050.0159.251016
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 10 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05016345
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2016 թվականի թիվ 159-Ն
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական խմբերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների շրջանակը, կազմման և ներկայացման կարգը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.19-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իա» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ֆինանսական խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և դրանց ներկայացման հաճախականությունը» կանոնակարգ 20/03-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգը հաստատելու մասին» թիվ 87 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2016 թվականի սեպտեմբերի 27-ի
թիվ 159-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/03 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կարգը սահմանում է`
1) Ֆինանսական խմբի կողմից ներկայացվող հաշվետվությունների ցանկը
2) Բանկային խմբի, բանկային ենթախմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման սկզբունքները
3) Ապահովագրական խմբի և ապահովագրական ենթախմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման սկզբունքները
4) Բանկային խմբի, բանկային ենթախմբի արտարժութային դիրքերի վերաբերյալ հաշվետվությունը
5) Ապահովագրական խմբի, ապահովագրական ենթախմբի արտարժութային դիրքերի վերաբերյալ հաշվետվությունը
6) Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները
7) Ֆինանսական խմբերի ներխմբային գործարքների վերաբերյալ հաշվետվությունը
8) Ֆինանսական խմբերի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները
9) Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական խմբից հավելյալ տեղեկություններ պահանջելու կարգը:
2. Սույն կանոնակարգով սահմանված տեղեկությունների ներկայացման պահանջները տարածվում են Կենտրոնական բանկի կողմից ճանաչված միջազգային ֆինանսական խմբերի հայկական ֆինանսական խմբերի և հայկական ֆինանսական խմբերի վրա:
3. Սույն կանոնակարգով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները Կենտրոնական բանկի կողմից ցածր ռիսկային դասակարգված ֆինանսական խմբերը չեն ներկայացնում Կենտրոնական բանկ:
ԳԼՈՒԽ 2. |
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
4. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`
1) «Մայր կազմակերպություն»` ըստ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի նշանակության,
2) «Ֆինանսական խումբը կապող անձ»` ֆիզիկական անձ կամ ոչ ֆինանսական կազմակերպություն կամ ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություն, որի միջոցով ֆինանսական խմբի անդամները համարվել են փոխկապակցված,
3) «Ֆինանսական խումբ»` «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով Կենտրոնական բանկի կողմից ճանաչված ֆինանսական խումբ,
4) «Պատասխանատու անձ»` ըստ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի նշանակության,
5) «Համախմբված ֆինանսական հաշվետվություն»` բանկային խմբի, ապահովագրական խմբի, բանկային ենթախմբի, ապահովագրական ենթախմբի ֆինանսական վիճակի և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները,
6) «Չվերահսկող բաժնեմաս»`
ա. համաձայն ՖՀՄՍ 10-ի` ֆինանսական խմբի անդամ ռեզիդենտ մայր ֆինանսական կազմակերպության առկայության դեպքում
բ. փոխկապակցված ֆինանսական կազմակերպությունների դեպքում, երբ ֆինանսական խմբի անդամ ռեզիդենտ մայր ֆինանսական կազմակերպությունը բացակայում է, ֆինանսական խմբի կապող օղակ հանդիսացող անձի մասնակցությունից և ֆինանսական խմբի անդամների` միմյանց միջև մասնակցություններից տարբերվող մասնակցությունը,
7) «ՖՀՄՍ»` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ,
8) «Ներխմբային գործարքներ»` ըստ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.20-րդ հոդվածի 1-ին մասի նշանակության,
9) Սույն կարգում օգտագործվող ֆինանսական խմբերի և ենթախմբերի տեսակները սահմանված են Կանոնակարգ 20/01-ում:
ԳԼՈՒԽ 3. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ |
5. Ֆինանսական խմբի պատասխանատու անձը ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում խմբի հետևյալ հաշվետվությունները (որոշակի ֆինանսական խմբի տեսակի համար նախատեսված լինելու դեպքում)`
1) Բանկային խմբերի (ենթախմբերի), ապահովագրական խմբերի (ենթախմբերի) համախմբված ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը` համաձայն համապատասխանաբար Ձև 1-ի (հավելված 1) և Ձև 2-ի (հավելված 2),
2) Բանկային խմբերի (ենթախմբերի), ապահովագրական խմբերի (ենթախմբերի) համապարփակ ֆինանսական արդյունքների մասին համախմբված հաշվետվությունը` համապատասխանաբար Ձև 3 (հավելված 3) և Ձև 4 (հավելված 4),
3) Բանկային խմբերի (ենթախմբերի), ապահովագրական խմբերի (ենթախմբերի) արտարժութային դիրքերի վերաբերյալ համախմբված հաշվետվություն` Ձև 5 (հավելված 5) և Ձև 6 (հավելված 6),
4) Վարկային, ներդրումային, բազմապրոֆիլ խմբերի ագրեգացման եղանակով հաշվարկված տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունը` Ձև 7 (հավելված 7),
5) Բանկային խմբերի (ենթախմբերի) նորմատիվների վերաբերյալ հաշվետվություններ` համապատասխանաբար Ձև 8 և Ձև 9 (հավելված 8 և հավելված 9),
6) Ապահովագրական խմբերի (ենթախմբերի) նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունը` Ձև 10 (հավելված 10),
7) Ներխմբային գործարքների վերաբերյալ հաշվետվությունը` Ձև 11 (հավելված 11):
ԳԼՈՒԽ 4. |
ԲԱՆԿԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ (ԵՆԹԱԽՄԲԵՐԻ), ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ (ԵՆԹԱԽՄԲԵՐԻ) ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
6. Բանկային խմբերը (ենթախմբերը), ապահովագրական խմբերը (ենթախմբերը) համախմբում են ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունները և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները` համաձայն ՖՀՄՍ 10-ով սահմանված համախմբման ընթացակարգերի:
ԳԼՈՒԽ 5. |
ԲԱՆԿԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ (ԵՆԹԱԽՄԲԵՐԻ), ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ (ԵՆԹԱԽՄԲԵՐԻ) ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
7. «Արտարժութային դիրքերի վերաբերյալ» հաշվետվությունը` Ձև 5-ը, լրացվում է համաձայն «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի ձև թիվ 7 հաշվետվության լրացման մեկնաբանությունների` հիմք ընդունելով բանկային խմբի (ենթախմբի) համախմբված ֆինանսական վիճակի մասին հաշվետվության տվյալները:
8. «Արտարժութային դիրքերի վերաբերյալ» հաշվետվությունը` Ձև 6-ը, լրացվում է համաձայն «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ի ձև թիվ 3 հաշվետվության լրացման մեկնաբանությունների` հիմք ընդունելով ապահովագրական խմբի (ենթախմբի) համախմբված ֆինանսական վիճակի մասին հաշվետվության տվյալները:
ԳԼՈՒԽ 6. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
9. «Ֆինանսական խմբերի ագրեգացման եղանակով հաշվարկված տնտեսական նորմատիվների վերաբերյալ» հաշվետվությունը` Ձև 7-ը, ներկայացվում է համաձայն «Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվները և դրանց սահմանաչափերը» կանոնակարգ 20/02-ով սահմանված կարգի:
10. «Բանկային խմբերի (ենթախմբերի) նորմատիվների վերաբերյալ» հաշվետվություններում` Ձև 8-ում և Ձև 9-ում, ներկայացվում են «Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվները և դրանց սահմանաչափերը» կանոնակարգ 20/02-ով սահմանված նորմատիվները` հիմք ընդունելով համախմբված հաշվետվությունները և առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի»` համապատասխանաբար ձև թիվ 3 և ձև թիվ 14 հաշվետվությունների լրացման մեկնաբանություններով:
11. «Ապահովագրական խմբերի (ենթախմբերի) նորմատիվների վերաբերյալ» հաշվետվությունում` Ձև 10-ում ներկայացվում են «Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվները և դրանց սահմանաչափերը» կանոնակարգ 20/02-ով սահմանված նորմատիվները` հիմք ընդունելով համախմբված հաշվետվությունները և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 370-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ի»` ձև թիվ 3 հաշվետվության լրացման մեկնաբանություններով:
ԳԼՈՒԽ 7. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՆԵՐԽՄԲԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
12. «Ֆինանսական խմբերի ներխմբային գործարքների վերաբերյալ հաշվետվություն» Ձև 11-ը կազմված է երկու էջից: Հաշվետվությունում ներկայացվում են այն գործարքները (սույն հաշվետվությունում այսուհետ` գործարք կամ գործարքներ), որոնք հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ չեն մարվել և այն գործարքները, որոնք իրականացվել և մարվել են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում: Հաշվետվության առաջին էջում ներկայացվում են ֆինանսական խմբի անդամների միջև իրականացված գործարքները: Հաշվետվության երկրորդ էջում ներկայացվում են ֆինանսական խմբի ֆինանսական կազմակերպություն հանդիսացող անդամների և ֆինանսական խմբի անդամ չհանդիսացող և տվյալ խմբի անդամների հետ կապված անձանց միջև գործարքները:
13. Հաշվետվության առաջին էջում լրացվում են հետևյալ սյունակները`
1) «Ֆինանսական խմբի անդամի անվանումը» սյունակում լրացվում է ֆինանսական խմբի անդամի անվանումը, որի համար ներկայացվող գործարքն ակտիվային է կամ որի համար գործարքի արդյունքում առաջացել է պայմանական պարտավորություն, բացառությամբ այն դեպքերի, երբ «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «ապահովագրություն» և «վերաապահովագրություն» տարբերակները, որոնց դեպքում տվյալ սյունակում լրացվում է ապահովագրական ընկերության կամ վերաապահովագրական ընկերության անվանումը:
2) «Ֆինանսական խմբի անդամի կոդը» սյունակում լրացվում է սույն կետի 1-ին ենթակետում սահմանված սյունակում լրացվող ֆինանսական խմբի անդամի` Կենտրոնական բանկի կողմից տրամադրած կոդը: Եթե մայր կազմակերպությունը չունի Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կոդ, ապա լրացվում է վերջինիս ՍՎԻՖԹ կոդը կամ ՏԵԼԵՔՍ համարը, իսկ դրանց բացակայության դեպքում լրացվում է հարկային հաշվառման համարը:
3) «Ֆինանսական խմբի անդամ-գործընկերոջ անվանումը» սյունակում լրացվում է ֆինանսական խմբի անդամի անվանումը, որը սույն կետի 1-ին ենթակետում նշված անձի հետ կատարել է ներկայացվող գործարքը:
4) «Ֆինանսական խմբի անդամ-գործընկերոջ կոդը/հարկային հաշվառման համարը» սյունակում լրացվում է սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված սյունակում լրացվող ֆինանսական խմբի անդամի` Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կոդը: Եթե մայր կազմակերպությունը չունի Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կոդ, ապա լրացվում է վերջինիս ՍՎԻՖԹ կոդը կամ ՏԵԼԵՔՍ համարը, իսկ դրանց բացակայության դեպքում լրացվում է հարկային հաշվառման համարը:
5) «Գործարքի կարգավիճակը» սյունակում լրացվում է «մարված» կամ «ընթացքում» տարբերակը.
ա. «մարված» տարբերակը լրացվում է, եթե գործարքը իրականացվել և մարվել է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.
բ. «ընթացքում» տարբերակը լրացվում է, եթե գործարքի գծով հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ առկա է համախառն հաշվեկշռային մնացորդ:
6) «Գործարքի տիպը» սյունակում լրացվում է «ակտիվ» կամ «պայմանական պարտավորություն» տարբերակները` հիմք ընդունելով սույն կետի 1-ին ենթակետով սահմանված սյունակում լրացվող ֆինանսական խմբի անդամի համար տվյալ գործարքի ակտիվ կամ պայմանական պարտավորություն հանդիսանալու հանգամանքը: Այն դեպքում, երբ գործարքի գծով միաժամանակ առկա է և՛ ակտիվային հոդված և՛ պայմանական պարտավորություն, ապա սյունակում լրացվում է «ակտիվ» տարբերակը: «Ապահովագրություն» գործարքի դեպքում տվյալ սյունակում լրացվում է «պարտավորություն» տարբերակը:
7) «Գործարքի տեսակ» տարբերակների` «հաշիվ», «ավանդ», «վարկ», «վարկային գիծ և օվերդրաֆտ», «ռեպո համաձայնագիր», «արժեթուղթ», «լիզինգ», «ֆակտորինգ», «երաշխիք/երաշխավորություն», «ակրեդիտիվ», «փոխառություն», «ապահովագրություն», «վերաապահովագրություն», «ապահովագրական միջնորդություն», «այլ»:
8) «Գործարքի բնույթը» սյունակում լրացվում է «հավանական խնդրահարույց» կամ «չի կիրառվում» տարբերակը: Սյունակում լրացվում է «հավանական խնդրահարույց», եթե ֆինանսական խմբի գնահատմամբ բավարարվում է Կանոնակարգ 20/02-ի 3-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված պայմաններից առնվազը մեկը, հակառակ դեպքում լրացվում է «չի կիրառվում» տարբերակը:
9) «Խնդրահարույց ներխմբային գործարք» սյունակում լրացվում է «խնդրահարույց» կամ «չի կիրառվում» տարբերակը: Սյունակում լրացվում է «խնդրահարույց» տարբերակը, եթե գործարքը Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է որպես խնդրահարույց ներխմբային գործարք, հակառակ դեպքում` լրացվում է «չի կիրառվում» տարբերակը:
10) «Խնդրահարույց ներխմբային գործարքի նորմատիվային սահմանաչափը» սյունակում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ներխմբային գործարքների տվյալ տեսակի համար նախատեսված թույլատրելի առավելագույն գումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Սյունակը չի լրացվում, եթե Կենտրոնական բանկի կողմից գործարքը չի ճանաչվել խնդրահարույց:
11) «Արժույթի կոդ» սյունակում լրացվում է արժույթի կոդը` տարադրամների ԻՍՕ (ISՕ) կոդերի տեսքով:
12) «Ժամկետայնություն» սյունակում լրացվում է գործարքի պայմանագրային ժամկետը` ըստ «ցպահանջ», «մինչև 91 օր», «91 օրից 181 օր», «181 օրից 1 տարի», «1-ից 2 տարի», «2-ից 3 տարի», «3-ից 4 տարի», «4-ից 5 տարի», «5-ից 7 տարի», «7-ից 10 տարի», «10-ից 15 տարի», «15 տարուց ավելի», «անժամկետ» տարբերակների:
13) «Գործարքի անվանական տոկոսադրույքը» սյունակում լրացվում է գործարքի` պայմանագրով սահմանված անվանական տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ միջոցները տրամադրվում են անտոկոս, ապա սյունակը չի լրացվում:
14) «Գործարքի պայմանագրային գումարը» սյունակում լրացվում է գործարքի գծով պայմանագրում սահմանված սկզբնական գումարը, իսկ պայմանագրի երկարաձգման դեպքում` սահմանված նոր պայմանագրային գումարը (ապահովագրության/վերաապահովագրության դեպքում ապահովագրավճար/վերաապահովագրավճար): Պայմանագրային գումար սահմանված չլինելու դեպքում սյունակը չի լրացվում:
15) «Գործարքի հնարավոր կորուստների պահուստը» սյունակում լրացվում է գործարքի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստը (ներառյալ` պայմանական պարտավորությունների գծով ձևավորված պահուստը)` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Տվյալ գումարի բացակայության դեպքում սյունակը չի լրացվում:
16) «Գործարքի հետհաշվեկշռային մնացորդը» սյունակում լրացվում է գործարքի գծով հետհաշվեկշռում գրանցված գումարները (վարկային գծերի դեպքում` չօգտագործված մասերը, իսկ ապահովագրության/ վերաապահովագրության դեպքում` պայմանագրում նշված ապահովագրական գումարը): Տվյալ գումարների բացակայության դեպքում սյունակը չի լրացվում:
17) «Գործարքի հաշվեկշռային մնացորդը» սյունակում լրացվում է գործարքի հաշվեկշռում գրանցված մնացորդային գումարը` ներառյալ հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները, ընդ որում, ապահովագրության և վերաապահովագրության դեպքում նշվում է ՉԱՊ-ի մեծությունը: Տվյալ գումարի բացակայության դեպքում սյունակը չի լրացվում:
18) «Գործարքի քանակը» սյունակում լրացվում է գործարքների քանակը:
19) Այն դեպքում, երբ սույն կետի 1-ից 13-րդ ենթակետերով սահմանված սյունակներում գործարքների գծով պահանջվող տեղեկատվությունը համընկնում է, ապա սույն կետի 14-ից 18-րդ ենթակետերով սահմանված սյունակներում լրացվում են սյունակներում պահանջվող գումարների հանրագումարները:
14. Հաշվետվության երկրորդ էջում սյունակները լրացվում են հետևյալ սկզբունքների համաձայն`
