթ լինել զգայական մակարդակով շրջակա աշխարհին, ֆիզիկական մի շարք պարզագույն հասկացությունների ու ֆիզիկական երևույթների:

Կարողանալ`

օգտվել կողմնացույցից, կողմնորոշվել տեղանքում, որոշել հորիզոնի կողմերը.

համեմատել տարածական ու ժամանակային, մեխանիկական, ջերմային, լուսային, ձայնային զգացողությունները, մարմինների շարժման արագությունները (արագ-դանդաղ).

չափել ժամանակահատվածներ, մարմինների գծային չափեր և մարմնի ջերմաստիճանը.

տարբերել ջրի ագրեգատային վիճակները.

նյութերը դիտել, չափել, ջրում լուծել և տարբերել լուծվողը չլուծվողից.

պահպանել բնության մեջ վարքի կանոնները.

պարզագույն եղանակներով (բնության դիտումներ, օրագրի վարում) հետևել բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին, կատարել փոքրիկ ընդհանրացումներ, եզրակացություններ.

պահպանել անձնական և բնակարանի հիգիենայի հիմնական կանոնները:

 

Միջին և ավագ դպրոցներն ավարտողներին

ներկայացվող պահանջներն ըստ առարկաների

 

Հայոց լեզու և գրականություն

 

Միջին դպրոց

 

Իմանալ`

մայրենի լեզվի այն էական իրողությունները, որոնք հիմք կարող են դառնալ ուսուցման հաջորդ աստիճանում լեզվական գիտելիքների խորացման և հմտությունների զարգացման համար.

լեզվի հիմնական օրենքներն ու կանոնները, ունենալ դրանք գործնականում կիրառելու ունակություններ` մայրենի լեզվով ազատ, գրագետ և արտահայտիչ հաղորդակցվելու համար:

Ունենալ լեզվական բավարար գրագիտություն` գրքի հետ բառարանով, ինքնուրույնաբար աշխատելու, տրված տեքստի վերաբերյալ դատողություններ անելու, բովանդակությունը սեղմագրելու, լեզվական նորմատիվ գիտելիքներ պահանջող այլ գործառնությունների համար:

Տիրապետել խոսքային ինքնադրսևորման հիմնական տեսակներին (արտահայտիչ ընթերցանություն, նյութի գրավոր շարադրանք, բանավոր ելույթ, ազատ հաղորդակցություն շրջապատի հետ):

Ծանոթ լինել մայրենի և համաշխարհային գրականության նշանավոր դեմքերին, նրանց գլխավոր ստեղծագործություններին` բնագրերի հատվածաբար կամ ամբողջական ընթերցանության միջոցով:

Դրսևորել մշակութաբանական տարրական գրագիտություն այլ մշակույթների հետ հաղորդակցվելու համար:

 

Ավագ դպրոց

 

Ունենալ ամփոփ տեղեկություններ մայրենի գրականության զարգացման հիմնական փուլերի մասին:

Ծանոթ լինել`

նշանավոր գրողների կյանքի և ստեղծագործության գլխավոր ուղենիշներին, նրանց կարևոր երկերին.

մարդկության գեղարվեստական մշակույթի պատմությանը և կարևոր հուշարձաններին:

Տեղյակ լինել գիտության հիմնական եզրակացություններին մայրենի գեղարվեստական մշակույթի արժեքների, համաշխարհային մշակույթի մեջ նրա տեղի և նշանակության վերաբերյալ:

Տիրապետել մայրենի լեզվի հնչյունային, իմաստային, ոճական նրբություններին, կարողանալ դրանք կիրառել կյանքում:

Ընկալել բնագրի ոճական յուրահատկությունները, նկատել և բնութագրել գեղարվեստական բնագրի էական հատկանիշները:

Գեղագիտորեն ընկալել գրական ստեղծագործությունների բովանդակությունը, սեփական հայեցակետով գնահատել դրանք:

Մշակութային արժեքների յուրացման միջոցով սեփական կարծիք դրսևորել կյանքի երևույթների նկատմամբ, լուծել բարոյական խնդիրներ:

Գործնականում կիրառել հիմնական դպրոցում ձեռք բերած լեզվական գիտելիքները, խոսքային հմտությունները:

Գրել գրական և ազատ թեմաներով շարադրություններ, դրանով ձեռք բերված հմտությունները կիրառել գրավոր և բանավոր խոսքում:

Ազատ և անկաշկանդ արտահայտվել բանավոր:

 

Օտար լեզու

 

Միջին դպրոց

 

Կարողանալ`

լսելով հասկանալ օտար խոսքը (մենախոսություն և երկխոսություն).

առանց նախապատրաստվելու հաղորդակցվել մեկ կամ մի քանի զրուցակիցների հետ տարբեր թեմաներով` արտահայտելով վերաբերմունք խոսակցության թեմայի նկատմամբ.

կարդալ (բարձրաձայն և մտքում) պարզեցված անծանոթ տեքստեր:

 

Ավագ դպրոց

 

Կարողանալ`

լսելով հասկանալ օտար խոսքը` ավագ դպրոցի ուսումնական նյութի սահմաններում` 3-4 տոկոս անծանոթ բառերի ընդգրկմամբ.

հաղորդակցվել մեկ կամ մի քանի զրուցակիցների հետ` որոշակի իրավիճակի կամ տեսածի, լսածի, կարդացածի շուրջ` վերաբերմունք արտահայտելով նկարագրված փաստերի ու դատողությունների նկատմամբ և տալով իր գնահատականը.

հանդես գալ որևէ թեմայի շուրջ բանավոր հաղորդումով` օգտագործելով տեղեկատվության հայկական կամ օտար աղբյուրներ.

բառարանի օգնությամբ հասկանալ ոչ բարդ բնագիր տեքստեր հասարակական- քաղաքական և գիտահանրամատչելի գրականությունից, ինչպես նաև վերաշարադրված գեղարվեստական գրականությունից` 5-8 տոկոս անծանոթ բառերի ընդգրկմամբ.

կազմել ու գրել տեքստի և պատրաստած բանավոր թեմայի պլան, կարդացած տեքստի սեղմագիր շարադրություն:

 

Մաթեմատիկա

 

Հանրակրթական դպրոցում մաթեմատիկան դասավանդվում է «թվաբանություն», «հանրահաշիվ», «երկրաչափություն» և «մաթեմատիկա» ուսումնական առարկաների միջոցով:

«Թվաբանություն» ուսումնական առարկայի ուսուցման խնդիրներն են`

բնական, ամբողջ, սովորական և տասնորդական թվերի համակարգերին տիրապետումը.

երկրաչափության և հանրահաշվի համակարգված ուսուցման համար նախնական հիմքերի ստեղծումը.

սովորողների լեզվատրամաբանական մտածողության զարգացումը.

հետագա ուսումնառությանը նախապատրաստումը:

 

Միջին դպրոց

 

Իմանալ`

բնական, ամբողջ, կոտորակային թվերը, դրանց գրառման տարբեր եղանակներ, անցումը գրառման մի ձևից մյուսին.

բաժանելիության պարզագույն հատկությունները.

կոորդինատային ուղղի պարզագույն հատկությունները.

թվերի կլորացման պարզագույն կանոնները:

Կարողանալ`

բաղդատել երկու թվեր` անկախ նրանց գրառման ձևից.

տարբեր ձևերով գրառված թվերի հետ կատարել չորս թվաբանական գործողություն.

ճանաչել երկրաչափական պարզագույն պատկերներն ու մարմինները և հաշվել դրանց մեծությունները.

թվաբանորեն լուծել ոչ բարդ տեքստային խնդիրներ.

«Հանրահաշիվ» ուսումնական առարկայի ուսուցման խնդիրներն են`

հանրահաշվական գիտելիքների և մեթոդների տիրապետումը.

սովորողների լեզվատրամաբանական մտածողության և ապացուցողական ունակությունների ձևավորումն ու զարգացումը.

հանրահաշվի կիրառական ուղղվածության ապահովումը.

հետագա ուսումնառությանը նախապատրաստումը:

 

Միջին դպրոց

 

Իմանալ`

հանրահաշվի լեզուն, հիմնական բաղադրիչները.

հիմնական հանրահաշվական հասկացությունները, դրանց կարևորագույն հատկությունները:

Կարողանալ`

տիրապետել հանրահաշվի գաղափարական, տեխնիկական և կիրառական ոլորտներին.

համադրել տեսական ունակությունները գործնական կարողությունների հետ.

հանրահաշվական լեզվի միջոցով արտահայտել շրջապատող առարկաների հատկությունները.

հասկանալ հանրահաշվի և երկրաչափության միջև առկա կապի յուրահատկությունը.

կատարել պարզագույն հանրահաշվաերկրաչափական թարգմանություններ, համադրել հանրահաշվական մոտեցումները երկրաչափական պատկերացումների հետ.

լուծել ոչ բարդ տեքստային խնդիրներ:

«Երկրաչափություն» ուսումնական առարկայի ուսուցման խնդիրներն են`

երկրաչափական պատկերների և մարմինների համակարգված ուսումնասիրությունը.

տարածական պատկերացումների ձևավորումը.

ճանաչողական ունակությունների և տրամաբանական մտածողության զարգացումը.

ապացուցողական ունակությունների, փաստարկված և հիմնավորված հաջորդական մտային քայլեր կատարելու կարողության ձևավորումը.

հետագա ուսումնառությանը նախապատրաստումը:

 

Միջին դպրոց

 

Իմանալ`

հարթաչափության հիմնական հասկացությունները, պատկերների հատկությունները, փոխադարձ կապը.

երկրաչափական հիմնական պատկերների մեծությունների չափման բանաձևերը:

Գաղափար կազմել առօրյա կյանքում կիրառվող տարածաչափական հասկացությունների մասին:

Կարողանալ`

կատարել գծապատկերում` ըստ խնդրի պայմանի.

հաշվել հարթաչափական հիմնական պատկերների մեծությունները, լուծել ոչ բարդ հաշվման խնդիրներ.

հիմնավորել ոչ բարդ խնդիրների լուծման քայլերը, օգտվել համադրման և հակասող ենթադրության մեթոդներից.

տիրապետել հիմնական կառուցման խնդիրների լուծման ալգորիթմներին.

կիրառական խնդիրներ լուծելիս օգտվել տարածական պատկերների մեծությունների հաշվման բանաձևերից.

հանրահաշվական մեթոդները կիրառել երկրաչափական խնդիրների լուծման ընթացքում:

 

Ավագ դպրոց

 

Իմանալ`

տարածաչափության հիմնական հասկացությունները, տարածական հիմնական պատկերների հատկությունները, փոխադարձ կապը.

երկրաչափական մարմնի ծավալի հասկացությունը, տարածաչափական հիմնական մարմինների ծավալների և մակերևույթների մակերեսների բանաձևերը:

Կարողանալ`

տարածական և բովանդակային մակարդակներով ճանաչել տարածաչափական հիմնական պատկերները.

կատարել գծապատկերում` ըստ տարածաչափական խնդրի պայմանի.

լուծել ոչ բարդ հաշվման և ապացուցման խնդիրներ` օգտագործելով տարածաչափության և հարթաչափության հիմնական փաստերն ու բանաձևերը.

հանրահաշվական և եռանկյունաչափական գիտելիքներն օգտագործել երկրաչափական խնդիրների լուծման ընթացքում:

«Մաթեմատիկա» ուսումնական առարկայի դասավանդման խնդիրներն են`

հանրահաշվի ծրագրային նյութի զարգացումը, մաթեմատիկական վերլուծության հիմունքների ուսումնասիրումը.

մաթեմատիկական մոդելների բազմաբնույթ նշանակության բացահայտումը, կիրառական ուղղվածության խորացումը, բնագիտական առարկաների ուսումնասիրության համար անհրաժեշտ ապարատի ստեղծումը.

հետագա ուսումնառության նախապատրաստումը:

 

Ավագ դպրոց

 

Իմանալ`

ֆունկցիայի հասկացությունը, դրա հիմնական հատկությունները, գրաֆիկական մեկնաբանությունները.

աստիճանային, ցուցչային, լոգարիթմական, եռանկյունաչափական ֆունկցիաների սահմանումները, դրանց հատկություններն արտահայտող բանաձևերը.

ֆունկցիայի ածանցյալի գաղափարը, տարրական ֆունկցիաների ածանցյալները, ածանցման կանոնները, ֆունկցիայի հետազոտման ալգորիթմը:

Կարողանալ`

լուծել ռացիոնալ, իռացիոնալ, ցուցչային, լոգարիթմական, մոդուլ պարունակող ոչ բարդ հավասարումներ, համակարգեր, պարզ անհավասարումներ, եռանկյունաչափական ոչ բարդ հավասարումներ.

տարրական ֆունկցիաների օրինակներով բացահայտել ֆունկցիաների հիմնական հատկությունները, հասկանալ ածանցյալի երկրաչափական իմաստը, ածանցել տարրական ֆունկցիաները, հետազոտել տարրական ֆունկցիաները և կառուցել դրանց գրաֆիկները:

 

Ինֆորմատիկա

 

Ավագ դպրոց

 

Պատկերացում ունենալ ալգորիթմի կատարման ավտոմատացման հնարավորությունների, խնդիրները էլեկտրոնային հաշվիչ մեքենայով լուծելու փուլերի մասին:

Ծանոթ լինել`

արդի հաշվողական տեխնիկայի հիմունքներին.

հասարակության զարգացման մեջ հաշվողական տեխնիկայի դերին և դրա կիրառման հիմնական խնդիրներին:

Կարողանալ`

տիրապետել հիմնական ալգորիթմական հմտություններին, ծրագրավորման որևէ լեզվի (BASIC, PASCAL), ծրագրերի կառուցման հիմնական մեթոդներին.

աշխատել համակարգիչներով:

 

Ֆիզիկա

 

Միջին դպրոց

 

Իմանալ այն երևույթներն ու օրենքները, որոնք անհրաժեշտ են աշխարհի նախնական ֆիզիկական պատկերի կառուցման համար:

Ունենալ դատողություններ ձևակերպելու, հիմնավորելու և համեմատելու կարողություններ:

Կարողանալ`

բացատրել նյութի կառուցվածքը, առավել տարածված և պարզ մեխանիկական, ջերմային, օպտիկական, էլեկտրական երևույթները և ատոմի ու միջուկի կառուցվածքը.

օգտվել չափիչ սարքերից (բարոմետր, ջերմաչափ, կշեռք, ուժաչափ, ամպերմետր, վոլտմետր, վայրկենաչափ և այլն).

կատարել պարզ փորձեր, չափել ֆիզիկական մեծությունները, բացատրել արդյունքները.

լուծել ոչ բարդ խնդիրներ:

 

Ավագ դպրոց

 

Պատկերացում ունենալ`

ֆիզիկական տեսությունների տարրերի (գիտական փաստեր, հասկացություններ, տեսական մոդելներ, օրենքներ),

նյուտոնյան մեխանիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, ջերմադինամիկայի, էլեկտրադինամիկայի, ֆիզիկական օպտիկայի և քվանտային ֆիզիկայի,

համամարդկային մշակույթի և հասարակության առաջընթացում ֆիզիկայի ունեցած կարևորագույն դերի մասին:

Ծանոթ լինել`

բնության ճանաչման ֆիզիկական մեթոդներին.

գրատեխնիկական առաջընթացի գլխավոր ուղղությունների ֆիզիկական հիմունքներին.

ֆիզիկայի զարգացման պատմությանը, իմանալ տեղեկություններ հանրահայտ ֆիզիկոսների մասին:

Կարողանալ`

համեմատել, վերլուծել, եզրակացություններ և ընդհանրացումներ կատարել.

կատարել դիտարկումներ, գրանցել ֆիզիկական մեծությունների փորձնական արդյունքները, փորձնական տվյալները ներկայացնել աղյուսակի կամ գրաֆիկի տեսքով.

բացատրել փորձի արդյունքները, լուծել խնդիրներ:

 

Քիմիա

 

Միջին դպրոց

 

Իմանալ`

քիմիայի լեզուն, հիմնական օրենքները և սկզբունքները` նյութի ատոմամոլեկուլային կառուցվածքը և քիմիական ռեակցիայի մեջ մտնելու ընդունակությունը բացատրելու համար.

բնապահպանական խնդիրները (թթվային անձրևներ, օզոնային շերտի վերացում, կենսոլորտի մետաղացում):

Ծանոթ լինել քիմիական հետազոտությունների ընդհանուր եղանակներին (դիտարկում, նկարագրում, փորձ, հաշվարկ, մոդելավորում):

Գաղափար ունենալ անալիզի և սինթեզի մասին:

Կարողանալ`

ճանաչել (տեսական գիտելիքների հիման վրա) շրջակա նյութերի առանձնահատկությունները և դրանց հետ կատարվող պրոցեսները.

քիմիան կապել կյանքի հետ` պատկերացնելով քիմիայի հնարավորությունները նոր նյութերի ստացման գործում, էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության բնագավառներում, կենցաղում.

տարբերել քիմիայի` մարդկության համար կարևոր հիմնախնդիրները (հումքային, էներգետիկ, բնապահպանական):

 

Ավագ դպրոց

 

Պատկերացում ունենալ նյութի ատոմամոլեկուլային կառուցվածքի, նյութի քանակի և մոլային զանգվածի մասին:

Իմանալ կարևոր նյութերի հատկությունները:

Կարողանալ`

կիրառել անվտանգության տեխնիկայի կանոնները` հիմքերի, թթուների ու դյուրավառ նյութերի հետ աշխատելիս.

պարզաբանել օրգանական միացությունների հատկությունների կախվածությունը դրանց բաղադրությունից և կառուցվածքից, օրինակներով լուսաբանել քիմիական կառուցվածքի տեսության նշանակությունն օրգանական քիմիայի զարգացման գործում.

լաբորատորիայում կատարել փորձ, վերլուծել դրա արդյունքները, համակարգել, ճիշտ եզրակացություններ անել և նյութերը կիրառել կենցաղում.

պարզաբանել ծծմբական թթվի, ամոնիակի, ալյումինի, չուգունի, պողպատի, մեթանոլի, էթանոլի, նավթամթերքի արդյունաբերական ստացման եղանակները և դրանց հիման վրա լուսաբանել քիմիական արդյունաբերության գիտական սկզբունքները.

որոշ արտադրությունների օրինակներով բացահայտել բնապահպանական խնդիրների լուծման ուղիները:

 

Կենսաբանություն

 

Միջին դպրոց

 

Իմանալ մարդու կենսաբանության հիմնական օրինաչափությունները և ձգտել առողջ կենսակերպի:

Ունենալ`

գիտելիքներ` կյանքի հիմնական հատկանիշների, կազմավորվածության տարբեր մակարդակներում կենդանի նյութի կառուցվածքային և ֆունկցիոնալ բոլոր հիմնական դրսևորումների, ժառանգականության ընդհանուր օրինաչափությունների,

փոփոխականության,

գիտելիքներ` բոլոր «թագավորությունների» կենդանի օրգանիզմների բազմազանության, դրանց դասակարգման սկզբունքների, օրգանական աշխարհի պատմական զարգացման հիմնական ուղենիշների,

պատկերացում` կենդանի օրգանիզմների և միջավայրի միջև փոխազդեցությունների, ինչպես նաև բնական համակեցությունների մասին:

Կարողանալ`

բնության մեջ և լաբորատորիայում դիտարկումներ կատարել, ունենալ վերլուծելու, համեմատելու և դատողությունները հիմնավորելու կարողություններ.

հիմնավորել կենդանի էակներին խնամքով վերաբերվելու, դրանց բնակավայրերը պահպանելու անհրաժեշտությունը.

հիմնավորել շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ պարզագույն միջոցառումների անհրաժեշտությունը և իրականացնել դրանք:

 

Ավագ դպրոց

 

Իմանալ`

ժառանգականության և փոփոխականության հիմնական օրինաչափությունները, դրանց բջջաբանական հիմունքները.

էկոհամակարգերի, դրանց ինքնակարգավորման փոխարինման, տարբեր տեսակների կենսացենոզում համատեղ կյանքին հարմարվածության, օրգանիզմների վրա էկոլոգիական գործոնների ազդեցության մասին.

ճանաչել հանրահայտ կենսաբաններին:

Պատկերացում ունենալ կենսաբանական հիմնական օրինաչափությունների, ուսումնասիրման մեթոդների և գործնականորեն դրանց կիրառման բնագավառների մասին:

Ունենալ գիտելիքներ`

մոլեկուլային և բջջային մակարդակներում բջջի քիմիական և կառուցվածքային բաղադրամասերի, դրանում նյութերի և էներգիայի փոխարկումների,

օրգանիզմների աճի, բազմացման և զարգացման բջջային հիմունքների, կյանքի ծագման, օրգանական աշխարհի էվոլյուցիայի գործոնների, ուղղությունների և արդյունքների էվոլյուցիայի գենետիկական հիմքերի,

բույսերի, կենդանիների, մանրէների, սելեկցիայի խնդիրների, մեթոդների և նվաճումների,

կենսոլորտի, դրանում նյութերի շրջապտույտի, էներգիայի հոսքի, կենսոլորտի վրա մարդու տնտեսական գործունեության ազդեցության մասին:

Ծանոթ լինել կենսաբանության զարգացման պատմությանը:

Կարողանալ`

հիմնավորել բնապահպանական միջոցառումների անհրաժեշտությունը, գնահատել և կանխագուշակել բնական էկոհամակարգերի վրա մարդու ազդեցության հետևանքները.

կիրառել կենսաբանական հետազոտությունների պարզագույն մեթոդներ և սարքեր, պահպանել կենսաբանական օբյեկտների և սարքավորումների հետ աշխատանքի անվտանգության կանոնները:

 

Ընդհանուր պատմություն

 

Միջին դպրոց

 

Գաղափար կազմել համաշխարհային պատմության զարգացման ընդհանուր միտումների և գիտական պարբերացման, ընդհանուր պատմության ժամանակատարածական սահմանների, անցյալի ու ներկայի ժողովուրդների և պետությունների պատմության մասին:

Ծանոթ լինել մարդկության ստեղծած մշակութային արժեքներին:

Կարողանալ`

բնութագրել դարաշրջանները.

յուրացնել ընդհանուր պատմության կարևորագույն փաստական նյութը.

օգտվել ժամանակագրական աղյուսակներից և տարաբնույթ քարտեզներից.

ճանաչել համաշխարհային պատմության խոշորագույն գործիչներին:

 

Ավագ դպրոց

 

Ունենալ ընդհանուր պատկերացում համաշխարհային պատմության հիմնահարցերի վերաբերյալ (մարդկությունը որպես բանական կազմավորում, էվոլյուցիա- հեղափոխություն, քաղաքակրթությունների ու մշակույթների ընդհանուր և առանձնահատուկ կողմեր, պետությունների տեսակներ, ժողովրդավարություն, պառլամենտարիզմ):

Ծանոթ լինել պատմական երևույթների նոր մեկնաբանություններին:

Կարողանալ պատմական երևույթները վերլուծել, համեմատություններ, դատողություններ, մտահանգումներ և ընդհանրացումներ անել:

 

Հայոց պատմություն

 

Միջին դպրոց

 

Պատկերացում ունենալ`

հայոց հայրենիքի, նրա տարածքի և սահմանների,

հայոց պատմության պարբերական,

հայ մշակույթի,

Հայաստանում կիրառված չափերի, կշիռների ու դրամների մասին:

Ծանոթ լինել`

հայոց առասպելներին, վիպական զրույցներին, դյուցազնավեպին.

հայ ժողովրդի հերոսական պայքարի պատմությանը:

Կարողանալ`

բնութագրել պատմական ժամանակաշրջանները.

յուրացնել փաստական նյութը.

օգտվել տարբեր քարտեզներից, պատկերացում ունենալ հայկական լեռնաշխարհի և հարակից երկրների ֆիզիկական ու պատմական աշխարհագրության մասին:

 

Ավագ դպրոց

 

Ունենալ ընդհանուր պատկերացում հայոց պատմության հիմնահարցերի` պետականության, ազգային ազատագրական պայքարի, հայկական հարցի ծագման, փուլերի, պահանջատիրության, հայոց ցեղասպանության պատճառների, դասերի, հայ հասարակական-քաղաքական մտքի, հայոց ազգային գաղափարախոսության վերաբերյալ:

Ծանոթ լինել հայոց պատմության հիմնահարցերի նոր մեկնաբանություններին:

Կարողանալ`

վերլուծել պատմական երևույթները, համեմատություններ, դատողություններ, մտահանգումներ և ընդհանրացումներ անել.

որոշել հայոց պատմության տեղը և դերը համաշխարհային պատմության համակարգում:

 

Աշխարհագրություն

 

Միջին դպրոց

 

Իմանալ`

մոլորակի աշխարհագրական թաղանթի բաղադրատարրերը, երևույթները, կապերն ու օրինաչափությունները.

բնական և հասարակական երևույթների տարածքային (աշխարհագրական) բազմազանությունը, կապերն ու օրինաչափությունները:

Ունենալ քարտեզագրական բավարար գիտելիքներ:

Ծանոթ լինել աշխարհագրական կարևորագույն հայտնագործությունների և հետազոտությունների պատմությանը, իմանալ նշանավոր աշխարհագրագետների մասին:

Կարողանալ բացատրել, համեմատել և վերլուծել տարբեր երկրների, տարածաշրջանների, մայր ցամաքների բնության, բնակչության և տնտեսության աշխարհագրական առանձնահատկությունները:

 

Ավագ դպրոցներ

 

Ունենալ`

ամբողջական պատկերացում բնօգտագործման ու բնապահպանության գիտական հիմունքների և դրանց կիրառման,

պատկերացում աշխարհագրական մի շարք տեսությունների տարրերի (գիտական փաստեր, հասկացություններ, տեսական մոդելներ),

հասարակական կյանքի քաղաքական ոլորտի, դրա տարածքային կազմակերպման, աշխարհի գլխավոր պետությունների աշխարհաքաղաքական առանձնահատկությունների մասին:

Ծանոթ լինել`

մարդկության համամոլորակային և տարածաշրջանային հիմնախնդիրներին, դրանց լուծման ուղիներին.

աշխարհագրական ուսումնասիրության մեթոդներին.

համաշխարհային տնտեսության արդի վիճակին, զարգացման գլխավոր օրինաչափություններին ու հիմնախնդիրներին:

Կարողանալ`

բացատրել և վերլուծել մարդ-բնություն փոխհարաբերությունները և դրանց դրսևորման ձևերը տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում.

տիրապետել աշխարհագրական մտածողության տարրերին (հասարակական և բնական երևույթների որոշակի, համալիր և տարածական դիտարկում).

կողմնորոշվել աշխարհի արդի քաղաքական քարտեզը կարդալիս:

 

Հայաստանի աշխարհագրություն

 

Միջին դպրոց

 

Պատկերացում ունենալ ժամանակակից աշխարհում նորանկախ Հայաստանի տեղի և դիրքի մասին:

Իմանալ`

Հայաստանի և հայկական լեռնաշխարհի բնական պայմանները.

Հայաստանի բնակչության ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները.

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ու սահմանների,

Հայաստանի տնտեսության, դրա ճյուղային կառուցվածքի և տեղաբաշխման,

Հայաստանի տրանսպորտի և արտաքին տնտեսական կապերի,

Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական ներքին տարբերությունների և վարչատարածքային բաժանման մասին:

Կարողանալ վերլուծել և գնահատել Հայաստանի աշխարհագրական դիրքը:

 

Աշխատանքի ուսուցում

 

Միջին դպրոց

 

Իմանալ`

էլեկտրաէներգիայի աղբյուրները, հաղորդիչները, սպառիչները, կուտակիչները, փոխակերպիչները, անջատման և միացման սարքերը, պարզագույն էլեկտրական շղթաների կազմումն ու հավաքումը, էլեկտրալամպերի, էլեկտրամագնիսների, էլեկտրաուղղիչների կառուցվածքը և աշխատանքը.

գյուղատնտեսական մթերքների տեսակները և նշանակությունը սննդի մեջ, դրանցից տարբեր կերակրատեսակների պատրաստման եղանակները, գյուղատնտեսական մթերքներից պահածոների գործնական պատրաստումը.

գյուղատնտեսության մեջ երկրագործության, հողագործության, ագրոնոմիայի, անասնապահության և մեքենայացման դերը, ցանքից մինչև բերքահավաք բույսերի վեգետացիան, խնամքը, բուծման, պահպանման և կերարտադրության պայմանները, հողի մշակումից մինչև բերքահավաք աշխատանքների մեքենայացման համակարգը, դրա նշանակությունը, տեղական մշակաբույսերի առանձնահատկությունները և ագրոտեխնիկական, ոռոգման, ցանքաշրջանառության նշանակությունը և պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները:

Կարողանալ`

ճանաչել փայտանյութերը, մետաղների տեսակները և դրանց համաձուլվածքները, փայտի և մետաղի մշակման գործիքները, սարքավորումները, հաստոցները, չափիչ- ստուգիչ սարքերը և կարողանալ գծագրերի ու տեխնոլոգիական քարտեզի համաձայն պատրաստել շինվածքներ, մանրամասեր, գործիքներ, հավաքական հանգույցներ.

զանազանել և կիրառել տարբեր գործվածքները, թելերը, կարի մեքենաները, սարքավորումները.

տիրապետել տնարարության հիմունքներին (աղջիկներ):

 

Գծագրություն

 

Միջին դպրոց

 

Կարողանալ`

օգտվել գծագրական գործիքներից.

պատկերել առարկաների եզրագծերը լծորդման հիմնական խնդիրների կառուցմամբ.

կառուցել երկրաչափական պարզ առարկաների ուղղանկյուն պրոյեկցիաները և առանցքաչափությունը.

գծել ոչ բարդ տեխնիկական առարկաների հիմնական տեսքերը և առանցքաչափությունը.

կառուցել ոչ բարդ, սնամեջ առարկաների հատույթները պրոյեկցիաներում և առանցքաչափության մեջ.

կառուցել հատույթները գծագրերում.

կատարել էսքիզներ առարկաների բնօրինակից.

կազմել տեխնիկական առարկաների աշխատանքային գծագրեր.

գծագրել և ընթերցել պարուրակային հիմնական միացումները և միջոցները.

գծագրել և ընթերցել պարզ սխեմաներ.

կազմել և ընթերցել պարզ հանգույցի հավաքման գծագիրը.

ընթերցել շինարարական պարզ գծագրերը (պայմանական նշանները, հատակագիծը և հանգույցները հատույթում).

ընթերցել տեղագրական գծագրերը (դրանցում օգտագործվող հիմնական պայմանական նշանները):

 

Երաժշտություն

 

Միջին դպրոց

 

Ծանոթ լինել երաժշտական գրականությանը, տարբեր ժամանակաշրջանների հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների գործունեությանը:

Կարողանալ`

ճիշտ կատարել ուսուցանվող ստեղծագործությունները (երկձայն, եռաձայն, քառաձայն).

առաջարկված խոսքով կամ ռիթմով ստեղծել պարզ պարային, քայլերգային և երգային մեղեդիներ.

կատարել ունկնդրած պարզ ստեղծագործությունների կառուցվածքային և բովանդակային վերլուծություն.

վերլուծել երաժշտության, գրականության և կերպարվեստի փոխկապակցվածությունը.

կատարել պարային շարժումներ:

 

Կերպարվեստ

 

Միջին դպրոց

 

Ծանոթ լինել հայ և օտարերկրյա հայտնի նկարիչների ստեղծագործություններին:

Կարողանալ`

զգալ շրջակա աշխարհի ամբողջ գունային հմայքը.

գծանկարի միջոցով ստանալ առարկաների ծավալային պատկերներ (լույս, ստվեր, անդրադարձ).

ինքնուրույնաբար կատարել գունային ներդաշնակ զուգակցումներ.

բաղադրյալ գույներով ստանալ առարկաների ծավալային պատկերներ.

բաղադրյալ գույներն օգտագործել թեմատիկ և դեկորատիվ նկարներում.

օգտագործել ազգային դեկորատիվ արվեստի արտահայտչամիջոցները.

ինքնուրույնաբար վերլուծել նկարի բովանդակությունը և գեղարվեստական արժանիքները:

 

Ֆիզիկական դաստիարակություն

 

Միջին դպրոց

 

Ունենալ անձնական հիգիենային, քնին, սննդին, ուսմանը և հանգստին վերաբերող գիտելիքներ:

Իմանալ շնչառության, արյան շրջանառության, նյութափոխանակության և այլ համակարգերի վրա ֆիզիկական վարժությունների ազդեցության մասին:

Կարողանալ`

կազմակերպել ֆիզիկական վարժություններով ինքնուրույն պարապմունքներ.

առավելագույն արագությամբ վազել 60 մ ցածր մեկնարկից, վազել 20 րոպե (տղաներ) և 15 րոպե (աղջիկներ), հեռացատկել և բարձրացատկել թափավազքով, թենիսի գնդակը նետել 10-15 մ հեռավորությամբ տեղադրված թիրախին, լողալ 50 մ.

հենացատկել երկարությամբ (տղաներ) և լայնությամբ (աղջիկներ) տեղադրված «այծիկի» վրայով.

համակցել մարմնամարզական տարրերից կազմված վարժությունները` գլուխկոնծի` առաջ և հետ, կանգ գլխի և ձեռքերի վրա, գլուխկոնծի երկարությամբ (տղաներ), գլուխկոնծի առաջ և հետ, կիսալարան, «կամրջակ» դրությունից դարձում հենման մեկ ծնկին (աղջիկներ).

խաղալ որևէ մարզախաղ` պարզեցված կանոններով.

կատարել ամենօրյա հիգիենիկ մարմնամարզություն և տնային հանձնարարություններ ֆիզիկական կուլտուրայից:

 

Ավագ դպրոց

 

Ունենալ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի` որպես անձի բազմակողմանի զարգացման, աշխատանքին ու հասարակության գործունեությանը նախապատրաստելու, առողջ ապրելակերպի միջոցի վերաբերյալ գիտելիքներ:

Իմանալ ակտիվ շարժողական գործունեության և մարզման օրինաչափությունները, հոգեֆիզիկական կարգավորման և ինքնակարգավորման եղանակները:

Կարողանալ`

առավելագույն արագությամբ վազել 100 մ ցածր մեկնարկից, հավասարաչափ արագությամբ վազել 25 րոպե (տղաներ) և 25 րոպե (աղջիկներ), 9-15 մ թափավազքից բարձրացատկել և հեռացատկել, տարբեր առարկաներ (նռնակ, գնդակ, և այլն) տեղից և թափավազքով (12-15 մ) նետել 2,5 x 2,5 ուղղահայաց և հորիզոնական թիրախին, թենիսի գնդակը 10 մ (աղջիկներ) և 15-20 մ (տղաներ) հեռավորությունից նետել 1 x 1 մ ուղղահայաց նշանակետին.

կատարել հենացատկ 115-125 սմ բարձրություն ունեցող «նժույգի» վրայով (տղաներ), համակցումներ ցատկապարանով, ժապավենով կամ օղով (աղջիկներ), ազատ վարժությունների համալիր (աղջիկներ).

անցկացնել ուսումնական գոտեմարտ (տղաներ).

ցուցադրել և կիրառել որևէ մարզախաղի տեխնիկատակտիկական հիմնական գործողությունները.

ապահովել ֆիզիկական պատրաստականության առնվազն միջին աստիճանավորման ցուցանիշները.

կանոնավորապես կատարել առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն տնային հանձնարարություններ ֆիզիկական կուլտուրայից:

 

Նախնական զինվորական պատրաստություն

 

Միջին դպրոց

 

ծանոթ լինել`

հայոց բանակի պատմական ավանդույթներին.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններին, խնդիրներին, առանձնահատկություններին և նշանակությանը:

Իմանալ`

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնական դրույթները.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կառուցվածքը և զինվածությունը.

զենքի և ռազմամթերքի կառուցվածքը և օգտագործումը, հրաձգության հիմունքներն ու կանոնները.

մարտավարության հիմունքները և զինվորի գործողությունները մարտի ժամանակ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրությունների հիմնադրույթները:

Կարողանալ`

կատարել համազորային կանոնադրությունների պահանջները.

կատարել շարային վարժությունները.

տիրապետել մարտի ժամանակ զինվորի գործողություններին.

օգտվել անհատական պաշտպանության միջոցներից:

 

Ավագ դպրոց

 

Ունենալ`

ընդհանուր պատկերացում բանակաշինության հիմնահարցերի մասին.

կամային բարձր որակներ, հայոց պետականության արժեքն իմացող և նրա ամրապնդման ու պաշտպանության քաղաքացիական պատասխանատվություն:

Ծանոթ լինել`

հայոց բանակի կազմավորման և կայացման պատմական ժամանակաշրջանին.

հայ ժողովրդի հերոսական պայքարի պատմությանը:

Իմանալ`

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնական դրույթները, զինվորի երդումը և Հայաստանի Հանրապետության պետական հիմնը.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կառուցվածքը, նրանց զինվածությունը և մարտական հնարավորությունները.

զենքի, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի տեսակները, կառուցվածքը, աշխատանքը և օգտագործումը, ինչպես նաև նրանց հետ վարվելու անվտանգության կանոնները, հրաձգության հիմունքներն ու կանոնները.

զինվորի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով սահմանված պարտականությունները, գործողությունները.

մարտական հիմունքները, մարտի ժամանակ զինվորի, գործողությունները ջոկի կազմում.

հակառակորդի հարձակման ժամանակակից միջոցները, նրանց բնութագրերը և պաշտպանվելու միջոցներն ու ձևերը.

առաջին բուժօգնության հիմունքները.

արտակարգ իրավիճակներում գործելու կանոնները:

Կարողանալ`

օգտագործել զենքն ու ռազմամթերքը` ըստ նպատակի.

ջոկի կազմում ճիշտ գործել պաշտպանական և հարձակողական մարտերի ընթացքում.

կատարել ռազմազորային կանոնադրությունների պահանջները, շարային վարժությունները` զենքով և առանց զենքի.

տեղագրական քարտեզի օգնությամբ որոշել ազիմուտը և շարժվել ազիմուտով, կողմնորոշվել լեռներում, անտառներում, գիշերային պայմաններում.

օգտվել քիմիական և կենսաբանական զենքերից պաշտպանվելու միջոցներից. ցուցաբերել առաջին բուժօգնություն պատահարների, աղետների հետևանքով անհետաձգելի օգնություն պահանջող իրավիճակներում:

 

Եզրափակիչ դրույթներ

 

Միջնակարգ դպրոցն ավարտողը պետք է ունենա բոլոր ուսումնական առարկաներից գիտելիքներն ինքնուրույնաբար ձեռք բերելու և կիրառելու, ուսումնաօժանդակ գրականությունից, տեղեկագրերից, հանրագիտարաններից օգտվելու կարողություններ:

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմնական մասի բովանդակության նվազագույնն ըստ ուսումնական նյութի տրվում է առարկայական չափորոշիչների միջոցով, որոնց մասն են կազմում նաև կրթության որակի ստուգման չափիչները (հարցարաններ, հարցատոմսեր` իրենց գնահատման չափանիշներով):

Սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է հենքային ուսումնական պլանով (կցվում է):

 

Հանրակրթական դպրոցի հենքային ուսումնական

պլանի պարզաբանումներ

 

Հենքային ուսումնական պլանը չափորոշչի հիմնական նորմատիվային փաստաթուղթն է, որը սահմանում է կրթության պարտադիր բովանդակության ուսումնական բնագավառները, դրանց և դպրոցի ընտրությամբ ուսումնական առարկաներին հատկացված ժամաքանակները, ուսումնական տարվա տևողությունը, շաբաթվա առավելագույն ուսումնական բեռնվածությունը մեկ աշակերտի համար, պետության կողմից ֆինանսավորվող ժամաքանակը:

Հանրակրթական դպրոցի հենքային ուսումնական պլանի հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատում է տիպային ուսումնական պլան, որը հիմք է ծառայում հանրակրթական հաստատությունների համար` հաստատելու սեփական ուսումնական պլանը: Դպրոցական պարտադիր ժամանակը բաշխելիս դպրոցն առաջնորդվում է տիպային ուսումնական պլանի պարտադիր պետական ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության երաշխավորած առարկայացանկով, որում, անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, նախարարության թույլտվությամբ կարող է ավելացվել նոր առարկա:

Ուսումնական պլանն ունի երեք բաղադրիչ` պարտադիր պետական, պարտադիր դպրոցական (դպրոցի ընտրությամբ) և լրացուցիչ կամ նախասիրական կրթություն (աշակերտի ընտրությամբ): Առաջին երկու բաղադրիչում ընդգրկված ուսումնական առարկաների ուսուցումն իրականացվում է անվճար հիմունքներով, նախասիրական առարկաների ուսուցումը` վճարովի:

Դպրոցում գործում է գիտելիքների գնահատման 5-միավորանոց համակարգ: Աշակերտների որակավորման ստուգումների և պետական քննությունների ժամանակ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր: Առանձին ուսումնական առարկաների գծով կարող է կիրառվել երկմիավոր համակարգը (ստուգված, չստուգված):

 

Հանրակրթական դպրոցի հենքային ուսումնական պլան

 

._________________________________________________________________________.

|Ուսումնական                 |             ԺԱՄԱՔԱՆԱԿԸ            |Ընդամենը|

|բնագավառի                   |___________________________________|________|

|անվանումը                   | տարրական |   միջին դպրոց   | ավագ |        |

|                            |  դպրոց   |                 | դպրոց|        |

|                            |____________________________________________|

|                            |              դասարաններ                    |

|                            |____________________________________________|

|                            |I |II|III|IV|V |VI|VII |VIII|IX |X |        |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Հայոց լեզու և  գրականություն|10| 9| 8 |8 |6 |6 | 6  | 6  | 6 |6 |  71    |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Օտար լեզուներ               | -| 4| 6 |6 |5 |5 | 5  | 5  | 5 |5 |  46    |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Մաթեմատիկա և  ինֆորմատիկա   | 5| 5| 5 |5 |5 |5 | 5  | 5  | 6 |6 |  52    |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Բնագիտական առարկաներ (1)    | -| -| - |1 |3 |3 | 7  | 7  | 8 |7 |  36    |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Հասարակագիտական առարկաներ(2)| -| -| - |- |6 |6 | 7  | 7  | 5 |4 |  35    |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Մշակույթ և  աշխատանք (3)    | 5| 4| 4 |4 |2 |2 | 1  | 1  | - |- |  23    |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Ֆիզկուլտուրա և  նախնական    |  |  |   |  |  |  |    |    |   |  |        |

|զինվորական պատրաստություն   | 2| 2| 2 |2 |2 |2 | 2  | 3  | 3 |4 |  24    |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Պարտադիր դպրոցական          |  |  |   |  |  |  |    |    |   |  |        |

|բեռնվածություն              | 1| 1| 1 |2 |2 |2 | 2  | 2  | 3 |3 |  19    |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Պարտադիր ուսումնական        |  |  |   |  |  |  |    |    |   |  |        |

|բեռնվածություն              |23|25| 26|28|31|31| 35 | 36 | 36|35|  306   |

|____________________________|__|__|___|__|__|__|____|____|___|__|________|

|Նախասիրական բեռնվածություն  | -| 2| 2 |3 |3 |3 | 3  | 3  | 4 |4 |  27    |

._________________________________________________________________________.

 

Ծանոթագրություն: 1. «Բնագիտական առարկաներ» ուսումնական բնագավառում

ընդգրկված են «Ֆիզիկա», «աստղագիտություն», «քիմիա»,

«կենսաբանություն», «բնագիտություն» և «էկոլոգիական

դաստիարակություն» ուսումնական առարկաները:

2. «Հասարակագիտական առարկաներ» ուսումնական

բնագավառում ընդգրկված են «պատմություն»,

«աշխարհագրություն», «տնտեսագիտություն»,

«քաղաքացիական կրթություն», «իրավունք»,

«փիլիսոփայություն» ուսումնական առարկաները:

3. «Մշակույթ և աշխատանք» ուսումնական բնագավառում

ընդգրկված են «երաժշտություն», «կերպարվեստ»,

«գծագրություն», «աշխատանք», «կյանքի հմտություններ»

(I-IV դասարաններ) ուսումնական առարկաները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2000
N 226
Որոշում