ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
30 հոկտեմբերի 2020 թվականի N 99
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ապրանքների ներմուծման համար կազմակերպությունը դիմում` ավիափոխադրում իրականացնող, առք ու վաճառքի գործարքին չմասնակցած երրորդ` ՀՀ ոչ ռեզիդենտ կողմ կազմակերպությանը, որը իրականացնելով ավիափոխադրում դուրս է գրում թղթային հաշիվ`
. Ավիափոխադրում Մոսկվա-Երևան 1000 ռուբլի արժեքով,
. Ավիափոխադրում Մոսկվա-ՀՀ սահման 2000 ռուբլի և ավիափոխադրում ՀՀ սահման-Երևան 500 ռուբլի արժեքով:
Առաջանում են արդյո՞ք ոչ ռեզիդենտին վճարված` հայաստանյան աղբյուրներից ստացված համարվող եկամուտներ:
Եթե այո, ապա մինչև ՀՀ սահման արժեքի տարանջատումը հաշիվ ապրանքագրի մեջ առաջացնում է արդյոք հարկման բազայի փոփոխություն` տվյալ դեպքում 1000 կամ 500 ռուբլի:
ՀՀ-ում ո՞ր պետական կառույցն է համարվում լիազոր մարմին ավիափոխադրումների մասով և ինչ տեսքի տեղեկանքներ են տրվում ՀՀ սահմանում փաստացի մատուցված ծառայությունները առանձնացնելու համար` մեկանգամյա տեղեկանքներ կամ ընդհանուր հրապարակում թռիչքի երկարության և ՀՀ սահմանի տեսակարար կշռի մասին:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,
i
- 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) առանց մշտական հաստատության ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման բազա է համարվում` օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը,
i
- 107-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են «աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, նույն կետի «գ» ենթակետին համապատասխան` նույն բաժնի կիրառության իմաստով, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում, եթե` փոստային ծառայությունը կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունը փաստացի մատուցվում է ՀՀ տարածքում: Այն դեպքում, երբ փոստային ծառայության կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում ՀՀ տարածքում, և կառավարության լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքում առանձնացված է ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալը` արտահայտված համապատասխան չափման միավորներով, ապա ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում է ծառայության դիմաց ընդհանուր հատուցման և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի` ծառայության ընդհանուր ծավալում ունեցած տեսակարար կշռի արտադրյալի չափով, բացառությամբ նույն կետի «ե» ենթակետով սահմանված դեպքերի:
i
ՀՀ կառավարության 07.11.2019 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1543-Ա որոշման 1-ին կետի համաձայն` ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը` կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով ՀՀ կառավարության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օդային տրանսպորտով բեռների փոխադրման տրանսպորտային ծառայությունը փաստացի ՀՀ տարածքում մատուցվելու դեպքում, այդ ծառայության դիմաց ստացվող եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ: Ընդ որում, եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օդային տրանսպորտով բեռների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում ՀՀ տարածքում և կառավարության լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքում առանձնացված է ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալը` արտահայտված համապատասխան չափման միավորներով, ապա ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում է ծառայության դիմաց ընդհանուր հատուցման և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի` ծառայության ընդհանուր ծավալում ունեցած տեսակարար կշռի արտադրյալի չափով: Տեղեկանքի բացակայության դեպքում օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության ընդհանուր հատուցման գումարը համարվում է ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտ:
Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ տեղեկանքի տրամադրման հարցերի հետ կապված անհրաժեշտ է դիմել լիազոր մարմին` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