606.0009.160215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 02 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615048
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2015 թվականի N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանելու մասին» N 37-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ բաժնով.
«3. ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԱՆԱԿ
21. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները.
2) հասարակական կազմակերպությունները.
3) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
22. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար Հայաստանի Հանրապետության կուսակցությունները դիմումին կից ներկայացնում են.
1) կանոնադրության պատճենը (սույն կետի պահանջը գործում է մինչև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային գրանցամատյանի մուտքի հնարավորություն ստանալը),
2) դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
23. Կուսակցությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում ընդգրկված դիտորդները հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող են ներկա լինել, եթե դիտորդի հավատարմագրման վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացած դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) դիտորդն այս վկայականները տեսանելի ձևով պետք է կրի վերնազգեստի վրա:
24. Տեղական հանրաքվեի ժամանակ հասարակական կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հավատարմագրումն իրականացվում է սույն կարգի 2-րդ բաժնում սահմանված պահանջներին համապատասխան:»: