21.06.2014 - 01.05.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին
i
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է նախնական մասնագիտական (արհեստագործական) (այսուհետ` արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 2. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենսդրությունը |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
արհեստագործական կրթություն` առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա արհեստագործական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ վարպետային ուսուցման.
միջին մասնագիտական կրթություն` առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում.
մասնագիտական ուսուցում` մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների յուրացմանն ու օգտագործմանը նպատակաուղղված ուսուցման գործընթաց.
լրացուցիչ մասնագիտական կրթություն` հիմնական մասնագիտական կրթական ծրագրերից դուրս անձի մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, որակավորումը բարձրացնող և լրացնող ուսումնական գործընթաց.
ուսանող` համապատասխան ուսումնական հաստատությունում սահմանված կարգով ընդունված և արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական հիմնական ծրագրով ուսումնառող անձ.
ունկնդիր` սահմանված կարգով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական լրացուցիչ ծրագրով ուսումնառող և (կամ) որակավորման բարձրացման (վերապատրաստման, վերաորակավորման) դասընթացին մասնակցող անձ.
դասախոս` ուսանողի (ունկնդրի) տեսական գիտելիքների յուրացումն ապահովող և գործնական կարողությունների զարգացմանը նպաստող, մասնագիտական կրթության և (կամ) ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող.
արտադրական ուսուցման վարպետ` անձի արհեստագործական հմտությունները ապահովող, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և (կամ) մասնագիտական ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող.
մասնագետ` միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.
արհեստավոր` արհեստագործական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է արհեստագործական կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.
արհեստագործական ուսումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արհեստագործական կրթական ծրագիր.
քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագիր.
ուսումնառության ժամկետ` տվյալ մասնագիտական կրթական չափորոշիչով սահմանված ուսումնառության նվազագույն տևողություն.
կրեդիտ (չափանիշ)` ուսումնական բեռնվածության և գիտելիքների յուրացման չափաքանակ.
կրեդիտային (չափանիշային) համակարգ` ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական և անհատական պարապմունքները, խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, ամփոփիչ ստուգումների նախապատրաստումը, գնահատումը և այլն.
հեռավար (դիստանցիոն) ուսուցում` համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը ուսանողի կամ ունկնդրի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով.
դրսեկություն (էքստեռնատ)` ինքնակրթությամբ և արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով իրականացվող կրթության ձև.
ուսանողական նպաստ` ուսանողի ուսման վարձի փոխհատուցում պետական բյուջեի ֆինանսավորման, մասնագիտական ուսումնական հաստատության, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին.
որակի գնահատում (ատեստավորում)` արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության գնահատում.
սոցիալական գործընկեր` արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին աջակցող, համագործակցող և համակարգի զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություն կամ կազմակերպությունների միավորում, ներառյալ` ցանկացած տիպի ուսումնական հաստատություն:
(3-րդ հոդ. փոփ. 19.05.14 ՀՕ-18-Ն օրենք)
i
Հոդված 4. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և քաղաքացիների իրավունքների պետական երաշխիքները |
Պետությունը պայմաններ է ստեղծում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի բնականոն գործունեության և զարգացման համար:
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`
1) քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մասնագիտական կրթության իրավունքի ապահովումը և պաշտպանությունը.
2) ժամանակակից անձի ու քաղաքացու ձևավորման, հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրության ու զարգացման, աշխատանքային շուկայում մրցունակության և սոցիալական գործընկերության ապահովումը.
3) ուսանողի և ունկնդրի մասնագիտական գիտելիքների և հմտությունների համապատասխանության ապահովումը տնտեսության ու աշխատանքային շուկայի պահանջներին.
4) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը և շարունակականությունը.
5) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կառավարման թափանցիկությունն ու կոլեգիալությունը.
6) մրցութայնությունը և հրապարակայնությունը.
7) արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող սուբյեկտների իրավահավասարությունը.
8) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և վերահսկելիությունը.
9) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մատչելիությունը, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմաններ տրամադրելու և ներառման միջոցով.
10) սոցիալական գործընկերների հետ համագործակցությունը.
11) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորումների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.
12) հայազգի օտարերկրյա քաղաքացիների (սփյուռքի համար) արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու ապահովումը:
2. Պետությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատուժի շուկայի կազմը և կառուցվածքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է`
1) մրցութային կարգով արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն` պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) սոցիալական գործընկերների պատվերով և ֆինանսավորմամբ արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և մասնագիտական ուսուցում.
3) պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում` համապատասխան բյուջետային հատկացումների հաշվին.
4) մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հավասար հնարավորություններ` կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով:
Պետությունն աջակցում է նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների կազմակերպմանը:
i
3. Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան:
(4-րդ հոդ. փոփ. 08.02.11 ՀՕ-52-Ն, 30.04.13 ՀՕ-39-Ն, 19.05.14 ՀՕ-18-Ն օրենքներ)
Հոդված 5. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները |
1. Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`
1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.
2) առաջնային և կարևոր բնագավառների, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի համար մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը աջակցելը.
3) կրթական գործընթացի անընդհատության, շարունակականության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
4) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը.
5) ուսանողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը:
2. Պետությունն ապահովում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում հետևյալ ձևերով.
1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կատարելագործում և արդիականացում.
2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման պետական ծրագրերի մշակում և իրականացում.
3) արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջներին.
4) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ֆինանսավորում` պետության պահանջներից ելնելով.
5) սահմանված կարգով արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողներին և ունկնդիրներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսանողական նպաստներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր).
i
6) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման, ուսուցման կազմակերպման նոր ձևերի, ներառյալ` կրեդիտային համակարգի ներդրում.
7) կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրում:
(5-րդ հոդ. փոփ. 08.02.11 ՀՕ-52-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 6. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգը |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգը ներառում է`
1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը, պետական հավատարմագրման չափանիշները.
2) հիմնական և լրացուցիչ արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները և համապատասխան այլ կազմակերպություններ.
3) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կառավարման լիազորված մարմինները (այսուհետ` լիազոր մարմիններ).
4) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի սոցիալական գործընկերները:
i
Հոդված 7. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը |
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են`
1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակը և նրա գնահատման հիմքերը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտական կրթական քաղաքականության միասնականությունը.
3) օտարերկրյա պետությունների հետ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հիմքերի համեմատելիությունն ու համարժեքությունը:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են`
1) ընդհանուր պահանջներ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի նկատմամբ.
2) պահանջներ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ` տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.
3) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում` կրեդիտների քանակը.
4) սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման ու հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):
4. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերով.
1) արհեստագործական հիմնական կրթական ծրագրով` արհեստավորի.
2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով` մասնագետի.
3) արհեստագործական և միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով` վերապատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերաորակավորման:
5. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել նաև փորձնական մասնագիտական կրթական ծրագրեր` լիազորված մարմնի սահմանած կարգով:
6. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները համապատասխան գործատուների առաջարկությունների հիման վրա մշակում և հաստատում են պետական կրթական չափորոշիչներին համապատասխանեցված ուսուցանվող մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, որոնք երաշխավորում են կրթական տարբեր փուլերում ուսանողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)` ապահովելով կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:
7. Կրեդիտների կուտակման և փոխանցման միջոցով ապահովվում է ուսանողների շարժունությունը միջին մասնագիտական կրթական համակարգի ներսում, միջին մասնագիտական համակարգից` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգ և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգից` միջին մասնագիտական կրթական համակարգ:
Հոդված 8. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսումնառության ժամկետները և ձևերը |
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են արհեստագործական կրթության «արհեստավոր» և միջին մասնագիտական կրթության «մասնագետ» որակավորման աստիճանները:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ուսումնառության ժամկետները սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչներով` կախված մասնագիտության ուսուցման առանձնահատկությունից և ուսանողի մինչ այդ ստացած կրթությունից կամ կրեդիտների քանակից:
3. Արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 6 ամսից մինչև 3 տարի է:
Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել արհեստագործական կրթական ծրագրով իրականացվող կրթության այլ հիմք և ուսուցման տևողություն:
Միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 2 տարուց մինչև 5 տարի է:
4. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի` նույն մասնագիտության տարբեր աստիճաններում ուսումնառությունը չի համարվում երկրորդ մասնագիտական կրթության ստացում:
5. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ ստացած անձինք իրավունք ունեն սահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:
i
6. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկություն (էքստեռնատ), անհատական մասնագիտական ուսուցում (վարպետային ուսուցում): Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը չի արգելվում:
Հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատ) և անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցում) ձևերով ուսուցման մասնագիտությունների ցանկերը և կարգերը հաստատում է կառավարությունը:
Հոդված 9. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունները |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատում է կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ` համապատասխան ոլորտների լիազորված մարմինների առաջարկությամբ:
2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` համապատասխան ոլորտների լիազորված մարմինների առաջարկությամբ:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում նոր մասնագիտություն կարող է ընդգրկվել միայն տվյալ մասնագիտության չափորոշիչի առկայության դեպքում:
Հոդված 10. |
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նրանց խնդիրներն ու տեսակները |
1. Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
Ոչ պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
2. Արհեստագործական կրթության համակարգում սահմանվում է արհեստագործական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը` արհեստագործական ուսումնարան:
Միջին մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը` քոլեջ:
3. Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լիազորված պետական մարմիններին որոշում է կառավարությունը:
4. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են`
1) ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը.
2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.
3) ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
4) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
5) սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.
6) ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:
Հոդված 11. |
Ընդունելությունը արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում |
ԻՐՏԵԿ |
01.05.2020 թվականից 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրվելու է նոր խմբագրությամբ` 25.03.20 ՀՕ-175-Ն օրենք: |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային հիմունքներով: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով` իրենց ընտրությամբ:
2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունը իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:
3. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունը պարտավոր է դիմորդին ծանոթացնել իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:
4. Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ըստ կրթական ծրագրերի սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
5. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը կատարվում է կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին համապատասխան մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:
(11-րդ հոդ. փոփ. 23.06.10 ՀՕ-113-Ն օրենք)
Հոդված 12. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կազմակերպումը |
i
1. Արհեստագործական կրթությունը և ուսուցումը իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, քոլեջներում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, համապատասխան լիցենզիա ունեցող և անհատական մասնագիտական ուսուցում իրականացնող վարպետների մոտ:
2. Միջին մասնագիտական կրթությունը և ուսուցումն իրականացվում է քոլեջներում, համապատասխան մասնագիտությունների գծով կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում (դրանց առանձնացված ստորաբաժանումներում)` լիցենզիայի առկայությամբ:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը կազմակերպվում է պետական կրթական չափորոշիչների, գործատուների առաջարկությունների հիման վրա համապատասխան ուսումնական հաստատության մշակած ու հաստատած ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջոցով:
4. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներով և կրթական ծրագրերով նախատեսված և հիմնարկներում ու կազմակերպություններում իրականացվող պրակտիկաները (ուսումնական, արտադրական, ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային, այլն) իրագործվում են այդ հիմնարկների և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն:
i
5. Պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով կամ ինքնակրթությամբ կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 13. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձին տրվում է արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ` տվյալ մասնագիտական ուսումնական հաստատության կամ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ավարտական փաստաթղթերն են`
1) արհեստագործական կրթության դիպլոմը և դրա ներդիրը.
2) միջին մասնագիտական կրթության դիպլոմը և դրա ներդիրը.
3) մասնագիտական ուսուցման, ներառյալ` վարպետային ուսուցման որակավորման վկայականը:
3. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության հիմնական կամ լրացուցիչ կրթական ծրագիրը չավարտած անձին տրվում է ակադեմիական տեղեկանք` ուսումնասիրած առարկաների, դասընթացների, դրանց ժամաքանակի և արդյունքների նշումով:
ԳԼՈՒԽ 3
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 14. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կառավարման համակարգը |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի կառավարումն իրականացնում են`
1) կառավարությունը.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը (մարմինները).
3) Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման մարմինները, որոնց ենթակայությամբ գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ.
4) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության գործադիր մարմինը:
i
Հոդված 15. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարության իրավասությունները |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարությունը`
1) հավանություն է տալիս արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությանը.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները.
3) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը.
4) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.
i
5) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ընդհանրական բնութագրերը և ցանկերը` ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի և տևողության, ինչպես նաև այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է հեռակա, հեռավար, դրսեկության կարգով ուսուցումը.
6) հաստատում է ըստ մասնագիտական կրթության մասնագիտությունների տրվող որակավորումների ցանկերը.
7) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետը.
8) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպությունների, դրանցում ուսուցանվող կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը.
9) (9-րդ կետն ուժը կորցրել է 21.06.2014 թվականից` 19.05.14 ՀՕ-18-Ն օրենք)
10) հաստատում է ֆինանսական միջոցների տրամադրման կարգը, ներառյալ` ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսանողական նպաստ և ուսումնական վարկ հատկացնելու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.
i
11) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության իրականացման առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատի) և անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձևերով ուսուցման, սահմանամերձ, ինչպես նաև բարձրլեռնային բնակավայր գործուղման համար մասնագիտությունների ցանկերը և կարգերը.
12) ապահովում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության զարգացումը.
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:
(15-րդ հոդ. փոփ. 04.02.10 ՀՕ-22-Ն, 08.02.11 ՀՕ-52-Ն, 11.05.11 ՀՕ-153-Ն, 30.04.13 ՀՕ-39-Ն, 19.05.14 ՀՕ-18-Ն օրենքներ)
i
Հոդված 16. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`
1) մշակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը.
i
2) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները և որակավորումների բնութագրերը` ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների.
3) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերը.
4) իր իրավասությունների շրջանակում մշակում և հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գործունեությունը կանոնակարգող այլ իրավական ակտեր.
i
5) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը.
6) հաստատում է ուսանողների (ունկնդիրների)` մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը.
7) իր իրավասության շրջանակներում իրականացնում է վերահսկողություն արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման և նրանց պատրաստման որակի նկատմամբ.
8) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում որակի գնահատման և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը.
9) իրականացնում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորումը, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի, մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրումը.
10) սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգը.
11) հաստատում է մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը.
12) արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով աջակցում է արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման մարմինների ձևավորմանը.
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
(16-րդ հոդ. փոփ. 04.02.10 ՀՕ-22-Ն օրենք)
Հոդված 17. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարման այլ մարմինների իրավասությունները |
Կառավարության լիազորած կառավարման այլ մարմինները արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում`
1) իրենց իրավասության սահմաններում մասնակցում են հետևյալ գործընթացների իրականացմանը.
- արհեստագործական և միջին մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակում, մասնագիտությունների և մասնագիտացումների ցանկերի, մասնագետների որակավորման պահանջների, ուսանողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նկատմամբ պահանջների ձևավորում, մեծահասակների կրթության և ուսուցման կազմակերպում,
- շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման և որակավորման աստիճանների շնորհում,
- բնագավառի աշխատողների որակավորման բարձրացման և վերաորակավորման կազմակերպում.
2) ապահովում են ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների և գործնական աշխատանքների իրականացումը.
3) ուսումնասիրում են աշխատանքային շուկայի պահանջարկը և առաջարկություններ են ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին մասնագետների և նրանց պատրաստման պայմանների վերաբերյալ.
4) հաստատում են իրենց ենթակայության արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները.
5) արհեստագործական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների հիմնական գործատուները կարող են մշակել մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության հիմքերը (մեխանիզմները) և դրանք առաջարկել համապատասխան լիազոր մարմնին և կազմակերպությանը:
Հոդված 18. |
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության լիազորությունները և կառավարումը |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, սույն օրենքին, այլ իրավական ակտերին և իր կանոնադրությանը համապատասխան`
1) ըստ կրթական ծրագրերի և ուսուցման ձևերի իրականացնում է ուսանողների և ունկնդիրների ընդունելությունը, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ և պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը` պետական կրթական չափորոշիչների պահանջներով.
2) ապահովում է դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.
3) իրականացնում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր.
4) աջակցում է ուսանողական ինքնակառավարմանը, ուսանողների մասնակցությանը ուսումնական հաստատության կողմից իրականացվող ծրագրերում.
5) իրականացնում է մեծահասակների կրթության և ուսուցման ծրագրեր:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազոր պետական մարմինը, հաստատության գործադիր մարմինը (տնօրեն) և ուսումնական հաստատության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):
i
3. Խորհուրդը տվյալ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով: Խորհուրդը ձևավորվում է մանկավարժական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից:
Խորհրդի ձևավորման կարգը սահմանում է լիազոր մարմինը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ, սակայն ոչ ավելի, քան 20 հոգի:
Խորհրդի լիազորությունների մեջ մտնում են հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի, ուսման վարձի հաստատումը, տնօրենի ընտրությունը, ինչպես նաև ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հիմնադրի որոշմամբ կամ տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ ձևավորվում են գիտական խորհուրդներ և կարող են ձևավորվել խորհրդակցական և վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության գործադիր մարմնի` տնօրենի նշանակման (ընտրության) և ազատման, ինչպես նաև նրա գործունեության կարգը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
4. Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքում է լիազորված մարմնի ղեկավարը:
i
Հոդված 18.1. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատության տնօրենը և նրա իրավասությունը |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրեն, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների պետերի, կարող է ընտրվել կամ նշանակվել այն անձը, որն ունի արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) (այսուհետ` Հավաստագիր):
2. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը նշանակվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
4. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ արհեստագործական և միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատության տնօրեն, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և Հավաստագիր ստացած անձը:
5. Հավաստագիր ստանալու համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, սույն օրենքով սահմանված կարգով ստացած վերապատրաստման վկայական և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
6. Հավաստագիր ստանալու համար դիմած անձի վերապատրաստում կարող են իրականացնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված (երաշխավորված) կազմակերպությունները:
7. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.
2) քննություն` թեստավորման և հարցազրույցի միջոցով.
3) Հավաստագրի շնորհում` հինգ տարի ժամկետով:
i
8. Հավաստագրման քննությունների կազմակերպման և հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաև հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
9. Հավաստագրումը կազմակերպվում է առնվազն տարին մեկ անգամ:
10. Հավաստագրման գործընթացի մասին հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
11. Հավաստագրման քննությունների հարցաշարի բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:
12. Հավաստագրման քննությունը հավաստագրման ընթացակարգով հանձնած անձին շնորհվում է Հավաստագիր:
13. Հավաստագիր ստացած անձանց ցուցակը հրապարակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հավաստագրման ընթացակարգով սահմանված ժամկետում:
14. Հավաստագրման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
15. Հավաստագիր ստացած անձը կարող է Հավաստագիրը ստանալու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, մասնակցել արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման դեպքում` կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակվել ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
16. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է`
1) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ցանկին համապատասխան փաստաթղթերը.
2) Հավաստագիրը.
3) ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագիրը:
17. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարի հիման վրա:
18. Մրցույթում հաղթած և օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի ղեկավարի հետ աշխատանքային պայմանագիր կնքած արհեստագործական կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը` անկախ Հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պաշտոնավարում է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը:
19. Հավաստագիր ստացած անձը կարող է մինչև Հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և սահմանված կարգով հավաստագրվել:
20. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել և ընտրվել (նշանակվել) այն անձը, որը`
1) սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.
2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեությանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է կառավարությունը.
5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
21. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենը`
1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) պատասխանատու է մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների (որակավորման չափորոշիչների) և կարողությունների զարգացմանը միտված մոդուլային ուսուցման ծրագրի կատարման չափանիշներն ապահովող համապատասխան կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպման, ուսանողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.
3) ղեկավարում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքին.
4) կազմում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և տվյալ ուսումնական հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում լիազոր մարմին.
5) խորհրդի հավանությանն է ներկայացնում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.
6) իրականացնում է օրենքով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(18.1-ին հոդ. լրաց. 19.05.14 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 19. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովումը և դրա նկատմամբ պետական վերահսկողությունը |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման կազմակերպումը իրականացնում է տվյալ ուսումնական հաստատությունը կամ մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպությունը:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակի նկատմամբ պետական վերահսկողությունը նպատակաուղղված է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի և այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, լիազոր մարմինները` լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ` որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:
4. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում որակի ապահովման գործընթացների սկզբունքներն են գնահատման օբյեկտիվությունը, անընդհատությունը, թափանցիկությունը, միասնականությունը և հրապարակայնությունը:
i
Հոդված 20. |
Մասնագիտական կրթական գործունեության (կրթական ծրագրերի) լիցենզավորումը և արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հավատարմագրումը |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական գործունեություն (կրթական ծրագրեր) կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:
2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության և ուսուցման ուսումնական հաստատությունը լիցենզավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական գործունեության լիցենզավորումն իրականացվում է տվյալ կրթական ծրագրի յուրաքանչյուր մասնագիտության համար առանձին:
4. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների և կրթական ծրագրերի պետական հավատարմագրումն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում` ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների:
5. Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգում պետական հավատարմագրման են ենթակա արհեստավորի և մասնագետի կրթական ծրագրերը:
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 04.06.2011 թվականից` 11.05.11 ՀՕ-153-Ն օրենք)
7. Պետական հավատարմագրման վկայականը հավաստում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության և շրջանավարտների կրթության որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:
8. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` մասնաճյուղ ունեցող մասնագիտական ուսումնական հաստատության հայտի հիման վրա:
9. Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա այլ պետությունների արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, այլ կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները և դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և լիցենզավորվում, հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավատարմագրված լինելու փաստը:
11. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաև հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց չափանիշներին և պահանջներին մասնագիտական ուսումնական հաստատության գործունեության որակական չափանիշների համապատասխանության ճանաչումն է:
(20-րդ հոդ. փոփ. 11.05.11 ՀՕ-153-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
Հոդված 21. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողները և ունկնդիրները |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողն իրավունք ունի`
1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում են ուսումնական հաստատությունները.
2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները.
3) մասնակցելու արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին.
4) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, անցնելու ուսումնական այլ դասընթաց` հաստատության սահմանած կարգով.
5) վճարովի ուսուցման համակարգից փոխադրվելու անվճար ուսուցման համակարգ.
6) օգտվելու ուսման տարեկան վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից (ուսումնական նպաստների ձևով)` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
7) օգտվելու սահմանված չափի, ներառյալ` անվանական, ինչպես նաև իրենց ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից և վարկերից, նվիրատվություններից և դրամաշնորհներից.
8) ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան:
Առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատում է կառավարությունը, ինչպես նաև սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը:
Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին: Պետական կրթաթոշակի տրման կարգը և չափը սահմանում է կառավարությունը.
9) ուսանողները կարող են օգտվել օրենքներով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
i
2. Առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ուսանողին կարող է տրամադրվել ակադեմիական արձակուրդ, որի ընթացքում նա պահպանում է ուսանողի իր իրավունքը: Ակադեմիական արձակուրդ տրամադրելու կարգը և ժամկետները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
i
3. Ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած անձի ուսանողական իրավունքը կարող է վերականգնվել` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
4. Ուսանողի տեղափոխությունը պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատություն կարող է իրականացվել մեկ այլ պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատությունից:
5. Ունկնդիրները մասնագիտական կրթական ծառայություններ ստանալու մասով օգտվում են ուսանողների իրավունքից:
6. Ուսանողը կամ ունկնդիրը կրում է պարտականություններ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված կարգով:
(21-րդ հոդ. փոփ. 08.02.11 ՀՕ-52-Ն օրենք)
Հոդված 22. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի աշխատողները |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում նախատեսվում են մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ անձնակազմեր:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները:
i
3. Մանկավարժական աշխատողների տարակարգերին և պաշտոններին ներկայացվող պահանջները, մրցույթների կազմակերպման և անցկացման, վերապատրաստման և ատեստավորման կարգերը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
4. Մասնագիտական կրթության համակարգի աշխատողները իրավունք ունեն օգտվելու օրենքներով և տվյալ մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
ԳԼՈՒԽ 5
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 23. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի սեփականության հարաբերությունները |
1. Արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով տրամադրում է շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ գույք:
Պետական արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին հիմնադիրը (հիմնադիրները) գույքը տրամադրում է անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությանը նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:
Հոդված 24. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորումը |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)` օրենքով սահմանված կարգով:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական համակարգը ըստ կառավարության սահմանած չափի և հատկացումների ֆինանսավորվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:
3. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են`
1) սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ և օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից.
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, դրամաշնորհներն ու վարկերը.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները:
4. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները սահմանված կարգով իրականացնում են իրենց տնտեսական և ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառումը:
5. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում տնտեսական և ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրենց լիազորությունների սահմանում իրականացնում են լիազորված մարմինները:
6. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասը ուժի մեջ է մտնում 2008 թվականի մայիսի 25-ից:
2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասը արհեստագործական կրթական ծրագրերի մասով ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 20-րդ հոդվածի չորրորդ մասը արհեստագործական կրթական ծրագրերի մասով ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից:
5. Սույն օրենքի 21-րդ հոդվածի չորրորդ մասը ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից:
6. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները վերանվանվում են քոլեջներ:
7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
(25-րդ հոդ. փոփ. 30.04.08 ՀՕ-57-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. օգոստոսի 13 Երևան ՀՕ-164-Ն
|