040.0594.200502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2002 թվականի N 594
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության ընկերություններին հատկացնել`
ա) 2001 թվականի 4-րդ եռամսյակում և 2002 թվականի ընթացքում իրենց հիմնական գործունեության արդյունքում սահմանված կարգով հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի գումարը (առանց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և (կամ) մաքսային մարմիններում վճարված գումարի) վճարելու նպատակով` համապատասխանաբար` 4,477.3 հազար դրամ և ոչ ավելի, քան 25,810.0 հազար դրամ.
բ) 2002 թվականին դրանց կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների նկատմամբ սահմանված կարգով հաշվարկվելիք ու վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարը վճարելու նպատակով` ոչ ավելի, քան 35,300.0 հազար դրամ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
i
ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գումարների փաստացի հատկացումը կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով «Հայաստանի Հանրապետության միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից համապատասխան ընկերությունների համար հաշվարկները, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի հաշվարկված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու համար տվյալ ընկերության կողմից իրեն սպասարկող բանկին տրված վճարման հանձնարարագիրը ներկայացվելուց հետո` հաշվարկները ներկայացվելուց հետո տասնօրյա ժամկետում պարզելով այդ հաշվարկների ճշտությունը.
բ) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված գումարը հատկացնել անմիջապես Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, ընդ որում, հատկացումները կատարել ամսական` «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ամենամսյա հաշվարկների գումարի չափով` այդ հաշվարկները նշված հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 20-ից: