ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
31 օգոստոսի 2020 թվականի N 56
ԵՏՄ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐԻՑ ԱՊՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ա կազմակերպությունը գործունեություն է իրականացնում հարկման ընդհանուր համակարգում (ԱԱՀ): Ռուսաստանի Դաշնությունից ցանկանում է ներմուծել ապրանք: Ռուսական ընկերությունը ցանկանում է, որ հայաստանյան կողմը ԱԱՀ-ն վճարի Ռուսաստանում և հաշիվ ապրանքագրում ապրանքի արժեքը արտացոլված է լինելու ԱԱՀ-ով:
Արդյոք Ա կազմակերպության մոտ ապրանքի ներմուծման ժամանակ կառաջանա՞ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, թե՞ ոչ: Եթե ոչ ապա Ա կազմակերպությունը կարողանալու՞ է ռուսական ընկերությանը վճարած ԱԱՀ-ն դեբետագրի իր մոտ:
Պատասխան
i
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ` բացառությամբ նույն պայմանագրով նախատեսված դեպքերի, իսկ 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով: Նույն պայմանագրի 18-րդ հավելվածով սահմանված` «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության 13-րդ կետի համաձայն` որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքների առումով անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է այն անդամ պետության հարկ վճարողի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները` ըստ ապրանքների սեփականատեր հանդիսացող հարկ վճարողի հաշվառման վայրի: Ընդ որում` ապրանքների սեփականատեր է ճանաչվում այն անձը, որն օժտված է ապրանքների նկատմամբ իրավունքով, կամ որին ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը նախատեսվում է պայմանագրով:
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,
- 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը,
i
- 71-րդ հոդվածով սահմանված են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները: Մասնավորապես, նույն հոդվածի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները,
i
- 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի գումարների հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները, իսկ օրենսգրքի 73-րդ հոդվածով` պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը,
i
- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը` ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն,
i
- 78-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետները: Մասնավորապես, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.
1) փոխադարձ առևտրի շրջանակներում ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում ներմուծողը մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ պարտավոր է հարկային մարմին ներկայացնել օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը և ՀՀ պետական բյուջե վճարել այդ ապրանքների ներմուծման համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Ընդ որում, ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարները հաշվարկվում են օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան` անկախ ապրանքի ձեռքբերման դիմաց այլ երկրում ԱԱՀ վճարված լինելու հանգամանքից,
i
2) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ՄԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` հաշվի առնելով օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