040.0705.090708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2008 թվականի N 705-Ն
«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1885-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1885-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի մայիսի 15-ի
N 705-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Մատենադարան) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:
2. Մատենադարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Մատենադարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. Մատենադարանը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Մատենադարանը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Մատենադարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանումներով կլոր կնիք, տիտղոսաթերթ, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Մատենադարանի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` «Մատենադարան».
3) ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա «Նաուչնօ-իսսլեդօվատելսկիյ ինստիտուտ դռեվնիխ ռուկօպիսեյ «Մատենադարան» իմ. Մեսրոպա Մաշտոցա».
4) ռուսերեն կրճատ` «Մատենադարան».
5) անգլերեն լրիվ` «Matenadaran» Mesrop Mashtots Institute of Ancient Manuscribts» State Non-Cimmercial Organization.
6) անգլերեն կրճատ` «Matenadaran».
7. Մատենադարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 53:
7.1. Մատենադարանի մասնաճյուղն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը:
(7.1-ին կետը լրաց. 22.12.16 թիվ 1319-Ն որոշում)
8. Մատենադարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
9. Մատենադարանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու գանձապետական հաշիվ` Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև դրամային և արտարժույթով բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերում:
II. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
10. Մատենադարանի սեփականությունը ձևավորվում է Մատենադարանի հիմնադրման` պետական հիմնարկից պետական կազմակերպության վերակազմակերպման ժամանակ հետագայում հիմնադրամի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
11. Մատենադարանն իրավունք ունի օրենքին, հիմնադրամի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Մատենադարանին հիմնադրամի կողմից անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի նկատմամբ Մատենադարանի այլ իրավունքները սահմանվում են օրենքով և սույն կանոնադրությամբ:
12. Մատենադարանը ձեռք չի բերվում հիմնադրամի կողմից օգտագործման իրավունքով իրեն ամրացված անշարժ գույքի վերակառուցման, արդիականացման, ձևավորման կամ այլ քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքում ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:
13. Հիմնադիրը Մատենադարանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքներ չունի` բացառությամբ Մատենադարանի լուծարումից հետո մնացած գույքի:
14. Մատենադարանի սեփականության պահպանման պարտականությունը կրում է Մատենադարանը:
15. Մատենադարանի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
III. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
16. Մատենադարանի` իբրև գիտական կենտրոնի գործունեության նպատակներն են`
1) հայերեն և այլալեզու հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի`
ա. ձեռքբերումը, պահպանումը, վերանորոգումը, նմանատիպ վերարտադրությունը և հետազոտումը,
բ. պատճենահանումը, այդ թվում` թղթային, միկրոժապավենային, թվային (էլեկտրոնային) և ժամանակակից այլ հնարավոր ձևաչափերով և տեսքով,
գ. պահպանման, վերականգնման սպասարկման և գիտահետազոտական համակարգերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,
դ. ձեռագրացուցակների, մատենագիտական ուղեցույցերի, գիտական հանդեսների, բնագրերի և ուսումնասիրությունների, ալբոմների, բուկլետների և այլ գիտական ու քարոզչական-գովազդային նյութերի պատրաստումն ու հրատարակումը.
2) հայագիտության և միջնադարագիտության բնագավառներում հիմնարար ծրագրերի և հետազոտությունների իրականացումը.
3) համանման գործունեություն ծավալվող օտարերկրյա գիտական շրջանակների (այդ թվում` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց) հետ փոխշահավետ կապի հաստատումը, զարգացումը, փորձի փոխանակումը, համագործակցությունը.
4) գիտական կադրերի պատրաստումը:
(16-րդ կետը փոփ. 22.12.16 թիվ 1319-Ն որոշում)
17. Մատենադարանն իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով`
1) կազմակերպում է հայերեն և այլալեզու հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի վերաբերյալ գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլ համանման միջոցառումներ.
2) իրականացնում է գիտական և ուսումնամեթոդական գործառույթներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կազմակերպել գիտական աստիճան շնորհվող մասնագիտական խորհուրդ.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ կնքում է պայմանագրեր:
IV. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
18. Մատենադարանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, կարող է զբաղվել հրատարակչական, ցուցահանդեսային գործունեությամբ, ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թարգմանությամբ` օտար լեզուներով:
19. Մատենադարանը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում` լիցենզիա ստանալու պահից կամ դրանում նշված ժամկետում:
20. Մատենադարանը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացման համար: Այդ նպատակով Մատենադարանը կարող է հիմնել զարգացման, ձեռագրերի և այլ մշակութային արժեքների ձեռքբերման, աշխատողների խրախուսման, սոցիալական և կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ այլ հիմնադրամներ: Սույն կետով սահմանված հիմնադրամները խորհրդի որոշմամբ կարող են համալրվել նաև այլ ֆինանսական աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին:
21. Մատենադարանի կողմից պետությանը մատուցվող ծառայությունների աշխատանքների, ապրանքները և իր կարիքների համար գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(21-րդ կետը փոփ. 22.12.16 թիվ 1319-Ն որոշում)
V. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
22. Մատենադարանի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը և գործադիր մարմինը:
23. Մատենադարանի հիմնադիրն ունի Մատենադարանի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
24. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
1) Մատենադարանի հիմնադրումը.
2) Մատենադարանի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) Մատենադարանի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություն ու լրացում կատարելը.
4) Մատենադարանի վերակազմակերպումը և լուծարումը.
5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
25. Լիազորված պետական մարմինն իրականացնում է Մատենադարանի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
26. Լիազորված պետական մարմինը`
1) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է Մատենադարանի կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
2) իրականացնում է Մատենադարանի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Մատենադարանի գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
4) հաստատում է Մատենադարանի տարեկան ծախսերի նախահաշիվները.
5) լսում է Մատենադարանի գործունեության մասին հաշվետվությունները և քննում գործունեության վերստուգման արդյունքները.
6) հաստատում է խորհրդի կազմը և նրա կանոնակարգը.
7) հաստատում է Մատենադարանին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
8) վերահսկողություն է իրականացնում Մատենադարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ և օրենքով սահմանված կարգով տալիս է համաձայնություն` նրա գույքի օտարման համար.
9) հաստատում է Մատենադարանին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության հանձնումը և դրա ժամկետները: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի.
10) նշանակում է Մատենադարանի լուծարման հանձնաժողով և հաստատվում լուծարում հաշվեկշիռը.
11) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
27. Մատենադարանի կոլեգիալ կառավարման մարմինը Մատենադարանի խորհուրդն է:
28. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Մատենադարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման մարմինների, պետական և ոչ պետական, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
29. Խորհրդի անհատական կազմը սահմանվում է Մատենադարանի և հաստատվում լիազորված պետական մարմնի կողմից: Խորհրդի անդամների թվակազմը սահմանվում է 39 անձ:
30. Մատենադարանի գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող լինել խորհրդի անդամ և խորհրդի նիստերին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
31. Խորհրդի աշխատակազմի թվաքանակը սահմանում է խորհրդի կանոնակարգով:
32. Մատենադարանի խորհուրդը`
1) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Մատենադարանի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
2) իրականացնում է Մատենադարանի գործադիր մարմնի գործունեության նկատմամբ ընթացիկ վերահսկողությունը.
3) համաձայն խորհրդի կանոնակարգի` կազմակերպում և իրականացնում է Մատենադարանի գործադիր մարմնի ղեկավարի ընտրությունը, մասնաճյուղի ղեկավարի ընտրությունները.
4) համաձայն լիազորված պետական մարմնի կողմից հաստատված կանոնակարգի` իր կազմից ընտրում է կոլեգիալ կառավարման մարմնի ղեկավարին և սահմանում նրա լիազորությունները.
5) հաստատում է Մատենադարանի տարեկան հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունները.
6) հաստատում է Մատենադարանի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
7) քննարկում է ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի արդյունքները.
8) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
(32-րդ կետը փոփ. 22.12.16 թիվ 1319-Ն որոշում)
33. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր տարվա երրորդ ամսվա վերջը ներառյալ: Արտահերթ նիստեր գումարվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով կամ խորհրդի նախագահի որոշմամբ:
34. Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել, եթե դրա նիստերին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
35. Խորհրդի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
36. Մատենադարանի ընթացիկ գործունեության անմիջական կառավարումը կատարվում է գործադիր մարմնի` Մատենադարանի տնօրենի (այսուհետ` տնօրեն) կողմից, որի ընտրությունն ու նշանակումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
37. Տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ղեկավարում է Մատենադարանի գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմին որոշումների, Մատենադարանի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
38. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են տնօրենի իրավասությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր հիմքերը և դրույթները:
39. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Մատենադարանին և (կամ) պետությանը պատճառած վնասի համար:
40. Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Տնօրենի լիազորությունները դադարեցնող անձը կամ կոլեգիալ կառավարման մարմնի ղեկավարը պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել նաև տնօրենի կողմից Մատենադարանին և (կամ) պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով Մատենադարանին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար տնօրենի լիազորությունները դադարեցրած պաշտոնատար անձը և (կամ) խորհրդի անդամները կրում է (կրում են) լրիվ գույքային պատասխանատվություն:
42. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
43. Տնօրենը պարտավոր չէ կատարել հիմնադրի, լիազոր պետական մարմնի, խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
44. Տնօրենը`
1) ընտրվում է հինգ տարի ժամկետով.
2) իրականացնում է Մատենադարանի ընթացիկ և ամենօրյա գործունեության ղեկավարումը.
3) առանց լիազորագրի հանդես է գալիս Մատենադարանի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր և գործարքներ.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի ու խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Մատենադարանի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
5) տալիս է Մատենադարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
6) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Մատենադարանի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու կարգապահական տույժեր.
7) համաձայնեցնելով խորհրդի հետ` նշանակում է Մատենադարանի հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին, դրանց ինքնուրույնաբար տալիս համապատասխան լիազորագրեր.
8) հաստատում է Մատենադարանի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը և գործառույթները կանոնակարգող ներքին փաստաթղթերը.
9) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
11) սահմանում է Մատենադարանի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները և հաստատում հաստիքացուցակն ու հաստիքների դրույքաչափերը.
12) սահմանում է Մատենադարանի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, ինչպես նաև ստորաբաժանումների կանոնակարգերը.
13) իր լիազորությունների սահմաններում հաստատում է Մատենադարանի տարեկան ծախսերի նախահաշիվների փոփոխությունները.
14) սահմանում է Մատենադարանին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով տրված, ինչպես նաև Մատենադարանի սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման նպատակային ուղղությունները.
15) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կարգադրություններ.
16) ընդունում կրտսեր և ավագ գիտական աշխատողի պաշտոն շնորհելու մասին որոշումներ.
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը չհակասող այլ լիազորություններ:
VI. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
45. Մատենադարանի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը, գիտական գործունեության հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման գործառույթները կանոնակարգելու նպատակով Մատենադարանում ստեղծվում է գիտական խորհուրդ, որը Մատենադարանի տնօրինությանը կից խորհրդակցական մարմին է:
46. Գիտական խորհրդի գործունեության կարգը սահմանվում է սույն կանոնադրությամբ և Մատենադարանի խորհրդի կողմից հաստատված գործունեության կանոնակարգով:
47. Գիտական խորհրդի կազմը սահմանվում է Մատենադարանի խորհրդի կողմից: Գիտական խորհրդի նախագահը Մատենադարանի տնօրենն է, իսկ քարտուղարը` Մատենադարանի գիտնական քարտուղարը:
48. Գիտական խորհուրդը`
1) քննարկում և տալիս է համաձայնություն Մատենադարանի գիտական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
2) քննարկում և հաստատում է գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման, խորհրդակցությունների ու նստաշրջանների պլանների նախագծերը.
3) քննարկում և հաստատում է Մատենադարանի գիտական ու գիտակազմակերպչական գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները.
4) քննարկում է կարևորագույն գիտական հիմնախնդիրները, գիտական զեկուցումները և հաստատում է Մատենադարանի գիտական աշխատանքների արդյունքները.
5) քննարկում է Մատենադարանի միջազգային գիտական համագործակցության հարցերը, օտարերկրյա գիտական հիմնարկների հետ համատեղ տարվող հետազոտությունների կատարման ընթացքը, ինչպես նաև լսում Մատենադարանի աշխատողների հաշվետվություններն արտասահմանյան գիտական գործուղումների մասին.
6) քննարկում է գիտական կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման հետ կապված հարցերը, պարբերաբար լսում գիտնականների հաղորդումները գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքների մասին, քննում և հաստատում է ասպիրանտների ու գիտական աստիճան հայցողների թեկնածուական ատենախոսությունների թեմաները, տալիս է դրանց վերաբերյալ երաշխավորություններ.
7) իր գործունեության ոլորտի բարձրարժեք գիտական աշխատությունները, գիտական հայտնագործություններն ու գյուտերն առաջադրում է պետական և այլ մրցանակների շնորհման:
49. Գիտական խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է տարեկան հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Տարեկան նիստերը հրավիրվում են առնվազն տարեկան երկու անգամ` յուրաքանչյուր տարվա առաջին և չորրորդ եռամսյակների ընթացքում: Արտահերթ նիստեր գումարվում են գիտական խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով կամ խորհրդի նախագահի որոշմամբ:
50. Գիտական խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստերին ներկա է նրա կազմի առնվազն կեսը:
51. Գիտական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդն այլ որոշում չի ընդունել:
52. Գիտական խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է գիտական խորհրդի` նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությունը:
VII. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
53. Մատենադարանի գույքը բաղկացած է`
1) սեփականության իրավունքով իրեն հանձնված գույքից.
2) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված գույքից.
3) իր գործունեության արդյունքում, նվիրատվություններից և օրենքով չարգելված և այլ օրինական ճանապարհով ձեռք բերված գույքից:
54. Մատենադարանն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իրավունքներն օտարելու, գրավ դնելու կամ հանձնելու անհատույց օգտագործման:
55. Մատենադարանին ամրացված գույքի օգտագործումից առաջացած եկամուտները Մատենադարանի սեփականությունն են:
56. Մատենադարանին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
57. Մատենադարանի ֆինանսական միջոցները ձևավորվում են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված միջոցներից.
2) ձեռնարկատիրական գործունեության իրականացումից առաջացած միջոցներից.
3) միջազգային և այլ ծրագրերի կատարումից.
4) միջազգային և այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացված գործունեության արդյունքում առաջացած միջոցներից.
5) բարեգործական ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից և այլ համանման աղբյուրներից առաջացած միջոցներից.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
58. Մատենադարանի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` հիմնադրի, լիազորված պետական մարմնի, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական մարմինների կողմից:
VIII. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
59. Մատենադարանը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Մատենադարանը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
60. Մատենադարանը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
61. Մատենադարանի լուծարմամբ` նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
62. Մատենադարանը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
63. Մատենադարանը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
64. Մատենադարանի լուծարման դեպքում Մատենադարանի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: