040.1722.311005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1722-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1856-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1856-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
ա) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ».
բ) 12-րդ կետի «ա» և «է» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
գ) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ».
դ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Ինստիտուտի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-14.9-րդ կետերով.
«14.1. Խորհուրդը ձևավորվում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:
Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`
ա) ինստիտուտի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.
բ) ինստիտուտի կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածուներն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.
գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
14.2. Ինստիտուտի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).
բ) ինստիտուտի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին.
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
14.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
14.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
14.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
14.6. Խորհուրդն իր կազմից բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
14.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
14.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
14.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում, այն համալրվում է սույն կանոնադրության 14.1-14.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը».
զ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Արտահերթ խորհրդի նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ».
է) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Խորհուրդը`
ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները.
դ) խորհրդի գործունեության մեջ մտնում են ինստիտուտի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, ինստիտուտի գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև ինստիտուտի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը հիմնադրին ներկայացնելը».
ը) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) հաստատում է ինստիտուտի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը».
թ) 20-րդ կետից հանել «և կենսագործվում ռեկտորի հրամաններով» բառերը.
ժ) 23-րդ կետից հանել «Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով» բառերը.
ժա) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում».
ժբ) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Ինստիտուտի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը` ինստիտուտի ռեկտորը, որն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ինստիտուտի խորհրդում խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը: Ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով».
ժգ) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Ֆակուլտետի գործունեությունը, սահմանված կարգին համապատասխան, կազմակերպում, ղեկավարում և իրականացնում է ֆակուլտետի դեկանը:
Ֆակուլտետի դեկանի ընտրության կարգը հաստատում է ինստիտուտի գիտական խորհուրդը».
ժդ) 40-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախարարությամբ.
«Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որի ընտրության կարգը հաստատում է ինստիտուտի գիտական խորհուրդը».
ժե) 45-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45. Ինստիտուտում կիրառվում է բարձրագույն կրթության դիպլոմավորված մասնագետի և երկաստիճան համակարգով կրթական ծրագրերով ուսուցում».
ժզ) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