(ուժը կորցրել է 26.02.04 թիվ 245-Ն որոշում)
i
040.0137.050399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 1999 թվական թիվ 137
i
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մշակութային արժեքների որոշ տեսակների արտահանումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) մշակութային արժեքների (անկախ դրանց ստեղծման ժամանակից և վայրից) ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից տրվող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա` համաձայն N 1 հավելվածի.
բ) մշակութային նշանակություն ունեցող սերիական և զանգվածային արտադրության առարկաների ու հուշանվերների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից տրվող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի համաձայն N 2 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը`
ա) թույլատրել առանց մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի արտահանել մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող գեղանկարչության, քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները, որոնց վրա առկա են հեղինակի ստորագրությունն ու դրանց ստեղծման տարեթիվը, բացառությամբ անթվակիր, անստորագիր և մահացած հեղինակների ստեղծագործությունների.
բ) պայմանագրային հիմունքներով համապատասխան կազմակերպություններում իրականացնել մշակութային արժեքների արտահանումը թույլատրող ձևակերպումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 5-ի N 137 որոշման
ՑԱՆԿ
մշակութային արժեքների (անկախ դրանց ստեղծման ժամանակից և
վայրից), որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից
իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության
հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության
վարչության կողմից տրվող մշակութային արժեքների արտահանման
իրավունքի վկայագրի հիման վրա (*)
1. Պատմական արժեքներ, այդ թվում պետության և հասարակության, գիտության ու ճարտարագիտության զարգացմանը, մշակույթի և կենցաղի պատմությանը, նշանավոր անձանց (պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, ազգային հերոսների) կյանքին ու գործունեությանն առնչվող առարկաներ, ինչպես նաև ընտանեկան մասունքներ
ա) հնագիտական առարկաներ և դրանց բեկորները.
բ) ազգագրական առարկաներ և հավաքածուներ.
գ) գիտական սարքեր
դ) դրամագիտական, բոնիստիկայի, ֆալերիստիկայի, զինագիտական, կնքագիտական առարկաներ ու հավաքածուներ.
ե) տեխնիկայի (այդ թվում ռազմական) առարկաներ և դրանց բեկորներն ու բաղկացուցիչ մասերը.
զ) փաստավավերագրական նյութեր:
2. Գեղարվեստական արժեքներ (անկախ նյութերից), ինչպես նաև կրկնօրինակները`
ա) ճարտարապետական, պատմական, մոնումենտալ արվեստի հուշարձաններ, դրանց բաղկացուցիչ մասերը և բեկորները.
բ) ծիսապաշտամունքային նշանակություն ունեցող գեղազարդ առարկաներ, սրբապատկերներ.
գ) գեղանկարչության, քանդակագործության և բեմագրության ստեղծագործություններ.
դ) գրաֆիկական ստեղծագործություններ և դրանց տպագրական վերարտադրությունները.
ե) ժողովրդական ավանդական դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ.
զ) դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ`
կավե, ապակյա բյուրեղային առարկաներ,
բրոնզե, պղնձե, պողպատե, երկաթյա, և մետաղյա այլ առարկաներ, այդ թվում` արծնապատ,
թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված առարկաներ,
քարից, փայտից, ոսկրից, խեցուց, կաշվից և գործվածքի տարբեր տեսակներից պատրաստված գեղարվեստական հորինվածքներ,
փորագրված, ընդելուզված, ագուցված, դրոշմված և տեխնիկական այլ եղանակներով գեղազարդված առարկաներ,
գոբելեններ, շպալերներ, դաջված գործվածք, ձեռագործ գորգեր.
է) դիզայներական ձևավորումների նախագծեր, ինստալյացիաներ, գեղարվեստական հորինվածքներ (կոմպոզիցիաներ) և սարվածքներ (մոնտաժներ).
ը) նվագարաններ հայրենական և արտասահմանյան վարպետների պատրաստած.
թ) սառը զենք և հրազեն` հայրենական և արտասահմանյան վարպետների պատրաստած:
3. Տպագիր ստեղծագործություններ
ա) պատմական, գիտական, գեղարվեստական, գրական հետաքրքրություն ներկայացնող առանձին հրատարակություններ և դրանց հավաքածուները.
բ) հասարակական, քաղաքական, պետական, մշակութային նշանավոր գործիչների կենդանության օրոք տպագրված, ինչպես նաև նրանց ստորագրությամբ, ընծայագրով և նշումներով ստեղծագործությունները (բացառությամբ ժամանակակից գործիչների).
գ) ֆիլատելիստական նյութեր (ներառյալ մինչև 1991 թվականի հրատարակությունները):
4. Գիտական հետաքրքրություն ներկայացնող հավաքածուներ և առանձին առարկաներ (օբյեկտներ)`
ա) կմախքներ, կենդանիների ոսկորներ, հերբարիումներ, խրտվիլակներ և կենդանաբանական այլ նյութեր.
բ) հնէաբանական նյութեր.
գ) մարդաբանական նյութեր.
դ) հանքաբանական նյութեր (բացառությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի):
--------------------------
* Սույն ցանկի գործողությունը չի տարածվում մշակութային նշանակություն ունեցող սերիական և զանգվածային արտադրության մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող առարկաների վրա, բացառությամբ սույն հավելվածի 3-րդ կետի «գ» ենթակետի:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 5-ի N 137 որոշման
ՑԱՆԿ
մշակութային նշանակություն ունեցող սերիական և զանգվածային
արտադրության առարկաների ու հուշանվերների, որոնց արտահանումը
Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց Հայաստանի
Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության
կողմից տրվող մշակութային արժեքների արտահանման
իրավունքի վկայագրի (*)
1. Պետական պարգևներ և շքանշաններ, եթե արտահանողը պարգևատրված անձն է և ունի համապատասխան գրքույկ:
2. Ծիսապաշտամունքային նշանակություն ունեցող ժամանակակից առարկաներ` անկախ նյութից`
ա) խաչքարեր` մինչև 80 սմ բարձրության, խաչեր, մոմակալներ, հմայիլներ` ձվեր, դաղդղաններ, ուլունքներ և այլ առարկաներ.
բ) կրոնական գրականություն:
3. Կենցաղային առարկաներ և հայրենական ու արտասահմանյան արտադրության հուշանվերներ անկախ նյութից`
ա) կահույք (առանձին առարկաներ կամ լրակազմ).
բ) մեքենայական արտադրության գորգեր, կարպետներ և գործվածք.
գ) հագուստ և հագուստի առանձին տարրեր.
դ) սպասք.
ե) արդուզարդի առարկաներ.
զ) խաղի և ժամանցի առարկաներ.
է) խաղալիքներ և արհեստագործական այլ առարկաներ:
4. Տեխնիկական առարկաներ
ա) ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ.
բ) բժշկական և չափիչ սարքեր.
գ) կարի մեքենաներ և գրամեքենաներ.
դ) ժամացույցներ` անկախ ձևից և չափից.
ե) ռադիոսարքավորումներ և մագնիտոֆոններ, նվագարկիչներ ու երաժշտական կենտրոններ.
զ) լուսանկարչական ապարատներ, կինո-տեսախցիկներ և տեսամագնիտոֆոններ.
է) տարբեր տեսակի հեռախոսային սարքավորումներ.
ը) դիտակներ.
թ) համակարգիչներ և դրանց բաղկացուցիչ մասերը.
ժ) էլեկտրական և մեխանիկական կենցաղային սարքեր:
5. Մանրակերտեր (մակետներ և մոդելներ)` անկախ նյութից`
ա) ինքնաթիռների, մեքենաների, նավերի և այլ առարկաների.
բ) պատմաճարտարապետական հուշարձանների:
6. Հայրենական և արտասահմանյան գործարանային արտադրության երաժշտական գործիքներ (որոնք ունեն համապատասխան գործարանային համարանիշ կամ պիտակ, վկայական, (անձնագիր), անդորրագիր, դրամարկղային կտրոն)`
ա) ստեղնային. փողային, հարվածային, էլեկտրական նվագարաններ.
բ) բայան, հարմոն, ակորդեոն.
գ) լարային նվագարաններ և աղեղներ:
7. Հայրենական և արտասահմանյան հրատարակություններ`
ա) տարբեր հեղինակների ստեղծագործությունների առանձին ժողովածուներ կամ երկերի ժողովածուներ, ինչպես նաև հրատարակություններ, որոնք արտահանում է դրանց հեղինակը.
բ) պարբերականներ, հրատարակություններ, նոտային, քարտեզագրական, գիտահանրամատչելի գրականություն, գրքույկներ (բրոշյուրներ), գովազդային հրատարակություններ.
գ) մանկական գրականություն, դասագրքեր և ձեռնարկներ, տեղեկատվական գրականություն (բառարաններ, զրուցարաններ, տեղեկատուներ, հանրագիտարաններ, ցուցակներ (կատալոգներ) և այլն).
դ) փաստավավերագրական և տպագիր նյութերի ժամանակակից վերարտադրություն ցանկացած նյութակրի վրա.
ե) ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող անձանց համար ստեղծված տպագիր նյութեր և առարկաներ:
8. Տպագիր գրաֆիկական և լուսանկարչական հրատարակություններ`
ա) վերատպություններ, վիմատպություններ, փորագրանկարներ, բացիկներ, պլակատներ.
բ) լուսանկարչական ալբոմներ և հուշանվերային նշանակություն ունեցող լուսանկարչական արտադրանք.
9. Մանկական ստեղծագործություններ` անկախ նյութից:
10. Հայրենական և արտասահմանյան արտադրության կրծքանշաններ, հուշանշաններ, հոբելյանական դրամներ և հուշադրամներ:
11. Տեսալսողական արտադրանք:
12. Հուշանվերային նշանակություն ունեցող առարկաներ`
ա) բնական և պատմաճարտարապետական հուշարձանների պատկերներ ունեցող առարկաներ` անկախ նյութից և պատրաստման տեխնիկայից.
բ) ասեղնագործ, ժանեկագործ, մաքրամե և այլ տեխնիկայով պատրաստած առարկաներ:
--------------------------
* Սույն ցանկի գործողությունը տարածվում է մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակություն ունեցող առարկաների վրա, բացառությամբ սույն հավելվածի 1-ին կետի: