Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂԻ ...

 

08.05.2024 -

 

110.1640.270111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1640-Ն

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 619-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1350-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 13, 14-րդ և 17 կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի ա) ենթակետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.05.2020 թիվ 06-Ն հրաման)

2. ՈՒժը կորցրած ճանաչել «ՀՀ պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն և «Այլ երկրներից 11-ամյա հանրակրթական ծրագրով իրականացվող ուսուցումը ընդհատած և Հայաստան տեղափոխված սովորողների դասարանի համապատասխանությունը որոշելու մասին» 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 17.02.2022 թիվ 07-Ն հրաման)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 17.02.2022 թիվ 07-Ն հրաման)

(վերնագիրը փոփ. 15.05.2020 թիվ 06-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2010 թ. նոյեմբերի 24-ի

N 1640-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դպրոցական տարիքի երեխայի (այսուհետ` սովորող)` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` հաստատություն) ընդունման, հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված` սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և հաստատության միջև ծագող իրավահարաբերությունները:

 

2. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ (ԸՆԴՈՒՆՈՒՄԸ)

 

2. Սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

3. Սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և հաստատության ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա` «Հանրակրթության մասին» օրենքով և հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Սովորողին հաստատություն ընդունելու հրամանին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաստատություն ընդունված սովորողի տվյալները հաստատության տնօրենը կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու աշխատակիցը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ԿՏԱԿ) կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»:

5. Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը): Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

5.1. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված կարգավորումը կիրառելի է նաև հավելվածի 23-րդ և 24-րդ կետով սահմանված կարգավորման դեպքում:

(5.1-ին կետը լրաց. 25.10.2023 թիվ 132-Ն հրաման)

6. Բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաների ուսուցման լեզուն գրական հայերենն է:

7. Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում իրենց երեխայի ուսուցման լեզուն:

8. Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

9. Հաստատության տնօրենը, համադրելով կրթական տարբեր աստիճաններում դասարանների համալրվածությունը, հաշվի առնելով նոր ընդունելության կանխատեսվող ծավալը, տվյալ տարվա մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը կարող է դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնել տարվա ընթացքում սովորողների տեղափոխման և ընդունելության համար առնվազն 10 տոկոս տեղերի պահպանումը հանրակրթական հիմնական ծրագրերի աստիճանի մյուս դասարանների համար:

(9-րդ կետը փոփ. 25.10.2023 թիվ 132-Ն հրաման)

10. Սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պարապմունքների ավարտից երկու շաբաթ հետո` առաջին աշխատանքային օրը:

11. Սովորողի ընդգրկումը պետական ուսումնական հաստատության առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի (այսուհետ` համակարգ) միջոցով, հետևյալ հղումով` hayt.emis.am:

(11-րդ կետը փոփ. 16.06.2023 թիվ 56-Ն հրաման)

11.1 Մինչև հայտագրումը երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը իրականացնում է տվյալների համապատասխանության ստուգում stugum.emis.am կայքի միջոցով` հայտագրման ժամանակ անհարկի խոչընդոտներից խուսափելու նպատակով:

(11.1-ին կետը լրաց. 16.06.2023 թիվ 56-Ն հրաման)

12. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է`

1) տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին.

3) տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին.

4) տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:

(12-րդ կետը փոփ. 28.07.2022 թիվ 28-Ն հրաման)

12.1 Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված առաջնահերթությունները կիրառվում են ուսումնական հաստատությանը լիցենզիայով տրված սահմանային տեղերի շրջանակում, եթե տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն:

(12.1-ին կետը լրաց. 25.10.2023 թիվ 132-Ն հրաման)

13. Սույն կարգի 12-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրվանից սկսած` 14 օրվա ընթացքում:

(13-րդ կետը փոփ. 16.06.2023 թիվ 56-Ն հրաման)

13.1 Սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված առաջնահերթություն ունեցող սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը), անկախ հայտագրման համար սահմանված ժամկետից, արտոնությունից օգտվելու նպատակով Նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկում է դիմում և Միասնական սոցիալական ծառայություն տրամադրող կենտրոնի կողմից տրամադրված` արտոնությունը հավաստող համապատասխան տեղեկանք:

(13.1-ին կետը լրաց. 16.06.2023 թիվ 56-Ն հրաման)

14. Սույն կարգի 12-րդ կետում նշված առաջնահերթություն չունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 15-րդ օրվանից սկսած:

15. Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի (երեխաների) ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

16. Սույն կարգի 5-րդ և 7-րդ կետերով սահմանված անձինք իրենց երեխաների հայտագրումն իրականացնում են հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 22-րդ օրվանից սկսած` համակարգում ստեղծված haytru.emis.am կայքէջի միջոցով:

(16-րդ կետը փոփ. 28.07.2022 թիվ 28-Ն, 25.10.2023 թիվ 132-Ն հրամաններ)

17. Սույն կարգի 12-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերով նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) սույն կարգի 13-րդ կետում նշված ժամանակահատվածում իրենց երեխաներին տվյալ հաստատության առաջին դասարան չհայտագրելու և առաջնահերթությունից չօգտվելու դեպքում` իրենց երեխաներին հայտագրում են ընդհանուր հիմունքներով` սույն կարգի 14-րդ կետում ամրագրված ժամկետում:

(17-րդ կետը փոփ. 28.07.2022 թիվ 28-Ն, 16.06.2023 թիվ 56-Ն հրամաններ)

18. Յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ երեխային հաստատություն ընդունելու մասին գրավոր դիմումը ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից հաստատություն չներկայացվելու դեպքում երեխայի հաստատություն ընդունվելու հայտը չեղարկվում է:

 

3. ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

19. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` սույն կարգի պահանջներին համապատասխան` ԿՏԱԿ կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Սովորողի տեղափոխումն իրականացվում է սովորողի հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշումից հետո:

(19-րդ կետը փոփ. 25.10.2023 թիվ 132-Ն հրաման)

20. Հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից (այսուհետ` ՆՄՄԿ հաստատություն) հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխումը կատարվում է սույն կարգի 25-րդ և 30-րդ կետերի պահանջներին համապատասխան, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով`

1) 1-ին կուրսից` 10-րդ դասարան.

2) 2-րդ կուրսից` 11-րդ դասարան.

3) 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում` 5-րդ) կուրսերից` 12-րդ դասարան` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու, կամ սովորողի մասնագիտական կրթության ուղղությամբ ՆՄՄԿ հաստատություն չունեցող, կամ ՆՄՄԿ հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման դեպքում: Սովորողի պարտադիր կրթության շարունակականության ապահովման անհնարինության այլ դեպքերում տեղափոխումն իրականացվում է հիմնավոր պատճառների վերաբերյալ Նախարարություն համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո:

(20-րդ կետը փոփ. 25.10.2023 թիվ 132-Ն, 03.05.2024 թիվ 26-Ն հրամաններ)

21. Սույն կարգի 25-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Սույն կարգի 25-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր:

(21-րդ կետը փոփ. 28.07.2022 թիվ 28-Ն հրաման)

22. Առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է սույն կարգի 29-րդ և 30-րդ կետերի պահանջներին համապատասխան:

23. 1-4-րդ դասարանները այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատությունում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում` համաձայն անհատական ուսուցման պլանի:

24. Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:

 

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

25. Սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, բացառությամբ պետական հաստատության 1-ին դասարան ընդունվելու դեպքի,

3) լուսանկար` 3x4 չափսի, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում», սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,

4) տեղեկանք` տրված Միասնական սոցիալական ծառայություն տրամադրող կենտրոնի կողմից` կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների վերաբերյալ` հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության), եթե տեղեկատվական համակարգերի միջոցով հնարավոր չէ ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակում,

5) ՆՄՄԿ հաստատություններից տեղափոխվելու դեպքում` տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս` նաև ընթացիկ և կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.06.2023 թիվ 56-Ն հրաման)

7) սույն կարգի 29-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:

(25-րդ կետը փոփ. 16.06.2023 թիվ 56-Ն, 03.05.2024 թիվ 26-Ն հրամաններ)

 

5. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

 

26. Սովորողի ազատումը հաստատությունից կատարվում է`

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

27. (27-րդ կետն ոււժը կորցրել է 25.10.2023 թիվ 132-Ն հրաման)

28. Ոչ պետական կամ մասնագիտացված հաստատությունից սովորողի ազատումը կարող է կատարվել նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և տվյալ հաստատության միջև պայմանագիր չկնքելու կամ կնքված պայմանագրի դրույթները սովորողի կամ ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից չպահպանվելու դեպքում:

(28-րդ կետը փոփ. 25.10.2023 թիվ 132-Ն հրաման)

 

6. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

29. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է`

1) 2024-2025 ուսումնական տարում մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` առաջին դասարան` ընդհանուր հիմունքներով: Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` տարիքային խմբին համապատասխան դասարան` ընդհանուր հիմունքներով` 2025-2026 ուսումնական տարվանից սկսած,

2) մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 9-ից մինչև 15 տարին լրանալու դեպքում մեկ տարի կամ ավելի ուսումն ընդհատած կամ հաստատություն չհաճախած սովորողը` իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր` գիտելիքների գրավոր ստուգման արդյունքում,

3) կրթական 3-րդ աստիճանում հաստատություն չհաճախած սովորողը (մինչև 17 տարին լրանալը), հիմնական կրթության վկայական ներկայացնելու դեպքում ընդունվում է իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, 10-րդ դասարան ընդունվելու դեպքում` 10-րդ դասարան,

4) 19 տարին չլրացած սովորողը կրթական 3-րդ աստիճանի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում ուսումն ընդհատած լինելու դեպքում ուսումնառությունը շարունակում է ընդհատած ժամանակահատվածից,

5) ուսումնական տարվա ընթացքում ուսումն ընդհատած և նույն ուսումնական տարում հաստատություն դիմած սովորողի ընդունելությունն իրականացնելիս հաստատությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանի հավելվածի 51-53-րդ կետերով:

(29-րդ կետը փոփ. 16.06.2023 թիվ 56-Ն, 25.10.2023 թիվ 132-Ն, 03.05.2024 թիվ 26-Ն հրամաններ)

30. Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերի, 20-րդ և 22-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ: Մասնագիտական եզրակացությունը տրվում է սովորողի` ուսումնական պլանով նախատեսված տվյալ դասարանի բոլոր առարկաների գիտելիքների գրավոր (դրա անհնարինության դեպքում` համապատասխան` տվյալ առարկային) ստուգման արդյունքում: Հիմք ընդունելով սովորողի փաստացի առարկայական գիտելիքների վերաբերյալ մասնագիտական խմբի գրավոր եզրակացությունը` տնօրենը սովորողին ընդունում է համապատասխան դասարան, հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից մեթոդմիավորումների կողմից ներկայացված անհատական առարկայական պլանները, լրացուցիչ դասընթացների ժամանակացույցը, ըստ որի` սովորողի համար կազմակերպվում է ուսուցում` բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար:

31. Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած անձը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան հիմնական կրթության վկայական ստանալուց հետո կարող է ուսումը շարունակել 10-րդ դասարանում կամ ՆՄՄԿ հաստատությունում:

(31-րդ կետը փոփ. 03.05.2024 թիվ 26-Ն հրաման)

32. Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 19 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած կամ կրթական որևէ մակարդակում ուսումն ընդհատած սովորողը հանրակրթական հիմնական ծրագրերը կարող է յուրացնել ինքնակրթությամբ կամ հեռավար ուսուցման ձևով և Նախարարության սահմանած կարգով ստանալ հիմնական կրթության վկայական և (կամ) միջնակարգ կրթության ատեստատ:

 

(հավելվածը խմբ. 09.12.13 թիվ 1365-Ն, 15.05.2020 թիվ 06-Ն, 17.02.2022 թիվ 07-Ն հրամաններ)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1640-Ն
Հրաման