Հաստատված է Համաձայնեցված է`
ՀՀ Հարկային պետական ՀՀ ֆինանսների ՀՀ արդարադատության
տեսչություն նախարարություն նախարարություն
22.04.92թ. 22.04.92թ. 22.04.92թ.
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
i
Շահութահարկի հաշվարկման և բյուջե
վճարման կարգի մասին
Սույն հրահանգը մշակված է ի կատարումն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի:
Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա իրավաբանական անձանց և քաղաքացիների մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև հանրապետությունում գործունեության իրականացումից շահույթ ստացող օտարերկրյա իրավաբանական անձանց վրա, մինչև նրանց համար շահութահարկի հաշվարկման և վճարման առանձին կարգի սահմանումը, տարածվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը, նախկին ԽՍՀՄ ֆինանսների նախարարության կողմից հաստատված համապատասխան հրահանգների դրույթներն այնքանով, որքանով չեն հակասում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ օրենսդրական այլ ակտերին, ինչպես նաև սույն հրահանգի դրույթները:
1. Հարկվող օբյեկտը և վճարողները
1. Շահութահարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հաշվեկշռային շահույթը, հաշվի առած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի համաձայն դրա ավելացումը (նվազեցումը):
Սույն հրահանգով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկություններն ու կազմակերպությունները (այսուհետև ձեռնարկություններ)` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացված շահույթի մասով:
Շահութահարկ վճարողներ են հանդիսանում`
ա) պետական ձեռնարկություններն ու կազմակերպությունները.
բ) բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները.
գ) արտադրական և սպառողական (սպասարկման) կոոպերատիվները.
դ) գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները.
ե) հասարակական ծառայությունների ձեռնարկությունները.
զ) դուստր ձեռնարկությունները.
է) սեփականության տարբեր ձևերի հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունները.
ը) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները և նրանց դուստր ձեռնարկությունները.
թ) ձեռնարկությունների տնտեսական միավորումները.
ժ) տնտեսական և այլ առևտրային գործունեություն իրականացնող միջազգային միավորումները, այլ երկրների տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունների ՀՀ տարածքում գտնվող մասնաճյուղերը.
ի) բյուջեի միջոցների հաշվին մասնակի կամ ամբողջությամբ ֆինանսավորվող կազմակերպությունները, որոնք ձեռնարկատիրական գործունեությունից ստացել են եկամուտներ:
2. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության և պաշտպանության նախարարության հիմնական գործունեությանը վերաբերող ձեռնարկությունների ու կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության երկաթգծի, ՀՀ պետական առևտրային, պետական բաժնետիրական արդյունաբերաշինարարական բանկերի և պետական ապահովագրական մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին ցանկով ներկայացվող ձեռնարկությունների գծով բյուջեի հետ շահութահարկի հաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առանձին ցուցումներով` մինչև սույն հրահանգի 18րդ կետում նշված ցանկի և կարգի հաստատումը:
II. Հարկվող շահույթի հաշվարկը
3. Հարկվող շահույթը հաշվարկվում է` ելնելով հաշվեկշռային շահույթից, որը արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների ու այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի և արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների (հանած այդ գործառնությունների վրա կատարված ծախսերը) գումարն է:
Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացվող շահույթը որոշվում է որպես արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) և դրանց արտադրության և իրացման ինքնարժեքի մեջ մտնող ծախսերի տարբերություն:
Ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի մեծությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
4. Արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների (ծախսերի) կազմի մեջ մտնում են`
ա) գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները.
բ) փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտները, եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախապես չեն հարկվել: Փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտների գծով հարկի հաշվարկումը և վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
գ) արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման հետ անմիջականորեն չկապված գործառնություններից ստացվող մյուս եկամուտները (ծախսերը), ներառյալ տուգանքների, տույժերի և բաց թողնված եկամտի ձևով ստացված ու վճարված գումարները և վնասների փոխհատուցման գումարները, ինչպես նաև տրված վարկի տոկոսները:
ՀՀ օրենսդրության համապատասխան բյուջե մուծված տնտեսական պատժամիջոցները` մասնավորապես հարկային մարմինների կողմից կիրառվող ֆինանսական պատժամիջոցները, բյուջե ժամանակին չմուծված վճարումների համար տույժերը և այլ տեսակի պատժամիջոցների գումարները վերագրվում են ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին:
դ) այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից անհատույց ստացված գումարները, երբ դրանք չեն իրականացնում համատեղ գործունեություն (բացառությամբ հիմնադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրական ֆոնդին փոխանցված գումարների):
Ընդ որում արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտներ չեն համարվում.
- հասարակական, այդ թվում` բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, միությունների, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի, սոցիալական ապահովության կազմակերպությունների և հիմնարկների կողմից իրենց ապարատի պահպանման կամ կանոնադրական ֆոնդի համալրման, կանոնադրական այլ նպատակների իրականացման համար անհատույց ստացված գումարները, նպատակային մասհանումները, անդամավճարները և այլ համանման վճարումները,
- քաղաքացիներից կամավոր հանգանակությունների և վճարների ձևով ստացված անհատույց գումարները,
- ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի հաշվին նրանց կողմից համատեղ գործունեության իրականացման նպատակով միավորվող միջոցները: Համատեղ գործունեությունը կարգավորվում է Քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության այլ նորմատիվ ակտերով: Համատեղ գործունեությունը կարող է իրականացվել այդ նպատակի համար ստեղծվող իրավաբանական անձի միջոցով կամ առանց դրա: Վերջին դեպքում այն իրականացվում է մասնակիցների միջև կնքվող համատեղ գործունեության մասին պայմանագրի հիման վրա: Պայմանագրի համաձայն կողմերը պարտավորվում են միավորել իրենց գույքը և գործողությունները ընդհանուր տնտեսական կամ այլ նպատակների հասնելու համար, պայմանավորվում են որևէ մասնակցի կողմից ընդհանուր գործերի վարման ու հաշվառման իրականացման և մյուս մասնակիցների կողմից դրա համար համապատասխան լիազորությունների տրամադրման, շահույթների բաշխման և այլ հարցերի մասին:
5. Շահույթը որոշելիս արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվում են`
ա) նյութական ծախսերը.
բ) հիմնական արտադրական ֆոնդերի լրիվ վերականգնման մասով ամորտիզացիոն մասհանումները.
գ) աշխատանքի վարձատրման ծախսերը.
դ) վարձակալական վճարը.
ե) գույքի պարտադիր ապահովագրման վճարումները.
զ) պետական սոցիալական և բուժապահովագրության վճարումները.
է) կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները (բացի ժամկետանց և տարկետված վարկերից).
ը) արտադրանքի արտադրության և իրացման մյուս ծախսերը (ներառյալ հիմնական արտադրական ֆոնդերի բոլոր տեսակի նորոգման ծախսերը):
Ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտնող ծախսերի որոշման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 1992թ. ապրիլի 16-ի թիվ 238 որոշմամբ, ՀՀ հարկային պետական տեսչության, ՀՀ ֆինանսների նախարարության, այլ իրավասու գերատեսչությունների հրահանգներով և հրահանգչական ցուցումներով:
Տնտեսության առանձին ճյուղերում, ինչպես նաև տնտեսական ու այլ առևտրային գործունեության տարբեր բնագավառներում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմի առանձնահատկությունները որոշվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վերջինիս հանձնարարությամբ կառավարման պետական լիազորված մարմնի կողմից առանձին ծախսերի համար սահմանված են նորմաներ, ապա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման ծախսերի մեջ ներառվող գումարները նախատեսվում են այդ նորմաների շրջանակներում:
6. Այն դեպքում, երբ ստացված շահույթի որոշումն անհնար է (հաշվապահական հաշվառման բացակայության, հաշվառումը սահմանված կարգով չվարելու, հաշվետվությունը սահմանված ձևով չներկայացնելու կամ աղավաղված ներկայացնելու) 1992 թվականի հունվարի 4-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակաշրջանում պետք է ղեկավարվել ՀՀ կառավարության 1992 թվականի փետրվարի 6-ի թիվ 87 որոշմամբ առանձին վճարողների համար սահմանված ճյուղային շահութաբերության նորմաներով, իսկ ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանում ՀՀ Գերագույն խորհրդի մայիսի 19-ի որոշմամբ սահմանված շահութաբերության 30 տոկոս նորմայով:
i
7. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը (հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը) նվազեցվում է`
ա/ հողի հարկի չափով.
բ/ գույքահարկի չափով.
գ/ շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
/խմբ. 19.02.97 թիվ 104 հրաման/
III. Շահութահարկի դրույքաչափերը
8. Հարկվող շահույթից շահութահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
Հարկվող շահույթի տարեկան Շահութահարկի դրույքաչափը
գումարը (դրամ)
Մինչև 360 դրամ 12 տոկոս
361 դրամից մինչև 720 դրամ 43,2 դրամ, գումարած 360 դրամին
գերազանցող գումարի 18%
721 դրամից մինչև 1080 դրամ 108 դրամ, գումարած 720 դրամին
գերազանցող գումարի 25%
1081 դրամ և ավելի 198 դրամ, գումարած 1080 դրամին
գերազանցող գումարի 30%
9. Բանկերը, այլ ֆինանսավարկային, ինչպես նաև ապահովագրական կազմակերպությունները շահութահարկ վճարում են 45 տոկոս դրույքաչափով: Շահումներով խաղերի (այդ թվում խաղատներում անցկացվող) և վիճակախաղերի կազմակերպումից ու անցկացումից ստացված շահույթի դիմաց շահութահարկ վճարվում է 70 տոկոս դրույքաչափով:
Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել շահութահարկի այլ դրույքաչափեր ու չափեր, հաստատագրված վճարումներ, դրանց հաշվարկման ու վճարման կարգը և արտոնություններ:
10. Տնտեսական ու այլ առևտրային գործունեության մի քանի տեսակ (այդ թվում` շահութահարկի հաստատագրված վճարով հարկման ենթակա գործունեություն) իրականացնող ձեռնարկությունները օրենսդրությամբ սահմանված կարգով շահութահարկ վճարում են գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին` սահմանված դրույքաչափերով: Այդ նպատակով, վճարողի կողմից ըստ գործունեության առանձին տեսակների պետք է տարվի շահույթի հաշվառում:
Այն դեպքում, երբ ըստ գործունեության տեսակների շահույթի առանձնացված հաշվառումը բացակայում է, ողջ շահույթը (անկախ բյուջե մուծվելիք հաստատագրված վճարի գումարից) հարկվում է գործունեության այդ տեսակների համար օրենսդրությամբ սահմանված շահութահարկի ամենաբարձր դրույքաչափով:
IV. Շահութահարկը բյուջե հաշվանցելու կարգը
11. Շահութահարկի բաշխումն ըստ հանրապետական և տեղական բյուջեների իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող առանձնացված ստորաբաժանումների կողմից ստացված շահույթի գումարները մտցվում են այդ ձեռնարկությունների շահույթի ընդհանուր գումարի մեջ և հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկման և վճարման ժամանակ:
Մի քանի վարչատարածքային միավորներում գտնվող հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկը հաշվանցվում է հանրապետական բյուջեի եկամուտներին և կարող է մասհանվել համապատասխան շրջանային ու քաղաքային բյուջեների եկամուտներին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից տվյալ տարվա հանրապետական բյուջեի հաստատման ժամանակ սահմանվող նորմատիվներով (չափերով):
Տեղական տնտեսության կազմի մեջ մտնող (տեղական ինքնակառավարման) ձեռնարկությունների շահութահարկն ամբողջությամբ հաշվանցվում է համապատասխան քաղաքային և շրջանային բյուջեների եկամուտներին:
Վարչատարածքային ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների շահութահարկի սահմանազատումը շրջանային, ավանային, գյուղական, շրջանային ենթակայության քաղաքների ու նրանց շրջանների բյուջեների միջև սահմանվում է համապատասխան խորհուրդների կողմից:
13. Հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկը հաշվանցվում է բյուջեի եկամուտների դասակարգման հատված 2, պարագրաֆ 1, իսկ տեղական ենթակայության ձեռնարկությունների գծով` հատված 2, պարագրաֆ 2:
V. Շահութահարկի արտոնությունները
14. Շահութահարկի վճարումից ազատվում են`
ա) ձեռնարկությունները և կազմակերպությունները` գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով, բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:
Գյուղատնտեսական գործունեության գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից: Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում:
բ) նոր ստեղծված ձեռնարկությունները` պետական գրանցում ստանալուն հաջորդող առաջին երկու տարում:
Մինչև եռամյա ժամկետի ավարտը ձեռնարկության լուծարման դեպքում հարկի գումարը հաշվարկվում է լրիվ չափով` դրա գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:
Նշված արտոնությունը չի տարածվում պետական ձեռնարկությունների, վերակազմավորված, այդ թվում` նաև սեփականաշնորհված ձեռնարկությունների, լուծարված ձեռնարկությունների, դրանց բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիման վրա ստեղծված ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված ցուցակով նախատեսված գործունեության առանձին տեսակներ իրականացնող ձեռնարկությունների վրա:
Աղետի գոտում ՀՀ կառավարության ներկայացրած և ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հաստատված ցանկով շրջաններում և բնակավայրերում գործունեություն իրականացնող շինարարական ձեռնարկությունները 1992 թվականի ապրիլի 1-ից մինչև 1994 թվականը շինարարական աշխատանքների գծով ազատվում են շահութահարկի վճարումից, իսկ 1994-1996թթ.` շահութահարկի վճարումից 50 %-ի չափով:
15. Սույն հրահանգի 3-7-րդ կետերին համապատասխան հաշվարկված շահույթը նվազեցվում է`
ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հասարակական, այդ թվում` բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների դուստր ձեռնարկությունների այն շահույթի չափով, որն այդ կազմակերպություններին է տրամադրվում իրենց կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար.
բ)
գ) տեխնիկական վերազինման և վերակառուցման, արտադրության ընդլայնման, նոր արտադրանքի և տեխնոլոգիայի յուրացման վրա ձեռնարկության կապիտալ ներդրումների գումարների չափով.
դ)
ե)
զ)
է) բարեգործական և այլ բնույթի ֆոնդեր մուծված, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի ու սպորտի, սոցիալական ապահովության և այլ ձեռնարկություններին, հիմնարկների ու կազմակերպություններին փոխանցված շահույթի գումարի չափով, բայց սույն հրահանգին համապատասխան սահմանված հարկվող շահույթի 10 տոկոսից ոչ ավելի:
Նշված ֆոնդերի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:
ը) այն ձեռնարկությունների շահույթի ողջ գումարի չափով, որոնցում աշխատողների ընդհանուր թվակազմի առնվազն 50 տոկոսը հաշմանդամներ են կամ շահույթի գումարի 50 տոկոսի չափով` եթե հաշմանդամների թիվը կազմում է ձեռնարկությունում աշխատողների ընդհանուր թվակազմի 30-50%:
թ) ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվող պահեստային կամ նշանակությամբ այլ համանման ֆոնդերին շահույթից մասհանվող գումարի չափով, մինչև այդ ֆոնդերը հասնեն հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափերին, բայց փաստացի ձևավորված կանոնադրական ֆոնդի 25 տոկոսից ոչ ավելի:
ժ) պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամտի չափով:
16.
17. Տրված արտոնությունների հետևանքով բյուջե մուծվելիք շահութահարկի նվազումը չպետք է գերազանցի 60 տոկոսից, բացառությամբ սույն հրահանգի 14-րդ կետով, ինչպես նաև 15-րդ կետի «ա» և «ը» կետերով նախատեսված դեպքերի:
VI. Հարկի հաշվարկման կարգը և վճարման ժամկետները
18. Վճարողները հարկի գումարները, ելնելով հարկվող շահույթի չափից, որոշում են ինքնուրույն` հաշվի առնելով վերապահված արտոնությունները և հարկի դրույքաչափերը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել այն նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին և կազմակերպություններին թույլատրվում է շահութահարկի վճարումը, հաշվարկների ու հաշվետվությունների ներկայացումը կատարել կենտրոնացված կամ դրանց համար սահմանված հատուկ կարգով:
19. Եռամսյակի ընթացքում վճարողների կողմից կատարվում են շահութահարկի կանխավճարներ, բացառությամբ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող և սեզոնային բնույթի արտադրություն ունեցող մյուս ձեռնարկությունների, ինչպես նաև այն վճարողների, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկը:
Այն դեպքերում, երբ նախորդ եռամսյակի փաստացի շահույթը բացակայում է (նոր կազմավորված ձեռնարկություն է կամ, եթե ձեռնարկությունը ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացել է վնաս), շահութահարկի կանխավճարի չափը որոշում է ձեռնարկությունը` հաշվի առնելով ընթացիկ տարվա պլանային ֆինանսական ցուցանիշները, կամ սպասվելիք շահույթի մեծությունը:
20. Բյուջե շահութահարկի կանխավճարների մուծումները կատարվում են եռամսյակի ընթացքում վեց անգամ, նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարի 1/6-ի չափով, հավասար բաժիններով, յուրաքանչյուր ամսվա 15-ից և 28-ից ոչ ուշ: Ընդ որում մինչև սույն հրահանգի 22-րդ կետում նշված ժամկետներում նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարների հաշվարկումը ձեռնարկությունը շահութահարկի կանխավճարների չափը որոշում է ինքնուրույնաբար` ելնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշներից: Հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է կանխավճարների գումարների ճշտում` եռամսյակի սկզբից աճող հանրագումարով և սույն կետում նշված չափերով:
Առաջին եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա և տարվա ավարտից հետո վճարողը, ելնելով փաստացի հարկվող շահույթից, տարեսկզբից աճող հանրագումարով հաշվարկում է հարկի գումարը:
Շահութահարկի կանխավճարի և փաստացի շահութահարկի գումարի որոշման օրինակները բերվում են թիվ 2 հավելվածում:
21. Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող և սեզոնային բնույթի արտադրություն ունեցող մյուս ձեռնարկությունները, ինչպես նաև այն վճարողները, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկը, հարկը որոշում են եռամսյակը մեկ` տարեսկզբից աճող հանրագումարով, հաշվանցելով նախորդ եռամսյակների համար հաշվարկված հարկի գումարը:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք շահութահարկը որոշում և շահութահարկի հաշվարկ են ներկայացնում միայն տարեկան արդյունքներով, իսկ տարվա ընթացքում կատարում են շահութահարկի եռամսյակային կանխավճարի մուծումներ` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Եռամսյակային կանխավճարը որոշում է ձեռնարկությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշները:
22. Շահութահարկ վճարողները իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին ներկայացնում են եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ, շահութահարկի հաշվարկներ (սույն հրահանգի թիվ 1 հավելվածում նշված ձևով), ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր: Ընդ որում`
ա/ եռամսյակային հաշվապահական հաշվետվություններ ու շահութահարկի հաշվարկներ ձեռնարկությունների կողմից ներկայացվում են մինչև եռամսյակի հաջորդող ամսվա 25-ը, իսկ սույն հրահանգի 18-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ցանկում ընդգրկված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից` մինչև հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 15-ը.
բ/ տարեկան հաշվապահական հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկներ ձեռնարկությունների կողմից ներկայացվում են մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, իսկ սույն հրահանգի 18-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ցանկում ընդգրկված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից` մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը:
գ/ ՀՀ և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունները և օտարերկրյա իրավաբանական անձինք հաշվետվություններ և հաշվարկներ ներկայացնում են միայն տարեկան արդյունքներով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Բաժնետիրական ընկերություններն ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները տարեկան հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկների հետ մեկտեղ հարկային մարմնին ներկայացնում են տեղեկություններ բաժնետերերի և փայատերերի դիվիդենտների մասին:
Մինչև օրացուցային տարին ավարտելը գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
23. Փաստացի շահույթից հաշվարկված շահութահարկի գումարը վճարողների կողմից մուծվում է բյուջե ինքնուրույն եռամսյակային հաշվապահական հաշվետվությունների ու հաշվեկշիռների ներկայացման համար սահմանված օրվանից հնգօրյա, իսկ տարեկան հաշվարկներով` տարեկան հաշվապահական հաշվետվությունների ու հաշվեկշիռների ներկայացման համար սահմանված օրվանից տասնօրյա ժամկետում:
24. Եթե հարկային մարմնի կողմից հաշվարկների ստուգման արդյունքներով կհաստատվի, որ շահութահարկի մուծումը բյուջե ենթակա է ավելի մեծ գումարով, քան ցույց է տրված վճարողի հաշվարկներում, վերահաշվարկման արդյունքներով լրացուցիչ հաշվարկված հարկի գումարի բյուջե մուծումը կկատարվի հարկային մարմնին հայտնի դառնալու օրվանից 10-օրյա ժամկետում, իսկ տույժը 0,5 տոկոսի չափով կհաշվարկվի հաշվապահական հաշվետվությունների ու հաշվեկշիռների ներկայացման համար սահմանված օրվանից 5-օրյա ժամկետը լրանալուց հետո:
25. Հարկի այն գումարները, որոնք ավել են վճարվել դրանց սխալ հաշվարկման կամ իրավասու պետական մարմինների կողմից հարկի գանձման սահմանված կարգի խախտման հետևանքով, ենթակա են վերադարձման կամ հաշվանցման, վճարողի ցանկությամբ, վճարելիք այլ գումարների հաշվին, այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` ավել վճարելու օրվան հաջորդող ոչ ավելի, քան երեք տարիների դիմաց` վճարողի գրավոր դիմումի համաձայն:
Հարկի ավելի վճարված գումարները վերադարձնելու մասին հարկային պետական տեսչության մարմիններին դիմում տալը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:
26. Շահութահարկի կանխավճարի և փաստացի շահույթից հաշվարկված հարկի գումարների բյուջե փոխանցման համար վճարման հանձնարարագրերը վճարողների կողմից ներկայացվում են բանկի հիմնարկներին մինչև վճարման ժամկետի լրանալը` հանրապետական և տեղական բյուջեների գծով առանձին առանձին:
Վճարողները շահութահարկը կարող են վճարել ինչպես Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական շրջանառության մեջ գտնվող դրամով, այնպես էլ` արտարժույթով:
Արտարժույթով գումարները կարող են վերահաշվարկվել Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային կուրսից:
27. Հաշվարկված և բյուջե մուտք եղած շահութահարկի և սույն հրահանգի 7-րդ բաժնում նախատեսված ֆինանսական պատժամիջոցների հաշվառումը հարկային մարմինների կողմից տարվում է անձնական հաշվի քարտերով:
VII. Վճարողների պարտականությունները և
պատասխանատվությունը
28. Շահութահարկ վճարողները պարտավոր են`
ա) սահմանված կարգով տանել ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառումը և հարկային մարմիններին ներկայացնել հաշվապահական հաշվետվություններն ու հաշվեկշիռները, շահութահարկի հաշվարկները և դրա հաշվարկման ու վճարման հետ կապված այլ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ.
բ) ներկայացնել հարկային մարմիններին շահութահարկի գծով արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթեր.
գ) ժամանակին և լրիվ մուծել հանրապետական և տեղական բյուջեին հասանելիք շահութահարկի գումարը.
դ) թույլատրել հարկային մարմինների պաշտոնատար անձանց հետազոտելու ձեռնարկության համապատասխան շինությունները, տարածքը, որտեղ իրականացվում է շահույթի ստացման կամ հարկման օբյեկտների գործունեություն, ինչպես նաև կատարելու հարկի հաշվարկման և վճարման հարցերով ստուգումներ:
29. Ձեռնարկությունների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք պարտավոր են ստորագրել հարկային մարմնի կողմից կատարված ստուգման ակտը, իսկ դրանում նշված փաստերին չհամաձայնվելու դեպքում` ներկայացնել անհամաձայնության պատճառների գրավոր բացատրություն:
Նրանք պարտավոր են նաև կատարել բացահայտված խախտումները վերացնելու մասին հարկային մարմնի պահանջները:
30. Հարկի հաշվարկման ճշտության, ժամանակին բյուջե վճարման և հարկման գործող կարգի պահպանման համար պատասխանատվությունը դրվում է հարկը վճարողների և նրանց պաշտոնատար անձանց վրա:
31. ա) Այն վճարողները, որոնք մինչև հարկերի վճարման համար սահմանված ժամկետները համապատասխան ժամանակամիջոցի համար չունեն հաշվապահական հաշվետվություններ ու հաշվեկշիռներ, ինչպես նաև ըստ սահմանված ձևի հաշվարկներ, վճարում են նախորդ ժամանակաշրջանի եկամտի (շահույթի), իսկ դրա մասին տվյալների բացակայության դեպքում` ընթացիկ տարվա համապատասխան ֆինանսական ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարկի գումարի 110 տոկոսը:
Հիշյալ փաստաթղթերը ներկայացվելուց հետո կատարվում է հարկերի վերահաշվարկ:
Հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, հաշվարկները և հայտարարագրերը սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշացնելու դեպքում վճարողից գանձվում է տույժ 2 ամիսը գերազանցող յուրաքանչյուր օրվա համար` հարկի գումարի (սույն կետի առաջին պարբերությամբ որոշվող հարկի գումարի) 5 տոկոսի չափով:
բ) Հաշվապահական հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու, հաշվարկները, հայտարարագրերը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերը սխալ կազմելու համար վճարողը բյուջե է մուծում տուգանք հարկի գումարի 10 տոկոսի չափով:
32. Շահույթի գումարները թաքցնելու (պակաս ցույց տալու) դեպքում վճարողից գանձվում է թաքցված (պակաս ցույց տրված) շահույթի համար նախատեսված հարկի ամբողջ գումարը, ինչպես նաև տուգանք նույն գումարի չափով, իսկ կատարված ստուգումներից հետո մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում տուգանք` այդ գումարի կրկնակի չափով: Թաքցված (պակաս ցույց տրված) շահույթի համար նախատեսված հարկի, ինչպես նաև տուգանքի գումարները փոխանցվում են ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին, հարկային մարմինների կողմից բացահայտված խախտումների մասին ստուգման ակտ կազմելու օրվանից ոչ ուշ քան 10-օրյա ժամկետում:
33. Շահույթը թաքցնելու (պակաս ցույց տալու), ինչպես նաև հաշվապահական հաշվառման բացակայության կամ այն սահմանված կարգի խախտումով վարելու, հաշվապահական հաշվետվություններն աղավաղելու, շահութահարկի հաշվարկման և վճարման հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերը ժամանակին չներկայացնելու կամ ընդհանրապես չներկայացնելու դեպքում վճարողները պատասխանատվություն են կրում «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ այլ օրենսդրական ակտերին համապատասխան:
34. Սահմանված ժամկետում չմուծված հարկի գումարը, ինչպես նաև թաքցված (նվազեցված) շահույթից հասանելիք հարկի և վերջինիս չափով տուգանքի գումարները գանձվում են հարկային մարմնի կարգադրությամբ` անվիճելի կարգով:
Ժամանակին չվճարված շահութահարկի գումարը գանձվում է բյուջե պարտքի ամբողջ ժամանակամիջոցի համար, միաժամանակ յուրաքանչյուր ժամկետանց օրվա (ներառյալ վճարման օրը) համար հաշվարկելով ապառքի գումարի 0.5 տոկոսի չափով տույժ:
35.
VIII. Հայաստանի Հանրապետության հարկային պետական
տեսչության մարմինների վերահսկողությունը
36.»Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացվում է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
37.Շահութահարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ցուցումներն ու կարգադրությունները չկատարելու դեպքում սահմանվում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության գործող հարկային օրենսդրությանը համապատասխան:
IX. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության
մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը
38. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին այդ անձինք անմիջականորեն ենթարկվում են: Գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում:
Այդ կապակցությամբ ընդունված որոշումները կարող են գանգատարկվել վերադաս հարկային մարմնին կամ դատարան` գանգատարկողին որոշման կրկնօրինակը հանձնելու օրվանից մեկամսյա ընթացքում:
Հարկային պետական տեսչության մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանք նշանակելու հետ, կատարվում են վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
39. Գանգատարկումը չի դադարեցնում շահութահարկի գանձումը:
Գանգատը քննության առնող մարմինը իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գումարների գանձումը:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ
ՀԱՇՎԱՐԿ
i
ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
/խմբ. 19.02.97 թիվ 104 հրաման/
________________________________________________ գծով
(ձեռնարկության, կազմակերպության անվանումը)
199 Թ. ________________________________________ համար
(եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի)
/հազ.դրամ/
.________________________________________________________________________.
|թիվ | Ցուցանիշը |Վճարողի | Հարկային |
|թիվ | |տվյալները | տեսչության|
| | | | տվյալներով|
|____|___________________________________________|___________|___________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____|___________________________________________|___________|___________|
| 1 |Հաշվեկշռային շահույթը (ընդամենը) -------- | | |
| | | | |
| 2 |Հաշվեկշռային շահույթը նվազեցվում է | | |
| |ա/ հողի հարկ ---------------------------- | | |
| |բ/ գույքահարկ --------------------------- | | |
| |գ/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շահույթի | | |
| | հաշվին վճարվող այլ հարկեր և | | |
| | վճարներ ------------------------------ | | |
| |դ/ արտոնություններ շահութահարկի գծով ---- | | |
| | | | |
| 3 |Հարկվող շահույթը (տող 1- տող 2) --------- | | |
| | | | |
| 4 |Շահութահարկի դրույքաչափը ---------------- | | |
| | | | |
| 5 |Շահութահարկի գումարը -------------------- | | |
| | | | |
| 6 |Հաշվարկված է շահութահարկ ---------------- | | |
| | | | |
| 7 |Ենթակա է լրացուցիչ վճարման -------------- | | |
| | | | |
| 8 |Ենթակա է պակասեցման --------------------- | | |
.________________________________________________________________________.
Հաշվեկշռի ներկայացման համար սահմանված ժամկետը.
ա/ եռամսյակային
բ/ տարեկան
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ «ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ» -Ի
i
(հավելված N1) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
/խմբ. 19.02.97 թիվ 104 հրաման/
i
1. Հարկվող շահույթի որոշման նպատակով հաշվեկշռային շահույթից հանվող և հաշվարկի 2-րդ տողի «դ» կետում արտացոլվող գումարների համար վճարող ձեռնարկությունը (կազմակերպությունը) իր գտնվելու վայրի հարկային տեսչությանն է ներկայացնում շահութահարկի գծով վերապահվող առանձին արտոնությունների հաշվարկներ (տեղեկանք):
2. Հաշվարկի 4-րդ տողում շահութահարկի դրույքաչափը սահմանվում է սույն հրահանգի 8-9 կետերի համաձայն:
3. Հաշվարկի 6-րդ տողում արտացոլված գումարների մեջ մտնում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին եռամսյակի կանխավճարների և տվյալ տարվա նախորդ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով փաստացի հաշվարկված շահութահարկի գումարները:
i
Հավելված 2 «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի
ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ
i
Կազմակերպության շահութահարկի գումարը 1994թ. առաջին եռամսյակում կազմել է 1800 դրամ:
1994թ. երկրորդ եռամսյակում կանխավճարներ կատարվելու են եռամսյակի ընթացքում 6 անգամ յուրաքանչյուր անգամ 300 դրամի չափով, երկրորդ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա 15-ից և 28-ից ոչ ուշ, ընդհանուր գումարով` 1800դրամ:
Ընդ որում, մինչև ապրիլի 25-ը (ձեռնարկությունների և կազմակերպությունների համար գործող օրենսդրությամբ 1994թ. առաջին եռամսյակի հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետը) կազմակերպությունը կանխավճարի չափը որոշելու էր ինքնուրույնաբար` ելնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշներից: Ենթադրենք վերջինս ապրիլի 15-ի ժամկետով հաշվարկել է 250 դրամի չափով կանխավճար:
1994թ. առաջին եռամսյակի հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացմանը (ապրիլի 25-ին) հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ (ապրիլի 28-ից) ոչ ուշ` երբ արդեն հայտնի է առաջին եռամսյակի փաստացի շահութահարկի գումարը (1800 դրամ) կատարվում է ապրիլ ամսվա կանխավճարի գումարի (600 դրամ) ճշտում` ապրիլի 28-ի ժամկետով մուծելով 350 դրամ, որից հետո մայիս-հունիս ամիսներին վճարումները կատարվում են հավասար չափերով` 4 անգամ նշված ամիսների 15-ից և 28-ից ոչ ուշ, յուրաքանչյուր անգամ 300 դրամի չափով:
ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ
ՕՐԻՆԱԿ
Ձեռնարկության ընթացիկ տարվա փաստացի հարկվող շահույթը կազմել է 15000 դրամ,
այդ թվում`
1-ին եռամսյակում 1000 դրամ
6 ամսում 6000 դրամ
9 ամսում 13000 դրամ
Կանխավճարների գումարը ընթացիկ տարում ըստ եռամսյակների կազմել են համապատասխանաբար`
1-ին եռամսյակում 200 դրամ 3-րդ եռամսյակում 1500 դրամ
2-րդ եռամսյակում 300 դրամ 4-րդ եռամսյակում 2100 դրամ
Փաստացի շահութահարկը կկազմի`
(դրամ)
-----------------------------------------------------------------------
|1-ին |6 ամիս |9 ամիս |տարի
|եռ. | | |
------------------------------------------------------------------------
1. Հարկվող շահույթը | 1000 | 6000 | 13000 | 15000
2. Շահութահարկի փաստացի | | | |
գումարը | 178 | 1674 | 3774 | 4374
3. Հաշվարկված է եղել | 200 | 478 | 3174 | 5874
4. Ենթակա է լրացուցիչ | | | |
վճարման (+) | | +1196 | +600 |
պակասեցման (-) | -22 | | | -1500
--------------------------------------------------------------------------
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
29.06.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960037