118.0075.180401
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 04 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801080
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
6 մարտի 2001 թվականի թիվ 75
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը հստակեցնելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հաստատել «Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման» կարգը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 23.08.02 թիվ 621-Ն հրաման)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի հուլիսի 27-ի N 172 հրամանով հաստատված «Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման» կարգը:
ԿԱՐԳ
i
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 23.08.02 թիվ 621-Ն հրաման)
1. Սույն կարգը սահմանում է վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն իրականացնող անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 3-րդ կետին համապատասխան իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմնին տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը:
2. Խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`
ա) նախքան վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումը (ըստ կազմակերպչի հայեցողության` նախքան տոմսերի իրացումը կամ թողարկումը) էլեկտրոնային տեսքով ներկայացնում է վիճակախաղերի տոմսերի խաղարկության համակարգչային ծրագիրը.
բ) նախքան վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումը, էլեկտրոնային տեսքով ներկայացնում է` իրացված վիճակախաղի տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ համարների (սերիաների) և յուրաքանչյուր տոմսի` խաղարկության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության,
գ) խաղարկության անցկացումից հետո հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է էլեկտրոնային տեսքով` խաղարկության ընթացքի նկարագրությունը (խաղարկված թվերի հերթականությունը) շահած տոմսերի համարները` ըստ շահումների չափերի և տեսակների:
3. Սույն կարգի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:
4. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան վիճակախաղերի տոմսերի խաղարկության համակարգչային ծրագրի ներկայացումից հետո այդ ծրագրի փոփոխման դեպքում փոփոխված ծրագիրը ներկայացվում է` նախքան այդ ծրագրով խաղարկության անցկացումը:
5. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`
ա) վիճակախաղերի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, էլեկտրոնային կամ տեղեկանքի տեսքով ներկայացնում է վիճակախաղերի շահող տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահման չափի ու տեսակի և յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության.
բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացը սկսելուց հետո ամիսը մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա 5-ը էլեկտրոնային կամ տեղեկանքի տեսքով ներկայացնում է իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ համարների (սերիաների).
i
6. Տոտալիզատորի կազմակերպիչը`
յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ աշխատանքային օրը էլեկտրոնային տեսքով ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում կայացած խաղարկությունների իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), դրված խաղագումարների չափերի և տեսակների, յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության և ելքերի, ինչպես նաև շահած տոմսերի համարները (սերիաները)` ըստ շահումների չափերի և տեսակների:
(6-րդ կետը խմբ. 11.04.02 թիվ 278 հրաման)
7. Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային տեսքով տվյալները ներկայացվում են հետևյալ կերպ`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վիճակախաղերի, խաղային գործի կարգավորման վարչությունում տեղադրվում է նախարարության լոկալ համակարգչային ցանցին միացված` ցանցից օգտվողների համար անհասանելի, սակայն անհրաժեշտության դեպքում հասանելի դարձնելու հնարավորությամբ Windows NT ծրագրային համակարգի վրա հիմնված ֆայլ սերվեր, որտեղ օգտագործողի անվանում-ծածկագիր սկզբունքով համապատասխան ծավալներ են հատկացվում յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի համար.
բ) կազմակերպիչը սահմանված ժամկետներում ներկայացնում է տվյալները մեկ անգամ գրվող օպտիկական կրիչի վրա (Recordable CD): Ներկայացված տվյալները կազմակերպչի ներկայացուցիչը միայն իրեն հայտնի գաղտնաբառի օգնությամբ արտագրվում է իրեն հատկացված տեղում, որից հետո ստուգվում է տվյալների ամբողջականությունը և ներկայացման ձևը: Արտագրման ավարտից հետո համակարգը ֆիքսում է փոխանցված տվյալների տիպը, ժամանակը և այլն: Կազմակերպչի կողմից ներկայացրած օպտիկական կրիչի տուփի մեջ պետք է փակցված լինի պիտակ, որտեղ նշված լինեն կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, ամիսը, օրը և ժամը: Այս օպտիկական կրիչը դրվում է իր տուփի մեջ, կնքվում (պլոմբվում) կազմակերպչի ներկայացուցչի կողմից և պահվում (չհրկիզվող պահարանում):
գ) տվյալների վերագրումը կամ փոփոխությունը հատուկ նշանակված ֆայլ սերվերի վրա արգելվում է Windows NT Server ծրագրային համակարգի նշանաբանների հիման վրա: Սերվերի ադմինիստրատորի ծածկագիրը, առանց որի ցանկացած տվյալ փոփոխելու հնարավորությունը բացառվում է, հայտնի է լինում միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:
դ) իրացված և շահած տոմսերի մասին տվյալները ստանալուց հետո տվյալ վիճակախաղի համար կատարվում են համապատասխան վերլուծություններ:
Տվյալների ցանկացած անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում կազմակերպչի ներկայացուցչի ներկայությամբ կնքված օպտիկական կրիչը բացելուց հետո, սերվերի վրա գտնվող տվյալները համեմատվում են օպտիկական կրիչի վրա գրված տվյալների հետ: Եթե նման անհամապատասխանություն առկա է նաև օպտիկական կրիչի վրա պարունակվող տվյալների հետ, ապա անհամապատասխանության փաստի արձանագրման հիման վրա նախարարությունն ապահովում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը: Համակարգչային ցանցում տեղադրված տվյալների ու օպտիկական կրիչի վրա եղած տվյալների անհամապատասխանության բացահայտման դեպքում որպես հիմք ընդունվում են օպտիկական կրիչի վրա առկա տվյալները, եթե նախարարությունը չի ապացուցում, որ օպտիկական կրիչը դրա ներկայացումից հետո փոխվել է` կազմակերպչի գործողությունների հետևանքով:
ե) տվյալները ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության միջև համաձայնեցված կարգով դրանք տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:
8. Վիճակախաղերի կազմակերպիչները ներկայացնում են նաև`
ա) հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իրենց ֆինանսական հաշվետվությունների մեկ օրինակը` այդ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում.
բ) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 30-րդ օրը, տարածքային հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմնի տեղեկանքը հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների վերաբերյալ:
9. Կազմակերպիչը սույն կարգի 8-րդ կետի «ա» ենթակետում նշված ֆինանսական հաշվետվությունները, մինչև հաշվետու տարվա հաջորդող տարվա ապրիլի 15-ը, հրապարակում է մամուլում, և դրա մասին 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին` կցելով թերթի մեկ օրինակը: