Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/8136/05/18

    դատարանի որոշում                       2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8136/05/18

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ Ռուզաննա Ղազարյանի հայցի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) և երրորդ անձ Բանկի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուզաննա Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Թումանյան փողոցի 31-րդ շենքի թիվ 28 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 23.05.2018 թվականին Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 25.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2020 թվականի որոշմամբ Բանկի և Կադաստրի վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 25.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Արեն Տեպանոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 1-ին, 24-րդ, 30-րդ և 40-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը համապատասխան գնահատական չի տվել Բանկի կողմից ներկայացված և կադաստրային գործում առկա փաստաթղթերի հիման վրա վարչական մարմնի` Կադաստրի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելու հնարավորությանն ու իրավասությանը:

i

Օրենքի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում նույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 2 փաստաթղթերից առնվազն մեկը` կա՛մ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կա՛մ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը: Ընդ որում, նշված նորմի կիրառման մասին Կադաստրի նախագահի 24.01.2013 թվականի պաշտոնական պարզաբանող գրությամբ սահմանվել է, որ նկատի ունենալով, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը, ուստի միայն ծանուցման փոստային առաքման անդորրագիրը բավարար է, որպեսզի բռնագանձման ծանուցումը համարվի գրավատուին հանձնված:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի կողմից 16.10.2017 թվականին կազմված թիվ 6157-02 բռնագանձման ծանուցումները 17.10.2017 թվականին պատշաճ կարգով ուղարկվել են անշարժ գույքի սեփականատիրոջը` Ռուզաննա Ղազարյանին` վերջինիս հաշվառման հասցեով: Նույն հասցեն մատնանշված է նաև գրավի պայմանագրում, հետևաբար Բանկը, չստանալով վերջինիս հասցեի փոփոխության վերաբերյալ որևէ ծանուցում, բռնագանձման ծանուցումն ուղարկել է գրավի պայմանագրում և վերջինիս հաշվառման հասցեով, իսկ պատճենը` Ընկերությանը և Կադաստրին, որը վերջինիս կողմից ստացվել է ու համաձայն 20.10.2017 թվականին տրված թիվ ԱՏ-19/10/2017-1-0320 գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի` անշարժ գույքի 16.10.2017 թվականի բռնագանձման ծանուցումն արտացոլվել է անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում: Այնուհետև, օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո, բռնագանձման ծանուցումը` այն ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագրերով, ինչպես նաև Օրենքով սահմանված այլ պարտադիր փաստաթղթերով, ներկայացվել է Կադաստր, ում կողմից էլ օրենքի պահանջների պահպանմամբ կատարվել է Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը և 23.05.2018 թվականին տրվել է սեփականության իրավունքի թիվ 23052018-01-0234 վկայականը:

Վերաքննիչ դատարանը, հայցը բավարարելով և անվավեր ճանաչելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` բողոքարկվող դատական ակտում նշված հիմնավորումներով և պատճառաբանություններով, ըստ էության, սահմանել է իրավունքի պետական գրանցման մերժման այլ հիմք, որը նախատեսված չէ Օրենքի 30-րդ հոդվածով:

Վերաքննիչ դատարանը, համարելով, որ Բանկի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերը բավարար չեն դիմումով խնդրարկվող իրավունքի պետական գրանցումը կատարելու համար, չի մատնանշել, թե Օրենքի որ դրույթի համաձայն Կադաստրը պետք է մերժեր իրավունքի պետական գրանցումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ քանի դեռ Օրենքում կատարված չեն համապատասխան փոփոխություններ և լրացումներ` կապված բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի կազմի հետ, և այդ օրենքը գործում է այն տեսքով, որն այն ունի վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին, իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմինը` Կադաստրը, պարտավոր է ղեկավարվել իր գործունեությունը կարգավորող հիմնական օրենքով, իսկ վերջինիս գործողությունների օրինականությունը և իրավաչափությունը դատական կարգով վիճարկման դեպքում դատարանները պարտավոր են դրանց տալ իրավական գնահատական` գործող օրենքի շրջանակներում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) գրավառու Բանկի, գրավատու Ռուզաննա Ղազարյանի և հաճախորդ «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի միջև 14.11.2014 թվականին կնքվել է անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` Պայմանագիրը հանդիսանում է Բանկի և «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի միջև կնքված Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի անբաժանելի մասը: Նույն պայմանագրի 1.4 կետում նշվել է, որ գրավի առարկա է հանդիսանում Ռուզաննա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոցի թիվ 31 շենքի 28-րդ բնակարանը (հատոր 3-րդ, գ.թ. 40-42).

2) Պայմանագրի 2.1.1 կետով Բանկին իրավունք է վերապահվել գրավով ապահովված պարտավորությունը «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի կողմից չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում գրավ դրված գույքի հաշվին բավարարելու իր պահանջները Պայմանագրով սահմանված կարգով, իսկ Պայմանագրի 2.1.2 կետով` ՀՀ օրենսդրությամբ, Գլխավոր պայմանագրով և Պայմանագրով սահմանված դեպքերում «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ից պահանջելու վաղաժամկետ կատարել գրավով ապահովված պարտավորությունը և այդ պահանջը չբավարարելու դեպքում բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա (հատոր 3-րդ, գ.թ. 40-42).

3) Պայմանագրի 3.2 կետով Ռուզաննա Ղազարյանը տվել է իր համաձայնությունն այն մասին, որ «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, Պայմանագրով սահմանված պարտավորությունները և պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա և իրացնելու այն, այդ թվում` հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընդունելու ի սեփականություն կամ ուղղակի վաճառքի եղանակով ի սեփականություն հանձնելու ցանկացած երրորդ անձին (հատոր 3-րդ, գ.թ. 40-42).

4) Պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 19.11.2014 թվականին կատարվել է գրավի իրավունքի գրանցում, որի հիման վրա Բանկին ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոցի թիվ 31 շենքի 28-րդ բնակարանի նկատմամբ տրվել է իրավունքի պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 78, 79).

5) 16.10.2017 թվականի ամսաթվով Բանկը, կազմելով առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին բռնագանձման ծանուցում, այն փոստային ծառայության միջոցով 17.10.2017 թվականին ուղարկել է գրավատու Ռուզաննա Ղազարյանին, վարկառու «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի և Կադաստրին` նշելով նաև որ վարկառուի կողմից թույլ են տրվել Գլխավոր պայմանագրով և համաձայնագրով ստանձնած պարտավորությունների խախտումներ, ու ծանուցման մեջ նշված ժամկետում պարտավորությունները չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում Բանկը գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց կընդունի ի սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 38, 39, հատոր 3-րդ, գ.թ. 86).

6) գրավատու Ռուզաննա Ղազարյանին ուղարկված վերը նշված բռնագանձման ծանուցումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 87).

7) Կադաստրը, ի պատասխան Բանկի կողմից 19.10.2017 թվականին ներկայացված դիմումի, կազմել է գրություն այն մասին, որ 16.10.2017 թվականի բռնագանձման ծանուցումն արտացոլվել է անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում (հատոր 1-ին, գ. թ. 74).

8) Բանկի ներկայացուցիչը 07.05.2018 թվականի ամսաթվով Կադաստրին դիմում է ներկայացրել` խնդրելով վերը նշված բնակարանի նկատմամբ կատարել իրավունքի պետական գրանցում` միաժամանակ դիմումին կից ներկայացնելով նաև բռնագանձման ծանուցման պատճենը, ծանուցումը հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը (հատոր 3-րդ, գ. թ. 80, 86).

9) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 23.05.2018 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, որի հիման վրա Բանկին վերը նշված բնակարանի նկատմամբ տրվել է իրավունքի պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 12, 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին`

արդյո՞ք առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու մասին դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է բոլոր դեպքերում ներկայացնել նաև բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից ստացված լինելու փաստը հաստատող փաստաթուղթը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում` նաև այդ գլխով սահմանված փաստաթղթերը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կամ ձեռքբերման պարտականությունը դրված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերը և նույն օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի «Պետական գրանցման առանձնահատկությունները» վերնագիրը կրող 4-րդ գլխի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն նաև գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նաև հիփոթեքի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, 07.04.2018 թվականին ուժը կորցրած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության ուժով` հաշվի առնելով հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունները, մեկնաբանելով վերը նշված նորմերը, արձանագրել է, որ անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ ներկայացվող սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից պետք է ներկայացվի նաև բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Ըստ այդմ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Այսինքն` արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ կարող է լինել և՛ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, և՛ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Օրենսդիրը, որպես արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ դիտարկելով ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կարևորել է բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու հանգամանքը, որը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար: Դրա արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն բռնագանձման ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունն արդեն վկայում է կողմին բռնագանձման ծանուցումը պատշաճ հանձնված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Կադաստրը, հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը, կարող է իրավաչափորեն կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում (տե՛ս, Հարություն Թովմասյանն ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3164/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.05.2021 թվականի որոշումը):

Նույն որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգում է արել այն մասին, որ ստորադաս դատարանները, արձանագրելով, որ համապատասխան անշարժ գույքի նկատմամբ երրորդ անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն իրավաչափ չէ, քանի որ գրանցումը կատարելու բավարար իրավական և փաստական հիմքեր առկա չեն եղել, սխալ են կիրառել սեփականության իրավունքի պետական գրանցման պահին գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջները:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` գրավառու Բանկի, գրավատու Ռուզաննա Ղազարյանի և հաճախորդ «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի միջև 14.11.2014 թվականին կնքվել է Պայմանագիրը, որում որպես գրավի առարկա նշվել է Ռուզաննա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոցի թիվ 31 շենքի 28-րդ բնակարանը: Պայմանագրի 2.1.1 կետով Բանկին իրավունք է վերապահվել գրավով ապահովված պարտավորությունը «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի կողմից չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում գրավ դրված գույքի հաշվին բավարարելու իր պահանջները Պայմանագրով սահմանված կարգով, իսկ Պայմանագրի 2.1.2 կետով` ՀՀ օրենսդրությամբ, Գլխավոր պայմանագրով և Պայմանագրով սահմանված դեպքերում «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ից պահանջելու վաղաժամկետ կատարել գրավով ապահովված պարտավորությունը և այդ պահանջը չբավարարելու դեպքում բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա: Պայմանագրի 3.2 կետով Ռուզաննա Ղազարյանը տվել է իր համաձայնությունն այն մասին, որ «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, Պայմանագրով սահմանված պարտավորությունները և պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա և իրացնելու այն, այդ թվում` հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընդունելու ի սեփականություն: Նշված պայմանագրից բխող գրավի իրավունքը գրանցվել է Կադաստրում:

Բանկը, կազմելով առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին բռնագանձման ծանուցում, այն փոստային ծառայության միջոցով 17.10.2017 թվականին ուղարկել է գրավատու Ռուզաննա Ղազարյանին, վարկառու «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ին և Կադաստրին` նշելով նաև որ վարկառուի կողմից թույլ են տրվել Գլխավոր պայմանագրով և համաձայնագրով ստանձնած պարտավորությունների խախտումներ, ու ծանուցման մեջ նշված ժամկետում պարտավորությունները չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում Բանկը գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց կընդունի ի սեփականություն: Գրավատու Ռուզաննա Ղազարյանին ուղարկված վերը նշված բռնագանձման ծանուցումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով:

Բանկի ներկայացուցիչը 07.05.2018 թվականին դիմում է ներկայացրել Կադաստր` խնդրելով վերը նշված բնակարանի նկատմամբ կատարել իրավունքի պետական գրանցում` միաժամանակ դիմումին կից ներկայացնելով նաև բռնագանձման ծանուցման պատճենը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը` ծանուցման փոստային առաքման անդորրագիրը:

23.05.2018 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Բանկի անվամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, որի հիման վրա Բանկին վերը նշված բնակարանի նկատմամբ տրվել է իրավունքի պետական գրանցման վկայական:

Այժմ Ռուզաննա Ղազարյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Երևանի Թումանյան փողոցի 31-րդ շենքի թիվ 28 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 23.05.2018 թվականին Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` հայցի հիմքում դնելով այն, որ Կադաստրին ներկայացված փաստաթղթերում բացակայել է վերը նշված բռնագանձման ծանուցումն իր կողմից ստացված լինելու փաստը հաստատող ապացույցը:

Դատարանի 25.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «Գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուին իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը: Հետևաբար, գրավառուի սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատված համարելու համար պետք է ապացուցվի, որ առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուին իրազեկելու կապակցությամբ իրականացվել են ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացված լինեն պատշաճ կարգով, այսինքն` անկախ ծանուցման եղանակից, այն պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի կողմից բռնագանձման ծանուցման մասին տեղեկացնելու փաստական հանգամանքը: Նշվածը վկայում է, որ փոստային առաքման անդորրագիրը չի կարող դիտվել որպես պատշաճ ծանուցման իրականացում և հանգեցնել իրավական հետևանքների: Վերոգրյալ մեկնաբանությունից հետևում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմինը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս, նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերի տարբեր` միմյանց բացառող կարգավորման պարագայում պարտավոր է ղեկավարվել բռնագանձման ծանուցմանն առնչվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նշված դրույթներով և պարզելով, որ տվյալ բռնագանձման ծանուցման հանձնման գործընթացն ըստ էության չի համապատասխանում դրանք կարգավորող նորմերին, պետք է մերժի գրավառուի սեփականության իրավունքի գրանցումը», «ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոց, 31 շենքի թիվ 28 հասցեի նկատմամբ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 23.05.2018 թվականին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա: Այսինքն, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը ծագել է 16.10.2017 թվականի` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցումը Ռուզաննա Ղազարյանին ուղարկելու հիմքով»: Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ «Պատասխանողի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անվամբ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոց, 31 շենքի թիվ 28 հասցեի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու վերաբերյալ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ծանուցումը գրավատուի կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցի կատարված գրանցումը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման»:

Վերաքննիչ դատարանը 15.07.2020 թվականի որոշմամբ Բանկի և Կադաստրի վերաքննիչ բողոքները մերժել է, և Դատարանի 25.06.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ` նշելով, որ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով, ինչպես նաև վերոնշյալ գրավի (հիփոթեքի) պայմանագրով չեն սահմանվում ընթացակարգեր ու պայմաններ ծանուցման համար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, ըստ որի, ընթացակարգեր և պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե այն կատարվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում` օրենքով սահմանված հրապարակային եղանակով: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ որպես բռնագանձման մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանք ինչպես Պատասխանողը, այնպես էլ երրորդ անձ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, վկայակոչել են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 16.10.2017 թվականի թիվ 6157-02 «Բռնագանձման ծանուցագիրը», միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ինչպես Դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ ներկայացված Վերաքննիչ բողոքներում բողոքաբերները փաստել են, որ Հայցվորի կողմից բռնագանձման ծանուցումն ստանալու վերաբերյալ տեղեկությունները բացակայում են»: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «բռնագանձման մասին փոստային առաքանու անդորրագիրը չի կարող դիտվել որպես Հայցվորի` բռնագանձման մասին պատշաճ ծանուցումը հիմնավորող ապացույց այն պայմաններում, երբ բացակայում են Հայցվորի կողմից այն ստացված լինելու հանգամանքը հավաստող տվյալները», «ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոց, 31 շենքի թիվ 28 հասցեի նկատմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անվամբ կատարված գրանցումն իրավաչափ չէ, քանի որ այն չի կատարվել գրանցման համար անհրաժեշտ բավարար իրավական և փաստական հանգամանքների առկայությամբ, իսկ Պատասխանող Կադաստրի կոմիտեի կողմից չի պահպանվել գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որպիսի պայմաններում խախտվել է, ի թիվս այլնի, Հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, ուստի նշված գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման»:

ՀՀ վճռաբեկ դատարանը Գայանե Նազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վարչական գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում պետք է ընկած լինեն այդ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքները, սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող անհրաժեշտ և բավարար փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կարող է լինել իրավաչափ (տե՛ս, թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում այդ դիրքորոշումներից, քանի որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կադաստրը վարչական ակտը կայացնելու պահի դրությամբ ստուգել է իրավահաստատող փաստաթղթերի համապատասխանությունը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, և պարզելով նաև, որ գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով Կադաստր ներկայացվող սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից ներկայացվել է նաև բռնագանձման ծանուցումը գրավատու Ռուզաննա Ղազարյանին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, այն է` տվյալ դեպքում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կատարել է իրավունքի պետական գրանցումը:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին, 24-րդ, 30-րդ և 40-րդ հոդվածների դրույթները, խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ Ռուզաննա Ղազարյանը սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարել է 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրք, իսկ Բանկը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը բավարարման, իսկ Ռուզաննա Ղազարյանի հայցը` մերժման ենթակա լինելու պայմաններում Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման Ռուզաննա Ղազարյանի կողմից:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` Ռուզաննա Ղազարյանի հայցը մերժել:

2. Ռուզաննա Ղազարյանից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/8136/05/18

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8136/05/18

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Կ. Մաթևոսյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/8136/05/18 վարչական գործով 17.12.2021 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

    17 դեկտեմբերի 2021 թ.                      ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 17.12.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ Ռուզաննա Ղազարյանի հայցի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) և երրորդ անձ Բանկի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` Ռուզաննա Ղազարյանի հայցը մերժել:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Ռուզաննա Հակոբյանս, Ստեփան Միքայելյանս, Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռուզաննա Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Թումանյան փողոցի 31-րդ շենքի թիվ 28 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 23.05.2018 թվականին Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 25.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2020 թվականի որոշմամբ Բանկի և Կադաստրի վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 25.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Արեն Տեպանոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 1-ին, 24-րդ, 30-րդ և 40-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը համապատասխան գնահատական չի տվել Բանկի կողմից ներկայացված և կադաստրային գործում առկա փաստաթղթերի հիման վրա վարչական մարմնի` Կադաստրի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելու հնարավորությանն ու իրավասությանը:

i

Օրենքի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում նույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 2 փաստաթղթերից առնվազն մեկը` կա՛մ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կա՛մ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը: Ընդ որում, նշված նորմի կիրառման մասին Կադաստրի նախագահի 24.01.2013 թվականի պաշտոնական պարզաբանող գրությամբ սահմանվել է, որ նկատի ունենալով, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը, ուստի միայն ծանուցման փոստային առաքման անդորրագիրը բավարար է, որպեսզի բռնագանձման ծանուցումը համարվի գրավատուին հանձնված:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի կողմից 16.10.2017 թվականին կազմված թիվ 6157-02 բռնագանձման ծանուցումները 17.10.2017 թվականին պատշաճ կարգով ուղարկվել են անշարժ գույքի սեփականատիրոջը` Ռուզաննա Ղազարյանին` վերջինիս հաշվառման հասցեով: Նույն հասցեն մատնանշված է նաև գրավի պայմանագրում, հետևաբար Բանկը, չստանալով վերջինիս հասցեի փոփոխության վերաբերյալ որևէ ծանուցում, բռնագանձման ծանուցումն ուղարկել է գրավի պայմանագրում և վերջինիս հաշվառման հասցեով, իսկ պատճենը` Ընկերությանը և Կադաստրին, որը վերջինիս կողմից ստացվել է ու համաձայն 20.10.2017 թվականին տրված թիվ ԱՏ-19/10/2017-1-0320 գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի` անշարժ գույքի 16.10.2017 թվականի բռնագանձման ծանուցումն արտացոլվել է անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում: Այնուհետև, օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո, բռնագանձման ծանուցումը` այն ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագրերով, ինչպես նաև Օրենքով սահմանված այլ պարտադիր փաստաթղթերով, ներկայացվել է Կադաստր, ում կողմից էլ օրենքի պահանջների պահպանմամբ կատարվել է Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը և 23.05.2018 թվականին տրվել է սեփականության իրավունքի թիվ 23052018-01-0234 վկայականը:

Վերաքննիչ դատարանը, հայցը բավարարելով և անվավեր ճանաչելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` բողոքարկվող դատական ակտում նշված հիմնավորումներով և պատճառաբանություններով, ըստ էության, սահմանել է իրավունքի պետական գրանցման մերժման այլ հիմք, որը նախատեսված չէ Օրենքի 30-րդ հոդվածով:

Վերաքննիչ դատարանը, համարելով, որ Բանկի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերը բավարար չեն դիմումով խնդրարկվող իրավունքի պետական գրանցումը կատարելու համար, չի մատնանշել, թե Օրենքի որ դրույթի համաձայն Կադաստրը պետք է մերժեր իրավունքի պետական գրանցումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ քանի դեռ Օրենքում կատարված չեն համապատասխան փոփոխություններ և լրացումներ` կապված բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի կազմի հետ, և այդ օրենքը գործում է այն տեսքով, որն այն ունի վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին, իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմինը` Կադաստրը, պարտավոր է ղեկավարվել իր գործունեությունը կարգավորող հիմնական օրենքով, իսկ վերջինիս գործողությունների օրինականությունը և իրավաչափությունը դատական կարգով վիճարկման դեպքում դատարանները պարտավոր են դրանց տալ իրավական գնահատական` գործող օրենքի շրջանակներում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) գրավառու Բանկի, գրավատու Ռուզաննա Ղազարյանի և հաճախորդ «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի միջև 14.11.2014 թվականին կնքվել է անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` Պայմանագիրը հանդիսանում է Բանկի և «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի միջև կնքված Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի անբաժանելի մասը: Նույն պայմանագրի 1.4 կետում նշվել է, որ գրավի առարկա է հանդիսանում Ռուզաննա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փող. թիվ 31 շենքի 28-րդ բնակարանը (հատոր 3-րդ, գ.թ. 40-42).

2) Պայմանագրի 2.1.1 կետով Բանկին իրավունք է վերապահվել գրավով ապահովված պարտավորությունը «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի կողմից չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում գրավ դրված գույքի հաշվին բավարարելու իր պահանջները Պայմանագրով սահմանված կարգով, իսկ Պայմանագրի 2.1.2 կետով` ՀՀ օրենսդրությամբ, Գլխավոր պայմանագրով և Պայմանագրով սահմանված դեպքերում «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ից պահանջելու վաղաժամկետ կատարել գրավով ապահովված պարտավորությունը և այդ պահանջը չբավարարելու դեպքում բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա (հատոր 3-րդ, գ.թ. 40-42).

3) Պայմանագրի 3.2 կետով Ռուզաննա Ղազարյանը տվել է իր համաձայնությունն այն մասին, որ «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, Պայմանագրով սահմանված պարտավորությունները և պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա և իրացնելու այն, այդ թվում` հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընդունելու ի սեփականություն կամ ուղղակի վաճառքի եղանակով ի սեփականություն հանձնելու ցանկացած երրորդ անձին (հատոր 3-րդ, գ.թ. 40-42).

4) Պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 19.11.2014 թվականին կատարվել է գրավի իրավունքի գրանցում, որի հիման վրա Բանկին ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոցի թիվ 31 շենքի 28-րդ բնակարանի նկատմամբ տրվել է իրավունքի պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 78-79).

5) 16.10.2017 թվականի ամսաթվով Բանկը, կազմելով առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին բռնագանձման ծանուցում, այն փոստային ծառայության միջոցով 17.10.2017 թվականին ուղարկել է գրավատու Ռուզաննա Ղազարյանին, վարկառու «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի և Կադաստրին` նշելով նաև որ վարկառուի կողմից թույլ են տրվել Գլխավոր պայմանագրով և համաձայնագրով ստանձնած պարտավորությունների խախտումներ, ու ծանուցման մեջ նշված ժամկետում պարտավորությունները չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում Բանկը գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց կընդունի ի սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 38-39, հատոր 3-րդ, գ.թ. 86).

6) գրավատու Ռուզաննա Ղազարյանին ուղարկված վերը նշված բռնագանձման ծանուցումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 87).

7) Կադաստրը, ի պատասխան Բանկի կողմից 19.10.2017 թվականին ներկայացված դիմումի, կազմել է գրություն այն մասին, որ 16.10.2017 թվականի բռնագանձման ծանուցումն արտացոլվել է անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում (հատոր 1-ին, գ. թ. 74).

8) Բանկի ներկայացուցիչը 07.05.2018 թվականի ամսաթվով Կադաստրին դիմում է ներկայացրել` խնդրելով վերը նշված բնակարանի նկատմամբ կատարել իրավունքի պետական գրանցում` միաժամանակ դիմումին կից ներկայացնելով նաև բռնագանձման ծանուցման պատճենը, ծանուցումը հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը (հատոր 3-րդ, գ.թ. 80, 86).

9) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 23.05.2018 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, որի հիման վրա Բանկին վերը նշված բնակարանի նկատմամբ տրվել է իրավունքի պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 12, 13):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Սույն գործը հարուցվել է Ռուզաննա Ղազարյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Թումանյան փողոցի 31-րդ շենքի թիվ 28 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 23.05.2018 թվականին Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը հայցը բավարարել է և անվավեր է ճանաչել Բանկի անվամբ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոց, 31 շենքի թիվ 28 հասցեի նկատմամբ Կադաստրի կողմից 23.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը այն պատճառաբանությամբ, որ գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուին իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը: Հետևաբար, գրավառուի սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատված համարելու համար պետք է ապացուցվի, որ առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուին իրազեկելու կապակցությամբ իրականացվել են ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացված լինեն պատշաճ կարգով, այսինքն` անկախ ծանուցման եղանակից, այն պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի կողմից բռնագանձման ծանուցման մասին տեղեկացնելու փաստական հանգամանքը: Այսինքն, փոստային առաքման անդորրագիրը չի կարող դիտվել որպես պատշաճ ծանուցման իրականացում և հանգեցնել իրավական հետևանքների: Դատարանն արձանագրել է, որ Կադաստրի կողմից Բանկի անվամբ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոց, 31 շենքի թիվ 28 հասցեի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու վերաբերյալ Բանկի ծանուցումը գրավատուի կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցի կատարված գրանցումը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի և Կադաստրի վերաքննիչ բողոքները և Դատարանի 25.06.2019 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ ծանուցումը համարվում է պատշաճ, եթե այն կատարվել` պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում` օրենքով սահմանված հրապարակային եղանակով: Տվյալ դեպքում, որպես բռնագանձման մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանք ինչպես Կադաստրը, այնպես էլ Բանկը, վկայակոչել են 16.10.2017 թվականի թիվ 6157-02 «Բռնագանձման ծանուցագիրը», միաժամանակ փաստել են, որ Հայցվորի կողմից բռնագանձման ծանուցումը ստանալու վերաբերյալ տեղեկությունները բացակայում են: Բռնագանձման մասին փոստային առաքանու անդորրագիրը չի կարող դիտվել որպես Ռուզաննա Ղազարյանի` բռնագանձման մասին պատշաճ ծանուցումը հիմնավորող ապացույց այն պայմաններում, երբ բացակայում են վերջինիս այն ստացված լինելու հանգամանքը հավաստող տվյալները: Վերոգրյալ պատճառաբանությամբ` Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոց, 31 շենքի թիվ 28 հասցեի նկատմամբ Բանկի անվամբ կատարված գրանցումն իրավաչափ չէ, քանի որ այն չի կատարվել գրանցման համար անհրաժեշտ բավարար իրավական և փաստական հանգամանքների առկայությամբ, իսկ Կադաստրի կողմից չի պահպանվել գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որպիսի պայմաններում խախտվել է, ի թիվս այլնի, Ռուզաննա Ղազարյանի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, ուստի նշված գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման:

i

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` Ռուզաննա Ղազարյանի հայցը մերժել, այն պատճառաբանությամբ, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Այսինքն` արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ կարող է լինել և՛ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, և՛ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Որպես արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ դիտարկելով ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կարևորվում է բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու հանգամանքը, որը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար: Դրա արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն բռնագանձման ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունն արդեն վկայում է կողմին բռնագանձման ծանուցումը պատշաճ հանձնված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Կադաստրը, հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը, կարող է իրավաչափորեն կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Ռուզաննա Հակոբյանս, Ստեփան Միքայելյանս, Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

i

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

i

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն (պարտապանը) իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Եթե գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու որոշումից հետո դատարանը որոշում է կայացրել գրավառուի հնարավոր վնասների հատուցման համար պահանջվող ապահովումը տրամադրելու վերաբերյալ, ապա գրավատուի (պարտապանի) կողմից գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար տրամադրվող ապահովումը պետք է համարժեք լինի գրավառուի հնարավոր վնասների արժեքին, բայց չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը: Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում` պետական գրանցման), գրավառուն մինչև գրավի բռնագանձման գործընթացն սկսելը, ինչպես նաև գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել նաև գրանցում իրականացնող մարմնին:

Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում` նաև գրանցում իրականացնող մարմնին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար:

Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում` նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն կարող է իրացնել գրավի առարկան մինչև սույն պարբերությամբ նախատեսված երկու ամիսը լրանալը, եթե պարտապանը և գրավատուն (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) բռնագանձման ծանուցումն ստանալուց հետո սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավոր համաձայնություն են տվել գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ: Մինչև բռնագանձման ծանուցում ստանալը գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ տրված համաձայնությունն առ ոչինչ է: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն հոդվածով սահմանված պատշաճ ծանուցում կամ բռնագանձման մասին ծանուցումը գրավատուին կամ պարտապանին պատշաճ կարգով հանձնված է համարվում, եթե ծանուցումը կատարվել է սույն օրենսգրքի 20.1 գլխով սահմանված կարգով:

Նույն օրենսգրքի 330.1 հոդվածի համաձայն` օրենքով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում կողմերը կարող են պայմանագրով սահմանել օրենքով կամ պայմանագրով իրենց վերապահված իրավունքների ու պարտականությունների իրացման մասին միմյանց ծանուցման կարգ, որի պահպանումը պարտադիր է կողմերի, իսկ օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորության դեպքում` նաև այլոց համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պայմանագրով, կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում` օրենքով սահմանված հրապարակային եղանակով:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով նախատեսվում է արտադրական կարգով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ընթացակարգ, սակայն այս մեխանիզմից օգտվելու համար նախքան արտադատական կարգով բռնագանձում տարածելը գրավառուն պարտավոր է պատշաճ կարգով, այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20.1 գլխով սահմանված կարգով, ծանուցել գրավատուին և պարտապանին, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքի ենթակա է գրանցման, պարտավոր է այդ մասին ծանուցել նաև գրանցում իրականացնող մարմնին:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում` նաև այդ գլխով սահմանված փաստաթղթերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կամ ձեռքբերման պարտականությունը դրված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերը և նույն օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի «Պետական գրանցման առանձնահատկությունները» վերնագիրը կրող 4-րդ գլխի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն նաև գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նաև հիփոթեքի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1073 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` սեփականության իրավունքի իրականացումը սահմանադիրը պայմանավորում է որոշակի հանրային արժեքներ պահպանելու առաջնահերթ անհրաժեշտությամբ: Դրանք են` շրջակա միջավայրը, այլ անձանց, հանրության և պետության իրավունքները և օրինական շահերը: Նման մոտեցումը կոչված է ապահովելու սեփականատիրոջ և այլոց իրավունքների ու հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռություն` գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրականացումը ճանաչելով երաշխավորված, սակայն ոչ բացարձակ:

Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր` 13.07.2010թ. ՍԴՈ-903 որոշմամբ վերահաստատել է սեփականությունից զրկելու հետևյալ հիմնական տարրերը, այն է`

«- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում.

- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների միաժամանակյա դադարեցում` առանց շարունակության երաշխավորման»:

Ամփոփելով վերոգրյալը` գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավահարաբերություններում գույքի սեփականատիրոջ կամքի և համաձայնության արտահայտման վերաբերյալ հարկ է արձանագրել հետևյալը.

1. կնքելով գրավի պայմանագիրը` գրավատուն տալիս է իր համաձայնությունը գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրեն պատկանող գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հնարավոր դադարման վերաբերյալ,

2. գրավատուն տալիս է իր համաձայնությունը գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում արտադատական կարգով գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու հնարավորության վերաբերյալ:

3. գրավադրված գույքի վրա գրավառուի կողմից արտադատական կարգով բռնագանձում տարածելուց առաջ գրավատուն հնարավորություն ունի կա՛մ միջոցներ ձեռնարկել գրավով ապահովված պարտավորությունը կատարելու համար և դրանով կանխել գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորուստը, կա՛մ դատական կարգով վիճարկել արտադատական կարգով բռնագանձման օրինականությունը:

Վերոնշյալ իրավիճակներից առաջին երկուսում գրավադրվող գույքի սեփականատիրոջ կամաարտահայտությունը դրսևորվում է ակտիվ գործողություններով` համապատասխան պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու միջոցով, և այդպիսի ակտիվ գործողությունների կատարումը պարտադիր պայման է: Երրորդում սեփականատիրոջ կամքը կարող է արտահայտվել պասիվ գործողությամբ, երբ տեղեկանալով գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման մասին` նա չի ձեռնարկում արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելուն ուղղված` օրենքով սահմանված որևէ գործողություն:

Տվյալ պարագայում, սեփականության իրավունքի պաշտպանությունը սերտորեն փոխկապակցված է դատական պաշտպանության իրավունքի հետ: Այսպիսով, օրենսդիրն առանձնացրել է գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման հետևյալ իրավական երաշխիքները.

1. գրավատուի պատշաճ ծանուցումը գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում),

2. արտադատական կարգով բռնագանձման օրինականության դատական վիճարկման հնարավորությունը,

3. գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելը գրավառուի կողմից բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո,

4. գրավառուի կողմից գրավի առարկայի իրացումը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

Վերոնշյալ իրավակարգավորումները ներառում են սեփականության իրավունքի իրացման երկու կարևորագույն երաշխիք`

- Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սեփականության բոլոր ձևերը, և`

- Հայաստանի Հանրապետությունը հավասարապես պաշտպանում է սեփականության բոլոր ձևերը:

i

ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն` բոլորը հավասար են օրենքի առջև, ինչից բխում է, որ օրենքով ամրագրված երաշխիքներից և ընթացակարգերից պետք է օգտվեն համանման իրավիճակում գտնվող բոլոր սուբյեկտները:

Հավասարության սկզբունքը Հայաստանի Հանրապետությունից պահանջում է, որ տարբերություն չդրվի սեփականության նույն ձևի շրջանակներում տարբեր սուբյեկտներին պատկանող սեփականությունը պաշտպանելիս:

i

ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը նվիրված է գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգին, ինչը հանդիսանում է գրավի պայմանագրի միջոցով սեփականատիրոջ` օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգ: Սակայն նման ընթացակարգը պետք է լինի իրավաչափ, ինչպես նաև չխախտի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Ինչպես վիճարկվող դրույթի, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում անձին պատշաճ ծանուցված է կարելի համար այն պարագայում, երբ վերջինս ստացել է գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավառուի ծանուցումը և հնարավորություն է ունեցել իրացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով իրեն ընձեռված իրավունքները, հակառակ պարագայում արտադատական կարգով բռնագանձում տարածելու ինստիտուտը չի իրականացվի ամբողջությամբ և այդպիսով կխախտվի հավասարության սկզբունքը, իսկ ծանուցման մեխանիզմը կդառնա ոչ արդյունավետ և կկրի հռչակագրային բնույթ:

Գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձևով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ և հետապնդում է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը ենթադրում է գրավառուի կողմից գրավատուին` վերջինիս կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու մասին իրազեկելու (ծանուցելու) կապակցությամբ գրավառուի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն պատշաճ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի` առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկացնելու փաստը: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով նախատեսված` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը և գրավառուի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ: Այդ իրավունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գրավատուին ընձեռված է առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկանալու հնարավորություն: Այդ իսկ պատճառով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` «....իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն օրենսդրական մակարդակում, այլ նաև պրակտիկայում» (Case of KUDLA KUDLAv. POLAND, app. ոօ. 30210/96, Judgmeոt 26 October 2000, §§ 157-158):

Այսպես, արտադրական կարգով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու գործընթացի մասին պատշաճ ծանուցված լինելը` գրավատուի սեփականության իրավունքի պաշտպանության conditio sine qua non/ պայման, առանց որի հնարավոր չէ/ կարևոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը: Ուստիև ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն անձի` Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը:

i

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուզաննա Ղազարյանի և Բանկի միջև կնքված գրավի պայմանագրով չի սահմանվում ծանուցման ընթացակարգը ու պայմանները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում ամրագրված «պատշաճ ծանուցում» եզրույթի մեկնաբանման համար կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, ըստ որի, ընթացակարգեր և պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե այն կատարվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում` օրենքով սահմանված հրապարակային եղանակով: Նման դեպքերում, բռնագանձման մասին փոստային առաքանու անդորրագիրը չի կարող դիտվել որպես բռնագանձման մասին պատշաճ ծանուցումը հիմնավորող ապացույց այն պայմաններում, երբ բացակայում են այն ստացված լինելու հանգամանքը հավաստող տվյալներ: Հակառակ մեկնաբանության պարագայում, գրավատուն, չստանալով բռնագանձում տարածելու մասին ծանուցումը, զրկված կլինի իրացնել 249-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իր իրավունքները, իսկ գրավատուին ընձեռված բռնագանձման օրինականությունը վիճարկելու կամ բռնագանձումը դադարեցնելու իրավունքը կկրի ձևական բնույթ:

Տվյալ դեպքում, որպես բռնագանձման մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանք Կադաստրը և Բանկը վկայակոչել են միայն 16.10.2017 թվականի թիվ 6157-02 «Բռնագանձման ծանուցագիրը» և փաստել են, որ բացակայում են բռնագանձման ծանուցումը ստանալու վերաբերյալ տեղեկությունները: Գրավատու Ռուզաննա Ղազարյանին ուղարկված վերը նշված բռնագանձման ծանուցումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով: Հետևաբար, սույն գործով բացակայում է ապացույց առ այն, որ Ռուզաննա Ղազարյանը ստացել է արտադատական կարգով գույքի բռնագանձման մասին Բանկի ծանուցումը:

i

Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:

 

Դատավորներ` Հ. Բեդևյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 17 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.12.2021
N ՎԴ/8136/05/18
Որոշում