1) «Ֆինանսական խմբի անդամի անվանումը» սյունակում լրացվում է ֆինանսական խմբի ֆինանսական կազմակերպություն հանդիսացող անդամի անվանումը, որն իրականացրել է ներկայացվող գործարքը:
2) «Ֆինանսական խմբի անդամի կոդը» սյունակում լրացվում է սույն կետի 1-ին ենթակետում սահմանված սյունակում լրացվող ֆինանսական խմբի անդամի` Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կոդը:
3) «Ֆինանսական խմբի անդամի հետ կապված անձի անվանումը, անունը, ազգանունը» սյունակում լրացվում է ֆինանսական խմբի անդամներից որևէ մեկի հետ կապված այն անձի անվանումը կամ անունը, ազգանունը, որը սույն կետի 1-ին ենթակետում նշված անձի հետ կատարել է ներկայացվող գործարքը:
4) «Ֆինանսական խմբի անդամի հետ կապված անձի կոդը» սյունակում լրացվում է սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված սյունակում լրացվող ֆինանսական խմբի անդամի հետ կապված անձի Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կոդը, բացակայության դեպքում` ՍՎԻՖԹ կոդը կամ ՏԵԼԵՔՍ համարը, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` հարկային հաշվառման համարը կամ ֆիզիկական անձանց դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:
5) «Կապող անձը» սյունակում լրացվում է ֆինանսական խմբի այն անդամի անվանումը, որի հետ կապված է սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված սյունակում ներկայացվող անձը:
6) «Կապվածության հիմքը» սյունակում լրացվում է «ղեկավար», «փոխկապակցված անձ», «նշանակալից մասնակից», «այլ»:
7) «Գործարքի տիպը» սյունակում լրացվում է «ակտիվ», «պարտավորություն» կամ «պայմանական պարտավորություն» տարբերակները` հիմք ընդունելով ֆինանսական խմբի անդամի համար տվյալ գործարքի ակտիվ, պարտավորություն կամ պայմանական պարտավորություն հանդիսանալու հանգամանքը: Այն դեպքում, երբ գործարքի գծով միաժամանակ առկա է և՛ ակտիվային հոդված և՛ պայմանական պարտավորություն, ապա սյունակում լրացվում է «ակտիվ» տարբերակը:
8) Սույն էջում սահմանված մյուս սյունակները լրացվում են սույն հաշվետվության առաջին էջում սահմանված համապատասխան սյունակների լրացման կարգի համաձայն:
9) Սույն էջում սահմանված ծավալային տվյալները համախմբվում են սույն կանոնակարգի 13-րդ կետի 19-րդ ենթակետով սահմանված սկզբունքների համաձայն:
10) Հաշվետվությունում գումարները լրացվում են հազար դրամներով կետից հետո երեք նիշի ճշտությամբ, իսկ տոկոսադրույքները լրացվում են կետից հետո երկու նիշի ճշտությամբ:
ԳԼՈՒԽ 8. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
15. Սույն կարգով սահմանված հաշվետվությունները պատասխանատու անձը ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում եռամսյակային կտրվածքով` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը (ներառյալ):
16. Ֆինանսական խմբի անդամները սույն կանոնակարգով պահանջվող հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է ներկայացնեն ֆինանսական խմբի պատասխանատու անձին:
ԳԼՈՒԽ 9. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻՑ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՄԱՆ ԿԱՐԳԸ |
17. Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերահսկողական նպատակներից ելնելով, ֆինանսական խմբից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:
18. Ֆինանսական խումբը ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) ներկայացնում է ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները:
19. Ֆինանսական խմբին ծանուցումը կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), Սի-Բի-Էյ-նեթ համակարգի կամ կապի` սահմանված այլ պահուստային միջոցներով:
20. Ծանուցմամբ Ֆինանսական խմբի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկ պարզաբանումներ տալու համար:
21. Ծանուցումը ստորագրվում է Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից:
22. Ծանուցման արդյունքում տրամադրված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:
_____________________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածների աղյուսակները չեն բերվում