110.0980.310107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 01 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 դեկտեմբերի 2006 թվականի N 980-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 420-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի N 224-Ն որոշման «ա» կետի, 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 48-րդ կետի «ա» ենթակետի, 2002թ. դեկտեմբերի 26-ի N 2126-Ն որոշման 2-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-21-րդ հոդվածների.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրենի մրցույթի անցկացման կարգը:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման կարգը հաստատելու մասին» թիվ 420-Մ հրամանը:
3. Նախարարության հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/ և օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/ փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:
Հավելված
ՀՀ ԿԳ նախարարի
2006 թվականի դեկտեմբերի 8-ի
N 980-Ա/Ք հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԻ /ՏՆՕՐԵՆԻ/ ՄՐՑՈՒՅԹԻ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետև` հաստատություն/ գործադիր տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաստատության խորհուրդը, առավելագույնը եռամսյա ժամկետում, հայտարարում, կազմակերպում և անցկացնում է գործադիր տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:
2. Հաստատության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին:
3. Պետական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`
ա/ որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ/ տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.
գ/ խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
դ/ որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ե/ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ որը զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
զ/ որը նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
4. Խորհրդի նախագահը /նախագահողը/` հաստատության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու մասին խորհրդի նիստի արձանագրության քաղվածքը եռօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան տարածքային կառավարման մարմնին.
ա/ մրցույթին մասնակցելու համար դիմումների /գործերի/ ընդունման համար սահմանվում է առնվազն 30-օրյա ժամկետ, որը հաշվարկվում է մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցով առաջին հրապարակման օրվանից,
բ/ մրցույթին մասնակցելու համար դիմումների և գործերի ընդունման վայրը չի կարող տվյալ բնակավայրից դուրս լինել:
5. Գործադիր տնօրենի պաշտոնակատարը մրցույթին կարող է մասնակցել մրցութային փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից առնվազն 20 օր առաջ` լիազորությունները դադարեցնելու պայմանով:
Այդ դեպքում տարածքային կառավարման մարմինը նշանակում է գործադիր տնօրենի այլ պաշտոնակատար:
6. Հաստատության խորհուրդը գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը` 5-օրյա պարբերականությամբ, առնվազն 2 անգամ, հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով, առնվազն մեկը` մամուլով,
բ/ մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր է նշել մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, պայմանները և պահանջվող փաստաթղթերը,
գ/ գործադիր տնօրենի պաշտոնի հավակնորդի /այսուհետև` հավակնորդ/` մրցույթին չներկայանալու դեպքում խորհուրդը որոշում է կայացնում մրցույթը շարունակելու կամ հետաձգելու մասին: Մրցույթը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ անգամ` երեք օրով:
7. Մրցույթը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամներից առնվազն 5-ը:
8. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են.
ա/ դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
բ/ ինքնակենսագրություն /ձեռագիր/,
գ/ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
դ/ կադրերի հաշվառման անձնական թերթիկը,
ե/ աշխատանքային գրքույկի պատճենը /կամ քաղվածքը/,
զ/ բնութագիր-երաշխավորագիր /աշխատողների համար/,
է/ անձնագրի պատճենը,
ը/ տեղեկանք առողջության մասին,
թ/ տեղեկանք մշտական բնակավայրից,
ժ/ հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
ժա/ ծրագիր /թեզիսներ/ տվյալ հաստատության գործունեության և զարգացման խնդիրների մասին,
ժբ/ սոցիալական քարտի պատճենը /առկայության դեպքում/:
9. Հավակնորդներին ներկայացվող պարտադիր չափանիշներն են.
ա/ բարձրագույն կրթություն.
բ/ հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտներում առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժ /վերջին 10 տարվա ընթացքում/ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքի ստաժ.
գ/ կրթության համակարգի օրենսդրության, աշխատանքային օրենսգրքի և իրավական այլ ակտերի իմացություն.
դ/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման հաստատության կառավարման և ներդպրոցական վերահսկողության վերաբերյալ փաստաթղթեր կազմելու կարողություն.
ե/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
զ/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
10. Մրցույթն անցկացնում է հաստատության խորհուրդը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը:
10-1. Մրցույթի անցկացման մասին նախարարության ներկայացուցիչը տեղեկացվում է տարածքային կառավարման մարմնի կողմից:
10-2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը քվեարկելու իրավունք չունի:
11. Մրցույթն անցկացվում է երկու փուլով.
ա/ փաստացի գիտելիքների իմացության որոշում գրավոր /թեստավորում/,
բ/ բանավոր հարցազրույց և գաղտնի քվեարկություն:
12. Մրցույթին ներկայացած հավակնորդի մասնագիտական գիտելիքները որոշում են հաստատության խորհուրդը և հրավիրված ներկայացուցիչը` 40 թեստային և բանավոր հարցերի միջոցով,
ա/ հավակնորդը թույլատրվում է բանավոր փուլին և գաղտնի քվեարկությանը, եթե ճիշտ է պատասխանել գրավոր հարցերի /թեստերի/ առնվազն 80%-ին,
բ/ հարցերի համալիր փաթեթը որոշվում է վիճակահանությամբ, նախապես հրապարակված հարցերից /Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Աշխատանքային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենք, ինչպես նաև հանրակրթության կառավարման, ֆինանսավորման և տեսչավորման վերաբերյալ այլ օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ և այլ իրավական ակտեր/:
13. Բանավոր փուլ անցած հավակնորդին, մինչև գաղտնի քվեարկությունը, տրվում են 3-5 մասնագիտական հարցեր:
14. Հարցերը, պատասխանները և մրցույթի ողջ ընթացքը արձանագրվում է /հնարավորության դեպքում նաև` ձայնագրվում/:
15. Ընտրված է համարվում այն հավակնորդը, որին գաղտնի քվեարկությամբ կողմ են քվեարկել խորհրդի առնվազն 4 անդամ.
ա/ մրցույթի արդյունքների հիման վրա խորհրդի նախագահը /նախագահողը/ հրապարակում է խորհրդի որոշումը:
16. Տարածքային կառավարման մարմինը խորհրդի որոշման հիման վրա ընտրված տնօրենի հետ /տասն օրից ոչ շուտ և տասնհինգ օրից ոչ ուշ/ կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:
17. Հաստատության գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարող`
ա/ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
բ/ անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
գ/ լինել երրորդ անձանց ներկայացուցիչը տարածքային կառավարման, կրթության պետական կառավարման լիազորված մարմիններում, համայնքում և իր կողմից կառավարվող հաստատությունում.
դ/ ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
18. Մրցույթի արդյունքները կարող են վերանայվել սույն կարգի և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հիմքով` մրցույթի մասնակցի, տարածքային կառավարման մարմնի գրավոր բողոքների հիման վրա /Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում/.
ա/ դատական կարգով,
բ/ ՀՀ ԿԳ նախարարության հանձնաժողովի եզրակացության հիման վրա` տարածքային կառավարման մարմնի կողմից:
19. Սույն կարգի, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հիմքով մրցույթի մասնակցի, տարածքային կառավարման մարմնի գրավոր բողոքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ներկայացուցչի բացասական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով /հանձնաժողովում ընդգրկվում են` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնագետները/, որը իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:
20. Եթե մրցույթում գործադիր տնօրեն չի ընտրվում, մեկից ավելի ձայն հավաքած հավակնորդի /կամ հավակնորդների/ մասնակցությամբ նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնական քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, սույն կարգի համաձայն, հայտարարվում է նոր մրցույթ:
21. Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտվելը չի կարող հիմք հանդիսանալ գործադիր տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման կամ փոփոխման համար:
22. Տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչը և գործադիր տնօրենի պաշտոնակատարը մրցույթին կարող են մասնակցել որպես դիտորդ:
23. Կրթամշակութային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթին և լուսաբանել այն:
24. Գործադիր տնօրենի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: