ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԼԴ1/0030/01/16
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԼԴ1/0030/01/16
Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան
Դատավորներ` Կ. Մարդանյան
Ա. Մնացականյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
2021 թվականի սեպտեմբերի 3-ին ք. Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Էրիկ Իգորի Եղինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
i
1. 2016 թվականի մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է թիվ 53200116 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
i
Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 27-ի որոշմամբ Էրիկ Իգորի Եղինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով ու 133-րդ հոդվածի 1-ին մասով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 28-ի որոշմամբ Էրիկ Եղինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2016 թվականի հուլիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
i
2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 13-ի դատավճռով ամբաստանյալ Է.Եղինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով և ազատվել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ամբաստանյալ Է.Եղինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով: Նշանակված պատժի սկիզբը հաշվելով 2016 թվականի մարտի 25-ից` այն համարվել է կրած: Ամբաստանյալ Է.Եղինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և վերջինս ազատվել է կալանքից դատական նիստերի դահլիճում:
i
3. Մեղադրողի, ամբաստանյալի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունիսի 25-ին որոշում է կայացրել մեղադրողի բողոքը մերժելու, ամբաստանյալի և նրա պաշտպանի բողոքները մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու մասին: Ճանաչվել և հռչակվել է Է.Եղինյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Է.Եղինյանը, նրա պաշտպան Հ.Հովսեփյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել, իսկ ամբաստանյալ Է.Եղինյանի և նրա պաշտպան Հ.Հովսեփյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մարտի 9-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնել ու մասին:
Ամբաստանյալ Է.Եղինյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել ներկայացված վճռաբեկ բողոքը:
Դատավարության մյուս մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
i
5. Ամբաստանյալ Էրիկ Եղինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 133-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2015 թվականի հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Գավառ քաղաքի բնակչուհի Հասմիկ Սարոյանի հետ և համատեղ բնակվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ 10/5 հասցեի բնակարանում: Իր հետ ամուսնացած լինելու, ինչպես նաև եկամտի որևէ աղբյուր չունենալու առումով իրենից նյութական կախվածության մեջ գտնվող կնոջ հետ կենցաղային խնդիրների շուրջ ձևավորված անբարյացակամ հարաբերությունների կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, վերջինիս մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելու դիտավորությամբ, նույն թվականի օգոստոսի վերջից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, Էրիկ Եղինյանը հիշյալ բնակարանում հաճախակի ձեռքերով և ոտքերով հարվածել է Հասմիկ Սարոյանի մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը` այդ կերպ նրան պարբերաբար պատճառելով նաև ուժեղ ցավ:
Բացի այդ, հաստատապես իմանալով, որ Հասմիկ Սարոյանը մանկուց սաստիկ վախենում է կատուներից, նույն ժամանակահատվածում բազմիցս կատու է մոտեցրել նրա դեմքին, նետել վրան, ընդհուպ գցել ծոցը և այդ գործողությունները շարունակել այնքան ժամանակ, մինչև Հասմիկ Սարոյանին հասցրել է ուշագնացությունների, ինչպես նաև իրենից նյութական կախվածության մեջ գտնվող կնոջը պարբերաբար տևական ժամանակ զրկել է սնվելու հնարավորությունից` նրան ստիպելով բավարարվել միայն գոլ ջուր խմելով, իսկ ինքն այդ ընթացքում ցուցադրաբար սնվել է նրա ներկայությամբ` անտեսելով կնոջ խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելը: Նկարագրված իր այդ գործողություններով Էրիկ Եղինյանը, դրսևորելով առանձին դաժանություն, դիտավորությամբ հոգեկան և մարմնական տառապանքներ է պատճառել Հասմիկ Սարոյանին:
Էրիկ Եղինյանը նշված ժամանակահատվածում, Հասմիկ Սարոյանի նկատմամբ գործադրելով նաև կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր ֆիզիկական և հոգեկան բռնություններ, նրան պարբերաբար ենթարկել է ծեծի, մշտապես հսկել և իր անպատժելիության վերաբերյալ պատրանքներ ստեղծելով ու սպառնալով, որ դատի կտա կամ կվնասի Հասմիկ Սարոյանին և հարազատներին, վերջինիս արգելափակել է իր բնակարանում` զրկելով ազատ տեղաշարժվելու, հարազատների և շրջապատի հետ առանց իր ներկայության հաղորդակցվելու հնարավորությունից»(1):
_____________________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 324-352:
6. Ամբաստանյալ Է.Եղինյանը ցուցմունք է տվել, ի թիվս այլնի, այն մասին, որ Հ.Սարոյանի հետ օրենքով սահմանված կարգով ամուսնացած չեն եղել, այլ բնակվել են համատեղ, վերջինիս գրանցել է իրենց տանը, և նա դարձել է իրենց ընտանիքի լիիրավ անդամ: Ստացել է գործազրկության նպաստ, որը փոխանցել է մորը` սնունդ գնելու նպատակով: Նախաքննության ընթացքում ամբաստանյալ Է.Եղինյանը ցուցմունք է տվել, ի թիվս այլնի, այն մասին, որ 2015 թվականի հունիս ամսին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել Հ.Սարոյանի հետ և մինչև նույն թվականի նոյեմբերի 12-ը համատեղ բնակվել են իր հայրական տանը(2):
_____________________________
2) Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
6.1. Տուժող Հ.Սարոյանը ցուցմունք է տվել, ի թիվս այլնի, այն մասին, որ ամուսնության առաջարկ ստանալուց հետո Է.Եղինյանի հետ տեղափոխվել է նրա տուն: Որոշակի ժամանակ անց Է.Եղինյանը սկսել է իր նկատմամբ բռնություն գործադրել: Տևական ժամանակ չի համարձակվել որևէ մեկից օգնություն խնդրել: Է.Եղինյանը գրեթե ամեն օր, առանց որևէ պատճառի ներսից փակելով տան դուռը, ոտքերով և ձեռքերով անդադար հարվածներ է հասցրել իրեն և դադարել է միայն այն ժամանակ, երբ միջամտել են տան անդամները: Ծեծելու ժամանակ ինքը փորձել է պատուհանից դուրս գալ և փախչել, սակայն նա բռնել է իր մազերից, քաշելով տուն բերել ու ավելի սաստիկ ծեծել: Է.Եղինյանն իրեն սպառնացել է, որ եթե որևէ մեկին տեղեկացնի բռնության մասին, ապա դա չի կարողանա ապացուցել, և նա իրեն դատի կտա, այդ պատճառով որևէ մեկին չի կարողացել հայտնել իր կրած տանջանքների մասին: Երբ համբերությունն այլևս վերջացել է, փորձել է զանգել և նրանից բողոքել իր մորը, սակայն Է.Եղինյանը, հասկանալով դա, հեռախոսը վերցրել է իր ձեռքից և թույլ չի տվել զանգահարել ու իր մոտից չի հեռացել: Է.Եղինյանը հիմնականում եղել է տանը, իսկ եթե գնացել է ինչ-որ տեղ, պարտադրել է գնալ իր հետ: Նա հիմնականում գնում էր ոստիկանության բաժին, այդ ժամանակ իր ձեռքից վերցնում էր հեռախոսը, ստիպելով սպասել շենքի բակում, սպառնալով, որ եթե հեռանա, ոստիկանների միջոցով կբռնի և կդատի իրեն: Վախի պատճառով ժամերով սպասել է նրան ոստիկանության շենքի բակում, մտածել է, որ, եթե Է.Եղինյանից բողոքի ոստիկաններին, նա իրեն տանը կրկին կծեծի: Մեկ անգամ ոստիկանության Ստեփանավանի բաժնի շենքի մոտ տևական ժամանակ սպասել է Է.Եղինյանին, քաղցած լինելու պատճառով չի կարողացել ոտքի վրա կանգնել և ուշագնացությունից խուսափելու նպատակով բակում գտնվող ցայտաղբյուրից անընդհատ ջուր խմելով է փորձել հագեցնել քաղցը: Ժամեր անց Է.Եղինյանը, դուրս գալով շենքից, սնունդ է գնել և անտեսելով իր քաղցած լինելը, իրեն սնունդ չի տվել: Նույն կերպ իր հետ վարվել է նաև տանը: Երբ իր մայրը եկել է տեսակցելու, ինքը չի կարողացել բողոքել Է.Եղինյանից, քանի որ նա մշտապես եղել է իր կողքին, իսկ երբ մայրը հեռացել է, Է.Եղինյանն իրենից վերցրել է մոր կողմից տրամադրված գումարը և սնունդը: Գավառում ծնողների տանը գտնվելու ժամանակ ևս մորը չի կարողացել պատմել իր վիճակի մասին, քանի որ Է.Եղինյանը մշտապես եղել է իր կողքին: Բացի այդ, Է.Եղինյանն իրեն նախապես հայտնել էր, որ տանը ձայնագրող սարքեր է տեղադրել և ամեն բան լսում ու տեսնում է: Ծնողների տանը գտնվելու ժամանակ Է.Եղինյանը մոր ներկայությամբ ուժգին հարվածել է իր մեջքին, և սպառնացել, որ բողոքելու դեպքում այնպես է անելու, որ մայրը դատապարտվի, ինչից վախեցած ինքը չի բողոքել և Է.Եղինյանի պահանջով` նրա հետ ստիպված վերադարձել է Ստեփանավան: Է.Եղինյանը ստիպել է աշխատանք գտնել և իրեն պահել, ինչից ելնելով` կարճ ժամանակահատվածում աշխատել է դեղատանը: Այդ ընթացքում Է.Եղինյանի ուղեկցությամբ և հսկողությամբ գնացել է աշխատանքի, իսկ ճանապարհի համար հատկացված գումարը վերցրել է իր ձեռքից և տուն հասցրել ոտքով: Է.Եղինյանը հայտնել է, որ դեղատան տեսախցիկների միջոցով իր բոլոր քայլերը հսկում է, որի պատճառով չի կարողացել անգամ աշխատանքի վայրում տնօրինության կողմից առաջարկվող սնունդն ուտել և խուսափել է նրանց հետ շփվելուց` մտածելով, որ իր պատճառով Է.Եղինյանը նրանց նույնպես դատի կտա(3):
_____________________________
3) Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
6.2. Վկա Թ.Գզրարյանը ցուցմունք է տվել, ի թիվս այլնի, այն մասին, որ երբ զանգահարել է իր դուստր Հ.Սարոյանին, զանգին հիմնականում պատասխանել է Է.Եղինյանը, ինչից հետո հեռախոսը փոխանցել է դստերը` շարունակելով մնալ դստեր կողքին, իրենց տանը հյուրընկալվելու ժամանակահատվածում ևս Է.Եղինյանը մշտապես հսկել է իր դստերը: Ամուսնալուծվելուց հետո դուստրը պատմել է, որ իրեն ուղարկված գումարները Է.Եղինյանը վերցրել է ձեռքից, քաղցած է պահել` ստիպելով գոլ ջուր խմել(4):
_____________________________
4) Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
6.3. Վկա Մ.Աղեկյանը ցուցմունք է տվել, ի թիվս այլնի, այն մասին, որ Հ.Սարոյանն իր հարևանն է, վերջինս ամուսնալուծությունից հետո պատմել է, որ ամուսինն ամեն օր իրեն ծեծի է ենթարկել, արգելել է սնվել, միշտ պահել է փակի տակ: Իր հարցին Հ.Սարոյանը պատասխանել է, որ հայրական տուն շուտ չի վերադարձել, քանի որ վախեցել է ամուսնու սպառնալիքներից(5):
_____________________________
5) Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
6.4. Վկա Ս.Վարդանյանը ցուցմունք է տվել, ի թիվս այլնի, այն մասին, որ դեղատանն աշխատելու ժամանակահատվածում Հ.Սարոյանը ամուսնու ուղեկցությամբ է եկել և գնացել աշխատանքի(6):
_____________________________
6) Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
i
7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Էրիկ Եղինյանի (...) արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասին և 133-րդ հոդվածի 1-ին մասին, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով նրան մեղսագրված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով:
Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից Էրիկ Եղինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ հետևյալ պատճառներով.
(...) Սույն գործի քննությամբ հաստատվել է, որ Էրիկ Եղինյանի և Հասմիկ Սարոյանի ամուսնությունը կրել է ձևական բնույթ, նրանց ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում չի գրանցվել, նրանք նույնիսկ բնականոն ամուսնական հարաբերությունների մեջ չեն մտել: Բնակվելով Էրիկ Եղինյանի ծնողների հետ համատեղ, նրանք վարել են ընդհանուր տնտեսություն: Էրիկ Եղինյանը երբևէ չի աշխատել, նյութական բարիքներ չի ստեղծել և Հասմիկ Սարոյանին պահելու կամ նրան խնամելու պարտավորություն չի ստանձնել: Ավելին` որոշ ժամանակ դեղատանը չնչին վաստակով աշխատել է Հասմիկ Սարոյանը: Էրիկ Եղինյանի ծնողները կարեկցելով Հասմիկ Սարոյանին, նրանք են փոքր ի շատե հոգ տարել Հասմիկ Սարոյանի մասին: Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ նման պայմաններում չէր կարող Էրիկ Եղինյանից կախված լինել Հասմիկ Սարոյանի նյութական վիճակի բարելավումը կամ վատթարացումը, քանի որ նա դրա համար բավարար միջոցներ չի ունեցել:
(...)
i
Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ Էրիկ Եղինյանի կողմից Հասմիկ Սարոյանի դեմքին «բազմիցս կատուներ մոտեցնելը», «դեմքին նետելը», «ծոցը գցելը», կամ «պարբերաբար տևական ժամանակ սնվելու հնարավորությունից զրկելը» և «միայն գոլ ջուր խմելով բավարարվել ստիպելը» և «կնոջ խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելն անտեսելով նրա ներկայությամբ ցուցադրաբար սնվելը» թե առանձին, թե իրենց համակցությամբ մտնում են հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հանցակազմի օբյեկտիվ կողմի գործողությունների մեջ և առաջացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմը: Այդ գործողությունները չեն կարող լրացուցիչ հանդիսանալ նաև արարքը որակյալ դարձնող հատկանիշներ:
(...) ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից երևում է, որ նա Հասմիկ Սարոյանի նկատմամբ գործադրելով նաև կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր ֆիզիկական և հոգեկան բռնություններ, վերջինիս պարբերաբար ենթարկել է ծեծի, մշտապես հսկել և իր անպատժելիության վերաբերյալ պատրանքներ ստեղծելով ու սպառնալով, որ դատի կտա կամ կվնասի տուժողին և նրա հարազատներին, ինչպես նաև իրենց բնակարանում արգելափակելով նրան, զրկել է ազատ տեղաշարժվելու, հարազատների և շրջապատի հետ առանց իր ներկայության հաղորդակցվելու հնարավորությունից: Այսինքն` Էրիկ Եղինյանն ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բռնություն գործադրելով Հասմիկ Սարոյանի նկատմամբ, նրան ապօրինի զրկել է ազատությունից:
Նշված հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարում գործի քննության ընթացքում ձեռք բերված և սույն դատական ակտում շարադրված գործին վերաբերելի և թույլատրելի արժանահավատ ապացույցներով»(7):
_____________________________
7) Տե՛ս քրեական գործ, հատոր 15, թերթեր 176-208:
i
8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Առաջին ատյանի դատարանի եզրահանգումներն առ այն, որ գործի կոնկրետ հանգամանքներն ըստ էության չեն վկայում այն մասին, որ Հասմիկ Սարոյանը նյութական կախվածության մեջ է գտնվել Էրիկ Եղինյանից և որ թեկուզ վերջինիս կողմից ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել տուժողին, սակայն գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար չէ հաստատելու, որ դա կատարվել է առանձին դաժանությամբ, քանի որ Հասմիկ Սարոյանի դեմքին «բազմիցս կատուներ մոտեցնելը», «դեմքին նետելը», «ծոցը գցելը», կամ «պարբերաբար տևական ժամանակ սնվելու հնարավորությունից զրկելը» և «միայն գոլ ջուր խմելով բավարարվել ստիպելը» և «կնոջ խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելն անտեսելով նրա ներկայությամբ ցուցադրաբար սնվելը» թե առանձին և թե իրենց համակցությամբ մտնում են հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հանցակազմի օբյեկտիվ կողմի գործողությունների մեջ և դրանք ինքնին հիմք չեն կարող հանդիսանալ հանցավոր արարքը որակյալ համարելու համար, ուստի Էրիկ Եղինյանին առաջադրված մեղադրանքն անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, հիմնավորված են և բխում են ինչպես գործի փաստական տվյալներից, այնպես էլ ՀՀ քրեական ու քրեադատավարական օրենսդրության պահանջներից:
Այս առումով արձանագրելով հանդերձ, որ Էրիկ Եղինյանի կողմից Հասմիկ Սարոյանին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը կրել է սիստեմատիկ բնույթ և կատարվել տևական ժամանակահատվածում, վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն նույնպես հիմք չի կարող հանդիսանալ արարքը «առանձին դաժանությամբ» կատարված գնահատելու համար, քանի որ օրենսդիրն ինքնին դա որպես արարքը որակյալ դարձնող հանգամանք չի սահմանել:
(...) Էրիկ Եղինյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարումը հիմնավորված է և նրա մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է ճիշտ հետևության, իսկ այս առումով ամբաստանյալի և պաշտպանի կողմից բերված պատճառաբանությունները կապված էրիկ Եղինյանի արարքում հանցակազմի բացակայության հետ, հերքվում են նաև հետևյալով:
- Գործի փաստական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր բավարար հիմք հանդիսանալ տուժող Հասմիկ Սարոյանի, վկաներ Թամարա Գզրարյանի, Յուրիկ Սարոյանի, Սուսաննա Ղռեջյանի, Մելինե Աղեկյանի, Արմինե Հաֆտոյանի, Սեյրան, Նարեկ, Հասմիկ Գրիգորյանների ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար, առավել ևս, որ դրանցում որևէ էական հակասություն չկա, դրանք փոխադարձաբար լրացնում են մեկը մյուսին և գործով ձեռք բերված մյուս ապացույցների համակցությամբ թույլատրելի և բավարար են Էրիկ Եղինյանին մեղսագրված հանցանքը հիմնավորված համարելու համար:
(...)
i
Քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով Էրիկ Եղինյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցը, վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը:
(...)
Ինքնին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով Էրիկ Եղինյանին առաջադրված մեղադրանքը զուգակցվում է նրա կողմից Հասմիկ Սարոյանին այդ ժամանակահատվածում ծեծի և խոշտանգումների ենթարկելու հետ, որի համար հիմք է հանդիսացել վերջինիս կողմից տրված ցուցմունքներն առ այն, որ 2015 թվականի օգոստոսի վերջերից Էրիկ Եղինյանը գրեթե ամեն օր, առանց որևէ պատճառի ներսից փակելով տան դուռը` ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն և դադարել է միայն այն ժամանակ, երբ միջամտել են տան անդամները, ծեծելու ժամանակ ինքը փորձել է պատուհանից դուրս գալ և փախչել, սակայն նա թույլ չի տվել ու ավելի սաստիկ է ծեծել, հետո նույնպես արգելել է տնից դուրս գալ, որ հարևանները հանկարծ իրեն այդ վիճակում չտեսնեն, նաև սպառնացել է, որ եթե որևէ մեկին տեղեկացնի ծեծի մասին, ոչ ոք դա չի կարող ապացուցել, փոխարենը սուտ մատնության և զրպարտության համար դատի կտա իրեն, որի պատճառով էլ չի համարձակվել իր կրած տանջանքների մասին որևէ մեկին հայտնել:
Բացի տուժող Հասմիկ Սարոյանի ցուցմունքներից, որոնք հաստատում են, որ Էրիկ Եղինյանի կողմից նրան տնից դուրս չթողնելը հիմնականում պայմանավորված է եղել ծեծի ենթարկելուց հետո նրա այդ վիճակն ու պատճառված մարմնական վնասվածքներն ուրիշների կողմից չտեսնելու մտահոգությամբ, գործով որևէ այլ ապացույց ձեռք չի բերվել, որը կարող էր հիմնավորել, որ Էրիկ Եղինյանը ուղղակի դիտավորությամբ տուժողին ապօրինաբար զրկել է ազատությունից:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով Էրիկ Եղինյանին առաջադրված մեղադրանքն անորոշ է և կոնկրետացված չէ, թե երբ, ինչ տևականությամբ է նա Հասմիկ Սարոյանին ապօրինաբար զրկել ազատությունից:
(...)
Սույն գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշներով հաստատված համարելու, որ Էրիկ Եղինյանը կատարել է իրեն մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով արարքը, դրա ապացուցվածության վերաբերյալ ողջամիտ կասկածները ոչ նախաքննությամբ և ոչ էլ դատաքննությամբ չեն բացառվել, ուստի վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Հ.Հովսեփյանի և ամբաստանյալ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքները պետք է մասնակիորեն բավարարել, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել և ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով Էրիկ Իգորի Եղինյանին արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով»(8):
_____________________________
8) Տե՛ս քրեական գործ, հատոր 17, թերթեր 66-118:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը վերաորակելու մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով և ամբաստանյալի նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` սխալ է գնահատել գործում առկա ապացույցները` կայացնելով չպատճառաբանված դատական ակտ:
Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ հանցավորից նյութական կախվածության բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումները հակասում են սույն գործով հաստատված փաստական տվյալներին: Մասնավորապես` գործի փաստական տվյալներով հիմնավորվել է, որ փաստական կարգով ամուսնանալուց հետո` շուրջ երկու ամիս տուժողի և ամբաստանյալի հարաբերությունները դրական բնույթ են ունեցել, միասին հաճախել են տարբեր վայրեր, քնել են միևնույն սենյակում, ուստի նրանց ամուսնությունը չէր կարող կրել ձևական բնույթ` անկախ պետական իրավասու մարմնում այն գրանցված չլինելու փաստից:
Ինչ վերաբերում է ամբաստանյալի` եկամուտ և տուժողին խնամելու պարտականություն չունենալու փաստարկին, ապա համապատասխան ժամանակահատվածում տուժողի նյութական վիճակի բարելավումը կամ վատթարացումը կախված է եղել ընդհանուր տնտեսությունից, որը գոյացել է նաև ամբաստանյալի ստացած նպաստի գումարից: Բացի այդ, դեղատանն աշխատելու ընթացքում գոյացած եկամուտը տուժողը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն չի ունեցել, քանի որ գումարը վերցրել է ամբաստանյալը:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված հետևյալ հանգամանքը` «եղել են դեպքեր, երբ Է.Եղինյանը սնվելու ժամանակ, իմանալով, որ Հ.Սարոյանը նույնպես քաղցած է, նրան թույլ չի տվել օգտվել ուտելիքից` ասելով, որ նա բավարարվի գոլ ջուր խմելով», ուղիղ հակադարձում է այն պատճառաբանությանը, որ տուժողի նյութական վիճակի բարելավումը կամ վատթարացումը կախված չի եղել ամբաստանյալից:
9.1. Բողոքաբերը, վերլուծելով «առանձին դաժանություն» հասկացությունը, եզրահանգել է, որ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու յուրաքանչյուր դեպք կրում է դաժանության աստիճան, սակայն առանձին դաժանությունը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու բարձրագույն աստիճանն է, որը կարող է առաջանալ խոշտանգման և այլ անմարդկային վերաբերմունքի արդյունքում:
Նշվածի լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական տվյալները` բողոքի հեղինակը եզրահանգել է, որ տուժողի դեմքին «բազմիցս կատու մոտեցնելը», «դեմքին նետելը», «ծոցը գցելը», «պարբերաբար տևական ժամանակ սնվելու հնարավորությունից զրկելը» և «միայն գոլ ջուր խմելով բավարարվել ստիպելը» կամ «կնոջ խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելն անտեսելով` ցուցադրաբար սնվելը» չի կարող դիտվել զուտ ֆիզիկական ուժեղ ցավ, ինչպես նաև հոգեկան տառապանք պատճառել, քանի որ այդ գործողություններն իրենց բնույթով անմարդկային վերաբերմունք են, և ենթակա են որակման որպես առանձին դաժանության դրսևորում:
9.2. Բողոքի հեղինակը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ տարրերը և գնահատելով սույն քրեական գործում առկա փաստական տվյալները, նշել է, որ ամբաստանյալը տուժողի նկատմամբ հաճախակի գործադրել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր ֆիզիկական և հոգեկան բռնություն, նրան պարբերաբար ծեծի է ենթարկել և մշտապես հսկել: Իր անպատժելիության վերաբերյալ տուժողի մոտ պատրանքներ ստեղծելով ու սպառնալով, որ կվնասի նրան և նրա հարազատներին, ինչպես նաև բնակարանում արգելափակելով նրան, զրկել է ազատ տեղաշարժվելու, հարազատների և շրջապատի հետ առանց իր ներկայության հաղորդակցվելու հնարավորությունից: Ավելին` առանց ամբաստանյալի թույլտվության տուժողը նույնիսկ իրավունք չի ունեցել պատսպարվելու անձրևից և մշտապես մնացել է այն վայրում, որտեղ ամբաստանյալը հանձնարարել է մնալ: Այսինքն` ամբաստանյալը, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բռնություն գործադրելով տուժողի նկատմամբ, նրան ապօրինի զրկել է ազատությունից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ մեղադրանքում հստակ ձևակերպված չէ ազատությունից ապօրինի զրկելու ժամանակահատվածը և տևողությունը, ապա գործի փաստական հանգամանքներով հաստատվել է, որ այն զուգակցվել է ամբաստանյալի կողմից տուժողին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանքներ պատճառելու ժամանակահատվածի հետ:
i
Ամփոփելով վերոգրյալը` բողոքաբերը եզրահանգել է, որ ամբաստանյալի արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով և 133-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշները:
10. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված` ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք ամբաստանյալ Էրիկ Եղինյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերից ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին ստորադաս դատարանների հետևություններն այն հիմնավորմամբ, որ տուժողը հանցավորից նյութական կախվածության մեջ չի գտնվել, իսկ հանցավորի գործողությունները չեն համապատասխանում հանցակազմի` առանձին դաժանության որակյալ հատկանիշին:
i
13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»:
i
Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
13.1. Վերոնշյալ հոդվածների համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի բացարձակ բնույթի հաշվառմամբ` դատարանը չի բացառում, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ վտանգը բխում է անձանց կամ անձանց խմբերի կողմից, որոնք պետական պաշտոնյաներ չեն(9),
_____________________________
9) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` H.L.R. v. France գործով 1997 թվականի ապրիլի 27-ի վճիռը, գանգատ թիվ 24573/94, կետ 40:
i
- Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը կապակցված Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածով պետությունների ընդհանուր պարտավորության հետ` «յուրաքանչյուրի համար իրենց իրավազորության ներքո ապահովելու կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու ազատությունները», պահանջում է պետություններին ձեռնարկել միջոցներ` երաշխավորելու, որ իրենց իրավազորության ներքո գտնվող անձինք չենթարկվեն վատ վերաբերմունքի, ներառյալ` մասնավոր անձանց կողմից իրականացվող վատ վերաբերմունքը: Մասնավոր անձանց կողմից դրսևորած վերաբերմունքի առումով դատարանը պարբերաբար գտել է, որ 3-րդ հոդվածը կիրառելի է դիտավորյալ վատ վերաբերմունք ներառող գործերում, ինչպես օրինակ` բռնաբարությունը, սեռական ոտնձգությունը կամ բռնությունը, ներառյալ` ընտանեկան բռնությունը կամ վնասվածքները` պատճառված կռվի ընթացքում, որը ենթադրում է վարքագիծ` ունակ տուժողի մոտ առաջացնելու նսեմացման կամ նվաստացման զգացումներ(10):
_____________________________
10) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nicolae Virgiliu Tanase v. Romania գործով 2019 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 41720/13, կետեր 115 և 119:
14. «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ` իր իրավազորության ներքո ցանկացած գտնվող տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար»:
15. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ` նաև Միջազգային դաշնագիր) 7-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
15.1. Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ Միջազգային դաշնագրով խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքը կիրառելի է անկախ այն հանգամանքից, թե գործողությունները կատարվել են «պաշտոնատար անձանց» կամ «պետության անունից հանդես եկող այլ անձանց» կամ «մասնավոր անձանց կողմից» կամ «խրախուսելով, պատվիրելով, հանդուրժելով կամ արգելված գործողություններ կատարելով»(11): Այսինքն` վատ վերաբերմունքի արգելքը միայն չի սահմանում նեգատիվ պարտավորություն պետության ներկայացուցիչների համար չներգրավվելու այդպիսի վերաբերմունքի մեջ: Պետությունն ունի նաև պոզիտիվ պարտավորություններ իր իրավազորության ներքո պաշտպանելու անհատներին մասնավոր անձանց գործողություններից(12):
_____________________________
11) Տե՛ս HRC, General Comment No. 20, 1992, կետ 13:
12) Տե՛ս HRC, General Comment No. 31, «Nature of the General Legal Obligation Imposed on States Parties to the Covenant», UN Doc. CCPR/C/21/Rev.1/Add.13 (26 May 2004), կետ 8:
i
16. ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն` «1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված` դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու հետևանքները, և եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված խոշտանգման հանցագործության հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են`
(...)
3) (...) հանցավորից նյութական (...) կախվածություն ունեցող անձի, (...) նկատմամբ,
6) առանձին դաժանությամբ,
(...)
պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:
17. Սույն որոշման 13-16-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներպետական օրենսդրության մակարդակով օրենսդրի կողմից 2015 թվականի հունիսի 9-ի` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-69-Ն օրենքի ընդունմամբ հստակ տարբերակվեց հանրային իշխանության ներկայացուցիչների և մասնավոր անձանց կողմից խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի դրսևորման քրեաիրավական որակումները: Մասնավորապես, եթե ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածը, համապատասխանեցվելով «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պահանջներին, նախատեսում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի խոշտանգելու համար, ապա մասնավոր անձանց համարժեք գործողությունների դեպքում վերջիններիս արարքը ենթակա է քննարկման ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված` ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի պատճառման հանցակազմի համատեքստում, որը չունի հատուկ սուբյեկտ: Նշված պատճառաբանությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ անձի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի հանցակազմի տարրերը:
ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտը հավաքական բնույթ է կրում, այն բաղկացած է մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև անձի հոգեբանական և բարոյական անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից:
Ընդ որում, ուշագրավ է, որ քննարկվող հոդվածում օրենսդիրը չի կոնկրետացրել, թե ինչ գործողությունների ձևով կարող է արտահայտվել հանցակազմի պարտադիր հատկանիշ` հանրորեն վտանգավոր գործողությունը (անգործությունը)` սահմանափակվելով հանրության համար վտանգավոր հետևանքների շրջանակի ընդգծմամբ (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու այլընտրանքային հետևանքներով), որոնց առաջացման դեպքում արարքը կարող է որակվել նշված հոդվածով: Հատկանշական է նաև այն, որ ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի, որտեղ նշված են հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման հնարավոր ձևերը, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով հանցակազմի օբյեկտիվ կողմը ներառում է անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն ուղղված ցանկացած գործողություն (անգործություն):
18. Անդրադառնալով ֆիզիկական ուժեղ ցավի և հոգեկան ուժեղ տառապանքի բովանդակությանը` պարզ է դառնում, որ «ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի» տարրի բովանդակության գնահատման չափանիշների որոշակիացումը շարունակում է մնալ արդիական ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակում, մասնավորապես` «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 1-ին հոդվածում և փոխկապակցված միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերում, այդ թվում` Եվրոպական կոնվենցիայի ժամանակակից մեկնաբանություններում: Այս առումով հարկ է նշել, որ հենց ֆիզիկական ցավի ու հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանն է այն հիմնական չափանիշը վատ վերաբերմունքի դրսևորման ձևերը տարբերակելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար:
Միավորված ազգերի կազմակերպության` խոշտանգումների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ «հոգեբանական խոշտանգումը» պետք է մեկնաբանվի` ներառելով բոլոր այն մեթոդները, միջոցները և հանգամանքները, որոնք միտված են կամ նախատեսված են ուժեղ հոգեբանական ցավ կամ տառապանք նպատակասլացորեն հասցնելու համար` առանց ուժեղ ֆիզիկական ցավի կամ տառապանքի պատճառման կամ դրա ազդեցության օգտագործման: Իսկ «ֆիզիկական խոշտանգումը» պետք է մեկնաբանվի այնպես, որ ներառի բոլոր մեթոդները, միջոցները և միջավայրերը, որոնք միտված են կամ նախատեսված են ուժեղ ֆիզիկական ցավ կամ տառապանք առաջացնելու համար` անկախ հոգեկան ցավի կամ տառապանքի զուգահեռ պատճառումից(13):
_____________________________
13) Տե՛ս ՄԱԿ-ի խոշտանգումների վերաբերյալ Հատուկ զեկուցողի թեմատիկ զեկույցը, A/HRC/43/49, կետ 19:
i
19. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է փաստել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նշված` «ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի» այլընտրանքային հետևանքների առաջացումը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ`
- ցավի առկայությունը չի պահանջում, որ պարտադիր այն լինի ծայրահեղ, երկար, մշտական, սուբյեկտի համար դժվար դիմանալու, չպետք է ներառի մահ, օրգանի անբավարարություն կամ որոշակի ֆունկցիայի լուրջ խանգարում, ուժեղ ցավը կարող է նաև կարճատև լինել,
- ուժգնությունը կարող է առաջանալ անհատական մեթոդից կամ մեթոդների կուտակումից կամ համադրությունից (ինչպես սովորաբար ցավ է պատճառվում), որը տեղի է ունենում մի առիթով կամ որոշակի ժամանակահատվածում,
- հոգեկան տառապանքը կարող է ուժեղ լինել` առանց զուգակցվելու ֆիզիկական ցավի հետ:
Միաժամանակ, Ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանը գնահատելիս կարևոր է նաև «խստության նվազագույն մակարդակի» թեսթի օգտագործումը, որը կիրառվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Դատարանը նշել է, որ դաժան վերաբերմունքը պետք է ուժգնության նվազագույն մակարդակի հասնի, որպեսզի դիտարկվի 3-րդ հոդվածի շրջանակներում: Ուժգնության նվազագույնի գնահատումը հարաբերական է. Դա կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` բուժման տևողությունը, դրա ֆիզիկական և մտավոր ազդեցությունները և, որոշ գործերով, զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը(14): Նշվածի հաշվառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի շրջանակներում գործողությունը (անգործությունը) որպես ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառող վերաբերմունք դիտարկելու համար այն պետք է ունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառվող չափանիշներին համարժեք խստության նվազագույն աստիճան:
_____________________________
14) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Labita v. Italy [GC] գործով 2000 թվականի ապրիլի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26772/95, կետ 120:
20. Սույն որոշման 17-19-րդ կետերում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանի և այն որակյալ դարձնող` նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված` առանձին դաժանության հարաբերակցությանը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինքնին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու յուրաքանչյուր դեպք կրում է դաժանության հատկանիշներ: Մինչդեռ առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է, որը զուգակցվում է հանրության համար վտանգավոր արարքի կատարման հետ և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելու եղանակով հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «առանձին դաժանություն» հասկացությունը գնահատողական կատեգորիա է և որոշվում է միայն գործի բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ հետազոտելու արդյունքում: Քննարկվող հանցակազմի իմաստով, առանձին դաժանությունը կապված է այն հանգամանքների ամբողջության հետ, որոնք վկայում են հանցավորի կողմից դաժանության բարձր աստիճանին հասնող վերաբերմունքի դրսևորման դիտավորության մասին: Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հանցավորը պետք է գիտակցի արարքի առանձին դաժանության բնույթը, նախատեսի ոչ միայն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք, այլև տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելու փաստը, ինչպես նաև ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա տուժողին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հենց նման բնույթը: Այլ խոսքով` առանձին դաժանությամբ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելիս հանցավորը պետք է գիտակցի արարքի առանձին դաժանության բնույթը, նախատեսի առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա դրանք: Հետևաբար, քննարկվող որակյալ հանցակազմը կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ:
Ուստի, վերոնշյալ հանգամանքների համակցության գնահատման արդյունքում միայն հնարավոր է սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանն այն որակյալ դարձնող` նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված` առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառման աստիճանից:
i
21. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ կետով նախատեսված` հանցավորից նյութական կախվածություն ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու որակյալ հատկանիշին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դրա առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է պատշաճ իրավական գնահատման ենթարկել տուժողի և հանցավորի փոխհարաբերությունները փաստացի բնույթը:
Այսպես` նյութական կախվածության դեպքում տուժողը ֆինանսական կախվածության մեջ է գտնվում հանցավորից: Ընդ որում, նյութական կախվածությունն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ տուժողը ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է լինում հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից: Ուստի, նշված դեպքերում կախվածության առկայության վերաբերյալ հարցը լուծելիս միշտ պետք է հիմնվել հանցավորի և տուժողի միջև գոյություն ունեցող փաստական հարաբերությունների բնույթի և բովանդակության վրա:
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- ամբաստանյալ Է.Եղինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 133-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Հ.Սարոյանի հետ և համատեղ բնակվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ 10/5 հասցեի բնակարանում: Իր հետ ամուսնացած լինելու, ինչպես նաև եկամտի որևէ աղբյուր չունենալու առումով իրենից նյութական կախվածության մեջ գտնվող կնոջ հետ կենցաղային խնդիրների շուրջ ձևավորված անբարյացակամ հարաբերությունների կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, վերջինիս մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելու դիտավորությամբ, նույն թվականի օգոստոսի վերջից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, Է.Եղինյանը հիշյալ բնակարանում հաճախակի ձեռքերով և ոտքերով հարվածել է Հ.Սարոյանի մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը` այդ կերպ նրան պարբերաբար պատճառելով նաև ուժեղ ցավ: Բացի այդ, հաստատապես իմանալով, որ Հ.Սարոյանը մանկուց սաստիկ վախենում է կատուներից, նույն ժամանակահատվածում բազմիցս կատու է մոտեցրել նրա դեմքին, նետել վրան, ընդհուպ գցել ծոցը և այդ գործողությունները շարունակել այնքան ժամանակ, մինչև Հ.Սարոյանին հասցրել է ուշագնացությունների, ինչպես նաև իրենից նյութական կախվածության մեջ գտնվող կնոջը պարբերաբար տևական ժամանակ զրկել է սնվելու հնարավորությունից` նրան ստիպելով բավարարվել միայն գոլ ջուր խմելով, իսկ ինքն այդ ընթացքում ցուցադրաբար սնվել է նրա ներկայությամբ` անտեսելով կնոջ խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելը: Նկարագրված իր այդ գործողություններով Է.Եղինյանը, դրսևորելով առանձին դաժանություն, դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել Հ.Սարոյանին:
Է.Եղինյանը նշված ժամանակահատվածում, Հ.Սարոյանի նկատմամբ գործադրելով նաև կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր ֆիզիկական և հոգեկան բռնություն, նրան պարբերաբար ենթարկել է ծեծի, մշտապես հսկել և իր անպատժելիության վերաբերյալ պատրանքներ ստեղծելով ու սպառնալով, որ դատի կտա կամ կվնասի Հ.Սարոյանին և հարազատներին, վերջինիս արգելափակել է իր բնակարանում` զրկելով ազատ տեղաշարժվելու, հարազատների և շրջապատի հետ առանց իր ներկայության հաղորդակցվելու հնարավորությունից(15):
_____________________________
15) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
i
- Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Է.Եղինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 2018 թվականի նոյեմբերի 13-ի դատավճռով արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքների համակցությունը բավարար է եզրահանգելու, որ տուժողի նյութական վիճակի բարելավումը կամ վատթարացումը կախված է եղել ամբաստանյալից, քանի որ վերջինս դրա համար բավարար միջոցներ չի ունեցել, մեղադրանքում ձևակերպված արարքները, թե՛ առանձին և թե՛ իրենց համակցությամբ, մտնում են անձին հոգեկան տառապանքներ պատճառելու հանցակազմի օբյեկտիվ կողմի մեջ և չեն կարող լրացուցիչ որակվել որպես առանձին դաժանության դրսևորում: Միևնույն ժամանակ, Է.Եղինյանին նաև մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և ազատել նրան քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով(16):
_____________________________
16) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ համաձայնել է Է.Եղինյանի արարքը վերաորակելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճռով տրված գնահատականներին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արդարացրել է ամբաստանյալ Է.Եղինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ` արարքում հանցակազմի բացակայության հիմքով` փաստելով, որ բացի տուժողի ցուցմունքից, որևէ այլ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որը կհիմնավորեր, որ ամբաստանյալը ուղղակի դիտավորությամբ տուժողին ապօրինի զրկել է ազատությունից: Բացի այդ, դատարանը գտել է, որ այս մասով մեղադրանքն անորոշ է` կոնկրետացված չէ, թե երբ, ինչ տևականությամբ է ամբաստանյալը տուժողին զրկել ազատությունից(17):
_____________________________
17) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
23. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 6-6.4-րդ կետերում վկայակոչված ապացույցների և 12-20-րդ կետերում նշված իրավադրույթների, արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի արարքներում առանձին դաժանությամբ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու որակյալ հանցակազմի հատկանիշների բացակայությունն արձանագրելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել սույն գործով առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, ստորադաս դատարաններն ամբաստանյալի կատարած արարքի քրեաիրավական որակումը որոշելիս ուշադրության չեն արժանացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված և գործով հաստատված փաստական տվյալների համակցությունը: Այսպես, սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ ամբաստանյալը`
- հաստատապես իմանալով, որ տուժողը սաստիկ վախենում է կատուներից, բազմիցս կատու է նետել նրա վրա, այդ թվում դեմքին, և այդ գործողությունները շարունակել է մինչև վերջինիս ուշագնացության հասցնելը,
- տևականորեն զրկել է տուժողին սնվելու հնարավորությունից և անտեսել նրա խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելը: Բացի այդ, գործի նյութերով հաստատված է նաև այնպիսի իրավիճակ, երբ ամբաստանյալը ցուցադրաբար սնվել է տուժողի ներկայությամբ` այն դեպքում, երբ տուժողը քաղցած լինելու հետևանքով ուշագնացությունից խուսափելու նպատակով բակում գտնվող ցայտաղբյուրից անընդհատ ջուր խմելով փորձել է հագեցնել քաղցը,
- պարբերաբար հոգեճնշող վիճակում և վախի մթնոլորտում է պահել տուժողին, մշտապես վերահսկել վերջինիս վարքագիծը, ինչը բարձրացրել է տուժողի տառապանքի, անլիարժեքության զգացումը, կոտրել վերջինիս ֆիզիկական և հոգեբանական դիմադրություն ցույց տալու կարողությունը,
- սպառնացել է տուժողին, որ իրավապահ մարմիններին բողոքելու դեպքում ծեծի կենթարկվի,
- մշտապես ֆիզիկական ուժ է գործադրել տուժողի նկատմամբ, այդ թվում` վերջինիս ծնողի ներկայությամբ:
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանի և այն որակյալ դարձնող` նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված` առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառման աստիճանի հարաբերակցության համատեքստում վերոնշյալ հանգամանքները պատշաճ գնահատման չեն ենթարկվել ստորադաս դատարանների կողմից:
24. Վերոգրյալի հետ մեկտեղ, սույն որոշման 21-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուժողի նյութական վիճակի բարելավումը կամ վատթարացումն ամբաստանյալից կախված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները նույնպես հիմնված չեն գործի փաստական հանգամանքների պատշաճ գնահատման և ուսումնասիրման վրա:
Այսպես` ամբաստանյալի հետ փաստական ամուսնության մեջ գտնվելու ընթացքում տուժողը մշտական եկամտի աղբյուր չի ունեցել, եկամուտը որոշ ժամանակ ձևավորվել է ստացված նպաստից, նրա ծնողների կողմից տրամադրված գումարներից և նյութական բարիքներից, ինչպես նաև դեղատանն աշխատելու ընթացքում ստացված վարձատրությունից, որոնք վերջինս տնօրինելու և տիրապետելու հնարավորություն չի ունեցել, քանի որ այդ գումարները տրամադրել է ամբաստանյալին: Այսինքն` ստացած դրամական միջոցները և նյութական բարիքները, որոնք քիչ թե շատ տուժողի հիմնական եկամտի աղբյուրն են կազմել, տնօրինվել և օգտագործվել են ամբաստանյալի կողմից:
Վերոնշյալի համատեքստում անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված այն փաստարկին, որ ամբաստանյալի և տուժողի միջև ամուսնությունը կրել է ձևական բնույթ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ամբաստանյալը և նրա ընտանիքի անդամներն իրենց բոլոր գործողություններով, հարևանների, տուժողի աշխատանքի վայրում և այլ անձանց մոտ վերջինիս բացահայտ ներկայացրել են որպես ամբաստանյալի կին: Բացի այդ, ամբաստանյալը և տուժողը թեև կարճ ժամանակահատվածում, բայց բնակվել են համատեղ, վարել են ընդհանուր տնտեսություն և կատարել են այնպիսի գործողություններ, որոնք հիմք են տալիս արձանագրելու, որ ամբաստանյալը և տուժողը գտնվել են փաստական ամուսնության մեջ: Այս առումով հարկ է նաև նկատի ունենալ, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի իմաստով ընտանիքի անդամ է հանդիսանում ամուսինը, այդ թվում` փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը: Նույն օրենքի կարգավորումներից հետևում է, որ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձին հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, համարվում է տնտեսական բռնության դրսևորման ձև:
Ուստի, սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի առկայությունը գնահատելիս ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել վերոնշյալ հանգամանքները:
25. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Էրիկ Եղինյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերից ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին ստորադաս դատարանների հետևություններն այն հիմնավորմամբ, որ տուժողը հանցավորից նյութական կախվածության մեջ չի գտնվել, իսկ հանցավորի գործողությունները չեն համապատասխանում հանցակազմի` առանձին դաժանության որակյալ հատկանիշին, իրավաչափ չեն:
i
26. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 9.2-րդ կետում ներկայացված` ամբաստանյալ Է.Եղինյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշների առկայության վերաբերյալ փաստարկին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
i
ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Մեջբերված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նախատեսված արարքով տուժողը փաստացի զրկվում է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Ընդ որում, անձին ազատությունից զրկելու նպատակի բացահայտումը կարևոր է ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարքն այլ հանցակազմերից տարանջատելու համար: Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է մարդուն տեղափոխվելու, գտնվելու վայրն ընտրելու, այլ մարդկանց հետ շփվելու ազատությունից ապօրինաբար և նրա կամքին հակառակ զրկելով: Վերոնշյալ գործողությունները, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք այլ հանցակազմերում նախատեսված են որպես օբյեկտիվ կողմի բաղկացուցիչ մաս կամ հանցակազմն առավել որակյալ դարձնող հանգամանք: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել, թե որ դեպքում է ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նկարագրված արարքն ինքնուրույն քրեաիրավական որակում ստանում և որ դեպքում` կլանվում այն հանցակազմով, որի մասն է կազմում մարդուն ազատությունից ապօրինի զրկելը:
26.1. Վերոնշյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշների առկայության դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշների առկայության հարցին` հարկ է նշել, որ եթե անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառող վատ վերաբերմունքի դրսևորման եղանակն իր մեջ պարունակում է տուժողին ազատությունից զրկելու տարրեր և հանցավորի դիտավորությունն ուղղված է ոչ թե տուժողին ազատությունից զրկելուն, այլ այդ կերպ նրան հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, ապա հանցավորի արարքը լրացուցիչ չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով:
27. Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ տուժողը գիտակցելով, որ մշտապես գտնվում է ամբաստանյալի հսկողության ներքո, վախի պատճառով իր գործողությունները պայմանավորել է ամբաստանյալի կողմից ընդունելի լինելու հանգամանքով` կարծելով, որ հակառակ դեպքում ոչ միայն իր, այլև իրեն մտերիմ կամ առնչություն ունեցող անձանց համար կարող են բացասական հետևանքներ առաջանալ: Նման պայմաններում, ամբաստանյալի կողմից տուժողին իր բնակարանում ազատ տեղաշարժվելու, հարազատների և շրջապատի հետ առանց իր ներկայությամբ հաղորդակցվելու հնարավորությունից զրկելը եղել է տուժողի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման եղանակ: Ուստի, նշված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի արարքը չպետք է լրացուցիչ որակվի նաև ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Է.Եղինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Վերաքննիչ դատարանի կողմից արդարացնելը հիմնավոր է` հիմք ընդունելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները:
i
28. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Է.Եղինյանի կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերից նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելիս` Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանելու և քրեական գործն այդ մասով նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ պետք է քննարկման առարկա դարձնի ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հատկանիշների առկայության հարցը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարության տվյալ փուլում չհեռանալու մասին ստորագրությունը կարող է լինել պատշաճ երաշխիք` ամբաստանյալ Է.Եղինյանի` ազատության մեջ գտնվելու դեպքում նրա հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը չեզոքացնելու համար: Ուստի, ամբաստանյալ Է.Եղինյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
i
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը մասնակիորեն` ամբաստանյալ Էրիկ Իգորի Եղինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
i
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը` ամբաստանյալ Էրիկ Իգորի Եղինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու մասով թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Ամբաստանյալ Էրիկ Իգորի Եղինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Հրապարակվել է datalex.am կայքէջում` 3 սեպտեմբերի 2021 թվական:
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=30962247438224297
Միասնական կայք` 04.10.21-17.10.21