Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 31-01-2014 «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 31-01-2014 «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ I. ԲԱԶՄԱԲՆԱԿԱ ...

 

 

117.0093.290414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 մարտի 2014 թվականի N 93-Ն

 

ՀՀՇՆ 31-01-2014 «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ I. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`

1) ուժը կորցրած ճանաչել հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.08.01-89 «Բնակելի շենքեր» պարբերությունը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի մարտի 31-ի

N 93-Ն հրամանով

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ I. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ ՀՀՇՆ 31-01-2014

 

______________________________________________________________

                                               Գործարկման թվականը

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում` պետական և համայնքային զարգացման ծրագրերով իրականացվող, սոցիալական բնակարանների, բնակարանային տիպի հանրակացարանների, ինչպես նաև այլ գործառական նշանակության շենքերում տեղակայված` միջնաժամկետ և երկարաժամկետ բնակեցման համար նախատեսված բնակելի սենքերի նախագծման և կառուցման վրա:

2. Բազմաբնակարան բնակելի շենքերի առավելագույն բարձրությունը սահմանվում է տարածքի գոտևորման նախագծով և ամրագրվում ճարտարապետահատակագծային առաջադրանքով` հաշվի առնելով ՀՀՇՆ II-6.02 շինարարական նորմերի պահանջները:

3. Սույն շինարարական նորմերը կիրառելի են բոլոր բնակելի շենքերի համար` անկախ բնակեցման պայմաններից և սեփականության ձևից:

4. Շահագործման կամ վերակառուցման ընթացքում բնակելի շենքի կամ դրա մի մասի գործառական նշանակության փոփոխության կամ վերակառուցման դեպքում` պետք է կիրառվեն նոր գործառույթներին համապատասխանող նորմատիվ փաստաթղթերի պահանջները` սույն շինարարական նորմերով սահմանված պահանջներին չհակասելու պայմանով:

5. Բնակելի շենքերում ներկառուցված կամ ներկառուցված-կցակառույց հիմնարկների նախագծման դեպքում պետք է պահպանել դրանց գործառական նշանակությանը համապատասխանող նորմատիվ փաստաթղթերի պահանջները` սույն շինարարական նորմերով սահմանված պահանջներին չհակասելու պայմանով:

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

6. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը`

1) ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր»,

2) ՀՀՇՆ II-7.01-2011 «Շինարարական կլիմայաբանություն»,

3) ՀՀՇՆ II-7.02-95. «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների»,

4) ՀՀՇՆ II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորում»,

5) ՀՀՇՆ II-8.04-01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն»,

6) ՀՀՇՆ IV-11.03.03-2002 «Ավտոկայանատեղեր»,

7) ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար»,

8) ՀՀՇՆ IV-12.02.01-2004 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում»,

9) ՀՀՇՆ IV-12.03.01-2004 «Գազաբաշխիչ համակարգեր»,

10) ՍՆիՊ 2.07.01-89 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»,

11) ՍՆիՊ II-35-76 «Կաթսայական կայանք»,

12) ՍՆԻՊ II-12-77 «Պաշտպանություն աղմուկից»,

13) ՍՆԻՊ 2.01.07-85 * «Բեռնվածքներ և ազդեցություններ»,

14) ՍՆիՊ 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի»,

15) ՎՍՆ 59-88 «Բնակելի և հասարակական շենքերի էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր»,

16) ՎՍՆ 62-91 «Հաշմանդամների ու ազգաբնակչության սակավաշարժուն խմբերի պահանջմունքների համաձայն կենսագործունեության միջավայրի նախագծում»:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

7. Սույն շինարարական նորմերում կիրառվել են հետևյալ տերմինները համապատասխան սահմանումներով.

1) առաջին հարկ` առաջին վերգետնյա հարկ,

2) բազմաբնակարան բնակելի շենք` բնակելի շենք, կազմված մեկից ավելի առանձին բնակարաններից, որոնք ունեն ընդհանուր արտաբնակարանային սենքեր և ինժեներական համակարգեր,

3) բազմաբնակարան բնակելի շենքերի բարձրություն` գետնի նախագծային նիշից մինչև հարթ տանիքի ամենաբարձր նիշը կամ շենքի թեք տանիքի պիպի (գագաթնագծի) ամենաբարձր նիշը` ուղղաձիգով,

4) բազմաբնակարան շենքի հարմարավետության կարգն ըստ բնակելի և ոչ բնակելի սենքերի ամբողջության` բազմաբնակարան շենքի հարմարավետության մակարդակի չափանիշներից մեկը` կախված շենքում տեղակայված բնակելի և ոչ բնակելի սենքերի կազմից և դրանց մակերեսների հանրագումարից,

5) բնակարան տրամադրելու սոցիալական նորմ` հարմարավետության կարգը որոշելու համար` բնակելի սենքի ընդհանուր մակերեսի նվազագույն չափը, ըստ որի որոշվում է վարձակալության պայմանագրով տրամադրվող բնակելի սենքի ընդհանուր մակերեսի չափը (սահմանվում է օրենքով),

6) բազմաբնակարան շենքի ծառայողական սենքերի խումբ` հասարակական նշանակության սենքեր, կառավարման և շահագործման կազմակերպությունների ու ծառայությունների համար, որոնք որոշակի հարմարավետության բազմաբնակարան շենքի կազմում համարվում են սենքերի պարտադիր խումբ,

7) բազմաբնակարան շենքի հասարակական սպասարկման համակարգի սենքերի խումբ` շենքի բնակիչների և կից տարածքի բնակչության սպասարկման համար նախատեսված սենքեր` սննդի, առևտրի, կենցաղային սպասարկման, տեղեկատվական, մշակութային, ինչպես նաև հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեղադրման համար, որոնք կարող են նախագծվել կցակառույց-ներկառուցված և լինել բաց տիպի (մուտքը` դրսից), կիսափակ (երկու մուտքով` դրսից և շենքի ներսից) և փակ` (մուտքը` շենքի ներսից) միայն որոշակի հարմարավետության բազմաբնակարան շենքի սպասարկման համար,

8) բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման սենքերի խումբ` բնակարանից դուրս որոշակի տնտեսական գործառույթների (ընդհանուր խոհանոցներ, արդուկման, մանկական սայլակների պահպանման սենյակներ և այլն) և ժամանցի անցկացման կոլեկտիվ ձևերի համար նախատեսվող հասարակական նշանակության սենքեր, որոնք տարբեր հարմարավետության կարգ ունեցող բազմաբնակարան շենքերի կազմում ներառված կոմերցիոն սենքերի հաշվարկի ժամանակ կոմերցիոն սենքերի կազմի մեջ չեն մտնում, սակայն ինքնասպասարկման հիմունքներով կարող են օգտագործվել որպես կոմերցիոն,

9) բազմաբնակարան շենքի կոմերցիոն սենքեր` բազմաբնակարան շենքի համակարգում վարձակալման համար նախատեսվող բնակելի սենքերն ու սպասարկման համակարգի սենքերը` հաշվարկված այն համամասնությամբ, որը կապահովի որոշակի հարմարավետության կարգ ունեցող բազմաբնակարան շենքերի շահութաբերությունը: Կոմերցիոն սենքերի մասնաբաժինը փոփոխվում է կախված բազմաբնակարան շենքի հարմարավետության կարգից,

10) բազմաբնակարան շենքի սեփականատիրություն` բազմաբնակարան շենքի մեկուսացված հողամաս` դրանում տեղադրված շինություններով և կառույցներով,

11) բացվածք` շենքի պատի, միջնորմի, ծածկի մեջ պատուհանների, դռների, դարպասների, օդափոխության և այլ հաղորդակցուղիների համար տարբեր ուրվագծով անցք (լցումով կամ առանց լցման),

12) բնակարանամերձ տեղամաս` շենքին (բնակարանին) հարող հողամաս` ներքին սենքերից դրա վրա անմիջական ելքով,

13) բնակելի սենք (սենյակ)` կառուցվածքային մեկուսացված սենք (սենյակ), որը հանդիսանում է անշարժ գույք և պիտանի է մշտական բնակեցման համար,

14) բնակարանային տիպի բնակելի սենք (բնակարան)` բնակվելու համար նախատեսված սենք, որը բաղկացած է մեկ կամ մի քանի սենյակներից, խոհանոցից (խորշ-խոհանոցից), սանհանգույցից, ինչպես նաև կենցաղային կարիքների բավարարման օժանդակ օգտագործման սենքերից և ունի առանձին մուտք դեպի բնակելի շենքի ընդհանուր միջանցք, աստիճանավանդակ կամ սանդղավերելակային հանգույց,

15) «բնակարան-ստուդիա» տիպի բնակելի սենք` միջնորմներով սենյակների չբաժանված միասնական տարածությունով մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունով անմիջականորեն բնակվելու համար նախատեսված բնակելի տարածություն, որն ունի խոհանոց (խորշ-խոհանոց), սանհանգույց և առանձին ելք դեպի բնակելի շենքի ընդհանուր միջանցք, աստիճանավանդակ կամ սանդղավերելակային հանգույց,

16) դարավանդ` ճաղապատված բաց կցակառույց կամ սյուների վրա կանգնած դարավանդաձև հարթակ,

17) լուսային գրպան` միջանցքին հարող և նրա լուսավորմանը ծառայող բնական լուսավորմամբ սենք: Լուսային գրպանի դեր կարող է կատարել սանդղավանդակը, անջատված միջանցքից ապակեպատված դռնով` ոչ պակաս 1.2մ լայնությամբ: Այդ դեպքում որպես լուսային գրպանի լայնություն է ընդունվում դեպի սանդղավանդակ բացվածքի լայնությունը,

18) լուսային երդիկ` շենքի ծածկի ապակեպատ կոնստրուկցիա աստիճանավանդակի կամ ներքին բակի և այլ սենքերի լուսավորության համար,

19) լոջիա` շենքի ծավալի մեջ պարփակված և տարածության մեջ բացված սենք, որը ծառայում է ամառային հանգստի և արևից պաշտպանվելու համար,

20) խոհանոց` սննդի պատրաստման համար նախատեսված սենք,

21) խոհանոց-խորշ` բնակելի կամ այլ նշանակության սենքերում գործառական գոտի (սենյակի մաս)` խոհանոցային սարքավորումներով,

22) ծածկապատշգամբ` ապակեպատված, շենքին կցակառույց չջեռուցվող տարածություն,

23) կցակառույց-ներկառուցված տարածություն` շենքի եզրաչափքում և շենքի եզրաչափքից ավելի քան 1,5 մ դուրս հանած ծավալում տեղավորված տարածություն,

24) կցաշար (բլոկացված) բազմաբնակարան բնակելի շենք` բնակելի շենք, որի մի շարք առանձին մուտքերով և առանձնացված հողամասերով հաջորդաբար կցված բնակարանների ծավալները դասավորված են փողոցի երկայնքով,

25) հարկ` շենքի մաս, որի մեկ հարթության վրա տեղավորված սենքերի շարքը բարձրությամբ սահմանափակված է հատակով ու ծածկով կամ հատակով ու առաստաղով:

26) հարկի բարձրություն` տվյալ հարկի հատակի նիշից մինչև հաջորդ հարկի հատակի նիշը` ուղղաձիգով,

27) հարկաբաժին բազմաբնակարան շենքի կազմում` վարձակալման համար նախատեսվող բարձրակարգ տեսակի բնակարան` երկուսից ոչ պակաս կահավորված սենյակներով, խոհանոցով և սանհանգույցով,

28) հողի հատակագծային նիշ` հողի մակարդակը սալվածքի սահմանագծին,

29) ձեղնահարկ` շենքի տանիքի ծածկույթի, արտաքին պատերի և վերջին հարկի ծածկի միջև պարփակված տարածություն,

30) ճաշասենյակ-խոհանոց` սննդի ընդունման և պատրաստման համար (խոհանոցային սարքավորումներով կահավորված) նախատեսված սենք,

31) մանսարդային հարկ` հարկ շենքի տանիքի ազատ տարածության մեջ, որտեղ պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացումն ապահովելու դեպքում տեղավորվում են բնակելի սենքեր, ստեղծագործական արվեստանոցներ, օժանդակ տարածքներ,

32) միջանցքային տիպի բնակելի շենք` շենք, որում բնակարաններն ընդհանուր միջանցքով ունեն ելքեր դեպի առնվազն երկու աստիճանավանդակներ,

33) նախամուտք` դռների միջև ընկած միջանցիկ տարածք, որը պաշտպանում է շենքի մուտքը, աստիճանավանդակը և ներքին տարածություններն արտաքինից ներխուժող սառը օդից, ծխից և կողմնակի հոտերից,

34) Նկուղային հարկ` որի հատակի նիշը ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից, այնտեղ տեղավորված հարկի բարձրության կեսից ավելի չափով,

35) Որմնախարսխային հարկ` հարկ, որի հատակի նիշը հարկի բարձրության կեսից պակաս չափով ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից,

36) պատշգամբ` ճաղապատված հարթակ շենքի ճակատային պատերի հարթությունից դուրս,

37) սեկցիոն (հատվածամասային) տիպի բնակելի շենք` բնակելի շենք` տարբեր հարկայնությամբ և ձգվածությամբ, որը բնորոշվում է մեկ աստիճանավանդակով սպասարկվող բնակարաններից կազմված հատվածներով,

38) սենք` պատող կոնստրուկցիաներով շենքի ներքին տարածք, որը ծառայում է տարբեր գործառույթների,

39) սրահային տիպի բնակելի շենք` բնակելի շենք, որը բնորոշվում է աստիճանավանդակներով կապված երկայնական պատշգամբի մեկ կողմի վրա դասավորված բնակարաններով,

40) ստորգետնյա հարկ` հողի հատակագծային նիշից ցածր սենքերի հատակի նիշ ունեցող հարկ,

41) սենյակ բնակելի սենքում` բնակարանի, հարկաբաժինների կամ սենյակների բլոկի մեկուսացված մաս, որը նախատեսված է անմիջականորեն բնակվելու համար,

42) սենյակային տիպի բնակելի սենք` անմիջականորեն բնակվելու համար նախատեսված բնակելի սենք, որն ունի առանձին մուտք դեպի բնակելի շենքի ընդհանուր միջանցք, աստիճանավանդակ կամ սանդղավերելակային հանգույց,

43) սենյակների բլոկ տիպի բնակելի սենք` անմիջանցիկ սենյակների բաժանված ընդհանուր միջանցքով և սանհանգույցով անմիջականորեն բնակվելու համար նախատեսված բնակելի սենք, որն ունի առանձին մուտք դեպի բնակելի շենքի ընդհանուր միջանցք, աստիճանավանդակ կամ սանդղավերելակային հանգույց,

44) վերգետնյա հարկ` հարկ, որի հատակի նիշը բարձր է կամ հավասար գետնի հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից,

45) վերելակային սրահ`տարածություն վերելակների մուտքերի առջև,

46) տեխնիկական հարկ` հարկ, որը նախատեսվում է ինժեներական սարքավորումների և հաղորդակցուղիների անցկացման համար և կարող է գտնվել շենքի ստորին, միջին կամ վերին մասում,

47) օժանդակ օգտագործման սենքեր` սենքեր նախատեսված քաղաքացիների կենցաղային կարիքները հոգալու համար, այդ թվում` խոհանոց կամ խորշ-խոհանոցով նախասրահ, լոգարան կամ ցնցուղարան, զուգարան կամ համատեղված սանհանգույց, լվացքի սենյակ, պահեստարան կամ տնտեսական ներկառուցված զգեստապահարան, ջերմագեներատորային սրահ և այլն,

48) քամահարվող ընդհատակ` բաց տարածություն շենքի տակ` գրունտի մակերևույթի և առաջին (որմնախարսխային, տեխնիկական) հարկի ծածկի միջև,

49) սենյակի (սենքի) բարձրություն` հատակից մինչև առաստաղ ուղղահայաց չափված հեռավորությունը /բարձրությունը/,

50) հասարակական նշանակության սենքեր` բնակելի շենքում տեղակայված ու շենքի և հարակից բնակելի թաղամասի բնակիչների սպասարկման համար նախատեսված տարածություններ,

51) վերակառուցում` շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր, ուղղված` շենքի կամ կառուցվածքի, դրա առանձին մասերի նոր գործառական նշանակությամբ օգտագործմանը և/կամ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխմանը, շենքի կամ կառուցվածքի հուսալիության ապահովմանն ու արդիականացմանը,

52) վերասարքավորում` ինժեներական ցանցերի, սանիտարատեխնիկական, էլեկտրական և այլ սարքավորումների տեղադրում, փոխարինում կամ տեղափոխում, ինչը պահանջում է համապատասխան ամրագրում բնակելի տարածության տեխնիկական անձնագրում,

53) վերահատակագծում` բնակելի սենքի փոխդասավորության փոփոխում, ինչը պահանջում է համապատասխան ամրագրում բնակելի շենքի տեխնիկական անձնագրում,

54) ապաստարան (կամ թաքստոց)` բնակչության պատսպարումն ապահովող բնակելի, հասարակական, ինչպես նաև արտադրական նշանակության շենքերի ու շինությունների նկուղային, որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում տեղակայված և/կամ հարմարեցված, ներկառուցված քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շինություն (սենք):

(7-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 98-Ն հրաման)

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Բնակելի շենքերի շինարարությունը պետք է իրականացնել սահմանված կարգով մշակված և հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայն` սույն շինարարական նորմերով, նորմատիվ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան: Ընդ որում, բնակելի սենքերի ընդհանուր մակերեսի նվազագույն չափը սահմանվում է օրենքով, իսկ առավելագույն չափը որոշվում է նախագծային առաջադրանքով, եթե դա չի հակասում գործող իրավական ակտերի պահանջներին:

9. Ներդրումային պայմաններից ելնելով և բնակիչների եկամուտներից կախված բնակելի միջավայրի գրավչության ու հարմարավետության մակարդակը բարձացնելու նպատակով` բազմաբնակարան շենքերը կարող են նախագծվել հասարակական սպասարկման որոշակի տարրերով` միասնական համալիրում: Այդ դեպքում ամբողջ շենքի համար բնակելի և ոչ բնակելի սենքերի կազմի և մակերեսների ամբողջությամբ որոշվում է բազմաբնակարան շենքի հարմարավետության կարգը, որը բաժանվում է.

1) հարմարավետության առաջին կարգ` նախատեսված բարձր եկամուտներ ունեցող բնակիչների համար, հասարակական սպասարկման սենքերի զարգացած համալիրով բնակելի շենքեր, որոնց բնակարանների մակերեսների նվազագույն սահմանային չափը սահմանափակվում է սույն շինարարական նորմերով, իսկ մակերեսների չափերի առավելագույն մակարդակը չի սահմանափակվում,

2) հարմարավետության երկրորդ կարգ` նախատեսված միջին եկամուտներով բնակիչների համար, հասարակական նշանակության սենքերի զարգացած համալիրով կամ միայն ծառայողական սենքերի նվազագույն կազմով բնակելի շենքեր, որոնց բնակարանների մակերեսների չափերը որոշվում են բնակելի սենքերի տրամադրումը սահմանող սոցիալական նորմերով և սույն շինարարական նորմերի 38-րդ կետով,

3) հարմարավետության երրորդ կարգ` նախատեսված ցածր եկամուտներով բնակիչների համար, հասարակական նշանակության սենքերի համալիրով բնակելի շենքեր, որոնց բնակարանների մակերեսների չափերի նվազագույն սահմանային մակարդակը սահմանափակվում է սույն շինարարական նորմերով, իսկ մակերեսների չափերի առավելագույն մակարդակը որոշվում է բնակելի սենքերի տրամադրումը սահմանող սոցիալական նորմերով:

10. Տարբեր հարմարավետության կարգի բնակելի շենքերի բնակելի և ոչ բնակելի սենքերի, սրահների և այլ սենքերի լրակազմը, բնակարանների սենյակների կազմը, բնակելի և ոչ բնակելի տարածքների սարքավորումը սահմանվում է նախագծային առաջադրանքով` ելնելով առաջադրված հարմարավետության կարգից:

11. Բնակելի շենքի տեղադրումը, ընդհանուր հողամասի/լոտի մակերեսը (առավելագույն, նվազագույն), շենքերի միջև, և շենքերի ու այլ շինությունների միջև հեռավորությունները, կառուցապատման ենթակա (տնամերձ և բնակարանամերձ) հողամասերի չափը, դրանց կանաչ, անջրանցիկ մակերեսների համամասնությունը, շինանյութին և այլ անհրաժեշտ շինարարական պայմաններին վերաբերող չափորոշիչները որոշվում են գոտիավորման կամ կառուցապատման նախագծով և պետք է ապահովեն բնակելի շենքերին ներկայացվող հակահրդեհային պաշտպանության ու սեյսմակայունության պահանջները: Ընդ որում, բակային և այլ տարածքների նկատմամբ կառուցապատման տեսակարար կշիռը և կառուցապատման խտության գործակիցը սահմանվում է հատակագծման և կառուցապատման նորմերով:

12. Շենքերի և դրանց առանձին մասերի, ինչպես նաև ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի, դռների, պատուհանների, ծածկապատշգամբների հետ կապված բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և ուժեղացման աշխատանքները պետք է կատարվեն միայն հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

13. Բնակելի շենքերում ներկառուցված կամ կցակառույց-ներկառուցված ավտոկայանատեղերի կառուցման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ՀՀՇՆIV-11.03 շինարարական նորմերի պահանջները:

14. Բնակելի շենքերի տանիքներում նպատակահարմար է նախատեսել կոլեկտիվ ընդունման կապի սարքավորումների (ալեհավաքներ) և ռադիոհաղորդման հաղորդալարային ցանցերի հենակների տեղադրման հնարավորություն: Տանիքներում չի թույլատրվում ռադիոռելեային կայմերի և աշտարակների տեղադրում:

15. Բազմաբնակարան շենքերի շահագործվող տանիքներում, ներկառուցված և ներկառուցված-կցակառույց սենքերի տանիքներում, ինչպես նաև շենքի մուտքին կից տեղադրված բնակարաններից դուրս գտնվող դարավանդներում և ծածկապատշգամբներում, բնակելի շենքերը միացնող տարրերի միջև, այդ թվում` ոչ բնակելի հարկերում (առաջին և միջանկյալ) թույլատրվում է այդ շենքերի բնակիչների համար տեղադրել տարբեր նպատակային նշանակության հարթակներ և խաղահրապարակներ, մարզական հրապարակներ, մեծահասակների հանգստի, հագուստի չորացման և մաքրման համար նախատեսված հարթակներ կամ արևաբուժարաններ (սոլյարիում): Ընդ որում, դեպի տանիք նայող բնակելի սենքերի պատուհաններից մինչև նշված հրապարակներ հեռավորությունը պետք է լինի 20 մ-ից ոչ պակաս:

 

V. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Բնակելի շենքի նախագծման և շինարարության ժամանակ պետք է ապահովվեն բնակչության սահմանափակ շարժունակությամբ խմբերի կենսագործունեության, ինչպես նաև թիկնաթոռ-սայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար շենքերի և բնակարանների մատչելիության պայմաններ, եթե տվյալ շենքում հաշմանդամներով ընտանիքներին բնակարանների տրամադրումը սահմանվել է նախագծային առաջադրանքով:

(16-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 98-Ն հրաման)

17. Տարեցների համար մասնագիտացված շենքերը պետք է նախագծվեն 9 հարկից ոչ ավելի, հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների համար` 5 հարկից ոչ ավելի, պահպանելով գործող շինարարական նորմերով սահմանված շենքերին ներկայացվող հակահրդեհային պաշտպանության և սեյսմակայունության պահանջները: Բնակելի շենքերում հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների բնակարանները պետք է տեղադրվեն առաջին հարկում: Ընդ որում, հաշմանդամություն ունեցող անձանց երկկողմանի երթևեկությունը սայլակով պետք է նախատեսել միայն տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների համար մասնագիտացված բնակելի շենքերում: Այս դեպքում, միջանցքների լայնությունը պետք է ընդունվի 1.8 մ-ից ոչ պակաս:

(17-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 98-Ն հրաման)

18. Պետական և համայնքային ֆոնդի բնակելի շենքերում հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների և անվասայլակներից օգտվողների բնակարանների մասնաբաժինը սահմանվում է բնագավառի լիազոր մարմինների կողմից` նախագծային առաջադրանքով: Հաշմանդամություն ունեցող անձանց և սահմանափակ շարժունակությամբ այլ անձանց կենսագործունեությունն ապահովելու որոշակի պահանջները պետք է նախատեսել, հաշվի առնելով տեղական պայմանները և ՀՀՇՆ IV-11.07.01 շինարարական նորմերով սահմանված պահանջները:

(18-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 98-Ն հրաման)

19. Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում պետք է նախատեսվեն քաղաքացիական պաշտպանության համար հարմարեցված շինություններ (սենքեր)` ապաստարաններ և թաքստոցներ` նախագծային առաջադրանքներին և/կամ տեխնիկական բնութագրերին համապատասխան: Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիում բնակարանների և բնակելի սենյակների տեղադրում չի թույլատրվում:

(19-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 98-Ն հրաման)

20. Բնակելի շենքերի նկուղային, որմնախարսխային, առաջին և երկրորդ հարկերում (27մ-ից բարձր շենքերում` նաև երրորդ հարկում) թույլատրվում է տեղադրել ներկառուցված և կցակառույց-ներկառուցված հասարակական նշանակության տարածություններ, բացառությամբ այն օբյեկտների, որոնք ունեն վնասակար ազդեցություն մարդկանց և շրջակա միջավայրի վրա:

21. Բնակելի շենքերում չի թույլատրվում տեղադրել.

1) քիմիական և այլ ապրանքների մասնագիտացված խանութներ, որոնց շահագործումը կարող է հանգեցնել բնակելի միջավայրի և օդի աղտոտմանը,

2) սենքեր` հեղուկ գազերի, դյուրավառ և հեղուկ վառելանյութերի, պայթուցիկ նյութերի պահեստավորմամբ, որոնք կարող են պայթել և վառվել ջրի, օդի թթվածնի կամ միմյանց հետ շփման դեպքում,

3) աերոզոլային փաթեթավորման արտադրանքի, հրատեխնիկական արտադրատեսակների խանութներ,

4) սինթետիկ գորգերի, անվապահեստամասերի, դողերի և ավտոյուղերի վաճառքի խանութներ,

5) մասնագիտացված ձկան խանութներ, պահեստներ, այդ թվում` մեծածախ (կամ մանրամեծածախ) առևտրի, բացառությամբ շենքի բնակելի մասի տարհանման ելքերից մեկուսացված հասարակական նշանակության տարածքների կազմում ընդգրկված տարհանման ելքեր ունեցող պահեստային սենքերի (չի տարածվում ներկառուցված ավտոկայանատեղերի վրա),

6) ժամը 23.00-ից հետո աշխատանքային ռեժիմով գործող բոլոր կազմակերպությունները և խանութները (գործելու ժամանակի սահմանափակումները կարող են ճշգրտվել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից), կենցաղսպասարկման կազմակերպություններ, որոնք օգտագործում են դյուրավառ նյութեր (բացի մինչև 300 մ2 ընդհանուր մակերեսով վարսավիրանոցներից և ժամացույցների վերանորոգման արհեստանոցներից), բաղնիքներ,

7) 50-ից ոչ ավելի տեղ ունեցող 250մ2-ից ավելի ընդհանուր մակերեսով հասարակական սննդի և ժամանցի օբյեկտներ, բոլոր կազմակերպությունները, որտեղ օգտագործվում է երաժշտություն, այդ թվում` դիսկոտեկներ, պարի ստուդիաներ, թատրոններ, խաղատներ,

8) լվացքատներ և քիմմաքրման ծառայություններ (բացառությամբ` ընդունման կետերի և հերթափոխում մինչև 75կգ տարողությամբ ինքնասպասարկման լվացքատների): Հարմարավետության կարգով բազմաբնակարան շենքերում թույլատրվում է լվացքատները տեղադրել նկուղներում ու կիսանկուղային հարկերում,

9) 100մ2-ից ավելի ընդհանուր մակերեսով ավտոմատ հեռախոսային կայաններ, հասարակական զուգարաններ, սգո ծառայությունների գրասենյակներ և խանութներ, ներկառուցված և կցակառույց տրանսֆորմատորային ենթակայաններ,

10) արտադրական տարածքներ, կլինիկական ախտորոշիչ և մանրէաբանական լաբորատորիաներ, բոլոր տեսակի դիսպանսերներ, դիսպանսերների և մասնավոր կլինիկաների ցերեկային ստացիոնարներ, վնասվածքաբանական կետեր, շտապ բժշկական օգնության ենթակայաններ, մաշկավեներոլոգիական, հոգեբուժական, ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային բժշկական ընդունարաններ և մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի կաբինետներ: Թույլատրվում է տեղադրել ատամնատեխնիկական լաբորատորիաներ` սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև տնայնագործական աշխատանքների կատարման համար սենքեր, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց համար` գազային, փոշիացված, տաքացված կամ հալած վիճակում օժանդակ նյութերի բացակայությամբ: Ընդ որում, դյուրավառ և չվառվող նյութերով սենքերը պետք է շենքի բնակելի մասից առանձնացված լինեն հակահրդեհային պատնեշներով,

11) ռենտգեն կաբինետներ, ինչպես նաև բուժական կամ ախտորոշիչ սարքավորումներով և սարքերով սենքեր, որոնք սանիտարահիգիենիկ կանոններով սահմանված թույլատրելի մակարդակը գերազանցող իոնացնող ճառագայթման աղբյուրներ են հանդիսանում, անասնաբուժական կլինիկաներ և գրասենյակներ,

12) սինթետիկ գորգերի վաճառքի խանութները թույլատրվում է կցել բնակելի շենքերի REI 150 հրակայունության սահմանով պատերի խուլ մասերին:

(21-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 98-Ն հրաման)

22. Բնակելի շենքերի որմնախարսխային և նկուղային հարկերում չի թույլատրվում տեղադրել տարբեր սենքեր` սարքերում և սարքավորումներում դյուրավառ և վառելիքային հեղուկների, հեղուկ գազերի, պայթուցիկ նյութերի պահպանման, վերամշակման և օգտագործման համար, երեխաների խնամքի համար նախատեսվող սենքեր, 50-ից ավելի նստատեղ ունեցող կինոթատրոններ, գիտաժողովների դահլիճներ և այլ դահլիճային սենքեր, շոգեբաղնիքներ (սաունաներ), ինչպես նաև առողջապահական - պրոֆիլակտիկ հիմնարկներ: Որմնախարսխային և նկուղային հարկերում այլ տեսակի սենքերի տեղադրման դեպքում պետք է հաշվի առնել սույն շինարարական նորմերով և հասարակական ու արտադրական շենքերի նախագծման շինարարական նորմերում սահմանված սահմանափակումները:

23. Բնակելի շենքերի վերին հարկերում թույլատրվում է տեղադրել նկարիչների և ճարտարապետների արվեստանոցներ, ինչպես նաև գրասենյակային (օֆիսային) սենքեր` յուրաքանչյուրում 5 մարդուց ոչ ավելի աշխատողների համար, հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 39-րդ կետի պահանջները: Վերակառուցվող մանսարդային հարկերում գրասենյակային սենքեր թույլատրվում է տեղադրել հրակայունության II աստիճանից ոչ պակաս և 28 մ ոչ ավելի բարձրությամբ շենքերում:

24. Յուրաքանչյուր հարմարավետության կարգի բազմաբնակարան շենքերում կոմերցիոն նշանակության սենքերը պետք է տեղադրվեն 1-ից 3-րդ հարկերում` մեկուսացված բնակելի սենքերից: Օրվա ընթացքում առանց այցելուների լրացուցիչ ներհոսքի մարդկանց երկարաժամկետ գտնվելու համար նախատեսված ոչ բնակելի կոմերցիոն սենքերը կարող են տեղադրվել վերին, այդ թվում` բնակելի հարկերից վերև գտնվող մանսարդային հարկերում: 1-ից մինչև 3-րդ և բնակելի հարկերից վերև գտնվող հարկերում թույլատրվում է նախագծել որպես բնակարաններ կամ գրասենյակների տարբերակային օգտագործման համար սենքեր և մասնագիտական կամ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար ոչ բնակելի սենքերով բնակարաններ: Ընդ որում, դրանցում կիրառվող տեխնոլոգիաների և տեղադրվող սարքավորումների վերաբերյալ գործող նորմերի և կանոնակարգերի պահանջների պահպանումը պարտադիր է:

25. Բոլոր հարմարավետության կարգերի բազմաբնակարան շենքերի որմնախարսխային, ստորգետնյա հարկերում և նկուղներում թույլատրվում է տեղադրել ծառայողական սենքեր` բնական լուսավորության (այդ թվում` տեխնիկական սարքերի միջոցով) ապահովման պայմանով:

26. Բնակիչներին աղմուկից, արտանետումներից պաշտպանելու նպատակով չի թույլատրվում հասարակական նշանակության սենքերի ներբեռնումը բնակելի շենքի բակի կողմից, որտեղ գտնվում են բնակարանների բնակելի սենյակների պատուհանները և շենքի բնակելի մաս տանող մուտքերը: Բնակելի շենքերում ներկառուցված հասարակական նշանակության սենքերի ներբեռնումը պետք է իրականացվի բնակելի շենքերի առանց պատուհանների կողային ճակատներից, ստորգետնյա թունելներից և մայրուղիների (փողոցների) կողմից` հատուկ ներբեռնման սենքերի առկայության դեպքում: Վերոնշյալ հատուկ ներբեռնման սենքերը թույլատրվում է չնախատեսել, եթե ներկառուցված հասարակական սենքերի մակերեսը չի գերազանցում 150 մ2-ից:

27. Բնակելի շենքերում պետք է նախատեսվի խմելու-տնտեսական և տաք ջրամատակարարում, կենցաղային և տնտեսական կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, տանիքի ջրահեռացում, հակածխային պաշտպանություն, հակահրդեհային ջրամատակարարման ցանց: Խմելու-տնտեսական, հակահրդեհային և տաք ջրամատակարարումը, ինչպես նաև կոյուղին և ջրահոսքերը պետք է նախագծել ՍՆիՊ 2.04.01 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Խմելու-տնտեսական ջրամատակարարումը պետք է ապահովի համապատասխան ստանդարտների պահանջներին բավարարող ջրի որակ և օրվա ընթացքում մեկ մարդու համար 200 լիտրից ոչ պակաս ծախսի հնարավորություն:

28. Հարթ տանիքից անձրևաջրերի և հալոցքների հեռացումը պետք է իրականացվի շենքի ներսում տեղադրված ջրհորդանների միջոցով: Դրանց տեղադրումը բնակարանների սահմաններում չի թույլատրվում: Տարածքում հեղեղատար կոյուղու առկայության դեպքում հարթ տանիքից ջրհորդանները հարկավոր է հասցնել հեղեղատար հորին` տեղադրելով միացման մասում սիֆոն: Մինչև 12 մետր շենքի բարձրության դեպքում թույլատրվում է տեղադրել ջրհորդաններ արտաքին պատի դրսի կողմից` տարվա ցուրտ ժամանակահատվածում դրանց մեջ պարունակող ջրի սառեցումը բացառելու պայմանով:

29. Բնակելի շենքերում պետք է նախատեսել էլեկտրալուսավորում, ուժային էլեկտրասարքավորում, հեռուստատեսային ալեհավաքներ, զանգաազդանշաններ, ինչպես նաև ավտոմատ հակահրդեհային ազդանշանային համակարգեր, հրդեհի դեպքում նախազգուշացման և տարհանման կառավարման համակարգեր, հրշեջ ստորաբաժանումների տեղափոխման վերելակներ, մարդկանց փրկելու միջոցներ, հակահրդեհային պաշտպանության համակարգեր` հրդեհային անվտանգության մասին համապատասխան նորմատիվ փաստաթղթերի և առաջադրանքով նախատեսված այլ ինժեներական համակարգերին վերաբերող կանոնակարգերի:

30. Բնակելի շենքերի ջեռուցումն իրականացվում է համաձայն գործող շինարարական նորմերի: Կաթսայատների նախագծումը պետք է իրականացնել ՍՆիՊ II-35 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Պինդ վառելանյութով սալօջախներ, ջեռուցման վառարաններ և բնակարանային ջրատաքացուցիչներ թույլատրվում է տեղադրել երկու հարկից ոչ ավելի բարձրությամբ բնակելի շենքերում (չհաշված որմնախարսխային հարկը): Ջրաջեռուցման համակարգ թույլատրվում է նախատեսել ցանկացած հարկայնության բնակելի շենքերում:

31. Էլեկտրական սալօջախներ, ջեռուցող սարքեր և բնակարանային ջրատաքացուցիչներ թույլատրվում է տեղադրել ցանկացած հարկայնության բնակելի շենքերում:

32. Գազամատակարարման նախագծումը պետք է իրականացնել ՀՀՇՆ IV-12.03.01 շինարարական նորմերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համպատասխան:

33. Առաջին հարկի հատակի նիշի մակարդակի նկատմամբ 12մ-ը գերազանցող վերևի բնակելի հարկի հատակի նիշ ունեցող շենքերում պետք է նախատեսել վերելակներ: Գոյություն ունեցող հինգ հարկանի բնակելի շենքերում վերնակառույցի դեպքում թույլատրվում է նախատեսել վերելակներ` առանց կանգառի վերնակառուցված հարկում: Տարբեր հարկայնության բնակելի շենքերում տեղադրվող մարդատար վերելակների նվազագույն քանակը տրված է 1-ին հավելվածում:

34. Տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների համար նախատեսված բնակելի շենքերում վերելակներ պետք է տեղադրել վերին հարկի հատակի, համապտասխանաբար` 8մ և ավելի, և 5մ և ավելի նիշ ունենալու դեպքում: Մնացած դեպքերում վերելակների նախագծումը պետք է իրականացվի նախագծման առաջադրանքին համապատասխան: Վերելակներից մեկի խցիկը պետք է լինի 2,1 մ խորությամբ կամ լայնությամբ (ելնելով հատակագծային լուծումներից)` մարդուն պատգարակով տեղափոխելու հնարավորությունն ապահովելու համար:

(34-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 98-Ն հրաման)

35. Վերելակներից մեկի խցիկի դռների լայնությունը պետք է ապահովի թիկնաթոռ-սայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց անցնելու հնարավորությունը:

(35-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 98-Ն հրաման)

36. Բնակելի շենքերում, որտեղ առաջին հարկից վերև նախատեսվում է տեղափոխման սայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների բնակարանների տեղակայումը, ինչպես նաև տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների մասնագիտացված բնակելի շենքերում, պետք է նախատեսվեն մարդատար վերելակներ կամ վերելակ-ամբարձիչներ` բնակչության սակավաշարժուն խմբերի համար անխոչընդոտ միջավայրի ստեղծման պահանջները կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

(36-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 98-Ն հրաման)

37. Վերելակների առջևի հարթակների լայնությունը պետք է ապահովի շտապօգնության պատգարակներով հիվանդին տեղափոխելու համար վերելակների օգտագործման հնարավորությունը և լինի ոչ պակաս.

1) 1.5 մ` 630 կգ բեռնունակությամբ և 2,1 մ լայնությամբ խցիկով վերելակների առաջ,

2) 2.1մ` 630 կգ բեռնունակությամբ և 2,1 մ խորությամբ խցիկով վերելակների առաջ,

3) վերելակների երկու շարքով տեղադրման դեպքում վերելակային սրահի լայնությունը պետք է լինի ոչ պակաս.

ա. 1.8մ` 2,1 մ-ից պակաս խորությամբ խցիկով վերելակների տեղադրման դեպքում,

բ. 2.5մ` 2,1 մ և ավելի խորությամբ խցիկով վերելակների տեղադրման դեպքում:

 

VI. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

38. Պետական և համայնքային բնակարանային ֆոնդի, սոցիալական բնակարանային ֆոնդի բնակարաններում պետք է.

1) նախատեսվեն բնակելի սենյակներ (այլ սենքեր) և օժանդակ սենքեր` խոհանոց (կամ խոհանոց-խորշ), նախամուտք, լոգասենյակ (կամ ցնցուղարան) և զուգարան (կամ համատեղված սանհանգույց), խորդանոց (կամ ներկառուցված տնտեսական պահարան): Բնակարանի սենքերի կազմի ընդլայնումը սահմանվում է նախագծային առաջադրանքով, հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 2-րդ հավելվածի դրույթները,

2) բնակարանի մակերեսը կազմի ոչ պակաս,

ա. ընդհանուր սենյակ մեկ սենյականոց բնակարանում` 18 մ2-ից,

բ. ընդհանուր սենյակ երկու և ավելի սենյականոց բնակարաններում` 16 մ2-ից,

գ. ննջարան` 8 մ2-ից (10 մ2 երկու հոգու համար),

դ. խոհանոց` 8 մ2-ից,

ե. խոհանոցային գոտում ճաշասենյակ-խոհանոց` 6 մ2-ից,

զ. խոհանոց-խորշ` 5 մ2-ից,

3) ննջատեղերով ընդհանուր բնակելի սենյակները և ննջարանը նախագծվեն ոչ միջանցիկ,

4) խոհանոցը սարքավորել լվացարանակոնքով և սննդի պատրաստման համար նախատեսված կահավորանքով, լոգասենյակը` լոգարանով կամ ցնցուղով և լվացարանով, զուգարանը` լվացման տակառիկ ունեցող զուգարանակոնքով, համատեղված սանհանգույցը` լոգարանով կամ ցնցուղով և զուգարանակոնքով:

39. Կարճաժամկետ և երկարաժամկետ բնակեցման համար նախատեսված սպասարկման տարրերով բնակելի շենքերում.

1) սենքերը պետք է բաժանել կոմերցիոն և ոչ կոմերցիոն նշանակության սենքերի: Կոմերցիոն սենքերին վերաբերում են բնակելի և սպասարկման համակարգի ոչ բնակելի տարածքները: Ոչ կոմերցիոն սենքերին են վերաբերում ծառայողական և կոլեկտիվ օգտագործման համար նախատեսվող տարածքները,

2) բնակելի սենյակների և այլ սենքերի խումբը կարող է ներառել բնակարանային տիպի բնակելի սենքեր, այդ թվում` հարկաբաժիններ, բնակարան-ստուդիաներ, սենյակներ և սենյակների բլոկ տիպի բնակելի սենքեր,

3) բնակարանների կազմում թույլատրվում է նախատեսել սենքեր սպասարկող անձնակազմի համար` բնակելի սենյակ 8 մ2-ից ոչ պակաս մակերեսով և սանհանգույց` ցնցուղարան-խցիկով,

4) հարմարավետության երրորդ կարգի բազմաբնակարան շենքերում բնակարանային տիպի բնակելի սենքերի հետ մեկտեղ թույլատրվում է նախագծել սենյակային և սենյակների բլոկ տիպի բնակելի սենքեր` յուրաքանչյուր անձի համար առնվազն 6 մ2 սենյակների մակերեսով: Բլոկում սենյակները պետք է նախագծվեն ոչ միջանցիկ:

40. Կոլեկտիվ օգտագործման սենքերի խումբը նախատեսվում է բնակելի սենքերից դուրս` բնակիչների կողմից որոշակի տնտեսական և ժամանցային գործառույթների իրականացման համար և նախագծվում է ելնելով որոշակի հարմարավետության կարգի բազմաբնակարան շենքի բնակիչների հաշվարկից:

41. Կոլեկտիվ օգտագործման սենքերը թույլատրվում է տեղադրել բնակելի հարկերում` պահպանելով բնակելի սենքերի աղմուկից պաշտպանության պահանջները: Չի թույլատրվում կոլեկտիվ օգտագործման և բնակելի սենքերի կից տեղադրումը:

42. Սպասարկման սրահների և այլ սենքերի մակերեսները պետք է ընդունել համաձայն համապատասխան գործող նորմերի:

43. Սենյակային և սենյակների բլոկ տիպի բնակելի տարածություններին կից պետք է հարկերում նախատեսվեն խոհանոցներ մի քանի բլոկների կամ սենյակների համար` 1.0մ2 մեկ մարդու համար հաշվարկով, 12 անձից ոչ ավել: Սենյակային տիպի բնակելի սենքերին կից հարկերում պետք է նախատեսվեն սանհանգույցներ` լոգարան կամ ցնցուղ, լվացարան և զուգարանակոնք` 6 մարդու համար ոչ ավելի հաշվարկով:

44. Բնակելի սենյակների, խոհանոցի (ճաշասենյակ-խոհանոցի) բարձրությունը (հատակից առաստաղ) պետք է լինի 2.7 մ-ից ոչ պակաս: Ներբնակարանային միջանցքների, մուտքի սպասասրահների, նախասրահների, վերնասրահների և դրանց ներքևի տարածքների բարձրությունը որոշվում է մարդկանց անվտանգ շարժման պայմաններով և պետք է կազմի 2.1 մ-ից ոչ պակաս: Մանսարդային կամ թեք պատող կոնստրուկցիաներով հարկերում գտնվող բնակարանների բնակելի սենյակների և խոհանոցի մակերեսի 50%-ը չգերազանցող տարածքում թույլատրվում է նախատեսել առաստաղի ավելի ցածր բարձրություն:

45. Բնակարաններում թույլատրվում է սենքեր տրամադրել բնակիչների մասնագիտական կամ անհատական ձեռնարկատիրական գործունեության համար` իրավական ակտերի և ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի, տեխնոլոգիաներին և սարքավորումներին ներկայացվող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

46. Բնակարանների կազմում թույլատրվում է նախատեսել մերսման սրահ մեկ մասնագետի համար:

47. Ընտանեկան տիպի մանկապարտեզի համար թույլատրվում է տրամադրել լրացուցիչ սենքեր 10 մարդուց ոչ ավել խմբի համար` առնվազն II աստիճանի հրակայունության շենքերում 2-րդ հարկից ոչ բարձր գտնվող երկկողմանի կողմնորոշում ունեցող բնակարաններում, եթե այդ բնակարաններում ապահովվել է վթարային ելքը և շենքի մերձակայքում առկա է խաղահրապարակների կազմակերպման հնարավորությունը:

48. Չի թույլատրվում չբացվող փեղկերի կիրառումը պատուհանային բլոկներում, ինչպես նաև առաջին հարկից վերև գտնվող պատշգամբների (լոջիաների) ապակեպատման համար, բացառությամբ այն փեղկերի, որոնց չափերը չեն գերազանցում 0,4x0,8մ, ինչպես նաև պատշգամբների վրա դուրս եկող պատուհանային բլոկներում:

 

VII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

49. Շենքերի հիմքերը և կրող կոնստրուկցիաները պետք է նախագծվեն և կառուցվեն այնպես, որ շինարարության ժամանակ և շահագործման հաշվարկային պայմաններում բացառվեն հետևյալ հնարավոր երևույթները.

1) կոնստրուկցիաների վնասվածքները կամ փլվածքները, որոնք բերում են շենքի շահագործման դադարեցմանը,

2) կոնստրուկցիաների կամ ամբողջությամբ շենքի շահագործման հատկությունների անթույլատրելի վատթարացումը ձևախախտման (դեֆորմացիայի) կամ ճաքերի առաջացման հետևանքով:

50. Շենքի հիմքերը և կոնստրուկցիաները պետք է հաշվարկեն համապատասխան բեռնվածքների` մշտական բեռնվածքների տակ կրող և պատող կոնստրուկցիաների սեփական քաշից, մշտական ծանրաբեռնվածությունից ելնելով, ծածկերի վրա ժամանակավոր հավասարաչափ բաշխված և կենտրոնացված բեռներից, շինարարության տվյալ շրջանի համար ձյան բեռնվածքի և հողմնաբեռնվածքի, հատուկ բեռնվածքների (սեյսմիկ բեռնվածքներ) ազդեցությունների տակ: Թվարկված բեռների նորմատիվ նշանակությունը, հաշվի առնված բեռների անբարենպաստ համադրությունը կամ դրանց համապատասխանող ուժերի, ճկվածքների սահմանային նշանակությունը և կոնստրուկցիաների տեղաշարժերը, ինչպես նաև հուսալիության գործակցի նշանակությունն ըստ ծանրաբեռնվածությունների պետք է ընդունվեն ՀՀՇՆ II -6.02 և ՍՆԻՊ 2.01.07 շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

51. Շենքերի հիմքերի և կոնստրուկցիաների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնել նաև պատվիրատու-կառուցապատողի լրացուցիչ պահանջները նշված նախագծման առաջադրանքում, օրինակ` բուխարիների տեղադրմանը, բնակելի շենքերում ներկառուցված հասարակական նշանակության սենքերի ծանր սարքավորումներին, ինտերիերի սարքավորումների ծանր տարրերի ամրացմանը պատերին և առաստաղներին: Կոնստրուկցիաների նախագծման ժամանակ հաշվարկման մեթոդները (այդ թվում` կրողունակությունը և թույլատրելի ձևափոխելիությունը) պետք է բավարարեն համպատասխան նյութերից կոնստրուկցիաներին ներկայացվող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

52. Ներքնամշակվող տարածքների, նստվածքային գրունտների վրա, սեյսմիկ գոտիներում, ինչպես նաև բարդ երկրաբանական պայմաններում շենքի տեղադրման ժամանակ պետք է հաշվի առնել համապատասխան շինարարական նորմերով սահմանված լրացուցիչ պահանջներ: Շենքերի հիմքերը պետք է նախագծվեն ելնելով գրունտների ֆիզիկամեխանիկական հատկություններից, կառուցապատման տարածքների հիդրոերկրաբանական ռեժիմի բնութագրերից, ինչպես նաև գրունտների և ստորգետնյա ջրերի ագրեսիվության աստիճանից հիմքերի և ստորգետնյա ինժեներական ցանցերի նկատմամբ, և պետք է ապահովեն շենքի տարրերի տակ հիմքերի նստվածքների անհրաժեշտ հավասարաչափությունը:

53. 40մ-ից ավելի բարձրություն ունեցող շենքի հողմնաբեռնվածքի հաշվարկման ժամանակ, բացի շենքի և նրա առանձին կոնստրուկտիվ տարրերի ամրության և կայունության պայմաններից, պետք է ապահովվեն բնակվելու հարմարավետության պահանջներով պայմանավորված վերին հարկերի ծածկերի տատանումների պարամետրերի սահմանափակումները:

54. Լրացուցիչ բեռնվածքների ազդեցության առաջացումը վերակառուցման ժամանակ և բնակելի շենքի անփոփոխ մասի վրա, դրա կրող և սահմանազատող կոնստրուկցիաները, ինչպես նաև հիմնատակի գրունտները պետք է ստուգվեն այդ բեռնվածքներից և ազդեցություններից գործող փաստաթղթերի պահանջներին համապատասխան` անկախ կոնստրուկցիաների ֆիզիկական մաշվածությունից: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել շահագործման ժամանակ հիմնատակերի գրունտների փաստացի կրողունակությունը դրանց փոփոխման արդյունքում, ինչպես նաև ժամանակի ընթացքում բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներում բետոնի ամրության բարձրացումը:

55. Բնակելի շենքի վերակառուցման ժամանակ հարկավոր է հաշվի առնել դրա կոնստրուկտիվ սխեմայի փոփոխությունը, որն առաջանում է այդ շենքի շահագործման ընթացքում (այդ թվում` նոր բացվածքների առաջացումն ի լրումն նախնական նախագծային լուծումներին, ինչպես նաև կոնստրուկցիաների վերանորոգումը կամ ամրացումը): Բնակելի շենքերի վերակառուցման ժամանակ սանիտարատեխնիկական հանգույցների տեղի փոփոխման դեպքում հարկավոր է կատարել համապատասխան լրացուցիչ հիդրո-, աղմկա- և թրթռամեկուսացման միջոցառումներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` ծածկերի ամրացում, որոնց վրա նախատեսվում է տեղադրել տվյալ սանիտարատեխնիկական հանգույցների սարքավորումները:

 

VIII. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ

 

56. Շենքերի հրդեհային անվտանգությունն անհրաժեշտ է ապահովել ՀՀՇՆ II-8.04-01 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Շենքի թույլատրելի բարձրությունը և հարկի մակերեսը հրշեջ հատվածամասի սահմաններում որոշվում են հրակայունության աստիճանից և կոնստրուկտիվ հրդեհային անվտանգության դասից, ըստ 1-ին աղյուսակի: Ընդ որում, շենքի չջեռուցվող կցակառույցների հրակայունության աստիճանը հարկավոր է ընդունել ըստ շենքի ջեռուցվող մասի հրակայունության աստիճանի: Իսկ սրահային տիպի շենքերը թույլատրվում է նախատեսել 17 մ-ից ոչ բարձր:

 

Աղյուսակ 1

 

.___________________________________________________________________.

|Շենքի           |Շենքի կոնստրուկտիվ  |Շենքի           |Հարկի հրշեջ |

|հրակայունության |հրդեհային           |առավելագույն    |հատվածամասի |

|աստիճանը        |անվտանգության դասը  |թույլատրելի     |առավելագույն|

|                |                    |բարձրությունը, մ|թույլատրելի |

|                |                    |                |մակերեսը, մ2|

|________________|____________________|________________|____________|

|      I         |        C0          |      75        |    2500    |

|________________|____________________|________________|____________|

|     II         |        C0          |      50        |    2500    |

|________________|____________________|________________|____________|

|                |        C1          |      28        |    2200    |

|________________|____________________|________________|____________|

|    III         |        C0          |      28        |    1800    |

|________________|____________________|________________|____________|

|                |        C1          |      15        |    1800    |

|________________|____________________|________________|____________|

|     IV         |      C0, C1        |      50        |     800    |

|________________|____________________|________________|____________|

|                |                    |      30        |    1200    |

|________________|____________________|________________|____________|

|                |      C2, C3        |      50        |     500    |

|________________|____________________|________________|____________|

|                |                    |      30        |     900    |

|________________|____________________|________________|____________|

|      V         |չի նորմավորվում     |      50        |     500    |

|                |                    |      30        |     800    |

.___________________________________________________________________.

 

57. I, II և III հրակայունության աստիճան ունեցող շենքերում թույլատրվում է վերակառուցել R45 ոչ պակաս հրակայունության սահման և K0 հրդեհային վտանգավորության դասի կրող տարրերով մեկ մանսարդային հարկ` անկախ 1-ին աղյուսակում տրված շենքի բարձրությունից, բայց ոչ բարձր քան թույլատրվում են սեյսմակայունության նորմերով: Մանսարդային հարկի պատող կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն վերնակառուցվող շենքի կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներին:

58. Փայտե կոնստրուկցիաների կիրառման դեպքում պետք է նախատեսել նշված պահանջներին համապատասխան կոնստրուկտիվ հրապաշտպանություն:

59. Սրահային տիպի շենքերի սրահներում հետիոտն շարժման գոտին, ինչպես նաև հաշվարկված հորիզոնական բեռնվածքների ընդունման արգելապատերը պետք է համապատասխանեն տվյալ շենքերի ծածկի համար ընդունված պահանջներին:

60. I, II հրակայունության աստիճան ունեցող շենքերում կրող տարրերի պահանջվող հրակայունության սահմանի ապահովման համար պետք է կիրառել միայն կոնստրուկտիվ հրապաշտպանություն:

61. IV հրակայունության աստիճան ունեցող երկհարկանի շենքերում կրող տարրերը պետք է ունենան R30-ից ոչ պակաս հրակայունության սահման:

62. Միջսեկցիոն, միջբնակարանային պատերը և միջնորմերը, ինչպես նաև այլ տարածքներից արտաբնակարանային միջանցքները, սրահները և նախասրահները անջատող պատերը և միջնորմերը պետք է համապատասխանեն 2-րդ աղյուսակում տրված ցուցանիշներին: Միջսեկցիոն, միջբնակարանային պատերը և միջնորմերը պետք է լինեն խուլ և համապատասխանեն ՀՀՇՆ II-8.04.01 շինարարական նորմերով սահմանված պահանջներին:

63. Միջբնակարանային միջնորմերի հրակայունության սահմանը չի նորմավորվում: Միջբնակարանային պահարանների, հավաքովի-քանդովի և շարժական միջնորմերի հրդեհային վտանգավորության դասը չի նորմավորվում: Այլ միջսենյակային միջնորմների, այդ թվում դռներով, հրդեհային վտանգավորության դասը պետք է համապատասխանի ՀՀՇՆ II-8.04-01 շինարարական նորմերի պահանջներին:

 

Աղյուսակ 2

 

.______________________________________________________________________.

| Պատող կոնստրուկցիա        |Կոնստրուկցիաների հրակայունության          |

|                           |նվազագույն սահմանը և  թույլատրելի         |

|                           |հրդեհային վտանգավորության դասը            |

|                           |հրակայունության աստիճանի և  կոնստրուկտիվ  |

|                           |հրդեհային վտանգավորության դասի շենքի համար|

|                           |__________________________________________|

|                           |I-III, C0 և  C1 |IV, C0 և  C1 |IV, C2, C3 |

|___________________________|________________|_____________|___________|

|1. Միջսեկցիոն պատ          |REI 45, K0      |REI 45, K0   |REI 45, K1 |

|___________________________|________________|_____________|___________|

|2. Միջսեկցիոն միջնորմ      |EI 45, K0       |EI 45, K0    |EI 30, K1  |

|___________________________|________________|_____________|___________|

|3. Միջբնակարանային պատ     |REI 30, K0      |REI 15, K0   |REI 15, K1 |

|___________________________|________________|_____________|___________|

|4. Միջբնակարանային միջնորմ |EI 30, K0       |EI 15, K0    |EI 15, K1  |

|___________________________|________________|_____________|___________|

|5. Արտաբնակարանային        |REI 45, K0      |REI 15, K0   |REI 15, K1 |

|միջանցքներն այլ սենքերից   |                |             |           |

|անջատող պատ                |                |             |           |

|___________________________|________________|_____________|___________|

|6. Արտաբնակարանային        |EI 45, K0       |EI 15, K0    |EI 15, K1  |

|միջանցքներն այլ սենքերից   |                |             |           |

|անջատող միջնորմ            |                |             |           |

|______________________________________________________________________|

|7. Սույն աղյուսակի 3-րդ, 4-րդ, 5-րդ և  6-րդ կետերում C1 դասի շենքերի  |

|համար թույլատրվում է K0 -ի փոխարեն` K1:                               |

|8. Սույն աղյուսակի 5-րդ և  6-րդ կետերում C2 դասի շենքերի համար        |

|թույլատրվում է K1-ի փոխարեն` K2:                                      |

.______________________________________________________________________.

 

64. Հինգ հարկանի II աստիճանի հրակայունության շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերում, ինչպես նաև III և IV աստիճանի հրակայունության շենքերում պահեստների միջնորմերը թույլատրվում է նախագծել չնորմավորված հրակայունության սահմանով և հրդեհային վտանգավորության դասով: Նկուղային և որմնախարսխային հարկերի տեխնիկական միջանցքը մյուս սենքերից անջատող միջնորմերը (այդ թվում` տեխնիկական միջանցքը հաղորդակցուղիների անցկացման համար) պետք է լինեն 1-ին տեսակի հակահրդեհային:

65. Տեխնիկական, նկուղային, որմնախարսխային հարկերը և ձեղնահարկերը ոչ սեկցիոն բնակելի շենքերում պետք է բաժանել 500մ2-ից ոչ ավելի մակերեսով հատվածամասերի 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով, իսկ սեկցիոն շենքերում` միջսեկցիոն պատերի և միջնորմերի առանցքներով:

66. Երեք և ավելի հարկայնության շենքերի լոջիաների, պատշգամբների և սրահների պատող մասերը, ինչպես նաև հրակայունության I, II և III աստիճանի 5 և ավելի հարկանի շենքերում արտաքին արևապաշտպանությունը պետք է իրականացվի չայրվող նյութերից` ՉԱ:

67. Բնակելի շենքերում ներկառուցված հասարակական նշանակության սենքերը բնակելի մասից հարկավոր է առանձնացնել խուլ հակահրդեհային պատերով, միջնորմերով և ծածկերով, համապատասխանաբար` R45-ից կամ EI45-ից ոչ պակաս հրակայունության սահմանով, իսկ I աստիճանի հրակայունության շենքերում` 2-րդ տեսակից ոչ պակաս հակահրդեհային ծածկերով:

68. Աղբահավաք խցիկը պետք է ունենա ինքնուրույն մուտք, շենքի մուտքից մեկուսացված խուլ չայրվող էկրանով և առանձնացված լինի ոչ պակաս REI 60 հրակայունության սահմանով և K0 հրդեհային վտանգավորության դասով հակահրդեհային միջնորմերով և ծածկով:

69. Ձեղնահարկերի տանիքը, ծածկի ծպեղները և կավարամածերը թույլատրվում է իրականացնել այրվող նյութերից: Ձեղնահարկով շենքերում (բացառությամբ` հրակայունության V աստիճանի շենքերի) այրվող նյութերից ծպեղի և կավարամածի կառուցման դեպքում չի թույլատրվում կիրառել այրվող նյութերից ծածկեր, իսկ ծպեղը և կավարամածը անհրաժեշտ է ենթարկել հրակայուն մշակման: Այդ կոնստրուկցիաների կոնստրուկտիվ պաշտպանության դեպքում դրանք չպետք է նպաստեն այրման աննկատ տարածմանը:

70. Կցակառույց-ներկառուցված մասի ծածկը պետք է համապատասխանի անձեղնահարկ ծածկույթին ներկայացվող պահանջներին, իսկ դրա տանիքը` շահագործվող տանիքին ներկայացվող պահանջներին: I-III աստիճանի հրակայունության շենքերում թույլատրվում է այդպիսի ծածկերի շահագործումը` սույն նորմերի համապատասխան պահանջների պահպանմամբ: Այդ դեպքում ծածկի կոնստրուկցիայի հրակայունության սահմանը պետք է լինի REI 45, իսկ հրդեհային վտանգավորության դասը` K0:

71. Բնակելի շենքերում դեպի կցակառույց-ներկառուցված մասը կողմնորոշված պատուհանների առկայության դեպքում, տանիքի մակարդակը շենքին կցված մասերում չպետք է գերազանցի իրեն կցակառուցված հիմնական մասի բնակելի սենքերի հատակի նիշը:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
31.03.2014
N 93-Ն
Հրաման