ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի հունիսի 19-ին
ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է վարչական իրավախախտում կատարած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Հոդված 2. |
Համաներման կիրառման շրջանակները |
i
1. Վարչական իրավախախտում կատարած անձինք ազատվում են մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից:
i
2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, մարվել է պետական տուրքի մայր գումարը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, ինչպես նաև այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման` կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պետական տուրքի գծով պարտավորությունների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով դրամական պահանջների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման` կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը վարչական իրավախախտումներ կատարած անձինք, անկախ նրանց` տուգանքը վճարած լինելու հանգամանքից, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից համարվում են վարչական տույժի չենթարկված:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հոդված 3. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-86-Ն
|
|