040.0092.090201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2001 թվականի N 92
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ֆինանսական վերականգնման, նրանց կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, սակագնային քաղաքականության կատարելագործման և ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների և ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների հայեցակարգին (կցվում է):
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետև` ՀՀ ջրտնտպետկոմիտե):
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 05.09.02 թիվ 1400-Ն որոշում)
4. ՀՀ ջրտնտպետկոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ՀՀ ջրտնտպետկոմիտեի կանոնադրության, կառուցվածքի, կենտրոնական ապարատի հաստիքային միավորների, 2001 թվականի պահպանման ծախսերի մեծության և ֆինանսավորման աղբյուրների մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը:
5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմնադրի, ինչպես նաև պետական բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել ՀՀ ջրտնտպետկոմիտեին` հետևյալ ընկերությունների մասով`
«Ոռոգում» ՓԲԸ,
«Ջրամբար» ՓԲԸ,
«Ոռոգելի հողերի մելիորատիվ մոնիտորինգ և վերահսկողություն» ՓԲԸ»
«Հայջրնախագիծ» ՓԲԸ,
«Նոր ակունք» ՓԲԸ,
«Ինվեստիցիոն ծրագրերի գործակալություն» ՓԲԸ,
«Շինարարության պատվիրատու» ՓԲԸ:
(5-րդ կետը փոփ. 28.02.01 թիվ 150, փոփ. 22.03.01 թիվ 233, 17.10.2019 թիվ 1444-Ն որոշումներ)
5.1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
(5.1-ին կետը լրաց. 17.10.2019 թիվ 1444-Ն որոշում)
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Ոռոգման համակարգերի վերականգնում» ԾԻԳ» և «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկները հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությանը:
(6-րդ կետը խմբ. 22.03.01 թիվ 233 որոշում)
7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շինարարության պատվիրատու» փակ բաժնետիրական ընկերությունից «Որոտան-Արփա» հիդրոկառույցի, Արթիկի ջրամբարի և մյուս հիդրոտեխնիկական կառույցների պատվիրատուի իրավասությունները փոխանցել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից լիազորվող կազմակերպություններին:
8.(8-րդ կետը հանվել է 28.02.01 թիվ 150 որոշում)
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծեր Հայաստանի Հանրապետության նախարարությունների կենտրոնական ապարատների կառուցվածքում, հաստիքային միավորներում և կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին:
(8-րդ (նախկին 9-րդ) կետի թիվը փոփ. 28.02.01 թիվ 150 որոշում)
9. ՀՀ ջրտնտպետկոմիտեին`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 40-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 5-րդ կետում նշված ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման հայեցակարգի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի ծրագրի ու դրանց իրականացման միջոցառումների վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ բանակցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դոնոր երկրների ու կազմակերպությունների հետ` ջրային տնտեսության ոլորտի բարեփոխումների իրականացման գործնական խնդիրների լուծման համար դրամաշնորհներ և այլ աջակցություն ստանալու նպատակով:
(9-րդ (նախկին 10-րդ) կետի թիվը փոփ. 28.02.01 թիվ 150 որոշում)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 9-ից:
(10-րդ (նախկին 11-րդ) կետի թիվը փոփ. 28.02.01 թիվ 150 որոշում)
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀՀ ջրային պաշարների և ջրային տնտեսության կառավարման
բարեփոխումների
I. Ջրային պաշարների կառավարման բաղադրիչները
Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը և պլանավորումը ընդգրկվում են մեծ թվով բարդ հարցեր և հիմնախնդիրներ: Այդ իրավիճակում անհրաժեշտ է տեսանելի դարձնել բոլոր հարցերի և մոտեցումների փոխկախվածությունները: Ջրային ռեսուրսների կառավարման ցանկացած հարց կարող է դիտվել միայն մի շարք տարբեր բնագավառների զարգացման հեռանկարների տեսանկյունից, որոնք հետևյալն են.
. Ջրի հաշվեկշռի բաղադրիչ
. Տնտեսական և ֆինանսական բաղադրիչ
. Ինժեներական-տեխնոլոգիական բաղադրիչ
. Շրջակա միջավայրի և ջրի որակի բաղադրիչ
. Կառուցվածքային և իրավական բաղադրիչ
. Սոցիալական և առողջապահության բաղադրիչ
Ինչպես աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունում, այնպես էլ Հայաստանում ջրի նկատմամբ բազմակողմանի ընդհանրական մոտեցման բացակայությունը հանգեցրել է ջրի կառավարման չափազանց մասնատված և խառնաշփոթ համակարգի: Ռեսուրսի կառավարման, ջրամբարների, ջրանցքների, խողովակաշարերի, դրենաժների, պոմպակայանների, կեղտաջրի մաքրման կայանների, կոյուղու համակարգերի կառուցման և շահագործման պատասխանատվությունները, դրանց շահագործումը և պահպանումը բաշխված են բազմազան վարչական ստորաբաժանումների միջև: Այդ տարալուծումն այնքան անհստակ է և չհիմնավորված, որ իրականում «ջրային բնագավառ» որպես այդպիսին գոյություն չունի:
Ուստի, ջրի կառավարումը կորել է բնագավառային շահերի մեջ: Քանի որ ջրային ռեսուրսները սահմանափակ են և դրանց օգտագործումը պետք է համաչափ, արդյունավետ և ծրագրավորված լինի, բոլոր բնագավառային ճյուղերը պետք է միահյուսված լինեն: Այլապես, կառավարությունների և դոնորների համար չափազանց դժվար է ստեղծել և կառավարել համապարփակ և խաչաձևվող կառույցներ:
II. Հայաստանի ջրային տնտեսությունը
1961-1995 թթ. տվյալների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 17.6 մլրդ խ.մ: Սահմանային գետերի ներհոսքը գնահատված է հավասար` տարեկան 0.90 մլրդ խ.մ:
Ստորերկրյա ջրերի ներհոսքի և արտահոսքի տարբերությունը դրական է, տարեկան 0.1 մլրդ խ.մ: Տարեկան գոլորշիացումը կազմում է 11.5 մլրդ խ.մ, իսկ ներքին գետերի շարժուն հոսքը` 6.3 մլրդ խ.մ:
Մակերևութային ջրերի վերականգնվող պաշարները կազմում են 7.2 մլրդ խ.մ:
Այս ջրերից օգտագործվում է շուրջ 2.3 մլրդ խ.մ (նախկինում` 4 մլրդ խ.մ), որից` 2 մլրդ խ.մ (նախկինում 3 մլրդ խ.մ)` ոռոգման և արտադրության մյուս ոլորտների մատակարարման, իսկ 430.0 մլն խ.մ (նախկինում` 550 մլն խ.մ)` խմելու և կենցաղային նպատակներով:
Բնական ջրային օբյեկտներից անհրաժեշտ է նշել Սևանա լիճը` 1238.5 քառ. կմ մակերեսով և 33.2 մլրդ խ.մ ծավալով, խոշոր գետերից` Արաքսը` 2,72 մլն խ.մ տարեկան հոսքով, Դեբեդը` 1169 մլն խ.մ, Որոտանը` 679 մլն խ.մ, Արփան` 679 մլն խ.մ, Աղստևը` 290 մլն խ.մ և այլն:
Արհեստական ջրային օբյեկտներից են հանրապետության շուրջ 82 ջրամբարները` 1067 մլն խ.մ ընդհանուր տարողությամբ (Ախուրյանի` 525 մլն խ.մ, Սպանդարյանի` 277 մլն խ.մ, Արփիի` 105 մլն խ.մ, Ապարանի` 91 մլն խ.մ և այլ ջրամբարները), որոնցից` 72 հիդրոմելիորատիվ նշանակության:
Եվս 10 նոր ջրամբարներ, որոնց կառուցումն սկսվել է նախկինում, շահագործման հանձնելու դեպքում կկարողանան պահպանել 400 մլն խ.մ ջուր:
Ոռոգման համակարգի սպասարկման համար հանրապետությունում կառուցվել և գործում են 4500 կմ երկարությամբ մայր և միջտնտեսային 17200 կմ ներտնտեսային նշանակության ջրանցքներ ու ջրատարներ:
Խմելու ջրի համակարգը սպասարկվում է 123 խումբ աղբյուրներով (դրանք սպասարկող 584 կապտաժներով), 176 արտեզյան ու խորքային հորերով և 29 գետային ջրընդունիչ կայաններով, 4820 կմ մայրուղային գծերով, որից` 700 կմ Երևանում, մնացածը` հանրապետության այլ մարզերում: Ներքին բաշխման ցանցերի երկարությունը կազմում է` 8020 կմ, որից` 1900 կմ` Երևանում:
Խմելու ջրի կարգավորման պաշարապահ ջրամբարների թիվը կազմում է` 511635 հազար խ.մ ընդհանուր տարողությամբ, որոնցից` 60-ը` 285 հազ. խ.մ տարողությամբ` Երևանի ջրամատակարարման համար:
Կոյուղու ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է` 3990 կմ, որից` 1200 կմ Երևանում:
Դրանցից` 1200 կմ-ն գլխավոր կոլեկտորներն են, որից` 350 կմ-ն Երևանում:
Նշված ինժեներական կառույցները շահագործվում են 15-50 տարի, և դրանց մեծ մասը գտնվում է ոչ բավարար տեխնիկական վիճակում, առևտրային նպատակով հաշվառման սարքերը գրեթե բացակայում են, իսկ եղածներն էլ ցածր ճշտության դասի են:
III. Հայաստանի ջրային պաշարների կառավարման
կառուցվածքային ներկա իրավիճակը
Ա. Ջրային պաշարների կառավարման Ինստիտուցիոնալ և վարչական շրջանակ
Ներկայումս ջրի բնագավառի հետ կապված ֆունկցիաները և լիազորությունները բաշխված են հետևյալ կերպ`
Ջրային լիազորությունների բաշխում
.__________________________________________________________________________.
|Ինստիտուտներ | Ներկա ամրագրված լիազորություններ |
|_________________|________________________________________________________|
|Կառավարություն |. ջրի ազգային ծրագրին և ջրային քաղաքականության |
| | հաստատում, |
| |. Սևանա լճից ջրի բացթողման վերաբերյալ, |
| |. ջրի ռեսուրսավճարի սահմանում, |
| |. ջրերի աղտոտման վճարների սահմանում, |
| |. ոռոգման ջրի մեծածախ սակագների սահմանում: |
|_________________|________________________________________________________|
|Բնապահպանության |. քաղաքականություն - շրջակա միջավայրի քաղաքականության |
|նախարարություն | մշակում, |
| (ԲՆ) |. ջրի ազգային ծրագրի մշակում, |
| |. լծակներ - տնտեսական լծակների առաջարկում, |
| |. իրավական - առնչվող օրենսդրության մշակում, |
| |. հետազոտական - շրջակա միջավայրի հետազոտություններ, |
| |. ջրի օգտագործում - ջրային կադաստրի վարում, հատուկ ջրի |
| | օգտագործման թույլտվություններ, |
| |. աղտոտվածության հսկողություն - ջրի որակի ստանդարտների |
| | նախագծմանը մասնակցություն, թույլատրելի նվազագույն |
| | արտանետումների վերաբերյալ ձեռնարկությունների ծրագրերի |
| | հաստատում, էկոլոգիական անձնագրի մշակում, շրջակա |
| | միջավայրի վիճակի մոնիտորինգ, |
| |. օրենքի պատրաստում - պետական տեսչության և մոնիտորինգի |
| | կենտրոնի կառավարում, |
| |. հասարակական կապեր - հասարակական իրազեկության |
| | ապահովում, |
| |. մոնիտորինգ - ջրի հոսքի և ջրի հաշվեկշռի մոնիտորինգ |
| | (հիդրոմետ ծառայություն): |
|_________________|________________________________________________________|
|Պետական |. կեղտաջրի հեռացման մոնիտորինգ |
|բնապահպանական |. օրենքի պարտադրում, ջրի աղտոտվածության հսկողություն, |
|տեսչություն | սանկցիաների պարտադրում, համագործակցություն |
| | դատախազության հետ |
|_________________|________________________________________________________|
|Շրջակա միջավայրի |. Մակերևութային ջրերի որակի մոնիտորինգ (գետեր և |
|աղտոտվածության | ջրամբարներ) |
|մոնիտորինգի | |
|կենտրոն | |
|_________________|________________________________________________________|
|Գյուղատնտեսության|. մասնակցություն ջրի օգտագործման թույլտվությունների |
|նախարարություն | հատկացմանը, երբ դրանք վերաբերվում են գյուղատնտեսական |
| (ԳՆ) | նպատակներով ջրօգտագործմանը, |
| |. ոռոգման հիմնարկությունների կառավարում, |
| |. մասնակցություն ծառայողական արտանետումների վերաբերյալ |
| | որոշումներին, |
| |. հողի օգտագործման և պահպանության համար պատասխանատու |
| | ինստիտուտների կոորդինացում, |
| |. հողի մոնիտորինգ և օրենքի պարտադրում հողերի աղտոտման |
| | դեպքում: |
|_________________|________________________________________________________|
|Առողջապահության |. խմելու ջրի որակի ստանդարտների մշակում, |
|նախարարություն |. եզրակացություններ ջրի օգտագործման թույլտվությունների |
| (ԱՆ) | և էկոլոգիական անձնագրի վերաբերյալ, |
| |. առողջապահության հետ կապված բոլոր հարցերի (օրինակ |
| | սանիտարական հարցեր) կոորդինացում, |
| |. ստանդարտների պարտադրում (սանէպիդկայան): |
|_________________|________________________________________________________|
|Քաղաքաշինության |. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարում,|
|նախարարություն |. ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ |
| (ՔՆ) | քաղաքներում և այլ բնակավայրերում (ՀայՋԿ), |
| |. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ծառայությունների սակագների |
| | սահմանում (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության |
| | հետ), |
| |. նախագծային, շինարարական, շահագործական ստանդարտների |
| | մշակում, |
| |. ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի |
| | գործունեության ռազմավարության մշակում և վարում: |
|_________________|________________________________________________________|
|Երևանի |. «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ պետական բաժնեմասի կառավարում, |
|քաղաքապետարան |. Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման |
| | ծառայություններ (ԵրՋԿ), |
| |. ԵրՋԿ-ի մատակարարած ջրի և ջրահեռացման սակագնի |
| | սահմանում (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության |
| | հետ): |
|_________________|________________________________________________________|
|Մարզպետարան |. հսկողություն ջրամատակարարման, դրենաժային, ոռոգման և |
| | կեղտաջրի մաքրման ծառայությունների որակի և կառավարման|
| | նկատմամբ, |
| |. մարզային նշանակության ջրամբարների կառուցման և |
| | պահպանման կազմակերպում, |
| |. ջրային (բնական) ռեսուրսների օգտագործման և պահպանման |
| | օրենքների պարտադրում և մոնիտորինգ: |
|_________________|________________________________________________________|
|Համայնքային |. համայնքի սեփականության կառավարում և տեղական |
|իշխանություններ | նշանակության հիմնահարցերի լուծում, |
| |. խմելու ջրի և ջրահեռացման մանրածախ սակագների սահմանում|
| | (բացի Երևանի համայնքներից), |
| |. գյուղական ջրամատակարարման համակարգերի շահագործում և |
| | պահպանում: (Իրականում տեղական մակարդակը փոքր իրավական |
| | ազդեցություն ունի իրենց սեփական ռեսուրսների |
| | օգտագործման վրա, սակայն որոշ համայնքներ իրենց սեփական |
| | նախաձեռնությամբ ավելի ակտիվ մասնակցություն ունեն), |
| |. ՋՕՄ-երի և ՋՍԿ-երի կազմակերպում: |
.__________________________________________________________________________.
Հիմնականում բնապահպանության նախարարությունն է պատասխանատու ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար, սակայն այդ ֆունկցիան կատարելու համար համակարգված մոտեցում դեռևս չի մշակվել: Բնապահպանության նախարարությունը նաև չունի բավարար կադրեր և ֆինանսական ռեսուրսներ իր առաջադրանքներն իրականացնելու համար: Բնագավառային նախարարություններից մի քանիսը, ինչպես գյուղատնտեսության ու քաղաքաշինության նախարարությունները, որոշ չափով կանխատեսումներ են կատարում ջրային ռեսուրսների ապագա կարիքների վերաբերյալ, սակայն այս կանխատեսումները մշակելու համար համակարգ գոյություն չունի:
Ջրային ռեսուրսների քաղաքականության և օրենսդրության ձևակերպում
1992 թ. ընդունվեց ՀՀ ջրային օրենսգիրքը: Օրենսգիրքը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, սակայն մի շարք հարցեր էլ անորոշ են ներառյալ կառուցվածքային շրջանակը: Ավելին, ջրային օրենսգիրքը մասամբ չի համապատասխանում վերջերս ընդունված օրենսդրությանը: Անհրաժեշտ է ձևակերպել հստակ քաղաքականություն ջրային ռեսուրսների կառավարման համար: Օրենսգրքի 5-րդ հոդվածը շարադրվում է ստորև.
«Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը ջրային հարաբերությունների կարգավորման բնագավառում Ջրային հարաբերությունների կարգավորման բնագավառում ՀՀ կառավարության իրավասությանն են պատկանում`
1. պետական միասնական ջրային ֆոնդի տնօրինումը.
2. ջրերն օգտագործելու, դրանք աղտոտումից, աղբակալումից և սպառումից
պահպանելու, ջրերի վրա վնասակար ներգործությունը կանխելու և
վերացնելու կանոնների սահմանումը.
3. ջրօգտագործման, ջրերի որակի և դրա գնահատման մեթոդների, նորմատիվների
սահմանումը.
4. ջրերի պետական հաշվառման, ջրօգտագործումների տոմարագրման և պետական
ջրային կադաստրի սահմանումը.
5. ջրերի համալիր օգտագործման ու պահպանության սխեմաների, ինչպես նաև
ջրատնտեսական հաշվեկշիռների հաստատումը.
6. ջրերի օգտագործման, պահպանության, դրանց վնասակար ներգործության
կանխման միջոցառումների պլանավորումը.
7. ջրերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողությունը և դրա
իրականացման կարգի սահմանումը:
Վերոհիշյալ դրույթները ձևավորվում և սահմանվում են ջրի ազգային ծրագրով»:
Ջրային ռեսուրսների պլանավորում և բաշխում
Միայն Սևանա լճից ջրի բաշխման համար գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունների կողմից, բնապահպանության նախարարության հետ համագործակցությամբ պատրաստվում են ամենամյա կանխատեսումներ ջրօգտագործման համար: Նրանց առաջարկությունները ներկայացվում են կառավարություն` հաստատման: Սակայն այս դեպքում էլ պարզ չէ, թե ջրային ռեսուրսների բաշխումը հիմնված է լճում մատչելի ռեսուրսների վստահելի կանխատեսման վրա, թե ոչ:
Շահագործական մակարդակով և ամենօրյա հիմքի վրա ջուրը գոյություն ունեցող ջրամբարներից բաշխվում է տարբեր բնագավառներին, համաձայն գյուղնախարարության կողմից սահմանված նորմերի:
Ներկայումս բազմակողմանի և համակարգված ջանքեր չեն ներդրվում ջրային ռեսուրսների պլանավորման և բաշխման իրականացման համար: Գոյություն չունի շահագրգիռ կողմերի համակարգված խորհրդատվություն: Միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ են ջրօգտագործման փաստացի թույլտվությունները, պահանջվում է գյուղատնտեսության, քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների համաձայնությունը:
Ջրի մոնիտորինգ
Նախքան բնագավառի ճգնաժամը, ջրօգտագործող ձեռնարկությունները պարբերաբար իրականացնում էին ջրամատակարարման և հեռացվող կեղտաջրերի մոնիտորինգ: Նրանց լաբորատորիաներում պարբերաբար ստուգումներ էին անցկացվում` ջրի փաստացի որակը ստանդարտների հետ համեմատելու նպատակով: Կեղտաջրի մաքրման կայաններում իրականացվում էր մոնիտորինգ` կայանների արդյունավետությունը, ինչպես նաև արտանետումների թույլատրելի մակարդակին համապատասխանելիությունը որոշելու նպատակով: Այս մոնիտորինգի արդյունքները չէին ներկայացվում բնապահպանության նախարարությանը, այլ օգտագործվում էին միայն ներքին նպատակների համար: Ներկայումս ջրային ձեռնարկությունների լաբորատորիաները չեն գործում ֆինանսական սահմանափակումների պատճառով: Բնապահպանության նախարարությունը օրենքով պատասխանատու է ջրի որակի ստանդարտների պահպանումն երաշխավորելու համար: Որպես Սևանա լճի մոնիտորինգի համար պատասխանատու տեսչություն` իր դերը թեթևացնելու համար բնապահպանության նախարարությունը հիմնեց մի լաբորատորիա Սևան քաղաքում: Ֆինանսական դժվարությունների պատճառով լաբորատորիան ներկայումս չի գործում: Նախքան ներկա ֆինանսական բարդությունները, այն ամեն ամիս նմուշ էր վերցնում և մակարդակների մասին հաշվետվություն էր ներկայացնում բնապահպանության նախարարություն: Ներկայացված պատկերը ցույց է տալիս բնապահպանական գործակալությունները, որոնք ուղղակիորեն կապված են ջրի կառավարման մոնիտորինգի հետ.
._______________. ._______________.
|Բնապահպանության| |Առողջապահության|
|նախարարություն | |նախարարություն |
._______________. ._______________.
.______________|_____________________________. |
._____________. .___________. .____________. .___________. ._____________.
|Բնապահպանական| | Շրջ. | | Հիդրոմետ. | | Ջրային | | Սանէպիդ |
| պետական | |միջավայրի | |ծառայություն| |ռեսուրսների| | ծառայություն|
|տեսչություն | |մոնիտորինգի| .____________. |պահպ. վարչ.| ._____________.
._____________. | կենտրոն | .___________.
.___________.
Շրջակա միջավայրի մոնիտորինգի տարածքային գործակալություններ
Տարբեր գործակալություններ ունեն հետևյալ մանդատներն ու լիազորությունները.
ա. Բնապահպանական պետական տեսչություն
Բնապահպանական պետական տեսչությունը պատասխանատու է աղտոտման հսկման և օրենքի պարտադրման համար: Տեսչությունը կարող է ներկայացնել`
1) ուղղիչ միջոցառումների պահանջարկ,
2) տուգանքներ,
3) վնասի փոխհատուցման պահանջարկ,
4) հանձնել գործը իրավապահ մարմիններին:
Ցածր աշխատանքներն ու շահագործման փոքր բյուջեները խիստ բացասաբար են ազդում տեսչությունների 1998 թ. հունվարին հաստատված շրջանային վեց գրասենյակների գործունեության վրա: Տեսչությունները չունեն նաև օրենքների պարտադրման հստակ քաղաքականություն և առաջնահերթ խնդիրների դասակարգում, հագեցված չեն տեխնիկայով և անհրաժեշտ սարքավորումներով:
բ. Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոն
Կենտրոնն իր` ներկայումս գործող երկու լաբորատորիաների օգնությամբ (Երևան և Վանաձոր), պատասխանատու է մակերևութային ջրերի (գետեր և ջրամբարներ) մոնիտորինգի համար:
Մոնիտորինգի կենտրոնի գործողությունները բավարար չափով համաձայնեցված չեն նախարարության մյուս գործունեությունների հետ: Թույլ կապ կա նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության և կենտրոնի միջև: Մոնիտորինգը մեծ մասամբ իրականացվում է ժամանակաշրջանի կանոններով:
Վերջին տարիներին նմուշները վերցվել են տարվա տարբեր ժամանակներում, և այդ պատճառով արդյունքը դժվար է համեմատել` տարբեր գործունեությունների հետևանքով գետերի աղտոտվածության ընդհանուր պատկերը ստանալու համար:
գ. Հիդրոօդերևութաբանական ծառայություն («Հիդրոմետ»)
Այս բաժանմունքը պատասխանատու է` . ջրի հոսքի (քանակության) ու հաշվեկշռի, ջրի մակարդակի տատանումների
ամենօրյա մոնիտորինգի համար, . շրջակա միջավայրի աղտոտվածության բնագավառում հետազոտության կազմակերպման
համար:
Հիդրոմետի հզորությունը ներկայումս չափազանց նվազեցվել է շատ սահմանափակ բյուջեի պատճառով:
դ. Ջրային ռեսուրսների պահպանության վարչություն
Պատասխանատու է ստորերկրյա ջրերի և Սևանա լճի ջրերի պաշարների, ջրային կադաստրի վարման համար:
Ջրային կադաստրը վարվում է ոչ ամբողջական, չեն մշակված ջրի ազգային ծրագիրը, ջրային պաշարների պահպանման և օգտագործման քաղաքականությունը և ծրագիրը:
ե. Սանիտարահամաճարակային կայաններ
Այս կայանները պատասխանատու են խմելու ջրի սանիտարահիգիենիկ որակի գրանցումների, մոնիտորինգի և էպիդեմիոլոգիական օրենսդրության համապատասխան օրենքների կիրառության համար: Սանէպիդկայանները (նախկինում` Սանէպիդ, այժմ` ՊՀՀԾ) պարբերաբար միկրոկենսաբանական և քիմիական/ֆիզիկական պարամետրերի ստուգումներ է կատարում:
Ջրի օգտագործման թույլտվություն
Ջրային ռեսուրսները գրանցվում են ջրային կադաստրում, որը նախկինում վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ 1998 թ. հունվարից` արդեն ՀՀ բնապահպանության նախարարությունը: Կադաստրն ամբողջական չէ, այլ ներկայումս մասնատված է, քանի որ այն չի ընդգրկում պահանջվող ամբողջ տեղեկատվությունը երկրի բոլոր ջրային ռեսուրսների վերաբերյալ:
Վերջին տարիներին ջրային ռեսուրսների մատչելիության և օգտագործման երկարաժամկետ պլանավորում չի կատարվել, որի պատճառով օգտագործման և կեղտաջրի հեռացման թույլտվությունները հստակ հիմք չունեն:
Ջրային ռեսուրսների բաժանմունքը չունի ջրի քանակի և որակի մոնիտորինգի ճշգրիտ տվյալներ: Անցյալում տարեկան տվյալներ էին վերցվում ամբողջ հանրապետության 70 դիտակետերից, սակայն սահմանափակ բյուջեի պատճառով ներկայումս այս տվյալները պարբերաբար չեն հավաքվում:
Ներկայումս բնապահպանության նախարարությունը հսկում է միայն առաջնային օգտագործողին/հեռացնողին և ոչ թե երկրորդայինին, որը տեսականորեն կարող է անհրաժեշտ չլինել, սակայն գործնականում դրա կարիքը կա:
Ջրառի վճարներ և տուգանքներ
Բնական ռեսուրսների օգտագործման համար վճարը սահմանվել է կառավարության 30.12.1998 թ. N 864 որոշմամբ` դադարեցնելով նախորդ որոշումները: Վճարը ձեռնարկություններից ուղղակիորեն գանձվում է պետական բյուջե` պետական եկամուտների նախարարության միջոցով (Սեպտեմբեր 1999, նախկինում` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջոցով):
1998 թ. հունվարի 1-ից սկսած ռեսուրսավճար է վճարվում ոռոգման, էներգետիկ և ձկնաբուծության նպատակներով օգտագործվող մակերևութային և ստորերկրյա ջրերի համար: Հատուկ վճար է սահմանվել Սևանա լճից ջրօգտագործման համար: եթե ձեռնարկությունն ավելի շատ ջուր է վերցնում, քան նշված է ջրի օգտագործման թույլտվության մեջ (որը չափվում կամ հաշվարկվում է համաձայն խողովակի տրամագծի, արտադրության նորմայի, շաբաթվա և ամսվա աշխատանքային ժամերի և այլն), պետք է տուգանք վճարի:
Վճարների համակարգը լծակներ չի ապահովում սպառման քանակական չափման համար: Դրանք չափազանց ցածր են` սպառման և կորուստների նվազեցումը, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանությունը խրախուսելու համար:
Աղտոտման վճարներ և տուգանքներ
Աղտոտողները (արդյունաբերական և կեղտաջրի հեռացման ձեռնարկություններ) վճարում են կեղտաջրի արտանետման վճարներ` համաձայն արտանետման և ընդունող ջրային ավազանի բնույթի, ըստ 13 չափանիշների: Տարբեր աղտոտող նյութերի համար գոյություն ունեն հիմնական վարձավճարներ, որոնք հաշվարկված են հիմնական սահմանից ցածր արտանետումների յուրաքանչյուր տոննայի համար:
Մյուս կողմից, արտանետումը հաշվարկվում է ամեն տարվա վերջում, ինչը նշանակում է, որ ձեռնարկությունը կարող է փոխհատուցվել սահմանների գերազանցումը մի եռամսյակում` հաջորդ եռամսյակում ավելի քիչ աղտոտելու միջոցով: Այսպիսով, աղտոտվածության վարձերի համակարգը չի արտացոլում շրջակա միջավայրին կարճ ժամանակահատվածում կատարվող մեծ աղտոտումներից հասցրած վնասը:
Արդյունաբերական գործարաններից աղտոտվածության բեռնվածության չափումը հիմնված է երկու սկզբունքի վրա: Նախ, տեսուչները նմուշներ են վերցնում, որոնք անալիզների են ենթարկվում իրենց սեփական լաբորատորիաներում: Նման նմուշները պետք է վերցվեն ամենաքիչը տարին երկու անգամ: Այն դեպքում, երբ կազմակերպության գործունեության վերաբերյալ գրանցումները կասկածների առիթ են տալիս, չափումները կատարվում են ավելի հաճախ (ըստ տեսչության հայեցողության): Երկրորդ, գործարաններն իրենք պետք է կատարեն և պահեն իրենց արտանետումների անալիզներն ու գրանցումները և ամեն եռամսյակի վերջում ամփոփագիր ներկայացնեն տեսչությանը: Գրանցման գրքերը պետք է պարբերաբար ստուգվեն տեսուչների կողմից: Տեսչությունների շատ փոքր բյուջեի պատճառով հսկողությունը չի իրականացվում օրենքով սահմանված և շրջակա միջավայրի պահպանության համար պահանջվող կարգով:
Արտանետման համար հիմնական վարձավճարը շատ ցածր է, եթե ՍԹԱ-ի բարձր վարձավճարը երեք անգամ բարձր է: Ձեռնարկությունների համար ցածր հիմնական վարձը թույլ խթանիչ միջոց է աղտոտվածության մակարդակը վերահսկելու գործում: Վարձավճարները հիմնականում հիմնված են արտանետումների վերաբերյալ ձեռնարկությունների հաշվետվությունների վրա, որոնցից մեծ մասը ջրաչափեր չունեն, այսպես որ արտանետումները հիմնված են տեսական հաշվարկների վրա: Կարծիք կա, որ ձեռնարկությունները կփորձեն ցածր արտանետումներ ներկայացնել հաշվետվությունների մեջ, քանի որ, փաստորեն, իշխանությունները չեն իրականացնում արտանետումների հսկողություն և մոնիտորինգ:
Բ. Ջրօգտագործում
Խմելու ջրի մատակարարման, ոռոգման համակարգի ընկերությունների
հիմնախնդիրները և կառավարման հիմնական թերությունները
- Համակարգի հիդրոտեխնիկական կառույցների բարձր ֆիզիկական մաշվածության, հատկապես վերջին 10 տարում անտնտեսվար շահագործման և ֆինանսական անբավարար ներդրումների, տեխնիկական ցածր հագեցվածության պայմաններում ոլորտի ընկերությունների գործունեությունը խիստ արդյունավետ է:
- Համակարգը տեխնիկապես բավարար վիճակի բերելը պահանջում է մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ:
- Անհրաժեշտ ներդրումների փոքր մասն իրականացվում է արտաքին ֆինանսավորման աղբյուրների հաշվին` 52.2 մլն դոլար ոռոգման համակարգերի, 30.3 մլն դոլար` ջրամբարների պատվարների անվտանգության ծրագրերի, 30 մլն դոլար` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ի համար:
- Ֆինանսավորման աղբյուրների խիստ սահմանափակությունը պարտադրում է դրանց առավել արդյունավետ ռազմավարության իրականացում, որին, սակայն, խոչընդոտում է ընկերությունների վարչական տարբեր պատկանելությունը:
- Հայաստանի անկախությունից հետո որևէ բարելավում չի կատարվել ոլորտի ընկերությունների ներքին կառավարման մեխանիզմների մեջ: Գործում է վարչական էկոնոմիկայի պայմաններում մշակված տնօրենների նշանակման, անծրագիր, նյութական պատասխանատվության և շահագրգռվածության հետ չկապված, միայն վերադասին անձնական ենթակայության մեթոդները, որոնք անհամատեղելի են շուկայական տնտեսության հետ և ներկայիս պայմաններում արգելակում են առաջընթացը:
- Ոլորտի ձեռնարկությունները թեև ֆորմալ վերածվել են բաժնետիրական ընկերությունների, սակայն բաժնետոմսերը 100%-ով պատկանում են պետությանը, նրանց հարաբերությունները ինչպես պետության, այնպես էլ իրենց մատակարարների և սպառողների հետ գործնականում հեռու են առևտրային սկզբունքներից:
- Նույնիսկ ՀՀ պետական բյուջեից տրվող տարեկան 4-5 մլրդ դրամ սուբսիդիաներից հետո կուտակվել են աշխատավարձի, սոցապվճարների, էլեկտրաէներգիայի և այլ մատակարարների գծով վիթխարի պարտքեր` 17.2 մլրդ դրամ և պետբյուջեի հանդեպ` 24.4 մլրդ դրամ, որոնք այդ ընկերությունների տարեկան հաշվարկային հասույթները գերազանցում են 2.9 անգամ, իսկ փաստացի հասույթները` 11.9 անգամ:
- Չափազանց վատ է ծառայությունների գործընթացի կառավարումը: Մի կողմից բավարար չէ ջրաղբյուրներից ստացվող, մյուս կողմից սպառողներին տրվող ջրի հաշվառումը, սպառողների ջրի մատակարարումը, կատարվում է առանց հաշվիչների:
Խմելու ջրերի և ջրահեռացման ընկերությունները հիմնականում չեն տիրապետում սպառողների բաժանորդային ցանկին, չեն կնքում պայմանագրեր: Ջրի մատակարարումը կատարվում է ոչ ռիթմիկ և խափանումներով, իսկ առանձին սպառողներ ընդհանրապես ջրազուրկ են:
- Այդ պայմաններում խիստ ցածր է գանձումների մակարդակը` 20%` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ, 35%` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, 35-50%` «Ոռոգում» ՊՓԲԸ:
- Գանձումների նման ցածր մակարդակը` հաշվի առնելով, որ սակագները չեն ներառում կապիտալ ծախսերը, իսկ «Ոռոգում» ՊՓԲԸ-ի համար նույնիսկ ընթացիկ շահագործման ծախսերի մինչև 50%-ը, բերում է ընկերությունների աղետալի ֆինանսական վիճակի:
- Համակարգված և միասնական հայեցակարգով չեն կատարվում ոլորտի տնտեսական բարեփոխումները: Փաստորեն վատ կառավարման, ֆինանսական աղետալի վիճակի պատճառով անհավանական է առաջիկա 5-10 տարիների ընթացքում ռազմավարական ներդրողի ներգրավումը:
- Մինչև այժմ ընկերությունները չեն իրականացրել ֆինանսական հոսքերի ծրագրավորում:
Փաստորեն ձախողված են հաշվապահական հաշվառման մեջ միջազգային ստանդարտների ներդրման և ակտիվների վերագնահատման աշխատանքները, որոնց մեծապես խոչընդոտել է նաև ընկերությունների գերատեսչական տարանջատվածությունը:
- Ոլորտի առջև կանգնած ներդրումների ծավալուն ծրագրի իրականացումը, տնտեսական բարեփոխումների և կառավարման մեխանիզմների բարելավումների և մոնիտորինգի միատեսակ մոտեցումների կիրառման հնարավորությունը, շատ դեպքերում սպառողների ցանցի կրկնողությունը, պայմանավորում են միանգամայն նոր, բոլոր ընկերությունների համար միասնական կառավարման մարմնի անհրաժեշտությունը:
Խմելու ջրեր
Հայաստանի Ջրմուղկոյուղի ձեռնարկություն
Հայաստանի Ջրմուղկոյուղի ձեռնարկությունը (ՀայՋԿ) ստեղծվել է 1971 թ., Երևանում` գլխավոր գրասենյակով: Ձեռնարկությունը վերափոխվեց հատուկ նշանակության պետական ձեռնարկության` համաձայն 1990 թ. ձեռնարկությունների մասին օրենքի:
ՀայՋԿ-ն 1999 թ. ապրիլին վերափոխվեց «ՀայՋուր» պետական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ՀայՋԿ), որի բաժնետոմսերը 100% պատկանում են պետությանը (քաղաքաշինության նախարարության):
ՀայՋԿ-ի գործունեությունը ներկայումս իրականացվում է 12 «մասնաճյուղ գրասենյակների» և 40 տեղական գրասենյակների միջոցով: ՀայՋԿ-ն պատասխանատու է և՛ ջրամատակարարման, և՛ ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման համար Հայաստանի 47 քաղաքներում և շուրջ 250 գյուղերում, որոնցից մեծ մասում ՀայՋԿ-ն շահագործում է նաև բաշխիչ ցանցը` տեղական իշխանության հետ պայմանագրով:
Մասնաճյուղային գրասենյակները պատասխանատու են գոյություն ունեցող համակարգերի շահագործման և պահպանման (ՇևՊ) համար: Սա պետք է ֆինանսավորվի եկամտից (սպառողներից հավաքված սակագներից): Սակագներն ամբողջովին ծածկում են ընթացիկ ծախսերը և նախատեսված է շահույթ: Սակայն ցածր գանձման հետևանքով միջոցներն ակնհայտորեն անբավարար են: Պետությունը տարեկան 300-800 մլն դրամ սուբսիդիա է տրամադրում:
Ավելի ուշ, 1999 թ., ջրամատակարարման համար ստեղծվեց բաժնետիրական ընկերություն Արմավիր և Մեծամոր քաղաքների, 10 համայնքների (գյուղերի) և պետության (քաղշին նախարարություն) մասնակցությամբ: Ապագայում պետք է ընդգրկվեն տարածքի այլ գյուղեր: (Այս «համայնքայնացման» մոդելը առաջարկվել է գերմանական PRACK Consult կազմակերպության կողմից, GITZ/KFW փոխառությամբ):
Երևանի Ջրմուղկոյուղի ձեռնարկություն
Երևանի Ջրմուղկոյուղի ձեռնարկությունը (ԵրՋԿ) պատասխանատու է հանրապետության մայրաքաղաքում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ամբողջ գործունեության, ինչպես նաև Երևանի շրջակայքում 52 գյուղերի ջրամատակարարման ցանցերի շահագործման և պահպանման համար: Երևանի և շրջակայքի որոշ գյուղերի համար ԵրՋԿ-ի կողմից նախաձեռնվել և նախագծային ինստիտուտի կողմից մշակվել են նոր ծրագրեր` Երևանի քաղաքապետարանի համար:
1999 թ. վերջերից ԵրՋԿ շահագործումը ստանձնվեց մասնավոր շահագործողի (Հռոմի ջրային ձեռնարկության կողմից ղեկավարվող միության կողմից), կառավարման պայմանագրի հիման վրա` Համաշխարհային բանկից ֆինանսավորմամբ: Նոր շահագործողը պատասխանատու կլինի ջրաչափերի տեղադրման, սակագների մշակման, վարձավճարների հավաքման համակարգի և այլնի համար: Շահագործողի համար Համաշխարհային բանկի կողմից մատչելի կդարձվի Շահագործման ներդրումների հիմնադրամը: Մատչելի կլինի նաև կապիտալ ներդրումների հիմնադրամը` Երևանի կեղտաջրի մաքրման կայանի վերականգնման համար:
Շարունակվում է ՀՀ պետբյուջեից սուբսիդավորումը` 2000 թ. 556 մլն. դրամ, 2001 թ.-ին` 277 մլն. դրամ:
Տեղական իշխանություններ
Հանրապետության մնացած 450 գյուղերում ջրամատակարարման ծառայությունները տեղական իշխանությունների պատասխանատվությունն են:
Չնայած յուրաքանչյուր մարզ ունի կոմունալ ծառայությունների բաժին, նրանք ուղղակիորեն պատասխանատու չեն ջրամատակարարման կամ ջրահեռացման ծառայությունների ապահովման համար, և ոչ էլ ջրի համար որևէ կարգավորիչ ֆունկցիաներ ունեն: Այդուհանդերձ, այս բաժինը ծառայում է որպես հաղորդակցման կետ ՀայՋԿ-ի և մարզի միջև:
Համայնքային իշխանությունները օրենսդրությամբ ուղղակիորեն պատասխանատու են ջրամատակարարման կամ ջրահեռացման համար, սակայն գործնականում նման ֆունկցիա չեն իրականացնում (բացառությամբ Արմավիրի, որտեղ սկսվել է մասնավորեցման/ համայնքայնացման գործընթաց): Չնայած դրան, համայնքներն իրենց տարածքներում ջրամատակարարման և ջրահեռացման հարցերով սերտ փոխգործունեության մեջ են ձեռնարկությունների հետ: Ջրային բնագավառի ընթացիկ վերակազմավորման շրջանակներում հիմնադրվել են ՀայՋԿ-ի 40 մասնաճյուղային գրասենյակներ: Համայնքային ջրամատակարարման համակարգերի և կեղտաջրի մաքրման կայանների շահագործումն ու պահպանումը պետք է այժմ ստանձնեն այդ նոր հիմնված տեղական հիմնարկությունները: Որոշակի շահագործումների դեպքում, օրինակ կեղտաջրի մաքրման, սա կարող է ներառել նաև մասնավոր սեկտորի մասնակցությունը:
Գյուղեր
ՀայՋԿ-ն ջուր է մատակարարում Հայաստանի 1000 գյուղերից շուրջ 250-ին, իսկ 52 գյուղերին` ԵրՋԿ-ն: ՀայՋԿ-ն շահագործում է և՛ մատակարարման, և՛ բաշխման ցանցը (համայնքների հետ պայմանագրով):
Մնացած գյուղերը պատասխանատու են իրենց սեփական մատակարարման և բաշխման համակարգերի համար: Այդ գյուղերի համար ջրի աղբյուրներ են ծառայում ջրաղբյուրները կամ ոռոգման խողովակաշարերը: Համակարգերը բնութագրվում են որպես ցածրարժեք, սովորաբար, ինքնահոս սնուցումով և առանց մաքրման: Գյուղերը, սովորաբար, սակագներ չեն վճարում, և այն դեպքերում, երբ համակարգը խնամք է պահանջում, օժանդակում են ամբողջ համայնքով:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Հայաստանում ոռոգման և դրենաժի կառավարման ինստիտուտները գտնվում են անցումային փուլում: Անկախությունից առաջ, շահագործման և պահպանման բոլոր ֆունկցիաներն իրականացվում էին ջրային ռեսուրսների նախարարության կողմից: Անկախությունից հետո, ջրային ռեսուրսների նախարարությունը լուծարվեց և ֆունկցիաները փոխանցվեցին մի քանի նոր կազմակերպությունների և ամբողջությամբ գյուղատնտեսության նախարարությանը (ԳՆ):
ԳՆ-ի կենտրոնական ապարատի կազմում գործում է ջրատնտեսական ենթակառուցվածքների զարգացման վարչությունը:
. գյուղատնտեսությունը կառավարում է հետևյալ ընկերությունների բաժնետոմսերը, որոնք 100% պետությանն են Շահագործման և Պահպանման (ՇՊՁ) «Ոռոգում» ՊՓԲԸ, ջրամբարների պահպանման «Ջրամբար» ՓԲԸ, «Դրենաժ» ՓԲԸ, ջրի հաշվառումն իրականացնող «Ջրառ» ՓԲԸ և «Շինարարության պատվիրատու» ՓԲԸ (պատվիրատու է Որոտան-Արփա, Արթիկի ջրամբարի, այլ հիդրոկառուցների և շինարարությունների համար):
. ԳՆ- իրականացնում է միջպետական ջրաբաշխումը, ջրային հոսքերի կարգավորման և ջրօգտագործման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը:
Շահագործման և պահպանման ձեռնարկություն (ՇՊՁ)
Հայտնի է որպես «Ոռոգում» ՊՓԲԸ, պատասխանատու է ջրառի և ջուրը երրորդային համակարգի գլխամասային կառուցվածքներ տեղափոխելու, ինչպես նաև ջուրը ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին և այլ օգտագործողներին վաճառելու համար:
Ոռոգման համակարգի երրորդային մակարդակի համար ՇՊՁ պատասխանատվությունը վերացավ 1998 թ., երբ հիմնադրվեցին ջրօգտագործողների միությունները: ՇՊՁ պատասխանատվության վերացումը երրորդային համակարգերի համար չի սահմանափակվում միայն ջրի բաշխումով: Այն ենթադրում է պատասխանատվությունների լրիվ փոխանցում, նաև այն պատասխանատվությունների, որոնք վերաբերում են ոռոգման ջրանցքների պահպանմանը: Երրորդային համակարգերի շահագործումն ու պահպանումը թողնված է ֆերմերների կազմակերպություններին: Որպեսզի ֆերմերն իր հողի վրա ներդրում կատարի, նրա համար կարևոր է (և հաճախ նախապայման է), որպեսզի նա ունենա լրիվ սեփականության փաստաթղթերը, ներառյալ վաճառելու իրավունքը:
Առաջնային և երկրորդային մակարդակներով, «Ոռոգում» ՊՓԲԸ-ն պահպանում է ջրատար համակարգերը, ինչպես նաև պոմպակայանները, մուտքային ճանապարհները, օժանդակ կառուցվածքներն ու շենքերը: Ներկայումս ունի 3,300 աշխատողներ, որոնցից 80-ը Երևանում են, իսկ մնացածն աշխատում են 14 մասնաճյուղ- գրասենյակներում, որոնք կազմակերպվել են հիդրոլոգիական գծերի երկայնքով: Մինչև 1999 թ., այս մասնաճյուղ-գրասենյակները ֆինանսապես անկախ դուստր ձեռնարկություններն էին, որոնք ոռոգման ծառայություններ էին ապահովում իրենց համապատասխան գոտիներում: 1999 թ. ձեռնարկությունների շահագործական և ֆինանսական անկախությունը վերացվեց, և դրանք դարձվեցին մասնաճյուղեր:
«Ոռոգում» ՊՓԲԸ-ն դեռևս չի հասել ֆինանսական անկախության` ջրի ցածր սակագների, հավաքման ցածր մակարդակի և պոմպակայանների շահագործման բարձր գների պատճառով: ՇՊՁ ընթացիկ բյուջեի մոտ 70%-ը կազմում են էներգիայի համար ծախսերը:
Ջրամբարների կառավարման ձեռնարկություն (ՋԿՁ)
Ջրամբարների կառավարման ձեռնարկությունը` «Ջրամբար» ՊՓԲԸ-ն, պատասխանատու է երկրում 4 մեծ և 76 փոքր ոռոգման ջրամբարների շահագործման և պահպանման համար: ՋԿՁ-ի հիմնական ֆունկցիաները ներառում են`
. իր ենթակայության տակ գտնվող ջրամբարների միջոցով հանրապետության տարածքում եղած ջրային հոսքի կարգավորում (պահուստավորում),
. ջրամբարներում կուտակված ջրի բաշխում ջրօգտագործողների միջև` ելնելով ջրօգտագործման գործող նորմաներից, համաձայն գյուղնախարարության կողմից հաստատված սահմանաքանակի,
. ջրի բաշխման և ջրամբարների մակարդակի շահագործական կառավարում` կախված տարվա ջրառատությունից, գոյություն ունեցող ջրօգտագործման նորմաներից և այլն:
Այս ջրամբարներից էլեկտրաէներգիայի զգալի արտադրություն գոյություն չունի, սակայն դրանից երեքը նաև օգտագործվում են խմելու ջրի մատակարարման համար: Դրանք բոլորը որոշ չափով ծառայում են նաև հեղեղումների հսկման համար: Ձեռնարկությունն ունի 350 հաստիք, սակայն դրանցից միայն 120-ն է զբաղված ներկայումս` անհամապատասխան ֆոնդերի պատճառով: 1991 թ.-ից ի վեր ՋԿՁ-ի կողմից քիչ աշխատանքներ են տարվել ջրամբարների պահպանության համար: ՋԿՁ-ն իր գումարներն ստանում է «Ոռոգում» ՊՓԲԸ-ին և համայնքային ջրամատակարարող ձեռնարկություններին մեծածավալ ջրի վաճառքից և պետական բյուջեից ֆինանսավորող նորոգման աշխատանքներից: Մինչ այժմ ՋԿՁ-ն ստանում էր «Ոռոգում» ՊՓԲԸ-ին և ջրամատակարարող ձեռնարկություններին ներկայացված հաշիվների միայն 10-20%-ը: Պետության կողմից ֆինանսավորվող նորոգման ծախսերի ֆինանսավորումը ՋԿՁ եկամուտի ամենակարևոր աղբյուրն է: Սակայն 2001 թ.-ին ֆինանսավորում նախատեսված չէ:
Դրենաժ ձեռնարկություն (ԴՁ)
Դրենաժ ձեռնարկությունը` «Դրենաժ» ՊՓԲԸ, հիմնվել է 1998 թ., ՇՊՁ ենթակայության տակ գտնվող շրջանային դուստր դրենաժային ձեռնարկությունների միավորման միջոցով: «Դրենաժ»-ը պատասխանատու է ոռոգվող տարածքներում ստորերկրյա ջրի մակարդակի և հողի որակի մոնիտորինգի, ջրային հաշվեկշռի ուսումնասիրությունների իրականացման և դրենաժային համակարգերի արդյունավետության գնահատման համար: Այն նաև լիազորված է տեղադրելու փակ դրենաժներ, պայմանագրեր կնքելու կոլեկտորային դրենաժների մաքրման և վերանորոգման և հորատանցքերի փորման համար:
Ձեռնարկությունն ունի 60 հոգուց բաղկացած անձնակազմ, որից 30-ը մասնագետներ են: Չնայած իր կարգավիճակին, «Դրենաժը» ֆինանսավորվում է պետական բյուջեից: 1992-1998 թթ. դրենաժային համակարգի ՇևՊ պատասխանատվությունը տրվեց «Ոռոգում»-ին: Չնայած դրան, ոռոգման համակարգի համար գումարների անբավարարության պատճառով, դրենաժային համակարգի համար շատ քիչ ջանքեր գործադրվեցին: 1999 թ. սկզբին, ՇևՊ պատասխանատվությունը կրկին վերադարձվեց «Դրենաժ»-ին: 1998 թ., հեղեղման, ստորերկրյա ջրի մակարդակի բարձրացման և Արարատյան դաշտավայրում մալարիայի համաճարակային դեպքերի պատճառով, 1991 թ.-ից ի վեր առաջին անգամ բյուջետային ֆինանսավորում տրվեց դրենաժների մաքրման համար:
Ջրօգտագործողների միություններ
Ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվները (ՋՍԿ), որոնք ջրօգտագործողների միության (ՋՕՄ) մի ձև են, Հայաստանում ոռոգման ջրի կառավարման կազմակերպությունների հավաքածուում վերջին ավելացումն են: Սկսած 1996 թ.-ից, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ) ֆինանսավորեց 107 ՋՍԿ-երի ստեղծումը, Համաշխարհային բանկից ֆինանսավորվող Ոռոգման վերականգնման ծրագրի (ՈՎԾ) հետ համատեղ: Այս ՋՍԿ-երը զբաղեցնում են մոտ 27,000 հա` երեք մարզերում: 1998 թ. սկզբներին, արագացված ձևով ստեղծվեցին 348 լրացուցիչ ՋՕՄ-եր` համաձայն կառավարության որոշման:
Միությունների այս երկու տեսակները զգալիորեն տարբերվում են: ՁՍԿ-երը (1996 թ.-ից) ստեղծվել են հիդրոլոգիական սահմանների երկայնքով և ընտրում են իրենց ղեկավարներին` անդամության քվեարկության միջոցով: ՋՕՄ-երը (1998թ.-ից) որոշ չափով ավելի մեծ են և ստեղծվում են գյուղերի հիմքի վրա, և ունեն գյուղխորհրդի կողմից ընտրված ղեկավարներ: ՋՍԿ-երը այժմ երկրում ոռոգման կառավարման ռեժիմի ընդունված մի մասն են հանդիսանում, չնայած դրանցից շատերը շարունակական օժանդակություն են պահանջում` կայունանալու համար: Նրանց ֆունկցիաներն են շահագործել և պահպանել ցածր մակարդակի ոռոգման ջրանցքները, հավաքել և՛ ցածր մակարդակի, և՛ բարձր մակարդակի համակարգերի օբյեկտների ոռոգման ծառայությունների վարձավճարները ՇևՊ համար: ԳՆ-ն տարեկան սահմանում է կիրառվելիք վարձավճարների մակարդակի սահման, որը, նախկինում, կապված չէր համակարգի շահագործման արժեքի հետ:
IV. Միջազգային փորձից քաղված դասեր
Մի շարք երկրներում ջրային ռեսուրսների կառավարման փորձի ուսումնասիրությունը բերել է հետևյալ եզրահանգումների`
- ջրային ռեսուրսների կառավարման համակարգը յուրաքանչյուր երկրում եզակի է տվյալ երկրի համար:
- նույնիսկ զարգացած շատ երկրներ առայժմ չեն կարողացել ստեղծել ջրային պաշարների կառավարման միասնական, կուռ տրամաբանված համակարգ և ոլորտի միջազգային կազմակերպությունները, կազմակերպված խորհրդաժողովները հանգել են այդպիսի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը,
- այն երկրներում, որտեղ ջրի կառավարման պատասխանատվությունը դրված է մի շարք տարբեր ինստիտուտների վրա, հատկապես, երբ մեկ կամ ավելի նախարարություններ են ներգրավված, հզոր իրավական և տնտեսական շահերի բախումներ կլինեն.
- հաջող բարեփուխումը պահանջում է կամ ուժեղ և կողմնորոշված միասնական կառավարում, կամ առնչվող նախարարությունների միջև իրավասությունների մանրակրկիտ տարանջատում, համաձայնության և լուծումներն ընդունելու ցանկություն, որոնք բարդագույն խնդիրներ են.
- ընդհանուր առմամբ, առավել արդյունավետ է համարվում բաժանել կարգավորման ֆունկցիաները և շահագործական ֆունկցիաները և տարբերակել ջրի կառավարման և ջրօգտագործման ֆունկցիաները.
- ներդրումներն ու ջրի կառավարման գործունեությունները ֆինանսավորելու համար տնտեսական և ֆինանսական միջոցների ակտիվ զուգակցումը կարևոր է ցանկալի արդյունքներին հասնելու համար.
- գետավազանային կառավարումը (ԳԿ) միակ ձևը չէ ջրի արդյունավետ կառավարման համար: Կան շատ հաջողված ԳԿ-ների և անարդյունավետ ԳԿ-ների օրինակներ, ինչպես և առանց ԳԿ-ների ջրի լավ կամ վատ կառավարման օրինակներ.
- ջրի որակի նպատակները կարող են իրականացվել ծախսերի և եկամուտների միաժամանակյա նկատառումների արդյունքում.
- անցյալում տարբեր գործառույթ ունեցող ինստիտուտին նոր գործառույթ տալը սովորաբար հաջող չէ, քանի դեռ այդ ինստիտուտը հիմնավորապես բարեփոխված չէ: Իսկ հին կառույցներն իներցիոն են և, որպես կանոն, չափազանց դանդաղ են բարեփոխվում:
V. Հայաստանում ջրային պաշարների կառավարմանը
և օգտագործմանն առաջարկվող մոտեցումներ
-Ջուրն ունի տնտեսական, սոցիալական և բնապահպանական արժեք: Ջրի օգտագործման բաշխումը պետք է օպտիմալ լինի` արդարացի և կայուն տնտեսական և սոցիալական զարգացման հասնելու համար:
- Ջուրը պետք է կառավարվի այնպես, որ անաչառություն ապահովվի բոլոր օգտագործողների համար:
- Ջրի բնագավառում գործողությունների պլանավորումն ու իրականացումը պետք է կոորդինացվի և համակցվի բոլոր բնագավառների համար: Դա պահանջում է ջրի ազգային ծրագրի և ջրային քաղաքականության որոշում:
- Հայաստանի կառավարությունը պետք է գործի որպես պետական ջրային ռեսուրսների պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման, ջրի անաչառ բաշխման և օգտագործման և միջազգային ջրային հարցերի համար հիմնական պատասխանատուն և լիազորն է:
- Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի, որպեսզի ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվի թափանցիկ ձևով, մի եղանակով, որն արտացոլում է հասարակական վստահության իր պարտավորությունները և հասարակայնության համար ջրի արժեքը:
- Ջրային ռեսուրսների կառավարումը շահագործական մակարդակով պետք է աստիճանաբար ապակենտրոնացվի մինչև համապատասխան ջրավազանի կամ տարածաշրջանային/համայնքային կառավարման իշխանություններ այնքանով, որքանով հնարավոր է: Այդ հնարավորությունն ուղիղ համեմատական է շահագործող ընկերությունների ֆինանսական և տեխնիկական վիճակին և առևտրայնացման աստիճանին:
- Ջրի օգտագործումը հիմնական կարիքներն ապահովելու համար (խմելու, սանիտարիայի, եփելու, լվանալու) պետք է մնացած բոլոր օգտագործումներից առաջնահերթ համարվի:
- Շրջակա միջավայրի համար ջրի արժեքը մեծապես ընդունվում է, հատկապես մրցակցային օգտագործումների դեպքում:
- Ջուրն օգտագործելու ցանկացած լիազորություն պետք է տրվի ժամանակավոր ձևով և այնպիսի եղանակով, որը հստակ է, ապահով և կանխատեսելի:
- Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը կհեշտացվի շահագրգիռ կողմերի մասնակցության միջոցով (օգտագործողներ, պլանավորողներ և քաղաքական որոշումներ կայացնողներ) պլանավորման և իրականացման տարբեր մակարդակներով և փուլերում:
- Շահագրգիռ կողմերի մասնակցությունը պետք է հնարավոր դարձվի ջրային ռեսուրսների և ջրի օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ, իրազեկության բարձրացման և ուսուցման միջոցով:
- Ջրի արդյունավետ օգտագործման համար երկարաժամկետ սկզբունքը պետք է լինի սպառողների համար ջրի ապահովման ծախսերի դիմաց, ներառյալ ենթակառուցվածքի և ջրի կառավարման գործունեության համար ծախսերը, համարժեք սակագների սահմանումը:
- Կեղտաջրի տնօրինման համար ջրի օգտագործումը պետք է ենթակա լինի աղտոտման ծախսածածկող վճարների սահմանման:
- Ջրի կառավարումը պետք է ներառի տնտեսական խթանների օգտագործումը:
- Երկարաժամկետ առումով ջրի ապահովման մեջ ֆունկցիաներից շատերը կարող են ստանձնվել մասնավոր սեկտորի կողմից:
- Սևանա լճի ջրի հատուկ ռազմավարական արժեքն ընդունված է:
---------------------------------------------------
հեղինակաների կողմից - շարունակությունը հաջորդ մասում