01.02.2024 -
100.0012.130417
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 04 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017157
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 մարտի 2017 թվականի N 12-Ն
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.2.4-016-17 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 82 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի ««Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 82 հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 16-րդ, 46-րդ, 66-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2017 թվականի մարտի 28-ի
N 12-Ն հրամանի
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.2.4-016-17 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
ԳԼՈՒԽ I. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ |
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) ուղղված են ուսումնական գործընթացում ընդգրկված սովորողների և անձնակազմի առողջության համար վտանգավոր և վնասակար գործոնների, անբարենպաստ պայմանների ազդեցության կանխարգելմանը և սահմանում են նոր կառուցվող, վերակառուցվող, շահագործվող հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության (այսուհետ` հաստատություն) տեղադրմանը, հողամասի, տարածքի, շենք-շինությունների սենքերի կառուցվածքին, գույքին, սարքավորումներին, հաստատության սենքերի օդի ջերմային ռեժիմին, բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և կեղտաջրերի հեռացմանը, կրթական գործընթացի ռեժիմին, սովորողների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, հաստատության պահպանման և սանիտարական վիճակին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները:
2. Սույն կանոնների պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:
3. Հաստատություններում սովորողների սննդի կազմակերպումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի N 32-Ն հրամանի պահանջների:
4. Հաստատություններում ինֆորմատիկայի կաբինետներին ներկայացվող պահանջները կարգավորվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 19-Ն հրամանի պահանջների:
5. Հաստատություններում աղմուկի թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները կարգավորվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանի պահանջների:
6. Հաստատությունների (քոլեջներ, վարժարաններ, կրթահամալիրներ և այլն) կազմում նախադպրոցական ուսումնական հաստատությունների (խմբերի) տեղակայման դեպքում վերջիններիս համար ապահովվում է առանձին մուտք և ապահովվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանի:
ԳԼՈՒԽ II. |
ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ, ՀՈՂԱՄԱՍԻՆ, ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԳՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
7. Նոր կառուցվող, վերակառուցվող հաստատություններում շենք-շինությունների տեղադրմանը և հողամասերի գործառնական կառուցվածքին, սենքերի գործառնական խմբերին, կազմին և մակերեսներին, ծավալահատակագծային լուծումներին, կահույքի և սարքավորումների տեղադրմանը, բնական և արհեստական լուսավորությանը, ինսոլյացիային, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, ջեռուցմանը և օդափոխությանը, սենքերի ներքին հարդարմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով:
8. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության տեխնոլոգիայի կաբինետում անհրաժեշտ է նախատեսել ոչ պակաս քան 2 սենք, խոհարարության և կարուձևի ուսուցման համար: Խոհարարության սենքում անհրաժեշտ է նախատեսել տաք և սառը ջրով լվացման ավազան և խոհարարական գույք:
9. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության միջանցքներում (ռեկրեացիաներում) ապահովվում է ջրի հոսքի կառավարմամբ խմելու ջրի ցայտաղբյուր` խմելու նպատակով ջրօգտագործման համար:
10. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության 1-4-րդ դասարանների ուսումնական սենքերը, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, նկարչության, տեխնոլոգիայի կաբինետները, ճաշարանի հիմնական սենքերը, ցնցուղարանները, բժշկի կաբինետն ապահովվում են լվացարաններով` սառը և տաք ջրամատակարարմամբ:
11. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության 1-4-րդ դասարանների սովորողների սեղանները ունենում են մակերեսի 12-150 թեքություն:
ԳԼՈՒԽ III. |
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՍԵՆՔԵՐԻՆ, ԳՈՒՅՔԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
12. Հանրակրթական հաստատությունների սենքերն օգտագործվում են բացառապես ըստ իրենց գործառնական նշանակության:
13. ՈՒսումնական դասասենյակները չեն տեղակայվում շենքի նկուղային և կիսանկուղային հարկերում:
14. Հանդերձարանները տեղակայվում են առաջին հարկում (յուրաքանչյուր դասարանին հատկացվում է առանձին հատված` իր կախիչներով) կամ դասասենյակներում` ապահովելով սովորողների թվին համապատասխան կախիչներով:
15. Հանդերձարանները (կախիչներ, հանդերձապահարաններ) կարելի է տեղադրել անմիջապես ուսումնական սենյակում, եթե դասարաններում պահպանվում է մեկ սովորողի համար սահմանված` 2 մ2 մակերեսի պահանջը:
16. Հաստատության 1-4-րդ դասարանների ուսուցման համար նախատեսված սենքերը տեղակայում են առանձին կառուցահատվածում (հարկերի առանձին թևերում):
17. Հաստատության 1-4-րդ դասարանների ուսումնական կառուցահատվածներում նախատեսվում են մեկական սանհանգույց` առանձին տղաների և աղջիկների համար: Լվացարանների վերին եզրի բարձրությունը հատակից պետք է լինի` 0,6մ` 1-ից 4-րդ և 0,7մ` 5-12-րդ դասարանի սովորողների համար:
18. Քիմիայի կաբինետն (կամ կաբինետին կից լաբորատորիան) ապահովվում է քարշիչ պահարանով, քիմիական նյութերի պահպանման համար փակ պահարաններով և չհրկիզվող պահարանով:
19. Հաստատության շենքում արհեստանոցները կահավորվում են երեխաների հասակային առանձնահատկություններին համապատասխան ուսումնական գույքով ու սարքավորումներով և օգտագործվում են ըստ նշանակության:
20. Հաստատություններում տեղադրվում են 6 չափի սովորողների նստարան (հավելված 1):
21. Մարզադահլիճը նախատեսվում է ֆիզկուլտուրայի և արտադասարանական սպորտային պարապմունքների համար:
22. Հաստատության մարզադահլիճում նախատեսվում են մարզական գույքի պահման սենյակ, տղաների և աղջիկների հանդերձարաններ:
23. Հաստատության բուժկետը (բժշկի կաբինետ) մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում ապահովվում է գործառնական գոտիավորում համապատասխան կահավորմամբ. շարժական միջնապատով մեկուսացնելով հիվանդի ժամանակավոր մեկուսացման համար բժշկական թախտ կամ մահճակալ և միջամտությունների հատված:
24. Հաստատության բուժկետն (բժշկի կաբինետ) ապահովվում է դաստակային կամ ոտնակային կառավարման լվացարանով, ոտնակային կառավարման բացվող կափարիչով աղբարկղերով, պահարաններով, բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ լուծույթներով:
25. Հաստատության բուժկետի (բժշկի կաբինետ) բժշկական գործիքների և սարքավորումների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետ/կաբինետ տեխնիկական և որակավորման պահանջներով ու պայմաններով:
26. Հաստատության բուժկետում (բժշկի կաբինետ) ապահովվում են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ` համաձայն հավելված 2-ի:
27. Հաստատության հարկերում տեղակայվում են աղջիկների և տղաների առնվազն մեկական սանհանգույցներ, որոնց սենքերն ունենում են ամբողջական մակերեսներ, հատակը լինում է սալիկապատ կամ պատվում է ջրանթափանց այլ ծածկով: Յուրաքանչյուր մասնաշենքում նախատեսվում է անձնակազմի համար սանհանգույց:
28. Հաստատության զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:
29. Հաստատության զուգարանների սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:
30. Հաստատության զուգարաններն ապահովվում են ջրհոսքի հարմարանքով (տրապ):
31. Հաստատություններն ապահովվում են ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման (կոյուղու) ներքին ցանցերով, որոնք միացվում են ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերին: Չկոյուղացված բնակավայրերում տեղակայված հաստատություններում կեղտաջրերի հեռացումը իրականացվում է համաձայն սույն կանոնների 69-րդ, 70-րդ կետերի:
32. Հաստատություններում առկա լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 37 աստիճան ցելսիուսից ոչ բարձր:
33. Հաստատության հողատարածքի կանաչապատումն իրականացնելիս բացառում են թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը: Հաստատության սենքերում ևս չեն տեղադրում թունավոր հատկություններով, պտուղներով դեկորատիվ բույսեր:
34. ՈՒսումնական սենքերում օգտագործվում են սովորողների սեղաններ (մեկտեղանի և երկտեղանի), գծագրական կամ լաբորատոր սեղաններ: Սեղանները տեղադրվում են երեք շարքով, սակայն կարող են տեղադրվել նաև երկու կամ մեկ շարքով` կախված դասարանում սովորողների թվից: Խմբակային պարապմունքների դեպքում հնարավոր է դասավորման խմբային տարբերակը: Քառակուսի կամ լայնաձիգ կառուցվածքի ուսումնական սենյակներում նստարանները կարող են տեղադրվել նաև քառաշարք:
35. Սովորողների հասակին համապատասխան կահույքի (սովորողների նստարանների) ընտրության համար կատարվում է դրա գունային մակնշում (հավելված 1): ՈՒսումնական սենքերում նստարանները տեղադրվում են ըստ դրանց չափսերի` փոքրերը գրատախտակին մոտ, մեծերը գրատախտակից հեռու:
36. Լսողության և տեսողության խանգարումներով երեխաներին նստեցնում են առաջին շարքերում, ընդ որում տեսողության ցածր սրությամբ սովորողները պետք է նստեն պատուհանների կողմից առաջին շարքում:
37. ՈՒսումնական տարվա ընթացքում պարբերաբար եզրային շարքերում նստած երեխաներին փոխում են տեղերով` պահպանելով հասակային առանձնահատկություններին համապատասխան նստեցումը:
38. ՈՒսումնական սենքերի կահավորման ժամանակ պահպանվում են կահույքի և նստարանների կամ սեղանների միջև անցումների հետևյալ չափսերն ու պատերից հեռավորությունը (սանտիմետր).
1) երկտեղանի սեղանների շարքերի միջև` առնվազն 60,
2) մեկտեղանի սովորողների սեղանների շարքերի միջև` 50,
3) սեղանների շարքի և արտաքին պատի միջև` 70,
4) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև` 100,
5) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև, եթե պատերի տակ շարվում են պահարաններ և/կամ կախիչներ` 140,
6) ցուցադրական սեղանից մինչև սովորողների սեղանները` 60,
7) առաջին սովորողների նստարանից մինչև գրատախտակը, ոչ պակաս, քան` 240, իսկ քառակուսի կամ լայնաձիգ ուսումնական սենյակներում` նստարանների քառաշարք դասավորման դեպքում` 300,
8) սովորողների վերջին նստատեղից մինչև գրատախտակն առավելագույն հեռավորությունը 860,
9) աշխատանքային դիրքում գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը հատակից`
ա. 1-ին դասարանների համար` 70-75,
բ. 2-4-րդ դասարանների համար` 75-80,
գ. 5-12-րդ դասարանների համար` 80-90:
39. Հաստատության փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցում ապահովվում է դազգահների ինչպես ձախակողմյան, այնպես էլ աջակողմյան լուսավորում` լուսակիր պատին զուգահեռ տեղադրմամբ:
40. Հաստատության փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցում մեկ դազգահով շարքերի միջև նվազագույն հեռավորությունը 1,0 մետր է, երկու դազգահի դեպքում` 1,5 մետր: Դազգահների վրա մամլիչներն ամրացվում են իրարից 0,9 մետր հեռավորության վրա` հաշվարկը կատարվում է առանցքներով:
41. Հաստատության մետաղամշակման դազգահներն ունենում են պաշտպանիչ ցանցեր` 0,65-ից 0,7 մետր բարձրությամբ: Ծակող, սրող և այլ հաստոցները տեղադրվում են հատուկ հիմքերի վրա և կահավորվում են պաշտպանիչ ցանցերով, ապակիներով և տեղային լուսավորմամբ:
42. Հաստատության արհեստանոցում սովորողները բոլոր աշխատանքները կատարում են հատուկ հագուստով (խալաթ, գոգնոց, բերետ, գլխանոց, ձեռնոց): Աչքին վնասվածք հասցնելու վտանգ սպառնացող աշխատանքների դեպքում օգտագործում են պաշտպանիչ ակնոց:
43. Շահագործվող հաստատության տեխնոլոգիայի կաբինետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում ապահովվում է գործառնական գոտիավորում` համապատասխան կահավորմամբ և հոսող սառը և տաք ջրով:
44. ՈՒսումնական սենքերի պատերի, հատակի, առաստաղի ծածկույթները լինում են ամբողջական և հարթ, առանց խոնավության և բորբոսի հետքերի: Սենքերի մակերեսների անհարթությունները, ճեղքերը վերացնում են արձակուրդների ընթացքում կամ անմիջապես: Հատակի և պատերի (1,7 մետր բարձրությամբ) ծածկույթը պետք է հնարավորություն ընձեռի խոնավ մաքրման համար:
ԳԼՈՒԽ IV. |
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
45. Հաստատություններում ջեռուցումը, օդափոխությունը, օդի լավորակումն ապահովում է սույն սանիտարական կանոնների 47-րդ, 48-րդ և 50-րդ կետերով սահմանված միկրոկլիմայական պայմանները:
46. Հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում:
47. Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխվում են դասամիջոցներին, իսկ ռեկրեացիաները` դասերի ընթացքում: Դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարվում է սենքերի միջանցիկ օդափոխություն: Միջանցիկ օդափոխության տևողությունը որոշվում է ելնելով եղանակային պայմաններից և համապատասխանում է հավելված 3-ում սահմանված պահանջներին:
48. Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.
1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,
2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում` առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում` 17-19 աստիճան ցելսիուս:
49. Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ` սովորողների բացակայությամբ:
50. Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոսի սահմաններում:
51. Հաստատության տեխնոլոգիա առարկայի ուսուցման արհեստանոցներում, որտեղ հաստոցների և սարքավորումների վրա աշխատանքը կապված է ջերմության և փոշու արտազատման հետ, տեղադրվում է տեղային արտաձիգ մեխանիկական օդափոխություն:
ԳԼՈՒԽ V. |
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
52. ՈՒսումնական սենքերն ապահովվում են բնական լուսավորությամբ: Հաստատության ուսումնական սենքերում անկախ լուսավորման տիպից, սովորողների աշխատանքային տեղերն անհրաժեշտ է դասավորել այնպես, որպեսզի ապահովվի ձախակողմյան բնական լուսավորություն:
53. Վեց մետրից ավել խորություն ունեցող ուսումնական սենքերում, անհրաժեշտ է նախատեսել նաև աջակողմյան արհեստական լուսավորում:
54. Հիմնական լույսի հոսքը սովորողի աշխատանքային տեղի առջևից կամ հետևից արգելվում է:
55. Հաստատությունների սենքերում ապահովվում է բնական և արհեստական լուսավորում` սույն կանոնների 62-րդ, 63-րդ կետերում սահմանված նորմերի համաձայն: ՈՒսումնական սենքերում, միակողմանի կողային բնական լուսավորման դեպքում, բնական լուսավորության գործակիցը (ԲԼԳ-ն) պետք է լինի 1,5%-ից ոչ պակաս (լուսային խորշերին հակառակ պատից 1 մ հեռավորության վրա):
56. ՈՒսումնական սենքերի և կաբինետների պատուհաններն ապահովվում են արևապաշտպան միջոցներով, այդ թվում` վերամբարձ-շրջվող վարագույրներով (շերտավարագույրներով):
57. Հաստատությունում օգտագործվում են մուգ-կանաչ, մուգ-դարչնագույն գույնի գրատախտակներ: Մարկերային գրատախտակների օգտագործման դեպքում մարկերի գույնը պետք է լինի կոնտրաստային` սև, կապույտ, կարմիր, շագանակագույն և կանաչ գույների մուգ երանգներով:
(57-րդ կետը փոփ. 23.01.2024 թիվ 46-Ն հրաման)
58. ՈՒսումնական սենքերում նախատեսվում է հիմնականում լյումինեսցենտ լուսավորում` լյումինեսցենտային լամպերով` ապահովված պաշտպանիչ պիտույքակազմով: Թույլատրվում է օգտագործել նաև պաշտպանիչ պիտույքակազմով շիկացման լամպեր:
59. Միևնույն սենքում չեն օգտագործվում շիկացման և լյումինեսցենտ լամպեր միաժամանակ:
60. ՈՒսումնական սենքերում կիրառվում է ընդհանուր լուսավորման համակարգ: Լյումինեսցենտ լամպերը տեղադրվում են լուսակիր պատին զուգահեռ` արտաքին պատից 1,2 մետր և ներքին պատից 1,5 մետր հեռավորության վրա:
61. ՈՒսումնական սենքերում լուսավորման նորմատիվ մակարդակը չապահովելու դեպքում գրատախտակը կահավորվում է պաշտպանիչ պիտույքակազմով լուսատու հարմարանքով և լուսավորվում է գրատախտակին հայելային զուգահեռ տեղադրված` 2 լուսամփոփներով:
62. ՈՒսումնական կաբինետներում, լսարաններում, լաբորատորիաներում լուսավորման մակարդակը համապատասխանում է հետևյալ ցուցանիշներին.
1) աշխատանքային սեղանների վրա` (ուսումնական սենքերում և կաբինետներում` բացառությամբ` տեխնոլոգիայի և նկարչության կաբինետների, գրադարանում, ուսուցչանոցում) ոչ պակաս քան 300 լյուքս,
2) գրատախտակի վրա` 300- 500 լյուքս,
3) տեխնոլոգիայի և նկարչության կաբինետներում` ոչ պակաս քան 500 լյուքս,
4) հանդիսությունների և մարզադահլիճում (հատակի վրա)` ոչ պակաս քան 200 լյուքս,
5) միջանցքներում` ռեկրեացիաներում (հատակի վրա)` ոչ պակաս քան 150 լյուքս:
63. Տեխնիկական միջոցներ օգտագործելու ժամանակ սովորողների սեղանի վրա լուսավորումը ոչ պակաս քան 300 լյուքս է: Պրոյեկտորների օգտագործման ժամանակ սովորողների սեղանի վրա լուսավորումը ոչ պակաս քան 500 լյուքս է:
64. ՈՒսումնական սենքերում սովորողների սեղանների աշխատանքային մակերեսները պետք է պաշտպանված լինեն արևի ուղղակի ճառագայթներից:
65. Լուսամփոփների անսարք լամպերը ժամանակին փոխվում են: Սովորողները չեն ներգրավվում նշված աշխատանքներին: Փչացած և այրված լյումինեսցենտ լամպերը հավաքվում են և մինչև հանձնումը պահվում երեխաների համար անհասանելի տեղում:
ԳԼՈՒԽ VI. |
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
66. Հաստատության շենքն ապահովվում է շուրջօրյա խմելու-տնտեսական հոսող ջրով, ջրահեռացման համակարգով: Ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում, առնվազն սանհանգույցների սարքավորումները (լվացարանները, զուգարանակոնքերը) ապահովվում են ջրակուտակիչ տարողություններով` մշտական հոսող ջրի ապահովման համար:
67. Կենտրոնացված ջրամատակարարման համակարգից, այդ թվում` հաստատության ջրակուտակիչ տարողություններով կամ հաստատության սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջներին:
68. Հաստատության սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի աղբյուրի կառույցի համար ապահովվում է սանիտարական պահպանման գոտիներին ներկայացվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 803 հրամանի պահանջները:
69. Չկոյուղացված բնակավայրերում տեղակայված հաստատություններում, միայն տեղային մաքրման սարքավորումների առկայության դեպքում, տեղադրվում է կոյուղու ներքին ցանց` միացված կեղտաջրերի կուտակման ջրանթափանց հորին կամ կեղտաջրերի տեղային մաքրման սարքավորմանը: Կեղտաջրերի կուտակման ջրանթափանց հորից կեղտաջրերի հեռացումը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից` հորի 2/3 լցվելուց հետո:
70. Չկոյուղացված գյուղական բնակավայրերի թերկոմպլեկտավորված` մինչև 50 սովորող ունեցող հաստատություններում տեղադրվում են ջրանթափանց կեղտաջրերի կուտակման հորով զուգարաններ և լվացարաններ, որոնցից կեղտաջրերի հեռացումը կատարվում է 69-րդ կետում սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ VII. |
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
71. Դասարանում սովորողների քանակը որոշվում է` ելնելով 15-րդ կետով սահմանված մեկ սովորողի համար սահմանված մակերեսի հաշվարկից, ինչպես նաև հաշվի առնելով 38-րդ կետով սահմանված դասասենյակներում կահավորման ու բնական, արհեստական լուսավորման պահանջները:
72. Սովորողների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն թույլատրելի նորմերը սահմանվում են համաձայն հավելված 6-ի:
73. Սովորողների ուսումնական պարապմունքների ժամանակ հոգնածության, կեցվածքի, տեսողության խանգարումների կանխարգելման նպատակով դասերի ընթացքում կազմակերպում են ֆիզկուլտ դադարներ և աչքերի համալիր վարժություններ` համաձայն Հավելված` 4-ի և 5-ի: Ֆիզիկական կուլտուրայով բացօթյա պարապմունքներ իրականացնելու պայմանները բերվում է հավելված 9-ում:
74. Դասերի ժամանակ, համակարգիչների օգտագործման դեպքում, տեսաէկրանային տերմինալներով (այսուհետ` ՏԷՏ) պարապմունքների տևողությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 19-Ն հրամանի պահանջներին: ՏԷՏ-ով պարապմունքներից հետո, աշխատանքային տեղում, կատարվում են աչքերի համալիր վարժություններ` համաձայն հավելված 5-ի:
75. Հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում` բացառությամբ Հավելված 7-ի 2-րդ կետով սահմանված առարկաներից, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում:
76. Դասացուցակը կազմվում է հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները` համաձայն հավելված 6, 7-ի:
77. Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո:
78. Սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար` 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար` 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար` 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար` 4 կգ:
79. Սովորողների մոտ կեցվածքի խանգարումների կանխարգելման, ճիշտ աշխատանքային դիրքի ձևավորման միջոցառումները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ուղեցույցի:
ԳԼՈՒԽ VIII. |
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
80. Բոլոր հաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 70-Ն հրամանի համաձայն:
81. Հաստատության բուժկետում (բժշկի կաբինետում) համաճարակաբանական ցուցումով, առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջարկությամբ կարող են կազմակերպվել կանխարգելիչ պատվաստումներ:
82. Հաստատությունում արձանագրված վարակիչ հիվանդությունների դեպքերի հաշվառումը և շտապ հաղորդման տրամադրումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանի 10-րդ և 14-րդ կետերի պահանջների: Արձանագրված վարակիչ հիվանդության յուրաքանչյուր դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի հավելված 12-ով հաստատված «Վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյան»-ում:
83. Հաստատություններում երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է դպրոցական միջին բուժաշխատողի կողմից` համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի հսկողության և պատասխանատվության ներքո: Բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ լուծույթները օգտագործվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույցի պահանջներին համապատասխան:
84. Հաստատության գործադիր մարմնի ղեկավարը ապահովում է.
1) Սուր շնչառական վարակների սեզոնի (աշուն-գարուն) ընթացքում հաստատությունում ապահովվում է սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում` միջին բուժաշխատողի կողմից: Իսկ հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի համաձայն, բուժքրոջ միջոցով, հաստատության մուտքի մոտ, իրականացվում է երեխաների և ուսուցչական անձնակազմի զննության իրականացումը, սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար: Վերը նշված դեպքերում հայտնաբերված հիվանդ երեխաները և ուսուցչական անձնակազմն անմիջապես տեղափոխվում են բուժկետ` տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և անհրաժեշտության դեպքում տեղեկացվում է երեխայի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը` երեխային տուն ուղեկցելու համար:
85. Հաստատություններում արձանագրված վարակիչ և մակաբուծային հիվանդությունների դեպքեր արձանագրելիս կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են լիազոր մարմնի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն, մասնավորապես`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանի համաձայն,
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի N 14-Ն հրամանի համաձայն,
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 30-Ն հրամանի համաձայն,
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 32-Ն հրամանի համաձայն,
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 08-ի N 29-Ն հրամանի համաձայն,
6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 31-Ն հրամանի համաձայն,
7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 40-Ն հրամանի համաձայն,
8) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանի համաձայն:
86. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի համաձայն:
87. Հաստատությունում բժշկական արտադրատեսակների մաքրումը, ախտահանումը նախամանրէազերծման մշակումը և մանրէազերծումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի համաձայն:
88. Հաստատությունում բժշկական թափոնների անվտանգ գործածությունը և աշխատանքի ընթացքում ներարկիչներից պատահական ծակոցների կանխարգելման ընթացակարգն ապահովվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի համաձայն:
89. Հաստատության աշխատողները ենթարկվում են բժշկական զննումների` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման պահանջների:
90. Պեդիկուլոզի (ոջլոտության) հայտնաբերման նպատակով` բժշկական անձնակազմը տարին 4 անգամ` յուրաքանչյուր արձակուրդից հետո բոլոր դասարաններում կատարում է երեխաների զննումներ: Զննման արդյունքները գրանցվում են Հավելված 8-ով տրված «Պեդիկուլոզի պարբերական զննումների վարման մատյան»-ում:
ԳԼՈՒԽ IX. |
ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
91. Հաստատության սենքերում ամեն օր իրականացվում է ընթացիկ խոնավ մաքրում, իսկ ամիսը մեկ անգամ կատարվում է սենքերի հիմնական մաքրում:
92. Ամենօրյա խոնավ մաքրումը ախտահանիչ լուծույթների օգտագործմամբ, առնվազն օրը 2 անգամ, իրականացվում է սանհանգույցներում, առկա ցնցուղարաններում, բժշկի կաբինետում և սննդի կառուցահատվածում: Մյուս սենքերում ախտահանումն իրականացվում է համաճարակաբանական ցուցման դեպքում:
93. Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ սենքերի մաքրումը կատարվում է դասերից հետո` բաց պատուհաններով: Եթե հաստատությունը աշխատում է 2 հերթափոխով` մաքրումը կատարվում է երկու անգամ: Անհրաժեշտ է լվանալ հատակը, մաքրել փոշու կուտակման տեղերը (լուսամուտագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ և այլն): Պատուհանները և շերտավարագույրներն անհրաժեշտ է լվանալ առնվազն տարին 2 անգամ (գարնանը և աշնանը):
94. Ցնցուղարանների և զուգարանների սանիտարատեխնիկական սարքավորումները (զուգարանակոնք, լվացարան, բռնակներ), հատակը, պատերը, դռներն ամեն օր լվացվում են օճառով և տաք ջրով: Ախտահանումն ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը: Մաքրման աշխատանքները կատարվում են այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման գույքով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր և այլն) և մաքրող-ախտահանող նյութերով` կիրառման հրահանգում նշված ցուցումներին համապատասխան:
95. Խոնավ մաքրման և ախտահանման համար օգտագործվող մաքրման պարագաները (խոզանակներ, լաթեր, դույլեր, սինթետիկ թելերով ավելներ և այլն) մակնշվում են` հստակ տարանջատելով զուգարանների, միջանցքների և դասասենյակների մաքրման համար օգտագործվող պարագաները:
96. Մաքրման գույքը և ախտահանիչ լուծույթները պահվում են առանձին սենքում կամ պահարանում` միմյանցից մեկուսացված: Մաքրման պարագաներն ախտահանում են աշխատանքային օրվա վերջում` ախտահանիչ նյութերով` համաձայն դրանց կից կիրառման հրահանգի պահանջների:
97. Զուգարաններում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում: Հաստատության շենքի տեղակայման, այդ թվում` կենցաղային աղբի կուտակման տարողության (կոնտեյների) տեղադրման տարածքը մաքրում են ամեն օր` ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.002-09 սանիտարական կանոններ և նորմեր Հավելվածի 16-րդ կետի համաձայն:
98. Կոնտեյները տեղադրվում է ջրանթափանց, բարեկարգ մակերեսով տարածքում` հաստատության շենքից ոչ պակաս, քան 15 մ հեռավորության վրա: Կոնտեյները ունենում է կափարիչ և մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ:
99. Հաստատությունում ախտահանման, միջատասպան և կրծողասպան աշխատանքները կազմակերպվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված «Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատողների առողջության պահպանման» թիվ N 2.2.5-003-05 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների:
Հավելված 1
Կահույքի չափսերը և մակնշումը ըստ «Սովորողների սեղաններ» և
«Սովորողների աթոռներ»
.___________________________________________________________________.
|Կահույքի |Հասակի |Սեղանի |Մակնիշի գույնը|Նստատեղի |
|համարն` |խումբը (մմ) |բացվող | |առջևի եզրի |
|ըստ | |մասի եզրի | |բարձրությունը|
|11015-93, | |բարձրությունը| |հատակից, |
|11016-93 | |հատակից, ըստ | |ԳՕՍՏ 11016-93|
|ԳՕՍՏ-երի | |ԳՕՍՏ 11015-93| |(մմ) |
| | |(մմ) | | |
|__________|_____________|_____________|______________|_____________|
| 1 |1000-1150 | 460 |Նարնջագույն | 260 |
|__________|_____________|_____________|______________|_____________|
| 2 |1150-1300 | 520 |Մանուշակագույն| 300 |
|__________|_____________|_____________|______________|_____________|
| 3 |1300-1450 | 580 |Դեղին | 340 |
|__________|_____________|_____________|______________|_____________|
| 4 |1450-1600 | 640 |Կարմիր | 380 |
|__________|_____________|_____________|______________|_____________|
| 5 |1600-1750 | 700 |Կանաչ | 420 |
|__________|_____________|_____________|______________|_____________|
| 6 |1750-ից բարձր| 760 |Երկնագույն | 460 |
.___________________________________________________________________.
Հավելված 2
ՑԱՆԿ
Հանրակրթական ուսումնական հաստատության բուժկետ (բժշկի կաբինետի)
անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների
1. Հակահիստամինային պատրաստուկ (դիֆենհիդրամին հիդրոքլորիդ, քլորոպիրամինի հիդրոքլորիդ)
2. Կորտիկոստերոիդներ (դեքսամետազոն)
3. Ստիմուլյատորներ (կոֆեին նատրիումի բենզոատ)
4. Ջերմիջեցնող/ցավազրկող (պարացետամոլ, իբուպրոֆեն)
5. Սպազմոլիտիկ (դրոտավերինի հիդրոքլորիդ)
6. Կատվախոտի հանուկ
7. Կատվախոտի ոգեթուրմ
8. Ջրածնի պերօքսիդի լուծույթ 3%
9. Սպիրտ բժշկական 70%
10. Յոդի ոգեթուրմ 5%
11. Անուշադրի սպիրտ 10%
12. Խոնավածուծ սպեղանի
13. Վիրակապ ոչ ստերիլ
14. Վիրակապ ստերիլ
15. Բամբակ
16. Ռետինե սեղմակ
17. Ներարկիչ (2 մլ, 3 մլ)
Հավելված 3
ՈՒսումնական սենքերի միջանցիկ օդափոխության տևողությունը` կախված
արտաքին ջերմաստիճանից
.__________________________________________________________.
|Արտաքին | Սենքերի օդափոխության տևողությունը, րոպե |
|ջերմաստիճանը, |__________________________________________|
| oC |Փոքր դասամիջոցներին |Մեծ դասամիջոցներին |
| | |և հերթափոխերի միջև |
|_______________|_____________________|____________________|
|10 - 6 | 4 - 10 | 25 - 35 |
|_______________|_____________________|____________________|
|5 - 0 | 3 - 7 | 20 - 30 |
|_______________|_____________________|____________________|
|0 - (-5) | 2 - 5 | 15 - 25 |
|_______________|_____________________|____________________|
|(-5) - (-10) | 1 - 3 | 10 - 15 |
|_______________|_____________________|____________________|
|(-10) - ցածր | 1 - 1,5 | 5 - 10 |
.__________________________________________________________.
Հավելված 4
Ֆիզկուլտ դադարների վարժությունների համալիր (այսուհետ` ՖԴ)
ՈՒսումնական պարապմունքները, սովորողների առանձին օրգանների, օրգան համակարգերի և ամբողջ օրգանիզմի վրա առաջացնում են հոգեբանական, ստատիկ և դինամիկ ծանրաբեռնվածություն, ուստի անհրաժեշտ է դասերի ժամանակ կազմակերպել ֆիզկուլտ դադարներ` տեղային հոգնածությունն անցկացնելու համար, ինչպես նաև ընդհանուր ազդեցության ֆիզկուլտ դադարներ:
Գլխուղեղային արյան շրջանառության բարելավման ՖԴ
1. Ելման դրություն (ե.դ.) - աթոռին նստած: 1-2 - գլուխը տանել ետ և սահուն կերպով թեքել ետ, 3-4 - գլուխը թեքել առաջ, ուսերը չբարձրացնել: Կրկնել 4-6 անգամ: Դանդաղ տեմպով:
2. Ե.Դ. - նստած, ձեռքերը գոտկատեղին: 1 - գլուխը շրջել դեպի աջ, 2 - ե.դ., 3 - գլուխը շրջել դեպի ձախ, 4 - ե.դ.: Կրկնել 6-8 անգամ: Դանդաղ տեմպով:
3. Ե.Դ. - կանգնած կամ նստած, ձեռքերը գոտկատեղին: 1 - ձախ ձեռքը թափով տանել աջ ուսի վրայով, գլուխը թեքել դեպի ձախ: 2 - ե.դ., 3-4 - նույնը աջ ձեռքով: Կրկնել 6-8 անգամ: Դանդաղ տեմպով:
ՈՒսագոտու և ձեռքերի հոգնածությունը հանելու ՖԴ
1. Ե.Դ. - կանգնած կամ նստած, ձեռքերը գոտկատեղին: 1 - աջ ձեռքը առաջ, ձախը վերև, 2 - փոխել ձեռքերի դիրքը: Կրկնել 3-4 անգամ, այնուհետև ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և թափահարել դաստակներով, գլուխը խոնարհել առաջ: Միջին տեմպով:
2. Ե.Դ. - կանգնած կամ նստած, դաստակը ետևի մասով գոտկատեղի վրա: 1-2 արմունկները առաջ, գլուխը խոնարհել առաջ: 3-4 - արմունկները ետ, ճկվել: Կրկնել 6-8 անգամ, այնուհետև ձեռքերը իջեցնել ներքև և թափահարել թուլացնելով: Դանդաղ տեմպով:
3. Ե.Դ. - նստած, ձեռքերը վեր: 1 - դաստակները սեղմել բռունցքի մեջ: 2 - սեղմված բռունցքը բացել: Կրկնել 6-8 անգամ, այնուհետև ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և դաստակներով թափահարել: Միջին տեմպով:
Իրանի հոգնածությունը հանելու ՖԴ
1. Ե.Դ. - դիրքը ոտքերը զատ, ձեռքերը գլխի ետևը: 1 - կոնքը կտրուկ պտտել աջ: 2 - կոնքը կտրուկ պտտել ձախ: Պտույտների ժամանակ ուսագոտին պահպանել անշարժ դիրքում: Կրկնել 6-8 անգամ: Միջին տեմպով:
2. Ե.Դ. - դիրքը ոտքերը զատ, ձեռքերը գլխի ետևը: 1-5 - կոնքով շրջանաձև շարժումներ մի կողմի վրա: 4-6 - նույնը մյուս կողմի վրա: 7-8 - ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և դաստակներով թափահարել: Կրկնել 4-6 անգամ: Միջին տեմպով:
3. Ե.Դ. - դիրքը ոտքերը զատ: 1-2 - թեքվել առաջ, աջ ձեռքը սահեցնել ոտքի ուղղությամբ ներքև, ձախը` ծալելով մարմնի ուղղությամբ բարձրացնել վեր: Կրկնել 6-8 անգամ: Միջին տեմպով:
Ընդհանուր ազդեցության վարժությունները, դրանք օրգանիզմի տարբեր մկանային խմբերի համար նախատեսված վարժություններ են, հաշվի առնելով աշխատանքի ընթացքում դրանց լարվածությունը:
Առաջին աստիճանի սովորողների համար տառերի գրավոր ուսուցման դասերի ժամանակ ՖԴ վարժությունների համալիր.
1. ՈՒղեղի արյան շրջանառության բարելավման վարժություններ: Ե.Դ. - նստած, ձեռքերը գոտկատեղին: 1 - գլուխը պտտել աջ, 2 - ե. դ., 3 - գլուխը շրջել ձախ, 4 - ե. դ., 5 - գլուխը սահուն թեքել ետ, 6 - ե. դ., 7 - գլուխը խոնարհել առաջ: Կրկնել 4-6 անգամ: Դանդաղ տեմպով:
2. Դաստակի մանր մկանների հոգնածությունը հանող վարժություններ: Ե.Դ. - նստած ձեռքերը բարձրացնել վեր: 1 - դաստակը սեղմել բռունցքի մեջ, 2 - դաստակը բացել: Կրկնել 6-8 անգամ, հետո ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և դաստակներով թափահարել: Միջին տեմպով:
3. Իրանի մկանների հոգնածությունը հանող վարժություններ: Ե.Դ. - ոտքերը զատ, ձեռքերը գլխի ետևում: 1 - կոնքը կտրուկ շրջել դեպի աջ: 2 - կոնքը կտրուկ շրջել ձախ: Շրջումների ժամանակ ուսագոտին պահել անշարժ վիճակում: Կրկնել 4-6 անգամ: Միջին տեմպով:
4. ՈՒշադրության կենտրոնացման վարժություններ: Ե.Դ. - կանգնած, ձեռքերը մարմնի երկայնքով: 1 - աջ ձեռքը գոտկատեղին, 2 - ձախ ձեռքը գոտկատեղին, 3 - աջ ձեռքը դնել ուսի վրա, 4 - ձախ դնել ուսի վրա, 5 - աջ ձեռքը վեր, 6 - ձախ ձեռքը վեր, 7-8 ձեռքերով ծափ տալ գլխավերևում, 9 - ձախ ձեռքը իջեցնել ուսի վրա, 10 - աջ ձեռքը իջեցնել ուսի վրա, 11 - ձախ ձեռքը գոտկատեղին, 12 - աջ ձեռքը գոտկատեղին, 13-14 - ձեռքերով ծափ տալ կոնքերին: Կրկնել 4-6 անգամ: Տեմպը - 1-ին անգամ դանդաղ, 2-3-րդ անգամ - միջին, 4-5-րդ անգամ - արագ, 6-րդ անգամ - դանդաղ:
Հավելված 5
Աչքերի համալիր վարժություններ
1. Արագ թարթել, փակել աչքերը և նստել հանգիստ, դանդաղ հաշվել մինչև 5-ը: Կրկնել 4-5 անգամ:
2. Աչքերը ուժեղ փակել (հաշվել մինչև 3-ը, բացել աչքերը և նայել հեռուն, հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
3. Աջ ձեռքը ձգել առաջ: Առանց գլուխը շարժելու, աչքերով հետևել ցուցամատի դանդաղ շարժմանը աջ և ձախ, վերև և ներքև: Կրկնել 4-5 անգամ:
4. 1-4 հաշվով նայել ձգված ձեռքի ցուցամատին, հետո 1-6 հաշվով հայացքն ուղղել հեռուն: Կրկնել 4-5 անգամ:
5. Միջին տեմպով աչքերով կատարել 3-4 շրջանաձև շարժումներ դեպի աջ, նույնքան` դեպի ձախ: Թուլացնել աչքի մկանները, 1-6 հաշվով նայել դեպի հեռուն: Կրկնել 1-2 անգամ:
Հավելված 6
Սովորողների օրական ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն
թույլատրելի նորմերը
.____________________________________________________________.
|Դասարաններ|Օրական թույլատրելի առավելագույն թույլատրելի |
| |ուսումնական ծանրաբեռնվածության նորմեր |
|__________|_________________________________________________|
|1 |Օրական ոչ ավելի, քան 4 դաս, շաբաթը 1 անգամ 5 դաս`|
| |ֆիզկուլտուրայի դասի հաշվին |
|__________|_________________________________________________|
|2-4 |Օրական ոչ ավելի, քան 5 դաս, շաբաթը 1 անգամ 6 դաս`|
| |ֆիզկուլտուրայի դասի հաշվին |
|__________|_________________________________________________|
|5-6 |Օրական ոչ ավելի, քան 6 դաս |
|__________|_________________________________________________|
|7-12 |Օրական ոչ ավելի, քան 7 դաս |
.____________________________________________________________.
Սովորողների շաբաթական ծանրաբեռնվածության առավելագույն թույլատրելի
նորմերը
.____________________________________.
|Դասարաններ|Շաբաթական առավելագույն |
| |թույլատրելի ուսումնական |
| |ծանրաբեռնվածության նորմեր|
| |(ակադեմիական ժամեր) |
| |_________________________|
| |6-օրյա |5-օրյա |
| |ուսումնական |ուսումնական |
| |շաբաթ |շաբաթ |
|__________|____________|____________|
|1 | 22 | 20 |
|__________|____________|____________|
|2-4 | 25 | 22 |
|__________|____________|____________|
|5 | 31 | 28 |
|__________|____________|____________|
|6 | 32 | 29 |
|__________|____________|____________|
|7 | 34 | 31 |
|__________|____________|____________|
|8-9 | 35 | 32 |
|__________|____________|____________|
|10-12 | 36 | 33 |
.____________________________________.
Հավելված 7
Դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
1. Դասացուցակները կազմելիս հաշվի է առնվում դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը, ինչպես նաև օրվա և շաբաթվա ընթացքում ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը` բնական, մաթեմատիկական և հումանիտար առարկաների դասաժամերը երգի, նկարչության և ֆիզիկական դաստիարակման դասաժամերին, ինչի շնորհիվ ստեղծվում է սովորողների մտավոր գործունեությունից ֆիզիկականի փոխվելու հնարավորություն:
2. Կրկնակի դասաժամերը թույլատրվում են միայն լաբորատոր և ստուգողական աշխատանքների, տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակման պարապմունքների (ձմռանը) անցկացման ժամանակ:
3. Դասաժամերի կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներն են.
1) պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ` երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով,
2) ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին պետք է հասնի առավելագույնի և իջնի դասաժամի ավարտին:
4. Այդ պահանջներին համապատասխան դասը պայմանականորեն կիսվում է երեք մասի` ներածական, հիմնական և ավարտական:
1) Ներածական մասը ուսուցիչն օգտագործում է դասահարցման և կազմակերպչական միջոցառումների համար, հիմնականը` նոր դասի, նյութի շարադրման համար, ավարտականը` վարժեցման, վերարտադրման համար,
2) 1-ին դասարանի սովորողների համար առավել բարդ առարկաները դասացուցակում ներառվում են 2-րդ դասաժամին, 2-4-րդ դասարանի համար` 2-3-րդ դասաժամերին, իսկ 5-12-րդ դասարանների համար` 2-4-րդ դասաժամերին` սովորողների ամենաբարձր աշխատունակության ժամանակ,
3) Բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) հարկ է զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ` պատմություն, աշխարհագրություն և այլն:
5. Սովորողների տարիքի երեխաների մտավոր աշխատունակության լավագույն կենսաբանական ռիթմը լինում է օրվա ժամը 10-12-ի սահմանում: Այս ժամերին նկատվում է նոր մատուցվող նյութի յուրացման ամենաբարձր արդյունավետությունը, օրգանիզմի հոգեբանաֆիզիոլոգիական նվազագույն ծախսի պայմաններում:
6. Սովորողների մտավոր աշխատունակությունը տարբեր է նաև ուսումնական շաբաթվա տարբեր օրերին: Մտավոր աշխատունակության մակարդակը բարձրանում է շաբաթվա կեսին, իսկ շաբաթվա սկզբին (երկուշաբթի) և վերջին (ուրբաթ)` ընկնում:
7. Շաբաթվա ընթացքում ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը կազմվում է այնպես, որպեսզի նրա ամենամեծ ծավալը լինի երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին: Դասացուցակում այդ օրերին նախատեսում են կամ ավելի բարդ առարկաներ, կամ միջին և թեթև ծանրության առարկաների համակցություն (աղյուսակներ 1, 2, 3), բայց ավելի շատ, քան շաբաթվա մնացած օրերին: Ստուգողական աշխատանքները կատարվում են ուսումնական շաբաթվա մեջտեղում և 2-4-րդ դասերին:
8. Տնային առաջադրանքները սովորողներին տրվում են ելնելով դրանք կատարելու հնարավորությունից` I դասարանում` չեն տրվում, II-ում և III-ում` մինչև 1,5 ժամ, IV-ում և V-ում` մինչև 2 ժամ, VI-VIII դասարաններում` մինչև 2,5 ժամ, IX-XI-ը` մինչև 3,5 ժամ, XII-ում` մինչև 4 ժամ:
9. Դասացուցակը կազմելիս անհրաժեշտ է օգտվել հետևյալ աղյուսակից, որտեղ յուրաքանչյուր առարկայի բարդության աստիճանը գնահատվում է բալերով: Առավելագույն բալերի գումարը պետք է լինի երեքշաբթի և չորեքշաբթի օրերի համար:
10. 1-4-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 1-ում, 5-9-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 2-ում, 7-12-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 1
Հաստատության 1-4-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակ
.__________________________________________________.
|Հանրակրթական առարկաներ |Միավորների քանակը |
| |(բարդության աստիճան)|
|_____________________________|____________________|
|Մաթեմատիկա | 8 |
|_____________________________|____________________|
|Ռուսաց լեզու | 7 |
|_____________________________|____________________|
|Օտար լեզու | 8 |
|_____________________________|____________________|
|Ես և շրջակա աշխարհը | 6 |
|_____________________________|____________________|
|Մայրենի | 5 |
|_____________________________|____________________|
|Կերպարվեստ և երաժշտություն | 3 |
|_____________________________|____________________|
|Տեխնոլոգիա | 2 |
|_____________________________|____________________|
|Ֆիզկուլտուրա | 1 |
|_____________________________|____________________|
|Շախմատ | 8 |
.__________________________________________________.
