ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-43-Ո-122
2018 թ.
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 115-ՐԴ, 116-ՐԴ ԵՎ 127-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-24 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Նկատի ունենալով Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. հոկտեմբերի 8-ի թիվ ԴԴ-1-Ե-8117 գրության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության 19.10.2018թ. թիվ 02/19.3/625274.18 գրությամբ ներկայացրած պատասխանը, հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 24.10.2018թ. թիվ ՄԹ/ԺՍ-1-3/16290-18 գրությամբ ներկայացված դիրքորոշումները` ՀՀ աշխատանքային օրենսգրքին և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան «մայրության արձակուրդ» և «երեխայի ծննդյան արձակուրդ» եզրույթների իրավական բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված քննարկումների արդյունքները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «մայրության արձակուրդ» և «երեխայի ծննդյան արձակուրդ» հասկացությունները համապատասխանաբար համարել համարժեք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված «հղիության և ծննդաբերության արձակուրդ» և 173-րդ հոդվածով սահմանված «մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդ» հասկացություններին:
2. Հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետում ամրագրված մոտեցումը, ինչպես նաև «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածություն առաջադրելու վերաբերյալ» (քաղաքացիական մասնագիտացում) Բարձրագույն դատական խորհրդի 08.10.2018թ. թիվ ԲԴԽ-41-Ո-112 որոշման ընդունման առնչությամբ առաջացած ընթացակարգային խնդիրները, մասնավորապես` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման գծով դատավորի ավելի վաղ առաջացած թափուր տեղը համալրված չլինելու հանգամանքը, կազմակերպել հարցի քննարկում և գաղտնի քվեարկություն` Բարձրագույն դատական խորհրդի 08.10.2018թ. թիվ ԲԴԽ-41-Ո-112 որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
i
3. Հետագայում թափուր տեղի համար թեկնածուներ առաջադրելու գործընթացը հստակեցնելու նկատառումով Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 6-րդ գլուխը լրացնել 77.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.
«77.1. Դատավորի թափուր տեղ առաջանալիս մեկօրյա ժամկետում Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդին որոշման նախագիծ է ներկայացնում` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 115-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված կարգով թեկնածուին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհուրդը երկօրյա ժամկետում Խորհրդի նիստում կամ հարցման միջոցով որոշում է կայացնում առաջարկության վերաբերյալ, ինչը Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից անհապաղ փոխանցվում է թեկնածուին»:
i
4. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` թափուր տեղի համար առաջարկություններ կրկնելու վերաբերյալ նորմերի համալիր իրացման նպատակով առաջին ատյանի տարբեր դատարաններում միաժամանակ դատավորի թափուր տեղեր առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը` արդարադատության շահերից ելնելով, կարող է նախապատվությունը տալ այն դատարանում դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջադրելուն, որտեղ դատավորների ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրների լուծումն առավել հրատապ է: Այդ առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 6-րդ գլուխը լրացնել 77.2. կետով` հետևյալ բովանդակությամբ.
«77.2. Առաջին ատյանի տարբեր դատարաններում դատավորի թափուր տեղերի առկայության դեպքում Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդին հիմնավորված առաջարկություն է ներկայացնում առաջնահերթության կարգով թափուր տեղը լրացնելու առնչությամբ: Առաջարկությունն ստանալու օրվանից աշխատակարգի 77.1. կետով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում Դատական դեպարտամենտի կողմից ներկայացված հիմնավորման և թափուր տեղի համար թեկնածուին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ»:
5. Առաջին ատյանի տարբեր դատարաններում թափուր տեղերի լրացման գործընթացը պատշաճ ժամկետներում իրականացնելու և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է հրավիրել տվյալ մասնագիտացման գծով հավակնորդների ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուներին և առաջարկել կամավորության սկզբունքով կատարել ընտրություն: Նույն տեղի համար մեկից ավելի ցանկություն հայտնողներից կառաջադրվի այն թեկնածուն, ով ունի հանրագումարային ավելի բարձր միավոր:
Եթե որևէ թեկնածու առաջարկությունները չի ընդունում, ապա առաջարկություններն արվում են ավելի վաղ առաջացած թափուր տեղի համար` Օրենսգրքի 116-րդ հոդվածի կիրառմամբ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018 թ. հոկտեմբերի 25
ք. Երևան