14.04.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի ապրիլի 3-ին
i
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության սեփականությունն է, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: ↩
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականությունը:
(նախաբանը փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք )
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
անազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեսակների առանձնյակներ, որոնք գտնվում են ոչ բնական պայմաններում, դրանց տեղաշարժերը սահմանափակված են որոշակի տարածքով, և կենդանու կենսաապահովումն իրականացնում է պահողը.
արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում շահույթ ստանալու նպատակով.
առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում դեղանյութերի, պատրաստուկների և այլ պրեպարատների ստացման նպատակով.
բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` վտանգված, հազվագյուտ կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների պահպանության, քանակի ավելացման, վերարտադրության կազմակերպման (բացառությամբ որսորդական տնտեսությունների) և այլ միջոցառումների (էկոհամակարգերի վերականգնման) իրականացման միջոցով դրանց օգտագործում վայրի բնություն բաց թողնելու կամ վերաբնակեցնելու նպատակով.
գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում գիտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով.
գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում սելեկցիոն նպատակներով.
կենդանական աշխարհի օբյեկտների մոնիտորինգ` կենդանական աշխարհի վիճակի գնահատման, մարդածին և բնածին բացասական ազդեցությունների կանխատեսման և կանխարգելման, մարդածին և բնածին դրական ազդեցությունների ռեժիմային դիտարկումների գործընթաց.
ինվազիվ` օտարածին կենդանական տեսակներ` տեսակներ, որոնք ներմուծվել են երկրագնդի այլ տարածաշրջաններից բնական երևույթների հետևանքով կամ մարդու տնտեսական գործունեության արդյունքով կամ ներթափանցել են մերձակա երկրներից իրենց համար ոչ բնական կամ օտար միջավայր և հարմարվելով կարող են վնաս հասցնել էկոհամակարգերին, կենսաբազմազանությանը կամ կարող են վտանգել մարդու առողջությունը.
կարևոր թռչնաբանական տարածքներ` թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանցում ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար.
կենդանական ռեսուրս` կենդանական տեսակների, պոպուլյացիաների և համակեցությունների ամբողջականություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է օգտագործվել մարդու տնտեսական գործունեության ընթացքում և սպառվող-վերականգնվող ռեսուրս է.
անհետացող կենդանական տեսակ` հազվագյուտ կենդանական տեսակ, որի առանձնյակների քանակը ժամանակի ընթացքում շարունակաբար կրճատվում է.
էկոհամակարգ` բույսերի, կենդանիների, սնկերի և միկրոօրգանիզմների համակեցությունների, ինչպես նաև դրանց ոչ կենդանի շրջակա միջավայրի դինամիկ համալիր, որոնք փոխազդում են որպես միասնական գործառնական ամբողջություն. ↩
սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` սպորտային ձկնորսության կամ սիրողական ձկնորսության կամ սպորտային որսի կամ սիրողական որսի կամ հաղթանշանային որսի իրականացում անձնական կարիքների համար` առանց շահույթ ստանալու.
վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` բնական և ոչ բնական պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության կազմակերպում որսորդական տնտեսություններում դրանց կայուն օգտագործման, օգտագործման ենթակա քանակի ապահովման նպատակով:
կենդանաբանական հավաքածու` հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուներ.
կենդանական աշխարհ` կենդանիների (անողնաշարավոր և ողնաշարավոր) վայրի տեսակների ու դրանց համակեցությունների ամբողջականություն.
կենդանական աշխարհի գենոֆոնդ` կենդանական տեսակի (տեսակների) ժառանգականության և դրա դրսևորումների ամբողջականություն.
կենդանական աշխարհի կադաստր` կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ.
կենդանական աշխարհի պաշարներ` աշխարհագրական որոշակի տարածքում հաշվառված կենդանական աշխարհի օգտագործման ենթակա ընդհանուր քանակություն. ↩
կենդանական աշխարհի օբյեկտ` կենդանիների վայրի տեսակներ, դրանց արգասիքներ, համակեցություններ, բնակության միջավայրեր, միգրացիայի ուղիներ և բնադրավայրեր.
կենդանիների միգրացիայի ուղի` ցամաքային, օդային, ջրային ուղիներ, որոնցով իրականացվում են կենդանիների կանոնավոր, պարբերական և ոչ պարբերական զանգվածային տեղաշարժերը` պայմանավորված գոյության պայմանների փոփոխությամբ կամ կապված դրանց զարգացման ցիկլերի հետ.
կենդանիների պոպուլյացիա` աշխարհագրական որոշակի տարածքում նույն կենդանական տեսակի սեռահասակային խմբերի ամբողջականության գոյակցություն.
կենդանիների տեսակային բազմազանություն` աշխարհագրական որոշակի տարածքում կենդանիների տարբեր տեսակների ամբողջականություն.
կենսաբանական տեխնոլոգիա, կենսատեխնոլոգիա` կենդանի օրգանիզմների և կենսաբանական պրոցեսների օգտագործումը տարբեր բնագավառներում.
կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեսակների առանձնյակներ, որոնք գտնվում են բնական պայմաններում, դրանց տեղաշարժերը սահմանափակված են բնական կամ արհեստական սահմաններով, և կենդանու կենսաապահովումը մասամբ իրականացնում է պահողը.
հազվագյուտ կենդանական տեսակ` աշխարհագրական որոշակի տարածքում հազվադեպ հանդիպող կենդանական տեսակ.
վայրի կենդանի` բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող կենդանիներ, այդ կենդանիների տեսակների անազատ և կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներ ու դրանց սերունդներ:
(1-ին հոդ. փոփ. 26.03.14 ՀՕ-6-Ն, 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 2. |
Կենդանական աշխարհի պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը և օգտագործումը կարգավորող օրենսդրությունը |
Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ իրավական ակտերով: ↩
(2-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Սույն օրենքի նպատակն է`
ա) գենոֆոնդի և տեսակային բազմազանության պահպանության, պաշտպանության, բնականոն վերարտադրության ապահովումը.
բ) կենդանիների բնակության միջավայրի ամբողջականության խախտման կանխումը.
գ) կենդանական տեսակների և դրանց պոպուլյացիաների ու համակեցությունների ամբողջականության պահպանությունը.
դ) կենդանիների միգրացիայի ուղիների պահպանությունը.
ե) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հարաբերությունների կարգավորումը.
զ) կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման բնագավառներում օգտագործողների իրավունքների պաշտպանությունն ու պարտականությունների կատարումը:
Հոդված 4. |
Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման օբյեկտները |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության օբյեկտներ են բնական միջավայրում, անազատ և կիսաազատ պայմաններում ապրող կենդանիների վայրի տեսակները (անողնաշարավոր և ողնաշարավոր), դրանց համակեցությունները, բնակության միջավայրերը, միգրացիայի ուղիներն ու բնադրավայրերը:
Կենդանական աշխարհի օգտագործման օբյեկտներ են կենդանիների այն տեսակները և դրանց արգասիքները (միսը, մորթին, ոսկորը, կենսագործունեության արտադրանքը և այլն), որոնք ունեն սննդային, գիտական, դեղագործական, կերային, արդյունաբերական և այլ նշանակություն:
ԳԼՈՒԽ 2.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
Հոդված 5. |
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը |
Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է`
ա) կենդանական աշխարհի գիտականորեն հիմնավորված պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականության իրականացման ապահովումը.
բ) կենդանական աշխարհի պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ` պետական ծրագրեր) հաստատում.
i
գ) կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության և օգտագործման կարգի սահմանումը.
գ1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը.
գ2) սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը.
գ3) կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգի սահմանումը.
գ4) վայրի կենդանիների` ազատ պայմաններում վերաբնակեցման կարգի սահմանումը.
գ5) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը.
դ) («դ» կետն ուժը կորցրել է 23.03.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-74-Ն օրենք) ↩
ե) կենդանական աշխարհի մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը.
զ) կենդանական աշխարհի կադաստրի վարման կարգի սահմանումը.
զ1) կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանումը.
է) կենդանիների Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված կենդանիների ցանկի հաստատումը.
ը) միջազգային համագործակցության իրականացումը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Կառավարությունը տարեկան ծրագիրն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:
(5-րդ հոդ. փոփ. 23.10.02 ՀՕ-432-Ն, 30.04.08 ՀՕ-47-Ն, 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 22.03.23 ՀՕ-111-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)
i
Հոդված 6. |
Լիազորված մարմնի իրավասությունը |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) իրավասությունն է`
ա) պետական ծրագրերի մշակումը.
բ) կենդանական աշխարհի պետական հաշվառման կազմակերպումը և իրականացումը.
բ1) անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգի սահմանումը.
բ2) անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկի հաստատումը.
բ3) կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկի հաստատումը.
գ) կենդանական աշխարհի կադաստրի վարումը.
գ1) անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանումը.
գ2) կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների` սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանումը.
գ3) վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջների և պայմանների սահմանումը.
դ) կենդանական աշխարհի մոնիտորինգի կազմակերպումը և իրականացումը.
ե) կենդանիների Կարմիր գրքի վարման կարգի սահմանումը և դրա վարումը.
ե1) վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվությունների, լիցենզիաների տրամադրումը.
ե2) կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգի սահմանումը.
ե3) կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի սահմանումը.
զ) կենդանական աշխարհի պաշարների օգտագործման պայմանագրեր կնքելը.
զ1) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգի սահմանումը.
զ2) վայրի կենդանիների` ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգի սահմանում և տրամադրումը.
է) («է» կետն ուժը կորցրել է 22.04.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-74-Ն օրենք) ↩
է1) ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների տարածվածության ուսումնասիրություն, դրանց ներմուծման, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկության բարձրացման աշխատանքների իրականացումը.
է2) ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկի հաստատումը.
է3) կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչների սահմանումը.
ը) կենդանական պաշարների օգտագործման ենթակա չափաքանակների հաստատումը. ↩
թ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը.
թ.1) կենդանական աշխարհի կադաստրի վարման մեթոդական ուղեցույցի հաստատում.
թ.2) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատում.
i
թ.3) Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) հայտի և պայմանագրի ձևերի հաստատում.
թ4) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատումը.
թ5) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատումը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(6-րդ հոդ. փոփ. 06.10.11 ՀՕ-263-Ն, 21.03.18 ՀՕ-190-Ն, 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 7. |
Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունն է`
ա) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանն ու իրենց իրավասության սահմաններում դրանք իրականացնելը.
բ) կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանն աջակցելը.
գ) բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, ինչպես նաև կարևոր թռչնաբանական տարածքների) պահպանությանը և օգտագործմանն աջակցելը, որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումներն իրականացնելը. ↩
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(7-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 8. |
Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը |
Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ԳԼՈՒԽ 3.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. |
Կենդանական աշխարհի ուսումնասիրության խնդիրները |
Կենդանական աշխարհի ուսումնասիրության խնդիրներն են`
ա) կենդանական աշխարհի վիճակի վերաբերյալ համակարգված տեղեկատվական բազայի ստեղծումը.
բ) պետական մոնիտորինգի իրականացումը.
գ) պետական հաշվառման իրականացումը և պետական կադաստրի վարումը.
դ) («դ» կետն ուժը կորցրել է 22.04.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-74-Ն օրենք) ↩
ե) («ե» կետն ուժը կորցրել է 22.04.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-74-Ն օրենք) ↩
զ) հազվագյուտ և անհետացող կենդանիների վերարտադրության կազմակերպումը:
(9-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 10. |
Կենդանական աշխարհի ուսումնասիրության իրականացումը |
Կենդանական աշխարհի պետական հաշվառման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կատարվում են`
ա) պետական պատվերով, որը ձևավորում և տեղադրում է լիազորված մարմինը.
բ) լիազորված մարմնի համաձայնությամբ` կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողների պատվերով:
Հոդված 11. |
Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտները |
Կենդանական աշխարհի ուսումնասիրությունն իրականացնում են`
ա) գիտահետազոտական հիմնարկները.
բ) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները.
գ) իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը. ↩
դ) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք:
Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը լիազորված մարմնին տրամադրել կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը:
(11-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 12. |
Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգը |
Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգը նպաստում է կենդանիների բազմազանության պահպանության և կայուն օգտագործման նորմերի սահմանմանը:
Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգն իրականացվում է կենդանական աշխարհի օբյեկտների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների և էկոհամակարգերի որակի, ամբողջականության գնահատման, բացասական երևույթների ժամանակին հայտնաբերման, կանխարգելման և վերացման նպատակով:
i
Հոդված 13. |
Կենդանական աշխարհի պետական հաշվառումը և կադաստրը |
Կենդանական աշխարհի պետական հաշվառման և կադաստրի նպատակն է բացահայտել կենդանիների տեսակների ու համակեցությունների, դրանց ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունները:
Կենդանական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ: Դա կարող է իրականացվել նաև ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 14. |
Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գիրքը |
Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացող կենդանական տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին: Կենդանիների Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացող կենդանական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով:
Կենդանիների Կարմիր գրքում գրանցման համար հիմք են ծառայում կենդանական տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի տվյալները:
Կենդանիների Կարմիր գիրքը կազմվում է` հիմք ընդունելով կենդանական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Դա պարբերաբար վերահրատարակվում է:
Կենդանիների Կարմիր գրքում կենդանական տեսակների գրանցման և դուրսգրման, ինչպես նաև նոր հայտնաբերված պոպուլյացիաների` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցման վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը: ↩
Կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգով:
(14-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 15. |
Կենդանիների քանակի կարգավորումը |
1. Բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ` հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված սուբյեկտների ներկայացրած ուսումնասիրության արդյունքները: ↩
Կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումները վնաս չպետք է պատճառեն այդ տեսակի ընդհանուր պոպուլյացիային, այլ տեսակներին և դրանց ապրելավայրին: ↩
Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ↩
(15- րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 4.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. |
Կենդանական աշխարհի պահպանության և պաշտպանության խնդիրները |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության և պաշտպանության խնդիրներն են`
ա) ապահովել կենդանական աշխարհի տեսակային բազմազանության, նրանց պոպուլյացիաների և ապրելավայրերի ամբողջականության պահպանությունը. ↩
բ) կանխել կենդանական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործումը.
գ) կենդանական աշխարհի օբյեկտները տնտեսական նպատակներով շահագործելիս ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը.
դ) ապահովել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը.
ե) կանխել կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների ապօրինի ներմուծումը և արտահանումը.
զ) պաշտպանել կենդանական աշխարհի օբյեկտները հիվանդություններից և բնական աղետներից, ինչպես նաև ինվազիվ` օտարածին կենդանական տեսակներից: ↩
(16-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 17. |
Կենդանական աշխարհի պահպանության իրավական միջոցները |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի բոլոր օբյեկտները ենթակա են իրավական պահպանության:
Կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց ապրելավայրերի անվտանգության, ինչպես նաև կենդանիների կենսագործունեության առանձնահատկությունների անխաթարությունն ապահովելու նպատակով նախատեսվող տնտեսական, շինարարական, սոցիալական և այլ գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
Հոդված 18. |
Կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով`
ա) կազմվում է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը, որը կազմելու և վարելու աշխատանքներն իրականացվում են սույն օրենքի 5, 6 և 14 հոդվածներին համապատասխան.
բ) կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Բնական պաշարներն օգտագործողները, որոնք տնտեսական կամ այլ աշխատանքների ընթացքում վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար: Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը:
Հոդված 19. |
Կենդանական աշխարհի պաշտպանությունը |
Կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է`
ա) կենդանական տեսակների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, տեղափոխումը այլ ապրելավայր, կլիմայավարժեցումը և սելեկցիոն նպատակներով օգտագործումը.
բ) պարարտանյութերի և թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը.
գ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացվող ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների, լիազոր մարմնի հաստատած ցանկում ընդգրկված ինվազիվ` օտարածին կենդանական տեսակներիինքնակամ օգտագործումը. ↩
դ) կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը:
ե) Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսում:
(19-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 20. |
Կենդանաբանական հավաքածուները |
Գիտական, մշակութային, գեղագիտական արժեք ունեցող կենդանաբանական հավաքածուները (ուսումնական հաստատությունների, թանգարանների, գիտական ինստիտուտների ֆոնդային և ֆիզիկական անձանց հավաքածուները, կենդանաբանական այգիների կենդանի հավաքածուները, ինչպես նաև առանձին նմուշները), անկախ սեփականության ձևից, ենթակա են պահպանության:
Կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը լիազորված մարմնին տրամադրել իրենց մոտ պահվող կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը: ↩
(20-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 21. |
Կենդանական աշխարհի, դրա հավաքածուների և առանձին նմուշների ներմուծումը, արտահանումը ու կենդանիների վերաբնակեցումը |
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) հավելվածներում ընդգրկված վայրի կենդանական տեսակների, դրանց մասերի և ածանցյալների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ` կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ↩
Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է դրանց ծագումը և ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթղթերի հիման վրա լիցենզիայով` Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկիր արտաքին առևտրային գործունեության դեպքում (տրվում է արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման կամ ներմուծման համար) կամ լիազորված մարմնի թույլտվությամբ, մնացած բոլոր դեպքերում` սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: ↩
Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվության տրամադրման համար վճարվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
Կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանումը և ներմուծումն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(21-րդ հոդ. փոփ. 06.10.11 ՀՕ-263-Ն, 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
ԳԼՈՒԽ 5.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 22. |
Կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողները |
Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Հոդված 23. |
Կենդանական աշխարհի օգտագործման տեսակները |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են`
ա) գյուղատնտեսական նպատակներով (սելեկցիա, հողառաջացում),
բ) արդյունագործական նպատակներով (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում).
գ) սոցիալական, բնապահպանական նպատակներով. ↩
դ) գիտահետազոտական և կրթական նպատակներով:
ե) առողջապահական, վերարտադրության կազմակերպման նպատակներով:
Արգելվում է սույն հոդվածի առաջին մասի կետերով սահմանված օգտագործման նպատակներից բացի այլ նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը (վայրի բնությունից վերցնելը):
(23-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 24. |
Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով վճարովի է:
Օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործելու պայմանագրեր կնքելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
(24-րդ հոդ. փոփ. 06.10.11 ՀՕ-263-Ն, 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
i
Հոդված 25. |
Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակով ↩ |
1. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակով վճարովի է (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի):
2. Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
(25-րդ. հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 26. |
Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով ↩ |
1. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական և կրթական նպատակներով անվճար է:
2. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է:
3. Կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
(26-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
i
Հոդված 27. |
Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը ↩ |
1. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով` լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահետազոտական նպատակներով անվճար է:
3. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է:
Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:
4. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
(27-րդ հոդ. փոփ. 30.04.08 ՀՕ-47-Ն, 02.02.10 ՀՕ-6-Ն, 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 27.1. |
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը |
1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալվում և նույնականացվում են` հաշվի առնելով դրանց տեսակային առանձնահատկությունները: ↩
Սույն մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների վերարտադրությունը բնապահպանական և որսի համար օգտագործելու նպատակով կարող է իրականացվել` բացառելով պահվող կենդանիների միջտեսակային խաչասերումը:
i
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.04.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-74-Ն օրենք) ↩
3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պահում են ֆիզիկական կամ իրավաբանական անձինք` սույն օրենքին և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի հաստատած` պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) պահելն իրականացվում է լիազորված մարմնի տրամադրած թույլտվության հիման վրա: Թույլտվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված մարմինը: Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
Հայաստանի Հանրապետությունում առանց լիազորված մարմնի թույլտվության արգելվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը, բացառությամբ լիազորված մարմնի հաստատած` պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների: ↩
4. Անազատ և կիսաազատ պայմաններում լիազորված մարմնի թույլտվությամբ պահվող վայրի կենդանիները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անձանց կողմից յուրաքանչյուր տարի հաշվառվում, և հաշվառման տվյալները տրամադրվում են լիազորված մարմնին` համաձայն լիազորված մարմնի հաստատած կարգի: Հաշվառման տվյալները պարտադիր հրապարակվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքէջում: ↩
