(ուժը կորցրել է 14.03.02 ՆՀ-1062 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դեսպանությունների գործունեության իրավական կարգավորումը հստակեցնելու նպատակով, որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դեսպանության օրինակելի կանոնադրությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության դեսպանության օրինակելի կանոնադրության հիման վրա եռամսյա ժամկետում մշակել և հաստատել արտասահմանյան պետություններում հիմնված Հայաստանի Հանրապետության դեսպանությունների անհատական կանոնադրությունները` այդ աշխատանքներն իրականացնելով դեսպանությունների ակտիվ մասնակցությամբ:
27 ապրիլի 1994 թ.
ՆՀ-288
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՆՀ-288
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (այսուհետ` դեսպանություն) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն է դեսպանընկալ պետությունում:
i
1.2. Իր գործունեության մեջ դեսպանությունը ղեկավարվում է 1961 թ. դիվանագիտական հարաբերությունների մասին և 1963 թ. հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների դրույթներով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ, հրահանգներով և ցուցումներով:
1.3. Դեսպանությունն իր գործունեության ընթացքում հանդես է գալիս որպես իրավաբանական անձ: Այն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանով և իր անվանումով կլոր կնիք և դրոշմ:
1.4. Դեսպանության լուծարումը կատարվում է միջազգային իրավունքի նորմերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Դեսպանության խնդիրները
2.1. Դեսպանության հիմնական խնդիրներն են`
i
- ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը դեսպանընկալ պետությունում և ապահովել պաշտոնական հարաբերությունները այդ պետության հետ,
- պաշտպանել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների իրավունքներն ու շահերը դեսպանընկալ պետությունում,
- վարել բանակցություններ դեսպանընկալ պետության իշխանությունների հետ,
- խրախուսել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև բարեկամական կապերը, ներառյալ` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացումը,
- օրինական միջոցներով հավաքել, մշակել և Հայաստանի Հանրապետության իշխանություններին փոխանցել տեղեկություններ դեսպանընկալ պետությունում տեղի ունեցող իրադարձությունների և իրավիճակի մասին,
- իրականացնել միջազգային իրավունքի նորմերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հյուպատոսական գործողություններ,
- պարզաբանել դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը,
- իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև կնքված և ուժի մեջ մտած պայմանագրերի, այդ թվում` բազմակողմ միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ,
- հովանավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և դեսպանընկալ պետությունում բնակվող հայրենակիցների միջև կապերը:
3. Դեսպանության հիմնումը և նրա
գործունեության ղեկավարումը
3.1. Դեսպանությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության նախագահի որոշումով, դեսպանընկալ պետության հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա:
3.2. Դեսպանության անձնակազմի թվաքանակը (նրա հաստիքացուցակը) սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով դեսպանընկալ պետության հետ ձեռք բերված համաձայնությամբ:
Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3.3. Դեսպանությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (այսուհետ` դեսպան), որը նշանակվում է այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3.4. Դեսպանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը, որը հավատարմագրվում է դեսպանընկալ պետության ղեկավարին առընթեր և ուղղակիորեն անմիջական պատասխանատվություն է կրում դեսպանընկալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնական ներկայացուցչությունների և հիմնարկների գործունեության կոորդինացման համար:
3.5. Դեսպանընկալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչությունները և հիմնարկները, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել դեսպանի` իր իրավասության սահմաններում տված ցուցումները և ամեն կերպ աջակցել դեսպանության վրա դրված խնդիրների իրագործմանը:
3.6. Դեսպանի բացակայության դեպքում նրա պարտականությունները դեսպանընկալ պետությունում ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին նշանակում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
4. Դեսպանության գործունեության կազմակերպումը
i
4.1. Դեսպանությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն է, ուղղակիորեն ենթարկվում և հաշվետու է նրան:
4.2. Բոլոր այն հրահանգները, որոնք պարտադիր կերպով պետք է կատարվեն դեսպանության կողմից, հայտնվում են վերջինիս` բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կամ նրա հետ համաձայնեցված:
4.3. Դեսպանընկալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և հիմնարկները իրենց գործունեության մասին պարտավոր են պարբերաբար տեղեկացնել դեսպանությանը:
4.4. Դեսպանընկալ պետությունում գտնվող միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կոորդինացնում են դեսպանության հետ իրենց գործունեության այն կողմերը, որոնք շոշափում են Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև երկկողմ հարաբերությունները: Նրանք պարտավոր են տեղյակ պահել դեսպանությանը այն տվյալների մասին, որոնք վերջինիս համար կարող են գործնական հետաքրքրություն ներկայացնել:
4.5. Դեսպանությունը օժանդակում է դեսպանընկալ պետություն գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների, ներկայացուցիչների գործունեության արդյունավետ իրականացմանը:
Դեսպանությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների և ներկայացուցիչների հաշվառում և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված կարգով, պարբերաբար տեղեկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահին, կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը:
4.6. Դեսպանությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականության բոլոր ձևերի իրավական պաշտպանությունը դեսպանընկալ պետությունում:
4.7. Դեսպանընկալ պետության իշխանությունների օգնությամբ, դեսպանությունը կազմակերպում է իր ծառայողական և բնակելի տարածքների պաշտպանությունը, դեսպանության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման միջոցառումները, աջակցում նմանատիպ միջոցառումների անցկացմանը Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչություններում և հիմնարկներում, որոնք գտնվում են տվյալ պետությունում:
4.8. Դեսպանընկալ պետությունում արտակարգ իրավիճակի կամ դրա առաջանալու սպառնալիքի դեպքում դեսպանությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան հրահանգներով և ցուցումներով, իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և Հայաստանի Հանրապետության սեփականության պահպանման միջոցառումների կոորդինացումը:
Դեսպանընկալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնատար անձինք պետք է ենթարկվեն նշված հրահանգներին և ցուցումներին:
4.9. Դեսպանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրահանգներով և ցուցումներով, իրականացնում է դեսպանության ֆինանսական և տնտեսական գործունեության ընդհանուր ղեկավարումը:
4.10. Դեսպանության աշխատակցի կարգավիճակը հավասարեցված է Հայաստանի Հանրապետության պետական ծառայողի կարգավիճակին:
4.11. Դեսպանության աշխատակիցների գործունեության կարգը և նրանց իրավունքների իրագործումը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաստատած «ներքին կարգապահական կանոններով»:
4.12. Դեսպանության աշխատակցի և ղեկավարության միջև վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
4.13. Դեսպանության աշխատակիցները իրենց գործունեության համար կրում են անմիջական պատասխանատվություն և կարող են ենթարկվել կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
4.14. Համաձայն միջազգային իրավունքի նորմերի և Հայաստանի Հանրապետության դեսպանընկալ պետության միջև կնքված պայմանագրերի, դեսպանության աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները օգտվում են դիվանագիտական անձեռնմխելիությունից և արտոնություններից:
5. Դեսպանության անձնակազմը
5.1. Դեսպանության դիվանագիտական անձնակազմի անդամները, որպես կանոն, պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
5.2. Դեսպանության անձնակազմը, ըստ ծառայողական պարտականությունների, բաժանվում է` դիվանագիտականի, վարչատեխնիկականի և սպասարկողի:
5.3. Դիվանագիտական աշխատակիցներ են համարվում այն անձինք, ովքեր դեսպանությունում զբաղեցնում են արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի, խորհրդականի, առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարի, կցորդի և նրանց հավասարեցված գլխավոր հյուպատոսի, հյուպատոսի, փոխհյուպատոսի, հյուպատոսական գործակալի, առևտրական ներկայացուցչի կամ նրանց խորհրդականների պաշտոնները:
5.4. Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան դեսպանընկալ պետությունը դեսպանության աշխատակցին տալով մուտքի դիվանագիտական այցագիր կամ դիվանագիտական վկայական (քարտ) հաստատում է նրանց դիվանագիտական կարգավիճակը:
5.5. Վարչատեխնիկական աշխատակիցներ են համարվում այն անձինք, ովքեր ղեկավարում են դեսպանության տնտեսական և տեխնիկական ծառայությունները: Դեսպանության հաստիքացուցակով և ծառայողական դիրքով նրանք հավասարեցված են դիվանագիտական աշխատակիցներին, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց տրվում է դիվանագիտական կարգավիճակ:
5.6. Դեսպանության մնացած բոլոր աշխատակիցները համարվում են սպասարկող անձնակազմ:
6. Դեսպանության կառուցվածքը
6.1. Դեսպանության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
6.2. Դեսպանությունում կարող են գործել քաղաքական, առևտրատնտեսական, մամուլի և տեղեկատվության, հումանիտար կապերի, հյուպատոսական, ֆինանսատնտեսական և այլ բաժիններ (խմբեր):
6.3. Դեսպանության տրամադրության տակ գտնվում են կապի փակ և բաց միջոցներ, որոնց միջոցով նա հաղորդակցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ: Կապի այդ միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
6.4. Դեսպանության բաժինների (խմբերի) խնդիրները, այդ թվում աշխատակիցների ծառայողական հրահանգները, սահմանում է դեսպանը:
7. Հյուպատոսական բաժին
i
7.1. Դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեությունը կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրահանգներով ու ցուցումներով:
7.2. Դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության որոշմամբ, կարող է պաշտոնապես անվանվել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոս:
8. Զինվորական աշխատակազմ
8.1. Դեսպանընկալ պետության հետ կնքված հատուկ պայմանագրի հիման վրա դեսպանությանը կից կարող են հիմնվել զինվորական կցորդություններ, որոնք ղեկավարվում են զինվորական, ռազմածովային կամ ռազմաօդային կցորդի կողմից:
Դեսպանընկալ պետությունում նշված պաշտոնները զբաղեցնող անձանց տրվում է դիվանագիտական կարգավիճակ:
9. Դեսպանության աշխատակիցների պարտականությունները
9.1. Դեսպանության աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները պարտավոր են պահպանել դեսպանընկալ պետության օրենքներն ու հարգել սովորույթները:
10. Պետական խորհրդանիշներ
i
10.1. Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության արարողակարգին համաձայն, դեսպանության ծառայողական շենքերի վրա բարձրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը և ամրացվում պետական զինանշանը:
10.2. Դեսպանությունում պետական խորհրդանիշների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի պահանջներով: