i
COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՒԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 11244/12)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
20 սեպտեմբերի 2018թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Գուլյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turkovic],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]` դատավորներ,
Սիրանուշ Սահակյան [Siranush Sahakyan]` ad hoc (ժամանակավոր) դատավոր,
և Աբել Կամպոս [Abel Campos]` Բաժանմունքի քարտուղար,
2018 թվականի օգոստոսի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Աշոտ Գուլյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2012 թվականի փետրվարի 22-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 11244/12) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն Մ. Ղուլյանը, պրն Ա. Կարախանյանը և պրն Հ. Ղուկասյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ ոստիկանության` ձերբակալվածներին պահելու վայրում իր որդու մահը հանգեցրել է նրա կյանքի իրավունքի խախտման, որ իշխանությունները իր որդու մահվան փաստի առթիվ չեն իրականացրել արդյունավետ քննություն, և որ իր որդին անօրինականորեն և կամայականորեն զրկվել է ազատությունից:
4. 2015 թվականի հոկտեմբերի 20-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:
5. Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու գործով քննությանը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոն): Համապատասխանաբար, Պալատի նախագահը որոշել է տկն Սիրանուշ Սահակյանին նշանակել ad hoc դատավոր (29-րդ կանոնի 1(ա) կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուն ծնվել է 1942 թվականին և ապրում է Երևանում:
Ա. Դիմումատուի որդու մահը
7. 2007 թվականի մայիսի 9-ին` մոտավորապես ժամը 22:30-ին, դիմումատուի 30 տարեկան որդուն` Լևոն Գուլյանին, պատկանող ռեստորանի դիմաց վիճաբանությունից հետո սպանվել է ոմն Ս.Վ.: Երեկոյան` ավելի ուշ, իրավապահ մարմինների ծառայողների խումբ է ժամանել դեպքի վայր, այդ թվում` տեղի` Ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի բաժնի (ոստիկանության բաժին) մի քանի ոստիկանության ծառայողներ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազության (դատախազություն) քննիչներ և Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳՎ) երկու ծառայողներ` ՔՀԳՎ-ի պետի տեղակալ Հ. Թ.-ն և Սպանությունների բաժնի պետ Գ. Թ.-ն:
8. 2007 թվականի մայիսի 10-ին` մոտավորապես ժամը 3:00-4:00-ին, Լևոն Գուլյանը ոստիկանության ծառայողների կողմից դեպքի առնչությամբ տարվել է ոստիկանության բաժին: ՔՀԳՎ-ի ծառայողներ Հ. Թ.-ն և Գ. Թ.-ն նրա հետ մի քանի ժամ զրույց են ունեցել, որից հետո տարել են դատախազություն, որտեղ նա որպես վկա հարցաքննվել է դատախազի կողմից 11:40-ի և 12:55-ի միջակայքում: Նրան պահել են ոստիկանության բաժնում մինչև մոտավորապես 22:00-ն: Լևոն Գուլյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ այդ երեկո ինքն իր ռեստորանից դուրս է եկել ծխելու, երբ նկատել է, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են: Ինքը փորձել է հանդարտեցնել նրանց, սակայն ապարդյուն, հետո վերադարձել է ռեստորան: Ավելի ուշ` ռեստորանից դուրս գալիս, նա տեսել է ոստիկանության մեքենաներ ու այլ փոխադրամիջոցներ և պարզել, որ ինչ-որ մեկին մահացու կրակել են: Ինքն ականատես չի եղել սպանությանը և չի լսել ատրճանակի կրակոցի ձայներ: Նրա ռեստորանի երկու աշխատակիցներ` բարմեն Հ.Մ.-ն և մատուցող Մ.Գ.-ն, նույնպես հարցաքննվել են: Մ.Գ.-ն նշել է, որ Լևոն Գուլյանը դրսում է եղել, երբ ատրճանակի կրակոցներ են լսվել:
9. 2007 թվականի մայիսի 11-ին Լևոն Գուլյանը կրկին ներկայացել է ոստիկանության բաժին: Դիմումատուն պնդել է, որ Լևոն Գուլյանն այնտեղ պահվել է ամբողջ օրը և գիշերը, և այդ օրն անցկացվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար բաց է թողնվել 2007 թվականի մայիսի 12-ի առավոտյան այն պայմանով, որ մի քանի ժամից կվերադառնա ոստիկանության բաժին: Կառավարությունը պնդել է, որ Լևոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 11-ին չի պահվել ոստիկանության բաժնում, և որ նա տուն է գնացել:
10. 2007 թվականի մայիսի 12-ին` մոտավորապես կեսօրին, Լևոն Գուլյանը կրկին ներկայացել է ոստիկանության բաժին:
11. Մոտ 14:00-ին ՔՀԳՎ-ի պետ Հ.Մ.-ի հրամանով ՔՀԳՎ-ի երկու ծառայողներ Վ.Գ.-ն ու Ս.Մ.-ն նրան այնտեղից մեքենայով տարել են ՔՀԳՎ, որը գտնվում էր Հայաստանի ոստիկանության շտաբում:
12. 14:30-ին արձանագրվել է Լևոն Գուլյանի մուտքը ոստիկանության շտաբ:
13. Մոտավորապես 15:20-ին Լևոն Գուլյանը մահացած հայտնաբերվել է ոստիկանության շտաբի բակում` բազմաթիվ վնասվածքներով: Ըստ երևույթին, նա ընկել էր Սպանությունների բաժնի պետ Գ.Թ.-ի` շենքի երկրորդ հարկում գտնվող աշխատասենյակի պատուհանից:
14. Չպարզված ժամի կատարվել են դեպքի վայրի զննություն և մարմնի արտաքին զննում: Համապատասխան արձանագրություններում նշվել է, որ Լևոն Գուլյանն ընկած է եղել շենքից 2 մետր հեռավորության վրա` գլուխը դեպի շենքը, իսկ ոտքերը դեպի դիմացի շենքը: Նա ընկած է եղել մարմնի առջևի ձախ կողմի վրա: Նրա կոշկաքուղերը բացակայել են, որոնք հայտնաբերվել են նրա տաբատի գրպանում, իսկ նրա մարմնից մոտ 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մազափունջ: Պատուհանի շրջանակը, որից նա, ըստ երևույթին, ընկել էր, 40 սմ լայնություն է ունեցել:
Բ. Քննությունը
1. Երևանի դատախազության կողմից քննությունը
15. Նույն օրը` 2007 թվականի մայիսի 12-ին, Երևանի դատախազության դատախազը ցուցմունք է վերցրել ՔՀԳՎ-ի ծառայող Գ.Թ.-ից, որը նշել է, որ Լևոն Գուլյանն իր աշխատասենյակ է բերվել մոտավորապես 14:30-ին, և ինքը մոտ 30 րոպե զրույց է ունեցել նրա հետ սպանության հանգամանքների մասին: Հետո զրույցի արդյունքները ՔՀԳՎ-ի պետի տեղակալին` Հ.Թ.-ին, զեկուցելու համար ինքը դուրս է եկել աշխատասենյակից, սակայն չցանկանալով միայնակ թողնել Լևոն Գուլյանին` նրան տարել է ծառայող Ս.Մ.-ի աշխատասենյակ: Հ.Թ.-ի աշխատասենյակի ճանապարհին ինքը պատահմամբ հանդիպել է ծառայող Ա.Մ.-ին և ասել նրան, որ Լևոն Գուլյանի հետ մնա Ս.Մ.-ի աշխատասենյակում, և ուղարկել է Ս.Մ-ին ճաշելու: Մոտավորապես 15:30-ին, երբ ինքը Հ.Թ.-ի աշխատասենյակում էր, միջանցքից աղմուկի ձայներ է լսել: Դուրս է եկել և իմացել, որ ինչ-որ մեկը պատուհանից ընկել է: Ինքը վազել է բակ և տեսել գետնին ընկած Լևոն Գուլյանին: Անմիջապես շտապ օգնություն է կանչել և փորձել առաջին օգնություն ցուցաբերել, սակայն Լևոն Գուլյանն արդեն մահացել էր: Ավելի ուշ ինքն Ա.Մ.-ից իմացել է, որ վերջինս Լևոն Գուլյանին տեղափոխել է իր (այսինքն` Գ.Թ.-ի) աշխատասենյակ, որպեսզի Ս.Մ.-ն կարողանա գնալ ճաշելու: Լևոն Գուլյանը դուրս է նետվել աշխատասենյակի պատուհանից, երբ Ա.Մ.-ն գնացել է ջուր բերելու:
16. Դատախազը նաև ցուցմունք է վերցրել ՔՀԳՎ-ի ծառայող Ա.Մ.-ից, որը նշել է, որ մոտավորապես 15:00-ին ծառայող Ս.Մ.-ն Լևոն Գուլյանին տարել է Գ.Թ.-ի աշխատասենյակ: Այնուհետև ծառայող Ս.Մ.-ն ասել է, որ պետք է գնա ճաշելու, մինչդեռ Գ.Թ.-ն այդ պահին զեկուցելիս է եղել ՔՀԳՎ-ի պետի տեղակալ Հ.Թ.-ին, այսպիսով ինքը մնացել է Լևոն Գուլյանի հետ: Ավելի վաղ նա ծառայող Ս.Մ.-ի աշխատասենյակում տեսել էր Լևոն Գուլյանին և տեղյակ էր, որ նա կանչվել է սպանության առնչությամբ: Նա որոշել է որոշ հարցեր տալ Գուլյանին, քանի որ առնչություն ուներ այդ գործին: Լևոն Գուլյանը հոգնած էր և բարկացած, այդ պատճառով նա որոշել էր փոխել խոսակցության թեման և դրա հետ առնչություն չունեցող հարցեր էր տվել նրա ռեստորանի վերաբերյալ: Այնուհետև Լևոն Գուլյանը ծխելու թույլտվություն է խնդրել, իսկ ավելի ուշ` ջուր: Աշխատասենյակում ջուր կամ շիշ չի եղել: Նա գնացել է կողքի աշխատասենյակ ջուր բերելու, բայց հետո լսել է պատուհանը բացելու ձայն և «թրմփոց»: Հետ է վազել աշխատասենյակ, սակայն այնտեղ ոչ ոք չի եղել: Պատուհանն այնպես է բացված եղել, որ ինքն անմիջապես հասկացել է, որ Լևոն Գուլյանը փախել է: Ինքն արագ վազել է բակ և տեսել, որ Լևոն Գուլյանը պառկած է մեջքի վրա, և գլխի շրջանում արյուն է: Այնտեղ ոչ ոք չի եղել, սակայն ավելի ուշ իր բաժնի անդամներն են եկել: Ա.Մ.-ն նշել է, որ չի կարող ասել նրանց անունները, քանի որ ցնցված է եղել:
17. Դատախազը հարուցել է քրեական գործով վարույթ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (մարդուն ինքնասպանության հասցնելը)` հիմնվելով Գ.Թ.-ի և Ա.Մ.-ի` վերը նշված ցուցմունքների վրա, այդ թվում` նրանց այն պնդման վրա, որ Լևոն Գուլյանն ընկել է և մահացել պատուհանից փախչելու փորձ կատարելիս:
18. Քրեական գործ հարուցելուց հետո` նույն օրը, դատախազը որպես վկա հարցաքննել է ՔՀԳՎ-ի ծառայողներ Գ.Թ.-ին և Ա.Մ.-ին: Նրանք բերել են այդ օրն ավելի վաղ բերված փաստարկներին նման փաստարկներ (տե՛ս վերևում 15-րդ և 16-րդ պարբերությունները): Ծառայող Գ.Թ.-ն բացատրություն է տվել, որ ինքը դուրս է եկել աշխատասենյակից ՔՀԳՎ-ի պետի տեղակալ Հ.Թ.-ին զեկուցելու համար, քանի որ Լևոն Գուլյանն իրենց երկխոսության ընթացքում տրամադրել է նախկինում անհայտ անձի անուն, որը վիճաբանության մեջ է եղել Ս.Վ.-ի հետ:
19. Բացի այդ, դատախազը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն` խնդրելով դատաբժշկական փորձագետին պարզել, inter alia (ի թիվս այլնի), Լևոն Գուլյանի մարմնի վնասվածքները, թե արդյոք դրանք կարող էին առաջանալ ընկնելու և ընկնելու ընթացքում խոչընդոտների բախվելու հետևանքով, ինչպես նաև պարզել վնասվածքներ ստանալու ժամանակ նրա դիրքը:
20. 2007 թվականի մայիսի 13-ին իրականացվել է պահանջված բժշկական քննությունը, ստացվել է թիվ 402 բժշկական եզրակացությունը, համաձայն որի Լևոն Գուլյանը բաց վերքեր է ստացել իր գանգի հատվածում, ինչպես նաև փակ ու բութ առարկայի հարվածից` տրավմա կրծքավանդակի և ողնաշարի հատվածում` բազմաթիվ կոտրվածքներով ու կապտուկներով, որոնք առաջացել են ընկնելու հետևանքով խոչընդոտներին ու գետնին բախվելու արդյունքում և դարձել մահվան պատճառ: Գանգի և ձախ ուսագոտու հատվածում վնասվածքները ստանալիս Լևոն Գուլյանը գլխի ձախ մասով և ձախ ուսագոտու հատվածով ուղղված է եղել դեպի այն առարկան, որը պատճառել է վնասվածքները, իսկ կրծքավանդակի և ուսի ու ողնաշարի ներքևի հատվածի վնասվածքներն ստանալիս Լևոն Գուլյանն իր կրծքավանդակի հետին մասով ուղղված է եղել դեպի այն առարկան, որը պատճառել է վնասվածքները: Բացի վերը նշված վնասվածքներից` նրա որովայնի ձախ կողմում, ձախ արմնկային հոդի, ձախ դաստակի հետին մակերեսի ու աջ սրունքաթաթային հոդի դրսային մակերեսի շրջանում եղել են նաև կապտուկներ, ինչպես նաև քերծվածքներ` աջ արմնկային հոդի, դաստակի հոդի հետին մակերեսի, ձեռքի ափի, ձախ արմնկային հոդի առաջնային մակերեսի, աջ սրունքաթաթային հոդի դրսային մակերեսի և ձախ ծնկահոդի առաջային մակերեսի հատվածում, որոնք պատճառվել են բութ առարկաներով դեռևս կենդանության ժամանակ և կարող էին որակվել որպես թեթև վնասվածքներ:
21. 2007 թվականի մայիսի 14-ին դիմումատուն ճանաչվել է տուժող և տեղեկացվել իր իրավունքների մասին: Նույն օրը նա հարցաքննվել է:
22. Դատախազը նույն օրը նշանակել է, մասնավորապես, պատուհանի վրա հայտնաբերված մատնահետքերի դատահետքաբանական փորձաքննություն:
23. 2007 թվականի մայիսի 15-ին կատարվել է դեպքի վայրի և շենքի լրացուցիչ զննություն: Նշվել է, որ շենքից որոշակի հեռավորության վրա` պատուհանից մոտավորապես երկու մետր ներքև` պատի երկայնքով հորիզոնական ուղղությամբ գազի դեղին խողովակ է եղել: Առաջին հարկից ներքև նաև միջնահարկ է եղել, որը ծածկված է եղել շենքից մինչև բակ ձգվող ծածկով: Ըստ երևույթին, բակից դեպի փողոց բաց ելք չի եղել:
24. Նույն օրը դատախազը նշանակել է Լևոն Գուլյանի հագուստի մանրաթելերի, եղունգների տակից վերցված հետքերի և պատուհանագոգին հայտնաբերված որոշ բծերի դատաբժշկական փորձաքննություն:
25. 2007 թվականի մայիսի 17-ին դատախազը որպես վկա հարցաքննել է ՔՀԳՎ-ի պետի տեղակալ Հ.Թ.-ին:
26. 2007 թվականի մայիսի 18-ին անցկացվել է բժշկական քննություն, որով պարզվել է, որ չի կարելի բացառել, որ դեպքի վայրում հայտնաբերված մազափունջը պատկանել է Լևոն Գուլյանին:
27. 2007 թվականի մայիսի 19-ին դատախազը դիմումատուի պահանջով որոշել է Լևոն Գուլյանի մարմնի մեկ այլ բժշկական քննություն նշանակել, որը պետք է կատարեին Գերմանիայից և Դանիայից երկու միջազգային փորձագետներ: Որոշման մեջ նշված է եղել, որ 2007 թվականի մայիսի 12-ին Լևոն Գուլյանը հրավիրվել է ՔՀԳՎ «օպերատիվ զրույցի» համար: Փորձագետներին խնդրել են պարզել Լևոն Գուլյանի մարմնի վնասվածքները և դրանց ծագումը, այդ թվում` արդյոք եղել են վնասվածքներ, որոնցից կարելի է ենթադրել, որ ընկնելուց առաջ նրա նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել:
28. Նույն օրը փորձագետներն անցկացրել են պահանջված բժշկական քննությունը` տրամադրելով թիվ 418 եզրակացությունը, որում եզրահանգել են, որ մահվան պատճառ է եղել գլխին և կրծքավանդակին ահռելի բութ առարկայով հասցված հարվածը: Փորձագետները գլխի և մարմնի վրա հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք հատուկ չեն պաշտպանության արդյունքում ստացված վնասվածքներին: Դրանք թարմ էին և հասցվել էին դեռևս կենդանության ժամանակ: Դրանք պատճառվել են շատ բութ առարկայի հարվածից, և ինչպես նշվել է, կարող էին առաջացած լինել բարձրությունից ընկնելու հետևանքով: Վնասվածքների տեղակայվածությունը և դեպքի վայրում մարմնի դիրքը թույլ են տվել ենթադրել, որ մահացածի գլուխը և մարմնի վերին հատվածն առաջին հարվածն են ստացել գետնին, և հնարավոր է, որ նա ընկնելուց կարող էր ինչ-որ առարկայի հարվածել` հավանաբար շենքի դրսի մասում պատուհանի տակ գտնվող խողովակին: Չեն եղել այնպիսի վնասվածքներ, որոնք հնարավոր չէր բացատրել բարձրությունից ընկնելով: Մյուս կողմից, չի կարելի բացառել, որ փոքր կապտուկներից ու քերծվածքներից մի քանիսը կարող էին պատճառված լինել ընկնելուց առաջ ստացված մեկ այլ հարվածից (ինչպես օրինակ` բռունցքի հարված կամ հարված): Դեպքի վայրը զննելուց հետո փորձագետները չեն հայտնաբերել ելուստներ կամ այնպիսի այլ նշաններ, որ անձը հարվածել է ծածկին: Նրանք չեն ուսումնասիրել գազի խողովակը:
29. 2007 թվականի մայիսի 21-ին դատահետքաբանական փորձաքննության արդյունքները տրամադրվել են թիվ 16080702 եզրակացությամբ, որում նշվել է, որ պատուհանի շրջանակի մեջտեղի հատվածի ներսի կողմում և ձախ պատուհանի փեղկի վրա հայտնաբերված մատնահետքերը պատկանել են Լևոն Գուլյանին: Պատուհանի վրա եղել են ձեռքի ափի հետքեր և մեկ մատնահետք, որոնք նրան չեն պատկանել:
30. 2007 թվականի հունիսի 4-ին դատախազը նշանակել է լրացուցիչ դատահետքաբանական փորձաքննություն: Դատաբժշկական փորձագետից հարցվել է, թե արդյոք Լևոն Գուլյանին չպատկանող ձեռքի ափի հետքերը և մատնահետքը ՔՀԳՎ-ի ծառայողներ Գ.Թ.-ին կամ Ա.Մ.-ին կամ երրորդ անձի` հավաքարար Հ.Մ.-ին են պատկանում, որը, ըստ երևույթին, 2007 թվականի մայիսի 13-ին մաքրել է Գ.Թ.-ի աշխատասենյակը:
31. 2007 թվականի հունիսի 12-ին մանրաթելերի և բծերի դատաբժշկական փորձաքննության արդյունքները տրամադրվել են թիվ 16170705 եզրակացությամբ, որում նշվել է, inter alia, որ օտար և քիմիական մանրաթելեր են հայտնաբերվել Լևոն Գուլյանի հագուստի վրա ու եղունգների տակ, որոնք հետագայում ենթակա են համեմատական փորձաքննության: Նրա հագուստի վրա հայտնաբերված մանրաթելերը չեն ունեցել նույն ընդհանուր ծագումը, ինչ ունեին խողովակից և միջնահարկի ծածկից վերցվածները: Պատուհանագոգի վրա հայտնաբերված բծերն ունեցել են այն նույն ընդհանուր ծագումը, ինչ Լևոն Գուլյանի կոշիկների ներբաններից վերցված նմուշները:
32. 2007 թվականի հունիսի 18-ին լրացուցիչ դատահետքաբանական փորձաքննության արդյունքները ներկայացվել են եզրակացությամբ, որում նշվել է, որ պատուհանի վրա հայտնաբերված ձեռքի ափի հետքը և մատնահետքը չեն պատկանում ՔՀԳՎ-ի ծառայողներ Գ.Թ.-ին կամ Ա.Մ.-ին կամ հավաքարարին:
33. 2007 թվականի հուլիսի 12-ի գրությամբ դատախազը, ի պատասխան Երևանի դատախազության կողմից արված հարցմանը, նշել է, inter alia, որ ոստիկանության բաժնի ծառայողները, ստանալով ականատեսներ գտնելու և բերելու հանձնարարություն, Լևոն Գուլյանին բերել են դատախազություն` հարցաքննելու, ինչը միայն մեկ անգամ է տեղի ունեցել` 2007 թվականի մայիսի 10-ին: Նրան ուղեկցել են ոստիկանության ծառայողներ, սակայն առանց ձեռնաշղթաներ հագցնելու: Նրա մասնակցությամբ այլ քննչական միջոցառում 2007 թվականի մայիսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված չի եղել, և նրա` 2007 թվականի մայիսի 12-ին ՔՀԳՎ ներկայանալու հարցը պետք է պարզաբանվեր համապատասխան մարմինների հետ:
34. Քննության որոշակի պահի Գլխավոր դատախազությունը կարգադրել է քննչական փորձարարություն կատարել` պարզելու Լևոն Գուլյանի ընկնելու մեխանիզմը, սակայն համապատասխան մանեկենի բացակայության պատճառով որոշմանը ընթացք չի տրվել:
35. 2007 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի ոստիկանության պետը Լևոն Գուլյանի մահվան կապակցությամբ պաշտոնական քննության արդյունքների հիման վրա կայացրել է եզրակացություն` գտնելով, որ ՔՀԳՎ-ի ծառայող Ա.Մ.-ն ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ` աշխատասենյակում միայնակ թողնելով Լևոն Գուլյանին, որի արդյունքում նա փորձել է փախչել և մահացել է, իսկ ՔՀԳՎ-ի ծառայող Գ.Թ.-ն, որպես ծառայող Ա.Մ.-ի վերադաս, պատշաճ կերպով չի վերահսկել իր ստորադասին: Նրանք երկուսն էլ ենթակա էին կարգապահական պատասխանատվության:
2. Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից քննությունը և դիմումատուի կողմից դատարաններ ներկայացված բողոքները
ա) ՀՔԾ-ի կողմից քննությունը, քրեական գործով վարույթն ավարտելը և դիմումատուի կողմից վիճարկումը դատարաններում
36. 2007 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՔԾ-ի կողմից սկսվել է քննություն, և դրա իրականացումը հանձնարարվել է քննիչ Գ.Պ.-ին:
37. 2007 թվականի դեկտեմբերի 19-ին քննիչը որպես վկա հարցաքննել է ՔՀԳՎ-ի ծառայող Գ.Թ.-ին: Ծառայող Գ.Թ.-ն նշել է, որ Լևոն Գուլյանը հրավիրվել է ՔՀԳՎ, որպեսզի պարզաբանի նրա և մատուցող Մ.Գ.-ի ցուցմունքների միջև եղած հակասությունները, որը նույնպես հրավիրվել էր ՔՀԳՎ: Ըստ նրա` Լևոն Գուլյանը, պարզելով որ Մ.Գ.-ն նույնպես հրավիրվել է, որոշել է փախչել, որպեսզի խուսափի նրա հետ առերեսումից, քանի որ դրանով կբացահայտվեր այն փաստը, որ նա կեղծ ցուցմունք է տվել: Գ.Թ.-ն պնդել է, որ Լևոն Գուլյանն իմացել է մոտալուտ առերեսման մասին` լսելով ոստիկանության մեկ այլ ծառայողի հետ իր հեռախոսազրույցը:
38. 2008 թվականի մարտի 12-ին քննիչն ավարտել է քրեական գործով վարույթը: Այս որոշման մեջ, որը դիմումատուի բողոքից հետո հաստատվել էր հսկողություն իրականացնող դատախազի կողմից, նշվել է, որ 2007 թվականի մայիսի 12-ին Լևոն Գուլյանը և Մ.Գ.-ն առանձին-առանձին հրավիրվել են ՔՀԳՎ` իրենց ցուցմունքների միջև եղած հակասությունները պարզաբանելու նպատակով: ՔՀԳՎ-ում նրան տարել են Սպանությունների բաժնի պետ Գ.Թ.-ի աշխատասենյակ, ով մոտավորապես երեսուն րոպե զրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում Լևոն Գուլյանը տրամադրել է Ս.Վ.-ի հետ վիճաբանության մեջ ներգրավված անձանցից մեկի կեղծանունը: Այնուհետև այս նոր տեղեկատվությունը զեկուցելու համար Գ.Թ.-ն դուրս է եկել աշխատասենյակից, իսկ Լևոն Գուլյանը մնացել է սպանությունների բաժնի պետի տեղակալ Ա.Մ.-ի հետ, ում հետ նա ընդհանուր բնույթի զրույց է ունեցել: Այս երկխոսության ընթացքում Լևոն Գուլյանը պարզել է, որ Մ.Գ.-ն նույնպես հրավիրվել է ՔՀԳՎ: Հասկանալով նրա հետ առերեսվելու անխուսափելիությունը, որի ընթացքում նա չէր կարողանա թաքցնել վիճաբանության մեջ ներգրավված անձանց ինքնությունը, այդ թվում` սպանություն կատարած անձի ինքնությունը, նա որոշել է փախչել: Այդ պատճառով նա ջուր է խնդրել ոստիկանության ծառայող Ա.Մ.-ից: Երբ Ա.Մ.-ն գնացել է ջուր բերելու, Լևոն Գուլյանը փորձել է պատուհանից փախչել, սակայն ընկել է 7 մետր բարձրությունից և տեղում մահացել: Հաշվի առնելով այն փաստը, որ Լևոն Գուլյանը ՔՀԳՎ-ում մնալու ընթացքում չի ենթարկվել բռնության, սպառնալիքների կամ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև այն փաստը, որ նրա փախուստը պայմանավորված է եղել իրավախախտների ինքնությունը թաքցնելու մտադրությամբ, և որ նա մահացել է ընկնելու հետևանքով, ոստիկանության ծառայողների գործողություններում corpus delicti (հանցակազմ) չի եղել: Հանցագործության հատկանիշներ չեն եղել նաև Ա.Մ.-ի գործողություններում, մասնավորապես, այն փաստի առնչությամբ, որ նա աշխատասենյակում միայնակ է թողել Լևոն Գուլյանին, քանի որ, ի տարբերություն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի, Լևոն Գուլյանն ունեցել է միայն վկայի կարգավիճակ:
39. 2008 թվականի ապրիլի 7-ին դիմումատուն դատարաններում վիճարկել է այդ որոշումը` մանրամասն բողոք ներկայացնելով առ այն, որ քննությունը չի իրականացվել անկողմնակալ, թափանցիկ և արդյունավետ ձևով: Նա հիմնվել է, inter alia, Կոնվենցիայի 2-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածների վրա:
40. 2008 թվականի հունիսի 6-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է բողոքը և կարգադրել է գործը վերսկսել: Վարչական շրջանի դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ քննիչի որոշումն անհիմն էր ու խախտել էր անձնական իրավունքները, և որ պատշաճ քննություն չէր իրականացվել, ու չէին հաստատվել մի շարք կարևոր հանգամանքներ: Մանրամասնորեն հիմնավորված իր որոշման մեջ Վարչական շրջանի դատարանը գտել է, inter alia, որ` ա) քննություն իրականացնող մարմինները չեն հիմնավորել Լևոն Գուլյանին և մյուսներին 2007 թվականի մայիսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրավապահ կառույցներ տանելու և նրանց երկար ժամանակ այնտեղ պահելու օրինականությունը, բ) քննություն չի իրականացվել մամուլում և որոշ վկաների, այդ թվում` բարմեն Հ.Մ.-ի կողմից ներկայացված այն պնդումների մասով, որ իրավապահ կառույցներում մնալու ժամանակ Լևոն Գուլյանի նկատմամբ խոստովանություն կորզելու նպատակով վատ վերաբերմունք է ցուցաբերվել, այդ թվում` այն պնդման մասով, որ այդ արարքները կատարվել են Գ.Թ.-ի աշխատասենյակում և հանգեցրել են նրա` պատուհանից դուրս նետվելուն, գ) ոչ բոլոր ողջամիտ քայլերն են ձեռնարկվել ապացույցներն ապահովելու, այդ թվում` ոստիկանության ծառայողներին հարցաքննելու, նրանց փոխադարձ պայմանավորվածությունը կանխելու և դեպքի վայրը պահպանելու համար, դ) պատշաճ գնահատական չի տրվել այն փաստին, որ Լևոն Գուլյանը ո՛չ կանչվել է, ո՛չ էլ ինքնակամ է գնացել ՔՀԳՎ, ե) պատահարից առաջ տեղի ունեցած իրադարձությունները պատշաճ կերպով չեն պարզվել` հաշվի առնելով ոստիկանության ծառայողների կողմից տրված ցուցմունքներում առկա այն բազմաթիվ հակասությունները, որոնք նույնպես կասկածի տակ են դնում դրանց արժանահավատությունը և քննություն իրականացնող մարմինների կողմից այդ ցուցմունքների հիման վրա կատարած եզրակացությունների հիմնավորվածությունը, զ) պատշաճ գնահատական չի տրվել Գ.Թ.-ի աշխատասենյակ վերադառնալու, մասնավորապես, բաց պատուհանին արձագանքելու հետ կապված` Սպանությունների բաժնի պետի տեղակալ Ա.Մ.-ի ենթադրյալ վարքագծին, է) չի պարզաբանվել, թե արդյոք Լևոն Գուլյանը կարող էր ազատ տեղաշարժվել ՔՀԳՎ-ում, ը) քննություն չի անցկացվել այն մասով, որ նրա կոշկաքուղերը պատահարի ժամանակ բացակայել են և հայտնաբերվել նրա տաբատի գրպաններում, թ) Լևոն Գուլյանի անկման և դրան նախորդող իրադարձությունների մասով ձեռք չի բերվել որևէ համոզիչ ապացույց. քննություն իրականացնող մարմիններն առաջին իսկ պահից կատարել են այն տարածքի զննությունը, որտեղից Լևոն Գուլյանը փորձել էր փախչել և ընկնելու հետևանքով մահացել էր, սակայն նրա ունեցած շարժառիթների մասով մարմինները լրիվ և օբյեկտիվ քննություն չեն անցկացրել, ներառյալ` այն փաստը, որ նա միայն վկա է եղել, և որ պատուհանը եղել է ավելի, քան 7 մետր բարձրության վրա, և ոստիկանության շենքում բազմաթիվ խոչընդոտներ են եղել, ժ) մինչդեռ պաշտոնական վարկածի համաձայն` Լևոն Գուլյանն ընկնելու ժամանակ հարվածել է խոչընդոտի կամ խոչընդոտների, որը կարող էր լինել գազի խողովակը. որևէ բացատրություն չի տրվել նրա հագուստի վրա և եղունգների տակ խնդրո առարկա խողովակի կամ որևէ այլ հնարավոր խոչընդոտի, ինչպես օրինակ` միջնահարկի ծածկի մասնիկների բացակայությանը կամ ընդհակառակը, ոչ էլ պարզաբանվել է, թե ում հագուստի մանրաթելերն են հայտնաբերվել Լևոն Գուլյանի հագուստին, և այդ առնչությամբ ոստիկանության ծառայողներից նմուշ չի վերցվել, ժա) պատուհանի վրա հայտնաբերված` Լևոն Գուլյանին չպատկանող ձեռքի ափի հետքերի հետ կապված ոչ մի բացատրություն չի ներկայացվել, և ոստիկանության ծառայողներից նմուշ չի վերցվել, ժբ) քննությամբ չի պարզվել Լևոն Գուլյանի անկման մեխանիզմը, և համապատասխան մանեկենի բացակայության պատճառով քննչական փորձարարություն այդ առնչությամբ չի կատարվել` չնայած այն փաստին, որ Գլխավոր դատախազությունը նշանակել էր այդպիսի փորձարարություն. միջոցներ չեն ձեռնարկվել միջպետական իրավական օգնության շրջանակներում Ռուսաստանի գլխավոր դատախազությունից մանեկեն ձեռք բերելու ուղղությամբ, ժգ) միջազգային փորձագետների եզրահանգումների մասով քննություն չի իրականացվել` կապված Լևոն Գուլյանի մարմնի վրա հայտնաբերված այլ վնասվածքների հետ, ինչպես, օրինակ, փոքր կապտուկները և քերծվածքներն էին, ժդ) չի պարզաբանվել, թե ինչպես է Լևոն Գուլյանին պատկանող մազափունջը գտնվել իր մարմնից հեռու, ժե) դիմումատուն և տվյալ քրեական գործով մյուս տուժողները չեն ներգրավվել որևէ քննչական կամ այլ դատավարական գործողության մեջ և հնարավորություն չեն ունեցել հարցեր ուղղելու ոստիկանության ծառայողներին կամ փորձագետներին, և ժզ) Գ.Թ.-ի աշխատասենյակի մոխրամանում հայտնաբերված ծխախոտի մնացորդները չեն առգրավվել և զննության ենթարկվել` պարզելու, թե արդյոք Լևոն Գուլյանն է ծխել այն:
41. 2008 թվականի հունիսի 16-ին դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ:
42. 2008 թվականի հուլիսի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը և վարչական շրջանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ: Այն նաև հավելել է, որ քննությունն իրականացվել է թերություններով և հիմնված է եղել միայն մեկ ենթադրության վրա` այն, որ Լևոն Գուլյանը փորձել է փախչել: Ավելին, այդ միակ ենթադրության համար ներկայացված բացատրությունը ոչ ճշմարտանման է եղել, և քննություն իրականացնող մարմինը, հավաքված ապացույցների գնահատման մասով ցուցաբերելով միակողմանի մոտեցում, այդ կապակցությամբ չի իրականացրել անկողմնակալ, օբյեկտիվ և լրիվ քննություն` այդպիսով հանգելով ոչ ճշգրիտ եզրակացության: Քննություն իրականացնող մարմինը չի բացատրել և չի գնահատել, թե ինչու է արդեն հարցաքննված Լևոն Գուլյանը «հրավիրվել» և այնուհետև, de facto (փաստացի) զրկվելով ազատությունից, տեղափոխվել ՔՀԳՎ, որպեսզի իրականացվեն «քննչական միջոցառումներ, այդ թվում` խաչաձև հարցաքննություն» այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք այդ լիազորությունը չեն ունեցել, ինչը խախտել է նրա ազատության իրավունքը, և ինչի հետևանքով նա ընկել է: Առերեսում կատարելու ցուցում քննիչի կողմից չի տրվել, և ավելին, Լևոն Գուլյանին ենթադրյալ առերեսման տանելով` ՔՀԳՎ-ի ծառայողները խախտել են ՔԴՕ-ի 206-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում, մինչդեռ չի կարելի համարել, որ ՔՀԳՎ-ն բավարարել է այդ պահանջներից մեկը: Ապացույցների գնահատումն օբյեկտիվ չի եղել, քանի որ քննություն իրականացնող մարմինը նախապատվությունը տվել է ոստիկանության ծառայողների ցուցմունքներին` առանց պատշաճ գնահատելու գործով մյուս ապացույցները: Արդյունքում կայացված որոշումը, որն ընդունվել է Սահմանադրության և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտմամբ, երկու էջից բաղկացած փաստաթուղթ է կազմել, որում նույնիսկ մեկ հղում չի կատարվել որևէ ապացույցի:
բ) Քրեական գործով վարույթի վերսկսումը, հետագայում դրա ավարտը և դիմումատուի կողմից վիճարկումը դատարաններում
43. 2008 թվականի օգոստոսի 16-ին քննությունը վերսկսվել է, և դրա իրականացումը հանձնարարվել է ՀՔԾ-ի նույն քննիչին:
44. 2008 թվականի օգոստոսի 18-ին ՀՔԾ-ի քննիչը գրություն է ուղարկել ՔՀԳՎ` խնդրելով, որ քննություն իրականացվի` պարզելու, թե արդյոք Լևոն Գուլյանի անկմանը որևէ մեկը կամ որևէ ոստիկանության ծառայող ականատես է եղել, և զեկուցվի:
45. 2008 թվականի սեպտեմբերի և 2009 թվականի ապրիլի միջև ընկած ժամանակահատվածում քննիչն անցկացրել է մի շարք հարցաքննություններ, այդ թվում` ծառայողներ Ա.Մ.-ի, Գ.Թ.-ի, Վ.Գ.-ի և Ս.Մ.-ի, ՔՀԳՎ-ի պետ Հ.Մ.-ի, ինչպես նաև ՔՀԳՎ-ի երկու մյուս ծառայողների` Հ.Ս.-ի և Ե.Վ.-ի հետ: Դիմումատուն և իր ներկայացուցիչը ներկա են եղել այս հարցաքննություններին և ակնհայտորեն կարող էին հարցեր ուղղել: Լևոն Գուլյանի կինը և հավաքարարը նույնպես որպես վկա հարցաքննվել են միևնույն ժամանակահատվածում:
46. Քննչական փորձարարություն կատարելու նպատակով` Հայաստանի գլխավոր դատախազությունը 2008 թվականի սեպտեմբերի 13-ին գրություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն` հարցում կատարելով 95 կգ քաշով և 178 սմ հասակով մանեկենի առկայության վերաբերյալ:
47. Ռուսաստանի գլխավոր դատախազությունը 2008 թվականի դեկտեմբերի 1-ի գրությամբ պատասխանել է, որ իրենց տրամադրության տակ չունեն նշված բնութագրությանը համապատասխանող մանեկեն: Այնուամենայնիվ, նրանք գնել էին 40 կգ քաշով և 170 սմ հասակով մանեկեններ, որոնցից մեկը կարող էր տրամադրվել Հայաստանի իշխանություններին: Ըստ երևույթին, այս առաջարկին ընթացք չի տրվել:
48. 2009 թվականի ապրիլի 16-ին քննիչն ավարտել է քրեական գործով վարույթը: Այդ որոշման մեջ, որը դիմումատուի բողոքից հետո հաստատվել է հսկողություն իրականացնող դատախազի կողմից, ներկայացվել է 2008 թվականի մարտի 12-ի որոշման մեջ ներկայացված իրադարձությունների շարադրանքին նման շարադրանք` բացառությամբ նրա, որ դրանում նշվել է, որ Լևոն Գուլյանը, ՔՀԳՎ-ի ծառայող Գ.Թ.-ի և նրա գործընկերների միջև հեռախոսազրույցը լսելով, պարզել է մատուցող Մ.Գ.-ի հետ մոտալուտ առերեսման մասին, և որ անկման ժամանակ Լևոն Գուլյանը հարվածել է խողովակին: Այս որոշման մեջ նույն կերպ արվել է եզրակացություն, որ ոստիկանության ծառայողների գործողություններում հանցակազմ չի եղել: Դրանում հղում է կատարվել, inter alia, ոստիկանության մի շարք ծառայողների ցուցմունքներին, թիվ 402 և 418 բժշկական եզրակացություններին և թիվ 16080702 և 16170705 եզրակացություններին: Հիմնվելով վերջին երկու փաստաթղթերի վրա` որոշման մեջ նշվել է, որ այն փաստը, որ Լևոն Գուլյանը պատուհանագոգի վրա է բարձրացել առանց որևէ կողմնակի օգնության, հիմնավորվել է նրա` պատուհանի վրա հայտնաբերված մատնահետքերով և պատուհանագոգի վրա թողած կոշիկի բծերով:
49. 2009 թվականի հուլիսի 3-ին դիմումատուն այդ որոշումը վիճարկել է դատարաններում` բողոքելով, inter alia, որ քննություն իրականացնող մարմինը, ի սկզբանե չունենալով ճշմարտությունը բացահայտելու մտադրություն, քրեական գործով վարույթը վերսկսելուց հետո իրականացրել է լիովին ձևական քննություն և անտեսել է դատարանի որոշումներում բարձրացված հարցերը: Նա հիմնվել է, inter alia, Կոնվենցիայի 2-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածների վրա:
50. 2009 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մերժել է դիմումատուի փաստարկները և անփոփոխ թողել քննիչի 2009 թվականի ապրիլի 16-ի որոշումը:
51. 2009 թվականի դեկտեմբերի 11-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ:
52. 2010 թվականի փետրվարի 5-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և վարչական շրջանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
53. 2010 թվականի փետրվարի 25-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք:
54. 2010 թվականի օգոստոսի 27-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է վճռաբեկ բողոքը` բեկանելով ստորին ատյանի դատարանների որոշումները և քննություն իրականացնող մարմիններին պարտավորեցնելով վերացնել քննության ընթացքում տեղի ունեցած` անձնական իրավունքների խախտումները: Վճռաբեկ դատարանը սկզբում նշել է, որ համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, իշխանություններից պահանջվել է իրականացնել արդյունավետ քննություն` Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ համոզիչ բացատրություն ներկայացնելու նպատակով, ով տվյալ պահին եղել է ՔՀԳՎ-ի ծառայողների հսկողության ներքո: Այնուհետև, այն արձանագրել է, որ, այնուամենայնիվ, ոչ բոլոր միջոցներն են ձեռնարկվել, որպեսզի համարվի, որ իշխանությունները կատարել են այս պահանջը: Մասնավորապես, Լևոն Գուլյանի անկման մեխանիզմը պարզելու նպատակով չի կատարվել քննչական փորձարարություն, մինչդեռ այդպիսի փորձարարություն կատարելու անհրաժեշտությունը հաստատվել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, քննությունն իրականացնող մարմինների և հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Քննություն իրականացնող մարմինները դեռ ողջամտորեն կարող էին միջոցներ ձեռնարկել անհրաժեշտ մանեկենը ձեռք բերելու համար, քանի որ դա կարող էր պատվիրվել այն նույն կազմակերպությունից, որը տրամադրել էր մանեկեններ Ռուսաստանին գլխավոր դատախազությանը: Այնուամենայնիվ, 2008 թվականի դեկտեմբերի 1-ի գրությունից հետո` չորս ամսվա ընթացքում, քննություն իրականացնող մարմիններն այդ առնչությամբ միջոցներ չեն ձեռնարկել: Հետևաբար, անհրաժեշտ էր ձեռք բերել խնդրո առարկա մանեկենը, կատարել փորձարարությունը, համեմատել դրա արդյունքները մյուս ապացույցների հետ և, անհրաժեշտության դեպքում, իրականացնել այլ քննչական միջոցառումներ: Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր եզրահանգում հնարավոր կլինի կատարել միայն տվյալ փորձարարության և, անհրաժեշտության դեպքում, դրան հետևող այլ միջոցների կատարումից հետո: Քննության արդյունավետության ընդհանուր գնահատումը հնարավոր կլինի բոլոր այդպիսի ապացույցները հաշվի առնելուց հետո: Հետևաբար, դիմումատուի կողմից իր բողոքում բարձրացված հարցերին հնարավոր է պատասխանել միայն քննությունն ավարտելուց հետո:
գ) Քրեական գործով վարույթի վերսկսումը, հետագայում դրա ավարտը և դիմումատուի կողմից վիճարկումը դատարաններում
55. 2011 թվականի հունվարի 18-ին քննությունը վերսկսվել է, և դրա իրականացումը հանձնարարվել է ՀՔԾ-ի նույն քննիչին:
56. 2011 թվականի հունվարի 24-ին քննիչը դիմել է Գլխավոր դատախազություն` խնդրելով աջակցել Ռուսաստանի գլխավոր դատախազությունից համապատասխան մանեկեն ձեռք բերելու հարցում:
57. Գլխավոր դատախազությունը 2011 թվականի մարտի 18-ի գրությամբ պատասխանել է, որ պատուհանից փախուստի փորձի հետևանքով Լևոն Գուլյանի մահվան փաստը հաստատվել է, և հնարավոր չէր քննչական փորձարարություն կատարելով երաշխավորել արդյունքների օբյեկտիվ իրավաչափությունը, քանի որ Լևոն Գուլյանը պատուհանագոգին բարձրանալու պահից ու մինչև գետնին բախվելը կատարել է բացառապես իր ֆիզիկական պատրաստվածությանը և մտածելակերպին հատուկ գիտակից ու կանխամտածված գործողություններ, որոնք հնարավոր չէր ընդօրինակել մանեկենի օգնությամբ կամ որևէ այլ փորձարարության կամ ուսումնասիրության միջոցով, և օբյեկտիվորեն անհնար էր քննչական փորձարարության հանգամանքները համապատասխանեցնել իրական դեպքին, ինչպես նաև այդպիսի քննչական փորձարարությամբ ապացուցողական նշանակություն ունեցող որևէ հանգամանք պարզել:
58. 2011 թվականի մարտի 21-ին քննիչը քրեական գործով վարույթն ավարտել է նույն հիմքով, ինչպես և նախկինում` վերահաստատելով, inter alia, Գլխավոր դատախազության դիրքորոշումը:
59. 2011 թվականի մայիսի 2-ին դիմումատուն այդ որոշումը վիճարկել է դատարանում:
60. 2011 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը և պարտավորեցրել է քննիչին վերականգնել նրա խախտված իրավունքները: Այն գտել է, որ քննություն իրականացնող մարմինները չեն իրականացրել լրիվ և բազմակողմանի քննություն` համապատասխան զգուշավորություն ցուցաբերելու և Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի որոշման պահանջները կատարելու համար: Քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ մանեկենը ձեռք բերելու և ապացույցների համեմատությամբ պատահարին ընդհանուր գնահատական տալու փոխարեն քննություն իրականացնող մարմինները որոշել են ևս մեկ անգամ ավարտել վարույթը` առանց պատշաճ պատճառաբանության հիմնվելով դատախազի 2011 թվականի մարտի 18-ի անհիմն գրության վրա, որը չի ունեցել ապացուցողական նշանակություն:
61. 2011 թվականի հուլիսի 3-ին դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ:
62. 2011 թվականի հունիսի 30-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը և Վարչական շրջանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
63. 2011 թվականի հուլիսի 18-ին դատախազը ներկայացրել է վճռաբեկ բողոք:
64. 2011 թվականի օգոստոսի 26-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն անընդունելի է հայտարարել:
դ) Քրեական գործով վարույթի վերսկսումը և հետագայում դրա ավարտը
65. 2011 թվականի սեպտեմբերի 8-ին քննությունը վերսկսվել է, և դրա իրականացումը հանձնարարվել է ՀՔԾ-ի նույն քննիչին:
66. 2011 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՔԾ-ի քննիչը հարցում է կատարել Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը` տեղեկանալու, թե արդյոք նրանք ունեն 95 կգ քաշով և 178 սմ երկարությամբ մանեկեն: Ըստ երևույթին, այս մարմիններից որևէ մեկն իր տրամադրության տակ չի ունեցել պահանջված չափսի մանեկեն:
67. 2012 թվականի փետրվարի 8-ին քննիչն ավարտել է քրեական գործով վարույթը նույն հիմքով, ինչպես և նախկինում: Այս որոշման մեջ նշվել է, inter alia, որ հնարավոր չի եղել քննչական փորձարարություն կատարել մանեկենի բացակայության պատճառով, և նույնիսկ այդպիսի փորձարարություն կատարելու դեպքում ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքներ արդյունքում չէին պարզվի:
68. Դիմումատուն պնդում է, որ նա երբևէ չի տեղեկացվել այս որոշման մասին, և դրա օրինակը իրեն հանձնվել է միայն 2015 թվականի ապրիլին` այն բանից հետո, երբ նա դիմել է իշխանություններին` Դատարան ներկայացնելու համար լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթերի օրինակներ ստանալու համար:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քրեական օրենսգիրք
69. 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրք
70. 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվում է, որ վկան քննիչի մոտ կանչվում է ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը: Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով:
71. 206-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
72. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ ոստիկանության` ձերբակալվածներին պահելու վայրում իր որդու մահը և իշխանությունների կողմից իր որդու մահվան փաստի առթիվ արդյունավետ քննություն չիրականացնելը հանգեցրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտմանը, որն այնքանով, որքանով վերաբերելի է, շարադրված է հետևյալ բովանդակությամբ`
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով...»:
Ա. Ընդունելիությունը
73. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
74. Դիմումատուն նշել է, որ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ, թափանցիկ, լրիվ և օբյեկտիվ քննություն և Լևոն Գուլյանի մահվան փաստի և նրա մահվանը նախորդող և մահվանը հանգեցնող հանգամանքների առնչությամբ չեն ներկայացրել արժանահավատ և համոզիչ բացատրություն: Նրա մահվան միակ վարկածը, որը դիտարկվել է իշխանությունների կողմից, եղել է նրա փախուստի փորձը, մինչդեռ նա կարող էր պատուհանից ընկնել մի շարք այլ հանգամանքների ներքո, այդ թվում` հրելու կամ սպանելու հետևանքով: Դիմումատուն մատնանշել է այն փաստը, որ Լևոն Գուլյանը գործով ներգրավված է եղել միայն որպես վկա և երբեք չի խուսափել քննություն իրականացնող մարմիններին ներկայանալուց: Հետևաբար նրա փախուստի փորձի վարկածը հորինված է եղել: Այն նաև տրամաբանությունից դուրս է եղել` հաշվի առնելով երկրորդ հարկի պատուհանի բարձրությունը և այն փաստը, որ ոստիկանության շենքի բակից անխոչընդոտ ելք չի եղել: Նրա ենթադրյալ փախուստի մասով որևէ համոզիչ շարժառիթ չի ներկայացվել, իսկ ներկայացված շարժառիթը չի հիմնավորվել որևէ ապացույցով, այդ թվում` այդ օրը Լևոն Գուլյանի հարցաքննության որևէ ապացույցի կամ նրա և Մ.Գ.-ի միջև կայանալիք առերեսման մասով: Այդպիսի առերեսման կարիք նույնպես չի եղել, քանի որ Լևոն Գուլյանի և Մ.Գ.-ի ցուցմունքների միջև էական հակասություններ չեն եղել:
75. Ավելին, մի շարք կարևոր հանգամանքներ մնացել են չպարզված: Պարզ չէ, թե ինչու և ում հրահանգով է Լևոն Գուլյանը, որը միայն որպես վկա էր ներգրավված, տեղափոխվել ու պահվել ՔՀԳՎ-ում, հատկապես երբ քրեական գործը դատախազության հսկողության ներքո է գտնվել: Կասկածելի է, որ երկու ծառայողների հսկողության ներքո Լևոն Գուլյանին ՔՀԳՎ տեղափոխելուց հետո նրան առանց վերահսկողության միայնակ են թողել աշխատասենյակում: Քննությամբ ձեռք չեն առնվել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պարզելու, թե ում է պատկանել ձեռքի ափի հետքերը և ուսումնասիրելու Լևոն Գուլյանի մարմնի վրա եղած այն վնասվածքների ծագումը, որոնք հասցվել են նրա կենդանության ժամանակ, ինչպես նաև նրա հագուստի վրա և եղունգների տակ հայտնաբերված օտար և քիմիական մանրաթելերը, որը ենթադրում է մեկ այլ անձի հետ շատ մոտ շփում և չէր կարող բացառել դիմադրության հնարավորութունը: Քննություն իրականացնող մարմինները չեն կատարել համապատասխան քննչական փորձարարությունը` պարզելու Լևոն Գուլյանի անկման մեխանիզմը կամ փորձելու ներկայացնել որևէ բացատրություն նրա կոշկաքուղերի բացակայության համար, ինչպես նաև այն փաստը, որ նրա մարմինը գտնվել է շենքից 5.8 մետր հեռավորության վրա, և այն հարցը, թե ինչպես նա կարող էր ընկնել այն պատուհանից, որն ուներ 40 սմ լայնություն: Պատշաճ կերպով անդրադարձ չի կատարվել ոստիկանության ծառայողների ցուցմունքներում առկա բազմաթիվ հակասություններին: Պատահարում ներգրավված ոչ բոլոր անձանց ինքնությունն է բացահայտվել, և ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, կամ որևէ մեկը չի պատժվել: Որպես տուժող` նրա իրավունքները պատշաճ կերպով չեն ապահովվել, քանի որ նա խոչընդոտների է բախվել, երբ փորձել է տեղեկատվություն ստանալ և չի ծանուցվել 2012 թվականի փետրվարի 8-ի որոշման մասին` արդյունքում չկարողանալով այն վիճարկել: Քննությունն անկախ չի եղել, քանի որ ամեն անգամ, երբ դատարանները գործը վերսկսելու որոշում են կայացրել, այն հանձնարարվել է ՀՔԾ-ի նույն քննիչին: Քննության անարդյունավետությունը հաստատվել է նաև ներպետական դատարանների կողմից:
76. Վերջապես, դիմումատուն պնդել է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ փախուստի փորձի վարկածը ճիշտ է եղել, իշխանությունները պարտավոր էին պաշտպանել Լևոն Գուլյանի կյանքը, քանի դեռ նա նրանց հսկողության ներքո էր: Այսպիսով, եթե ոստիկանության ծառայողները գիտեին, որ պետք է առերեսում կատարվի նրա և Մ.Գ.-ի միջև, և եթե, ինչպես պնդում է Կառավարությունը, նա շահագրգռված էր թաքցնել Ս.Վ.-ի մահվան հանգամանքները, ապա նրանք պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեին նրա առողջությանը կամ կյանքին սպառնացող հնարավոր ցանկացած վտանգ նվազեցնելու համար: Այնուամենայնիվ, պաշտոնական վարկածի համաձայն` նրան առանց հսկողության կամ վերահսկողության միայնակ են թողել ոստիկանության ծառայող Գ.Թ.-ի աշխատասենյակում այն դեպքում, երբ պատուհանը ճաղավանդակ չի ունեցել:
բ) Կառավարությունը
77. Կառավարությունը, հիմնվելով պաշտոնական քննության արդյունքների վրա, պնդել է, որ իշխանությունները կատարել են Լևոն Գուլյանի` պատուհանից փախուստի փորձի հետևանքով առաջացած մահվան վերաբերյալ բավարար և համոզիչ բացատրություն ներկայացնելու պարտավորությունը: Նրանք պնդել են, որ հնարավոր է, Լևոն Գուլյանը շահագրգռված էր թաքցնելու Ս.Վ.-ի մահվան հանգամանքները, քանի որ պարզվել էր, որ նա ներգրավված է եղել Ս.Վ.-ի հետ վիճաբանությունում, և նրա ընկերոջ ընկերը մասնակից էր եղել կրակոցին: Ավելին, պարզվել է, որ ոստիկանության շտաբի շենքից Լևոն Գուլյանի փախուստի փորձի շարժառիթը, մասնավորապես, մատուցող Մ.Գ.-ի հետ մոտալուտ առերեսումից խուսափելն է եղել, որի մասին նա իմացել էր իր փախուստից ոչ շատ առաջ: Թիվ 418 բժշկական եզրակացությամբ նույնպես հաստատվել է այն փաստը, որ Լևոն Գուլյանը մահացել է ընկնելու, այլ ոչ թե վատ վերաբերմունքի հետևանքով, քանի որ նրա մարմնի վրա չեն եղել այնպիսի վնասվածքներ, որոնք չէին կարող բացատրվել անկմամբ: Այդ փաստը հաստատվել է նաև ոստիկանության ծառայողների ցուցմունքներով: Ավելին, մանրաթելերի առկայությունն անպայմանորեն չի ենթադրում դիմադրություն, ինչպես պնդել է դիմումատուն: Հետագայում Լևոն Գուլյանի փախուստի փորձը հիմնավորվել է մի շարք զննություններով, որոնցով հաստատվել են նրա մատնահետքերի առկայությունը պատուհանի շրջանակի վրա և բծերի առկայությունը պատուհանագոգի վրա, որոնք ունեցել են նույն ընդհանուր ծագումը, ինչ կոշիկի ներբաններից վերցված նմուշները: Ավելին, այն պատուհանը, որից Լևոն Գուլյանը փորձել է փախչել, ուներ միայն 40 սմ լայնություն, և դժվար է պատկերացնել, որ նրան` 178 սմ հասակով և 95 կգ քաշով, կարող էին դուրս նետել պատուհանից` առանց որևէ բռնության հետք թողնելու նրա մարմնի վրա:
78. Կառավարությունը նշել է, որ իշխանությունների կողմից իրականացված քննությունը համապատասխանել է 2-րդ հոդվածի պահանջներին: Նախևառաջ, ձեռնարկված քննչական միջոցառումները եղել են բավարար և կատարվել են անհապաղ. հենց միջադեպի օրը դեպքի վայրն անհապաղ զննվել է, հարուցվել է քրեական գործով վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ցուցմունքներ են վերցվել ծառայողներ Գ.Թ.-ից և Ա.Մ.-ից, որոնք նույնպես հարցաքննվել են որպես վկա` այդպիսով արդյունավետորեն կանխելով նրանց փոխադարձ պայմանավորվածությունը, ինչպես նաև նմուշ է վերցվել Լևոն Գուլյանի մազից ու եղունգներից: 2007 թվականի մայիսի 13-ի և 15-ի միջև ընկած ժամանակահատվածում մի շարք այլ զննություններ են նշանակվել: Ավելի ուշ, մի շարք այլ վկաներ են հարցաքննվել, այդ թվում` ՔՀԳՎ-ի ծառայողներ Վ.Գ.-ն և Ս.Մ.-ն, և նշանակվել են լրացուցիչ զննություններ: Պատուհանի վրա հայտնաբերված հետքերը զննության են ենթարկվել, և պարզվել է, որ դրանք չեն պատկանում ո՛չ Գ.Թ.-ին, ո՛չ Ա.Մ.-ին և ո՛չ էլ հավաքարարին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2008 թվականի հունիսի 6-ի որոշումից հետո քննություն իրականացնող մարմինները այդ որոշման մեջ նշված` քննության հետ կապված թերությունները վերացնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկել: Մասնավորապես, լրացուցիչ հարցաքննվել են մի շարք ոստիկանության ծառայողներ` պարզելու համար նրանց ցուցմունքներում առկա հակասությունները, ինչպես նաև հարցաքննվել են Լևոն Գուլյանի կինը և հավաքարարը: Հարցում է ուղարկվել ՔՀԳՎ` պարզելու, թե արդյոք ականատեսներ եղել են Լևոն Գուլյանի անկմանը: Ինչ վերաբերում է քննչական փորձարարությանը, ապա քննություն իրականացնող մարմինները ջանքեր են գործադրել` 2011 թվականի սեպտեմբերի 8-ին քննությունը վերսկսելուց հետո փորձելով ձեռք բերել անհրաժեշտ մանեկենը` հարցում ուղարկելով տարբեր պետական մարմիններ, սակայն, դժբախտաբար, նրանցից ոչ մեկը չի ունեցել պահանջված մանեկենը: Կառավարությունը պնդել է, որ տվյալ քննչական փորձարարությունը չկատարելը չէր կարող էական ազդեցություն ունենալ քննության որակի վրա: Այնուհետև, նրանք պնդել են, որ դիմումատուն սերտորեն ներգրավված է եղել վարույթում` պատահարից երկու օր հետո ճանաչվելով որպես տուժող և տեղեկացվելով իր իրավունքների մասին: Նա պատշաճորեն ծանոթացվել է քննության ընթացքում ընդունված բոլոր որոշումներին, քննության ընթացքում ներկայացրել է տարբեր միջնորդություններ, որոնք հաշվի են առնվել, և դրանց վերաբերյալ որոշումները կայացվել են պատշաճ հիմնավորմամբ, ինչպես նաև նա մասնակցել է վկաների հարցաքննություններին և ուղղել է հարցեր: Վերջապես, քննությունը սկզբում իրականացվել է Երևանի դատախազության և այնուհետև ՀՔԾ-ի կողմից, որոնք երկուսն էլ Հայաստանի ոստիկանությունից առանձին մարմիններ են` առանց ինստիտուցիոնալ կամ աստիճանակարգային կապի: Ավելին, անկախ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել գերմանացի և դանիացի փորձագետների կողմից:
2. Դատարանի գնահատականը
i
ա) Ընդհանուր սկզբունքները
79. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է: 3-րդ հոդվածի հետ միասին այն սահմանում է Եվրոպայի խորհուրդը կազմող ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը: 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ պետության համար սահմանվում է ոչ միայն անձին դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելու արգելք, այլ նաև իր իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքը պաշտպանելու համար իր իրավական կարգի շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկելու պարտավորություն (տե՛ս Մակարացիսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Makaratzis v. Greece [GC]], թիվ 50385/99, § 56-57, ՄԻԵԴ 2004/XI, և Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]], թիվ 23458/02, § 208, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ)):
80. Դատարանն արգելանքի տակ գտնվող անձանց առնչությամբ նախկինում նշել է, որ այդ անձինք գտնվում են խոցելի իրավիճակում, և որ իշխանություններն ունեն նրանց պաշտպանելու պարտավորություն: Հետևաբար, երբ անհատին առողջ վիճակում տանում են ոստիկանության` ձերբակալվածներին պահելու վայր, և նա ազատվում է վնասվածքով, ապա պետության պարտականությունն է տալ արժանահավատ բացատրություն այն մասին, թե ինչպես են առաջացել այդ վնասվածքները: Իշխանությունների` արգելանքի տակ գտնվող անհատի նկատմամբ վատ վերաբերմունքի համար պատասխանատվություն կրելու այս պարտականությունը հատկապես էական է, երբ անհատը մահանում է: Ապացույցները գնահատելիս Դատարանը գլխավորապես կիրառել է «ողջամիտ կասկածից վեր» ապացույցի չափանիշը: Այնուամենայնիվ, այդպիսի ապացույցը կարող է բխել միաժամանակ գոյություն ունեցող` բավականաչափ հիմնավորված, հստակ և համահունչ եզրահանգումներից կամ նմանատիպ փաստերի անհերքելիության կանխավարկածից: Եթե իշխանություններն ամբողջությամբ կամ մեծամասամբ ծանոթ են խնդրահարույց իրադարձություններին, ինչպես օրինակ` իրենց վերահսկողության ներքո արգելանքի տակ գտնվող անձանց դեպքում, ապա նման կալանավորման ընթացքում առաջացած վնասվածքների և մահվան փաստի առնչությամբ կառաջանա հիմնավոր կանխավարկած: Անշուշտ, կարելի է համարել, որ ապացուցման պարտականությունը դեռևս դրված է իշխանության մարմինների վրա` տալ բավարար և համոզիչ բացատրություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սալմանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Salman v. Turkey [GC]], թիվ 12986/93, §§ 99 և 100, ՄԻԵԴ 2000/VII):
81. Դատարանը նշում է, որ կյանքի իրավունքը պաշտպանելու, ինչպես նաև կորուստի վերաբերյալ պատշաճ հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունն անուղղակի կերպով պահանջում է, որ իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն այն դեպքերում, երբ կան պատճառներ կարծելու, որ անձին կասկածելի հանգամանքներում հասցվել է կյանքին սպառնացող վնասվածքներ, նույնիսկ եթե ճակատագրական ոտնձգությունը կատարող ենթադրյալ անձը պետական պաշտոնյա չէ (տե՛ս Մուսթաֆա Թունքը և Ֆեսիր Թունքն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunջ and Fecire Tunջ v. Turkey [GC]], թիվ 24014/05, § 171, 2015 թվականի ապրիլի 14, նաև Օգնյանովան և Չոբանն ընդդեմ Բուլղարիայի [Ognyanova and Choban v. Bulgaria], թիվ 46317/99, § 102, 2006 թվականի փետրվարի 23, Յասինսկին ընդդեմ Լատվիայի [Jasinskis v. Latvia], թիվ 45744/08, § 71, 2010 թվականի դեկտեմբերի 21, և Պետրովիչն ընդդեմ Սերբիայի [Petrovic v. Serbia], թիվ 40485/08, § 74, 2014 թվականի հուլիսի 15):
82. Որպեսզի քննությունն արդյունավետ համարվի, այն նախ պետք է լինի պատշաճ, այսինքն` հնարավորություն տա պարզելու փաստական հանգամանքները և անհրաժեշտության դեպքում բացահայտելու ու պատժելու մեղավորներին (տե՛ս Արմանի Դա Սիլվան ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Armani Da Silva v. the United Kingdom [GC]], թիվ 5878/08, § 233, 2016 թվականի մարտի 30, Մուսթաֆա Թունքի և Ֆեսիր Թունքի գործը` վերևում հիշատակված, § 172, և Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova v. Bulgaria[GC]], թիվ 43577/98 և 43579/98, § 113, ՄԻԵԴ 2005-VII): Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտավորություն է. իշխանությունները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները` ապահովելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցները, ներառյալ` inter alia, ականատեսների ցուցմունքները, փորձագիտական տվյալները և, անհրաժեշտության դեպքում, դիահերձումը, որի միջոցով հնարավոր է ամբողջական և ճշգրտորեն արձանագրել վնասվածքը և իրականացնել կլինիկական տվյալների, այդ թվում` մահվան պատճառի օբյեկտիվ վերլուծություն: Քննության ցանկացած թերություն, որը կարող է նվազեցնել մահվան պատճառը կամ պատասխանատու անձանց ինքնությունը հաստատելու հնարավորությունը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել (տե՛ս Նաչովան և այլք գործը` վերևում հիշատակված, § 113, և Մուսթաֆա Թունքի և Ֆեսիր Թունքի գործը` վերևում հիշատակված, §§ 173 և 174): Քննությամբ արված եզրակացությունները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր տարրերի բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և, անհրաժեշտության դեպքում, մեղավորներին ի հայտ բերելու` քննության հնարավորությունը (տե՛ս Ռամսահայը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands [GC]], թիվ 52391/99, § 321, ՄԻԵԴ 2007/II, և Մուսթաֆա Թունքի և Ֆեջիրե Թունքի գործը` վերևում հիշատակված, § 175):
83. Ավելին, քննության համար պատասխանատու անձինք պետք է անկախ լինեն իրադարձություններին առնչվող կամ հավանական առնչություն ունեցող անձանցից: Սա նշանակում է ոչ միայն աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական իմաստով անկախություն: Անհապաղ և ողջամիտ ժամկետում գործելու պահանջն այս համատեքստում ինքնին ենթադրվում է: Ի լրումն դրա` քննությունը պետք է այնքանով հասանելի լինի տուժողի ընտանիքին, որքանով դա անհրաժեշտ է նրանց օրինական շահերը պաշտպանելու համար: Նաև պետք է լինեն քննության ընթացքի նկատմամբ հանրային վերահսկողության բավարար տարրեր, որի աստիճանը կարող է գործից գործ տարբերվել (տե՛ս Մուսթաֆա Թունքի և Ֆեսիր Թունքի գործը` վերևում հիշատակված, §§ 177-79):
բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով
i) Դատավարական հայեցակետը
84. Պետության կողմից Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու պարտավորությունը բավարար չափով կատարված լինելու հարցը լուծելու համար Դատարանն առաջին հերթին պետք է ուսումնասիրի իշխանությունների կողմից կատարված քննությունը և նրանց կողմից արված եզրակացությունները:
85. Դատարանն ի սկզբանե նշում է, որ ի պատասխան դիմումատուի բողոքների` քննության արդյունավետության հարցն ուսումնասիրվել է ներպետական դատարանների կողմից` հանգելով այն եզրակացության, որ քննությունն արդյունավետ չի եղել, և դրա իրականացման ժամանակ եղել են բազմաթիվ թերություններ (տե՛ս վերևում 40-րդ և 42-րդ պարբերությունները): Դատարանը չի կարող չհաստատել ներպետական դատարանների կողմից արված եզրահանգումները: Այն, այնուամենայնիվ, ընդգծում է, որ այս եզրահանգումները քննության արդյունավետության մասով շոշափելի արդյունքներ չեն ունեցել, որը բազմիցս ավարտվել և վերսկսվել է քննիչի կողմից:
86. Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ քննություն իրականացնող մարմիններն ի սկզբանե ընդունել են Լևոն Գուլյանի փախուստի փորձի վարկածը և ամբողջ քննությունն իրականացրել են այդ ենթադրության հիման վրա` առանց լրջորեն հարցականի տակ դնելու այն կամ փորձելու ստուգել մեկ այլ հնարավոր սցենար: Իրադարձությունների այդ տարբերակը ոչ միայն ամբողջությամբ հիմնված է եղել ոստիկանության ծառայողներ Գ.Թ.-ի և Ա.Մ.-ի ցուցմունքների վրա, որոնք, ըստ երևույթին, ներգրավված են եղել այդ օրվա իրադարձություններում, և որոնք չէին կարող համարվել անկողմնակալ վկաներ, այլ նաև այն չի հիմնավորվել որևէ ապացույցով: Այսպիսով, ընդհանրապես առկա չէ որևէ ապացույց, որ Լևոն Գուլյանը հրավիրվել է ՔՀԳՎ մեկ այլ վկայի` Մ.Գ.-ի հետ առերեսման համար, որից նա հետո, ենթադրաբար, փորձել է փախչելով խուսափել: Ավելին, պարզվում է, որ նրա ենթադրյալ փախուստի համար առաջին անգամ այդպիսի շարժառիթ է ներկայացվել քննության բավականին ուշ փուլում (տե՛ս վերևում 37-րդ պարբերությունը): Քննություն իրականացնող մարմինները չեն պարզել, թե ինչու է օրենքով սահմանված կարգով հրավիրվելու փոխարեն գործով միայն որպես վկա ներգրավված Լևոն Գուլյանը ոստիկանության ծառայողների կողմից տարվել ՔՀԳՎ (տե՛ս վերևում 70-րդ պարբերությունը), կամ թե ինչու է նա, օրենքի խախտմամբ, սկզբում տարվել ՔՀԳՎ այն դեպքում, երբ Ս.Վ.-ի մահվան փաստի առթիվ քննությունն իրականացվում էր մեկ այլ մարմնի, մասնավորապես, դատախազության կողմից (տե՛ս վերևում 71 -րդ պարբերությունը): Ավելին, առկա չէ որևէ ապացույց, որ Լևոն Գուլյանը պատահարից առաջ հարցաքննվել է ՔՀԳՎ-ում, և այսպես կոչված «օպերատիվ զրույցի» բնույթը մնում է ոչ հստակ և չբացատրված:
87. Դատարանն այնուհետև նշում է, որ մի շարք քննչական միջոցառումներ չեն իրականացվել: Նախևառաջ, քննություն իրականացնող մարմինները չեն պարզել, թե ում են պատկանել պատուհանի վրա հայտնաբերված` ձեռքի ափի հետքերը և մատնահետքերը, և սահմանափակվել են ծառայողներ Գ.Թ.-ի, Ա.Մ.-ի և հավաքարարի մատնահետքերի զննմամբ (տե՛ս վերևում 30-րդ և 32-րդ պարբերությունները), մինչդեռ չի կարելի բացառել, որ ՔՀԳՎ-ի այլ աշխատողներ նույնպես ներգրավված են եղել այդ օրվա իրադարձություններում: Երկրորդ, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել` պարզելու Լևոն Գուլյանի հագուստի վրա և եղունգների տակ հայտնաբերված բնական և քիմիական մանրաթելերի ծագումը (տե՛ս վերևում 31-րդ պարբերությունը): Երրորդ, չի իրականացվել քննություն` պարզելու դատաբժշկական փորձագետի կողմից արձանագրված վնասվածքների ծագումը, որոնք Լևոն Գուլյանը ստացել էր, մինչ կենդանի էր, և արդյոք դրանք կարող էին առաջանալ վատ վերաբերմունքի հետևանքով (տե՛ս վերևում 20-րդ պարբերությունը): Չորրորդ, այն քննչական փորձարարությունը, որով պետք է պարզվեր Լևոն Գուլյանի անկման մեխանիզմը, չի կատարվել համապատասխան մանեկենի բացակայության պատճառով (տե՛ս վերևում 34-րդ պարբերությունը): Հինգերորդ, փորձ չի կատարվել` պարզելու, թե ինչու են Լևոն Գուլյանի կոշկաքուղերն իր տաբատի գրպանում հայտնաբերվել: Ինչպես արդեն վերևում նշվել է, սրանք և քննության մի շարք այլ թերություններ հաստատվել են ներպետական դատարանների կողմից: Նույնիսկ եթե ենթադրենք, որ հնարավոր է եղել քննությունը վերսկսելուց հետո վերացնել տվյալ թերությունները, ոչինչ թույլ չի տվել ենթադրելու, որ քննությունը վերսկսելու վերաբերյալ դատարանների կողմից որոշում կայացվելուց հետո այդ կապակցությամբ լուրջ փորձեր են կատարվել, կամ արդյունավետ միջոցներ են ձեռնարկվել (տե՛ս վերևում 43-48-րդ պարբերությունները): Ավելին, չնայած ներպետական դատարանների կրկնվող ցուցումներին, ոչ միայն վերը նշված քննչական փորձարարությունը երբևէ չի կատարվել, այլ նաև քննություն իրականացնող մարմինների կողմից հարցականի տակ են դրվել դրա արդյունավետությունն ու անհրաժեշտությունը` չնայած այն հանգամանքին, որ ներպետական դատարաններն ընդգծել են այն (տե՛ս վերևում 54-րդ, 57-րդ, 60-րդ և 67-րդ պարբերությունները):
88. Վերջապես, Դատարանը չի կարող անտեսել դիմումատուի այն պնդումը, որը Կառավարությունն առանձնապես չի վիճարկել, որ ինքը չի ծանուցվել քննիչի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշման մասին (տե՛ս վերևում 68-րդ պարբերությունը), և համարում է, որ իշխանություններն այդ առնչությամբ չեն ապահովել քննությանը դիմումատուի մասնակցությունը` որպես Լևոն Գուլյանի մերձավոր ազգական:
89. Վերոհիշյալը բավարար է, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ քննություն իրականացնող մարմինները չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` պարզելու Լևոն Գուլյանի մահվան հանգամանքները և այն, որ քննությունն արդյունավետ չի եղել:
90. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական ասպեկտի խախտում:
ii) Նյութաիրավական հայեցակետը
91. Դատարանը գտնում է, որ ազգային մակարդակում իրականացված քննությունն ակնհայտորեն այնքանով է ոչ պատշաճ եղել, և այնքան ակնհայտ հարցեր են թողնվել անպատասխան, որ հնարավոր չի եղել հաստատել դիմումատուի որդու մահվան հետ կապված իրական փաստերը: Դատարանը չի կարող հիմնվել այդ քննության վերջում կատարված եզրակացության վրա (տե՛ս Քանգյոզը և այլք ընդդեմ Թուրքիայի [Cangoz and Others v. Turkey], թիվ 7469/06, § 138, 2016 թվականի ապրիլի 26, և դրանում հիշատակված գործերը): Սույն գործի հանգամանքներում այն գտնում է, որ Կառավարությունը չի ներկայացրել արգելանքի տակ գտնվելու ընթացքում նրա մահվան վերաբերյալ բավարար և համոզիչ բացատրություն` դրանով իսկ վերացնելով իրենց իշխանությունների վրա դրված ապացուցման պարտականությունը (տե՛ս վերևում 80-րդ պարբերությունը):
92. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական ասպեկտի խախտում:
i
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
93. Դիմումատուն նաև պնդել է, որ Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների և հետագա քննության մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ և 13-րդ հոդվածների խախտում:
94. Կառավարությունը վիճարկել է այս պնդումները:
95. Հաշվի առնելով սույն գործի փաստերը, կողմերի փաստարկները և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն կատարած իր եզրահանգումները` Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը, և չկա սույն բողոքների վերաբերյալ առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն (տե՛ս, mutatis mutandis, Կամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [Kamil Uzun v. Turkey], թիվ 37410/97, § 64, 2007 թվականի մայիսի 10, և Իրավական ռեսուրսների կենտրոնը` ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Campeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
96. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:
Ա. Վնասը
97. Դիմումատուն պահանջել է 200000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
98. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի պահանջը հիմնավորված չէ, և որ ենթադրյալ խախտման և վնասի հետ կապված պահանջի միջև որևէ պատճառահետևանքային կապ չկա: Ամեն դեպքում, պահանջվող գումարը չափազանց մեծ է:
99. Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս: Հետևաբար, այն որոշում է դիմումատուին շնորհել 50000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
100. Դիմումատուն նաև պահանջել է 3600 եվրո` որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:
101. Կառավարությունը հղում է կատարել դիմումատուի փաստաբանի կողմից ներկայացված հաշվետախտակին` պնդելով, որ արդար փոխհատուցման պահանջները կազմելու վրա ծախսված ժամաքանակը ողջամիտ չէ` համեմատած ժամերի այն քանակի հետ, որը ծախսվել է Կառավարության դիտարկումներին դիմումատուի պատասխանը կազմելու վրա:
102. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործում, հաշվի առնելով իր տրամադրության տակ առկա փաստաթղթերը և վերոնշյալ չափորոշիչները, Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2000 եվրո` Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
103. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ բողոքներն ընդունելի` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն.
2. Վճռում է, որ Լևոն Գուլյանի մահվան մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի` և՛ նյութաիրավական, և՛ դատավարական ասպեկտների խախտում.
3. Վճռում է, որ չկա Կոնվենցիայի 5-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքների վերաբերյալ առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն.
4. Վճռում է, որ`
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց` 50000 եվրո (հիսուն հազար եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց` 2000 եվրո (երկու հազար եվրո)` գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Աբել Կամպոս |
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս |
Քարտուղար |
Նախագահ |