Աղյուսակ 2
Հաստատության 5-9-րդ դասարաններում ուսուցանվող առարկաների բարդության աստիճանի սանդղակ
._________________________________________________________.
|Հանրակրթական առարկաներ |Միավորների քանակը |
| |(ըստ բարդության աստիճանի) |
| |___________________________|
| |5-րդ |6-րդ|7-րդ|8-րդ|9-րդ|
| |դասարան|դաս.|դաս.|դաս.|դաս.|
|_____________________________|_______|____|____|____|____|
|Քիմիա | - | - | 13 | 10 | 12 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Երկրաչափություն | - | - | 12 | 10 | 8 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Ֆիզիկա | - | - | 8 | 9 | 13 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Հանրահաշիվ | - | - | 10 | 9 | 7 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Գծագրություն | - | - | - | 5 | 4 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Կենսաբանություն | 10 | 8 | 7 | 7 | 7 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Տնտեսագիտություն | - | - | - | - | 11 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Մաթեմատիկա | 10 | 13 | - | - | - |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Օտար լեզու | 9 | 11 | 10 | 8 | 9 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Ռուսաց լեզու | 8 | 12 | 11 | 7 | 6 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Հայրենագիտություն | 7 | - | - | - | - |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Բնագիտություն | 7 | 8 | - | - | - |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Աշխարհագրություն | - | - | - | - | 5 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Հայաստանի աշխարհագրություն | - | 7 | 6 | 6 | 5 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Հայոց պատմություն | - | 8 | 6 | 8 | 10 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Համաշխարհային պատմություն | - | 8 | 6 | 8 | 10 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Հայոց եկեղեցու պատմություն | 8 | 8 | 6 | 8 | 10 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Հայոց լեզու | 8 | 12 | 11 | 7 | 6 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Տեխնոլոգիա | 4 | 3 | 2 | - | - |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Գրականություն | 4 | 6 | 4 | 4 | 7 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Կերպարվեստ | 3 | 3 | 1 | 3 | _ |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Ֆիզկուլտուրա | 3 | 4 | 2 | 2 | 2 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Երաժշտություն | 2 | 1 | - | - | - |
|_____________________________|_______|____|____|____|____|
|Ինֆորմատիկա | 4 | 10 | 4 | 7 | 7 |
|_____________________________|_______|____|____|____|____|
|ՆԶՊ և անվտ. կենսագործ. | - | - | - | 3 | 3 |
._________________________________________________________.
Աղյուսակ 3
Հաստատության 10-12-րդ դասարաններում ուսուցանվող ուսումնական առարկաների բարդության աստիճանի սանդղակ
._____________________________________________________________________.
|Հանրակրթական առարկաներ|Միավոր- | Հանրակրթական առարկաներ |Միավոր- |
| |ների | |ների |
| |քանակը | |քանակը |
| |(ըստ | |(ըստ |
| |բարդու- | |բարդու- |
| |թյան | |թյան աս-|
| |աստիճանի)| |տիճանի) |
|______________________|_________|___________________________|________|
|Ֆիզիկա | 12 |Ինֆորմատիկա, | 6 |
| | |տնտեսագիտություն | |
|______________________|_________|___________________________|________|
|Երկրաչափություն | 11 |Հասարակագիտություն | 5 |
|______________________|_________|___________________________|________|
|Քիմիա | 11 |Կենսաբանություն | 7 |
|______________________|_________|___________________________|________|
|Հանրահաշիվ | 10 |Հայոց եկեղեցու պատմություն | 4 |
| | |(10-11-րդ դասարաններում) | |
|______________________|_________|___________________________|________|
|Ռուսաց լեզու | 9 |Աշխարհագրություն | 3 |
|______________________|_________|___________________________|________|
|Հայ գրականություն | 8 |ՆԶՊ և անվտ. | 2 |
| | |Հայրենագիտություն. | |
| | |(10-11-րդ դասարաններ) | |
|______________________|_________|___________________________|________|
|Կենսաբանություն | 7 |Ֆիզկուլտուրա | 1 |
|______________________|_________|___________________________|________|
|Հայոց լեզու | 7 |Օտար լեզու | 8 |
|______________________|_________|___________________________|________|
|Հայոց պատմություն | 9 |Համաշխարհային պատմություն | 9 |
._____________________________________________________________________.
11. Հաստատության 10-12-րդ դասարանների համար դասացուցակի ճիշտ կազմման ժամանակ օրվա ընթացքում ըստ բարդության աստիճանի ամենաշատ բալերի քանակը` բոլոր առարկաների գումարով, լինում է երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին:
12. Հաստատության 5-9-րդ դասարանների սովորողների շաբաթվա ուսումնական ծանրաբեռնվածությունը բաժանվում է այնպես, որպեսզի առավելագույն ինտենսիվությունը (օրվա ընթացքում բալերի գումարը) լինի երեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ չորեքշաբթին լինի որոշ չափով թեթևացված օր:
13. Դասացուցակը համարվում է սխալ կազմված, երբ օրվա բալերի առավելագույն գումարը լինում է շաբաթվա սկզբի և վերջի օրերին, կամ այն շաբաթվա բոլոր օրերին նույնն է:
(7-րդ հավելվածը փոփ. 23.01.2024 թիվ 46-Ն հրաման)
Հավելված 8
Պեդիկուլոզի պարբերական զննումների վարման մատյան
.____________________________________________________________________.
|Դասարան|Զննման |Զննված |Որից |Բուժումից|Որից |Նշումներ|
|(N) |Ամսաթիվ|սովորողների|դրական |հետո |դրական | |
| | |թիվ |արդյունքով|զննման |արդյունքով| |
| | | | |ամսաթիվ | | |
|_______|_______|___________|__________|_________|__________|________|
| 1. | 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. |
.____________________________________________________________________.
Հավելված 9
Ֆիզիկական կուլտուրայով բացօթյա պարապմունքներ իրականացնելու պայմանները
._____________________________________________________________________.
|Սովորողների |Օդի ջերմաստիճանը և քամու արագությունը, որի դեպքում|
|տարիքը |թույլատրվում է իրականացնել բացօթյա պարապմունքներ |
| |___________________________________________________|
| |առանց |քամու |քամու |քամու |
| |քամու |արագությունը |արագությունը|արագությունը |
| | |մինչև 5 մ/վրկ|6-10 մ/վրկ |10 մ/վրկ |
| | | | |ավելի |
|_________________|______|______________|____________|________________|
|մինչև 12 տարեկան|- 9 oC| - 6 oC | - 3 oC |Պարապմունքներ չի|
|_________________|______|______________|____________|իրականացվում |
|12-13 տարեկան |- 2 oC| - 8 oC | - 5 oC | |
|_________________|______|______________|____________| |
|14-15 տարեկան |- 5 oC| - 12 oC | - 8 oC | |
|_________________|______|______________|____________| |
|16-17 տարեկան |- 6 oC| - 15 oC | - 10 oC | |
._____________________________________________________________________.