100.0574.071102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 11 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002272
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
4 սեպտեմբերի 2002 թվականի N 574
«ԴԵՂԱՏՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ» N 2-III-2.2.7 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող» N 2-III-2.2.7 սանիտարական կանոնները (կցվում է):
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով
ԴԵՂԱՏՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ N2-III-2.2.7
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության բոլոր դեղատների և դեղատնային կրպակների համար:
1.2. Սանիտարական կանոնները ներառում են դեղատների կազմակերպման, սենյակների մաքրմանը, սարքավորումների և գույքի սանիտարական պահպանմանը, ինչպես նաև դեղերի պատրաստմանը և աշխատողների անձնական հիգիենային ներկայացվող պահանջները:
1.3. Բնակչությանը սպասարկող դեղատների սենյակների կազմը և մակերեսները սահմանվում են համաձայն «Հասարակական շենքեր և շինություններ» 2.08.02-89 շինարարական նորմերի և կանոնների և դրան կից բուժ. հիմնարկների նախագծման ձեռնարկի (բաժին V):
1.4. Հիվանդանոցային, միջհիվանդանոցային, հոգեբուժական և նարկոլոգիական կազմակերպությունների դեղատների և դեղատնային բաշխիչ կետերի կառուցվածքը պետք է համապատասխանի «Հասարակական շենքեր և շինություններ» 2.08.02-89 շինարարական նորմերին և կանոններին և դրան կից բուժ. հիմնարկների նախագծման ձեռնարկին (բաժին V):
1.5. Դեղատների տարածքում թույլատրվում է վաճառել միայն դեղատնային ապրանքներ` դեղեր, բժշկական նշանակոււթյան, հիվանդի խնամքի, ինչպես նաև սանիտարիայի և հիգիենայի ապրանքներ:
2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2.1. Սանիտարական հագուստ` բժշկական խալաթ և գլխարկ, որոնք նախատեսված են դեղերը, նյութերը ու պատրաստի արտադրանքը անձնակազմից փոխանցվող երկրորդային մանրէային, քիմիական և մեխանիկական աղտոտումներից պաշտպանելու համար:
2.2. Ասեպտիկ կառույցահատվածի (բլոկի) տեխնոլոգիական հագուստի կոմպլեկտ` նախատեսված է դեղերը, օժանդակ նյութերը, պատրաստի արտադրանքը ու օդային միջավայրը անձնակազմից փոխանցվող երկրորդային մանրէային և մեխանիկական աղտոտումից պաշտպանելու համար:
2.3. Վարակում մանրէներով (կոնտամինացիա)`
ա) առաջնային աղտոտվածություն` առաջանում է օդի հոսքից,
բ) երկրորդային աղտոտվածություն` առաջանում է ասեպտիկայի պահանջները չապահովելու դեպքում:
2.4. Ասեպտիկա` համալիր պայմաններ ու միջոցառումներ, ուղղված մանրէային, քիմիական և մեխանիկական աղտոտումների նախականխմանը` մանրէազերծված արտադրանքի ստացման տեխնոլոգիական գործընթացների բոլոր փուլերում:
2.5. Ասեպտիկ կառույցահատված (բլոկ)` դեղատան հատուկ կառուցվածք ու կահավորված տարածք է, որի օգտագործման նպատակն է նվազեցնել մանրէային, քիմիական և մեխանիկական աղտոտվածության թափանցումը, գոյացումը ու պահպանումը:
2.6. Օդային շլյուզ` փակ տարածքում տեղադրված հարմարանք է մանրէների, քիմիական և մեխանիկական այլ աղտոտությունների ներթափանցումը կանխելու համար կամ դռներով առանձնացված փակ տարածք է տարբեր աստիճանի մաքրությամբ սենյակների միջև:
2.7. Ախտահանում` արտադրանքի վրա, արտադրանքում կամ մակերեսների վրա ախտածին մանրէները ոչնչացնելու (սպանելու) գործընթաց (ջերմային, քիմիական, ֆիզիկական եղանակներով և միջոցներով):
2.8. Մանրէազերծում` արտադրանքի վրա կամ արտադրանքում զարգացման ցանկացած փուլում գտնվող բոլոր տեսակի մանրէների, այդ թվում` սպորավոր ձևերի, ոչնչացման, ինչպես նաև օբյեկտների մակերեսներից վերջիններիս հեռացման գործընթաց է, ներառյալ (ջերմային, քիմիական, ֆիզիկական եղանակներով և միջոցներով):
2.9. Նախամանրէազերծումային մշակում` սպիտակուցների, ճարպերի, մեխանիկական աղտոտվածության, դեղանյութերի մնացորդային քանակների հեռացում է: Արտադրանքի լվացումը, ախտահանումն ապահովում է մանրէազերծման արդյունավետությունը, նվազեցնում անսովոր (պիրոգեն) ռեակցիաների ռիսկը հիվանդների մոտ:
3. ԴԵՂԱՏՆԵՐԻ ՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3.1. Դեղատան շենքն անհրաժեշտ է կահավորել, հարդարել ու պահպանել սույն կանոններով սահմանված կարգով: Դեղատան մուտքի մոտ պետք է լինի հարմարանք կոշիկները կեղտից մաքրելու համար: Հարմարանքի մաքրումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան օրը մեկ անգամ:
3.2. Պատերի և առաստաղների երեսպատումը պետք է հնարավոր դարձնի դրանց խոնավ մաքրումը` ախտահանիչ նյութերի օգտագործմամբ:
3.3. Դեղատների սարքավորումների արտաքին և ներքին մակերեսները պետք է լինեն ծածկված դեղանյութերի, քիմիական ռեակտիվների նկատմամբ կայուն նյութերով: Սարքավորումները և դեղատնային կահույքը պետք է տեղադրվի մաքրելու համար հարմար ձևով, այնպես, որ չծածկի բնական լույսի աղբյուրը:
3.4. Արևային կողմի լուսամուտները և ցուցափեղկերը պետք է ունենան արևից պաշտպանման հարմարանքներ, որոնք օգտագործվում են հատկապես ամռան ամիսներին:
3.5. Օդափոխության համար օգտագործվող լուսամուտի վերնափեղկերը և օդանցքները ապահովված պետք է լինեն 2,2 մմ-ից ոչ մեծ անցքեր ունեցող ցանցով:
3.6. Սպասասրահում դեղատան անձնակազմի աշխատատեղերը պետք է ապահովված լինեն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններից պաշտպանող հարմարանքներով: Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների տվյալ բնակավայրում տարածման ժամանակաշրջանում դեղատների աշխատակիցները պետք է կրեն պաշտպանիչ դիմակ:
3.7. Ասեպտիկ կառույցահատվածի, պատրաստուկների, ասիստենտական սենյակների, զուգարանների մուտքի առաջ, հատակին պետք է փռված լինի ախտահանիչ լուծույթով թրջված ռետինե գորգ:
3.8. Անձնակազմի աշխատողների ձեռքերը լվանալու համար պետք է դրվեն լվացարանային կոնքեր և ախտահանիչ լուծույթով տարողություն:
3.9. Լվացման սենյակում պետք է առանձնացվեն ու պիտակավորվեն լվացման խեցիներ` ներարկման լուծույթների, աչքի կաթիլների, ներքին և արտաքին օգտագործման դեղաձևերի հետ աշխատելու համար, որտեղ պետք է լվացվի նաև վերջիններիս համար օգտագործվող ամանեղենը:
Արգելվում է ձեռքերը լվանալ վերոհիշյալ խեցիներում:
3.10. Արտադրական սենյակում արգելվում է սննդի ընդունումը (ուտելը):
3.11. Դեղատների շինարարության համար օգտագործվող նյութերը պետք է խոչընդոտեն կրծողների, միջատների և այլ կենդանիների սենյակներ թափանցումը:
3.12. Դեղատան սենյակները պետք է ունենան բնական և արհեստական լուսավորություն: Ընդհանուր արհեստական լուսավորությունը նախատեսվում է բոլոր սենյակներում: Առանձին աշխատատեղերը, անհրաժեշտության դեպքում, պետք է ապահովվեն տեղային արհեստական լուսավորությամբ:
3.13. Օդափոխության և ջեռուցման համակարգերի տեղադրումը և շահագործումը պետք է կատարվի համաձայն «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» IV-12.01-2000 շինարարական նորմերի: Պահեստային սենյակներում պետք է իրականացվի միկրոկլիմայի հսկողություն:
3.14. Սարքավորումների տեղադրումը կատարվում է պատերից բավարար հեռավորության վրա, որը վերանորոգման, մաքրման և ախտահանման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն կտա, չփակելով լույսի բնական աղբյուրներն ու չխանգարելով անց ու դարձին:
4. ԱՍԵՊՏԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման սենյակների պատերը պետք է ծածկված լինեն հեշտությամբ մաքրվող և ախտահանվող ծածկույթներով:
4.2. Ասեպտիկ կառույցահատվածը պետք է ունենա ներհոս- արտաձիգ օդափոխություն` ներհոսը արտահոսքի նկատմամբ գերակշռումով:
4.3. Ասեպտիկ կառույցահատվածում, պատրաստուկի, ջրի թորման, մանրէազերծման սենյակներում օդի մանրէազերծման համար դրվում են չէկրանավորված մանրէազերծիչ ճառագայթիչներ, որոնք միացվում են աշխատանքը սկսելուց առաջ, 1-2 ժամ տևողությամբ, մարդկանց բացակայության պայմաններում, 2-2.5 վտ հզորությամբ սարքավորումներ` ծավալի յուրաքանչյուր 1մ3-ի հաշվով, օդի մանրէային աղտոտվածության նվազեցման համար: Ճառագայթիչների անջատիչը տեղադրվում է սենյակների մուտքի մոտ «Չմտնել, միացված է մանրէազերծիչ ճառագայթիչը» ցուցանակով: Այդ սենյակները թույլատրվում է մտնել միայն ճառագայթիչները անջատելուց հետո, իսկ դրանցում երկար ժամանակ մնալ և աշխատել թույլատրվում է անջատելուց 15 րոպե հետո: Անձնակազմի ներկայությամբ կարելի է միացնել միայն էկրանավորված 1վտ հզորությամբ մանրէազրկիչ ճառագայթիչներ, որոնք դրվում են հատակից 1,8 - 2,0 մ բարձրության վրա, սենյակի ծավալի 1մ3-ի հաշվով և ճառագայթները ուղղված չպետք է լինեն դեպի սենյակում գտնվող մարդիկ: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթիչների աշխատանքի ժամանակ պետք է միացնել օդափոխիչներ` թունավոր նյութերի (օզոն, ազոտի օքսիդներ) կուտակումը կանխելու համար:
4.4. Ասեպտիկ կառույցահատված բերվող բոլոր սարքավորումները, կահույքը նախապես պետք է մշակվեն ախտահանիչ լուծույթով թրջված լաթով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002թ. N 574 հրամանով հաստատված «Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմի» (հավելված 1) համաձայն: Արգելվում է չօգտագործվող սարքավորումների տեղակայումը ասեպտիկ կառույցահատվածում:
4.5. Ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման սենյակի մուտքի առաջ փռվում է ռետինե գորգ, որը հերթափոխի ընթացքում պետք է մեկ անգամ թրջվի ախտահանող լուծույթով` հավելված 1-ով հաստատված «Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմի» համաձայն:
4.6. Ասեպտիկ կառույցահատվածը (պատրաստուկի սենյակ) կից սենյակներից բաժանվում է անցախուցերով (շլյուզ): Աշխատակիցները շլյուզ մտնելուց առաջ հագնում են հատուկ կոշիկներ, լվանում և ախտահանում են ձեռքերը, հագնում են մանրէազերծված խալաթ, գլխարկ (մազերը խնամքով հավաքում են), բախիլներ, բերանը և քիթը ծածկում քառատակ մառլյայից պատրաստված դիմակով, որը փոխվում է 4 ժամը մեկ անգամ: Արգելվում է չմանրէազերծված հագուստով, շլյուզով անցնել այն սենյակ, որտեղ ասեպտիկ պայմաններում պատրաստվում են դեղեր, կատարվում են մանրակշռումներ: Արգելվում է նաև ասեպտիկ կառույցահատվածից դուրս գալ մանրէազերծված սանիտարական հագուստով:
4.7. Լուծույթների տարողությունների փակման խցանների և ալյումինե կափարիչների պատրաստումը և լվացումը կատարվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002թ. N 574 հրամանով հաստատված «Ռետինե խցանների մշակման կարգի» և «Ալյումինե կափարիչների մշակման կարգի» (հավելված 6) համապատասխան:
4.8. Փոքր մեխանիզմների օգտագործումը ներարկման լուծույթների սրսկման և աչքի կաթիլների պատրաստման համար թույլատրվում է միայն դրանց հնարավոր վարակազերծումից և մանրէազերծումից հետո:
4.9. Խստիվ արգելվում է ասեպտիկ կառույցահատվածում չաշխատող անձանց մուտքը նշված սենյակները:
4.10. Չի թույլատրվում ասիստենտական-ասեպտիկ բաժանմունքով անցկացնել ջրահեռացման և ջրմուղի խողովակներ:
4.11. Խորհուրդ է տրվում ստեղծել մաքուր օդի հորիզոնական և ուղղահայաց լամինար հոսանքներ` մաքուր խցիկներ ստեղծելու նպատակով: Օդի լամինար հոսանքի արագությունը պետք է լինի 0,8-0,6 մ/վրկ: Պարբերաբար, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, պետք է իրականացվի օդի մանրէազրկվածության հսկողություն:
5. ԴԵՂԱՏԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5.1. Դեղատների արտադրական սենյակները պետք է մաքրվեն խոնավ եղանակով` լվացող և ախտահանիչ նյութերի օգտագործմամբ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002թ. N 574 հրամանով հաստատված «Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմի» (հավելված 1): Արգելվում է մաքրումը չոր եղանակով:
5.2. Հատակը լվացվում է հերթափոխը մեկ անգամից ոչ պակաս, պատերն ու դռները` շաբաթը մեկ անգամից ոչ պակաս: Առաստաղը փոշուց մաքրվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` խոնավ լաթով:
5.3. Լուսամուտների ապակիների շրջանակները, դրանց միջև ընկած տարածությունները լվացվում են տաք ջրով, օճառով կամ լվացող նյութերով, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
5.4. Դեղատան արտադրական սենյակների և առևտրի սրահների սարքավորումները մաքրվում են ամեն օր, դեղամիջոցների պահպանման սենյակների (նյութական սենյակներ) պահարանները` ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:
5.5. Ձեռքերի լվացման խեցիները և սանիտարական հանգույցները մաքրվում և ախտահանվում են ամեն օր:
5.6. Տարբեր սենյակների մաքրման համար (ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման, այլ արտադրական սենյակներ, առևտրի սրահ, սանիտարական հանգույցներ) առանձնացվում է մաքրման գույք (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր և այլն), որը մակնշվում և օգտագործվում է ըստ նշանակության: Գույքը պահվում է հատուկ առանձնացված տեղերում (սենյակ, պահարան):
5.7. Արտադրության թափոնները և աղբը անհրաժեշտ է հավաքել կափարիչ ունեցող հատուկ տարողություններում և հեռացնել ոչ պակաս, քան հերթափոխը մեկ անգամ: Ձեռքերի լվացարանակոնքերը, սանհանգույցները և աղբի տարողությունները անհրաժեշտ է լվանալ, մաքրել և ախտահանել ամեն օր:
6. ԴԵՂԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6.1. Դեղատան աշխատողները պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի հետևյալ կանոնները.
- աշխատանքը սկսելուց առաջ հանել արտահագուստը և կոշիկները,
- հագնել սանիտարական հագուստ (խալաթ, գլխարկ) ու սանիտարական կոշիկներ, լվանալ և ախտահանել ձեռքերը (հավելված 1),
- զուգարան մտնելուց առաջ հանել խալաթը, դուրս գալուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ և ախտահանել,
- դեղատնից դուրս չգալ սանիտարական հագուստով և կոշիկներով:
6.2. Դեղերի պատրաստումով, հսկողությամբ, մանրակշռումով զբաղվող անձանց եղունգները պետք է լինեն կարճ կտրած, չի թույլատրվում կրել մատանիներ և լաքապատել եղունգները: Աշխատողները պետք է հետևեն ձեռքերի մաքրությանը, սանիտարական հագուստը փոխեն ըստ անհրաժեշտության:
6.3. Դեղատան աշխատողները սանիտարական հագուստը պետք է փոխեն շաբաթը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ: Դեղատան յուրաքանչյուր աշխատող պետք է ունենա ոչ պակաս, քան 2 կոմպլեկտ սանիտարական հագուստ:
6.4. Դեղերի պատրաստումով, մանրակշռումով զբաղվող աշխատողներին հերթափոխից առաջ պետք է հատկացվեն անհատական օգտագործման սրբիչներ:
6.5. Հայտնաբերված հիվանդները, ինչպես նաև մանրէակիրներն ուղարկվում են բուժման: Այդ անձանց իրավունք է տրվում զբաղվել դեղերի պատրաստումով, որակի հսկողությամբ, մանրակշռումով, դեղերի բաց թողնումով միայն լրիվ առողջացումից հետո, որի վերաբերյալ ներկայացվում է համապատասխան տեղեկանք բուժող հիմնարկից (կազմակերպությունից):
6.6. Դեղատներում աշխատելու ժամանակ աշխատողները պետք է պահպանեն անվտանգության տեխնիկայի կանոնները:
7. ԹՈՐԱԾ ԵՎ ՆԵՐԱՐԿՄԱՆ ՋՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7.1. Ներարկման համար չնախատեսված մանրէազերծված ու չմանրէազերծված դեղամիջոցների պատրաստման համար օգտագործվում է մաքրված ջուր, որը ստացվում է կրկնակի թորման, հետադարձ օսմոսի, իոնային փոխանակության եղանակներով: Մաքրված ջրի մանրէաբանական կազմը պետք է համապատասխանի խմելու ջրին ներկայացվող պահանջներին, այդ թվում մանրէների ընդհանուր թիվը (1լ ջրում 100-ից ոչ ավելի): Ներարկման լուծույթներ պատրաստելու համար օգտագործվում է ներարկման ջուր, որն իր կազմով և հատկություններով պետք է համապատասխանի մաքրված ջրին և լինի ապիրոգեն:
7.2. Թորած և ներարկման ջրի ստացումը կատարվում է ասեպտիկ պայմաններում:
7.3. Թորած և ներարկման ջուրը ստացվում է թորման սարքի միջոցով: Օգտագործումից առաջ սարքի ներքին մակերեսը պետք է մաքրել էթիլ սպիրտի և եթերի 1:1 հարաբերությամբ խառնուրդով թրջված բամբակով, ապա ջրածին պերօքսիդի 3%-ոց լուծույթով, եթե թույլ է տալիս սարքի կառուցվածքը: Դրանից հետո սարքի միջով անց է կացվում գոլորշի` 20-30 րոպե տևողությամբ, առանց այն սառեցնելու: Թորած ջրի առաջին 40-60 լիտրը օգտագործման համար պիտանի չէ:
7.4. Յուրաքանչյուր թորումից առաջ, ոչ հաճախ, քան օրը մեկ անգամ, անհրաժեշտ է սարքի միջով անցկացնել գոլորշի` 10-15 րոպե տևողությամբ, առանց սառնարանը միացնելու:
7.5. Ստացված թորած և ներարկման ջուրը հավաքվում է մաքուր, մանրէազերծված կամ գոլորշիով մշակված գործարանային արտադրության հավաքման սարքում կամ, բացառության կարգով, ապակե տարողությունում: Հավաքման տարաները պետք է ունենան «Թորած ջուր», «Ներարկման ջուր» պիտակավորումը: Եթե միաժամանակ օգտագործվում են հավաքման մի քանի տարաներ, ապա դրանք համարակալվում են:
7.6. Հավաքման ապակե սարքերը (տարաները) պետք է ամուր փակվեն խցաններով կամ կափարիչներով: Վերջիններս պետք է ունենան 2 անցք, մեկը` ջրի մուտքի խողովակի, իսկ մյուսը` ապակե խողովակի համար, որի մեջ դրվում է մանրէազերծված բամբակե վիրախծուծ (տամպոն), որը փոխվում է ամեն օր:
7.7. Հավաքման տարաները ջրի թորման սարքին միացվում են ապակե խողովակներով:
7.8. Աշխատատեղեր ջուրը տրվում է վերջինիս որակի վրա չազդող, լավ լվացվող և վարակազերծվող նյութից պատրաստված խողովակաշարով կամ բալոններով:
7.9. Պետք է օգտագործել 16-20 մմ-ից ոչ պակաս տրամագիծ ունեցող խողովակներ` ելնելով ապակե կամ պողպատե խողովակաշարի շահագործման և ախտահանման հարմարությունից: Խողովակաշարի շատ երկար լինելու դեպքում յուրաքանչյուր 5-7 մ հեռավորության վրա նախատեսվում է եռաբաշխիչ` արտաքին ելքով և ծորակով, նմուշառման համար` լվացման, մանրէազերծման որակը և թորվածքի մանրէաբանական կազմը որոշելու նպատակով:
7.10. Խողովակաշարի լվացումը և ախտահանումը կատարվում է դրա հավաքումից առաջ, իսկ շահագործման ընթացքում` 14 օրը մեկ անգամ, ինչպես նաև մանրէաբանական հետազոտությունների անբավարար արդյունքների դեպքում:
7.11. Դրանց միջով ավտոկլավից անց է կացվում գոլորշի, 30 րոպե տևողությամբ: Մանրէազերծման տևողության հաշվարկը կատարվում է խողովակաշարի հակառակ ծայրից (ելքից)` գոլորշու դուրս գալու պահից հաշված: Պոլիմերային նյութերից պատրաստված խողովակաշարը մանրէազերծվում է ջրածնի պերօքսիդի 6%-ոց լուծույթով` 6 ժամ տևողությամբ, այնուհետև լվացվում թորած ջրով: Խողովակաշարի մշակման մասին կատարվում է գրանցում, համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002թ. N 574 հրամանով հաստատված «Խողովակաշարերի մշակման գրանցման մատյանում» (հավելված 9):
7.12. Ապակե խողովակները և անոթները պիրոգեն նյութերից մաքրելու համար պետք է մշակել կալիումի պերմանգանատի 1%-անոց լուծույթով, 25-30 րոպե տևողությամբ: Լուծույթի պատրաստման համար կալիումի պերմանգանատի 10 մաս 1%-անոց լուծույթին ավելացվում է 6 մաս ծծմբական թթվի 1,5%-անոց լուծույթ: Մշակումից հետո անոթները և խողովակները պետք է խնամքով լվանալ, ներարկման թարմ թորած ջրով:
7.13. Թորած ջրով մատակարարումը կարգավորվում է այնպես, որ օդ չմտնի խողովակաշարի մեջ և չառաջանան օդային խցաններ: Աշխատանքի ավարտից հետո ջուրը թափվում է խողովակաշարից:
7.14. Աշխատատեղերի մատակարարումը թորած և ներարկման ջրով պետք է կատարվի անմիջապես խողովակաշարից: Աշխատանքի ավարտից հետո չօգտագործված թորած ջուրը պետք է թափվի տարողությունից:
7.15. Թորած ջուրը պետք է պահվի ասեպտիկ պայմաններում, երեք օրից ոչ ավելի:
7.16. Ներարկման համար օգտագործվում է միայն թարմ թորած ջուր: Այն պահվում է ասեպտիկ պայմաններում, օգտագործման համար պիտանի է 24 ժամից ոչ ավելի:
8. ԱՍԵՊՏԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8.1. Ասեպտիկ պայմաններում աշխատելու համար անձնակազմը պետք է ունենա համապատասխան պատրաստվածություն:
8.2. Ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման համար անհրաժեշտ դեղամիջոցները պահվում են ամուր փակվող պահարաններում, շտանգլասներում` դրանց աղտոտումը բացառող պայմաններում: Շտանգլասները յուրաքանչյուր օգտագործումից առաջ պետք է լվանալ և մանրէազերծել:
8.3. Օժանդակ նյութերը (բամբակ, մառլյա, մագաղաթյա թուղթ, ֆիլտր և այլն) մանրէազերծվում են բիքսերում կամ հղկված խցանով հարմարեցված անոթներում համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002թ. N 574 հրամանով հաստատված «Առանձին օբյեկտների մանրէազերծման ռեժիմի» (հավելված 2), պահվում են փակ վիճակում` 3 օրից ոչ ավելի: Բացված տարողություններում պահվող նյութը պետք է օգտագործել 24 ժամվա ընթացքում: Յուրաքանչյուր անգամ նյութը վերցնելուց հետո բիքսը (պուլիկը) պետք է ամուր փակվի: Նյութը վերցվում է մանրէազերծված նրբունելիով (պինցետ): Պետք է նկատի ունենալ, որ օժանդակ նյութերը` մագաղաթե թուղթը, ֆիլտրները, մառլյան, բամբակե վիրախծուծները և այլն, կտրատվում և պատրաստվում են անհրաժեշտ չափերով` մանրէազերծման համար:
8.4. Դեղատնային ամանեղենը լվացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002թ. N 574 հրամանով հաստատված «Դեղատնային ամանեղենի լվացման կարգի» (հավելված 3): Հիվանդանոցի վարակիչ բաժանմունքներում օգտագործված ամանեղենը օգտագործելուց առաջ ախտահանվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002թ. N 574 հրամանով հաստատված «Հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներից բերված ամանեղենի ախտահանման կարգի» (հավելված 4): Ամանեղենի մաքրության աստիճանը, դրանց վրա լվացող նյութերի մնացորդների առկայությունը ստուգվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002թ. N 574 հրամանով հաստատված «Ամանեղենի լվացման որակի հսկողության կարգի» (հավելված 5): Լվանալուց հետո ամանեղենը մանրէազերծվում և պահվում է ամուր փակվող պահարաններում: Ասեպտիկ պայմաններում դեղերի պատրաստման և մանրակշռման համար օգտագործվող մանրէազերծված ամանեղենը (բալոն) պահվում է 24 ժամից ոչ ավելի:
8.5. Թույլատրվում է բալոնները լվանալուց հետո մանրէազերծել գոլորշիով, 30 րոպե տևողությամբ: Մանրէազերծումից հետո տարողությունները փակվում են մանրէազերծված թղթով և պահվում դրանց աղտոտումը բացառող պայմաններում, 24 ժամից ոչ ավելի:
8.6. Փակիչները, խցանները, կափարիչները մշակվում և պահվում են դրանց աղտոտումը բացառող պայմաններում:
