ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ
«16» օգոստոսի 1991 թ. ք. Երևան
Քննության առնելով տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ գործերով դատական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը նշում է, որ հանրապետության դատարանների կողմից այդ բնույթի գործերը հիմնականում լուծվում են ճիշտ և օրենքի պահանջներին համապատասխան: Դրա հետ մեկտեղ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատարանների գործունեության այդ բնագավառում դեռևս թույլ են տրվում սխալներ և բացթողումներ:
Որոշ դատարաններ բավարար միջոցներ չեն ձեռնարկում ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր հանգամանքները պարզելու համար, պատշաճ կարգով չեն քննարկում և գնահատում նախաքննության նյութերը` դեպքի վայրի և տրանսպորտի միջոցների զննության արձանագրությունները ու դրանց հիման վրա կատարվող դատաավտոտեխնիկական, հետքաբանական փորձաքննությունների եզրակացությունները: Հետևանքը լինում է այն, որ դատարանները առանձին գործերով հնարավորություն չեն ունենում օբյեկտիվորեն պարզելու պատահարների իրական մեխանիզմը և երթևեկության կանոնների խախտման բնույթը:
Կան դեպքեր, երբ առանձին անձինք դատապարտվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և առաջացած հետևանքների միջև պատճառական կապի բացակայության պայմաններում:
Տրանսպորտային միջոցների երթևեկության և շահագործման կանոնների հանցավոր խախտումների մեջ մեղավոր անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս որոշ դեպքերում դատարանները հաշվի են առնում միայն առաջացած հետևանքները, անտեսելով խախտումների բնույթն ու հանցավորի անձնավորությունը, ինչպես նաև պատասխանատվությունը ծանրացնող ու մեղմացնող հանգամանքները:
Միշտ չէ, որ քննարկվում է հանցավորի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հարցը, իսկ երբեմն այն քննարկվում է, սակայն անհիմն կերպով լրացուցիչ պատիժ չի նշանակվում:
Երբեմն դատարաններն անտեսում են ճանապարհատրանսպորտային պատահարներին նպաստող պայմանների ու դրանց պատճառների վերացման նպատակով մասնավոր որոշումներ կայացնելու կարևորությունը:
Տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ գործերով դատական պրակտիկայում տեղ գտած թերություններն ու սխալները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը
ՈՐՈՇՈՒՄ Է`
i
1. Դատարանների ուշադրությունը հրավիրել տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության որակը բարձրացնելու անհրաժեշտության վրա:
2. Պարտավորեցնել դատարաններին` հանգամանորեն հետազոտել նախաքննության նյութերը, ստուգել դեպքի վայրի և տրանսպորտի զննության արձանագրությունների, ճանապարհատրանսպորտային պատահարի սխեմաների, դատաավտոտեխնիկական, հետքաբանական և այլ փորձաքննություններին ներկայացված ելակետային տվյալների ճշտությունը, վարորդների մասնակցությունը այդ փաստաթղթերը կազմելուն և այլն:
3. Տրանսպորտային հանցագործությունների կատարման մեջ մեղավոր անձանց նկատմամբ հիմնական ու լրացուցիչ պատիժներ նշանակելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել ոչ միայն առաջացած հետևանքների ծանրության աստիճանը, այլև ճանապարհային երթևեկության ու տրանսպորտի շահագործման կանոնների խախտման բնույթը, վթարի առաջացմանը նպաստող օբյեկտիվ պատճառները, տուժողի վարքագիծը, հանցավորի անձնավորությունը, պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները:
4. Դատարանները պետք է նկատի ունենան, որ թմրանյութեր օգտագործած վիճակում տրանսպորտի միջոցներ վարելը նույնացվում է հարբած վիճակում տրանսպորտի միջոց վարելուն, դրանից բխող հետևանքներով:
5. Դատարաններին պարզաբանել, որ տրանսպորտային միջոցների երթևեկության ու շահագործման անվտանգության կանոնների մի քանի իրար հետ չկապված, տարբեր ժամանակներում կատարված խախտումները, որոնց հետևանքով տուժողներին պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետք է որակվեն տրանսպորտային հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածների տարբեր մասերի համակցությամբ: Իսկ եթե համապատասխան հոդվածի մի քանի մասերով նախատեսված հետևանքները առաջացել են միաժամանակ, ապա արարքը պետք է որակել հոդվածի առավել ծանր հետևանքի առաջացման համար պատասխանատվություն նախատեսող մասով:
6. Դատավճռում անհրաժեշտ է նշել, ոչ միայն տուժողին պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը, այլև դրանց բնույթն ու հետևանքները:
Այն դեպքում, երբ անձը դատապարտվում է տուժողին էական նյութական վնաս պատճառելու հատկանիշով, դատավճռով պետք է ցույց տրվի վնասի կոնկրետ չափը և շարադրվեն այն փաստարկները, որոնց հիման վրա այն դիտվում է էական:
7. Եթե տրանսպորտային միջոցների վարորդները այդպիսիք տրամադրել են վարորդական իրավունքի վկայական չունեցող, կամ այդ իրավունքից զրկված կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող, կամ էլ հարբած վիճակում գտնվող անձանց և, եթե դրանք վարելու ընթացքում առաջացել են ՀՀ քր.օր. 173 հոդվածում նշված հետևանքները, ապա նրանց արարքը պետք է որակվի ՀՀ քր.օր. 175.1 հոդվածով, իսկ տրանսպորտային միջոցների փաստորեն վարողների արարքը` ՀՀ քր.օր 173 հոդվածով:
8. Դատարաններին պարզաբանել, որ ՀՀ քր.օր 173 հոդվածի ծանոթությունում նշված «և այլ ինքնագնաց մեքենաներ» -ի տակ պետք է հասկանալ ճանապարհային, շինարարական, գյուղատնտեսական և այլ առանձնահատուկ մեքենաներ` էքսկավատորներ, ավտոբեռնիչներ, սկրեպերներ, ուղեհարթիչներ, ավտոամբարձիչներ և այլն:
9. Տրանսպորտային միջոցների բեռնման ու բեռնաթափման, մեքենաների վերանորոգման, ինչպես նաև արտադրական, շինարարական ու նման բնույթի այլ աշխատանքների կատարման ընթացքում վարորդների թույլ տված խախտումները, որոնք զուգորդված չեն եղել տրանսպորտային միջոցների երթևեկության ու շահագործման կանոնների խախտման հետ, չեն կարող որակվել որպես տրանսպորտային հանցագործություններ, այլ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում պետք է որակվեն ՀՀ քր.օր 138, 235 և այլ հոդվածներով:
10. Հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար ՀՀ քր.օր 176.2 հոդվածով գործեր քննելիս դատարանները պարտավոր են ստուգել առաջին անգամ հարբած վիճակում մեքենա վարելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմնավորվածությունը:
Եթե հաստատվի, որ առաջին խախտման համար անձը վարչական պատասխանատվության է ենթարկվել անհիմն կերպով, ապա դատարանը պետք է կարճի գործը և նյութերն ուղարկի համապատասխան կազմակերպություն` նրան վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
11. Քանի որ ՀՀ քր.օր. 176.2 հոդվածով տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքից զրկելու ձևով լրացուցիչ պատժի նշանակումը պարտադիր է, ապա դատարանները անհրաժեշտ հիմքերի դեպքում լրացուցիչ պատիժ կարող են չնշանակել միայն ՀՀ քր.օր. 40-րդ հոդվածի կիրառմամբ:
12. Եթե վարորդները տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ու շահագործման կանոնների խախտում են թույլ տվել, որի հետևանքով տուժողներին պատճառվել են մարմնական վնասվածքներ, սակայն նրանք թողնվել են կյանքի համար վտանգավոր դրության մեջ, անօգնական վիճակում կամ նրանց օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չեն հայտնել, ապա նրանց արարքը պետք է որակվի ՀՀ քր.օր. 173 և 128 հոդվածների համակցությամբ:
13. Դատարաններին պարզաբանել, որ եթե անձը դատապարտվել է ազատազրկման տրանսպորտային և դիտավորյալ հանցագործությունների համակցությամբ, ապա սահմանված պատիժը պետք է կրի դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց ուղղիչ աշխատանքային գաղութներում:
14. Դատարանները պետք է նկատի ունենան, որ ՀՀ քր.դատ.օր. 294 հոդ. 6-րդ կետի համաձայն քաղաքացիական հայցի առկայության դեպքում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն, պարզելու համար` հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով:
Բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ առանց գործը հետաձգելու քաղաքացիական հայցի մանրամասն հաշվարկում կատարել, դատարանը ՀՀ քր.դատ.օր. 300 հոդ. 2-րդ մասի հիման վրա կարող է քաղաքացիական հայցվորին հայցի բավարարման իրավունք վերապահել և նրա չափերի հարցը քննարկման հանձնել քաղաքացիական դատավարության կարգով:
15. Դատարանները պարտավոր են մանրամասնորեն պարզել այն պատճառներն ու պայմանները, որոնք նպաստել են տրանսպորտային հանցագործությունների կատարմանը /ճանապարհների անբարեկարգ վիճակը, ավտոտնտեսությունում և տրանսպորտային միջոցներ շահագործող ձեռնարկություններում ցածր աշխատանքային կարգապահությունը, ավտոպարկի անբավարար տեխնիկական վիճակը և այլն/ ու կայացնել մասնավոր որոշումներ` այդպիսիք վերացնելու համար:
16. Հանձնարարել ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիային` տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ օրենսդրության ճիշտ կիրառման նպատակով ուժեղացնել պահանջկոտությունը ժողդատարանների նկատմամբ` այդ բնույթի գործերով դատաքննության որակը բարձրացնելու համար: