24.03.2007 - 16.05.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի ապրիլի 16-ին
i
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, իրավական հիմքերն ու սկզբունքները, պարտականությունները և իրավունքները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության վերահսկողության սկզբունքները:
(նախաբանը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Ոստիկանության հասկացությունը |
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական կառավարման մարմին է (այսուհետ` ոստիկանություն), որը սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խնդիրներն իրականացնելիս սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում ունի հարկադրանք կիրառելու իրավունք:
(1-ին հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 2. |
Ոստիկանության խնդիրները |
Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`
1) մարդու անվտանգությունը` սույն օրենքով նախատեսված դեպքերում.
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը.
4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.
6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը:
Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն սույն օրենքով:
(2-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 3. |
Ոստիկանության գործունեության սկզբունքները |
Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:
Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:
Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ:
(3-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 4. |
Ոստիկանության գործունեության իրավական կարգավորումը |
Ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով ոստիկանության վրա դրվող պարտականությունները պետք է համապատասխանեն սույն օրենքի 2-րդ հոդվածում թվարկված խնդիրներին:
(4-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
i
Հոդված 5. |
Ոստիկանության գործունեությունը և մարդու անձեռնմխելիության երաշխիքները |
Ոստիկանությունը պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգումների, բռնության, այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:
Ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում:
Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:
Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր: Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում, տեղյակ պահել նրանց հարազատներին, իսկ նրանց բացակայության դեպքում` աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին` նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում նրանց բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:
Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Ոստիկանությունն իրավասու չէ հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
(5-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 6. |
Ոստիկանության խնդիրների կատարմանը ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին, եռամսյա ուսումնական փորձաշրջան և վերապատրաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը |
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները, ինչպես նաև եռամսյա ուսումնական փորձաշրջան և վերապատրաստում անցնող անձինք` ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով: Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների` օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(6-րդ հոդ. փոփ. 14.12.04 ՀՕ-4-Ն, 01.06.06 ՀՕ-123-Ն օրենքներ)
Հոդված 7. |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը` իր խնդիրներն իրականացնելիս |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատար անձինք հնարավոր աջակցություն են ցույց տալիս ոստիկանությանը` իր խնդիրներն իրականացնելիս:
Քաղաքացիները և իրավաբանական անձինք ոստիկանության խնդիրների իրականացմանը կարող են մասնակցել կամավորության սկզբունքով:
Հոդված 8. |
Ոստիկանության աշխատակիցների առանձին իրավունքների սահմանափակումը |
(8-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.07.2006 թվականից` 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 9. |
Ոստիկանության համակարգը և ղեկավարումը |
Ոստիկանության համակարգը բաղկացած է ոստիկանությունից, ոստիկանության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկներից:
Ոստիկանությունը բաղկացած է ոստիկանության կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներից, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններից և դրանց ենթակա բաժիններից:
Ոստիկանության կառուցվածքը և թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության կառուցվածքի և թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:
Ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը:
(9-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 21.02.07 ՀՕ-74-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ II
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. |
Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս |
Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`
1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից.
2) բժշկական հիմնարկներ բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց.
3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ.
4) միջոցներ ձեռնարկել դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ոստիկանության պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների, դատավարության այլ մասնակիցների և դատավարությանն աջակցող անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:
Ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործություններից և այլ իրավախախտումներից, դժբախտ դեպքերից տուժած, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու համար:
(10-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 11. |
Ոստիկանության պարտականությունները հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս |
Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`
1) կանխել և խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ.
2) ձեռնարկել միջոցներ հանցագործությունները հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ.
3) հարուցել քրեական գործեր, իրականացնել անհետաձգելի քննչական գործողություններ` հանցագործություն կատարած անձանց և հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրապնդելու, հանցագործությունը բացահայտելու նպատակով.
4) հարուցված քրեական գործերով իրականացնել նախնական քննություն, կասկածյալի ձերբակալում և օրենքով նախատեսված այլ գործողություններ, միջոցներ ձեռնարկել հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ.
5) հայտնաբերել հանցագործություն կատարած և հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից, պատիժը կրելուց խուսափող անձանց, անհայտ կորած անձանց, օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձանց, ինչպես նաև հափշտակված գույքը.
6) իրականացնել`
ա) վարչական իրավախախտումների դեպքերով գործերի վարույթ և վարչական ձերբակալում,
բ) քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող անձանց ու հափշտակված գույքի հետախուզում,
գ) պետական և հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ.
7) աջակցել`
ա) պատգամավորներին, պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս, եթե առանձին քաղաքացիներ չեն ենթարկվում այդ անձանց օրինական պահանջներին կամ խոչընդոտում են նրանց պաշտոնեական գործունեության իրականացմանը,
բ) ազգային անվտանգության մարմիններին` պետական իշխանության դեմ ուղղված ծանր հանցագործությունների դեմ պայքարելիս և ազգային անվտանգությանն ուղղված այլ միջոցառումներ իրականացնելիս,
գ) զինվորական կոմիսարիատներին` զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր իրականացնելիս,
դ) դատախազությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին` իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս:
Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք:
Ոստիկանությունն իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ պարտականություններ:
(11-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 12. |
Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս |
Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ):
(12-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
i
Հոդված 13. |
Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությունը պարտավոր է`
1) իրականացնել պետական վերահսկողություն`
ա) ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ,
բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.
2) կարգավորել ճանապարհային երթևեկությունը.
3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում.
4) իր իրավասության սահմաններում իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական հաշվառում.
5) ընդունել վարորդական վկայական ստանալու քննություններ և տալ տրանսպորտային միջոցներ վարելու ազգային վկայականներ.
6) տալ տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վկայականներ.
7) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում:
(13-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 21.02.07 ՀՕ-74-Ն օրենքներ)
Հոդված 14. |
Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս |
Ոստիկանությունը պարտավոր է`
1) օրենքով սահմանված կարգով լիցենզիա տալ քաղաքացիական և ծառայողական զենք ու դրա փամփուշտներ ձեռք բերելու, առևտրի, հավաքածուներ կազմելու և հավաքածուներ ցուցադրելու համար, քաղաքացիական և ծառայողական զենք պահելու, պահելու և կրելու, օգտագործելու, նշված զենքն ու փամփուշտները ներկրելու կամ արտահանելու, ինչպես նաև ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար ստացված մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվություններ.
2) վերահսկել քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա փամփուշտների, ինչպես նաև արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության` օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:
(14-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 15. |
Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս |
Ոստիկանությունը պարտավոր է`
1) ապահովել, այդ թվում` պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և գույքի պետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր.
2) անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի և գանձերի պահպանությունն ապահովելու ուղղությամբ, մինչև դրանք համապատասխան պետական մարմիններ կամ պաշտոնատար անձանց հանձնելը.
3) ապահովել գտնված և ոստիկանություն հանձնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեք և այլ գույքի պահպանությունը, միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգով դրանք օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ:
Հոդված 16. |
Ոստիկանության պարտականություններն արտակարգ իրադրության պայմաններում |
Ոստիկանությունը պարտավոր է`
1) ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ մարդկանց փրկելու և առաջին բժշկական օգնություն ցույց տալու, ինչպես նաև առանց հսկողության մնացած գույքը պահպանելու ուղղությամբ` վթարների, աղետների, հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ.
i
2) օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա առանձին մասերում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը:
Հոդված 17. |
Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս |
Ոստիկանությունը օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է`
1) կատարել`
ա) դատախազի, քննիչի` հետախուզական և քննչական գործողություններ կատարելու մասին գրավոր հանձնարարությունները, դատախազի ցուցումները,
բ) դատարանի, դատախազի, քննիչի որոշումները իրենց կանչով ներկայանալուց խուսափող անձանց բերման ենթարկելու կամ հետախուզում հայտարարելու մասին,
գ) դատարանների որոշումները կալանքի վերցնելու կամ ուղեկցելու մասին.
2) պահել բերման ենթարկված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կալանավորված անձանց.
3) օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս:
(17-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 18. |
Ոստիկանության պարտականությունները անձնագրային ռեժիմը պահպանելիս, բնակչության պետական ռեգիստրը և Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելիս |
Ոստիկանությունը պարտավոր է`
1) կազմակերպել, իրականացնել և վերահսկել Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի գործունեությունը.
2) հսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ.
3) իրականացնել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարել բնակչության պետական ռեգիստրը.
4) ըստ մարզերի և համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, կազմել և վարել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը (ընտրողների ազգային գրանցամատյան):
(18-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
ԳԼՈՒԽ III
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 19. |
Ոստիկանության իրավունքները հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս |
Ոստիկանությունը հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով իրավունք ունի`
1) քաղաքացիներից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից (այսուհետ` քաղաքացիներ), ինչպես նաև պաշտոնատար անձանցից պահանջելու դադարեցնել ոստիկանության, պատգամավորների, պատգամավորության թեկնածուների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց` օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նրանց հեռացնելու տվյալ վայրից.
2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ և կազմակերպություններ ներկայացնելու իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջնորդագրեր ու առաջարկություններ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց, ինչպես նաև քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառում: Հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ոստիկանությունը հանցագործություններ և այլ իրավախախտումներ կանխելու` օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և հիմքերով`
1) հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգելու քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց.
2) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ.
3) մասնակցելու երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի ուղևորների, ձեռքի իրերի և ուղեբեռների ստուգմանը:
Սույն օրենքում օգտագործվող «բավարար հիմքեր» հասկացությունն իր մեջ ներառում է այն դեպքերը, երբ`
ա) անձը բռնվել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելիս, կատարելուց անմիջապես հետո,
բ) ականատեսները, այդ թվում` տուժողը, ուղղակի մատնանշում են տվյալ անձին` որպես հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը կատարողի,
գ) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են հանցագործության կամ վարչական իրավախախտման առնչությունը վկայող բացահայտ հետքեր:
Ոստիկանության ծառայողները կարող են հայտնաբերել նաև անձին հանցագործության կամ այլ իրավախախտման մեջ կասկածելու հիմք տվող այլ տվյալներ (տեխնիկական միջոցներով տրանսպորտի արագությունը կամ վարորդի ոչ սթափ լինելը որոշելու, հետախուզման մեջ գտնվող հանցագործի հետ այս կամ այն անձի նմանության առկայության, ոստիկանության ծառայողին հանկարծակի նկատած անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքերում և այլն):
(19-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 21.02.07 ՀՕ-74-Ն օրենքներ)
i
Հոդված 20. |
Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս |
Ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս իրավունք ունի`
1) գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու հանցագործության կատարման կասկածանքով բերման ենթարկված, ձերբակալված, հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց, ստանալու մատնադրոշմային նմուշներ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունը արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, կինո-լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական և հատուկ միջոցներ.
2) իր վարույթում գտնվող գործերով և նյութերով ծանուցելու քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց` ներկայանալ ոստիկանություն, բերման ենթարկելու առանց հարգելի պատճառների ներկայանալուց խուսափողներին, քննելու հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց.
3) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց ուղարկելու կամ հասցնելու բժշկական հաստատություն` նրանց օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է հանցագործության փաստը հաստատելու կամ հերքելու կամ գործն օբյեկտիվորեն քննելու համար.
4) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու, ինչպես նաև դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների և հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով:
Բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են դրա գտնվելու վայրը, անհրաժեշտ գործողությունները կատարելու ավարտի օրը, ժամը, տարածքում կատարված բոլոր գործողությունները, այդ գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, բնակության վայրերը:
Արձանագրության մեկ օրինակը տրվում կամ ուղարկվում է բնակարանի, շինության, տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:
Եթե ոստիկանությունը բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք է գործել դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործած անձանց կողմից պետք է ապահովվի դրա հետագա անվտանգությունը:
Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոստիկանությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում ծանուցում է դատախազին.
5) հանցագործության առկայության դեպքում իրականացնելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ.
6) կատարելու փորձաքննություններ` քրեական գործերով, ինչպես նաև գիտատեխնիկական հետազոտություններ` օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերով.
7) անհրաժեշտության դեպքերում օգտվելու կազմակերպությունների և քաղաքացիների տրանսպորտի և կապի միջոցներից` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ:
Ոստիկանությունն իրավունք ունի իրականացնելու նաև օպերատիվ-հետախուզական և այլ օրենքներով իրեն վերապահված գործողություններ:
(20-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 21. |
Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս |
i
Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի`
1) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.
2) իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված այլ միջոցներ.
3) ձերբակալել ոստիկանության պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց, ստուգել նրանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, վերցնել բացատրություններ, կատարել անձնական զննություն, ինչպես նաև այն իրերի ու առարկաների, տրանսպորտային միջոցների զննություն, որոնց օգնությամբ այդ տարածքները կամ օբյեկտները մուտք են գործել կամ մուտք գործելու փորձ են կատարել.
4) ձերբակալել և համապատասխան հիմնարկներ հասցնել նշանակված բժշկական ու դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներից խուսափող անձանց.
5) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից վերցնել ձերբակալման, անձնական կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներ պարունակող փաստաթղթերը, առանց համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները, նյութերը և իրերը.
6) կատարել փորձաքննություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով:
(21-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
i
Հոդված 22. |
Ոստիկանության իրավունքները հասարակական պարտքը կատարելիս |
Հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավունք ունի`
1) բժշկական հիմնարկներ կամ ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ հասցնելու և մինչև սթափվելն այնտեղ պահելու հարբած վիճակում հասարակական վայրերում գտնվող այն անձանց, ովքեր կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու կամ շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կամ կարող են վնաս պատճառել շրջապատին: Կարող է վերոնշյալ հիմնարկներ կամ կայաններ հասցնել և պահել նաև բնակության մշտական վայր չունեցող թափառաշրջիկներին կամ ինքնությունը չպարզված անձանց.
2) հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ կամ բժշկական հիմնարկներ հասցնելու հոգեկան խանգարումներով տառապող անձանց.
3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բժշկական հիմնարկներ հասցնելու վարակիչ հիվանդություններով տառապող անձանց.
4) մինչև դաստիարակչական հսկողության հանձնելը կամ իրավասու այլ մարմին ներկայացնելը պահելու առանց հսկողության թողնված անչափահասներին.
5) արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով հատուկ կացարան հասցնելու և մինչև համապատասխան որոշման կայացումն այնտեղ պահելու օրենքով սահմանված կարգի խախտմամբ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց.
6) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով:
Տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև պետական և զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ.
7) մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ապահովելու հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը:
Հատուկ ընդունիչ կայաններում պահվող անձանց վրա տարածվում են ձերբակալված անձանց` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-12-րդ ու 14-րդ կետերով, երրորդ մասով և 14-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:
(22-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 23. |
Ոստիկանության իրավունքները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս |
Ոստիկանությունն իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, վերահսկողություն իրականացնել զենքի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման, ինչպես նաև դրանց շրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:
Անցկացնել զենքի զննություն` առևտրի, պահման և ոչնչացման վայրերում: Սահմանված կարգով անհատույց առգրավել և օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնել հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը:
Ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում իրականացնել իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննում, խուզարկում և այդպիսի առարկաների առգրավում:
Հոդված 24. |
Ոստիկանության իրավունքները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս |
Ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաև հետախուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`
1) կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով արգելել տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործումը.
3) վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում.
4) տրանսպորտային միջոցները վարելուց մեկուսացնել այն անձանց, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց` արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.
5) արգելանքի տակ դնել հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից ավտոտրանսպորտային միջոցները.
6) սահմանափակել կամ արգելել փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը, եթե ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներն ապահովված չեն.
7) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման նկատմամբ:
Ոստիկանությունը սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված լիազորություններից օգտվում է նաև լիազորած մարմնի կողմից հատուկ միջոցառումներ իրականացնելիս:
(24-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 21.02.07 ՀՕ-74-Ն օրենքներ)
i
Հոդված 25. |
Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս |
Ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումներ իրականացնելիս, իրավունք ունի`
1) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ կատարել տարածքի հատվածների շրջափակում (շրջապատում)` անհրաժեշտության դեպքում կատարելով տրանսպորտային միջոցների զննություն, տարերային աղետների, համաճարակների ժամանակ, կարանտին միջոցառումներ անցկացնելիս կանխել անկարգությունները, տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքները խափանող գործողությունները.
2) օրենքով սահմանված կարգով և նախապես ներկայացնելով ծառայողական վկայականը`
ա) բնական աղետների, վթարների, համաճարակների և զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների անձնական և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով անարգել մուտք գործել քաղաքացիների բնակարան կամ այլ շինություն, նրանց պատկանող հողամաս, կազմակերպությունների զբաղեցրած շինություն կամ տարածք, զննել դրանք,
բ) օգտագործել կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող տրանսպորտային միջոցները տարերային աղետի վայր հասնելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բժշկական հաստատություններ տեղափոխելու, հանցագործներին հետապնդելու, ինչպես նաև վթարի պատճառով վնասված տրանսպորտային միջոցները տեղափոխելու և դեպքի վայր հասցնելու կամ ոստիկանության անձնակազմին տագնապի ազդանշանով հավաքատեղի հասցնելու համար` անհրաժեշտության դեպքում հեռացնելով վարորդներին տրանսպորտային միջոցները վարելուց: Վերոնշյալ նպատակներով կարող են օգտագործվել նաև կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող կապի միջոցները:
Սույն կետում նշված դեպքերում քաղաքացիներին պատկանող տրանսպորտային կամ այլ միջոցներին պատճառած վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
Թվարկված նպատակների համար չեն կարող օգտագործվել հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները:
(25-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 26. |
Ոստիկանության իրավունքները պատժից խուսափող անձանց ձերբակալելիս |
Ոստիկանությունն իրավունք ունի օրենքով նախատեսված հիմքերով և կարգով ձերբակալել և ոստիկանությունում պահել ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափող կամ ազատազրկման, կամ նախնական կալանքի, կամ ձերբակալվածներին պահելու վայրերից փախուստի դիմած անձանց` հետագայում նրանց համապատասխան մարմիններ և հիմնարկներ հանձնելու համար:
Հոդված 27. |
Ոստիկանության իրավունքները զինծառայողների կատարած հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարելիս |
Ոստիկանությունն իրավունք ունի ձերբակալել զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս հանցագործություն, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև` վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողներին, հարուցել քրեական գործեր, կատարել անհետաձգելի քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հանձնել ըստ ենթակայության:
(27-րդ հոդ. փոփ. 21.12.06 ՀՕ-16-Ն օրենք)
Հոդված 28. |
Ոստիկանության իրավունքները քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցները հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ տարվող պայքարում ներգրավելով |
Ոստիկանությունն իրավունք ունի`
1) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից և կազմակերպություններից անհատույց ստանալ կոնկրետ հանցագործության հետ առնչվող տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար օրենքով սահմանված է հատուկ կարգ.
2) անհատույց օգտագործել պետությանը պատկանող զանգվածային լրատվության միջոցները` հանցագործության կամ այլ իրավախախտման հանգամանքների պարզաբանման, ինչպես նաև հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած և հետաքննությունից, նախաքննությունից, դատաքննությունից խուսափող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հայտնաբերելու համար.
3) ներգրավել քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց, կազմակերպություններին, վերջիններիս համաձայնությամբ, հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը բացահայտելու, հանցագործին կամ իրավախախտողին ձերբակալելու գործում, այդ աշխատանքին օժանդակելու և կամովին ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար խրախուսել նրանց:
ԳԼՈՒԽ IV
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԱԶԵՆԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
(4-րդ գլխի վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 29. |
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները |
Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն է գործադրում սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու և կրելու հրազեն ու հատուկ միջոցներ:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:
Ոստիկանության ծառայողը պարտավոր է նաև`
1) ելնելով իրավախախտման բնույթից, արարքի և իրավախախտումը թույլ տված անձի` հանրության համար վտանգավորության, ինչպես նաև ցուցաբերվող անհնազանդության ու դիմադրության աստիճանից` ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ապահովել առաջին բուժօգնությամբ.
3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում հնարավոր սեղմ ժամկետում վերադասության կարգով տեղեկացնել ոստիկանության մարմին:
Ոստիկանության մարմինը պարտավոր է դեպքի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժողի մերձավոր հարազատներին և դատախազին:
Օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
(29-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 30. |
Ֆիզիկական ուժի գործադրումը |
Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը:
(30-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 31. |
Հատուկ միջոցների գործադրումը |
Ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն ոստիկանության տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրել`
1) քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
5) իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց ոստիկանություն կամ ծառայողական այլ շինություն բերման ենթարկելիս, ձերբակալվածներին, կալանավորներին փոխադրելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին.
6) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.
7) տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս.
8) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.
9) հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:
Ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել`
ա) ռետինե մահակներ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
բ) արցունքաբեր գազ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
գ) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում,
դ) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
ե) արգելանքներ քանդելու միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
զ) տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում,
է) ջրանետեր և զրահամեքենաներ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
ը) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի առաջին մասի 1- 4-րդ կետերով նախատեսված դեպքերում,
թ) հատուկ ներկող նյութեր` սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերում,
ժ) ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում:
Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:
Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), ինչպես նաև խաղաղ, առանց զենքի չարտոնված հավաքները խափանելու ժամանակ, եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի և կազմակերպությունների աշխատանքը:
Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
(31-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 32. |
Հրազենի գործադրումը (կիրառումը) և օգտագործումը |
Ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավունք ունեն հրազեն գործադրել`
1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
2) ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) պատանդներին ազատելիս.
4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
5) քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների, կազմակերպությունների զբաղեցրած տարածքների, ինչպես նաև ուղեկցող վերակարգի վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.
6) հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաև նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս.
7) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողի փախուստը խափանելիս:
Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հրազեն օգտագործել`
1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.
2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
3) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:
Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
Հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է դա գործադրելուց հետո անմիջապես զեկուցել վերադասության կարգով:
Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հրազենի կամ նրա զինամթերքի այնպիսի տեսակներ ընդունելը, որոնք պատճառում են առավել ծանր վնասվածքներ կամ չարդարացված ռիսկի աղբյուր են:
(32-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 33. |
Ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքները |
Ոստիկանության զինված ծառայողն իրավունք ունի մերկացնել և մարտական վիճակի բերել հրազենը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում կարող է սույն օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջանալ:
Մերկացրած հրազենով ձերբակալում կատարող ոստիկանության ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու` ձերբակալվողի ցանկացած փորձ ոստիկանության ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման հրազեն գործադրել սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետին համապատասխան:
(33-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 34. |
Ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցները |
Անձնական անվտանգության ապահովման համար ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:
(34-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
ԳԼՈՒԽ V
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
i
Հոդված 35. |
Ոստիկանության աշխատակիցը |
(35-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.07.2006 թվականից` 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 36. |
Ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունները և իրավունքները |
Ոստիկանության ծառայողները սույն օրենքով սահմանված պարտականությունները կատարում և իրավունքներից օգտվում են իրենց իրավասության սահմաններում և զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
Ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են`
1) օգնություն ցույց տալ (այդ թվում` առաջին բժշկական օգնություն) հանցագործություններից, վարչական իրավախախտումներից և պատահարներից տուժած, ինչպես նաև անօգնական կամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված քաղաքացիներին.
2) անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում:
Ոստիկանության ծառայողները սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված պարտականությունները կատարելիս օգտվում են ոստիկանության համար սույն օրենքով նախատեսված իրավունքներից:
(36-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
i
Հոդված 37. |
Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին կարգը և պայմանները |
Ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
Ոստիկանության ծառայողներն այլ պետություններում հասարակական կարգի պահպանության գործում կարող են ներգրավվել միայն կամավորության սկզբունքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
(37-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
ԳԼՈՒԽ VI
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
(6-րդ գլխի վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 38. |
Ոստիկանության ծառայողի իրավական ապահովության պետական երաշխիքները |
Ոստիկանության ծառայողը գործադիր իշխանության ներկայացուցիչ է և գտնվում է օրենքի ու պետության պաշտպանության ներքո:
Ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Ոստիկանության ծառայողը պատասխանատվություն չի կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկական կամ նյութական վնասի համար:
Սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում գործող ոստիկանության ծառայողը ենթակա չէ պատասխանատվության` ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառած վնասի համար, եթե չեն խախտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Այդ վնասը հատուցվում է պետության հաշվին:
Ոստիկանության ծառայողի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանված անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի և հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:
Ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս ենթարկվում է միայն իր անմիջական և ուղղակի պետերին, և ոչ ոք իրավասու չէ միջամտելու նրա օրինական գործողություններին, բացի օրենքով ուղղակիորեն լիազորված անձանցից: Ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ` սույն օրենքով իրեն չվերապահված պարտականություններ:
Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իսկ ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը:
Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված ոստիկանության ծառայողները պահվում են առանձնացված կալանատներում և մեկուսարաններում:
Ոստիկանության բոլոր ծառայողները ենթակա են կյանքի պարտադիր պետական ապահովագրման` համապատասխան բյուջետային միջոցների հաշվին: Ոստիկանության ծառայողների ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(38-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 39. |
Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները |
Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Ոստիկանության ծառայողները կարող են ապահովվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով:
(39-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
ԳԼՈՒԽ VII
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 40. |
Ոստիկանության ֆինանսավորումը |
Ոստիկանությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց` կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվող, արտաբյուջետային ֆոնդի միջոցներից:
(40-րդ հոդ. փոփ. 21.02.07 ՀՕ-74-Ն օրենք)
Հոդված 41. |
Ոստիկանության նյութատեխնիկական ապահովումը |
Ոստիկանության նյութատեխնիկական ապահովումը, աշխատանքային, սոցիալական և կենցաղային պահանջմունքների բավարարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց արտաբյուջետային ֆոնդի միջոցներից:
(41-րդ հոդ. փոփ. 21.02.07 ՀՕ-74-Ն օրենք)
ԳԼՈՒԽ VIII
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(8-րդ գլխի վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 42. |
Ոստիկանության գործունեության վերահսկողությունը |
Ոստիկանության գործունեության նկատմամբ իրենց լիազորությունների սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված դեպքերում ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Ոստիկանությունում ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտելու ոստիկանության օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական գործունեությանը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը:
(42-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
i
Հոդված 42.1. |
Ոստիկանության գործունեության հսկողությունը |
Ոստիկանության կողմից կատարվող նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են դատախազության մարմինները` օրենքով սահմանված կարգով:
(42.1-ին հոդ. լրաց. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հոդված 43. |
Ոստիկանության ծառայողի պատասխանատվությունը |
Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ոստիկանության ծառայողի անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով:
(43-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 16 մայիսի 2001 թ. ՀՕ-177
|