5. (5-րդ մասն ուժը կորցրել է 22.04.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-74-Ն օրենք) ↩
(27.1-ին հոդ. լրաց. 26.03.14 ՀՕ-6-Ն, 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 27.2. |
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը |
1. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները կարող են օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան: ↩
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.04.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-74-Ն օրենք) ↩
i
3. Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների` սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների` սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման նպատակով լիազորված մարմնի տրամադրած թույլտվության համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով: ↩
Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների` սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և կարող է օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:
Օրինական ճանապարհով ձեռք բերված անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարվում են ձեռք բերողի սեփականությունը:
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 22.04.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-74-Ն օրենք) ↩
5. Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք բնություն են բաց թողնում սույն օրենքի 14 հոդվածով սահմանված` կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի եզրակացությամբ տրված չափաքանակներին համապատասխան:
6. Որսի կամ այլ եղանակներով վայրի կենդանիներին օգտագործելու թույլտվություն չի կարող տրվել, եթե տվյալ տարածքում համապատասխան կենդանիների միջին քանակը ցածր է լիազորված մարմնի սահմանած նվազագույն չափաքանակից:
7. (7-րդ մասն ուժը կորցրել է 22.04.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-74-Ն օրենք) ↩
8. Վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի հաստատած` պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) կարող են ձեռք բերել լիազոր մարմնի կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ այդպիսի թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ վայրի կենդանիներ պահելու պայմանագիր ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:
9. Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների առքն ու վաճառքն իրականացվում են վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմաններում: Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առքն ու վաճառքն իրականացվում են լիազորված մարմնի սահմանած պայմաններն ու պահանջները բավարարող վայրերում:
10. Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեղափոխումն իրականացվում է վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով:
(27.2-րդ հոդ. լրաց. 26.03.14 ՀՕ-6-Ն, 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 28. |
Կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի իրավունքները |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողն իրավունք ունի`
ա) ինքնուրույն ընտրել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակները.
բ) իրացնել կենդանական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները.
գ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:
Հոդված 29. |
Կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի պարտականությունները |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողը պարտավոր է`
ա) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան.
բ) ապահովել պայմանագրով իրեն հատկացված կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը.
գ) չխախտել կենդանական համակեցությունների ամբողջականությունը.
դ) կատարել պայմանագրային պարտականությունները.
ե) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով.
զ) աջակցել պետական մարմինների գործունեությանը` կենդանական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար.
է) ժամանակին մուծել կենդանական աշխարհից օգտվելու համար սահմանված վճարները.
ը) չխախտել կենդանական աշխարհի օբյեկտների այլ օգտագործողների իրավունքները.
թ) հատուցել Հայաստանի Հանրապետության բնապահպանության օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասը:
Հոդված 30. |
Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունքի դադարումը |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունքը դադարում է`
ա) սույն օրենքի 29 հոդվածի պահանջները խախտելու դեպքում.
բ) կենդանական աշխարհի օբյեկտները պետական կամ հանրային կարիքների համար օգտագործելիս պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի կամավոր հրաժարման դեպքում.
դ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործող ձեռնարկության կամ կազմակերպության լուծարման դեպքում.
ե) պայմանագրային ժամկետներն ավարտվելու դեպքում.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Հոդված 31. |
Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման տնտեսական խթանումը |
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի արդյունավետ պահպանությունը և շարունակական օգտագործումն ապահովելու նպատակով պետությունն օգտագործողների նկատմամբ կիրառում է տնտեսական խթանման հետևյալ միջոցները`
ա) բյուջետային հատկացումներ` կենդանական աշխարհի վերականգնման նպատակով (եթե այն խախտվել է ոչ օգտագործողի մեղքով).
բ) բյուջետային հատկացումներ` կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրությունն իրականացնելու նպատակով.
գ) բյուջետային հատկացումներ` էկոլոգիապես մաքուր կենդանական հումքի մթերման և կենդանական աշխարհի պաշտպանության անվնաս տեխնոլոգիաներ և մեթոդներ ներդնելու նպատակով:
ԳԼՈՒԽ 6.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 32. |
Կենդանական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը ↩ |
1. Կենդանական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
(32-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 7.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. |
Կենդանական աշխարհի մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը |
Կենդանական աշխարհի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 34. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 9.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 35. |
Նախորդ օրենքի ուժը կորցնելը |
Սույն օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է համարվում 1981 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀԽՍՀ կենդանական աշխարհի պահպանության մասին» օրենքը:
Հոդված 36. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 3 մայիսի 2000 թ. ՀՕ-52
|