Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆ ...

 

06.02.2023 -


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2023 թվականի N 119-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին» բառերով:

i

2. Որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 3-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա. ճանապարհային լուսացույց - լուսաազդանշանային հարմարանք, որը կիրառվում է տրանսպորտային միջոցների և հետիոտների անցման հերթականությունը կարգավորելու համար.

բ. լուսացուցային օբյեկտ - ճանապարհային լուսացույցների խումբ (այսուհետ` լուսացույցներ), որոնք տեղակայված են ճանապարհափողոցային ցանցի հատվածում, որտեղ կոնֆլիկտային ուղղությունների տրանսպորտային հոսքերի երթևեկության հերթականությունը կամ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կարգավորվում է միասնական փուլով աշխատող լուսացուցային ազդանշաններով:».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին տեղակայվող լուսացույցները, որոնք կիրառվում են տրանսպորտային միջոցների և հետիոտների անցման հերթականությունը կարգավորելու, ինչպես նաև ճանապարհի վտանգավոր տեղամասերը նշելու համար, պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 33385-2015 և ԳՕՍՏ Ռ 52282-2004 ստանդարտների պահանջներին:».

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14. Տ(T).1 տեսակի լուսացույցները լրացուցիչ սեկցիա(ներ)ի հետ կիրառում են հետևյալ դեպքերում`

ա. եթե խաչմերուկի մոտեցումներում տվյալ ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը որոշակի ուղղություններով նախատեսված է լուսացուցային կարգավորման ցիկլի տարբեր փուլերում,

բ. եթե տվյալ լուսացուցային կարգավորման փուլում թույլատրվում է հետիոտների և շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկությունը,

գ. եթե լրացուցիչ սեկցիայի թույլատրող ազդանշանով թույլատրվում է տրասնպորտային հոսքերի անընդհատ երթևեկությունը որոշակի ուղղությամբ:».

4) 15-րդ կետում կատարել հետևյալ լրացումները`

ա. 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Թույլատրվում է Տ(T).2 տեսակի լուսացույցները կիրառել թունելների մուտքից առաջ` առանձին գոտիներով երթևեկության կարգավորման համար: Արհեստական լուսավորությամբ թունելների մուտքերը կահավորվում են այդ լուսացույցներով, եթե թունելի երկարությունը 300 մ-ից ավելի է կամ գտնվում է հորիզոնական կորի վրա, ինչպես նաև` ելնելով երթևեկության անվտանգության պայմաններից:»,

բ. 2-րդ պարբերության «պատկերով`» բառից հետո լրացնել «ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտին համապատասխան» բառերով.

5) 19-րդ կետի 2-րդ պարբերությունը հանել.

6) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«22. Ցանկացած կատարման Տ(T).7 լուսացույցները կիրառվում են չկարգավորվող խաչմերուկները և հետիոտնային անցումները նշելու համար այն դեպքերում, երբ`

ա. տրանսպորտային միջոցների և հետիոտների ինտենսիվությունը կազմում է 26-րդ կետի 1-ին և 2-րդ պայմաններում նշված ինտենսիվության արժեքների առնվազն կեսը,

բ. խաչմերուկից կամ հետիոտնային անցումից առաջ ապահովված չէ տեսանելիությունը տվյալ հատվածում թույլատրելի արագությամբ շարժվող տրանսպորտային միջոցի կանգառի համար,

գ. հետիոտնային անցումը տեղակայված է մանկական հաստատությունների երկայնքով անցնող ճանապարհահատվածի վրա,

դ. տեխնիկական հիմնավորումներով հնարավոր չէ հետիոտնային անցումների վրա կիրառել հետիոտնային կանչովի փուլով լուսացուցային կարգավորում:».

7) 26-րդ կետի 4-րդ պայմանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Հետիոտների երթևեկության համար կանչովի փուլով լուսացուցային կարգավորում կիրառում են, եթե`

ա. հետիոտնային անցումը տեղակայված է երկկողմ երթևեկությամբ, յուրաքանչյուր ուղղությամբ երկու և ավելի երթևեկելի գոտի ունեցող ճանապարհներին,

բ. միակողմանի երթևեկությամբ ճանապարհներին, որոնք ունեն երեք և ավելի երթևեկելի գոտիներ:

Բնակավայրերում` 1.23 ճանապարհային նշանի ազդման գոտուց դուրս գտնվող հատվածներում, թույլատրվում է հետիոտնային անցումի վրա կանչովի փուլով լուսացուցային կարգավորում չկիրառել, եթե տվյալ հետիոտնային անցումը գտնվում է կարգավորվող հետիոտնային անցումների միջև, որոնք տեղակայված են իրարից 600 մետրից պակաս հեռավորության վրա:

Լուսացուցային կարգավորման ցիկլի միևնույն փուլում թույլատրվում է հետիոտների և նրանց հետ կոնֆլիկտային փոխազդեցություն ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում`

ա. տվյալ ուղղությամբ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների գումարային ինտենսիվությունը 120 միավոր/ժամից բարձր չէ, իսկ հետիոտների ինտենսիվությունը չի գերազանցում 600 մարդ/ժամը,

բ. լուսնասպիտակ (դեղնավուն) գույնի, մարդու և սլաքի ուրվագծով, թարթող տեղեկատու-լուսային սեկցիաների առկայությունը, որոնք վարորդներին նախազգուշացնում են անցումի վրա հետիոտների գտնվելու մասին:».

8) 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Տ(T).2 տրանսպորտային լուսացույցները 8.14 «Երթևեկության գոտի» լրացուցիչ ցուցանակի հետ տեղակայում են յուրաքանչյուր երթևեկելի մասի վերևում, եթե`

ա. տվյալ գոտիներով երթևեկող տրանսպորտային միջոցների համար լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմը նախատեսում է լուսացույցի ազդանշանների տարբեր տևողություններ և (կամ) հերթականություններ.

բ. դրանք տեղակայում են թունելների սկզբում` 15-րդ կետին համապատասխան.

8.14 լրացուցիչ ցուցանակները տեղակայվում են անմիջապես լուսացույցի ներքևում:».

9) 36-րդ կետի`

ա. N 2 նկարը փոխարինել հետևյալ նկարով`

 

 

 

Նկար N 2. Լուսացույցների տեղակայման վայրեր (ա-ից թ լուսացույցների տեղակայման վայրերը)»,

 

բ. վերջին նախադասությունը հանել.

10) 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Տեղեկատու-լուսային սեկցիաները տեղակայվում են անմիջապես տրանսպորտային լուսացույցի ներքևում, որի թույլատրող ազդանշանով երթևեկելու դեպքում հնարավոր է փոխհատում` շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների և հետիոտների միջև, որոնք տեղաշարժվում են հետիոտնային անցումով` հետիոտնային լուսացույցի թույլատրող ազդանշանով: Տեղեկատու-լուսային սեկցիաների գունային կոորդինատները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52282-2004 ստանդարտին, լույսի առանցքային ուժը` 50 կդ-ից (կանդելա` միջազգային չափման միավոր) ոչ պակաս: Տեղեկատու-լուսային սեկցիայի աշխատանքային մակերեսը պետք է համապատասխանի այն տրանսպորտային լուսացույցի աշխատանքային մակերեսի չափերին, որի ներքևում տեղակայված է:».

11) 47-րդ կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Լրացուցիչ սեկցիայի վրա կարմիր եզրագծով ցանկացած կատարման Տ(T).1, Տ(T).3 լուսացույցների համար այդ սեկցիայի ազդանշանների միացման հաջորդականությունը հետևյալն է` կարմիր եզրագիծ-կանաչ սլաք-կարմիր եզրագիծ:».

12) 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Արգելվում է ներդնել լուսացույցի դեղին թարթման ռեժիմ այն խաչմերուկներում, որտեղ`

ա. կազմակերպված է անկյունագծային հետիոտնային երթևեկություն,

բ. լուսացուցային կարգավորումը ներդրվել է 26-րդ կետի 4-րդ պայմանին համապատասխան:».

13) լրացնել նոր` 51-րդ կետով`

«51. Տեղեկատու-լուսային ազդանշանը միանում է լուսացույցի թույլատրող ազդանշանի հետ միաժամանակ, որի ժամանակ հնարավոր է շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների փոխհատումը հետիոտների հետ:»:

i

3. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ պատկերներով նոր նկարներով`

 

 

 

i

4. Որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-2.3-րդ կետերով`

«2.1. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները թույլատրվում է կիրառել սույն որոշման մեջ չընդգրկված դեպքերում, եթե դրանց կիրառումն իրականացվում է երթևեկության կազմակերպման և անվտանգության բարձրացման նպատակով:

2.2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմին) և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համաձայնությամբ ճանապարհները տնօրինող մարմինները կարող են փորձնական նպատակով կիրառել ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործող ԳՕՍՏ ստանդարտներով նախատեսված չեն: Փորձնական նպատակով ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր տեխնիկական միջոցներ կիրառելու թույլտվություն ստանալու նպատակով` ճանապարհը տնօրինողը պետական ճանապարհային մարմնին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`

ա) հիմնավորում փորձարկվող տեխնիկական միջոցի նպատակի ու առկա խնդրի վերաբերյալ.

բ) փորձարկման անցկացման վայրը(երը) և ժամկետը.

գ) ակնկալվող արդյունքը.

դ) ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցի կիրառման արդյունավետության գնահատումը և ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից դրանց ընկալումը.

ե) տեխնիկական փաստաթղթերը:

Ճանապարհը տնօրինողը փորձնական նպատակով կիրառվող ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր տեխնիկական միջոցների կիրառման վերաբերյալ այդ մասին ճանապարհային երթևեկության մասնակիցներին իրազեկելու նպատակով պետք է իրականացնի իրազեկող տեսահոլովակների հեռարձակում (ցուցադրում) կամ տեղեկատվական նյութերի հրապարակում սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև փորձարկման տեխնիկական միջոցներ տեղադրված վայրերում տեղադրել իրազեկող պաստառներ կամ ցուցանակներ:

2.3. Ճանապարհների և փողոցների չկարգավորվող հատումներում և հարակցումներում, ինչպես նաև չկարգավորվող հետիոտնային անցումների մոտեցումներում անհրաժեշտ է դիտարկել տեսանելիության եռանկյունիներ: Տեսանելիության եռանկյունու սահմաններում արգելվում է տեղակայել շինություններ, շարժական առարկաներ (կրպակներ, գովազդներ, ֆուրգոններ և այլն), ծառեր և թփեր, որոնց բարձրությունը 0.5 մետրից ավելի է: Կապիտալ շինությունների առկայության պայմաններում, եթե անհնար է ապահովել տեսանելիության եռանկյունու չափսերը, ապա տրանսպորտի և հետիոտների անվտանգ երթևեկությունը պետք է ապահովել երթևկության կազմակերպման տեխնիկական միջոցներով:

Տեսանելիության եռանկյունի` «Տրանսպորտ-տրանսպորտ» պայմանի համար հավասարասրուն եռանկյունու կողմերի չափսերը պետք է լինեն`

ա) բնակավայրերից դուրս հատվածներում` 60 կմ/ժամ և 90 կմ/ժամ երթևեկության սահմանված արագության դեպքում` համապատասխանաբար 85 մետրից և 175 մետրից ոչ պակաս.

բ) բնակավայրերում (փողոցների համար)` 40 կմ/ժամ և 60 կմ/ժամ երթևեկության սահմանված արագության դեպքում` համապատասխանաբոր 25 մետրից և 40 մետրից ոչ պակաս:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

ճանապարհային նշան` երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց նշանակումներով և (կամ) մակագրություններով, որոնցով տեղեկացվում է ճանապարհային երթևեկության մասնակիցներին` ճանապարհների պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների տեղակայման մասին (ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտի 3.3 կետ):

Ճանապարհային նշանը կազմված է հիմքից, դիմային կողմից, որի վրա պատկերված է պատկերը, մակագրությունը, կարծր տարրից, պաշտպանիչ շերտից և ամրացնող դետալներից: Պատկերի կատարման եղանակից կախված` նշանի դիմային կողմը կարող է լինել սոսնձվող, ներկվող կամ կոմբինացված, այդ թվում` կատարումը կարող է լինել տրաֆարետային կամ թվային տպագրման եղանակով.

ճանապարհային երթևեկության կազմակերպման (այսուհետ` նաև ՃԵԿ) տեխնիկական միջոց` ճանապարհային նշան, գծանշում, լուսացույց, ճանապարհային արգելապատնեշներ և ուղղորդ կառուցվածքներ (նաև դեդեկտորներ, կոնտրոլերներ և այլն).

ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ` նաև ՃՏՊ) կուտակման վայր կամ ճանապարհի վթարավտանգ հատված` ճանապարհի կամ փողոցի հատված, որի երկարությունը բնակավայրերից դուրս չի գերազանցում 1000 մետր, իսկ բնակավայրերում` 200 մետր, կամ ճանապարհների, փողոցների հատում, որտեղ վերջին տարում տեղի է ունեցել 3 կամ ավել միևնույն տեսակի ՃՏՊ, կամ 5 և ավել ՃՏՊ` անկախ դրանց տեսակից, որոնց հետևանքով եղել են զոհեր կամ վիրավորներ.

հիմնական նշան` նշան, որի տեղակայման անհրաժեշտությունը որոշվում է ելնելով ճանապարհային պայմաններից` սույն կանոնների պահանջներին համապատասխան.

կրկնող նշան` հիմնական նշանի հետ ճանապարհի նույն ընդլայնական կտրվածքում տեղակայված նշան, որը ծառայում է երթևեկության մասնակիցների կողմից տեղեկատվության ընկալման հուսալիությունը բարձրացնելու համար.

նախնական նշան` մինչև հիմնական նշանը տեղակայված նշան, որը վարորդներին նախազգուշացնում է երթևեկության ռեժիմի սպասվելիք փոփոխության կամ հիմնական նշանի վրա նշված օբյեկտի վերաբերյալ տեղեկության մասին.

կրկնվող նշան` հիմնական նշանից հետո տեղակայված նշան, որը հաստատում է հիմնական նշանի վրա նշված տեղեկությունը.

լրացուցիչ տեղեկատվության նշան (ցուցանակ)` նշան, որը կիրառվում է այլ նշանների հետ դրանց գործողությունը սահմանափակելու կամ հստակեցնելու համար կամ պարունակում է այլ տեղեկատվություն երթևեկության մասնակիցների համար.

բերմա` ճանապարհի հողային պաստառի լրացուցիչ տարր, որը մասնավորապես, նախատեսված է ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեղակայման համար, երբ չի ապահովվում դրանց տեսանելիությունը.

անհատական նախագծման ճանապարհային նշան` ճանապարհային նշանի տարատեսակ, որի չափսերը որոշվում են հաշվարկագրաֆիկային եղանակով.

ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր տեխնիկական միջոցներ` երթևեկության անվտանգության և ճանապարհի թողունակության բարձրացման համար ճանապարհներին կիրառվող տեխնիկական միջոցների համալիր, որոնք կիրառում են այն ժամանակաշրջանում, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել կատարելու երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն (ԳՕՍՏ 32757-2014 ստանդարտ).

փոփոխական տեղեկատվությամբ ճանապարհային նշան` ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, որը նշանակված է ճանապարհային նշանների պատկերների արտացոլման համար` բացառությամբ անհատական նախագծման նշանների.

Փոփոխական տեղեկատվությամբ նշանները թույլ են տալիս արտացոլել ժամանակի մեջ փոփոխվող ճանապարհային նշանների պատկերները: Նշանի միացված վիճակը նրա աշխատանքային վիճակն է, երբ արտացոլվում է ճանապարհային նշանի պատկերը, իսկ անջատված վիճակը, երբ այդ պատկերը չի արտացոլվում (ԳՕՍՏ 32865-2014 ստանդարտի 3.1-ին կետին համապատասխան).

անվտանգության կղզյակ` ճանապարհի կահավորանքի տարր, որը բաժանում է երթևեկության գոտիները (այդ թվում` հեծանվորդների համար նախատեսված գոտիները), ճանապարհի երթևեկելի մասից առանձնացված է եզրաքարերով և (կամ) նշված է ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներով և նշանակված է հետիոտների կանգառման (սպասման) համար` ճանապարհի երթևեկելի մասն անցնելու ընթացքում.

Անվտանգության կղզյակին կարող է վերաբերել նաև բաժանիչ գոտու հատվածը, որի վրա տեղակայված է հետիոտնային անցումը.

ուղղորդ կղզյակ` երթևեկելի մասի հետ միևնույն մակարդակում տեղակայված կամ դրանից բարձրացված կղզյակ, որն ապահովում է տրանսպորտային հոսքերի բաժանման կամ միավորման համար բարենպաստ պայմաններ (ԳՕՍՏ 32846-2014 ստանդարտի 3.2 կետ).

կառուցվածքայնորեն առանձնացված բաժանիչ գոտի` ճանապարհի տարր, որն իրարից բաժանում է հարակից երթևեկելի մասերը, և որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների երթևեկության կամ կանգառի համար: Երթևեկելի մասից առանձնացված է հետևյալ տարրերից մեկով կամ մի քանիսով` ճանապարհային արգելապատնեշներով, եզրաքարերով, ուղղորդ կառուցվածքներով, հակակուրացման էկրաններով (ԳՕՍՏ 32838-2014 ստանդարտ), ինչպես նաև սիզամարգով և 1.2 գծանշման համակցումով.

բաժանիչ գոտի` ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. ՀՀ ճանապարհներին տեղակայված նշանները, այդ թվում` նաև ժամանակավոր, պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 32945-2014 կամ ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտների պահանջներին, հենարանների վրա տեղակայվեն ԳՕՍՏ 32948-2014 ստանդարտին համապատասխան, իսկ շահագործման ընթացքում պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 50597-93 ստանդարտի պահանջներին:

Թույլատրվում է ճանապարհային նշանները տեղակայել լուսավորության հենարանների վրա` 34-րդ կետում սահմանված հեռավորություններին համապատասխան:».

4) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«22. Ճանապարհի օտարման շերտում, այդ թվում` բաժանիչ գոտում և կողնակներում չի թույլատրվում տեղադրել պաստառներ, ազդագրեր, տեղակայել հարմարանքներ, որոնք կարող են ընկալվել որպես ճանապարհային նշաններ կամ նվազեցնել դրանց տեսանելիությունը, արդյունավետությունը կամ «կուրացնել» երթևեկության մասնակիցներին, կամ շեղել նրանց ուշադրությունը` դրանով իսկ վտանգ ստեղծելով երթևեկության համար:

Նշանների վրա (դիմային և հակառակ կողմերում), նշանների տակ, լուսացույցների և դրանց հենարանների, ուղեանցների, վերգետնյա հետիոտնային անցումների վրա չի թույլատրվում տեղադրել արտաքին գովազդ և գովազդային միջոցներ կամ որևէ այլ բան, որն առնչություն չունի ճանապարհային երթևեկության կազմակերպման հետ: Ճանապարհը տնօրինողը շահույթ չհետապնդող որևէ կազմակերպությանը կամ ընկերությանը կարող է թույլատրել տեղակայել հատուկ թելադրանքի կամ տեղեկատվական նշաններ և նշանի կամ դրա հենարանի վրա դնել իրենց խորհրդանիշը` պայմանով, որ այն չի դժվարացնի նշանի ընկալումը:

Ժամանակավոր, հիմնական նշանները և լուսացույցները, որոնք նշանակված չեն գործող ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի համար, թույլատրվում է ծածկել ծածկոցներով:».

5) 30-րդ կետը «100 մ» բառերից հետո լրացնել «բնակավայրերում 40 կմ/ժամ և պակաս առավելագույն արագության սահմանափակման դեպքում թույլատրվում է նշանի տեսանելիության հեռավորությունը ապահովել 50 մ-ից ոչ պակաս:» բառերով.

6) 33-րդ կետում`

ա. 1-ին պարբերությունում «նշանները կրկնում են» բառերը փոխարինել «նշաններն անհրաժեշտ է կրկնել» բառերով,

բ. 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«3.20 և 3.22 նշանները կրկնում են յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող ճանապարհներին:»,

գ. 2-րդ պարբերությունը «տեղակայվում են» բառից հետո լրացնել «կառուցվածքայնորեն առանձնացված» բառերով,

դ. 3-րդ պարբերությունում «Բաժանարար» բառը փոխարինել «1.2 հորիզոնական գծանշումով նշված բաժանիչ գոտիով կամ առանց բաժանիչ» բառերով,

ե. 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Հանդիպակաց ուղղությամբ երեք կամ ավելի գոտի ունեցող ճանապարհներին թույլատրվում է ժամանակավոր ճանապարհային նշանները կրկնել միայն 1.2 գծանշումով նշված բաժանիչ գոտու վրա: Դրա բացակայության դեպքում ժամանակավոր նշանները կրկնվում են երթևեկելի մասից ձախ:

5.19.1 նշանը կրկնում են երթևեկելի մասի վրա հետևյալ դեպքերում.

Բնակավայրերում`

ա) երկկողմ երթևեկությամբ, տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևկելի գոտի ունեցող ճանապարհներին (հաշվի է առնվում անցումաարագացման գոտիները, վերելքի վրայի լրացուցիչ գոտիները, երթուղային տրանսպորտի գոտիները և այլն),

բ) երեք և ավելի երթևեկելի գոտի ունեցող միակողմանի երթևեկությամբ ճանապարհներին:

Բնակավայրերից դուրս բոլոր ճանապարհներին երթևեկելի մասի վրա 5.19.1 նշանը կրկնում են:».

7) 38-րդ կետի 1-ին նախադասությունում «Բաժանարար» բառը փոխարինել «Կառուցվածքայնորեն առանձնացված բաժանիչ» բառերով, իսկ «հենարանի վրա» բառերից հետո լրացնել «` ԳՕՍՏ 32948-2014 ստանդարտի համաձայն» բառերով.

8) 41-րդ կետը 1-ին նախադասությանը «նշանները» բառից հետո լրացնել. «, ինչպես նաև 1.34.1-1.34.3 նշանները ճանապարհաշինարարական աշխատանքների անցկացման վայրերում, բնակավայրերից դուրս` 2-ից ոչ ավելի ժամանակավոր նշան (չհաշված լրացուցիչ ցուցանակները) և 1-ից ոչ ավելի ժամանակավոր լրացուցիչ ցուցանակ:

Սպասարկման նշանների պատկերները թույլատրվում է տեղակայել կապույտ հիմնագույնով ուղղանկյունաձև մեկ վահանակի վրա` հաշվի առնելով ԳՕՍՏ 32945-2014 և ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտների պահանջները: Ընդ որում` սպասարկման նշանների պատկերներով մեկ վահանակն ընդունվում է որպես մեկ ճանապարհային նշան` ստորև բերված օրինակին համապատասխան.

 

 

 

9) 42-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտի նշանների չափատեսակներն ընտրվում են ըստ N 1 աղյուսակի: Թույլատրվում է N 1 աղյուսակով ընդունել նաև ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտի նշանների չափատեսակները:».

10) N 2 աղյուսակի վերջին տողում «6.16» թիվը փոխարինել «6.17» թվով.

11) N 3 աղյուսակից հետո լրացնել նոր բովանդակությամբ հետևյալ պարբերություններով`

«Դեղնականաչավուն ֆլորեսցենտային ժապավենով լուսաանդրադարձնող վահանակների վրա կիրառում են 1.1, 1.2, 1.22, 1.23 5.19.1, 5.19.2 նշանները: 5.19.1 և 5.19.2 նշաններն այդպիսի վահանակների վրա կիրառում են հետևյալ դեպքերում`

ա) չկարգավորվող հետիոտնային անցումներում.

բ) հետիոտնային անցումներում, որոնք տեղակայված են արհեստական լուսավորության բացակայության կամ սահմանափակ տեսանելիության վայրերում.

գ) կանչովի փուլով լուսացուցային կարգավորում ունեցող հետիոտնային անցումների վրա` ճանապարհը տնօրինողի հայեցողությամբ:

Այլ նշանները (բացառությամբ ժամանակավոր ճանապարհային նշանների և 2.1, 2.2, 2.4, 2.5 նշանների) թույլատրվում է կիրառել այդպիսի ֆլորեսցենտային ժապավենով վահանակների վրա ՃՏՊ-ների կուտակման վայրերում և վտանգավոր հատվածներում` ՃՏՊ-ների նախականխման համար:

1.8, 1.15, 1.16, 1.18-1.21, 1.33, 2.6, 3.11-3.16, 3.18.1-3.25, 8.23 ժամանակավոր ճանապարհային նշանները դեղին հիմնագույնով կիրառում են այն ժամանակաշրջանում, երբ անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն: Ընդ որում` 1.8, 1.15, 1.16, 1.18-1.21, 1.33, 2.6, 3.11-3.16, 3.18.1-3.25 սպիտակ հիմնագույնի վրա արված նշանները փակվում են հատուկ ծածկոցներով կամ ապամոնտաժում են, որպեսզի բացառվի նշանների պատկերների ընթերցումը:».

12) 48.18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«48.18. 1.17 «Արհեստական անհարթություն» նշանը տեղակայվում է արհեստական անհարթությունից առաջ` ԳՕՍՏ 32964-2014 ստանդարտի համաձայն տրանսպորտային միջոցի արագությունը հարկադրաբար նվազեցնելու համար: Եթե իրար հաջորդող արհեստական անհարթությունների միջև հեռավորությունը պակաս է 100 մետրից, ապա նշանը տեղակայվում է առաջին արհեստական անհարթությունից առաջ` 8.2.1 լրացուցիչ ցուցանակի հետ:».

13) 48.21 կետի վերջին նախադասությունը «տեղակայվում:» բառից հետո լրացնել «1.20.1-1.20.3 նշանները կրկնում են 33-րդ կետում սահմանված պահանջներին համապատասխան:» բառերով.

14) 48.24 կետի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ`

«Մանկական հաստատություններ են համարվում երեխաների համար նախատեսված սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտները` շենքեր, շինություններ, որոնք անհրաժեշտ են երեխաների կենսաապահովման համար, ինչպես նաև կազմակերպություններ, որոնց գործունեությունն իրականացվում է երեխաների կյանքի, առողջության պահպանման, կրթության, հանգստի, զարգացման լիարժեք ապահովման սոցիալական կարիքների ապահովման նպատակով:».

15) 48.26 կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԳՕՍՏ 32757-2014 ստանդարտին համապատասխան կարճաժամկետ աշխատանքների կատարման դեպքում, 40 կմ/ժամ և պակաս արագության ռեժիմի սահմանափակման պայմաններում թույլատրվում է շարժական հենարանի վրա առանց 8.1.1 ցուցանակի տեղակայել մեկ 1.25 նշան` աշխատանքների կատարման վայրից 10-15 մ հեռավորության վրա: Ընդ որում` թույլատրվում է կիրառել փոքր չափսի նշան` ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտին համապատասխան:».

16) 48.33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«48.33. 1.32 «Խցանում» նշանը ժամանակավոր կիրառվում է ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտին համապատասխան ճանապարհի տեղամասում խցանում առաջանալու ժամանակաշրջանում կամ տեղակայում են փոփոխական տեղեկատվությամբ ճանապարհային նշանի վրա այն խաչմերուկից առաջ, որտեղից խցանում ստեղծվելու պատճառով հնարավոր է ճանապարհի տեղամասի շրջանցում:».

17) 48.34-րդ կետը «նախատեսված չէ» բառից հետո լրացնել «ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտի» բառերով.

18) 48.35 կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.34.1 և 1.34.2 «Շրջադարձի ուղղություն» նշանները տեղակայվում են 600 մետր և պակաս շառավղով հատակագծի կորերով ճանապարհի տեղամասերում:».

19) 48.38-րդ կետում «Խաչմերուկի տարածք» բառերը փոխարինել «Խաչմերուկի հատված» բառերով.

20) 49.1-ին կետի 2-րդ պարբերությունը «նշան» բառից հետո լրացնել «` ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտի համաձայն» բառերով.

21) 49.3-րդ կետում`

ա. 1-ին նախադասությունում «2.3.2-2.3.7 «Երկրորդական ճանապարհի հարում» բառերից հետո ավելացնել «և 2.3.8-2.3.11 «Երկրորդական ճանապարհների հարում» բառերը,

բ. 4-րդ նախադասությունում «2.3.7» թիվը փոխարինել «2.3.11» թվով,

գ. «8.1.1 ցուցանակով:» բառից հետո ավելացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասություն`

«2.3.8-2.3.11 «Երկրորդական ճանապարհների հարում» նշանները տեղակայվում են, եթե փոխհատվող ճանապարհների միջև եղած հեռավորությունը կազմում է ոչ ավելի, քան 100 մետրը|:».

22) 49.4-րդ կետում «2.3.7» թիվը փոխարինել «2.3.11» թվով.

23) 49.5-րդ կետը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով և 4.1-ին նկարով.

«Եթե հարակցման երկարությունը 400 մ-ից ավելի է, ապա կարող է տեղադրվել լրացուցիչ 2.4 ճանապարհային նշանը` 8.1.1 ցուցանակով (400 մ): Երբ հարակցումը (էջքը) գլխավոր ճանապարհի հետ միանում է 300-ից փոքր անկյան տակ, ապա կիրառվում է 4.1.1 նշանը (նկար 4.1 «ա»), իսկ 300-ից մեծ անկյան դեպքում `4.1.2 նշանը (նկար 4.1 «բ»).

 

 

ա

բ

 

գ

Նկար N 4.1 Գլխավոր ճանապարհների հետ հարակցումների կահավորումը ճանապարհային նշաններով.

ա) հարակցումը (էջքը) գլխավոր ճանապարհի հետ միանում է 300-ից փոքր անկյան տակ.

բ) հարակցումը (էջքը) գլխավոր ճանապարհի հետ միանում է 300-ից մեծ անկյան տակ.

գ) ապահոված չէ տեսանելիության հեռավորությունը:».

 

i

24) 49.6-րդ կետի 2-րդ պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ`

i

«2.5 նշանը տեղակայվում է 2.4 նշանի փոխարեն, եթե ապահովված չէ տեսանելիության հեռավորությունը հատվող ճանապարհով տեսանելիության եռանկյունու շրջանակներում երթևեկող տրանսպորտային միջոցների միջև (նկար «գ»):».

i

25) 49.8-րդ կետը «հենարանի վրա» բառերից հետո լրացնել «` 2.4 և 2.5 նշանները կրկնում են 33 կետին համապատասխան:» բառերով.

i

26) 49.9-րդ կետի 3-րդ նախադասությունը «տեղամասերում» բառից հետո լրացնել «, որոնք նշված են 1.13 և 1.14 նախազգուշացնող նշաններով» բառերով.

27) 50.23-րդ կետը 3-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

i

«3.20 և 3.22 նշաններն անհրաժեշտ է կրկնել 33-րդ կետում սահմանված պահանջներին համապատասխան:».

28) 50.24-րդ կետում`

ա. 3-րդ պարբերությունը «սահմանափակում`» բառից հետո լրացնել «բնակավայրից դուրս` իրարից 100-150 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա`» բառերով,

բ. վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն`

«3.24 նշանի վրա սահմանված արագությունը պետք է համապատասխանի արհեստական անհարթության կառուցվածքին` ԳՕՍՏ 32964-2014 ստանդարտին համապատասխան:

3.24 նշանը կրկնում են 33-րդ կետին համապատասխան:».

29) 52.23-րդ կետում`

i

ա. 3-րդ նախադասության «բաժանիչ» բառը փոխարինել «կառուցվածքայնորեն առանձնացված բաժանիչ» բառերով,

բ. 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Հետիոտնային անցման վրա 1.14.1 և 1.14.2 գծանշման («Հետիոտնային անցում») բացակայության դեպքում 5.19.1 նշանը տեղակայվում է մոտեցող տրանսպորտային միջոցի նկատմամբ անցման մոտակա սահմանի վրա, 5.19.2 նշանը` հեռավոր սահմանին:Նշանների միջև գտնվող չգծանշված հետիոտնային անցման լայնությունը որոշվում է հետիոտնային ինտենսիվությամբ` 500 մարդ/ժամ-ին 1 մետր հաշվարկով, բայց այն չպետք է լինի ոչ պակաս, քան 4 մետր:»,

գ. 6-րդ պարբերությունից հանել «Թույլատրվում է կարգավորվող խաչմերուկներում գտնվող նշանադրված հետիոտնային անցումների վրա նշանները չտեղակայել» նախադասությունը,

դ. վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Արհեստական անհարթության և հետիոտնային անցման համատեղման դեպքում 5.19.1 նշանը թույլատրվում է կիրառել 5.20 «Արհեստական անհարթություն» նշանի հետ միաժամանակ` 52.24 կետին համապատասխան:

5.19.1 և 5.19.2 նշանները կրկնում են 33-րդ կետին համապատասխան:

5.19.3 և 5.19.4 «Անկյունագծային հետիոտնային անցում» նշանները տեղակայվում են այն խաչմերուկներում, որտեղ հետիոտների երթևեկությունը կազմակերպված է խաչմերուկի անկյունագծով: Անկյունագծային հետիոտնային անցումներ ունեցող կարգավորվող խաչմերուկներում 5.19.1 և 5.19.2 նշանները տեղակայում են միայն խաչմերուկի պարագծով տեղակայված հետիոտնային անցումների վրա, իսկ 5.19.3 կամ 5.19.4 նշանները տրանսպորտային լուսացույցի վերևում` վարորդներին տեղեկացնելու համար, որ խաչմերուկում իրականացվում է անկյունագծային հետիոտնային երթևեկություն:».

30) 53.3-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Նշանները կառուցվածքայնորեն առանձնացված բաժանիչ գոտի ունեցող ճանապարհներին տեղակայվում են այդ բաժանիչ գոտու վրա` հետադարձի տեղից առաջ, իսկ միայն 1.2 գծանշումով նշված բաժանիչ գոտի ունեցող կամ առանց բաժանիչ գոտիով ճանապարհներին` տվյալ ուղղությամբ ձախ եզրային երթևեկության գոտու վրա:».

31) 53.8-րդ կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Որպես այլ օբյեկտներ, որոնք ցույց են տրվում 6.9.1, 6.9.2, 6.10.1- 6.12 ճանապարհային նշանների վրա, կարող են լինել բնակելի կետեր, վարչական տարածքներ (շրջաններ), լանդշաֆտա-աշխարհագրական օբյեկտներ (գետեր, լճեր, լեռներ և այլն), ճանապարհային ցանցի տարրեր (այլ ճանապարհներ, հրապարակներ, ուղեանցներ, կամուրջներ և այլն), ճանապարհամերձ օբյեկտներ (կայարաններ, օդանավակայաններ), սպասարկման օբյեկտներ (հյուրանոցներ, հանգրվաններ, տեխնիկական սպասարկման կայաններ, բազմաֆունկցիոնալ սպասարկման համալիրներ), սպորտի և զբոսաշրջության օբյեկտներ (թանգարաններ, պատմական հուշարձաններ, ճարտարապետության հուշարձաններ, սպորտի պալատներ, մարզադաշտեր, լողավազաններ, ձիարշավարաններ և այլն):

6.9.1, 6.9.2, 6.10.1, 6.10.2, 6.11, 6.12 նշանների հիմնագույնը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտի 4.5.2 կետին:».

32) 53.19-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Թույլատրվում է «Շրջանցում» հիմնական բառի փոխարեն անհրաժեշտության դեպքում ցույց տալ այն բնակավայրի անվանումը, որի ուղղությամբ իրականացվում է երթևեկությունը, ընդ որում` բնակավայրի անվանումն անհրաժեշտ է գրառել մեծատառերով: Այս պարագայում նշանի մեջ գրված բառերի երկարությունը որոշվում է ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտի համաձայն:».

33) 53.21-րդ կետում «տեղեկություններ (գտնվելու վայրը, հեռախոսահամարը, գործունեության տեսակը, երթևեկության ուղղությունը, օբյեկտի հեռավորությունը, այլ տեղեկություն, ինչպես նաև` գրաֆիկական)» բառերը փոխարինել «ցուցանակ` գովազդ չհամարվող տեղեկություններ («Ծառայողական» բառ, անվանում, երթևեկության ուղղություն, հեռավորություն մինչ օբյեկտը, պիկտոգրամմա կամ խորհրդանիշ) ներկայացնելու նպատակով» բառերով.

34) 54.1-րդ կետը 1-ին «Զուգարան» բառից հետո լրացնել «և 7.21 «Ավտոլիցքավորման կայան` էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ» բառերով.

35) 54.2-րդ կետը «փոխադրումները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն կետերում, որտեղ իրականացվում է քարշային և եզրաչափային վերահսկում:» բառերով.

36) 55-րդ կետի 1-ին պարբերությունը «համար» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև երթևեկության մասնակիցներին այլ տեղեկություններ հաղորդելու» բառերով.

37) 55.25-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8.22.1 ցուցանակը 4.2.1 նշանի հետ կիրառվում է`

ա) հակադարձ ուղղություններով տրանսպորտային հոսքերը բաժանող կառուցվածքայնորեն առանձնացված բաժանիչ գոտու սկզբում.

բ) կառուցվածքայնորեն առանձնացված ուղղորդ կղզյակների վրա.

գ) բարձրացված անվտանգության կղզյակների վրա:»,

բ. 4-րդ նախադասության «ա» պարբերության «պատնեշների» բառը փոխարինել «կառուցվածքայնորեն առանձնացված բաժանիչ գոտու» բառերով.

38) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 55.32 կետով.

«55.32. 8.29 «Էլեկտրամոբիլների լիցքավորում» - կիրառում են 7.4,7.5, 7.7, 7.9-7.11 նշանների հետ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորության մասին տեղեկատվության համար:».

39) լրացնել հետևյալ բովանդակությամբ 56-րդ կետով և նկար 6-ով`

«56. Սույն որոշման մեջ կիրառվող պայմանական նշանները պատկերված են Նկար 6-ում.

 

 

 

Նկար 6. Որոշման մեջ կիրառվող պայմանական նշանները»:

 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ն. Փաշինյան


2022 թ. հունվարի 27
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունվարի 2023 թվական:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2023
N 119-Ն
Որոշում