040.0004.070102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունվարի 2002 թվականի N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 426 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 29-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 426 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետն ու 6-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է».
բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորման կարգը (կցվում է)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 7-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունվարի 7-ի N 4 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերություններն ու վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի ձևը (կցվում է):
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որում նշվում են`
ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
բ) վիճակախաղի անվանումը.
գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
բ) հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման մասին.
գ) իրային շահումների դեպքում` մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության մասին տեղեկանք` ըստ քանակի, տեսակի և արժեքի.
դ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, հաստատված հայտատուի կառավարման բարձրագույն մարմնի կողմից: Կանոնակարգում պետք է արտացոլվեն`
հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
վիճակախաղի անվանումը.
վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը.
վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը.
վիճակախաղի տոմսի գինը.
շահումների բաշխումը` ըստ շահումների տեսակների և չափի (բացառությամբ տոտալիզատորի), իսկ ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում` նաև ըստ քանակի.
վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը.
վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը.
վիճակախաղի տոմսի նկարագիրը.
շահումները տալու վայրը, ժամկետը.
վիճակախաղի կազմակերպչի իրավունքները և պարտականությունները.
վիճակախաղի մասնակիցների իրավունքները և պարտականությունները.
ե) վիճակախաղի տոմսի նմուշի աշխատանքային օրինակը.
զ) վիճակախաղի կազմակերպման համար հայտատուի վերջին հաշվետու ժամանակաշրջանի` օրենքով սահմանված հաշվապահական հաշվետվությունները:
4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում նշանակում է քննարկում` հայտատուին առնվազն յոթ օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեն), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:
5. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
6. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեպքում նախքան դրա կիրառումը դիմում է լիազոր մարմին` դրանք համաձայնեցնելու համար` փոփոխությունները ներկայացնելով երկու օրինակից:
7. Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ մերժելու մասին: Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է վիճակախաղի կազմակերպչին:
8. Եթե լիազոր մարմինն ընդունել է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան ներկայացված հայտը վերապահումով բավարարելու մասին որոշում, ապա հայտատուն պարտավոր է այդ որոշման պատճենն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը հինգօրյա ժամկետում հայտատուին տրամադրում է վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության 1 օրինակը:
9. Լիազոր մարմինը կազմակերպչի կողմից վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին չի տալիս իր համաձայնությունը, եթե`
ա) ներկայացված փոփոխությունները չեն բավարարում սույն կարգի և «Վիճակախաղի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները,
բ) փոփոխությունների կատարումը կվտանգի մասնակիցների շահերը:
10. Ներկայացված փոփոխությունները մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և իրավական հիմքերը:
11. Վիճակախաղի կազմակերպիչը`
ա) վիճակախաղի տոմսերի իրացումն սկսելուց 10 օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում վիճակախաղի տոմսի վերջնական նմուշը.
բ) կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում 1-ամսյա ժամկետում դրա մասին ծանուցում է լիազոր մարմնին` ներկայացնելով այդ փոփոխությունները կամ լրացումները:
12. Վիճակախաղի կազմակերպչի կողմից լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացված գովազդի վերաբերյալ համաձայնությունը (կամ անհամաձայնությունը) լիազոր մարմինը տալիս է տասնօրյա ժամկետում:
Ձև
---
Տրված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի 200 թվականի
------------- -ի ----- -ի N հրամանով
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի տեղակալ
_______________________________________
Կ.Տ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Գրանցման համարը ------------- ՎԽ-
Կազմակերպության անվանումը --------------------------------------
Տրված է --------------- ---- ------------ -ի 200 թ.
Գործողության ժամկետը ------- անժամկետ