(սույն օրենքն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 16.01.18 ՀՕ-58-Ն օրենք)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
i
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը |
1. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը (այսուհետ` վերահսկիչ պալատ) բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմինն է:
2. Վերահսկիչ պալատն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:
3. Վերահսկիչ պալատը դատարանում կարող է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Վերահսկիչ պալատի նստավայրը Երևան քաղաքն է:
(1-ին հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-88-Ն օրենք)
Հոդված 2. |
Վերահսկիչ պալատի գործունեության իրավական հիմքերը |
Վերահսկիչ պալատն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնակարգով:
Հոդված 3. |
Վերահսկիչ պալատի գործունեության սկզբունքները |
1. Վերահսկիչ պալատի գործունեության սկզբունքներն են` անկախությունը, օրինականությունը, անաչառությունը և հրապարակայնությունը:
2. Վերահսկիչ պալատի ղեկավարումն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:
Հոդված 4. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
արտաքին պետական վերահսկողություն (վերահսկողություն)` գործընթաց, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով վերահսկիչ պալատին վերապահված վերահսկողական լիազորությունների կատարմանը.
տարեկան ծրագիր` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվող վերահսկիչ պալատի գործունեության մեկ տարվա ծրագիր.
ծրագրային հարց` վերահսկիչ պալատի տարեկան ծրագրով սահմանված թեմա.
վերահսկվող օբյեկտ` ծրագրային հարցի կատարման նպատակով վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական կամ ոչ պետական կազմակերպություն` անկախ կազմակերպաիրավական տեսակից, անհատ ձեռնարկատեր.
տարեկան հաշվետվություն` տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացվող վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների հաշվետվություն.
ընթացիկ հաշվետվություն, եզրակացություն` ծրագրային հարցի վերահսկողության արդյունքի վերաբերյալ վերահսկիչ պալատի կողմից կազմվող փաստաթղթեր.
արձանագրություն` վերահսկողության ընթացքում կազմվող միջանկյալ փաստաթուղթ, որը հանդիսանում է ընթացիկ հաշվետվության հիմք.
ֆինանսական վերահսկողություն` վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման ընթացքում ֆինանսատնտեսական փաստաթղթերի վարման և արդյունքում ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը.
համապատասխանության վերահսկողություն` վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման համապատասխանությունն իրավական ակտերով սահմանված պահանջներին.
արդյունավետության (կատարողական) վերահսկողություն` վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման, ինչպես նաև առաջադրված նպատակին հասնելու արդյունավետությունը.
բնապահպանական վերահսկողություն` վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական սեփականության օգտագործման համապատասխանությունը բնապահպանության ոլորտի օրենսդրական ակտերի պահանջներին` շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը գնահատելու նպատակով.
դիտարկում` վերահսկվող օբյեկտի մասին նախնական պատկերացում կազմելու համար առանց վերահսկվող օբյեկտ մուտք գործելու տեղեկատվության հավաքման միջոցով վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության ձև.
ստուգում` վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտում իրականացվող վերահսկողության ձև` վերահսկվող օբյեկտի գործունեության վիճակը փաստացի արձանագրելու նպատակով.
վերլուծություն` դիտարկումների ու ստուգումների արդյունքների ամփոփման միջոցով կամ առանց դրա վերահսկողության ձև, որը հիմնված է մասնագիտական հետազոտման, համադրման և եզրակացության վրա.
հանդիպակաց ստուգում` վերահսկվող օբյեկտի կողմից դրամական գործառնություններ կատարելու, հաշվետվություններ և հաշվարկներ կազմելու ճշտությունը պարզելու նպատակով վերահսկվող օբյեկտի կնքած գործարքի մյուս կողմի մոտ` միայն տվյալ գործարքով նախատեսված պարտականությունների կատարման շրջանակներում իրականացվող ստուգում:
i
Հոդված 5. |
Վերահսկիչ պալատի հիմնական խնդիրը և գործառույթները |
1. Վերահսկիչ պալատի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված իրավասությունների շրջանակներում վերահսկողական գործառույթների իրականացումն է:
2. Վերահսկիչ պալատի գործառույթներն են`
ա) բյուջետային ելքերի, այդ թվում` պետության կողմից տրվող դոտացիաների, սուբսիդիաների և սուբվենցիաների նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ` բյուջետային մուտքերն ապահովող լիազորված մարմիններին պետական բյուջեից կատարվող հատկացումների արդյունավետությունը գնահատելու նպատակով բյուջեի մուտքերի հավաքագրմանն ուղղված գործառույթների նկատմամբ համապատասխանության ու կատարողական վերահսկողության իրականացումը.
բ) պետական բյուջեի և մասնավորեցման ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` կենտրոնական բանկ) տարեկան հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների կազմումը և տրամադրումը.
գ) պետական պարտքի կառավարման, այդ թվում` արտաքին վարկային միջոցների ներգրավման, սպասարկման և օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
դ) պետական արտաբյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության պետական պարտքի սպասարկման մասով կենտրոնական բանկի գործունեության նկատմամբ ֆինանսական, կատարողական և համապատասխանության վերահսկողության իրականացումը, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով պետական բյուջեն և պետական պարտքը սպասարկող առևտրային բանկերի սպասարկման գործունեության նկատմամբ ֆինանսական և համապատասխանության վերահսկողության իրականացումը.
զ) («զ» կետն ուժը կորցրել է 01.01.2008 թվականից` 24.10.07 ՀՕ-228-Ն օրենք)
է) համայնքների բյուջեի ելքերի նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև համայնքային բյուջեի մուտքերն ապահովող մարմինների գործառույթների կատարման նկատմամբ համապատասխանության ու կատարողական վերահսկողության իրականացումը.
ը) Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի կողմից իրագործվող խնդիրների օրինական և արդյունավետ կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում`
- պետական և համայնքային դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկման և ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարման նկատմամբ,
- օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառման և դրա հետ կապված գործառույթների համակարգման ու հսկման նկատմամբ.
թ) պետական ու համայնքային սեփականության (ներառյալ` մտավոր սեփականությունը, մշակութային արժեքները) կառավարման, օգտագործման` օտարման, մասնավորեցման, վարձակալության և անհատույց օգտագործման, հողամասի կառուցապատման, հավատարմագրային կառավարման, կոնցեսիայի նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում`
- պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, օգտագործման, մասնավորեցման և ապապետականացման ծրագրերի կատարման նկատմամբ,
- կանոնադրական կապիտալում 50 և ավելի տոկոս պետական կամ համայնքային մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարման լիազորված մարմինների կողմից բաժնեմասի կառավարման գործունեության նկատմամբ կատարողական վերահսկողության իրականացումը,
- պետական և համայնքային հիմնարկների, կազմակերպությունների լուծարման գործընթացների նկատմամբ,
- պետական լիազորված մարմնի և համայնքների կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողերի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև կառուցապատման, անհատույց (մշտական կամ ժամանակավոր) և վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման և հողի հետ կապված այլ գործարքների օրինական և արդյունավետ իրականացման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի (որպես պետության բացառիկ սեփականություն) օգտագործման տրամադրման օրինականության ու օգտագործման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային անտառային ֆոնդի, ջրային ռեսուրսների օգտագործման տրամադրման օրինականության ու օգտագործման նկատմամբ,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական ու համայնքային գույքի հաշվառման, ինչպես նաև դրանց կողմից այդ գույքի սեփական սպառման (սեփական կարիքների համար օգտագործման) նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների պետական գանձարանի միջոցների և թանկարժեք մետաղների պետական ֆոնդի օգտագործման նկատմամբ.
ժ) վերահսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և պարբերականների կազմումը և հրապարակումը:
(5-րդ հոդ. փոփ. 24.10.07 ՀՕ-228-Ն օրենք)
i
Հոդված 6. |
Վերահսկիչ պալատի հիմնական իրավասությունները |
1. Բյուջետային ելքերի և պետական ու համայնքային սեփականության օգտագործման վերահսկողության նպատակով` վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ներառյալ` դրանց աշխատակազմերը, դրանց ենթակա հիմնարկները, ինչպես նաև գնահատում է դրանց ներքին վերահսկողության համակարգը: Բյուջետային ելքերի և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս վերահսկիչ պալատն իրավասու է հանդիպակաց ստուգում իրականացնել բյուջետային միջոցների, պետական ու համայնքային սեփականության օգտագործման գործարքի մյուս կողմի մոտ (անկախ վերջիններիս կազմակերպաիրավական տեսակից)` միայն տվյալ գործարքով նախատեսված պարտականությունների կատարման շրջանակներում: Ընդ որում, գործարքի կողմի համար որպես խախտում կարող է որակվել միայն գործարքով սահմանված պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը: Սույն մասով նախատեսված դեպքերում վերահսկիչ պալատը կարող է վերահսկողություն իրականացնել ինչպես վերահսկվող օբյեկտում, այնպես էլ վերահսկիչ պալատի աշխատավայրում:
2. Բյուջետային մուտքերի վերահսկողության նպատակով վերահսկիչ պալատն իրավասու է վերահսկողություն իրականացնել միայն բյուջեի մուտքերն ապահովող լիազոր մարմինների կողմից կատարվող գործառույթների փաստաթղթային ստուգման միջոցով` առանց հարկ, տուրք, պարտադիր վճար, վարչական տուգանք, վարչարարությամբ պայմանավորված այլ վճար վճարողի մոտ ստուգում անցկացնելու:
3. Վերահսկիչ պալատը պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության, պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության վերաբերյալ տալիս է եզրակացություններ, որոնք վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո` տասն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան դրանք Ազգային ժողովում օրենքով սահմանված կարգով քննարկվելուց տասն օր առաջ, ներկայացվում են Ազգային ժողով:
4. Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները և ընթացիկ հաշվետվությունները ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ:
5. Վերահսկիչ պալատն իրավունք ունի ընդունելու ներքին (լոկալ) և անհատական իրավական ակտեր, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
(6-րդ հոդ. փոփ. 04.02.10 ՀՕ-10-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 7. |
Վերահսկիչ պալատի կառուցվածքը |
Վերահսկիչ պալատը կազմված է վերահսկիչ պալատի նախագահից, վերահսկիչ պալատի խորհրդից և աշխատակազմից:
Հոդված 8. |
Վերահսկիչ պալատի նախագահը |
1. Վերահսկիչ պալատի նախագահը վերահսկիչ պալատի ղեկավարն է:
2. Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով: Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:
3. Իր գործունեության ընթացքում վերահսկիչ պալատի նախագահը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, իրավական այլ ակտերով, վերահսկիչ պալատի կանոնակարգով:
4. Վերահսկիչ պալատի նախագահը`
ա) կառավարում է վերահսկիչ պալատի գործունեությունը և ապահովում է նրա բնականոն աշխատանքը.
բ) հրավիրում և նախագահում է վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը.
գ) սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում վերահսկիչ պալատի խորհրդի անդամների թեկնածությունների առաջարկություններ, ինչպես նաև նրանց պաշտոնազրկման վերաբերյալ վերահսկիչ պալատի խորհրդի առաջարկներ.
դ) որոշում է վերահսկիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների համակարգման բաշխվածությունը վերահսկիչ պալատի խորհրդի անդամների միջև.
ե) օրենքով սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում վերահսկիչ պալատի աշխատակիցներին.
զ) օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ և կնքում է պայմանագրեր, իրականացնում է վերահսկիչ պալատին հատկացված բյուջետային միջոցների կարգադրիչի լիազորությունները.
է) ներկայացնում է վերահսկիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, հանդես է գալիս վերահսկիչ պալատի անունից, գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.
ը) լսում է վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցների գործողությունների (կազմված արձանագրությունների) դեմ բերված վարչական բողոքները.
թ) իրականացնում է սույն օրենքով և վերահսկիչ պալատի կանոնակարգով իրեն վերապահված լիազորությունները:
5. Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`
ա) վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի դեպքում.
բ) վերահսկիչ պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
գ) վերահսկիչ պալատի նախագահի ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա:
6. Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին դիմումը տրվում է Ազգային ժողովի նախագահի անունով` նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին: Վերահսկիչ պալատի նախագահը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:
7. Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողովի նախագահին ներկայացված գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:
8. Վերահսկիչ պալատի նախագահի մահվան դեպքում, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա կազմվում է վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Հոդված 9. |
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը |
1. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը փոխարինում է վերահսկիչ պալատի նախագահին` նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում:
2. Եթե վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր է, ապա վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում վերահսկիչ պալատի նախագահի պարտականությունները կատարում է վերահսկիչ պալատի խորհրդի տարիքով ավագ անդամը:
3. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի լիազորությունները սահմանվում են վերահսկիչ պալատի կանոնակարգով:
Հոդված 10. |
Վերահսկիչ պալատի խորհուրդը և նրա իրավասությունները |
1. Վերահսկիչ պալատի ղեկավարման մարմինը վերահսկիչ պալատի խորհուրդն է: Վերահսկիչ պալատի խորհուրդը բաղկացած է յոթ անդամներից` վերահսկիչ պալատի նախագահից, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալից և խորհրդի մյուս հինգ անդամներից: Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը և խորհրդի մյուս հինգ անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` վերահսկիչ պալատի նախագահի առաջարկությամբ, վեց տարի ժամկետով, բացառությամբ խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետների:
2. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` վերահսկիչ պալատի նախագահի կողմից: Խորհրդի նիստ կարող է գումարվել նաև վերահսկիչ պալատի խորհրդի անդամների առնվազն երեքի պահանջով:
3. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը նախագահում է վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
4. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ չի կարող գումարվել վերահսկիչ պալատի նախագահի և տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում:
5. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրում է վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
6. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն խորհրդի չորս անդամ:
7. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին կարող են ներկա գտնվել Ազգային ժողովի պատգամավորները և կառավարության անդամները, իսկ վերահսկիչ պալատի նախագահի հրավերով` նաև պետական այլ մարմինների, ինչպես նաև հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ անձինք:
8. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում քննարկվող հարցերը հաստատվում են խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկության միջոցով` առնվազն չորս կողմ ձայնի դեպքում: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Արգելվում է ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը խորհրդի մեկ անդամից մյուսին:
9. Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումները ստորագրում է վերահսկիչ պալատի նախագահը: Եթե վերահսկիչ պալատի խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամը համաձայն չէ ընդունված որոշմանը, ապա խորհրդի նիստի արձանագրության մեջ պետք է նշվեն վերջինիս դեմ լինելու հիմքերը:
10. Վերահսկիչ պալատի խորհուրդը քննարկում և հաստատում է`
ա) վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը.