8.7. Դեղերի լուծույթների պատրաստման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների հանվող մասերը (ռետինե և ապակե խողովակներ, ֆիլտրների բռնիչներ, մեմբրանային ֆիլտրներ, ներդիրներ և այլն) մշակվում, մանրէազերծվում և պահվում են հատուկ առանձնացված տեղում:
8.8. Խիտ լուծույթները, կիսաֆաբրիկատները, ներդեղատնային կիսահումքերը պատրաստվում են ասեպտիկ պայմաններում և պահվում են դրանց ֆիզիկաքիմիական հատկություններին և պիտանիության ժամկետներին համապատասխան, աղտոտումը բացառող պայմաններում:
9. ՉՄԱՆՐԷԱԶԵՐԾՎԱԾ ԴԵՂԱՁԵՎԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9.1. Չմանրէազերծված դեղերի պատրաստման համար օգտագործվող դեղամիջոցները պետք է պահվեն ամուր փակվող շտանգլասներում (կամ այլ տարայում), դրանց աղտոտումը բացառող պայմաններում:
9.2. Դեղամիջոցների պահպանման համար օգտագործվող շտանգլասները լվացվում և մանրէազերծվում են օգտագործելուց առաջ:
9.3. Դեղերի պատրաստման և մանրակշռման համար անհրաժեշտ օժանդակ նյութերը պատրաստվում, մանրէազերծվում և պահվում են սույն հրահանգի կետ 8.3-ին համապատասխան:
9.4. Դեղատնային ամանեղենը լվացվում և մանրէազերծվում է համաձայն սույն հրահանգին կից հավելված 3: Չմանրէազերծված դեղաձևերի պատրաստման համար օգտագործվող մանրէազերծված ամանեղենը պահպանվում է ոչ ավել, քան երեք օր:
9.5. Դեղատներում պատրաստվող և մանրակշռվող դեղերի տարաները փակելու համար օգտագործվող պոլիէթիլենային, ինչպես նաև պլաստմասսայից պտուտակավոր խցանները լվացվում, մանրէազերծվում և պահվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից 04.09.2002թ. N 574 հրամանով հաստատված «Պոլիէթիլենային խցանների մշակման կարգի» (հավելված 7) և «Պլաստմասսային պտուտակավոր խցանների մշակման կարգի» (հավելված 8):
9.6. Դեղերի պատրաստման և մշակման համար օգտագործվող փոքր մեխանիզմները լվացվում և ախտահանվում են վերջինների կից հրահանգի համաձայն: Եթե հրահանգում նշում չկա այդ մասին, ապա մեխանիզմները աշխատանքից հետո տարաբաժանվում են մասերի, մաքրվում դեղանյութերի մնացորդներից, լվացվում տաք (50o-60oC) ջրով, ախտահանվում կամ մանրէազերծվում (հավելված 1 և 2), կախված տվյալ նյութի հատկություններից, ինչից դրանք պատրաստված են: Այնուհետև, ախտահանիչ նյութերը հեռացնելու համար վերջիններս լվացվում են տաք ջրով, պարզաջրվում թորած ջրով և պահվում աղտոտումը բացառող պայմաններում:
9.7. Յուրաքանչյուր հերթափոխից հետո կշեռքները, մածկաթիակները (շպատելները), մկրատները և դեղատնային մյուս մանր գործիքները սրբվում են ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով կամ սպիրտ - եթերային խառնուրդով (1:1 հարաբերությամբ):
9.8. Բյուրետային սարքերը և կաթոցիչները դատարկվում են կոնցենտրատներից, լվացվում մանանեխի փոշու և տաք ջրի (50o-60oC) կամ ջրածնի պերօքսիդի և 0,5%-անոց լվացող նյութի խառնուրդով, պարզաջրվում են թորած ջրով, ոչ պակաս, քան 10 օրը 1 անգամ: Պարտադիր է լվացուկների ստուգումը` լվացող նյութերի մնացորդային քանակների առկայությունը որոշելու համար: Բյուրետային սարքերի հեղուկաթափ ծորակները աշխատանքից առաջ մաքրվում են աղային նստվածքներից, մզվածքներից, ոգեթուրմերից և սրբվում են սպիրտ - եթերային խառնուրդով (1:1 հարաբերությամբ):
9.9. Դեղանյութի յուրաքանչյուր կշռումից և չափումից առաջ շտանգլասի բերանը և խցանը, ինչպես նաև ձեռքի կշեռքները սրբվում են մառլյայից անձեռոցիկով, որն օգտագործվում է մեկ անգամ: Արգելվում է շտանգլասը և կշեռքները սրբել անձնական սրբիչով:
9.10. Հեղուկ դեղերը քամելու կամ մզելու համար օգտագործվող ձագարները, ինչպես նաև փոշիով և քսուքային զանգվածով հավանգները ծածկվում են մանրէազերծված պլաստմասսայից կամ մետաղյա թիթեղով, մինչև կշռելը և տարայի մեջ տեղավորելը - տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմը (հավելված 1):
9.11. Քսուքները և փոշիները հավանգից հանելու համար օգտագործվում են պլաստմասսայից կամ էմուլսիայից մաքրված ռենտգենյան թիթեղներ: Արգելվում է ստվարաթղթի օգտագործումը:
9.12. Քսուքների պատրաստումից հետո ճարպի մնացորդները հեռացվում են ստվարաթղթի, լիգնինի միջոցով, հավանգները լվացվում և մանրէազերծվում են - առանձին օբյեկտների մանրէազերծման ռեժիմը (հավելված 2):
Աշխատանքի համար օգտագործվող թղթե և մոմած պարկուճները, մածկաթիակները (շպատելները), թելերը, կապող ռետինները ամեն օր լվացվում են և պահվում ասիստենտական (մանրակշռման) սեղանի արկղներում: Օժանդակ նյութերը պահվում են փակ պահարաններում (տուփերում), դրանց աղտոտումը բացառող պայմաններում:
10. ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ
Մանրէաբանական հսկողության ենթակա են` հումքը, միջանկյալ և պատրաստի նյութերը, օժանդակ նյութերը, անձնակազմի աշխատողների ձեռքերը, հագուստը, օդը, սենյակների և սարքավորումների մակերեսները:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային
կրպակներին ներկայացվող
սանիտարական կանոններ»
ՏԱՐԲԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԺԻՄԸ
1.Դեղատան սենյակների, կահույքի, առարկաների, սարքավորումների ախտահանման համար օգտագործվում են.
- քլորամին Բ-ի 1%-անոց լուծույթ,
- քլորամին Բ-ի 0,75 %-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ),
- ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ):
Մշակման ձևը` կրկնակի մաքրում:
2. Ռետինից և պլաստմասսայից պատրաստված առարկաների ախտահանման համար օգտագործվում են.
- քլորամին Բ-ի 1 %-անոց լուծույթ, 60 րոպե տևողությամբ,
- քլորամին Բ-ի 0,75 %-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ), 15 րոպե տևողությամբ,
- ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ, 30 րոպե տևողությամբ,
- ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ), 30 րոպե տևողությամբ:
Մշակման ձևը` ընկղմում են լուծույթի մեջ, հետո լվանում ջրով:
3. Մածկաթիակները, մկրատները, նրբունելիները (պինցետները) և այլ փոքր մետաղական, ինչպես նաև ապակյա առարկաները ախտահանվում են եռացնելով թորած ջրում, 30 րոպե տևողությամբ: Նույն ձևով ախտահանվում են ձեռքերի լվացման խոզանակները, սպունգերը, ռետինից և պորոլոնից պատրաստված իրերը, 15 րոպե տևողությամբ:
4. Ծակոտկեն ռետինից պատրաստված գորգերը ախտահանվում են.
- քլորամին Բ-ի 0,75 %-անոց լուծույթով (լվացող նյութի 0,5%-ի հետ),
- ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով (լվացող նյութի 0,5%-ի հետ):
5. Պորոլոնից պատրաստված գորգերը ախտահանվում են.
ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով (լվացող նյութի 0,5%-ի հետ):
Մշակման ձևը` երեք լուծույթների օգտագործման դեպքում էլ գորգերը ընկղմում են լուծույթի մեջ, 30 րոպե տևողությամբ:
6.Մաքրման պարագաները ախտահանվում են.
- քլորամինի 1%-անոց լուծույթով,
- դիքլոր -1-ի 2%-անոց լուծույթով,
- քլորդեզինի 1%-անոց լուծույթով, ընկղմելով 60 րոպե տևողությամբ, որից հետո լվացվում և չորացվում են:
Մաքրելու լաթերը լվացվում են, ապա ախտահանվում` եռացնելով 30 րոպե տևողությամբ:
7. Սանիտարատեխնիկական սարքավորումները (կոնքեր) ախտահանվում են.
- լվացող, ախտահանող միջոցներով, թույլատրված որևէ լվացող-ախտահանիչ նյութով թրջված լաթով, հինգ րոպե տևողությամբ: Սրբում են առարկայի մակերեսը 0,5 գրամ նյութով կամ պատրաստուկով, 100 սմ2 հաշվարկով,
- թույլատրված մաքրող - ախտահանող պատրաստուկներով,
- քլորամին Բ -ի 1%-անոց լուծույթով,
- քլորամին Բ -ի 0,75%-անոց լուծույթով (լվացող նյութի 0,5%-ի հետ): Այս նյութերը օգտագործվում են մակերեսների կրկնակի մաքրման համար:
8. Անձնակազմը ձեռքերը օճառով լվանալուց հետո սրբում է հետևյալ լուծույթներում թրջված անձեռոցիկներով.
- էթիլ սպիրտի 30%-անոց լուծույթ,
- քլորհեքսիդի բիգլյուկոնատի 70%-անոց լուծույթ էթիլ սպիրտում,
- քլորամին Բ -ի 0,5%-անոց լուծույթ (օգտագործվում է այլ լուծույթների բացակայության դեպքում):
9. Անձնակազմի կոշիկների կրկնակի մշակման համար օգտագործվում են հետևյալ լուծույթները.
- քլորամին Բ -ի 1%-անոց լուծույթ,
- քլորամին Բ -ի 0,75%-անոց լուծույթ (լվացող նյութի 0,5%-ի հետ):
10. Որպես լվացող միջոց քլորամին Բ-ին և ջրածնի պերօքսիդին ավելացվում է առողջապահության ոլորտում գործնականում թույլատրված լվացող-ախտահանող միջոցների 0,5%-անոց լուծույթը:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային
կրպակներին ներկայացվող
սանիտարական կանոններ»
ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ
._________________________________________________________________________.
|ՕԲՅԵԿՏԻ | ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ |ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ |ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ |
|ԱՆՎԱՆՈՒՄԸ |______________________________|ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ-|ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
| |գոլորշու ճնշումը |տևողությու- |ՆԵՐԸ | |
| | կգ/սմ2 |նը վրկ. | | |
| |_________________|____________| | |
| |անվա- |թույլատ-|անվա- |թույ-| | |
| |նական |րելի |նական |լատ- | | |
| |նշանակու|շեղումը |նշանա-|րելի | | |
| |թյունը | |կու- |շե- | | |
| | | |թյունը|ղումը| | |
|_________________________________________________________________________|
| ա) ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ՄԵԹՈԴ |
|_________________________________________________________________________|
|Ապակյա |2,0 |+/-0,1 |20 |+2 |Գոլորշային |Մանրէազերծումը |
|ամանեղեն, | օ | | | |մանրէազերծիչ|կատարվում է |
|հավանգներ, |(130 C) | | | | |փաթեթավորված կամ|
|ապակե | | | | | |չփաթեթավորված 2 |
|գործվածքային|1,1+0,1 |+/-0,1 |45 |+3 | |տակ քաթանում կամ|
|արտադրանք | օ | | | | |Ա կամ Բ մարկայի |
|(խալաթներ, |(120 C) | | | | |մագաղաթե թղթում,|
|մառլյա, | | | | | |բիքսում, ապակյա |
|բամբակ) | | | | | |բանկայում |
|չքայքայվող | | | | | | |
|մետաղից | | | | | | |
|պատրաստված | | | | | | |
|իրեր | | | | | | |
|____________|________|________|______|_____|____________|________________|
|Ռետինե |1,1 օ |+/-1 |45 |+3 | ---»--- | ----»---- |
|արտադրանք |(120 C) | | | | | |
|_________________________________________________________________________|
| բ) ՕԴԱՅԻՆ ՄԵԹՈԴ |
|_________________________________________________________________________|
|Ապակե | | | | |Օդային |Կատարվում է չոր |
|ամանեղեն, | | | | |մանրէազերծիչ|արտադրանքի |
|հավանգ, | | | | |-խցիկի |մանրէազերծում, |
|ապակուց ու |180 |+/-11 |60 |+5 |ծավալի |փաթեթավորված և |
| | | | | |մինչև 25դմ3|չփաթեթավորված |
|չքայքայվող |180 |+/-12 |60 |+5 |-խցիկի | |
|մետաղից և | | | | |ծավալի | |
|համաձուլվածք| | | | |մինչև | |
|ներից | | | | |25դմ3-ից մեծ| |
| | | | | |մինչև | |
| | | | | |500 դմ3 | |
|պատրաստված |180 |+/-14 |60 |+5 |-խցիկի | |
|արտադրանք | | | | |ծավալի | |
| | | | | |500 դմ3-ից | |
| | | | | |մեծ | |
|_________________________________________________________________________|
| գ) ՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴ |
|_________________________________________________________________________|
|ՕԲՅԵԿՏԻ |ՄԱՆՐԷԱ- |ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ |ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ |ՄԱՆՐԷԱ- |
|ԱՆՎԱՆՈՒՄԸ |ԶԵՐԾՈՂ |__________________________|ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ-|ԶԵՐԾՄԱՆ |
| |ԳՈՐԾՈՆ |գոլորշու |տևողությու- |ՆԵՐԸ |ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
| | |ճնշումը |նը վրկ. | | |
| | |կգ/սմ2 | | | |
| | |_____________|____________| | |
| | |անվա- |թույ- |անվա- |թույ-| | |
| | |նական |լատրե-|նական |լատ- | | |
| | |նշանա-|լի |նշանա-|րելի | | |
| | |կու- |շեղու-|կու- |շե- | | |
| | |թյունը|մը |թյունը|ղումը| | |
|____________|________|______|______|______|_____|____________|___________|
|Ապակուց, |* Ջրածին| | | | |Ապակուց, |Մանրէազեր- |
|չքայքայվող |պերօքսիդ| | | | |պլաստմաս- |ծումը |
|մետաղներից |Պետստան-|18 | - |360 |+/-5 |սայից |կատարվում է|
|և համա- |դարտ | | | | |պատրաստված |լրիվ |
|ձուլվածք- |177-71 |50 |+/-2 |180 |+/-5 |կամ |ընկղմելով |
|ներից, |6%-անոց | | | | |էմալապատված |լուծույթի |
|պոլիմերային |լուծույթ| | | | |(չվնասված |մեջ, որից |
|նյութերից | | | | | |էմալով) փակ |հետո |
|պատրաստված | | | | | |տարողու- |արտադրանքը |
|արտադրանք | | | | | |թյուններ |լվացվում է |
| | | | | | | |մանրէազերծ-|
| | | | | | | |ված ջրով |
._________________________________________________________________________.
1. Դեղատնային ամանեղենը հանվում է մանրէազերծիչ, երբ վերջինում ջերմաստիճանը
հասնում է 60-70օ C և անմիջապես ծածկվում մանրէազերծված խցաններով: 2. Օժանդակ նյութերը, մանր գույքը և այլն պահպանվում են այն փաթեթներում,
որոնց մեջ մանրէազերծվել են, աղտոտումը բացառող պայմանները ապահովելու
համար: * Ջրածին պերօքսիդի լուծույթը կարելի է օգտագործել 7 օրվա ընթացքում`
պատրաստման պահից հաշվված, եթե այն պահվել է փակ տարողությունում:
Լուծույթը պիտանի է միանվագ օգտագործման համար:
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային
կրպակներին ներկայացվող
սանիտարական կանոններ»
ԿԱՐԳ
ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ԼՎԱՑՄԱՆ
Փաթեթավորումից ազատված նոր կամ օգտագործված ամանեղենը (հիվանդանոցների վարակիչ բաժանմունքներից) ողողվում է ջրմուղի հոսող ջրով` արտաքինից և ներսից, աղտոտվածությունը և դեղանյութերի մնացորդները հեռացնելու համար, հետո թրջվում է մինչև 50o-60oC տաքացրած լվացող նյութի մեջ, 20-25 րոպե տևողությամբ: Շատ աղտոտված ամանեղենը թրջվում է ավելի երկար (2-3 ժամ):
Որպես լվացող միջոց թույլ է տրվում օգտագործել մանանեխի փոշու ջրային խառնուրդը` 1:20 հարաբերությամբ, «Դեզմոլի» 0,25%-անոց ջրային լուծույթը, սուլֆանոլի 1%-անոց լուծույթի խառնուրդը տրիպոլիֆոսֆատի լուծույթի հետ 1:9-ի հարաբերությամբ և այլ թույլատրված լվացող-ախտահանող միջոցներ:
Հավելված 4
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային
կրպակներին ներկայացվող
սանիտարական կանոններ»
ԿԱՐԳ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԲԵՐՎԱԾ ԱՄԱՆԵՂԵՆԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ
1. Հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում օգտագործված և դեղատուն մուտք գործած ամանեղենը պետք է ախտահանվի.
- քլորամինի 1%-անոց ակտիվացված լուծույթով,
- ջրածնի պերօքսիդի 3%-անոց թարմ պատրաստված և լվացող նյութի 0,5%-անոց լուծույթների խառնուրդով,
- «Դեզմոլի» 0,5%-անոց լուծույթով:
2. Քլորամինի ակտիվացված լուծույթները պատրաստվում են հետևյալ կերպ. քլորամինը լուծվում է ջրմուղի ջրում, ավելացվում հավասար քանակով ակտիվատոր` քլորային, ծծմբաթթվային կամ էլ ազոտաթթվային ամոնիում: Ամանեղենը պահվում է քլորամինի ակտիվացված լուծույթում, 30 րոպե տևողությամբ: 2 օր պահված քլորամինի լուծույթի օգտագործման դեպքում ամանեղենի ախտահանման տևողությունն ավելացվում է մինչև 2 ժամ:
3. Ջրածնի պերօքսիդի լուծույթները լվացող նյութերի հետ և «Դեզմոլի» լուծույթը պատրաստվում են ջրմուղի ջրով: Այդ լուծույթում ամանեղենը պահվում է 80 րոպե տևողությամբ:
4. Ջրածնի պերօքսիդի 3%-անոց (33%-անոց պերհիդրոլ) 1 լիտր լուծույթ պատրաստելու համար վերցվում է 120 մլ ջրածին պերօքսիդ, ավելացվում է համապատասխան քանակի ջուր: Հետո ստացված լուծույթին ավելացվում է 5 գ լվացող նյութ:
5. Պերօքսիդի և քլորամինի հետ պետք է աշխատել ռետինե ձեռնոցներով, պահպանիչ ակնոցով և քառատակ մառլյայից պատրաստված դիմակով: Մաշկի վրա թափված պերօքսիդի և քլորամինի կաթիլները պետք է անմիջապես լվանալ ջրով:
6. Ջրածնի պերօքսիդը պահվում է փաթեթավորված շշերում, մութ, հով տեղ, փակի տակ: Այն պետք է տեղափոխել փակ տարա, խուսափելով թափվելուց: Լվացող նյութերը պահվում են գործարանային փաթեթներում կամ պոլիէթիլենային տոպրակներում, չոր տեղում:
Հավելված 5
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային
կրպակներին ներկայացվող
սանիտարական կանոններ»
ԿԱՐԳ
ԱՄԱՆԵՂԵՆԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
1. Լվացված ամանեղենի մաքրության աստիճանի ստուգումը.
լվացված և չորացված ամանեղենի ներքին մակերեսը թրջել 3-5 մլ ներկող նյութով: Հետազոտվող մակերեսի վրա այն տարածել` թափահարելով 10 վրկ, որից հետո ներկն արագ լվանալ ջրի շիթով: Լվացված ամանեղենը ունի առաջին աստիճանի մաքրություն, եթե դրա ներքին մակերեսի վրա բացակայում են դեղին բծերը և ճարպի հետքերը:
2. Ներկող նյութի պատրաստումը. 70 մլ մինչև 60 oC տաքացրած 90%-անոց էթիլ սպիրտում լուծել 0,2 գ սուդան 3, մանրեցրած ներկ և նույնքան էլ մեթիլեն կապույտ: Այնուհետև ավելացնել 10 մլ թորած ջուր և թափահարել: Լուծույթը պիտանի է վեց ամիս:
3. Լվացող նյութերի մնացորդների առկայության որոշումը.
ստուգվող լվացված սրվակը ողողել թորած ջրով (սրվակը լցվում է ջրով): Լվացուկով թրջված բամբակե վիրախծուծի վրա կաթեցնել 1-2 կաթիլ ֆենոլֆտալեինի սպիրտային լուծույթ: Լվացող նյութի մնացորդի առկայության դեպքում առաջանում է վարդագույն գունավորում:
Հավելված 6
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային
կրպակներին ներկայացվող
սանիտարական կանոններ»
ԿԱՐԳ
ՌԵՏԻՆԵ ԽՑԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
1. Ռետինե նոր խցանները մշակվում են ձեռքով կամ մեքենայով, որևէ թույլատրված լվացող նյութի 0,5%-անոց տաքացրած (50o-60oC), խցանների կշռի և լվացող նյութի 1:5 հարաբերությամբ լուծույթում, 3 րոպե տևողությամբ: Այնուհետև 5 անգամ ողողվում ջրմուղի տաք ջրով, ամեն անգամ թարմացնելով այն, և 1 անգամ` թորած ջրով: 30 րոպե եռացնել նատրիում հիդրոկարբոնատի 1%-անոց լուծույթում, ապա ողողել մեկ անգամ ջրմուղի ջրով և 2 անգամ թորած ջրով: Տեղավորել ապակե անոթներում, վրան լցնել թորած ջուր, փակել և պահել գոլորշային մանրէազերծիչում, 121 oC ջերմաստիճանում, 1 ժամ տևողությամբ` խցանների մակերեսից ծծմբի, թիուրամի, ցինկի և այլ նյութերի հետքերի հեռացման համար: Ջուրը թափել և խցանները 1 անգամ լվանալ թորած ջրով:
2. Մշակումից հետո խցանները մանրէազերծվում են բիքսերում, գոլորշային մանրէազերծիչում` 120 oC, 45 րոպե տևողությամբ: Ռետինե խցանների մեծ քանակների դեպքում մշակումից հետո, առանց մանրէազերծման, դրանք չորացվում են չորացնող պահարանում` 50 oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում, 2 ժամ տևողությամբ և պահվում փակ տարողություններում, մութ, հով տեղ, 1 տարուց ոչ ավել: Խցանները մանրէազերծվում են օգտագործումից առաջ:
3. Մանրէազերծված խցանները պահում են փակ բիքսերում 3 օրից ոչ ավելի: Բիքսերը բացելուց հետո խցանները կարելի է օգտագործել 24 ժամվա ընթացքում:
ԿԱՐԳ
ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿԱՓԱՐԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
Սրսկման լուծույթների և աչքի կաթիլների տարողությունները փակելու համար նախատեսված ալյումինե կափարիչները պահել լվացող նյութերի 1-2%-անոց, մինչև 70o-80oC տաքացրած լուծույթներում, 15 րոպե տևողությամբ: Այնուհետև լուծույթը թափել, կափարիչները լվանալ հոսող ջրով, չորացնել օդային մանրէազերծիչներում (բիքսերում) 50o-60oC ջերմաստիճանում և պահել փակ տարողություններում (բիքսերում, պուլիկներում, տուփերում), դրանց աղտոտումը բացառող պայմաններում:
Հավելված 7
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային
կրպակներին ներկայացվող
սանիտարական կանոններ»
ԿԱՐԳ
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ԽՑԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
Պոլիէթիլենային նոր խցանները մի քանի անգամ լվանալ 50o-60oC ջրմուղի ջրում: Եթե պահելու ընթացքում դրանք շատ են աղտոտվել, ապա կիրառել լվացվող միջոցներ, ողողել թորած ջրով և մանրէազերծել` ընկղմելով ջրածնի պերօքսիդի 6%-անոց թարմ լուծույթի մեջ, որից հետո լվանալ թորած ջրով, չորացնել չորացնող պահարանում 50o-60oC ջերմաստիճանում: Չորացրած խցանները պահվում են երեք օր մանրէազերծված, լավ փակվող պուլիկներում, բիքսերում, դրանց աղտոտումը բացառող պայմաններում:
Հավելված 8
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային
կրպակներին ներկայացվող
սանիտարական կանոններ»
ԿԱՐԳ
ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԻՑ ՊՏՈՒՏԱԿԱՎՈՐ ԽՑԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
Պլաստմասսայից պատրաստված նոր խցանները մի քանի անգամ լվանալ 50o-60oC ջրմուղի ջրով, չորացնել չորացնող պահարանում 50o-60oC ջերմաստիճանում: Չորացրած խցանները պահվում են փակ տուփերում կամ այլ տարողություններում, դրանց աղտոտումը բացառող պայմաններում:
Հավելված 9
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի սեպտեմբերի 4-ի
N 574 հրամանով հաստատված
«Դեղատներին և դեղատնային
կրպակներին ներկայացվող
սանիտարական կանոններ»
ՄԱՏՅԱՆ
ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
._________________________________________________________________.
| |Ժամանակացույց|Մանրէազերծող|Մշակման|Պատասխանատու |Ծանոթություն|
| | |(ախտահանող |ժամանակ|անձի | |
| | |գործոն) | |ստորագրություն| |
|__|_____________|____________|_______|______________|____________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|_____________|____________|_______|______________|____________|
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
._________________________________________________________________.
ՑԱՆԿ
ՄԱՆՐԷԱԶԵՐԾԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ
1. Գոլորշային մանրէազերծիչների աշխատանքի հսկողության համար անհրաժեշտ է`
- բենզոյական թթու, հալման ջերմաստիճանը` 121o-122o C,
- անտիպիրին և ռեզորցին, հալման ջերմաստիճանը` 110o C:
2. Չոր ջերմային մանրէազերծիչների աշխատանքի հսկողության համար օգտագործվում են`
- տիոմիզանյութ, հալման ջերմաստիճանը` 180o C,
- սադաթթու, հալման ջերմաստիճանը` 180o-184oC,
- ասկորբինաթթու, հալման ջերմաստիճանը` 187o-192oC,
- բարբիտալ, հալման ջերմաստիճանը` 190o-191oC: