Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻ ԿԱՌՈՒՑԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

7 մարտի 2012 թվականի N 9

 

29. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 7-ի նիստի

N 9 արձանագրային որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի 2005-2020 թթ. գլխավոր հատակագծի համաձայն` նախատեսված է Երևան քաղաքի օղակաձև արագընթաց մայրուղու (անընդհատ երթևեկության համաքաղաքային նշանակության մայրուղի) բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում: Մայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը: Արդյունքում` զգալիորեն կթեթևանա նաև Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը:

Նախագծով նախատեսվում է երկու տրանսպորտային հանգույցների մասնակի լուծում` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում: Ծովակալ Իսակովի պողոտայի հատվածի տրանսպորտային հանգույցը հետագայում կզարգանա (2-րդ փուլ)` մայրուղու շարունակություն նախատեսող «Երևան Բերդ» նախագծային թաղամասի եզրով և Հրազդանի գետի վրայով` ապահովելով դեպի Արշակունյաց պողոտա: Լենինգրադյան փողոցի հետ միացման հանգույցը հետագայում նույնպես կզարգանա` այն Տիչինայի փողոցի շարունակությամբ միանալով Սեբաստիա փողոցի հետ (ավելի մանրամասն տես «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված նախագծի բացատրագիրը): Մայրուղուն զուգահեռ նախատեսվում է ջրատարի, հեղեղային և կենցաղային կոյուղու, գազատարի և արտաքին լուսավորության, կապի ստորգետնյա մագիստրալ հաղորդակցուղիներ:

Ներկայումս «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է նշված ավտոմայրուղու տեխնիկական նախագիծը (տես «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված ծրագիրը` տեխնիկական ցուցանիշները, շինարարության և նախագծային աշխատանքների խոշորացված հաշվարկը):

Ավտոմայրուղին անցնում է Դալմայի այգիների անտառային ֆոնդի հողերի սահմանով Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի հարավ-արևմուտք ընկած տարածքով: Ավտոմայրուղու կառուցման արդյունքում նշված տարածքում առաջանում է 9.16 հա ազատ հողամաս, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, անմիջապես Կենտրոն վարչական շրջանի սահմանին հարակից:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու բուֆերային (անցումային) հատվածում:

Նշված հողամասը ներդրումային հետաքրքրություն է ներկայացնում բնակելի և հասարակական կառուցապատման նպատակով:

Այդ կապակցությամբ Երևանի քաղաքապետարանին ներդրումային ծրագիր է առաջարկվել «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից:

Ծրագրով առաջարկվում է հետևյալը.

(նախաբանը փոփ. 19.09.13 թիվ 37 արձանագրային որոշում)

1. «Սահակյանշին» ՓԲԸ-ն սեփական ուժերով և միջոցներով իրականացնում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2,9 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 2,3 կմ ուղետարների կառուցման շինարարությունը, ինչպես նաև վճարում այդ քաղաքաշինական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքները (ըստ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված և փորձաքննություն անցած աշխատանքային նախագծի` ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 7896,0 մլն ՀՀ դրամ):

 

Ավտոմայրուղու կառուցման հիմնական ցուցանիշներն են`

- նախագծվող ճանապարհի նշանակությունը` համաքաղաքային նշանակության

մայրուղի,

- ավտոմայրուղու երկարությունը` 2,9 կմ,

- ուղետարների/ուղեանցների/երկարությունը` շուրջ 2,3 կմ

- հողային պաստառի լայնությունը` 35,5,0 մ,

- երթևեկելի մասի լայնությունը` (2 x 3,75) x 2=15,0 մ,

- բաժանիչ գոտու լայնությունը` 4,0 մ,

մայթերի լայնությունը` 2.25 x 2,5 մ,

- տեղական նշանակության փողոց` լայն. 6,0 մ,

- Ծովակալ Իսակովի պողոտայի հատվածում տրանսպորտային հանգույց,

- Լենինգրադյան փողոցի հատվածում տրանսպորտային հանգույց,

- Ինժեներական ստորգետնյա անհրաժեշտ հաղորդակցուղիներ` մայրուղուն

զուգահեռ առանձնացված շերտով` լայն. 6,0 մետր,

ջրատար,

հեղեղային և կենցաղային կոյուղի,

արտաքին լուսավորություն,

կապի ստորգետնյա մագիստրալ հաղորդակցուղիներ:

Ինժեներական հաղորդակցուղիների մասով աշխատանքները նախատեսվում են միայն Իսակով-Լենինգրադյան ներհրապարակային տարածքում, կապի մասով` անցուղիները, էլեկտրամատակարարման մասով` արտաքին լուսավորությունը և ուղեգիծը: Տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածում նախատեսել անհրաժեշտ պահուստային անցումներ: Տեխնիկական լուծումները կհստակեցվեն հաղորդակցուղիները շահագործող կազմակերպությունների հետ նախագծային համապատասխան փուլերում:

(1-ին կետը փոփ. 19.09.13 թիվ 37 արձանագրային որոշում)

2. Երևանի համայնքի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել 1-ին կետում նշված աշխատանքները և ծառայությունները «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 6,409.3 մլն դրամով իրականացնելու հարցում: 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման և ծառայությունների բանակցված արժեքի` 6,409.3 մլն դրամ, դիմաց Երևանի համայնքը կազմակերպությանն ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 9,16 հա մակերեսով հողամասը, որի գինը սահմանվելու է մեկ քառ. մետրի շուկայական արժեքը մոտավորապես 70,0 հազ. ՀՀ դրամ հաշվարկով:

(2-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 37 արձանագրային որոշում)

3. Արդյունքում, իհարկե որոշակի ռիսկ վերցնելով կազմակերպության վրա, վերջինս ձեռք է բերում որոշակի հողատարածք, որի սահմաններում կարող է իրականացվել կառուցապատման ծրագիր հետևյալ ցուցանիշներով`

 

    - կառուցապատման նշանակությունը`      բնակելի և  հասարակական,       

    - կառուցապատման տոկոսը`              25-40%,                       

    - կառուցապատման մակերեսը`            10000 քառ.մ-30000 քառ.մ,      

- կառույցների միջին հարկայնությունը` 10 հարկ,

- նախատեսվող շինարարության

      ընդհանուր ծավալը`                  100000 քառ.մ-300000 քառ.մ,     

    - ծրագրի իրականացման ժամկետը`        15-20 տարի,                     

- Դրանց շինարարության արժեքը ըստ խոշորացված հաշվարկների կկազմի

նվազագույնը 32 725,0 մլն ՀՀ դրամ, որը հաշվարկման պահին համարժեք է

85,0 մլն ԱՄՆ դոլարին, 1 քառ.մետրի կառուցապատման արժեքը կազմում է

327 250 ՀՀ դրամ, որը հաշվարկման պահին համարժեք է 850 ԱՄՆ դոլարին:

 

Կառուցապատման հարկայնությունը կհստակեցվի նախագծման փուլում` ելնելով կառուցապատման քաղաքաշինական և ճարտարապետական կոմպոզիցիայի առանձնահատկություններից:

Այս գումարի ներդրումը ընկերությունը կարող է իրականացնել`

1) սեփական ուժերով` վարկային միջոցներ ներգրավելու արդյունքում,

2) այլ ներդրողների գումարներ ներգրավելու միջոցով,

3) հողատարածքների որոշակի մասը վաճառելուց առաջացած միջոցներով` պայմանով, որ գնորդն իրականացնի ծրագրով նախատեսված կառուցապատումը:

Ծրագրում բերված ցուցանիշները վերջնական կհստակեցվեն անհրաժեշտ տվյալների ճշտման, ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանների տրամադրման և աշխատանքային նախագծերի մշակման արդյունքում:

(3-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 37, 13.04.17 թիվ 15 արձանագրային որոշումներ)

4. Ծրագիրը լիակատար իրականացնելու համար անհրաժեշտ է ծրագրի իրականացումը կարգավորող իրավական ակտերում նախատեսել հետևյալ պայմանները.

1) անհրաժեշտության դեպքում փոխել Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված հողերի նպատակային և գործառնական նշանակությունը:

2) Երևանի քաղաքապետարանի կողմից հողամասի առուվաճառքի և գրավի պայմանագիրը կնքվելուց հետո քաղաքապետարանը տրամադրում է այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքները, ինժեներական հաղորդակցուղիների թույլտվությունները և տեխնիկական պայմանները:

(4-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 37 արձանագրային որոշում)

4.3. Ավտոմայրուղու շինարարության ավարտման ժամկետ սահմանել 2014 թվականի մայիսի 31-ը:

(4.3-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 37, 10.04.14 թիվ 14 արձանագրային որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2012
N 9
Արձանագրային որոշում