բ) տարեկան ծրագրում չընդգրկված վերահսկողության նոր թեմա, որը տարեկան ծրագրի բաղկացուցիչ մաս է, և որի վրա տարածվում են ծրագրային հարցին վերաբերող` սույն օրենքով սահմանված դրույթները.
գ) վերահսկիչ պալատի ընթացիկ և տարեկան հաշվետվությունը.
դ) Ազգային ժողով ներկայացվող հետևյալ եզրակացությունները`
- պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ,
- պետական գույքի մասնավորեցման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության վերաբերյալ,
- կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.
ե) վերահսկիչ պալատի բյուջետային հայտը, նախահաշիվը, վերջինիս կատարողականը, սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պահուստային ֆոնդից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումը.
զ) տարեկան ծրագրով նախատեսված թեմայի շրջանակներում տվյալ վերահսկվող օբյեկտի նկատմամբ վերահսկողության իրականացման վերաբերյալ որոշումը.
է) վերահսկիչ պալատի կանոնակարգի և դրանում փոփոխությունների և լրացումների նախագծերը.
ը) վերահսկիչ պալատի լոկալ իրավական ակտերը.
թ) վերահսկիչ պալատի պարբերականը.
ժ) վերահսկիչ պալատի խորհրդի հաստատած ընթացիկ հաշվետվության, եզրակացության դեմ բերված վարչական բողոքները.
ժա) օրենսդրությամբ սահմանված այլ հարցեր:
(10-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-88-Ն օրենք)
Հոդված 11. |
Վերահսկիչ պալատի խորհրդի անդամները |
1. Յուրաքանչյուր տարի վերահսկիչ պալատի նախագահը, խորհրդի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո` տասն օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին է առաջարկում պաշտոնավարման ժամկետը լրացած վերահսկիչ պալատի խորհրդի մեկ անդամի փոխարեն նոր թեկնածություն: Վերահսկիչ պալատի խորհրդում վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է պաշտոնավարման չլրացած ժամկետով, այս դեպքում առաջադրումը և նշանակումը կատարվում են պաշտոնավարման ամբողջ ժամկետով խորհրդի անդամի նշանակման համար սահմանված ընթացակարգով:
2. Խորհրդի անդամները, այդ թվում` վերահսկիչ պալատի նախագահը, չեն կարող առաջադրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, զբաղեցնել պաշտոն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
3. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունենա բարձրագույն կրթություն: Խորհրդի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը`
ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) օրենքով սահմանված կարգով զրկված է որոշակի պաշտոն վարելու իրավունքից.
գ) ենթարկվել է քրեական պատասխանատվության, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
4. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներից առնվազն հինգը պետք է ունենան մասնագիտական փորձ` աուդիտի, պետական վերահսկողության, ֆինանսական կամ տնտեսագիտական բնագավառներում:
5. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը համակարգում է վերահսկիչ պալատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման (ների) աշխատանքները: Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը նշագրում է իր համակարգման ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժանման (ների) կողմից սույն օրենքով սահմանված կարգով կազմված ընթացիկ հաշվետվությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախագծերը` մինչև դրանց վերահսկիչ պալատի խորհրդին ներկայացվելը:
6. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամը սույն օրենքով և վերահսկիչ պալատի կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակներում որոշում է իր համակարգման ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական հարցերը և այդ ստորաբաժանումների գործունեության արդյունքների համար վերահսկիչ պալատի խորհրդի առջև կրում է պատասխանատվություն:
7. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`
ա) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնեական պարտականությունները թերի կատարելու դեպքում` վերահսկիչ պալատի խորհրդի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից.
բ) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի հրաժարականի դեպքում.
գ) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
դ) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի ազատազրկման, դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա.
ե) վերահսկիչ պալատի խորհրդի անդամի մահվան դեպքում:
8. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի հրաժարականի մասին դիմումը տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի անունով` նախապես տեղեկացնելով վերահսկիչ պալատի նախագահին:
9. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի մահվան դեպքում, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա կազմվում է վերահսկիչ պալատի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է վերահսկիչ պալատի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:
10. Վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի և վերահսկիչ պալատի խորհրդի մյուս անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
11. Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներն օգտվում են վերահսկիչ պալատի նախագահի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական և իրավական բոլոր երաշխիքներից:
(11-րդ հոդ. փոփ. 13.11.12 ՀՕ-192-Ն, 12.12.13 ՀՕ-183-Ն օրենքներ)
Հոդված 12. |
Վերահսկիչ պալատի աշխատակազմը |
1. Վերահսկիչ պալատի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պետական կառավարչական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով: Հիմնարկի հիմնադրի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից իրականացնում է վերահսկիչ պալատի խորհուրդը:
2. Վերահսկիչ պալատի աշխատակազմում գործում են կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, վերահսկիչ պալատի աշխատակազմի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով վերահսկիչ պալատին լիազորված խնդիրների և գործառույթների իրականացման ապահովմանը:
3. Վերահսկիչ պալատի քաղաքացիական ծառայության ղեկավարման պաշտոնատար անձը աշխատակազմի ղեկավարն է:
Հոդված 13. |
Վերահսկիչ պալատի ֆինանսական անկախությունը |
1. Վերահսկիչ պալատի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի վերահսկիչ պալատի բնականոն գործունեությունը:
2. Վերահսկիչ պալատի նախագահը վերահսկիչ պալատի կանոնակարգով սահմանված կարգով բյուջետային համակարգի մասին օրենքի հիման վրա սահմանված ժամկետում վերահսկիչ պալատի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
3. Վերահսկիչ պալատի բյուջեն պետական բյուջեի մաս է:
4. Վերահսկիչ պալատի բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` փոփոխված, միաժամանակ հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:
5. Կառավարությունը Ազգային ժողով և վերահսկիչ պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը:
6. Վերահսկիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է վերահսկիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով վերահսկիչ պալատի համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:
7. Վերահսկիչ պալատի ֆինանսական գործունեությունը յուրաքանչյուր տարի ենթարկվում է աուդիտի անկախ միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից, որն ընտրում է վերահսկիչ պալատի խորհուրդը:
Հոդված 14. |
Վերահսկիչ պալատի կանոնակարգը |
1. Վերահսկիչ պալատի գործունեության ներքին ընթացակարգն ու վերահսկիչ պալատի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջև պարտականությունների բաշխումը, այդ հարցերի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում են վերահսկիչ պալատի կանոնակարգով:
2. Վերահսկիչ պալատի կանոնակարգը, դրանում փոփոխություններն ու լրացումները հաստատում է խորհուրդը, ստորագրում` վերահսկիչ պալատի նախագահը:
ԳԼՈՒԽ 3
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
Հոդված 15. |
Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը |
1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը (այսուհետ` տարեկան ծրագիր) հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ:
2. Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար վերահսկիչ պալատը տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին` ոչ ուշ, քան բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ:
3. Տարեկան ծրագիրը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով վերահսկիչ պալատի իրավասությանը վերապահված հարցերը:
i
Հոդված 16. |
Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունը |
1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում ընդգրկված ծրագրային հարցի վերահսկողության արդյունքում կազմվում է ընթացիկ հաշվետվություն:
2. Ընթացիկ հաշվետվությունն ըստ անհրաժեշտության կարող է ներառել`
ա) գրառում` խախտումներ չհայտնաբերելու մասին.
բ) գրառումներ` խախտումների վերաբերյալ.
գ) առաջարկություններ` վերահսկվող օբյեկտի ղեկավարությանը և այլ շահագրգիռ կողմերին.
դ) վերահսկվողի ներկայացրած առարկություններ.
ե) եզրակացություններ.
զ) այլ համապատասխան տեղեկատվություն:
Հոդված 17. |
Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը |
1. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն ընդգրկում է գործունեության տարեկան ծրագրի բոլոր ծրագրային հարցերի ընթացիկ հաշվետվությունները:
2. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո` ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
3. Տարեկան հաշվետվությունը քննարկվում է Ազգային ժողովում` առանց որոշում ընդունելու:
4. Ազգային ժողովի քննարկումից հետո տարեկան հաշվետվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», տեղադրվում վերահսկիչ պալատի և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում:
(17-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-133-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 18. |
Վերահսկողության ձևերը և տեսակները |
1. Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացնում է դիտարկումների, ստուգումների, վերլուծությունների ձևերով:
2. Վերահսկիչ պալատն իրականացնում է վերահսկողության հետևյալ տեսակները` ֆինանսական, համապատասխանության, արդյունավետության (կատարողական) և բնապահպանական վերահսկողություն:
3. Իր գործունեության իրականացման ընթացքում վերահսկիչ պալատն ազատ է վերահսկողության ձևի և տեսակի ընտրության հարցում, բացառությամբ, եթե սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է տվյալ վերահսկողության առարկայի համար վերահսկողության որոշակի տեսակ:
Հոդված 19. |
Վերահսկողություն իրականացնելու կարգը, պայմանները և արձանագրությունները |
1. Վերահսկողությունն իրականացվում է վերահսկիչ պալատի խորհրդի որոշման հիման վրա, որտեղ նշվում են վերահսկողության օբյեկտ(ներ)ը, տեսակ(ներ)ը, ձև(եր)ը, վերահսկողության կատարման ժամկետը, ընդգրկվող ժամանակաշրջանը և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք: Վերահսկվող օբյեկտում ստուգման իրականացման ժամկետը սահմանվում է մինչև քսանչորս աշխատանքային օր, որն ստուգման ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տասներկու աշխատանքային օրով` վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ:
2. Վերահսկողությունը կարող է իրականացվել և վերահսկվող օբյեկտի գտնվելու վայրում, և վերահսկիչ պալատի աշխատավայրում:
3. Վերահսկողության իրականացման ընթացքում վերահսկիչ պալատը կարող է իրականացնել ընտրանքային (մեծածավալ ծրագրային հարցի պարագայում) և հանդիպակաց ստուգումներ:
4. Հանդիպակաց ստուգումն իրականացվում է վերահսկիչ պալատի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են վերահսկողության օբյեկտը, տեսակ(ներ)ը, ստուգման իրականացման ժամկետը, ստուգման ենթակա գործարքները, ստուգման հարցերը և ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք: Հանդիպակաց ստուգման իրականացման ժամկետը սահմանվում է մինչև տասներկու աշխատանքային օր, որը ստուգման ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց աշխատանքային օրով` վերահսկիչ պալատի նախագահի հրամանով:
5. Ստուգման (ներառյալ` հանդիպակաց ստուգման) իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների առկայության դեպքում ստուգումը կարող է կասեցվել վերահսկիչ պալատի նախագահի հրամանով: Կասեցման հիմքերի վերացումից հետո վերահսկիչ պալատի նախագահի հրամանով ստուգումը կարող է վերսկսվել մնացած ժամկետով, եթե ստուգման անհրաժեշտությունը չի վերացել:
6. Վերահսկողության ընթացքում հայտնաբերված փաստերն արձանագրում և այդ արձանագրություններն ստորագրում են վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք: Արձանագրությունն ստորագրած աշխատակիցները պատասխանատվություն են կրում դրանում արձանագրված փաստերի արժանահավատության և ամբողջականության համար:
7. Ծանոթացման և ստորագրման նպատակով արձանագրությունը ներկայացվում է վերահսկվող օբյեկտի ղեկավարին: Վերահսկվող օբյեկտի ղեկավարը, ինչպես նաև վարչական վերադաս ունենալու դեպքում դրա վերադաս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն արձանագրությանը ծանոթանալուց հետո իրավունք ունեն ներկայացնելու առարկություններ և տալու բացատրություններ` կազմված արձանագրությունում նշված փաստերի, դատողությունների և եզրահանգումների վերաբերյալ, որոնք կցվում են արձանագրությանը:
8. Արձանագրությունն ըստ անհրաժեշտության կարող է ներառել`
ա) գրառում` խախտումներ չհայտնաբերելու մասին.
բ) գրառումներ` խախտումների վերաբերյալ.
գ) վերահսկվողի ներկայացրած առարկություններ.
դ) այլ համապատասխան տեղեկատվություն:
9. Վերահսկողության ընթացքում կազմվող արձանագրությունը (ները) հանդիսանում են ընթացիկ հաշվետվության հիմք: Վերահսկողության արդյունքում ընթացիկ հաշվետվության կազմումը և վերահսկիչ պալատի կողմից դրա հաստատումը կատարվում է վերահսկողության ավարտից հետո` մեկամսյա ժամկետում:
10. Վերահսկիչ պալատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվետվությունները, ինչպես նաև եզրակացություններն իր գործունեությունը համակարգող վերահսկիչ պալատի խորհրդի համապատասխան անդամի կողմից նշագրվելուց հետո ներկայացնում է վերահսկիչ պալատի խորհրդին` հաստատման նպատակով:
11. Վերահսկիչ պալատի խորհուրդը վերահսկողության արդյունքների վերլուծության հիման վրա քննարկում է հայտնաբերված բացթողումների և խախտումների պատճառներն ու հետևանքները, որի արդյունքում պետական մարմիններին կարող է ներկայացնել առաջարկություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ:
(19-րդ հոդ. փոփ. 25.03.15 ՀՕ-18-Ն օրենք)
Հոդված 20. |
Վերահսկիչ պալատի կողմից տեղեկատվության տրամադրման կարգը |
1. Վերահսկիչ պալատն իր տարեկան և ընթացիկ հաշվետվությունները, եզրակացությունները վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո` տասն օրվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով, դրանց մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և կառավարությանը, ինչպես նաև 30 օրվա ընթացքում դրանք տեղադրում է վերահսկիչ պալատի ինտերնետային էջում:
2. Վարչական կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում ընթացիկ հաշվետվության վերանայման մասին տեղեկատվությունը վերահսկիչ պալատի նախագահը տասնօրյա ժամկետում ուղարկում է Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության Նախագահին և կառավարությանը, ինչպես նաև 30 օրվա ընթացքում դրանք տեղադրում է վերահսկիչ պալատի ինտերնետային էջում:
Հոդված 21. |
Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակցի հիմնական իրավունքները |
1. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցներն իրավունք ունեն վերահսկողության թեմայի շրջանակներում`
ա) ծանոթանալու այն բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են վերահսկվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեությանը (պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթերին կարող են ծանոթանալ միայն համապատասխան թույլտվություն ունեցող աշխատակիցները).
բ) վերահսկվող օբյեկտի ղեկավարից պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, հաշվապահական հաշվետվություններ և պարզաբանումներ.
գ) մուտք գործելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բանկերի, հիմնարկների և այլ օբյեկտների տարածքներ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
դ) անհրաժեշտության դեպքում վերահսկողության գործընթացին ներգրավելու վերահսկվող օբյեկտի մասնագետներին` վերահսկվող օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ:
2. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցը պարտավոր չէ բացատրություններ տալ վերահսկողության և դրանց արդյունքների վերաբերյալ, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
3. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցն ունի նաև սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
Հոդված 22. |
Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակցի հիմնական պարտականությունները |
1. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցները պարտավոր են`
ա) վերահսկվող մարմնի ղեկավարին ներկայացնել վերահսկողություն իրականացնելու մասին որոշումը.
բ) անաչառ և համակողմանի հավաքագրել և արձանագրել վերահսկողության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.
գ) պահպանել վերահսկվող մարմնի` օրենքով սահմանված իրավունքները, ներառյալ` պետական, ծառայողական, բանկային և առևտրային գաղտնիքը.
դ) չխոչընդոտել վերահսկվող մարմնի բնականոն աշխատանքին.
ե) վերահսկվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել վերահսկողությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.
զ) վերահսկվող մարմնի ղեկավարին ծանոթացնել վերահսկողության արդյունքներին:
2. Վերահսկիչ պալատի աշխատակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահը:
3. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցն ունի նաև սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Հոդված 23. |
Վերահսկիչ պալատի աշխատակիցների պատասխանատվությունը |
1. Վերահսկիչ պալատի աշխատակիցները, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն են կրում վերահսկիչ պալատի կողմից կատարվող վերահսկողության օրինականության և անաչառության, ինչպես նաև պետական, բանկային և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման համար:
2. Մինչև վերահսկիչ պալատի խորհրդի կողմից վերահսկողության արդյունքների վերաբերյալ որոշման ընդունումը վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին, քաղաքացիական ծառայողներին և վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է որևէ ձևով նախնական գնահատականների և եզրակացությունների հրապարակումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
3. Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակցի և պաշտոնատար այլ անձանց գործողությունները կարող են բողոքարկվել վարչական և դատական կարգով:
Հոդված 24. |
Վերահսկողության ենթակա մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Վերահսկվող օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձը, ինչպես նաև օբյեկտի վերադաս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձն իրավունք ունի`
ա) ծանոթանալու վերահսկողության արդյունքներին.
բ) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ և օրենքով սահմանված կարգով բողոքարկելու վերահսկողություն իրականացնող անձանց գործողությունները, վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը.
գ) արգելելու վերահսկողության իրականացումը (վերահսկողությունն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե վերահսկողություն իրականացնողները խախտել են սույն օրենքի պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով վերահսկիչ պալատի նախագահին:
2. Վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում վերահսկիչ պալատին ըստ պահանջի տեղեկանքներ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ.
բ) չխոչընդոտել վերահսկողության ընթացքին, բավարարել վերահսկողների օրինական պահանջները.
գ) ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկություններ.
դ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վերահսկողություն իրականացնող անձանց գործունեության համար.
ե) վերահսկիչ պալատին տրամադրել արժանահավատ տեղեկատվություն.
զ) մեկամսյա ժամկետում վերահսկիչ պալատին գրավոր տեղեկատվություն տրամադրել ընթացիկ հաշվետվություններում և եզրակացություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ: Տվյալ տեղեկատվությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վերահսկիչ պալատն այն տրամադրում է Ազգային ժողովին:
3. Վերահսկիչ պալատի աշխատակիցների` վերահսկողությանը վերաբերող օրինական պահանջները պարտադիր են վերահսկվող օբյեկտների համար:
4. Սույն օրենքի և վերահսկիչ պալատի աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու դեպքում վերահսկվող օբյեկտի ղեկավարները կամ պատասխանատու պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն:
(24-րդ հոդ. փոփ. 25.03.15 ՀՕ-18-Ն օրենք)
Հոդված 25. |
Վերահսկիչ պալատի գործողությունների բողոքարկումը |
Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, պաշտոնատար անձինք և քաղաքացիներն իրավունք ունեն վարչական և(կամ) դատական կարգով բողոքարկելու վերահսկիչ պալատի գործողությունները` օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 26. |
Վերահսկիչ պալատի համագործակցությունն այլ մարմինների հետ |
1. Վերահսկիչ պալատն իր տարեկան ծրագրի իրականացման շրջանակներում կարող է համագործակցել Հայաստանի Հանրապետության բոլոր պետական մարմինների, այդ թվում` դատական դեպարտամենտի և իրավապահ մարմինների, այլ օրենքներով սահմանված վերահսկողական, հսկողական գործունեություն, ստուգումներ, ինչպես նաև պետական համակարգում ներքին հսկողություն և (կամ) ներքին աուդիտ իրականացնող մարմինների հետ, որոնք պարտավոր են վերահսկիչ պալատի պահանջով վերջինիս տեղեկություն տրամադրել իրենց իրականացրած վերահսկողության, հսկողության և ստուգումների արդյունքների վերաբերյալ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կարող է պետական վերահսկողական, հսկողական մարմիններին և դրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև պայմանագրային կարգով անկախ աուդիտորներին, մասնագետներին ու փորձագետներին ընդգրկել վերահսկողության գործընթացում:
Հոդված 27. |
Միջազգային կապերը |
1. Վերահսկիչ պալատը համագործակցում է օտարերկրյա նմանատիպ մարմինների և կազմակերպությունների հետ, կարող է դրանց հետ կնքել համագործակցության մասին համաձայնագրեր, գործուղել իր աշխատակիցներին միջազգային վերահսկողական մարմիններ, ինչպես նաև վերջիններիս աշխատակիցներին աշխատանքային կարգով հրավիրել վերահսկիչ պալատ:
2. Վերահսկիչ պալատը կարող է անդամագրվել նմանատիպ մարմիններ և կազմակերպություններ միավորող միջազգային կազմակերպություններին:
ԳԼՈՒԽ 6
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ
Հոդված 28. |
Վերահսկիչ պալատում պետական ծառայությունը |
1. Վերահսկիչ պալատի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ: Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայությունը վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում վերահսկիչ պալատի խնդիրներն ու գործառույթներն իրականացնելու նպատակով վերահսկիչ պալատում կազմակերպվող մասնագիտական գործունեություն է:
2. Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայությանը վերաբերող սույն օրենքով չնախատեսված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ:
Հոդված 29. |
Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողի վարձատրությունը |
1. Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(29-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-183-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 30. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.4-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվանից:
i
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-65 օրենքը:
3. Վերահսկիչ պալատում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատում է վերահսկիչ պալատի խորհուրդը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում:
4. Սույն օրենքով նախատեսված վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
Հոդված 31. |
Վերահսկիչ պալատի խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները |
1. Վերահսկիչ պալատի առաջին նախագահն իր նշանակումից հետո` տասն օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում վերահսկիչ պալատի խորհրդի առաջին անդամների, այդ թվում` վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ:
2. Վերահսկիչ պալատի խորհրդի առաջին անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են`
մեկ անդամը` մեկ տարի,
մեկ անդամը` երկու տարի,
մեկ անդամը` երեք տարի,
մեկ անդամը` չորս տարի,
մեկ անդամը` հինգ տարի,
վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը` վեց տարի:
Հոդված 32. |
Վերահսկիչ պալատի իրավահաջորդությունը |
1. Վերահսկիչ պալատը հանդիսանում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի իրավահաջորդը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային ժողովի վերահսկիչ պալատում համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները համարվում են վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողներ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահսկիչ պալատն առաջին տարում իրագործում է Ազգային ժողովի արդեն ընդունած Ազգային ժողովի վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, իսկ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատը:
4. Վերահսկիչ պալատը պատասխանատվություն է կրում Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից վերջին տարում իրականացված վերահսկողության արդյունքների արժանահավատության համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. հունվարի 9 Երևան ՀՕ-4-Ն
|