Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                    ԵԴ/0120/06/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0120/06/18

Նախագահող դատավոր` Ս. Մարաբյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

                    մասնակցությամբ`   Ա. Հարությունյանի

                    դատախազ

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին

դռնբաց դատական նիստում քննության առնելով մեղադրյալ Ներսես Մանուկի Շիրինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 13151218 քրեական գործը:

2018 թվականի հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 13157618 քրեական գործը:

2018 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել թիվ 13151218 քրեական գործը թիվ 13157618 քրեական գործին միացնելու մասին:

Բացի այդ, 2018 թվականի փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է թիվ 13169118 քրեական գործը:

2018 թվականի փետրվարի 28-ին որոշում է կայացվել թիվ 13169118 քրեական գործը թիվ 13157618 քրեական գործին միացնելու մասին:

2. 2018 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացվել Ներսես Շիրինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրը մեղադրյալ Ն.Շիրինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և հայտարարվել է հետախուզում:

2018 թվականի մարտի 3-ին Ն.Շիրինյանը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին ու նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

3. Նախաքննական մարմինը 2018 թվականի մարտի 26-ին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) թիվ 13157618 քրեական գործով մեղադրյալ Ն.Շիրինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով կիրառելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ մերժվել է:

4. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մերժվել է, բողոքարկված դատական ակտը` թողնվել անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ն.Շիրինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(...) Նա, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով` 0.44 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը 2017 թվականի դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից:

Այսպես.

Ներսես Մանուկի Շիրինյանը քննությամբ չպարզված ժամանակ և հանգամանքներում, անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի` իր գործածման համար, ապօրինի ձեռք բերելով խոշոր չափերով` 0.44 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց` հետագա գործածման համար պահել է իր մոտ:

2017 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 16:45-ի սահմաններում, Ներսես Մանուկի Շիրինյանը ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Վարդանանց - Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում` արգելված վայրում կայանելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների հետ, ապա, դիմելով փախուստի, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ գրպանից հանել է կտորից դրամապանակը և նետել գետնին: Դեպքի վայրի զննությամբ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները հայտնաբերել և վերցրել են կտորից դրամապանակը, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային փաթեթ, խոշոր չափերով` 0.44 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց»1:

________________________

1) Տե՛ս նյութեր, թերթեր 42-43:

 

7. Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշումներով Ն.Շիրինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը2 և հայտարարվել է հետախուզում3: 2018 թվականի մարտի 3-ին հետախուզման մեջ գտնվող Ն.Շիրինյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին4:

________________________

2) Տե՛ս նյութեր, թերթեր 44-45:

3) Տե՛ս նյութեր, թերթեր 46-47:

4) Տե՛ս նյութեր, թերթ 52:

 

7.1. Հարցաքննության կանչելու վերաբերյալ ծանուցագրի համաձայն` Ն.Շիրինյանը հրավիրվել է քննիչի մոտ որպես մեղադրյալ հարցաքննության 2018 թվականի մարտի 6-ին` ժամը 09:00-ին: Հիշյալ ծանուցագրի վրա առկա է հետևյալ ձեռագիր գրառումը` «չեմ կարող ներկա գտնվել և խնդրում եմ քննիչին` կանչել 10.03.2018թ. [ստորագրություն]»5:

________________________

5) Տե՛ս նյութեր, թերթ 60:

 

Հարցաքննության կանչելու վերաբերյալ մեկ այլ ծանուցագրի համաձայն` Ն.Շիրինյանը հրավիրվել է քննիչի մոտ որպես մեղադրյալ հարցաքննության 2018 թվականի մարտի 15-ին` ժամը 14:30-ին: Հիշյալ ծանուցագրի վրա առկա է հետևյալ ձեռագիր գրառումը` «ստացա օրինակը [ստորագրություն]»6:

________________________

6) Տե՛ս նյութեր, թերթ 61:

 

«Բերման ենթարկելու մասին» քննիչի որոշման համաձայն` պատշաճ ծանուցված, սակայն առանց հարգելի պատճառների հարցաքննության չներկայացած Ն.Շիրինյանին հարկ է բերման ենթարկել քննիչի մոտ` 2018 թվականի մարտի 20-ին, ժամը 13:00-ին7:

________________________

7) Տե՛ս նյութեր, թերթ 62:

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետին հասցեագրված գրության համաձայն` Ն.Շիրինյանին հնարավոր չի եղել բերման ենթարկել քննչական բաժին, քանի որ բնակարանի դուռը գտնվել է փակ վիճակում8: Գրությանը կից ուղարկվել է նաև կազմված արձանագրությունը9:

________________________

8) Տե՛ս նյութեր, թերթ 63:

9) Տե՛ս նյութեր, թերթ 64:

 

Վերաքննիչ դատարանը թիվ 11339/18 գրությամբ ծանուցել է մեղադրյալ Ն.Շիրինյանին 2018 թվականի ապրիլի 9-ին` ժամը 15:30-ին տեղի ունենալիք դատական նիստի մասին, սակայն փոստային ծրարը «չպահանջված» նշումով հետ է վերադարձվել10:

________________________

10) Տե՛ս նյութեր, թերթ 97:

 

7.2. Թիվ ԵԴ/0684/01/18 քրեական գործն ըստ մեղադրանքի Ներսես Շիրինյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 2018 թվականի սեպտեմբերի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ն.Շիրինյանի նկատմամբ կիրառել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցրել է11:

________________________

11) Տե՛ս www.datalex.am, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ:

 

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում արձանագրվել է հետևյալը. «Համաձայն նախաքննության մարմնի ներկայացված միջնորդության և դրան կից փաստաթղթերի ակնհայտ է դառնում, որ մեղադրյալ Ն.Շիրինյանը բնակության հասցեից չի բացակայում, հայտնի է նրա գտնվելու վայրը, միջնորդությանը կից փաստաթղթերում առկա չէ հավաստագիր այն մասին, որ մեղադրյալ Ն.Շիրինյանը պատշաճ կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու համար, սակայն չի ներկայացել: Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից չեն ձեռնարկվել օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցառումները մեղադրյալի ներկայությունը քննությանն ապահովելու ուղղությամբ և նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզ է դառնում, որ մեղադրյալի հետախուզումը ձևական բնույթ է կրում:

Միջնորդություն հարուցած անձի փաստարկներն այն մասին, որ մեղադրյալ Ն.Շիրինյանը խախտել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, երկու անգամ առանց հարգելի պատճառների չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, վերջինիս հնարավոր չի եղել նաև ներկայացնել` բնակության վայրից բացակայելու պատճառով` համաձայն 19.03.2018թ. բերման ենթարկելու մասին որոշմանն ի պատասխան գրության և արձանագրության, անհիմն են, չեն բխում ներկայացված նյութերից: Համաձայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետի 21.03.2018թ. գրության` «Ներսես Շիրինյանին հնարավոր չի եղել բերման ենթարկել Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժին, քանի որ ք. Երևան, Կողբացի 1 շենք, բն. 89 հասցեի դուռը գտնվել է փակ վիճակում»:

Դատարանը հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, մեղադրյալի անձը, այն, որ նրան մեղսագրվում է միջին ծանրության հանցավոր արարք, ունի մշտական բնակության վայր, հայտնի է նրա գտնվելու վայրը, աշխատում է «Ռոսթ Նեվթ» ՍՊ ընկերությունում որպես տնօրեն, նախկինում դատված չի եղել, ըստ էության պատշաճ կարգով ծանուցված չի եղել վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու համար` դատարանը գտնում է, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման (...)»12:

________________________

12) Տե՛ս նյութեր, թերթեր 70-73:

 

i

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Եվրոպական դատարանի ձևավորած չափանիշներից ակնհայտ է դառնում, որ անձի նկատմամբ կարող է որոշում կայացվել խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, եթե անգամ գտնվում է հետախուզման մեջ, սակայն նրա հայտնաբերվելու դեպքում իրավասու մարմինները պարտավոր են ապահովել ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված դատավորի մոտ անհապաղ տանելու պահանջի կատարումը:

Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի կողմից ձևավորած այս դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը Տ.Վահրադյանի վերաբերյալ որոշմամբ փորձեց լուծել ինչպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության և ՄԻԵԿ 5-րդ հոդվածի միջև առկա հակասությունը, այլև երաշխավորել ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 3-րդ մասի իմպերատիվ պահանջի կատարումը:

(...)

Արդյունքում ձևավորվել է այնպիսի իրավակիրառական պրակտիկա, երբ առանց մեղադրյալի մասնակցության դատարանում քննարկվում է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը և, եթե դատարանի կողմից բավարարվում է քննիչի միջնորդությունը, ապա նրա ի հայտ գալու և քննիչի տրամադրության տակ հայտնվելու դեպքում` քննիչը 72 ժամվա ընթացքում կրկին միջնորդություն է ներկայացնում դատարան կալանավորման հարցը կրկնակի քննարկելու համար:

Համաձայնելով Վճռաբեկ դատարանի ձևավորած դիրքորոշումների հիման վրա ձևավորված դատական պրակտիկային, Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ այն պետք է ենթարկել որոշակի սահմանափակումների և կիրառելի դարձնել միայն այն դեպքում, երբ անձը գտնվում է միջազգային (միջպետական) հետախուզման մեջ, քանի որ մնացած բոլոր դեպքերում, երբ անձը գտնվում է ներպետական (տեղական) հետախուզման մեջ, քրեադատավարական օրենսդրությունն ունի այնպիսի կառուցակարգ, որը ճիշտ մեկնաբանելու և կիրառելու դեպքում կարող է բացառել` առանց մեղադրյալի մասնակցության նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը:

Այլ կերպ ասած` բացառապես այն դեպքում պետք է առանց մեղադրյալի մասնակցության քննարկել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը, երբ նա գտնվում է միջազգային (միջպետական) հետախուզման մեջ, իսկ այն դեպքում, երբ նա գտնվում է ներպետական (տեղական) հետախուզման մեջ, ապա նրա նկատմամբ կալանավորման հարցի քննարկում չպետք է իրականացվի նրա բացակայությամբ կամ հեռակա կարգով:

Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը նախևառաջ պայմանավորված է ՀՀ կողմից վավերացրած միջազգային իրավական ակտերի և մասնավորապես` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի և 07.10.2002թ. Քիշնևի կոնվենցիաների (այսուհետ` Մինսկի և Քիշնևի կոնվենցիա), ինչպես նաև 13.12.1957 թվականի «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Հանձնման մասին կոնվենցիա) պահանջներով:

Բանն այն է, որ Մինսկի, Քիշնևի և Հանձնման մասին կոնվենցիաների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հետախուզման մեջ գտնվող անձի հանձնման մասին պահանջը կարող է կատարվել, եթե առկա է կալանավորման մասին դատարանի որոշումը (...):

Այսպիսով, միջազգային (միջպետական) հետախուզում հայտարարելու դեպքում առանց մեղադրյալի մասնակցության նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը իրավաչափ է և պայմանավորված է առնվազն ՀՀ կողմից վավերացրած Մինսկի, Քիշնևի և Հանձնման մասին կոնվենցիաների պահանջների կատարման անհրաժեշտությամբ, քանի որ առանց կալանավորման մասին իրավասու մարմնի որոշման հնարավոր չէ իրականացնել մեղադրյալի միջազգային հետախուզում, նրա կալանավորում և հանձնում հայցող պետությանը: Հետևաբար, միջպետական հետախուզումն այն եզակի դեպքն է, որը թույլ է տալիս անձի նկատմամբ կալանավորման հարց քննարկել նրա բացակայությամբ: Ի դեպ, հենց այս հանգամանքով էր պայմանավորված Եվրոպական դատարանի Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով վճռում ձևավորած մոտեցումը, որով դատարանը հնարավոր է համարում միջազգային հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ առանց նրա մասնակցության նրա նկատմամբ կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց, սակայն պայմանով, որ նրա ի հայտ գալու և իրավասու մարմինների տրամադրության տակ հայտնվելու դեպքում անհապաղ տարվի դատավորի մոտ:

Թեև այս կանոնը ՀՀ վճռաբեկ դատարանը տեղայնացրեց` ապահովելու համար ինչպես անձի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորված իրավունքի իրացումը, այնպես էլ վերացնելու ՀՀ օրենսդրության և Կոնվենցիայի միջև եղած հակասությունը, սակայն չտարանջատեց հետախուզման տեսակը, արդյունքում ստացվեց այնպես, որ ՀՀ իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մոտեցումներին համապատասխան` էական չէ, թե անձի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, թե ներպետական` նրա նկատմամբ կալանավորման հարցը քննարկվում է նրա բացակայությամբ և, եթե դատարանը բավարարում է կալանավորումը, ապա նրա ի հայտ գալու դեպքում քննիչը կրկին միջնորդություն է ներկայացնում դատարան կալանավորման հարցը վերստին քննարկելու համար:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` նման պրակտիկան ոչ միայն իրավաչափ չէ և ըստ էության քրեադատավարական օրենսդրությունը շրջանցելու միջոց է, այլև դրա արդյունքում ավելորդ ծանրաբեռնվում և կրկնակի աշխատանք են կատարում, թե նախաքննության մարմինները, թե դատարանները, ավելին` հաճախ վտանգվում են անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրված է այնպիսի կառուցակարգ, որը հնարավորություն է տալիս առանց հեռակա կարգով կալանավորում կիրառելու` լուծել ներպետական հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ նրա ներկայությունն ապահովելու հարցերը: Այլ կերպ ասած` ներպետական (տեղական) հետախուզման դեպքում առկա է քրեադատավարական այլ կառուցակարգ, որը կարող է լիարժեք փոխարինել հեռակա կալանավորմանը, խոսքը մասնավորապես վերաբերում է Օրենսգրքի 259-րդ հոդվածով նախատեսված մեղադրյալին հետախուզելու և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու կառուցակարգերին:

(...)

Վերոգրյալի հիման վրա` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ մեղադրյալը գտնվում է հետախուզման մեջ և նրա նկատմամբ կալանավորում կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվում դատարան, ապա պետք է ներկայացվեն լրացուցիչ նյութեր առ այն, որ մեղադրյալի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, եթե նման նյութեր չեն ներկայացվում, ապա դատարանն իրավունք ունի մերժելու կալանավորման կիրառումը հենց այդ պատճառաբանությամբ: Մնացած բոլոր դեպքերում, այսինքն` երբ հայտարարվում է ներպետական հետախուզում, ապա անհրաժեշտություն չկա առանց անձի որոշում կայացնել նրա նկատմամբ կալանավորում կիրառելու մասին, իսկ նրան հայտնաբերելուց հետո` կրկին միջնորդություն ներկայացնել դատարան արդեն իսկ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը կրկին քննարկելու համար` ինչպես սահմանել է ՀՀ վճռաբեկ դատարանը Տ.Վահրադյանի վերաբերյալ որոշմամբ:

Դատարանի այս հետևության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ հաճախ արհեստականորեն հետախուզում հայտարարելու հիմքեր են ստեղծվում, այնուհետև ձևական հետախուզում հայտարարվում` ինչպես արձանագրել է սույն դեպքում առաջին ատյանի դատարանը և հենց այդ պատճառաբանությամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվում դատարան, որպեսզի դատարանը որոշում կայացնի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, քանի որ հետախուզում հայտարարելու փաստն ինքնին բավարար է անձի ոչ պատշաճ վարքագծի մասին հետևություն անելու համար:

Այլ կերպ ասած` հետախուզում հայտարարելու դեպքում կալանավորման մասին միջնորդության բավարարումը առավել մեծ հավանականություն ունի, քան առանց դրա, ուստի ձևական, առանց բավարար հիմքերի հետախուզում հայտարարելու, այնուհետև նաև այդ հիմքով կալանավորման միջնորդությունը բավարարելու ակնկալիքով անձանց իրավունքների անհիմն սահմանափակումները բացառելու նկատառումներից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պետք է բացառել ներպետական հետախուզում հայտարարելու դեպքում կալանավորման մասին հարցի քննարկումը:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 131-րդ հոդվածում ամրագրված մեղադրյալին ձերբակալելու կանոնը, թեև ամրագրված է, որպես իրավունք, այլ ոչ թե պարտականություն, սակայն բոլոր այն դեպքերում, երբ քննիչը միջնորդություն է ներկայացնում դատարան խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ապա ձերբակալումը դառնում է պարտադիր, եթե անձի նկատմամբ հայտարարված չէ միջազգային հետախուզում:

Վերոգրյալ իրավական վերլուծության լույսի ներքո անդրադառնալով բողոքարվող որոշման օրինականությանը և հիմնավորվածությանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թեև այն ըստ էության գործը ճիշտ լուծող դատական ակտ է, սակայն թերի է պատճառաբանված:

Բանն այն է, որ դատարանը մերժելով քննիչի միջնորդությունը և արձանագրելով, որ հետախուզումը կրել է ձևական բնույթ, քննիչի կողմից չեն ձեռնարկվել օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցառումները մեղադրյալի ներկայությունը քննությանն ապահովելու ուղղությամբ` չի մանրամասնել, թե ինչ միջոցների մասին է խոսքը (որպիսի հարցադրում արել է բողոքաբերը):

Վերաքննիչ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ քննիչը թեև միջնորդության մեջ նշել է, որ մեղադրյալի նկատմամբ հայտարարել է հետախուզում և ըստ այդմ` առաջին ատյանի դատարանը միջնորդության քննարկումն իրականացրել է առանց մեղադրյալի մասնակցության, սակայն միջնորդությանը կից դատարանին չի ներկայացրել հետախուզում հայտարարելու մասին որոշումը, որպեսզի դատարանը հնարավորություն ունենար գնահատելու, թե իրականում նման որոշում կայացվել է, թե ոչ, եթե այո, ապա մեղադրյալի նկատմամբ հայտարարված է միջազգային, թե ներպետական հետախուզում:

Այսպիսով, նկատի ունենալով, որ առանց միջազգային հետախուզում հայտարարելու խոսք չի կարող լինել մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկման մասին, իսկ միջազգային հետախուզում հայտարարելու հանգամանքը պետք է ապացուցի միջնորդություն ներկայացրած անձը, իսկ այս դեպքում` քննիչը որևէ ապացույց չի ներկայացրել դատարանին այդ հանգամանքը ապացուցելու համար, ուստի իրավաչափ է դատարանի այն պատճառաբանությունը, որ հետախուզումը ձևական բնույթ է կրել, իսկ քննիչը օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները չի ձեռնարկել մեղադրյալի ներկայությունը քննությանն ապահովելու համար:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում քննիչը փոխարենը ղեկավարվեր Օրենսգրքի 131-րդ և 259-րդ հոդվածներով և լուծեր մեղադրյալին ձերբակալելու, այնուհետև, եթե անհրաժեշտություն կառաջանար նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ապա նման միջնորդություն ներկայացնելու հարցերը, դրսևորելով շտապողականություն և շրջանցելով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված և վերևում նշված մեղադրյալին հետախուզելու և ձերբակալելու կառուցակարգերը` միանգամից միջնորդություն է ներկայացրել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու խնդրանքով, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հենց քննարկվող միջոցառումների չկատարման հանգամանքն է արձանագրել առաջին ատյանի դատարանը, երբ նշել է, որ հետախուզումը կրել է ձևական բնույթ, քննիչի կողմից չեն ձեռնարկվել օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցառումները մեղադրյալի ներկայությունը քննությանն ապահովելու ուղղությամբ և այլն:

(...)

Անդրադառնալով բողոքի մյուս փաստարկներին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև հիմնավոր են բողոքաբերի այն պնդումները, որ առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել և քննարկման առարկա չի դարձրել հիմնավոր կասկածի հարցը, որը համարվում է կալանավորման կիրառման առաջնային պայմանը, քանի որ դատարանը մինչև կալանավորման հիմքերին անդրադառնալը պարտավոր էր քննարկել հիմնավոր կասկածի առկայության հարցը, այդուհանդերձ այս խախտումը սույն դեպքում, ինքնին, բավարար չէ դատական ակտը բեկանելու համար, քանի որ դատարանի որոշման վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ դատարանը փաստացի և ըստ էության հաստատած է համարել հիմնավոր կասկածի առկայությունը և քննարկել է միայն կալանավորման հիմքերի հարցը:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ եթե առաջին ատյանի դատարանը բավարարած լիներ քննիչի միջնորդությունը և անձի նկատմամբ կիրառած լիներ կալանավորումը որպես խափանման միջոց, իսկ բողոքը ներկայացրած լիներ պաշտպանական կողմը, ապա այդ խախտումը ներկայացնելը կլիներ իրավաչափ և միաժամանակ բավարար դատական ակտը բեկանելու համար, մինչդեռ դատախազի բողոքի հիման վրա և այն դեպքում, երբ դատարանը միջնորդությունը մերժել է կալանավորման հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, դատարանի կողմից թույլ տրված խախտումը հիմք չի կարող հանդիսանալ դատական ակտը բեկանելու համար, իսկ դատախազի բողոքն այս մասով կրում է զուտ ձևական բնույթ:

Անդրադառնալով կալանավորման կիրառման անհրաժեշտության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են և բավարար չեն առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և քննիչի միջնորդությունը բավարարելու համար:

Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը մերժելու հիմքում դրել է նաև այն, որ քննիչի փաստարկներն այն մասին, որ մեղադրյալ Ն.Շիրինյանը խախտել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, երկու անգամ առանց հարգելի պատճառների չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, վերջինիս հնարավոր չի եղել նաև ներկայացնել` բնակության վայրից բացակայելու պատճառով` անհիմն են, չեն բխում ներկայացված նյութերից:

Դատարանը նման եզրակացություն է արել հիմնվելով` 19.03.2018 թ. բերման ենթարկելու մասին որոշմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետի 21.03.2018թ. գրության և կազմած արձանագրության այն մասին, որ Ներսես Շիրինյանին հնարավոր չի եղել բերման ենթարկել Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժին, քանի որ ք. Երևան, Կողբացի 1 շենք, բն. 89 հասցեի դուռը գտնվել է փակ վիճակում:

Բողոքաբերն իր անհամաձայնությունն արտահայտելով դատարանի նման պնդումներին, այդուհանդերձ չի հիմնավորել որևէ փաստական տվյալով, որ իրականում մեղադրյալը պատշաճ կարգով եղել է ծանուցված, իսկ դատարանը սխալ հետևություն է արել:

Ինչ վերաբերում է քննիչի կողմից կայացրած բերման ենթարկելու մասին որոշումը չկատարելուն այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի բնակության հասցեի դուռը եղել է փակ վիճակում` Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` չի նշանակում, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից: Դեռ ավելին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պատճառաբանությամբ հետախուզում հայտարարելը և խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդություն ներկայացնելը դատարան` ակնհայտ անհիմն է, քանի որ, ինչպես նշվեց վերևում, օրենքով քննիչն ուներ այլ կառուցակարգեր մեղադրյալին հայտնաբերելու համար, որից քննիչն առանց բավարար հիմնավորումների և պատճառաբանությունների չի օգտվել, իսկ այն պայմաններում, երբ մեղադրյալն ունի մշտական բնակության վայր, հայտնի է նրա աշխատանքի վայրը, մեղադրվում է միջին ծանրության հանցագործության կատարման մեջ, նախկինում դատված չի եղել և այլն, ուստի հիմնավոր է առաջին ատյանի դատարանի կողմից քննիչի միջնորդությունը մերժելը:

Դատարանը չի անդրադառնում բողոքաբերի մնացած փաստարկներին, քանի որ վերոգրյալը բավարար է հետևություն անելու առ այն, որ առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է և հիմնավորված, իսկ վերաքննիչ բողոքը` անհիմն (...)»13:

________________________

13) Տե՛ս նյութեր, թերթեր 114-119:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը գտել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավորված չեն, չեն բխում գործի նյութերից:

Մասնավորապես անդրադառնալով միջազգային և ներպետական հետախուզում հայտարարելու դեպքում անձին կալանավորելու առանձնահատկությունների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին` բողոքի հեղինակը նշել է, որ նման մոտեցումը չի բխում հենց Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված ինչպես Վճռաբեկ դատարանի, այնպես էլ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների էությունից: Այդ որոշումների տրամաբանությունը հանգում է նրան, որ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորված իրավունքի ապահովման հարցում էականն այն է, որ անձն ազատությունից փաստացի զրկվելու դեպքում անհապաղ տարվի դատավորի մոտ: Դատավորի մոտ տարվելու և լսվելու իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու` պետության պարտականությունը մեղադրյալի նկատմամբ իրականացվող հետախուզման տեսակի հետ կապելու տրամաբանությունն առնվազն հասկանալի չէ, առավել ևս պետության` միջազգային պարտավորությունները վկայակոչելով:

10.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` ներպետական հետախուզման դեպքում առկա է քրեադատավարական այլ կառուցակարգ, որը կարող է լիարժեք փոխարինել հեռակա կալանավորմանը, այն է` մեղադրյալին հետախուզելու և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու կառուցակարգը: Մինչդեռ ըստ բողոքաբերի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ, 259-րդ և 285-րդ հոդվածներով սահմանված նորմերին Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` Տիգրան Վահրադյանի, Ասլան Ավետիսյանի, Արամ Ճուղուրյանի, Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին:

11. Բողոք բերած անձը փաստարկել է, որ 2018 թվականի մարտի 6-ին հարցաքննության հրավիրելու նպատակով ծանուցագիր է տրվել մեղադրյալ Ն.Շիրինյանին, ով ծանոթանալով դրան, ձեռագիր գրառում է կատարել, որ չի կարող նշված օրը ներկայանալ հարցաքննության` խնդրելով իրեն հարցաքննության հրավիրել 2018 թվականի մարտի 10-ին, սակայն այդ օրը չի ներկայացել` չներկայանալու պատճառների մասին վարույթն իրականացնող մարմնին տեղյակ չպահելով: Դրանից հետո` 2018 թվականի մարտի 15-ին, հարցաքննության հրավիրվելու նպատակով Ն.Շիրինյանը ստացել է համապատասխան ծանուցագիր, սակայն կրկին առանց հարգելի պատճառների չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին: 2018 թվականի մարտի 19-ին մեղադրյալ Ն.Շիրինյանին բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել: Ոստիկանությունից ստացված գրության համաձայն` վերջինիս հնարավոր չի եղել բերման ենթարկել` տան դուռը փակ լինելու պատճառով:

Բողոքաբերն ընդգծել է, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ և դրան կից ներկայացված նյութերով հիմնավորվել է Ն.Շիրինյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հանգամանքը, հետևաբար նաև նրա նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կալանավորմամբ փոխարինելու անհրաժեշտությունը, և հակառակ դրան` դատարանի այն հետևությունը, որ քննիչի կողմից չեն ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցառումները մեղադրյալի ներկայությունը քննությանն ապահովելու ուղղությամբ, հիմնավոր չեն, քանի որ, անհասկանալի է, թե ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրված լինելու պայմաններում մեղադրյալին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու համար համապատասխան ծանուցագրեր ուղարկելուց, բերման ենթարկելու մասին որոշում կայացնելուց բացի, օրենքով սահմանված ինչ այլ միջոցառումներ պետք է ձեռնարկեր վարույթն իրականացնող մարմինը, որոնք չի ձեռնարկել:

11.1. Ն.Շիրինյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելուց հետո հայտարարվել է հետախուզում, վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, ապա հարցաքննության ներկայանալու նպատակով երկու անգամ անձամբ ծանուցվել է, ծանուցագրերի վրա ձեռագիր գրառումներ է կատարել, որոնք վկայում են հարցաքննության օրվա, ժամի և տեղի մասին անմիջականորեն տեղեկացված լինելու մասին, սակայն առանց հարգելի պատճառների չի ներկայացել: Վերոնշյալն արդեն իսկ վկայում է, որ Ն.Շիրինյանը, չներկայանալով վարույթն իրականացնող մարմնին, այդ կերպ թաքնվել է քննությունից և խոչընդոտել քննությանը:

Միևնույն ժամանակ բողոքի հեղինակը նշել է, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` դեպքի օրը ավտոմեքենան սխալ կայանելու հարցի շուրջ ոստիկանության աշխատակիցների հետ առաջացած վիճաբանության ժամանակ Ն.Շիրինյանը դիմել է փախուստի, որպիսի հանգամանքը ևս բնութագրում է նրա վարքագիծը, այսինքն` վկայում է այն մասին, որ ենթադրյալ հանցագործության կատարումից հետո քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով վերջինս ի սկզբանե դիմել է փախուստի, նման վարքագիծը նրա կողմից դրսևորվել է քրեական գործի նախաքննության ամբողջ ընթացքում, նույնիսկ ընտրված խափանման միջոցի պայմաններում, ինչն էլ բավարար հիմք է հանդիսացել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորմամբ փոխարինելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն ներկայացնելու համար:

11.2. Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ հիմնավոր կասկածի առկայության հարցը Առաջին ատյանի դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել, մինչդեռ դատարանը պարտավոր էր քննարկել հիմնավոր կասկածի առկայության հարցը, որից հետո միայն անդրադառնալ կալանավորման հիմքերին:

12. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 5-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ առանց մեղադրյալի մասնակցության նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը պետք է քննարկել բացառապես այն դեպքում, երբ նա գտնվում է միջազգային (միջպետական) հետախուզման մեջ, իսկ այն դեպքում, երբ նա գտնվում է ներպետական (տեղական) հետախուզման մեջ, նրա նկատմամբ կալանավորման հարցի քննարկում չպետք է իրականացվի նրա բացակայությամբ կամ հեռակա կարգով:

14. Նախքան 2018 թվականի սեպտեմբերի 11-ին «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «(...) Քննիչի որոշման հիման վրա, սույն օրենսգրքով սահմանված կարգով, հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց»:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածի համաձայն` «1. Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը:

2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին` երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «(...) Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին (...)»:

Մեջբերված նորմերի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախկին խմբագրությամբ 259-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի) վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը Տ.Վահրադյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է. «(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (...) նշված իրավադրույթները, հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության առումով, չեն բխում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` դատավորի մոտ անհապաղ տարվելու պահանջից: Նշված իրավանորմերը վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն են տալիս անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրել անձի բացակայության պայմաններում` առանց հնարավորություն ընձեռելու, որ հետախուզման արդյունքում հայտնաբերված անձը ներկայանա դատարան, և անձի կալանավորման հարցի քննարկումը տեղի ունենա իր ներկայությամբ:

(...) Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը հիմնվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա: Այսպես, անդրադառնալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառմանը` Եվրոպական դատարանը Լադենտն ընդդեմ Լեհաստանի գործով վճռում նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը չի նախատեսում որևէ հնարավոր բացառություն այն պահանջից, որ անձը ձերբակալվելիս կամ կալանավորվելիս պետք է բերվի դատավորի կամ այլ պաշտոնյայի մոտ (Ladent v. Poland, 2008թ., գանգատ N 11036/03, կետ 75): Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում Եվրոպական դատարանի դիրքորոշումը հետևյալն է. այն, որ դատարանը հեռակա որոշում է կայացրել անձին կալանավորելու մասին այն պայմաններում, երբ անձը թաքնվում էր արդարադատությունից և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, չի հակասում Կոնվենցիայի դրույթներին: Սակայն Թուրքմենստանից դիմումատուի վերադառնալուց և Ռուսաստանում ձերբակալվելուց հետո, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա, նա պետք է անհապաղ հասցվեր դատավորի մոտ (Garabaev v. Russia, 2007թ., բողոք N 38411/02, կետ 101):

(...)

i

Հիմք ընդունելով ՀՀ իրավական համակարգում Կոնվենցիայի բարձրագույն իրավաբանական ուժը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց անհապաղ դատարանի առջև ներկայացնելու` Կոնվենցիայով հստակ ամրագրված և Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում բազմիցս վերահաստատված պահանջի ներպետական երաշխավորման պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ներպետական օրենսդրության մակարդակում ազատության իրավունքի ապահովման անհրաժեշտ երաշխիք պետք է լինի հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո, արդեն նրա ներկայությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկումը նախաքննության կատարման վայրի դատարանում:

(...) Հետևաբար` հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ (...)»14:

________________________

14) Տե՛ս Տիգրան Վահրադյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08 որոշման 30-31-րդ և 33-34-րդ կետերը:

 

14.1. Այսպիսով, Տ.Վահրադյանի վերաբերյալ գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորում կիրառելու օրենսդրական նորմը այնքանով, որքանով չի երաշխավորում անձին հայտնաբերելուց հետո, արդեն վերջինիս ներկայությամբ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկում դատարանում, հակասում է ազատությունից զրկված անձին անհապաղ դատարանի առջև ներկայացնելու` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) հստակ ամրագրված և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) նախադեպային պրակտիկայում բազմիցս վերահաստատված պահանջին:

15. Վերոնշյալ իրավական դիրքորոշումը համահունչ է Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկային: Այսպես` Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված` ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձի անհապաղ դատավորի մոտ տարվելու իրավունքին, ընդգծել է, որ քրեական հանցագործության կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է պաշտպանված լինի դատական վերահսկողության միջոցով: Ընդ որում վերահսկողությունը պետք է բավարարի որոշակի չափանիշների, այն է` լինի անհապաղ, ինչը թույլ կտա բացահայտելու վատ վերաբերմունքի ցանկացած դեպք և նվազագույնի հասցնելու անձի ազատությանը ցանկացած չարդարացված միջամտություն, պետք է իրականացվի ավտոմատ կարգով և չի կարող կախված լինել կալանավորված անձի դիմումից, ինչով էլ սույն նորմը տարբերվում է 5-րդ հոդվածի 4-րդ կետից, որը կալանավորված անձին իրավունք է վերապահում դիմելու ազատ արձակվելու խնդրանքով15:

________________________

15) Տե՛ս Լադենտն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի մարտի 18-ի վճիռը, կետեր 72-74, Վախիտովը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի վճիռը, կետեր 46-48:

 

Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ վերոնշյալ չափանիշները կիրառելի են նաև այն դեպքում, երբ քրեական հանցանք կատարելու մեջ կասկածվող և քննությունից ենթադրաբար թաքնվող անձն արգելանքի է վերցվում կալանավորելու մասին որոշման հիման վրա, որը դատարանը կայացրել է նրա բացակայությամբ: Դատարանի կողմից արդարադատությունից թաքնվող անձին հեռակա կարգով (in absentia) կալանավորելու հնարավորությունն ըստ էության (per se) չի հակասում Կոնվենցիայի դրույթներին, եթե վերջինս հայտնաբերվելու դեպքում անհապաղ տարվում է դատավորի մոտ, ինչպես որ պահանջում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչից որևէ հնարավոր բացառություն նախատեսված չէ16:

________________________

16) Տե՛ս Վախիտովը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի վճիռը, կետեր 50-51:

 

Վերոնշյալ դիրքորոշումը Եվրոպական դատարանն արտահայտել է նաև Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռով` փաստելով, որ հետախուզման մեջ գտնվող անձին ձերբակալելուց հետո դատարան չներկայացնելու պրակտիկան ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ճանաչվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված երաշխիքների խախտում17:

________________________

17) Տե՛ս Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 20-ի վճիռը, կետ 70:

 

15.1. Վերահաստատելով Տ.Վահրադյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հնարավորություն նախատեսող իրավակարգավորումն ինքնին վիճահարույց չէ, եթե անձին հայտնաբերելու դեպքում ապահովվում է վերջինիս դատարանի առջև կանգնելու և լսվելու իրավունքը, ինչպես որ երաշխավորված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով:

Այլ կերպ` առկա օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց նրա բացակայությամբ, ընդ որում, այդ հնարավորությունն օրենսդիրը չի պայմանավորում հետախուզման տեսակով:

16. Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցին, արձանագրել է, որ այն հնարավոր է, երբ անձը գտնվում է միջազգային (միջպետական) հետախուզման մեջ, իսկ այն դեպքում, երբ նա գտնվում է ներպետական (տեղական) հետախուզման մեջ, ապա նրա բացակայությամբ կամ հեռակա կարգով նրա նկատմամբ կալանավորման հարցի քննարկում չպետք է իրականացվի: Ըստ Վերաքննիչ դատարանի` միջպետական հետախուզումն այն եզակի դեպքն է, որը թույլ է տալիս անձի նկատմամբ կալանավորման հարցը քննարկել նրա բացակայությամբ18:

________________________

18) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

16.1. Սույն որոշման 14-15.1-րդ կետերում կատարված վերլուծության լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի` սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դրանք չեն բխում առկա օրենսդրական կարգավորումներից:

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասը թույլ է տալիս հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց: Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկան, արձանագրել է, որ նշված նորմը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին այն առումով, որ հնարավորություն չի ընձեռում հետախուզման արդյունքում հայտնաբերված անձին ներկայացնելու դատարան և կալանավորման հարցի քննարկումն իրականացնելու նրա ներկայությամբ:

Այլ կերպ` հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ նրա բացակայությամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելն ինքնին խնդրահարույց չէ, եթե վերջինիս ի հայտ գալու դեպքում ապահովվում են նրա` դատարանի առջև կանգնելու և լսվելու հիմնարար իրավունքները, ինչը համապատասխանում է նաև Եվրոպական դատարանի կողմից ձևավորած չափանիշներին19:

________________________

19) Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:

 

Ընդ որում, օրենսդիրը մեղադրյալին հեռակա կարգով կալանավորելու հնարավորությունը որևէ կերպ հետախուզման տեսակով չի պայմանավորում: Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը վերաբերում է քննիչի կողմից հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացնելուն, ուստի անհասկանալի է Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը հետախուզման տեսակներով պայմանավորված` հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցում առանձնացված կարգավորումներ նախատեսելու վերաբերյալ:

16.2. Նման պայմաններում առնվազն անհիմն է Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ միջպետական հետախուզումն այն եզակի դեպքն է, որը թույլ է տալիս անձի նկատմամբ կալանավորման հարցը քննարկել նրա բացակայությամբ, և որ առանց միջազգային հետախուզում հայտարարելու խոսք չի կարող լինել մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննարկման մասին, առավել ևս անընդունելի է, որ ըստ Վերաքննիչ դատարանի` այդ հանգամանքով էր պայմանավորված Եվրոպական դատարանի` Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով վճռում ձևավորած մոտեցումը, որով դատարանը հնարավոր է համարում միջազգային հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ առանց նրա մասնակցության կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց, սակայն պայմանով, որ նրա ի հայտ գալու և իրավասու մարմինների տրամադրության տակ հայտնվելու դեպքում անհապաղ տարվի դատավորի մոտ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն որոշման 15-րդ կետում մեջբերված` Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային դիրքորոշումներից բխում է, որ Եվրոպական դատարանը, չտարանջատելով հետախուզման տեսակները, ինքնին ընդունելի է համարում հետախուզվող մեղադրյալի կալանավորումը նրա բացակայությամբ, եթե վերջինիս հայտնաբերման դեպքում ապահովվում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված երաշխիքները: Իսկ ինչ վերաբերում է Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով վճռում Եվրոպական դատարանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը շեշտադրելուն, ապա դա պայմանավորված է տվյալ գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով, այն է` մեղադրյալը գտնվել է միջազգային հետախուզման մեջ:

16.3. Վերաքննիչ դատարանն ընդգծել է նաև, որ միջազգային հետախուզում հայտարարելու դեպքում առանց մեղադրյալի մասնակցության նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելն իրավաչափ է և առնվազն պայմանավորված է ՀՀ կողմից վավերացրած «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի և Քիշնևի կոնվենցիաների (այսուհետ` նաև Մինսկի և Քիշնևի կոնվենցիա), ինչպես նաև «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Հանձնման մասին կոնվենցիա) պահանջների կատարման անհրաժեշտությամբ, քանի որ առանց կալանավորման մասին իրավասու մարմնի որոշման հնարավոր չէ իրականացնել մեղադրյալի միջազգային հետախուզում, նրա կալանավորում և հանձնում հայցող պետությանը:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ մեղադրյալը գտնվում է հետախուզման մեջ և նրա նկատմամբ կալանավորում կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվում դատարան, ապա պետք է ներկայացվեն լրացուցիչ նյութեր առ այն, որ մեղադրյալի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, եթե նման նյութեր չեն ներկայացվում, ապա դատարանն իրավունք ունի մերժելու կալանավորման կիրառումը հենց այդ պատճառաբանությամբ:

i

Քիշնևի մասին կոնվենցիայի 69-րդ հոդվածի (Անձի հետախուզումը նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը) համաձայն` «(...) 3. Հետախուզումը իրականացնելու վերաբերյալ հանձնարարությանը կցվում են հետախուզվող անձին կալանքի վերցնելու մասին հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հաստատված պատճենը, պատժի չկրած մասի մասին տեղեկությունները, ինչպես նաև լուսանկարը և մատնահետքերը (եթե այդպիսիք կան):

(...)»:

Այսպիսով, Քիշնևի կոնվենցիայի մեջբերված նորմից երևում է, որ նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը անձի հետախուզումը կարող է իրականացվել, եթե հետախուզման վերաբերյալ հանձնարարությանը կից ներկայացվի հետախուզվող անձին կալանքի վերցնելու մասին համապատասխան որոշումը:

Վերաքննիչ դատարանն իրավամբ արձանագրելով, որ ըստ մեջբերված միջազգային կոնվենցիաների` մեղադրյալի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու համար անհրաժեշտ է կալանավորման մասին որոշում, միաժամանակ նշել է, որ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորում կիրառելու մասին միջնորդություն դատարան ներկայացնելիս պետք է ներկայացվեն լրացուցիչ նյութեր առ այն, որ մեղադրյալի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, ինչը ոչ միայն չի բխում առկա իրավակարգավորումներից, այլ նաև գործնականում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

17. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ հաճախ արհեստականորեն հետախուզում հայտարարելու հիմքեր են ստեղծվում, այնուհետև ձևական հետախուզում հայտարարվում և հենց այդ պատճառաբանությամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվում դատարան, որի դեպքում մեծանում է միջնորդությունը բավարարելու հավանականությունը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանի պարտականությունն է գնահատման ենթարկելու վերոնշյալ հանգամանքները, և եթե հետախուզման հայտարարումը ձևական բնույթ է կրում, իրականում անձը չի թաքնվում քննությունից կամ նրա գտնվելու վայրը հայտնի է, ապա դատարանը պետք է մերժի ներկայացված միջնորդությունը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անձի հայտնաբերման դեպքում ապահովվում է վերջինիս` դատարանի առջև անհապաղ կանգնելու և լսվելու իրավունքի իրացումը, ուստի դատարանը, գնահատելով կալանավորման հիմքերն ու պայմանները, այդ թվում` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին: Նման պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի հեռակա կալանավորման դեպքում վտանգվում են վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը:

17.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրված է այնպիսի կառուցակարգ, որը հնարավորություն է տալիս առանց հեռակա կարգով կալանավորում կիրառելու լուծել ներպետական հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ նրա ներկայությունն ապահովելու հարցերը` նկատի ունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածով սահմանված` հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելու հնարավորության նախատեսումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ նորմը որևէ կերպ չի խոչընդոտում վարույթն իրականացնող մարմնին հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ ընտրելու խափանման միջոց, այդ թվում` կալանավորում կիրառելու միջնորդությամբ դիմելու դատարան: Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ ձևավորված պրակտիկան իրավաչափ չէ և ըստ էության քրեադատավարական օրենսդրությունը շրջանցելու միջոց է, անհիմն է:

Համապատասխանաբար առկա օրենսդրական կարգավորումներից չի բխում նաև Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում ամրագրված մեղադրյալին ձերբակալելու կանոնն ամրագրված է որպես իրավունք, այլ ոչ թե պարտականություն, սակայն բոլոր այն դեպքերում, երբ քննիչը միջնորդություն է ներկայացնում դատարան խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ապա ձերբակալումը դառնում է պարտադիր, եթե անձի նկատմամբ հայտարարված չէ միջազգային հետախուզում:

18. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ թեև համաձայն է Վճռաբեկ դատարանի դիրքորոշումների հիման վրա ձևավորված դատական պրակտիկային, այնուամենայնիվ այն պետք է ենթարկել որոշակի սահմանափակումների և կիրառելի դարձնել միայն այն դեպքում, երբ անձը գտնվում է միջազգային (միջպետական) հետախուզման մեջ. մնացած բոլոր դեպքերում անհրաժեշտություն չկա առանց անձի որոշում կայացնել նրա նկատմամբ կալանավորում կիրառելու մասին, իսկ նրան հայտնաբերելուց հետո կրկին միջնորդություն ներկայացնել դատարան արդեն իսկ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը կրկին քննարկելու համար` ինչպես սահմանել է ՀՀ վճռաբեկ դատարանը Տ.Վահրադյանի վերաբերյալ որոշմամբ:

i

18.1. ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

2. Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները»:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի` Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Նույնանման փաստերով այլ գործով վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի` վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը»:

ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մեջբերված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, ՀՀ վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի որոշումներում իրավական նորմերին տրված մեկնաբանությունները պարտադիր են ստորադաս դատարանների համար նույնանման փաստերով այլ գործերով, բացառությամբ եթե ստորադաս դատարանը իրավական նորմին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում հիմնավորում է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի` Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:

19. Վերոշարադրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված Վերաքննիչ դատարանի դատողություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կարող էր նույնանման փաստերով այլ գործով իրավական նորմին տալ Վճռաբեկ դատարանի կողմից կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն` հիմնավորելով Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը, սակայն որևէ դեպքում իրավասու չէր սահմանափակելու Վճռաբեկ դատարանի որոշման կիրառելիությունը` արձանագրելով, որ տվյալ նորմն այսուհետ անհրաժեշտ է կիրառել այլ մեկնաբանությամբ: Վճռաբեկ դատարանի համոզմամբ վերոնշյալը խախտում է դատարանների միջև առկա գործառութային կապը:

20. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ առանց մեղադրյալի մասնակցության նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը պետք է քննարկել բացառապես այն դեպքում, երբ նա գտնվում է միջազգային (միջպետական) հետախուզման մեջ, իսկ այն դեպքում, երբ նա գտնվում է ներպետական (տեղական) հետախուզման մեջ, ապա նրա նկատմամբ կալանավորման հարցի քննարկում չպետք է իրականացվի նրա բացակայությամբ կամ հեռակա կարգով, իրավաչափ չէ:

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք մեղադրյալ Ն.Շիրինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով Ն.Շիրինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, արձանագրել է, որ համաձայն միջնորդության և դրան կից փաստաթղթերի` մեղադրյալ Ն.Շիրինյանը բնակության հասցեից չի բացակայել, հայտնի է նրա գտնվելու վայրը, միջնորդությանը կից փաստաթղթերում առկա չէ հավաստագիր այն մասին, որ մեղադրյալը պատշաճ կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու մասին, սակայն չի ներկայացել:

Միաժամանակ քննիչի կողմից չեն ձեռնարկվել օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցառումները մեղադրյալի ներկայությունը քննությանն ապահովելու ուղղությամբ, իսկ մեղադրյալի հետախուզումը ձևական բնույթ է կրել20:

________________________

20) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, մերժելով ներկայացված բողոքը, արձանագրել է, որ միջնորդությանը կից դատարանին չի ներկայացվել հետախուզում հայտարարելու մասին որոշումը, որպեսզի դատարանը հնարավորություն ունենար գնահատելու, թե իրականում նման որոշում կայացվել է, թե ոչ, եթե այո, ապա մեղադրյալի նկատմամբ հայտարարված է միջազգային, թե ներպետական հետախուզում: Ըստ Վերաքննիչ դատարանի` քննիչը փոխարեն ղեկավարվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ և 259-րդ հոդվածներով և լուծեր մեղադրյալին ձերբակալելու, այնուհետև, եթե անհրաժեշտություն կառաջանար, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու հարցերը, դրսևորելով շտապողականություն և շրջանցելով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կառուցակարգերը` միանգամից միջնորդություն է ներկայացրել դատարան, ուստի հենց քննարկվող միջոցառումները չկատարելու հանգամանքն է արձանագրել Առաջին ատյանի դատարանը, երբ նշել է, որ հետախուզումը կրել է ձևական բնույթ, քննիչի կողմից չեն ձեռնարկվել օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցառումները մեղադրյալի ներկայությունը քննությանն ապահովելու ուղղությամբ:

Անդրադառնալով կալանավորման կիրառման անհրաժեշտության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին` Վերաքննիչ դատարանը գտել է, որ դրանք անհիմն են և բավարար չեն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար: Վերաքննիչ դատարանը նշել է, որ բողոքաբերը որևէ փաստական տվյալով չի հիմնավորել, որ իրականում մեղադրյալը պատշաճ կարգով եղել է ծանուցված: Ինչ վերաբերում է քննիչի կողմից կայացրած բերման ենթարկելու մասին որոշումը չկատարելուն այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի բնակության հասցեի դուռը եղել է փակ վիճակում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` չի նշանակում, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ մեղադրյալն ունի մշտական բնակության վայր, հայտնի է նրա աշխատանքի վայրը, մեղադրվում է միջին ծանրության հանցագործության կատարման մեջ, նախկինում դատված չի եղել, ուստի Առաջին ատյանի դատարանի կողմից քննիչի միջնորդությունը մերժելը հիմնավոր է21:

________________________

21) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

23. Սույն գործի փաստական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ`

- 2018 թվականի փետրվարի 27-ի որոշումներով Ն.Շիրինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և հայտարարվել է հետախուզում: 2018 թվականի մարտի 3-ին հետախուզման մեջ գտնվող Ն.Շիրինյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին22,

________________________

22) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- 2018 թվականի մարտի 6-ին` ժամը 09:00-ին, Ն.Շիրինյանը հրավիրվել է քննիչի մոտ հարցաքննության: Հարցաքննության կանչելու ծանուցագրի վրա Ն.Շիրինյանը ձեռագիր գրառում է կատարել, որ չի կարող ներկա գտնվել` չնշելով որևէ պատճառ, և խնդրել է քննիչին հրավիրել 2018 թվականի մարտի 10-ին, սակայն այդ օրը ևս չի ներկայացել,

- 2018 թվականի մարտի 15-ին` ժամը 14:30-ին, Ն.Շիրինյանը հրավիրվել է քննիչի մոտ որպես մեղադրյալ հարցաքննության: Հարցաքննության կանչելու ծանուցագրի վրա Ն.Շիրինյանը կատարել է «ստացա օրինակը» գրառումը, սակայն չի ներկայացել,

- «Բերման ենթարկելու մասին» քննիչի որոշման համաձայն` պատշաճ ծանուցված, սակայն առանց հարգելի պատճառների հարցաքննության չներկայացած Ն.Շիրինյանին անհրաժեշտ է բերման ենթարկել քննիչի մոտ, սակայն դա հնարավոր չի եղել կատարել, քանի որ բնակարանի դուռը գտնվել է փակ վիճակում,

- Վերաքննիչ դատարանը թիվ 11339/18 գրությամբ ծանուցել է մեղադրյալ Ն.Շիրինյանին 2018 թվականի ապրիլի 9-ին` ժամը 15:30-ին տեղի ունենալիք դատական նիստի մասին, սակայն փոստային ծրարը «չպահանջված» նշումով հետ է վերադարձվել23:

________________________

23) Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

 

Վերոնշյալ տվյալները գնահատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված ստորադաս դատարանների դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների փաստարկներն առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը որևէ փաստական տվյալով չի հիմնավորել, որ իրականում մեղադրյալը պատշաճ կարգով եղել է ծանուցված և չի ներկայացել` դրանով խախտելով իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, անհիմն են և չեն բխում սույն գործի հանգամանքներից:

Ընդհակառակը, գործում առկա տվյալները վկայում են, որ Ն.Շիրինյանը խախտել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, երկու անգամ առանց հարգելի պատճառի չի ներկայացել հարցաքննության, թեև պատշաճ կերպով ծանուցված է եղել հարցաքննության օրվա, ժամանակի և վայրի մասին, նրա ներկայությունը հնարավոր չի եղել ապահովել նաև բերման ենթարկելու միջոցով, որպիսի հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար են հետևություն անելու մեղադրյալի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վերաբերյալ:

24. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, որ քննիչի կողմից չեն ձեռնարկվել օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցառումները մեղադրյալի ներկայությունը քննությանն ապահովելու ուղղությամբ, իսկ մեղադրյալի հետախուզումը ձևական բնույթ է կրել, և Վերաքննիչ դատարանի այն մեկնաբանմանը, որ Առաջին ատյանի դատարանը, նման հետևության գալով, նկատի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ և 259-րդ հոդվածներով նախատեսված կառուցակարգերը, որոնք թույլ են տալիս լուծել մեղադրյալին ձերբակալելու, այնուհետև, եթե անհրաժեշտություն կառաջանա, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու հարցերը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ կառուցակարգերը թեև թույլ են տալիս վարույթն իրականացնող մարմնին ձերբակալելու խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին, այնուհետև նրան կալանավորելու մասին միջնորդություն ներկայացնելու դատարան, այնուամենայնիվ որևէ կերպ չեն սահմանափակում վերջինիս իրավասությունն առանց ձերբակալելու կալանավորման միջնորդություն ներկայացնելու բոլոր այն դեպքերում, երբ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չէ, և վերջինս գտնվում է հետախուզման մեջ: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պատճառաբանությամբ հետախուզումը ձևական համարելու ստորադաս դատարանների փաստարկներն իրավաչափ չեն:

Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 11.2-րդ կետում բարձրացված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրա վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ են24:

________________________

24) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

25. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ն.Շիրինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ն.Շիրինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշման 7.2-րդ կետում մատնանշված փաստական հանգամանքների պայմաններում, ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավական նշանակությունը), ուստի ներկայացված բողոքը պետք է բավարարել մասնակիորեն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Ներսես Մանուկի Շիրինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2018
N ԵԴ/0120/06/18
Որոշում