100.0020.231211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 12 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011568
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
15 նոյեմբերի 2011 թվականի N 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 245 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ. պարբերությունը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մայիսի 2-ի «Լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 245 հրամանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2011 թվականի նոյեմբերի 15-ի
N 20-Ն հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովը ստեղծվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:
2. Լիցենզավորման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Լիցենզավորման հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներից և առողջապահության ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից (համաձայնությամբ):
4. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներից մեկը ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:
5. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է:
6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Լիցենզավորման հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:
8. Հանձնաժողովը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և լիցենզավորման կարգերի հիման վրա` իր իրավասության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քննում է առողջապահության բնագավառի լիցենզիաներ ստանալու հայտերի` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին, լիցենզավորման կարգերին, այլ իրավական ակտերին համապատասխանությունը և ըստ այդմ տալիս հայտը բավարարելու, վերապահումով բավարարելու կամ մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ առողջապահության նախարարին,
2) քննելով առողջապահության նախարարության ստորաբաժանումների առաջարկությունները, տալիս է եզրակացություններ օրենսդրության պահանջների խախտման դեպքում լիցենզավորված անձանց նախազգուշացնելու, լիցենզիաների գործողության կասեցման վերաբերյալ,
3) լիցենզավորող մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ լիցենզավորման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
10. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
11. Հանձնաժողովի եզրակացությունները ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում եզրակացությունը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորվող անձի (այսուհետ` հրավիրված անձ):
12. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
13. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
14. Հրավիրված անձը իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
15. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական, հարկային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:
16. Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
17. Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք:
18. Հանձնաժողովի եզրակացությունները տրվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, լիցենզավորման կարգերի և այլ իրավական ակտերի հիման վրա` հաշվի առնելով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը, նրանց վերաբերյալ լիցենզավորման գործակալության ներկայացրած եզրակացությունը:
19. Հանձնաժողովի եզրակացության չափանիշներն են գործակալության եզրակացության համապատասխանությունը ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին և հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերին:
20. Հանձնաժողովի եզրակացությունը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
21. Հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է`
1) հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ամիսը, տարին և վայրը,
2) հանձնաժողովի կազմը,
3) քննարկվող հարցի բովանդակությունը,
4) հայտատու իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը, հայցվող գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը, իսկ լիցենզավորված անձանց նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը, իրականացվող գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը,
5) հայտը բավարարելու, վերապահումով բավարարելու կամ մերժելու վերաբերյալ օրենսդրական հիմքերը, պատճառները, իսկ լիցենզավորված անձանց նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում` նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու օրենսդրական հիմքերը, պատճառները,
6) հայտը բավարարելու կամ վերապահումով բավարարելու կամ մերժելու մասին, իսկ լիցենզավորված անձանց նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում նախազգուշացնելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին դրույթները (եզրափակիչ մաս),
6) նիստին մասնակից հանձնաժողովի անդամների ստորագրությունները:
22. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
23. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
24. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`
1) հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ամիսը, տարին և վայրը.
2) հանձնաժողովի տեսակը և կազմը.
3) քննարկվող հարցի բովանդակությունը.
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.
7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
25. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
4) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
26. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) նիստից ոչ ուշ, քան 7 օր առաջ, հայտատուին պատշաճ ձևով ծանուցում է նիստի վայրի, ամսաթվի և ժամի մասին.
3) նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ նիստի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում.
4) նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի մասին.
5) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
6) հանձնաժողովի եզրակացությունը տրամադրում է կամ նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում է հրավիրված անձին.
7) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
8) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս իրավասությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
9) կազմում է հանձնաժողովի եզրակացությունները և կազմակերպում դրանց տարածումը.
10) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
27. Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
2) ստորագրում են հանձնաժողովի նիստի եզրակացությունը,
3) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում, նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
28. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
29. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: